Tag Archives: թախիծ

ԿԱՐՈՏ ՈՒ ԹԱԽԻԾ

10 Օգս

Ծերունուն հարցրեցին.
— Ո՞րն է կարոտի ու թախծի տարբերությունը:
Եվ նա ասաց.
— Ճիշտ այնպես, ինչպես տարբեր են երկու ծառերը, որոնցից մեկը չորանում է, իսկ մյուսը սպասում է գարնանը:

69707

ԱՆԴՐԵ ԺԻԴ

21 Հկտ

Ճշմարիտն ասած, «թախիծ» բառը չափազանց թույլ է, որպեսզի արտահայտի այն անամոք հուսահատությունը, որով ես համակված էի: Այն պարփակում է ձեզ հանկարծահաս, նա անկանխատեսելի է: Դեռ մեկ րոպե առաջ բոլորը ժպտում էին ձեզ, և դուք էիք ժպտում բոլորին, ու հանկարծ հոգու խորքից դուրս է հորդում մռայլ ծուխը` տարանջատելով ցանկությունն ու կյանքը, վերածվելով մեռյալ-գունատ քողի, որ բաժանում է ձեզ մնացյալ աշխարհից, որի ջերմությունը, սերը, գույները, ներդաշնակությունը այժմ ձեզ են հասնում բեկբեկված, վերափոխված աբստրակտային վիճակի: Դուք ընդունակ եք նկատել դրանք, սակայն չեք հուզմունք չեք ապրում: Զուր ջանքերը, որոնք ուղղված են հաղթահարելու հոգին մեկուսացնող այդ քողը, կարող են ձեզ մղել ցանկացած հանցագործության, սպանության կամ ինքնասպանության, հասցնել խելագարության…

«Իզաբել» գրքիցAndre-Gide

ՊՈԼ ԷՅՈՒԱՐ

11 Ապր

ԿՅԱՆՔՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ

Մնաս բարով թախիծ
Բարև թախիծ
Դու դաջված ես առաստաղի ճեղքերի մեջ
Դու դաջված ես ինձ սիրելի աչքերի մեջ
Բայց լիովին հագեցած չես տառապանքով
Քանզի շուրթերն անապական մատնում են քեզ
Մի ժպիտով
Բարև թախիծ
Մարմինների սեր կաթոգին
Գորովանքի հզորություն
Որի քնքշանքն համբառնում է
Մարմնաթափուր հրեշի պես
Հուսակտուր գլխի նման
Թախիծ դեմքով հրաշալի…

Թարգմ. Ն. Վարդանյան

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

9 Մրտ

Դուրսը՝ թախծի հեղեղ,
ներսս՝ անհուն թախիծ.-
մեկը մի բան երգեր
աստվածային Բախից:
Գոնե մի բան լիներ,
լույսի մի ճառագայթ,
որ այդ թախծի ծովում
դառնար ինձ առագաստ:
Թե ոչ՝ ուզում եմ ես
անվերադարձ, անհետք,
տխուր կոհակվելով
հանդերի մեջ ցրվել.-
երևի թե մայրս
աչք է եղել նրբին,
որ ես այսքան մաքուր
արտասուք եմ ծնվել:

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

5 Նյմ

Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ըստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս…

Ես կըգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կըլինի թախիծ,
Ես կըկանչեմ քեզ դեպի այլ եզերք։

Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում,
Երբ երազներըդ հավետ կըմեռնեն,
Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ,
Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոգում…

%d bloggers like this: