Tag Archives: թալիշներ

Պատերազմ ձկնորսների ու վտանգավոր մտքերի դեմ

19 Դկտ

Ադրբեջանի բանակը մտել է սեփական երկրի Լենքորանի շրջանը: Հազիվ թե որևէ հիմնավորում կամ բացատրություն ի զորու լինի մեղմել կատարված փաստի արտակարգ լինելու հանգամանքը: Երբ իշխանությունը սեփական տարածքում կարգուկանոն հաստատելու համար դիմում է զինված ուժերի օգնությանը, սա արդեն իսկ նշանակում է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և մնացել է միջոցներից ծայրագույնը՝ կոպիտ ուժի գործադրումը:
Եթե անդրադառնալու լինենք բուն դեպքերի ընթացքին, ապա ըստ տեղեկությունների, զորքի ներկայության հիմնական պատճառը Լենքորանի թալիշաբնակ Նարիմանաբադ գյուղի բնակիչների բախումն է սահմանապահների ու ոստիկանության հետ, որը սկսվել է այն բանից հետո, երբ սահմանապահները թույլ չեն տվել նրանց ձուկ բռնելու համար ծով դուրս գալ: Զինվորականները ձկնորսներից կաշառք են պահանջել, իսկ երբ սրանք հրաժարվել են վճարել, այդ ժամանակ սահմանապահները ձերբակալել են 9 գյուղացիների: Զայրացած բնակիչները պահանջել են ազատ արձակել նրանց, ինչից էլ արյունալի բախում է սկսվել, որի արդյունքում մի գյուղացի սպանվել է, 9 հոգի վիրավորվել են, իսկ տեղաբնակներն էլ իրենց հերթին պատանդ են վերցրել մի սպայի: Ի վերջո իրավիճակն այնքան է լարվել, որ իշխանությունները ստիպված են եղել զորք մտցնել ինչպես Նարիմանաբադ, այնպես էլ Լենքորան:
Առաջին հայացքից կարող է այն տպավորությունը ստեղծվել, որ եղածը մի իրավիճակ է, ինչը շատ է հիշեցնում «Մի կաթիլ մեղրի» պատմությունը: Սակայն հակասությունն իրականում շատ ավելի խորը արմատներ ունի, իսկ բախումները ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը կլինեն: Հենց այս նույն գյուղում ավելի վաղ, իրենց իրավունքները ոտնահարվելու պատճառով, գյուղացիները պատանդ էին վերցրել նաև բանակցելու եկած Լենքորանի գործադիր իշխանության ղեկավարին, որին բաց էին թողել միայն ճնշումների ու խոստումների արդյունքում: Իսկ ընդհանրապես, համաձայն պաշտոնական տվյալներով, թալիշների թիվն Ադրբեջանում 80 հազար է, սակայն թալիշներն ասում են, որ այդ թիվը 10 անգամ նվազեցված է: Ադրբեջանում իրանալեզու թալիշները էթնիկական հողի վրա հաճախ են ենթարկվում բռնաճնշումների, ինչի պատճառով թալիշ առաջնորդներն արդեն մի քանի անգամ պաշտպանություն են խնդրել համաշխարհային հանրությունից ու Իրանից: Ոչ ոք չի մոռացել, թե տարիներ առաջ ինչպես Ադրբեջանի այս վարչական տարածքը անկախություն հռչակեց, արդյունքում ենթարկվեց դաժան ճնշումների, իսկ շարժման առաջնորդները նետվեցին բանտերը կամ արտաքսվեցին երկրից: Այնպես որ ձկնորսների հետ կապված միջադեպը և զորքերի ներկայությունը որքան էլ պաշտոնական Բաքուն ցանկանա ներկայացնել իբրև կենցաղային խնդրի արդյունքում ծագած հակասություն, միևնույն է, թե այդ երկրի ներսում և թե նրա սահմաններից դուրս բոլորն էլ հասկանում են՝ որտեղ է թաղված շան գլուխը:
Ասվածը հիմնավորող լավագույն ապացույցը դարձավ նույն օրերին տեղի ունեցած ևս մի նշանակալի դեպք, ինչն առանձնակի ուշադրության է արժանի: Խոսքն այն բաց նամակ- հայտարարության մասին է, որն ընդունվեց Ադրբեջանի բնիկ ժողովուրդների մի շարք հասարակական կազմակերպությունների և առաջնորդների կողմից՝ ուղղված հանրապետությունում ապրող իրենց ազգակիցներին, և անմիջապես լայն տարածում գտավ դրսի լրատվամիջոցներում: Այդ փաստաթուղթն առանձնահատուկ էր նրանով, որ անմիջականորեն առնչվում էր հայերիս ու ներկայացնում էր ինչպես թալիշների, այնպես էլ հարևան երկրում բնակվող մյուս ազգային փոքրամասնությունների վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: «Ահա արդեն ավելի քան 20 տարի է, ինչ Ադրբեջանի ղեկավարությունը մեր ժողովուրդներին ստիպում է պատերազմել Արցախ-Ղարաբաղի հայերի հետ: Հավանաբար դա ամենամեծ անարդարությունն է, որին Ադրբեջանի բնիկ ժողովուրդներն ակամա մասնակցում են: Արդեն 20 տարուց ավելի է` մեր պատանիներն իրենց ջահել կյանքն են վտանգում և զոհվում հանուն ադրբեջանցիների շահերի: Զոհվում են իրենք, սպանում մեր դարավոր հարևաններին` հայերին: Եվ այդ ամենն այն բանի համար, որպեսզի ամրապնդել Բաքվի իշխանությունը մեր հայրենիքում: Աշխարհում ոչ ոք չի կարող մեզ բացատրել, թե ինչու լեզգիները, թալիշները, ավարները, ցուխուրները, ուդիները, ռութուլները պետք է կռվեն հայկական լեռներում: Բաքուն ասում է, թե մենք պետք է հայրենիքը պաշտպանենք թշնամուց: Բայց մի՞թե Ղարաբաղը մեր հայրենիքն է հանդիսանում: Եվ մի՞թե հայերը մեր թշնամիններն են հանդիսանում»,- այսպիսի տողերով էր սկսվում այդ ընդարձակ նամակը՝ պատմական անդրադարձ կատարելով 1988-94 թթ. իրադարձություններին և փորձելով բացատրություն գտնել այն հարցերին, թե ինչպե՞ս պատահեց, որ թալիշների, լեզգիներ, ավարների և մյուսների արյան գնով ամրապնդվեց Ալիևների դինաստիան, իսկ հետո իրենց հողերում սկսեցին բնակություն հաստատել Ղարաբաղից, Նախիջևանից ու Վրաստանից եկած ադրբեջանցիներն ու քրդերը: Սակայն սա դեռ ամենամեծ ողբերգությունը չէ, որ գիտակցում են բնիկները: Նրանց համար տեսանելի է նաև վաղվա օրը, երբ վարչակարգը իր ուժերը կուղղի նաև իրենց դեմ: «Մեզնից խլում են մեր պատմությունը: Մեզնից խլում են լեզուն: Մեզնից խլում են մշակույթը: Մեզնից խլում են Հայրենիքը: Եվ ամենաբարձրյալ Ալլահի կողմից արգելված այդ արարքում մենք ինքներս` մեր լռությամբ ու անգործությամբ, օգնում ենք թշնամուն»,- գրում են նրանք: Ու որպեսզի չկատարվի այդ մեծ անարդարությունը, պետք է սկսել առաջին քայլից: Իսկ իբրև առաջին քայլ հայտարարության հեղինակները համարում են հետևյալը. «Մենք պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ հայ ժողովրդի թշնամիներ չենք հանդիսանում: Հայերի և մեր ժողովուրդների պատմությունը միահյուսվել է մեր օրհնյալ հողում, խոր արմատներ ձգել, և մենք իրավունք չունենք մեր ընդհանուր թշնամիներին թույլ տալ թշնամանք և ատելություն բորբոքել մեր միջև: Մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում վճռականորեն հրաժարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանում Ադրբեջանի զինված ուժերում ծառայելուց»:
Քաղաքացիական անհնազանդության այդ բացահայտ կոչն իր տեսակի մեջ աննախադեպ է: Եվ եթե նույնիսկ ներկա պահին դա մնա անարձագանք կամ համարվի անիրագործելի, միևնույն է, սա կարող է կարևոր նախաքայլ դիտվել հետագա ընթացքի համար: Այն առաջին հերթին լուրջ տեղաշարժ է գիտակցական հարթության վրա: Իսկ այդպիսի փոփոխությունները թողնում են իրենց նստվածքը՝ հետզհետե ձևավորելով այն հիմքը, որի վրա պիտի կառուցվի հանրության ինքնահաստատման ու դրսևորման ծրագիրը:
Այս տեսանկյունից ոչ պակաս հատկանշական էր այն երրորդ դեպքը, որ դարձյալ տեղի ունեցավ այս օրերին, և այստեղ արդեն անհնազանդության ռևանշը նախաձեռնել էին Լենքորանի թալիշ հոգևորականները: Վերջիններս պահանջում էին վերացնել Կովկասի մահմեդականների վարչությունը և դրա փոխարեն Թուրքիայի օրինակով Կրոնական գործերի նախագահություն ստեղծել: Պատճառը չէր տարբերվում նախորդներից՝ բռնությունները հոգևորականներ դեմ: Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին ուղղված նամակում նրանք բաց տեքստով գրում էին. «Մենք ընդհանրապես հիասթափվել ենք Ձեզնից և Կովկասի մահմեդականների վարչությունից: Ցարիզմի ու խորհրդային վարչակարգի մնացուկ այդ կառույցը այլևս կորցրել է իր նշանակությունը: Չնայած իր հնչեղ անվանը, Կովկասի մահմեդականների վարչության գործունեությունը սահմանափակվում է զուտ Ադրբեջանով»:
Թվարկված բոլոր իրադարձություններն, անկասկած, ընդգրկվում են միևնույն համատեքստում: Ու Բաքվի կայացրած վճիռը՝ զորքեր ուղարկել Լենքորան, հազիվ թե նպատակ ունի հանդարտեցնել մի քանի զայրացած ձկնորսների: Բանակը թալիշների հող է մտնում շատ ավելի կարևոր առաքելությամբ՝ արմատախիլ անելու այն ծիլերը, որոնք վաղը կարող են լուրջ անախորժություններ ստեղծել ալիևյան վարչակարգի համար: Բայց թե որքանով դա կպսակվի հաջողությամբ՝ առայժմ ոչ ոք գուշակել չի կարող: Այժմ միայն կարելի է վստահաբար պնդել, որ այլ երկրներում նման միջոցները հազվադեպ են արդյունավետ եղել:

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

%d bloggers like this: