Tag Archives: թագավոր

ՍԱ ՓՉԱՑՆՈՒՄ Է ՄՅՈՒՍՆԵՐԻՆ

20 Օգս

Թագավորը սովորություն ուներ տարին մեկ անգամ այցելել բանտ, լսել կալանավորներին, և եթե նա որոշում էր որևէ մեկին ներում շնորհել, ապա հանցագործին ազատ էին արձակում նույն պահին: Ահա մի անգամ էլ տիրակալը բանտ էր գնացել, խցից խուց էր անցնում և բոլոր դատապարտյալները նրան ասում էին.
— Տեր արքա, մենք անմեղ ենք, մեզ անարդարաբար են բանտ նետել:
Եվ միայն նրանցից մեկը` մի մարդասպան, ով ցմահ դատապարտյալ էր, թագավորին ասաց.
— Տիրակալ, ես մղավոր եմ, ես մարդ եմ սպանել և արժանի եմ ավելի խիստ պատժի:
Այդ ժամանակ թագավորը կարգադրեց.
— Անմիջապես ազատ արձակեք: Սա փչացնում է մյուսներին: Բոլորն այստեղ անմեղ են, բացի այս մեկից:

RL4qpx8

ԱՆՆՇԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

15 Դկտ

Թագավորը երազում տեսավ, որ իր բոլոր ատամները հերթով ընկնում են: Առավոտյան նա կարգադրեց իր մոտ կանչել երազների մեկնաբանին: Սա լսեց թագավորին ու տխրությամբ ասաց.
— Տեր իմ, քեզ ցավալի լուր պիտի հայտնեմ, դու մեկը մյուսի ետևից կկորցնես քո հարազատներին:
Զայրացած թագավորը կարգադրեց նրան բանտ նետել և կանչել մեկ ուրիշ մեկնիչի: Երկրորդը եկավ, լսեց երազը և ասաց.
— Ուրախությամբ ուզում եմ քեզ տեղեկացնել, որ դու քո բոլոր հարազատներից երկար ես ապրելու:
Թագավորը գոհ մնաց և առատորեն պարգևատրեց նրան: Պալատականները զարմացան կատարվածից:
— Չէ՞ որ դու նրան նույնը ասացիր, ինչ քո դժբախտ նախորդը: Ուրեմն ինչու՞ նա պատժվեց, իսկ դու վարձատրվեցիր,- հարցրեցին նրանք:
— Մենք երկուսս էլ նույն կերպ մեկնաբանեցինք երազը: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես դա կասես,- պատասխանեց երազների մեկնիչը:daniil-son-300

ԻՆՉՈ՞Ւ ԹԱԳԱՎՈՐԸ ՉԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ

9 Դկտ

Ժամանակագրության մատյանները պատմում են մի թագավորի մասին, որ երբեք չէր ծիծաղում կամ հազվադեպ էր ծիծաղում։ Իշխաններն ու նախարարներն աղաչեցին թագավորի եղբորը, որ իրենց տեղեկացնի արքայի տրտմության պատճառը, թե ինչո՞ւ է երբեք կամ հազվադեպ ծիծաղում, այլ միշտ տխուր-տրտում է օրն անցկացնում։ Եղբոր հարցին թագավորը պատասխանում էր.
-Մի ուրիշ օր կհայտնեմ քեզ։
Այնժամ թագավորը հրամայեց խորունկ փոս փորել և այն մինչև կեսը կայծկլտացող կրակով լցնել։ Հետո պատվիրեց փոսի վրա հին ու փտած աթոռ դնել եւ աթոռի վերևում բարակ թելից երկսայրի սուր կախել, իսկ նրա մոտ հրամայեց սեղան դնել՝ պատրաստված ամեն տեսակ կերակուրներով ու խորտիկներով և անուշահամ գինիով։ Իր եղբորը նստեցրեց այդ աթոռի վրա և սուսերամերկ չորս մարդիկ էլ նրա շուրջը կանգնեցրեց, մեկին՝ թիկունքից, երկրորդին՝ առջևից, երրորդին՝ աջից, չորրորդին էլ՝ ձախից, ովքեր իրենց սուսերները նրան մոտեցրին։ Եվ հրամայեց նրա առջև նվագել բոլոր քնարներն ու նվագարանները։ Եվ այդ ամենից հետո թագավորը եղբորն ասաց.
-Ուրախ լեր և զվարճացիր, կեր, խմիր, և թող քո սիրտն ուրախանա։
-Ինչպե՞ս կարող եմ ուրախանալ կամ ծիծաղել,- պատասխանեց եղբայրը,- երբ ամեն կողմից մեծ անձկության մեջ եմ։ Թե վար նայեմ, կրակ կտեսնեմ, թե կամենամ սեղանին մոտենալ՝ փտած աթոռս կջարդվի, և կրակի մեջ կընկնեմ, թե վեր նայեմ, մերկ սուր կտեսնեմ՝ բարակ թելից կախված, թե նայեմ առաջ կամ ետ, աջ կամ ձախ, ամեն կողմից պաշարված եմ մերկ սուսերներով։ Եվ այսպես, որովհետև այսպիսի նեղությունների մեջ եմ ընկել, չեմ կարող ոչ ուտել, ոչ խմել, ոչ էլ ուրախանալ։
Այնժամ թագավորն իր եղբորն ասաց.
-Ինչպիսի վիճակում որ դու ես այժմ, նույնպիսին էլ ես եմ ամեն ժամ, քանզի երբ վեր եմ նայում, այնտեղ իմ դատավորին եմ տեսնում, որ ինձ դատելու է, և նրան հաշիվ եմ տալու իմ բոլոր մտքերի, խոսքերի ու գործերի համար։ Եթե վար եմ նայում, մտածում եմ դժոխքի կրակի և դատապարտյալների տանջանքների մասին, որոնց հետ և դատապարտվելու եմ հավիտյան, եթե մի մահացու մեղքով իսկ այս աշխարհից ելնեմ։ Երբ առաջ եմ նայում՝ մտածում եմ մահվանս մասին, որին ամեն օր մոտենում եմ և չգիտեմ իմ մահվան ժամն ու տեղը։ Երբ ձախ եմ նայում, դևերին եմ տեսնում, որոնք գիշեր-ցերեկ իմ անձն են փնտրում և իմ փրկությանը հակառակ են։ Երբ աջ եմ նայում, տեսնում եմ Աստծո հրեշտակներին, որոնք միշտ բարի խորհուրդներ էին տալիս և ինձ չար ճանապարհից դարձնում էին, որոնք, ավաղ, բավականաչափ չկատարեցի ու նրանց բարի խրատներին չհետևեցի։ Եվ երբ խորհում եմ, որ այս ամենն ինձ վրա և իմ շուրջն է, ինչպե՞ս կարող եմ ուրախանալ այս աշխարհում, կամ սիրտս ինչո՞վ կարող է զվարճանալ։

ԱՐԹՅՈՒՐ ՌԵՄԲՈ

2 Փտր

ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ

Մի պայծառ առավոտ, մի երկրում, ուր ապրում էին շատ հեզաբարո մարդիկ, մի սքանչելի տղամարդ և մի սքանչելի կինը բղավում էին հանրային հրապարակում: «Բարեկամներ, ես ուզում եմ, որ նա թագուհի լինի»: «Ես ուզում եմ թագուհի լինել»: Կինը ծիծաղում էր և սարսռում: Տղամարդն իր բարեկամներին պատմում էր հայտնության, ավարտված փորձության մասին: Նրանք նվաղում էին մեկը մյուսի գրկում:
Եվ, իսկապես, նրանք թագավորեցին ամբողջ առավոտը, երբ տների վրա հառնեց որդան կարմիրը, նրանք թագավորեցին նաև ամբողջ ցերեկը, երբ գնացին արմավենիների այգիների կողմը:

ԱՐԲԵՑՈՒՄԻ ԱՌԱՎՈՏԸ

Օ, իմ լավ, իմ չքնաղ: Ահազդու շեփորներ, որ ինձ բնավ չեն հուզում: Հեքիաթային գելարան: Կեցցե արտառոց գործը և հիասքանչ մարմինը, կեցցե առաջին փորձը: Սկսվեց մանուկների ծիծաղով ու նրանցով էլ կավարտվի: Այս թույնը մեր երակներում կմնա նույնիսկ այն ժամանակ, երբ շեփորը լռի, ու մենք վերադառնանք նախկին աններդաշնակությանը: Օ, այժմ մեզ այնքան են սազում այս տառապանքները. կորովաբար ի մի բերենք արարչակերտ մեր մարմնին ու հոգուն տրված այդ գերմարդկային ակնկալիքը. այդ ակնկալիքը, այդ խենթությունը: Վայելչությունը, գիտությունը, բռնությունը: Մեզ խոստացան ստվերում թաղել բարու և չարի ծառը, արտաքսել առաքինությունները բռնի, որպեսզի կարողանանք տանել մեր շատ անաղարտ սերը: Սկսվեց ինչ-որ խորշումներից և, քանի որ մենք չկարողացանք անմիջապես տիրել հավերժին, վերջացավ անուշաբույրերի ցնդումով:
Դուք, մանուկների ծիծաղ և ստրուկների խոհեմություն, կույսերի դաժանություն, այստեղի իրերի ու դեմքերի սարսափ, օրհնյալ լինեք այս անքուն գիշերի հիշողությամբ: Սկսվել էր գռեհկությամբ և ահա այժմ վերջանում է հրե ու սառցե հրեշտակներով:
Արբեցումի կարճ, արթուն գիշեր, սուրբ ես, նույնիսկ եթե լինեիր լոկ դիմակի համար, որ պարգևեցիր մեզ: Մենք հավաստում ենք քեզ, մեթոդ: Մենք չենք մոռանա, որ երեկ դու փառավորեցիր մեզնից յուրաքանչյուրի գոյությունը: Մենք հավատում ենք թույնին: Մենք գիտենք մեր կյանքը տալ ամբողջովին, ամեն օր:
Ահա և Մարդասպանների ժամանակը:

%d bloggers like this: