Tag Archives: ընտրություններ

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

31 Մյս

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ. «ՄԵՆՔ ԿԿՈՐՑՆԵՆՔ ՓԱԿ ՇՈՒԿԱՆ»

Հարցազրույց գրող Հովիկ Չարխչյանի հետ

— Վերջին մեկ ամսում իրար հաջորդեցին աղետները` հրապարակում փուչիկների պայթյունը, ՀՀԿ գրասենյակը հրդեհը, հետո` պայթյուն Էլեկտրոն գործարանում, հրդեհ Ռազմական ոստիկանության շենքում: Ձեր կարծիքով, սրանք երկնային նախազգուշացումներ չեն?
— Ես շատ ավելի երկրային մարդ եմ ու պայթյունների, հրդեհների պատճառները շատ լավ հասկանում եմ: Դրանք տեխնածին աղետներ են, որոնք պայմանավորված են մարդկային գործոններով: Սա նշանակում է, որ վերջին տասնամյակներին մենք վատ մասնագետներ պատրաստեցինք: Ու թող որեւէ մեկը չզարմանա, որ այդ աղետների թիվը գնալով ավելանա: Աստված չանի, բայց մենք ավելի վատ միջադեպերի ականատես կարող ենք դառնալ զուտ վատ մասնագետների պատճառով: Մենք բացատրում էինք, որ չի կարելի տնտեսությունը, տեխնիկան, բոլոր մյուս ոլորտները վստահել մարդկանց, ովքեր թերի պատրաստվածության աստիճան ունեն: Վթարների թիվը տասնապատիկ ավելացել է ամենեւին ոչ մեքենաների առատությունից, այլ այն պատճառով, որ վարորդական իրավունք ստանում են անպատրաստ մարդիկ: Ուրիշ տեղ պետք չէ պատճառ որոնել: Ամբողջ երկիրն է ղեկավարվում մարդկանց կողմից, ովքեր, չասեմ տգետ են, բայց թերուս են: Իսկ դա անպայման իր հետեւանքներն ունենալու է: Անխուսափելի է:
— Իսկ ինչ է լինելու Փակ շուկայի հետ? Կկարողանան կանխել հայտնի օլիգարխի ոտնձգությունները:
— Անկեղծ ասած` վերջին շրջանում ես չեմ հիշում մի դեպք, երբ հուշարձանը քանդում էին, եւ հաջողվեր դա կասեցնել: Հաշվի առնելով դառը փորձը` ես մտածում եմ, որ, այնուամենայնիվ, նրանք իրենց մտադրությունը կիրագործեն: Կպահեն ֆասադը` ասելով, թե, ահա, մենք պահպանում ենք հուշարձանը: Մինչդեռ այդ հուշարձանի մի պատը ընդամենը կպահպանվի: Իսկ մնացած ամբողջ կառույցի տեղում կբարձրանան խոստացված 4 հարկերը: Կդառնա անհասկանալի ժամանակակից մի կառույց, ու մենք փաստացի կկորցնենք Փակ շուկան:
— Այդ դեպքում Մշակույթի նախարարություն կոչված կառույցն ինչի համար է, եթե նա ի զորու չէ պաշտպանել աչքի առաջ ոչնչացվող պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցը:
— Մշակույթի նախարարությունը արդեն 2 տասնամյակ ոչ մի բանի համար է: Եթե որեւէ մեկը ինձ գոնե մեկ օրինակ հիշեցնել, որ վերջին 20 տարվա մեջ Մշակույթի նախարարությունը որեւէ օգտակար բան է արել այս երկրի համար, ես ներողություն կխնդրեմ իմ ասած խոսքերի համար: Նույնիսկ սովորական գյուղի ակումբի վարիչը շատ ավելին կարող է անել, քան մի ամբողջ համակարգ, որը կոչվում է Մշակույթի նախարարություն: Ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում, բայց իրեն ներկայացնում է այդ ոլորտի տերն ու տիրականը: Անհասկանալի մի կառույց, օդից կախված մի հաստատություն, որը խժռում է էս պետության բյուջեի փողերը, բայց ոչինչ չի վերադարձնում դրա դիմաց:
— Այն բանից հետո, երբ բոլորը գլուխ էին ջարդում, թե արդյոք ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի, թե ոչ, ու հիմա, երբ բոլորը մտահոգված են, թե ինչ է լինելու մեզ հետ, որ ԲՀԿ-ն չմիացավ ՀՀԿ-ին… Ինչ եք կարծում, երկրում քաղաքական իրավիճակ կփոխվի?
— Մեծ առումով` ոչինչ չի փոխվել: Կա փոփոխության պատրանք ու կան մարդկային խմբեր, որոնք շահագրգռված են, որպեսզի պատրանքն իրականության տեղ ընդունվի: Որովհետեւ երբ ակնկալիք կա, որ ինչ-որ բան կփոխվի, մարդիկ դառնւմ են պասիվ ու համակվում են սպասողական վիճակով: Ընդամենը սա են ապահովել: Բայց ես համոզված եմ` երկրում ոչինչ չի փոխվել: Իշխանության երկու թեւեր վիճաբանում են պաշտոնական աթոռների համար ու թե ինչով կավարտվի այդ վեճը, որեւէ կերպ չի կարող անդրադառնալ հասարակության առաջնային խնդիրների վրա:
— Ընտրություններից հետո ապատիկ տրամադրություն էր կախված երկրի վրա: Որովհետեւ եթե մյուս ընտրություններին մտածում էինք, որ ընտրությունները կեղծվեցին մի խումբ զեղծարարների պատճառով, ապա այս անգամ ականատես եղանք զանգվածային առուծախի տեսարանի: Դուք ինչ եք մտածում սրա մասին:
— Ես անընդհատ մտածում էի մի հարցի շուրջ` լավ, իսկ ինչու է մեր հասարակությունը դարձել այդպիսին? Ինչու են մարդիկ որոշել, որ իրենց ձայները պիտի վաճառեն: Ընդհանրապես, ում ձայնն է հեշտ գնել կամ վաճառել: Մարդու, ում համար միեւնույնն է, թե ով կգա իշխանության: Կարելի է գնել այն մարդու ձայնը, ով որեւէ որոշում չի կայացրել, թե ում է ընտրելու: Չեմ կարծում, թե մարդիկ ապուշ են ու չեն հասկանում, որ 10 հազար դրամով ոչինչ չի փոխվելու իրենց կյանքում: Պարզապես այլեւս անտարբեր են…
— Իսկ ինչու են մարդիկ դարձել անտարբեր:
— Որովհետեւ ոչնչի չեն հավատում`ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ ապագային, որ փոփոխություններին: Ապագայի տեսիլքը չկա: Մարդիկ չգիտեն ինչ է իրենց կատարվելու վաղը: Նրանք ապրում են միայն այսօրվա օրով, այսօրվա օրն էլ կարելի է գոնե կերակրել 10 հազար դրամով: Իսկ թե առավոտը կբացվի ու ինչ կլինի, նրանց համար միեւնույնն է: Վաղն էլ գուցե փորձեն մի այլ տեղից 10 հազար գտնել: Ու շատ լավ կլինի, որ իշխանությունն էլ, ընդիմությունն էլ այս հարցի շուրջ մտահոգվեն, այլ ոչ թե փոխադարձ մեղադրանքներ իրար հասցեագրեն, թե` դու առար, դու ծախեցիր… Հա, առա, որովհետեւ ծախեցին: Մեկը չէր, երկուսը չէր… Ինչ պատահեց, որ մասսայաբար ծախվեցին?
— Ինչ պիտի պատահի, որ մարդիկ ինչ-որ բանի հավատան, որոշեն, որ հենց իրենք պիտի վիճակ փոխեն, շարժվեն:
— Հավատում են, երբ մեկը ներշնչում է այդ հավատը: Երբ կգա էն անհատը, քաղաքական ուժը, էն հասարակական նախաձեռնությունը, որ, իսկապես, կվաստակի էս ժողովրդի հավատը, էդ ժամանակ ժողովուրդը չի ծախվի: Կկառչի էդ հույսից ու կփորձի գնալ ավելի լավ վիճակի: Իսկ քանի դեռ համատարած հուսահատություն է եւ հուսախաբություն, թող որեւէ մեկին չմեղադրեն էս վիճակի համար, որեւէ մեկը թող դիտորդի վիճակում հանդես չգա: Բոլորն են մեղավոր: Բոլորն անխտիր:

Մարինա Բաղդագյուլյան
«Հայելի.ամ» կայք

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

18 Մյս

ԹՎԵՐԸ ԿՄՆԱՆ ԱՆԿԵՆԴԱՆ, ԻՍԿ ՑԱՎԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՊՐԵԼ

Խորհրդարանական ընտրությունները գնացին, մնացին` հայհոյանքները, միմյանց երեսին ցեխ շպրտելը, կեղծ կուսակցականամոլությունը ու«հանուն» դրա` սեփական դեմքը կորցնելը եւ… 10 000 դրամանոց ընտրազանգվածը` չհաշված խոստումների շքերթը` մարդկանց գլխավերեւում կախված… Ժամանակակից գրողներից յուրաքանչյուրը ընտրությունների արդյունքներին տարբեր «անուններ» են տալիս, սակայն այդ անվան բոլոր տառերն էլ դժգոհության մեջ են թաթախված…

Գրականագետ, գրող Հովիկ Չարխչյան- Սովորաբար տխուր ավանդույթ է ձևավորվել մտավորականների կարծիքը հարցնել այն բանից հետո, երբ ամեն ինչ արդեն ավարտված է: Իսկ բուն գործընթացի շրջանում քաղաքական ակտիվիստների ձայնն ու ասելիքն այնքան առատ էր, որ մտավորականի տեսակետ լսելու համար նրանք ոչ ժամանակ, ոչ ցանկություն ունեին: Այնպես որ, տարաժամ դատողություններով «դարդին դարման անելու» անպտուղ փորձերը լավագուն դեպքում պիտի սփոփիչ բալասան դառնան մրցակից կողմերից մեկի, և ցավազուրկ խայթոց՝ մյուսների համար: Իսկ եթե, ամեն դեպքում, հասարակության«խոկացող» խավին այս պահին բաժին է հասել դատավորի անշնորհակալ դերը, ապա միամտություն է նրանից ակնկալել անաչառ դատավարություն: Ես պիտի ազնվորեն կասկածեմ, եթե ասեն, որ անցած ընտրությունները որևէ մեկին գոհացրել են: Նույնիսկ հաղթողներին: Հաղթողներին` հատկապես: Քանի որ անազնիվ հաղթանակը պարտությունից էլ վատ է: Քանի որ սեփական ժողովրդի նկատմամբ հաղթանակ տանելն ու այդ մտքից հրճվելը բարոյական չափանիշ չունի: Քանի որ մնալը դեռ լինելը չէ, ինչպես որ տնօրինողը դեռ օրինատերը չէ: Բայց ես նաև չեմ կարող չտեսնել, թե ինչպես է լերդանում հետընտրական մաղձը, ինչպես են հանուն ինքնարդարացման լեզուներն առաջ ընկնում մտքից, որպեսզի վաղը դառնորեն զղջան իրենց անզգույշ ու չարացած խոսքերի համար: Եվ սա շատ ավելի մտահոգիչ է, քան ԿԸՀ-ի վավերացրած թվաբանությունը, քանի որ թվերը կմնան անկենդան, իսկ ցավը կշարունակի ապրել:

Կարինե Հարությունյան

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

9 Մյս

ՍԱ ԵՐԿԻՐ ՉԻ ՈՒ ՉԻ ԷԼ ԴԱՌՆԱ ՄՈՏԱԿԱ 50 ՏԱՐՈՒՄ

Ընտրություններն արդեն ավարտված են, ընտրակեղծիքներով թե ընտրակաշառքներով, դրանք արդեն իրողություն են: Թե որքանով էր կանխատեսելի ընտրությունների նման ընթացքը, որքանով էր այն մոտ ազատ, արդար կոչվելուն, կարծիքները տարբեր են: Գրականագետ, գրող Հովիկ Չարխչյանի համար ամենացավալին ոչ այնքան նախօրեին ընտրությունների արդյունքներն էին, որքան այն փաստը, որ «մենք վերջնականապես կորցրել ենք զարմանալու ընդունակությունը: Մեզ այլեւս ոչինչ անակնկալ չի թվում: Եվ սիրտս չի ցավում նրանց համար, ովքեր լվանում են իրենց ձեռքերն ու սպասում ջրհեղեղի: Եվ դառնություն չկա այն բանից, որ վաղը կլինի երեկվա պես: Եվ ափսոսանք չի հարուցում, որ դու ներկա ես այնքան, որքան բացակա ես: Եվ հավատը սոսկ 5 տառի համադրություն է: Եվ էջը ջնջելու ու ամեն բան նորից սկսելու հեռանկարից ոչ ոք չի փշաքաղվի: Ու հենց այս համատարած սառնության մեջ է մխրճվել-մնացել այն վերջին լուսավոր կետը, որից կառչելով, դեռ կարելի էր ինչ-որ բան փրկել: Ես հուսահատված չեմ: Միայն չեմ հասկանում, որ եթե հուսահատված չեմ, այդ դեպքում ի՞նչ պատահեց հույսին»:

Հեղինակ՝ Սոնա Ադամյան

Անկարծիք Արարատը և երեք մրցակիցների ախորժակը

3 Փտր

Արարատցիներին առաջիկայում ծանր օրեր են սպասվում: Մոտեցող ընտրություններն այսօր նրանց հուշում են այն մասին, որ իրենք կրկին կռվախնձոր են դառնալու տարբեր քաղաքական ուժերի ձեռքին, իսկ որ նման իրարանցման մեջ տուժողը դարձյալ իրենք են լինելու, այդ մասին էլ Արարատում գիտեն:
Երկար ժամանակ իշխանական ձայների դարբնոց համարվող Արարատը վերջին տարիներին հետզհետե փոխել է իր կողմնորոշումը: Այս պարագայում անաչառությունը պահանջում է արձանագրել, որ նման փոփոխությունը ոչ այնքան արարատցիների քաղաքացիական գիտակցության աճի վկայությունն է, որքան կողմնակի ազդակներին ու ճնշումներին կուլ գնալու նրանց թուլության ապացույցը: Սրան-նրան լավամարդ լինելու արդյունքում իրենք էլ այլևս չեն հասկանում, թե ինչ են ուզում, սակայն դրանից ոչ մարդկանց ապրելակերպն է փոխվել, ոչ էլ կյանքն է երջանկության երանգներ ձեռք բերել:
Հանրապետականները մինչ օրս էլ համոզված են, որ Արարատն իրենց կայուն հսկողության ներքո է: Այդ մասին առաջին հավաստիացնողներից մեկը մնում է Հովիկ Աբրահամյանը՝ պատվի հարց համարելով իր թևի տակ ծվարած տարածքից առավելագույն քվեներ կորզել հարազատ կուսակցության համար: Քիչ չեն նաև նախկին ոստիկանապետ Ալիք Սարգսյանի երդում-խոստումները, որը «ռեաբիլիտացման» գնալու համար այսօր այլ ճանապարհ չունի, քան իշխանությանն իր նվիրվածության ապացույցներ տալը: Արարատով էր անհանգստացած Հանրապետականի անդամատոմսեր բաժանող վարչապետ Տիգրան Սարգսյանն, ով օրերս անակնկալ այցելություն կատարեց այնտեղ ու նույնիսկ եղավ Վազգեն Սարգսյանի տանը: Թվարկվածների հետ մրցության մեջ է մտել նոր ոստիկանապետը՝ Վովա Գասպարյանը: Սա ավելի կտրուկ գտնվեց, և իրեն հատուկ գործելաոճով անմիջապես տեղում կադրային փոփոխություններ կատարեց՝ ձեռքի հետ 400 ԲՀԿ-ականների մի գիշերում դարձնելով հանրապետական:
Սակայն նման ոտնձգությունը անարձագանք չէր մնալու: Եվ սրընթաց արշավով Արարատ մեկնեցին «Բարգավաճ Հայաստանի» գրոհայինները՝ իրենց միակ ու անփոխարինելի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որպեսզի հենց բնում խեղդեն խռովությունը, անհնազանդ արարատցիների պորտը տեղը դնեն և կորուստները վերադարձնեն՝ հավելավճարով: Այս ասպատակությունը պատահական չէր: Ծառուկյանը, որ տնօրինում է Արարատի ցեմենտի գործարանը, վաղուց իրեն ներշնչել է այն հավատով, որ իր ձեռքից կերակրվողները կարող են միայն իր հրաման-հրահանգները կատարել, և ըստ այդմ էլ Արարատն այլ բան չէ, քան ԲՀԿ-ի «դուստր ձեռնարկությունը»: Ու հիմա, լսելով այն մասին, որ ինչ-որ մեկը հանդգնել է սեփական բոստանի տարածք ոտք դնել, նա ոչ միայն զայրացավ, այլև լրջորեն մտահոգվեց:
Մեծ ախորժակի առումով ԲՀԿ-ին ու Հանրապետականին զիջել չի ցանկանում Հայ Ազգային Կոնգրեսը: Արմատական ընդդիմությունը չի կասկածում, որ Արարատից նա պիտի վերցնի ձայների մեծ քանակություն, քանի որ այդ շրջանը վաղուց ի վեր համակրանք է տածում նախկին ՀՀՇ-ականների հանդեպ և բացի դա Արամ Սարգսյանն ուղղակի պարտավոր է վազգենական Դավալուն և հարակից տարածքներն իրենով անել:
Այս ողջ խառնաշփոթի մեջ ամենահետաքրքրականն այն է, որ ոչ մեկի մտքով անգամ չի անցնում հարցնել արարատցիներին. «Իսկ դուք որի՞ն եք ընտրելու»: Չեն հարցնում երկու պատճառով. նախ, որովհետև առաջներում էլ չեն հարցրել, և բացի այդ հենց Արարատը թույլ է տվել, որ իր կարծիքը հաշվի չառնեն: Այնպես որ, երբ գա մեղավորներ փնտրելու ժամանակը, Արարատում դա կարող են որոնել միայն ներսում:

Միավորված աշխատավորի ներթափանցումները

31 Հնվ

Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուգեն Արսենյանը որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, և սա արդեն անառարկելի փաստ է: Ու եթե ոմանք դա պիտի համարեն անակնկալ քայլ, ապա նրանց միանգամից ասենք, որ այս որոշումն առաջին հերթին անակնկալ էր հենց Արսենյանի համար, քանի որ 2007-ի ընտրական անհաջողությունից հետո Արսենյանն իր ՄԱԿ-ը «պահածոյացրեց», իսկ ինքն ամբողջ հոգով նվիրվեց բիզնեսին՝ հին ընկերների մոտ չվերադառնալու հաստատ որոշմամբ: Սակայն, ինչպես ասում են, «երբեք չասես՝ երբեք», քանի որ հայտնի չէ, թե վաղը ինչ ամպեր կարող են կուտակվել գլխիդ և իրավիճակային փոփոխություններն ուրիշ ինչ ելքեր կթելադրեն: Իսկ Արսենյանի հետ ճիշտ նման մի բան կատարվեց անցյալ աշնանը, երբ նա հայտնվեց Երևանի քաղաքապետարանի հետ լուրջ հակասությունների մեջ: Խոսքն այն մասին էր, որ քաղաքապետարանը ապամոնտաժել էր Արսենյանին պատկանող ընկերության գովազդային վահանակները` պնդելով, թե դրանք անօրինական են տեղադրված: Այս դեպքն անասելի վիրավորանք պատճառեց նրան, և ՄԱԿ-ի ղեկավար ու «Յունիքորն Գրուպ» ընկերության սեփականատեր Գուրգեն Արսենյանին այլ բան չէր մնում անելու, քան հրահանգել, որպեսզի ընկերությունը ժամանակավորապես դադարեցնի գործունեությունը մայրաքաղաքում: «Կարծում ենք, որ նման քաղաքային իշխանության հետ աշխատելը մեր ընկերությանը պատիվ չի բերում, չենք ուզում նման քաղաքային իշխանության հետ աշխատել»,- հայտարարեց խոցված Արսենյանը և նույն վայրկյանին էլ հայտնվեց… քաղաքական դաշտում, քանի որ մեկ այլ դաշտ գնալու ոչ ցանկություն կար, ոչ էլ հնարավորություն:
Սրանից անմիջապես հետո գործարար-կուսակցականը հարկ համարեց մեկ անգամ էլ ցուցադրել իր վերաբերմունքը գործող իշխանության նկատմամբ՝ տեղեկացնելով, որ ոչ մի գնով չի ընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում, եթե անգամ Հանրապետականից իրեն այդպիսի առաջարկ անեն: Իհարկե, հազիվ թե Հանրապետականի մտքով անցներ Արսենյանին իր գիրկը կանչել, քանի որ մեկ անգամ (ու ընդմիշտ) փակել էր դուռը նրա երեսին դեռ 4-5 տարի առաջ, սակայն մեր հերոսն իր անձը կարևորելու խիստ պահանջ էր զգում, և այս կարգի մտքեր արտասանելը այսուհետ նրա համար պիտի սովորական երևույթ դառնային:
Խոսելով քաղաքականության մասին, Արսենյանը սովորաբար հասկանում է երկու բան՝ սեփական բիզնեսի ապահովագրում և վերադարձ խորհրդարան: Ու երբ նա տեղեկացրեց, թե ՄԱԿ-ը սկսել է ակտիվացնել քաղաքական գործունեության աստիճանը, իսկ նպատակը հենց խորհրդարանում քաղաքական ներկայություն ունենալն է, ամենքն էլ հասկացան, որ խոսքը ոչ այնքան ՄԱԿ-ի, որքան Արսենյանի ներկայության մասին է: Բայց ներկայություն ասվածն էլ իր առանձնահատկություններն է ունենում, և այն, ինչ մատուցեց վերադարձող պարոնը, լիովին բացահայտում է փայլուն ստրատեգի նախանշած «օպերացիայի» էությունը:
Երեկ Գուրգեն Արսենյանը հանրությանը տեղյակ պահեց, որ չի հերքում այն լուրերը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին հնարավոր է, որ ինքը մասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով: Նրա խոսքերով` իր կուսակցության համագումարում, որը տեղի կունենա փետրվարի 27-ից մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում, պարզ կդառնա իր ու իր կուսակիցների մասնակցության ձևաչափը: Վերջին միտքը պետք է հասկանալ ոչ այնպես, թե Արսենյանը կարող է հանկարծ վերցնել ու հրաժարվել ԲՀԿ-ի մատյաններում իր անունը ոսկե տառերով գրելու հնարավորությունից: Բոլորովին ոչ: Խոսքն այս դեպքում այն մասին է, որ գոյություն ունի նաև մասնակցության այլընտրանքային տարբերակը, ինչի մասին նա արդեն խոսել էր մի քանի օր առաջ: Արսենյանն ասել էր, որ հնարավոր է` մեծամասնականով իր թեկնածությունն առաջադրի Արաբկիր վարչական շրջանի թիվ 4 կամ 5 ընտրատարածքում: «Իմ առաջադրումը նաև մեծամասնական համակարգով տակտիկական խնդիր է, որպեսզի ավելացնեմ կուսակցության հնարավոր մանդատների թիվը»,- բացատրել էր նա՝ վերստին շեշտելով կուսակցության անունը և դարձյալ հասկացնել տալով, որ իրականում խոսք կարող է գնալ միայն իր և վերստին իր մասին: Այլ կերպ ասած, նա կարող է լինել ինչպես ցուցակում, այնպես էլ առանձին՝ ապահովագրելով սեփական անձը ամեն կարգի տհաճ անակնկալներից, իսկ դրա հետ մեկտեղ իրագործելով մի երրորդ նպատակ՝ այն է՝ մրցակից դառնալ «անհաշտ հակառակորդների» համար: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է արդեն հիշատակված Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքին: Բանն այն է, որ այնտեղ առաջադրվելու հայտ է ներկայացրել նաև Արտակ Սարգսյանը` նույն ինքը՝ «SAS»-ի Արտակը: Պարզ է, որ վերջինիս հետ սրեր խաչելու հեռանկարը ոչ այնքան սպորտային հրապուրանք է, որքան մի մարտահրավեր, որին Արսենյանն, ինչպես տեսանք, անվանում է «տակտիկական խնդիր»:
Բայց վերադառնանք «Բարգավաճ Հայաստանում» պարտված գործարարի համար անկյուն հատկացնելու փաստին, որին անդամակցելու (իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ այնտեղ ներթափանցելու) իր հաջող գործարքը Արսենյանը մեկնաբանում է ոչ այլ կերպ, քան գաղափարական դաշինքների կողմնակից լինելու պատրաստակամությամբ: Նա նաև կողմնակից է քաղաքական մրցակցությանն ու բանավեճերին, և կարծում է, որ այս խորհրդարանական ընտրությունները պետք է իրականացվեն հենց այդ պլատֆորմների տեսանկյունից ելնելով: Տեսնես ինչպե՞ս է Արսենյանի բախտը բերել ԲՀԿ-ում գաղափարական պլատֆորմ տեսնել, մի բան, որ դեռ ոչ մեկին չի հաջողվել: Բայց գուցե հենց նման պայծառատեսությունն է, որ Արսենյանին առանձնացնում է մեզ պես շարքային մահկանացուներից, իսկ Տերը միայն եզակիներին է շնորհում այդ բացառիկ կարողությունը՝ թափանցել ԲՀԿ-ի հաստ պատերի միջով, տեսնել անտեսանելին, դառնալ այն, ինչ պահանջում է տվյալ պահի իրավիճակը: «Վերջիվերջո, մենք, լինելով քաղաքական կուսակցություն ու լինելով ողջամիտ մարդիկ, պետք է կարողանանք գտնել առավելագույն օգտակար գործողության գործակից ունեցող մեխանիզմը։ Հո մենակ չե՞նք մասնակցում մասնակցելու համար։ Այսինքն` մեր մասնակցությունը ի սկզբանե նպատակ ունի քաղաքական ներկայություն ապահովել խորհրդարանում»,- ասում է Արսենյանը և հավատում է իր ասածին: Միայն թե օգգ-ի մասին նրա դատողությունները նույն՝ պարսպապատեր հաղթահարելու հատկությունը չունեն, ինչով օժտված է դրանք արտասանողի անձը: Եվ Արսենյանի ընտրազանգվածին այդ դեպքում այլ բան չի մնում, քանի ետ նայել ժամանակի միջով, վերհիշել, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից կարճ ժամանակ անց ինչպես էր նա հայտարարում, որ Քոչարյանի ժամանակ խաղի կաննոները հստակ էին, իսկ Սարգսյանի պարագայում անորոշություն է, և հասկանալ, թե ո՞վ է Արսենյանը, ու՞ր է գնում, ու՞մ հրահանգով է գնում և հանուն ինչի՞ է գնում…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Երեքը և մյուսները

18 Հնվ

Առաջկա խորհրդարանական ընտրությունների կարևոր ինտրիգներից մեկն իր պատասխանը ստացավ: Երկար ժամանակ քննարկվող և այդ առթիվ ամենատարբեր ենթադրությունների արժանացած հարցը հիմա արդեն բացահայտված է. «Բարգավաճ Հայաստանը» ընտրություններին մասնակցելու է միայնակ: Այս մասին երեկ տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Որքան էլ այժմ ասվի, թե նման հանգուցալուծումը կանխատեսելի էր, այնուամենայնիվ մինչև վերջին պահը դեռևս պահպանվում էր այն համոզմունքը, թե ԲՀԿ- Հանրապետական դաշինքն ուղղակի անխուսափելի է, իսկ միասնական ցուցակ ունենալը ամեն կարգի շահարկումներից ու կոնֆլիկտներից զերծ մնալու միակ լուծումն է: Սակայն, ինչպես տեսնում ենք, երկու գլխավոր մրցակիցների «ապահարզանը» կայացած փաստ է, ինչը խոստանում է միանգամայն այլ զարգացումներ և մրցակցության որոշակի լարվածություն:
Հատկապես ԲՀԿ-ի հայտարարությամբ էր պայմանավորված, որ երեկ միանգամից մի քանի հանրապետականներ տարբեր աղբյուրներով տեղեկացրեցին, թե Հանրապետական կուսակցությունը ևս միայնակ կմասնակցի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Եվ որքան էլ նրանք ինքնավստահ շեշտադրությամբ նշեն, թե ՀՀԿ-ն որոշել է համամասնական ընտրապայքարում միայնակ հասնել բացարձակ հաղթանակի ու պայքարել մեծամասնական բոլոր տեղերի համար, արդեն հասկանալի է, որ նման որոշումը բոլորովին էլ ինքնաբուխ չէր, այլ թելադրված էր իրավիճակային փոփոխություններով: Հազիվ թե հանրապետականներն այս պահին անկեղծորեն հավատում են, որ մայիսին իրենք կարող են ջախջախիչ հաղթանակ տոնել: Սթափ դատողության պարագայում պիտի շատերի համար պարզ լինի, որ մրցակից ուժերի թիվը մեկով համալրելու հետ մեկտեղ նրանք կորստի են մատնում ևս մի էական բան. այն է՝ ԲՀԿ-ի հետ միասնական ցուցակ ունենալու բուն նպատակը: Իսկ այդ նպատակը պայմանավորված էր մեկ գլխավոր նկատառումով՝ որպեսզի ԲՀԿ-ն անակնկալ չմատուցի ընտրությունների շրջանում: Այսինքն, եթե նրանք ձեռք-ձեռքի տված էին պայքարի մեջ մտնում, ապա դա ՀՀԿ-ի համար երաշխիք էր, որ գործընկերը պատրաստվում է հարգել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են կոալիցիոն հուշագրով: Իսկ նման պայմանավորվածությունների թվում հիմնական կետը պիտի վերաբերեր նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի թեկնածությանը սատարելու խնդրին: Այժմ այդ հարցը վերստին բաց է մնում, և դեռ վաղ է կանխորոշել, թե այն ինչպիսի շրջադարձեր կարող է ունենալ:
Իբրև վերը թվարկված դեպքերի շղթայական արձագանք, երեկ իրենք խոսքը ասացին նաև գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: Վերջիններս հայտնեցին, որ այսօր կայանալիք քաղխորհրդի նիստում կքննարկի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Ակնհայտորեն ՀԱԿ-ի համար ևս անակնկալ էր ՀՀԿ- ԲՀԿ տարանջատումը, և այժմ անհրաժեշտություն կա ժամ առաջ հստակեցնել մարտավարության այն դրվագները, որոնք պայմանավորված էին քաղաքական այս ուժերի հետագա պահվածքով: Հարցին, թե հնարավո՞ր է, որ քաղխորհրդի նիստում քննարկվի նաև խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի համամասնական ցուցակի հարցը, Կոնգրեսի անդամները պատասխանել էին, որ նման մտադրություն չկա, սակայն օրակարգը դեռևս ձևավորված չէ, դրա վերաբերյալ կարող են լինել տարբեր առաջարկություններ, և հնարավոր չէ բացառել նման հարցի քննարկումը: Այս վերջին խոսքերն արդեն իսկ մատնում են ՀԱԿ-ի անպատրաստ լինելն ու շտապողականությունը: Անօրակարգ նիստ գումարելու փաստն ինքնին հուշում է, որ ընդդիմությունը այժմ խնդիր ունի ժամ առաջ ճշտելու հետագա քայլերի տրամաբանությունը և հստակեցնելու, թե քանի ճակատով է պատրաստվում կռիվ մղել:
Բայց եթե մոտեցող ընտրությունների գլխավոր դերակատարների առնչությամբ այժմ որոշ բաներ քիչ թե շատ պարզվում են, ապա չբացահայտված խնդիրների թվում նույնպես քիչ չեն ենթադրվող անակնկալները: Առաջին հերթին դա վերաբերում է այն ուժերին, ովքեր կարող են համախմբվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Ու վերստին երեկ, (և ոչ պատահականորեն), տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ մոտ օրերս Քոչարյանը ընտրությունների առնչությամբ հանդես կգա հատուկ հայտարարությամբ: Բացառված չէ, որ այդ հայտարարությունը հիմնավորապես շրջի բոլոր խաղաքարերի դասավորությունը՝ թելադրելով մի այնպիսի իրողություն, երբ անհաշտները հաշտվում են, իսկ անհամատեղելիները՝ համատեղվում: Բայց քանի դեռ այն չի հնչել, ապա կարելի է առաջնորդվել եղածով ու առկա հիմքերի վրա կառուցել մոտակա քայլերի տրամաբանությունը:
Այս պահին տեսանելի դաշտում փորձում են որոշակի ակտիվություն ցուցադրել կամ քոնե դրա պատրանքը ստեղծել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և նույնիսկ ՕԵԿ-ը, որտեղ շարունակում են կարծել, թե իրենք դեռևս դերակատարություն ունեն ծավալվող գործընթացներում: Դրան, իհարկե, քչերն են լուրջ վերաբերում, ինչպես, ասենք, դժվար է լուրջ վերաբերվել Պարույր Հայրիկյանի հերթական մտավարժանքին, որն այս անգամ «Կատարյալ ժողովրդավարության բանաձև» անունն ունի և մեծահոգաբար երկրին հուշում է, թե ինչպես Հայաստանը կարող է դառնալ կատարյալ ժողովրդավարական երկիր: Բայց քանի որ հայաստանցիներին կատարյալ դառնալու հեռանկարն առանձնապես չի հուզում, ինչպես որ չի հուզում ԱԻՄ-ի հետագա ճակատագիրը, ապա հասկանալի է, որ վերջինիս՝ տարբեր կուսակցությունների հետ դաշինք կազմելու առաջարկները միանշանակորեն մերժվել են: Վաղվա մարտադաշտը ուժեղների պայքարի ասպարեզն է, իսկ մանր-մունր խմբերն այս մրցության մեջ որևէ կերպ արդյունք գրանցելու շանսեր չունեն: Նույնիսկ այն կուսակցությունները, որոնք սովորաբար հենվում են մեկ անձի վարկանիշի վրա, ստիպված են մի կողմ քաշվել զանազան պատճառաբանություններով: Ոմանք ասում են, թե ֆինանսական միջոցներ չունեն, մյուները արտասանում են ամենահարմար հիմնավորումը, ըստ որի ներկայիս քաղաքական դաշտի գոյության պայմաններում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը անհնար է, երրորդները կարծում են, թե սա ժամանակի անիմաստ վատնում է, մինչդեռ բուն խնդիրը հաջողության հասնելու անհավանականությունն է և ոչինչ ավելի: Իսկ եթե այնուամենայնիվ հաջողվի ձևավորել ինչ-ինչ դաշինքներ, ինչպես, օրինակ, ձախ ուժերն են պատրաստվում խումբ կազմել Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության շուրջ, ապա այդ դեպքում էլ որակական իմաստով տեղաշարժեր չեն գրանցվի, քանի որ ընդհանուր տարածքն արդեն զավթված է և բանակները վերադասավորվում են գլխավոր ճակատամարտից առաջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ռուսական բունտը և ցարի պատասխանը

7 Դկտ

Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների վերջնական պատկերը ներկայացավ այսպիսի արդյունքներով` իշխող «Եդինայա Ռոսիան» ստացավ ձայների 49,3 տոկոսը, Կոմկուսը` 19,2, Լիբերալ-դեմոկրատները` 12, «Սպրավեդլիվայա Ռոսիան»` 13,25 տոկոս քվե: Սակայն մյուս քաղաքական ուժերի ճակատագիրն ու նրանց ձեռքբերումները կամ կորուստները ակնհայտորեն քիչ են հետաքրքրում մարդկանց, փոխարենը բոլորի ուշադրությունը բևեռվել է այն փաստի վրա, որ «Եդինայա Ռոսիան» նախորդ՝ 2007 թվականի ընտրությունների համեմատ կորցրեց շուրջ 15 տոկոս կամ, որ նույնն է՝ մոտ 13 մլն ընտրողի: Նման շրջադարձն, ինչ խոսք, չի կարելի որակել այլ կերպ, քան որոշակիորեն անսպասելի: Սա նաև նշանակում է, որ «Եդինայա Ռոսիան» կորցնում է ոչ միայն սահմանադրական, այլև բացարձակ մեծամասնությունը, և ստիպված է լինելու ձգել գոտիները: Իսկ երբ ընդհանուր առմամբ հաղթանակ տարած կուսակցությունը սկսում է բացատրություններ փնտրել իր պարտության նմանվող հաղթանակի մասին, կնշանակի կացությունն իսկապես մտահոգիչ է: Օրինակ, նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, թե հարազատ թիմի ցածր արդյունքի մեղավորը տնտեսական ճգնաժամն է` դա գնահատելով որպես «ժողովրդավարությունը՝ գործողության մեջ»՝ չբացառելով «կոալիցիոն լուծումները»: Սակայն փորձագետներն ու իշխանության ընդդիմախոսները չեն կիսում այս հիմնավորումը: Նրանց կարծիքով արդյունքները պայմանավորվել են ոչ միայն ընդդիմադիր ընտրազանգվածի ակտիվացմամբ, այլև վատ կազմակերպված նախընտրական քարոզարշավով: Սրա հետ մեկտեղ հազարավոր մարդիկ պնդում են, որ քվեարկությունն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով, և բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով չեղյալ հայտարարել դրանք։ Որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ պատրաստվում են բողոքարկելու ընտրությունները, և հայտարարում են, թե «Եդինայա Ռոսիան» յուրացրել է ընտրողների 15 տոկոս ձայները, քանի որ իրականում ջախջախիչ պարտություն է կրել՝ հավելագրելով 12-15 տոկոսը: «Ընտրությունները բացարձակ հակաօրինական էին ինչպես իրավական, այնպես էլ բարոյա-էթիկական տեսանկյունից»,- ասում են նրանք:
Արտաքին աշխարհն իր հերթին սեփական եզրահանգումներն է հրապարակ բերում՝ հայտարարելով, թե ռուսական ընտրությունները ցույց տվեցին, որ Պուտինի կուսակցությունը կորցրել է բնակչության աջակցությունը ու այլևս երկրում չունի մեծ քաղաքական ազդեցություն: «Կրեմլն օգտագործել է ավտորիտար սցենարների գրեթե բոլոր տրյուկները, որպեսզի խեղդի այլակարծությունը և պաշտպանի Վլադիմիր Պուտինի ու նրա շրջապատի իշխանությունը: Սակայն ռուսաստանցիները անակնկալ են մատուցել ժամանակակից ցարին»,- գրել է The Wall Street Journal-ը:
Ռուսաստանի մշտական մրցակից ԱՄՆ-ն չէր կարող բաց թողնել նման հնարավորությունը՝ Մոսկվային չհայտնելու իր «լուրջ անհանգստության» մասին: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անմիջապես հանդես եկավ խախտումների մասին դիտողություններով, պահանջեց հետաքննել դրանք և ընտրությունները որակեց ոչ արդար, ոչ էլ ազատ: «Մենք նաև անհանգստացած ենք, որ ռուս դիտորդները ենթարկվել են հետապնդումների, իսկ կայքերը՝ կիբերհարձակումների»,-նշեց պետքարտուղարը: Իր հերթին ԵԱՀԿ-ն նախնական գնահատական հնչեցրեց՝ արձանագրելով, թե գրանցվել են լցոնումներ, ընտրացուցակների կեղծումներ ու մտահոգիչ այլ գործողություններ: Սա պիտի որ լրջորեն զայրացներ ռուսներին: Սակայն Մեդվեդևը բավականին մեղմ պատասխան տվեց արտասահմանցի գործիչներին` նշելով, որ «Ռուսաստանի քաղաքական համակարգը երկրի ներքին գործն է»: Անհամեմատ չոր էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նիկոլայ Կոնկինի արձագանքը, ով պետքարտուղարին խորհուրդ տվեց ուշադրությունն ուղղել ամերիկյան ընտրական համակարգի աղաղակող թերացումների վրա:
Բայց դրսի քննադատողների հետ վիճաբանելուց շատ ավելի կարևոր է հանդարտեցնել այն կրքերը, որոնք հասունանում ու ծավալվում են բուն Ռուսաստանում: Հատկապես Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ընտրություններից դժգոհ քաղաքացիները սկսեցին բողոքի զանգվածային ակցիաներ անցկացնել: Նախօրեին մեծ բազմություն էր հավաքվել Չիստիե Պրուդի տեղանքում, ովքեր նույնիսկ փորձ արեցին ներխուժել Կրեմլ: Իշխանությունն իր հերթին դիմեց ուժի գործադրմանը: Ներկա պահին հարյուրավոր ակտիվիստներ ձերբակալվել են, դրանց թվում կան կուսակցությունների առաջնորդներ, իրավապաշտպաններ, լրագրողներ: Իսկ հետո սկսվեցին մտահոգիչ հաղորդագրություններ տարածվել այն մասին, որ քաղաքը բառացիորեն օկուպացվել է զորքերի կողմից: «Մոսկվա զորքեր են շարժվում», «Այսպիսի բան չեմ տեսել 1993 թվականից ի վեր»,- նման գրառումներ հայտնվեցին բլոգերում, որոնք ուղեկցվում էին Ներքին զորքերի բեռնատարների լուսանկարներով: ՆԳՆ մամուլի ծառայությունից շատապեցին հայտնել, թե տեղաշարժերը կապված են ծառայության ուժեղացված ռեժիմի հետ, որ սկսվել է «լռության օրվանից» ու պետք է ավարտվի ձայների վերջնական հաշվարկից հետո: Իրավապահները նաև հաղորդում էին, որ Մոսկվայում զորքերի թիվը չի ավելանալու, ուղղակի ընթանում է անձնակազմի պլանային փոխարինում, բայց դրա հետ մեկտեղ ուժայինները նախազգուշացնում էին, որ ամենայն խստությամբ ցրելու են չարտոնված բոլոր ցույցերը։
Ռուսական բունտի կարոտախտը ոմանց մոտ հույսեր է արթնացնում հնարավոր ցնցումների ու վայրիվերումների հեռանկարի մասին: Փողոցներում դեռևս անհանգստություն կա, որը շարունակություն է խոտանում: Սակայն իշխանությունները ցայտնոտային կացության մեջ չեն և դեռ փորձում են սթափ գնահատել իրավիճակը: Նրանք ասում են, որ իրենց ձախողումն ու անկումը բնական կարելի էր համարել, քանի որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է կրում պատասխանատվությունը երկրում տեղի ունեցող բոլոր զարգացումների համար։ «Պետական Դումայում տեղի կունենա էական թարմացում։ Հաջորդ տարվա նախագահական ընտրություններից հետո կձևավորվի նոր կառավարություն, և այնտեղ էլ կլինեն լուրջ փոփոխություններ»,- խստանում է վարչապետ Պուտինը։ Ընդդիմությունն իր հերթին այս ընթացքում փաստել է, որ ռուսաստանյան քաղաքական կյանքում էական շարժ է տեղի ունեցել. եթե առաջներում համարվում էր, որ Պուտինը հավերժ է, իսկ «Եդինայա Ռոսիան» դեռ երկար ժամանակով կիշխի, ապա հիմա դա այդպես չէ: Բայց սրանով հանդերձ ընդդիմությունը նաև հասկանում է, որ հազիվ թե իրեն հաջողվի ձեռք բերել լուրջ հաղթանակներ ու փոփոխություններ: Բանն այն է, որ «Եդինայա Ռոսիան» թեպետ հարաբերական պարտություն կրեց, սակայն հակամարտ դաշտում գտնվողները չեն կարողացել ներկայացնել հակակշիռ ուժ և ձևավորել որոշակի պահանջներ: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանում այնպիսի միասնական ընդդիմադիր շարժում, որն ի վիճակի կլինի պայքարի մեջ մտնել, ներկա պահին չկա։ Հենց այդ անորոշության ու անհավասար ուժերի պայմաններում էլ իշխող կուսակցությունն իրեն շարունակում է նախկինի պես ինքնավստահ զգալ: Եվ նույնիսկ այսօրվա լարվածության, փողոցային խժդժությունների, քաղաքական ակտիվության պայմաններում շատերն են խոստովանում, որ իրատեսական չէ առաջիկայում սպասել ընտրված կուրսի լուրջ փոփոխություն: Իսկ իշխանական բուրգը, որ վերջնականապես կամբողջացվի մարտին՝ նախագահի ընտրությամբ, հազիվ թե շեղվի իր նախանշած սցենարից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հաղթել՝ չի նշանակում հաղթել

1 Դկտ

Ոչ ոք չէր սպասում, որ Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կարող էր նման շրջադարձային դեպքերի ընթացք մատուցել: Կար ի սկզբանե ամրապնդված այն համոզմունքը, թե այդ նորանկախ, Ռուսաստանի հովանու ներքո գտնվող երկրում ամեն բան պիտի կատարվեր հենց այնպես, ինչպես արդեն որոշվել էր Կրեմլում: Եվ միայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ընտրողներն իրենց ձայնը տվել են ընդդիմության առաջնորդ, Հարավային Օսիայի կրթության նախկին նախարար Ալլա Ջիոևային՝ թույլ տալով նրան ունենալ քվեների ավելի քան 56 տոկոսը, մինչդեռ մյուս թեկնածուն՝ Արտակարգ իրավիճակների նախարար և Ռուսաստանի աջակցությունը վայելող Անատոլի Բիբիլովը հավաքել էր ընդամենը ձայների 40 տոկոսը, բոլորը միաբերան կռահեցին. «Այժմ ինչ-որ բան պատահելու է»:
Եվ պատահեց: Ընտրությունից երկու օր անց Օսիայի Գերագույն դատարանը Բիբիլովի պահանջով չեղյալ հայտարարեց երկրորդ փուլը, իսկ հաղթող հռչակված թեկնածու Ջիոևան զրկվեց նոր ընտրություններին մասնակցելու իրավունքից: Իր տեսակի մեջ այս աննախադեպ որոշումը Գերագույն դատարանը հիմնավորում էր նրանով, թե իբր Ջիոևայի կողմնակիցները զանգվածաբար խախտել են հանրապետության Ընտրական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներ, ինչի արդյունքում «հնարավոր չէ պարզել քվեարկության իրական պատկերը»: Այս հիմքի վրա խորհրդարանը կրկնակի ընտրություններ նշանակեց հաջորդ տարվա մարտի 25-ին: Բայց իշխանությունների շտապողականության մեջ աչքաթող էր արվել էական մի հանգամանք՝ ընտրողների վերաբերմունքը: Եվ մարդիկ դուրս եկան փողոց՝ իրենց ձայները պաշտպանելու վճռականությամբ:
Շտապեց նաև Ջիոևան: Դատարանի որոշումից անմիջապես հետո նա իրեն երկրի նախագահ հռչակեց, հայտարարեց պետական խորհուրդ ձևավորելու մասին, որը գործելու է մինչև օրինական մարմինների ձևավորումը, և դրանով իսկ դարձավ երկրորդ հարվածի թիրախը: Նոյեմբերի 30-ին Հարավային Օսիայի Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որով ընդդիմադիր գործչին մեղադրեց գունավոր հեղափոխություն կազմակերպելու մեջ: Ըստ այդմ, դատախազությունը սպառնաց, թե մտադիր է «համապատասխան քայլեր» ձեռնարկել: «Ալլա Ջիոևայի քայլերը հակասում են Գերագույն դատարանի ու խորհրդարանի ընդունած որոշմանը: Իրեն նախագահ հռչակելն ու ինչ-որ պետական խորհուրդ ստեղծելն իրավական շրջանակների մեջ չեն տեղավորվում: Դա ամեն դեպքում ապօրինություն է», — հայտարարեց գլխավոր դատախազի տեղակալ Էլդար Կոկոևը:
Դժվար է հավատալ, թե Ալլա Ջիոևան խախտումներով է ընտրվել: Փաստ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր 15 անդամները ստորագրել են ամփոփիչ արձանագրությունը, որով նա հաղթող է ճանաչվել: Կան նաև բոլոր 85 ընտրատեղամասային հանձնաժողովների կազմած արձանագրությունները, որոնք ևս վկայում են տիկնոջ համոզիչ հաղթանակի մասին: Բայց արի ու տես, որ այս ամենը քիչ է: Փոխարենը նրա մրցակից, ընտրություններում պարտված, բայց դատարանում հաղթանակի հասած իշխանամետ թեկնածուն` Անատոլի Բիբիլովը այժմ մեծ ուրախությամբ մարդկանց կոչ է անում հանդարտություն պահպանել ու ենթարկվել Գերագույն դատարանի վճռին: Այս իմաստով Բիբիլովի խոսքերը սոսկ Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարության կրկնությունն են, որտեղ նշվում է, թե Մոսկվայում ուշադիր հետևում են հարևան երկրում տիրող իրավիճակին ու հետաքրքրված են «այդ երիտասարդ երկրում հանգստության և կայունության ապահովմամբ»: «Անհրաժեշտ է, որ բոլոր հասարակական-քաղաքական ուժերը հարգեն իշխանության բարձրագույն մարմինների՝ օրենքից բխող որոշումները»,- ասվում է Ռուսաստանի դիմում-պահանջում:
Սակայն ներկա պահին մեծ եղբոր հորդորներին ականջալուր լինել ցանկացողների թիվն այնքան էլ մեծ չէ: Ավելին, ժամ առ ժամ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից, և երեկ նույնիսկ բանը հասավ կրակոցներին: Ճիշտ է, այդ կրակոցներն առայժմ օդ են արձակվում, սակայն ո՞վ կարող է երաշխիքներ տալ, թե յուրաքանչյուր պահի իրավիճակը կտրուկ կերպով չի փոխվի՝ հանգեցնելով ամենաիսկական քաղաքացիական պատերազմի: Ջիոևայի կողմակիցները ոչ միայն բողոքի ակցիա են սկսել, այլև գրոհել են ԿԸՀ-ի շենքի վրա: Իր հերթին Ջիոևան ոչ միայ դիմել է Հարավային Օսիայի նախագահ Կոկոյտիին ու Ռուսաստանի նախագահ Մեդվեդևին`պահաջնելով թույլ չտալ երկրում քաղաքացիական պատերազմ, այլև վերջնագիր է ներկայացրել գործող իշխանություններին՝ տալով նրանց երկու օր ժամանակ: Սակայն այնքան էլ դժվար չէ կռահել, թե ինչ պատասխան նա կստանա Կոկոյտիից: Այս մասին մի շարք փորձագետներ նույնիսկ շտապել են կարծիք հայտնել` պնդելով, թե ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելն իրականում ձեռնտու էր միայն մի գործչի` պաշտոնից հեռացող նախագահ Էդուարդ Կոկոյտիին, ինչը վերջինիս հնարավորություն կտա ևս մի քանի ամիս ղեկավարել Հարավային Օսիան՝ մինչև նոր ընտրությունները:
Մյուս կողմից նույնիսկ գործող նախագահի պատասխանը կարող է որևէ էական դերակատարություն չունենալ դեպքերի ընթացքի վրա: Ուշադրության է արժանի Ալլա Ջիոևայի վերջին հայտարարությունն այն մասին, թե ինքն ու իր կողմնակիցները չեն պատրաստվում բռնի գործողությունների դիմել իշխանությունը վերցնելու համար, բայց դրա հետ մեկտեղ հաղորդվում է, որ ցուցարարները զինված են և մտադիր են դիմադրություն ցույց տալ միայն այն դեպքում, եթե հանրապետություն մտցվեն ռուսական ուժեր կամ գործի դրվի երկրի նախագահի անվտանգության ծառայությունը: Այս ընդհանուր ֆոնի վրա նույնիսկ նահանջի որոշ նախանշաններ են ի հայտ գալիս: Մասնավորապես երեկ Հարավային Օսիայի ԱԳ փոխնախարար Ալան Պլիևը հայտնեց, թե ընտրությունները չեղյալ համարելու մասին դատարանի վճիռը կարող է փոխվել:
Ամեն դեպքում, հազիվ թե խնդիրը դեպի կարգավորում գնա միայն ներքին ուժերի ու ջանքերի շնորհիվ: Արտաքին միջամտության առկայությունը այս պարագայում պարզապես անխուսափելի է, թեև ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն և Վրաստանը նախօրոք Հարավային Օսիայի ընտրությունները ոչ լեգիտիմ էին անվանել: Սակայն հիմա պաշտոնական Թբիլիսին կրկին ակտիվացել է ու հայտարարում է. «Վրաստանի Ցխինվալի շրջանում անցկացված, այսպես կոչված, նախագահական ընտրությունները Կրեմլում պլանավորված «միջոցառում» է։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, միջազգային հանրությունը չի դիտարկում որպես ընտրություն։ Կրեմլում պլանավորված այդ «միջոցառումը» ղեկավարում է պաշտոնական Մոսկվան, որը պատասխանատվություն է կրում դրա համար։ Մենք հուսով ենք, որ միջազգային հանրության արձագանքը չի ուշանա»։
Միջազգային հանրությունը, որ ուշի ուշով հետևում է զարգացումներին, իր վերաբերմունքը դրսևորելու մի քանի տարերակներ ունի: Իսկ Մոսկվան, որը չի հանդուրժի այդ միջամտությունը, արդեն ձեռնամուխ է եղել դրսի ներգործությանը հակազդելու քայլերին: Այլ կերպ դժվար է բնութագրել այն անսպասելի բացահայտումը, որ մատուցվեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Վլադիմիր Նազարովի կողմից: Ռուս-վրացական պատերազմից երեք տարի անց Մոսկվան հանկարծ հայտարարեց, թե Ռուսաստանը կոնկրետ ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ը մասնակցել է Հարավային Օսիայում ռուս խաղաղապահների, զինծառայողների ու քաղաքացիների սպանությանը։ «Մենք կոնկրետ ապացույցներ ունենք այդ մասին։ Մենք ցանկանում ենք ՆԱՏՕ-ի գծով մեր գործընկերներին հիշեցնել Սահակաշվիլիին սպառազինելու հարցում այդ կառույցի ունեցած դերակատարությունը։ ՆԱՏՕ-ն 2007-2008 թվականներին ամեն գնով Վրաստանին դրդել է պատերազմի»,- ասաց Նազարովը՝ հստակեցնելով Արևմուտքի դերը Հարավային Օսիայի կյանքում և ռուսների վերաբերմունքը նրանց հետագա քայլերի նկատմամբ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Պուտինի վերադարձը- 2

30 Նյմ

Օրերս «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը միաձայն որոշեց Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում առաջադրել որպես թեկնածու: Ռուսաստանը նախագահ կընտրի 2012-ի մարտի 4-ին, իսկ հինգ օրից այդ երկրում կմեկնարկեն խորհրդարանական ընտրությունները: Եվ այժմ խոսել նոր ժամանակների Ռուսաստանի մասին՝ դա պայմանավորելով մեկ անձի ընտրությամբ, գուցե թե այնքան էլ տեղին ու իրատեսական չդիտվեր, եթե այդ անձը Պուտինը չլիներ՝ մարդ, ով արդեն 12 տարի կառավարում է գերտերություններից մեկի ղեկը՝ դրանով իսկ իր անհատական ազդեցությունն ունենալով համաշխարհային գլոբալ զարգացումների ու գործընթացների վրա: «Ժամանակակից Ռուսաստանում Պուտինն ամենահայտնի, ամենափորձառու ու հաջողակ քաղաքական գործիչն է», -հայտարարեց նախագահ Դմիտրի Մեդվեդևը` մեկնաբանելով Պուտինի` նախագահական ընտրություններում առաջադրվելու փաստը: Իսկ հետո դիտորդները պիտի մի հետաքրքիր «մանրուք» նկատեին՝ կատարված զուտ պուտինյան ոճով։ Վլադիմիր Վլադիմիրիչն իր ելույթում ոչ մի անգամ չասաց այն մասին, թե Մեդվեդևը ապագա վարչապետն է։ Ավելին, նա ընդհանրապես չխոսել Ռուսաստանի գործող նախագահի վաստակի ու ձեռքբերումների մասին։
Սա, իհարկե, չի նշանակում, թե Պուտինը տառապում է սեփական դերի գերագնահատմամբ: Սակայն սա նաև չի նշանակում, թե մոտ ժամանակներս նրա միանգամայն հնարավոր վերադարձը էական որևէ փոփոխություն չի բերելու ռուսների և մյուսների համար: Այլ խնդիր է, թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները և որքանով դրանք նախընտրելի կլինեն քաղաքացիների համար: Ահա այս կետում է, որ տարակարծությունները ոչ միայն առկա են, այլև խիստ ընդգծված: Կարծիքներ ձևավորելու համար առայժմ մարդկիկ հիմք են ընդունում ինչպես Պուտինի երկարամյա գործունեությունը, այնպես էլ նրա վերջին ելույթները: Իսկ դրանք արդեն իսկ զանազան մեկնաբանությունների տեղիք են տվել։ Նախ, շատերը նկատեցին, որ ապագա նախագահի խոսքը, մտքերը, անգամ ոճն ու ժեստերը կարծես տարիների վաղեմություն ունեցող նախընտրական ելույթի կրկնողությունը լինեին։ Բացի այդ, տարակուսանք հարուցեց այն հանգամանքը, որ Պուտինի ելույթներում չի առաջադրվում ապագա 6 տարիների գործողությունների հստակ ծրագիրը։ Օրինակ, ոմանք անկեղծորեն զարմացան, որ նա տնտեսության մասին խոսելիս այդպես էլ ոչ մի անգամ չօգտագործեց «մոդեռնիզացիա» կամ «ինովացիա» բառերը։ Փոխարենը Պուտինը ռուսներին խոստացավ կայունություն, և այդ բառը նա կրկնեց բազմաթիվ անգամներ: Ըստ Պուտինի, Ռուսաստանը «կայուն քաղաքական համակարգի» կարիք ունի, ինչն այդ երկրի համար կերաշխավորի դարեր շարունակ ունեցած «կայուն զարգացումը»: Սակայն հիշատակված մտքերի շարքում դեռևս գլխավորը մնում է նրա խոստումն այն մասին, որ հետամուտ է լինելու Եվրասիայի Միություն ձևավորելու իր ծրագրի իրականացմանը, որպեսզի խթանի ինտեգրումը Ռուսաստանի և հարևան երկրների միջև` վերականգնելով Խորհրդային Միության՝ 20 տարի առաջ ընդհատված կապերը:
Բացառված չէ, որ Պուտինն այս նոր գաղափարը ոչ միայն համարում է իր գլխավոր խաղաքարը առաջիկա ընտրություններում, այլև, ինչպես ասում են, իր «կյանքի գործը»: Այս տարվա հոկտեմբերի 3-ին «Իզվեստիա» օրաթերթում իր հեղինակած «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որ ծնվում է այսօր» վերնագրով հոդվածում ներկայացնելով Եվրասիական Միություն ստեղծելու մասին սեփական պատկերացումները, նա առանց այլևայլության նշեց, որ դա պիտի լինի «վերպետական հզոր միավորում, որն ի զորու է դառնալ ժամանակակից աշխարհի բևեռներից մեկը»: Իսկ այսպիսի ծրագիրը չէր կարող մտավախություններ չառաջացնել բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե Պուտինն այս կերպ փորձում է ԱՊՀ հիմքի վրա Խորհրդային Միության պես նոր միավոր ստեղծել: Ասենք, Պուտինը բոլորովին էլ չի թաքցնում իր հեռուն գնացող ծրագրերը: Այդ առումով բավական է հիշատակել վերջերս նրա արած այն հայտարարությունը, թե ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունն էր: Իսկ նման անկեղծ խոստովանությունը դրսում կարող էր ընկալվել միայն մեկ իմաստով. Ռուսաստանում գլուխ են բարձրացնում կայսերապետական նկրտումները: Եվրոպացիներն անմիջապես հաշվեցին ու տեղեկացրեցին բոլորին՝ Պուտինը կարող է երկու անգամ անընդմեջ ստանձնել նախագահի պաշտոնը, ինչը նշանակում է, որ նա կարող է իշխանության ղեկին մնալ մինչև 2024 թվականը, երբ արդեն կդառնա 72 տարեկան ու կլինի Կրեմլի ամենաերկարակյաց առաջնորդը Ստալինից հետո: Ամերիկացիների տագնապները կիսեց նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ ասելով, թե Պուտինը ժողովրդավարության սկզբունքները ծաղրի առարկա է դարձրել և Կրեմլ վերադառնալուն պես կուժեղացնի ընդդիմության նկատմամբ ճնշումները, էլ ավելի կկենտրոնացնի իշխանությունը, իսկ նման զարգացումները կարող են խանգարել Ռուսաստանի ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը: Guradian պարբերականն իր հերթին տեղի ունեցածը որակեց որպես «անհատի նեոխորհրդային պաշտամունք»: «Պուտինը հրապարակային էֆեկտիվ հայտնություններից անցավ համընդհանուր խոնարհման, ինչը կոչված է ցույց տալու, որ իրենից բացի ոչ ոք ի վիճակի չէ կառավարել Ռուսաստանը»:
Ի՞նչն է Արևմուտքին այդպես մտահոգություն պատճառում: Գուցե ա՞յն, որ Պուտինը խստորեն զգուշացրել է նրանց՝ չմիջամտել Ռուսաստանի ընտրություններին: Բավական է միայն հիշել, թե ինչ ասաց նա՝ խոսելով ռուսական որոշ կուսակցությունների` արևմտյան պետությունների կողմից աջակցություն ստանալու մասին ու քննադատելով վերջիններիս ֆինանսավորելու համար: «Անօգուտ գործ է: Ինչպես ժողովուրդն է ասում, փողը քամուն են տալիս: Չի ստացվի, որովհետև Հուդան Ռուսաստանում ամենաժողովրդական կերպարը չէ: Ավելի լավ է` իրենց արտաքին պարտքը մարեն»,- իրեն հատուկ թունալի հեգնանքով նշեց Պուտինը: Ապա գալով ներքին ընդդիմությանը՝ նա կոչ արեց չապակայունացնել երկիրը՝ ասելով, թե իշխող կուսակցությունը միշտ ակնակալում է, որ ընդդիմությանը պետք է իրեն խաղաղ պահի և նավակը չճոճի: «Մենք դեռ առջևում շատ անորոշություններ և ռիսկեր ունենք, սակայն փոթորկի, ցնցումների, ճգնաժամերի ժամանակ շատ կարևոր է, որ ամբողջ թիմը սահուն աշխատի, որպեսզի նավակը իսկապես չշրժվի»,-իր պահանջը հիմնավորեց Պուտինը:
Համաձայն հասարակական կարծիքի հարցման վերջին արդյունքների՝ Վլադիմիր Պուտինի կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող է ստանալ ձայների 53 տոկոսը: Առաջին հայացքից սա նշանակում է՝ լինել մեծամասնություն: Սակայն այն ունի երկու մեծ ու կարևոր նահանջի նախանշան: Առաջինն այն է, որ Պուտինի անհատական վարկանիշը ժամանակին կազմում էր շուրջ 70 տոկոս: Բացի դա, սա էական անկում է «Եդինայա Ռոսիա»-ի համար, քանի որ արդյունքում հնարավոր չէ ապահովել այնքան ցանկալի ձայների 2/3-ը, ինչը թույլ կտար անհրաժեշտության դեպքում փոփոխել Սահմանադրությունը՝ առանց մյուս երեք ազդեցիկ կուսակցությունների աջակցության: Բայց ռուսները հակված են կարծելու, որ ապագա նախագահը այս ջրից էլ չոր դուրս կգա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ինչու՞ է եկել Սարկոզին

8 Հկտ

Հենց այն օրերին, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եվրագոտու ճակատագրի մասին թեժ քննարկումներ էր վարում, փորձում էր հարթել արտաքին ու ներքին խնդիրների կուտակումները, իսկ Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրությունները հավելյալ լարվածություն էին հաղորդել ընդհանուր վիճակին, հանկարծ նա որոշում է պետական այցով ժամանել Հարավային Կովկաս։ Իհարկե, այցը նախապես ծրագրված էր, այլ ոչ թե ֆորսմաժորային: Իհարկե, կովկասյան երեք երկրներում էլ կգտնվեին հրատապ թեմաներ, որոնց շուրջ արժեր վերաբերմունք դրսևորել: Սակայն առաջին իսկ ժամերից հստակ դարձավ, որ նրա այցի առացքային պետությունը Հայաստանն է լինելու, և ոչ միայն այն պատճառով, որ ժամանակային առումով նա ավելի երևար պիտի գտնվեր Երևանում, քան Թբիլիսիում ու Բաքվում, այլ որովհետև կարևորության սանդղակը ի սկզբանե ձևավորված էր՝ ելնելով այն հանգամանքից, թե դա որքանով նշանակություն կունենար հենց անձամբ Սարկոզիի համար: Այժմ յուրաքանչյուրին տարբեր կերպ է ներկայանում այս այցելությունը: Սակայն կան մտադրություններ և պատկերացումներ, որոնց հարցում շատերն են համակարծիք, իսկ ֆրանսիական կողմը դրանք նույնիսկ չի էլ թաքցնում: Ի դեպ, այդ ենթադրությունները հաստատվում են Սարկոզիի՝ հայաստանյան յուրաքանչյուր ելույթից հետո, որոնք շարունակում են հաճելիորեն զարմացնել և միևնույն ժամանակ որոշ հարցերի շուրջ մտորելու տեղիք են տալիս:
Թեև նախապես նշվում էր, որ Սարկոզիի այցի ընթացքում նաև տնտեսական բնույթի խնդիրներ կարծարծվեն, սակայն, ինչպես տեսնում ենք, դրանք անթաքույց կերպով մղվել են երկրորդ պլան և համարյա թե չկան իրենցից որոշակի լրջություն ներկայացնող գործարքներ ու պայմանագրեր: Փոխարենը աշխարհի համարյա բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները միաձայն արձանագրում են, որ Ֆրանսիայի նախագահը Հարավային Կովկաս այցելել է խաղաղությանը նպաստելու և դրանով իսկ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ սեփական վարկանիշը բարձրացնելու համար: Իբրև առաջնաքայլ, Սարկոզին այժմ փորձում է արտաքին քաղաքական հարցերում հաջողակ գործչի տպավորություն ստեղծել, որը նրան հնարավորություն կտա դրականորեն տարբերվել նախագահի մյուս և առաջին հերթին՝ սոցիալիստ թեկնածուից: Հիշենք, որ անցած ամիս Լիբիա կատարած Սարկոզիի այցը ևս պատահական չէր և վկայում էր այն մասին, որ Սարկոզիի համար որոշակի նշանակություն ունի՝ իր միջազգային լուրջ դերակատար լինելը ցուցադրելու առումով: Իսկ այս ձգտումներն իրենցից մի տեսակ կոմպեսացիոն գործընթացներ են հիշեցնում: Գաղտնիք չէ, որ Սարկոզին սեփական երկրի ներսում այդքան էլ մեծ աջակցություն չունի և ուրեմն ստիպված է իր իմիջը բարձրացնել գոնե արտաքին քաղաքական դաշտում: Ավելորդ չէ նաև հիշել, որ ընդամենը երկու շաբաթ առաջ, Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, Սենատի ընտրությունների ժամանակ հաղթանակ տարան սոցիալիստները, ինչը համարվեց հարված անձամբ Նիկոլա Սարկոզիի հեղինակությանը:
Այս պարտության հանգամանքներում 500 հազար ֆրանսահայերը կարծես թե որոշակի դերակատարում էին ունեցել: Դա են վկայում անցած և ներկա իրադարձությունները: Երբ ամիսներ առաջ Սարկոզիի ջանքերով Ֆրանսիայում չընդունվեց Ցեղասպանությունը ժխտելը քրեորեն պատժելի համարող օրինագիծը, հայերը նրան ուղղակի սպառնացին, որ չեն արժանացնի ոչ մի քվեի: Այս հանգամանքից անիջապես օգտվեց Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Հոլանդը, ով իսկույն հայտարարեց, թե հանդես է գալիս ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատի օրակարգ բերելու նախաձեռնությամբ: Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության ներսում դա մի իսկական իրարանցում հարուցեց: Եվ ահա ընդամենը 3 օր առաջ իշխանական կուսակցության պատգամավորները նախ հայերին հիշեցրեցին, որ նախորդ քվեարկության ժամանակ Սենատում սոցիալիստները դեմ էին հանդես եկել նշված օրինագծին՝ դրա հետ մեկտեղ ցանկանալով Թուրքիային դարձնել Եվրամիության անդամ, իսկ այնուհետև ասացին, թե սոցիալիստների կողմից այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ դեմագոգիա և պոպուլիզմ։ Եվ որպեսզի ֆրանսահայերը, նրանց բառերով ասած, չընկնեն սոցիալիստների լարած թակարդը, ապա լավ կլինի, եթե ընկնեն Սարկոզիի թակարդը, ինչն էլ վերջինս գերազանց կատարեց՝ Երևանում հայտարարելով, որ Թուրքիային երեք ամսվա վերջնաժամկետ է տալիս՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:
Թուրքական լրատվամիջոցներն այժմ բավական ակտիվորեն և հիվանդագին որակումներով են լուսաբանում Սարկոզիի հայաստանյան այցը՝ մատնանշելով այն նույն փաստարկներն, ինչի մասին ասացինք: Իսկ փորձագետների գնահատամամբ, և Հայաստանում ասածը, և Վրաստանում ու Ադրբեջանում ասվելիքը որևէ կերպ չեն վնասի Սարկոզիին, մինչդեռ ապրիլի 22-ին նախատեսված ընտրություններից առաջ կարող են բարձրացնել նրա վարկանիշը: Ճիշտ է, այս պահին, ըստ սոցհարցումների, նրա մրցակից Հոլանդի ժողովրդականությունն ավելի բարձր է, բայց, ինչպես գրում է թուրքական «Ihlas»-ը, Սարկոզիի` Հայաստան կատարած այցը պետք է դիտել որպես պատասխան գրոհ իր հիմնական մրցակցին:
Այստեղ ավելորդ չէ նկատել, որ եթե ցեղասպանության և թուրքական թեմատիկայի առումով Սարկոզին առավել քան առատախոս է, ապա Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում նա սահմափակվեց սոսկ ընդհանուր կարգի ձևակերպումներով, ինչը վկայում է, որ նման գերխնդրի հանգուցալուծում Ֆրանսիան առայժմ չի պատրաստվում ստանձնել: Նույնիսկ այցի նախօրեին միջազգային լրատվամիջոցները թերահավատությամբ նշեցին, որ հարցական է, թե արդյոք Սարկոզին ընդհանրապես կխոսի՞ Ղարաբաղի խնդրի շուրջ սեփական դերակատարության մասին, քանզի ԵՄ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ կողմնակից են Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծմանը. «Դժվար թե ինչ-որ էական կամ նոր բան ասի Սարկոզին»,- նկատել էր պարբերականներից մեկը և չէր սխալվել: Այս նույն՝ սակավախոսության ոգին նա ամենայն հավանականությամբ կպահպանի նաև Բաքվում՝ առավել ուշադրություն հատկացնելով էներգակիրներին ու տնտեսական համագործակցությանը: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա արժե արձանագրել այն տարածված տեսակետը, թե Վրաստանի իշխանությունները դիտավորյալ «մեծ սպասումներ» են ստեղծում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցի հետ կապված: Բան այն է, որ հաջորդ տարի այդ երկրում ևս խորհրդարանական ընտրություններ են լինելու, նախընտրական արշավն արդեն սկսվել է ու Վրաստանի ղեկավարությունը հենց սեփական նախընտրական նպատակներով էլ գովազդում է Սարկոզիի այցը: Վրացիները նույնիսկ սրտի ցավով խոստովանեցին, որ Սարկոզին առավել կարևորում է Հայաստան այցելությունը: Այժմ մնում է սպասել ու տեսնել, թե դրանից ինչ կշահի Հայաստանը և ինչ կշահի Սարկոզին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թուրքիայի, թե՞ Էրդողանի ընտրությունները

26 Մյս

Այս օրերին Թուրքիան գլխովին թաղված է նախընտրական թոհուբոհում: Հունիսին 12-ին այդ երկրում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Դրանք կլինեն թվով 17-րդը, որոնց արդյունքում կձևավորվի հանրապետության 61-րդ կառավարությունը: Եվ արդեն իսկ ակնհայտ է, որ քարոզարշավն ու պայքարն ընթանալու են կոպիտ մեթոդներով, առանց ավելորդ նրբանկատության ու զիջումների: Դրան նպաստող հանգամանքներից մեկն էլ այն է, որ Թուրքիայում գոյություն ունի աշխարհում ամենաբարձր ընտրական շեմը` 10 տոկոսի սահմանագիծը, իսկ դա մեծ տհաճություն պիտի պատճառի այն փոքր կուսակցություններին, որոնց ուժերը չեն ներում խորհրդարան մտնել կամ առավելագույնս ներգրավվել քաղաքական գործընթացներում:
Քաղաքական այս կարևորագույն միջոցառումն արդեն իսկ աչքի է ընկնում իր մի քանի առանձնահատուկություններով: Նախ, 1982 թ. սահմանադրության ընդունումից ի վեր առաջին անգամ դրանք լինելու են ոչ թե արտահերթ, այլ հերթական: Սա արտաքուստ կարող է ներքին վիճակի կայունության տպավորություն թողնել իրական անկայուն ֆոնի վրա: Մյուս կողմից պետք է նկատել, որ երկրի արտաքին քաղաքականության դաշտում պահպանվող անորոշությունն իր անդրադարձն է ունենում ընտրազանգվածի `ապագայի հանդեպ պատկերացումների վրա: Արևմուտքի հետ հարաբերություններում շատ կարևոր բաներ դեռևս թերի են, Եվրամիությանը ինտեգրվելու ցանկությունները ոչ մի քայլ առաջ չեն շարժվել և որպես դրա հետևանք առկախված են ստանձնած պարտավորությունների մեծ մասը: Բարդ են շփումները հարևանների` մասնավորապես Իսրայելի և Հայաստանի հետ, իսկ եղածին էլ գումարվել է Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի անվերջանալի հեղաշրջումների ալիքը` իշխանափոխություններով հանդերձ: Ահա նման ոչ նպաստավոր մթնոլորտի պայմաններում էլ Թուրքիան գնում է իր համար բախտորոշ ընտրությունների:
Համաձայն այդ երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալների, այս անգամ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 27 կուսակցություններ` պայքարելով Ազգային Մեծ ժողովի 500 մանդատներից յուրաքանչյուրի համար: Ներկա պահին ուժեղագույն հավակնորդների ցանկում են «Արդարություն և զարգացում», «Խաղաղություն և ժողովրդավարություն», Ժողովրդահանրապետական, Բանվորական, և «Ազգային շարժում» կուսակցությունները: Ու թեև դեռ վաղ է վերջնական պատկերի մասին ենթադրություններ անելու համար, բայց և այնպես, հաշվի առնելով հասարակական կարծիքը, կարելի է որոշ նկատառումներ շարադրել:
Առաջինը, որ անմիջապես աչքի է զարնում, մեծ անակնկալները բացառելու Թուրքիայի քաղաքացիների համոզվածությունն է: Այժմ այստեղ նախկինի պես չեն հարցնում, թե որ քաղաքական ուժը կհաղթի, այլ լավագույն դեպքում կարող են հետաքրքրություն հանդես բերել այն խնդրի առնչությամբ, թե քանի՞ կուսակցություն կանցնի խորհրդարան, և, որն ամենաէականն է, քանի՞ մանդատի կտիրանա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ): Այլ խոսքերով ասած, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն շարունակում է մնալ ընտրությունների ֆավորիտը:
Դրա համար կան մի քանի ծանրակշիռ պատճառներ: Նախ, ԱԶԿ-ն Թուրքիան ղեկավարում է արդեն 8 ու կես տարի: Դա երկրի համար չափազանց բարձր ցուցանիշ է: Եթե նրանք դարձյալ հաղթեն, այսինքն Էրդողանի կառավարությունը ևս 4 տարի պաշտոնավարի, ապա այդ քաղաքական ուժը Թուրքիայի նորագույն պատմության մեջ ամենաերկարակյացի դափնին կարող է նվաճել: Ի սկզբանե դավանելով այսպես կոչված «պահպանողական ժողովրդավարության» ուղղությունը, Էրդողանն ու իր համակիրները ստանձնեցին հանրությանը քաղաքական իսլամից հեռու պահելու մարտավարությունը: Նրանք բացեիբաց քննադատության էին ենթարկում քեմալականության ժառանգությունը, արմատականության յուրաքանչյուր հոռի դրսևորում, փորձում մարդկանց բացատրել դրանց բացասական հետևանքները Թուրքիայի ապագայի համար: Նաև ԱԶԿ-ն էր, որ չխուսափեց առճակատման գնալ Զինված ուժերի վերնախավի հետ` նպատակ ունենալով ամեն գնով նվազագույնի հասցնել բանակի ու դատաիրավական համակարգի ներգործությունը քաղաքական գործընթացների վրա:
Մյուս կողմից Էրդողանի թիմն այսօր իրավունք ունի հայտարարելու, որ հատկապես իրենց ջանքերով Թուրքիան տնտեսական աճի ցուցանիշներով Եվրոպայում զբաղեցրեց առաջին տեղը, ինչպես նաև նախընտրական խոստումի կարգով հավաստիացնել, թե Թուրքիայի հիմնադրման 100-րդ տարեդարձին պատրաստ են երկրն ընդգրկել աշխարհի ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրների տասնյակում` ներկայիս 16-րդի փոխարեն, իսկ գյուղատնտեսությունը դարձնել աշխարհում 5-րդը: Սակայն դրա համար նախ և առաջ հաղթել է պետք, ընդ որում, ոչ թե սովորական հաղթանակ, այլ այս անգամ արդեն` բացարձակ: ԱԶԿ-ն դա պատկերացնում է հետրյալ կերպ` մեջլիսում շահել առնվազն 367 մանդատ, այսինքն եղածի երկու երրորդը, ինչը հնարավորություն կտա նրանց խորհրդարանում անցկացնելու ցանկացած օրինագիծ: Իսկ այդ հանգամանքը առաջին հերթին կանաչ լույս կվառի սահմանադրության փոփոխության ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհին:
Նկատենք նաև, որ ԱԶԿ-ն և նրա առաջնորդն այսօր արդեն իսկ ավելի հեռուներն են դիտում: Բանն այն է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում 2012 թ. գարնանը սպասվում են նախագահական ընտրություններ: Շատ վերլուծաբաններ արդեն հիմա կանխատեսում են, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կդառնա երկրի ղեկավարի թեկնածուն իշխող կուսակցությունից: Էրդողանը նման հեռանկարին սկզբունքորեն դեմ չէ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ամեն բան այնպես, ինչպես պիտի լիներ

21 Դկտ

Ընդամենը հաշված օրեր առաջ էր, երբ Բելառուսի ղեկավար Ա. Լուկաշենկոն, խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների մասին, գանգատվում էր իր երկրին բաժին հասած ճակատագրից: «Ամբողջ աշխարհը ամանորին է նախապատրաստվում, իսկ մենք ամեն անգամվա պես պիտի ընդդիմության անկարգությունները սաստենք»,- ասում էր նա` գերազանց հասկանալով, որ եթե Բելառուսի բացառիկությունը սոսկ նախատոնական տրամադրությունների փոփոխության մեջ է, ապա հետընտրական զարգացումների իմաստով այդ երկիրը քիչ բանով էր տարբերվելու մյուսներից: Ամեն կարգի խռովությունները, բողոքի ակցիաները, ընդդիմադիրների հալածանքները, քաղաքական շահարկումները վաղուց են դարձել յուրաքանչյուր իրեն հարգող ու ժողովրդավար համարվող երկրի իրադարձային բաղկացուցիչը ընտրությունից ընտրություն: Իսկ եթե վաղօրոք է հայտնի, թե ինչ է կատարվելու, այդ դեպքում շատ ավելի դյուրին է դառնում հակազդելը: Այնպես որ Լուկաշենկոն նույնպես դա գիտեր, ինչպես գիտեր նաև այն մասին, որ ճգնաժամը հաղթահարելիս ուժային լուծումները մինչ օրս ամենաարդյունավետն են հավարվել Բելառուսում:
Եվ ահա, 1994 թվականից երկիրը չորրորդ անգամ անընդմեջ ղեկավարել ցանկացող Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 19-ին ի կատար ածեց երազանքը` հավաքելով ընտրողների ձայների 79.67 տոկոսը: Նույն օրվա գիշերը բելառուս ընդդիմադիրները դուրս եկան փողոց «Նոր ընտրություններ առանց Լուկաշենկոյի» կարգախոսով: Նրանք գրոհի մի քանի փորձեր իրականցրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու կառավարության շենքերի վրա, սակայն զինվորական ստորաբաժանումներին ու ոստիկաններին հաջողվեց հրապարակից դուրս մղել մի քանի հազար ցուցարարների: Ձերբակալվեցին մոտ հազար մարդ, այդ թվում`գրեթե բոլոր նախագահի թեկնածուները: Ընդդիմության առաջնորդը դաժան ծեծի ենթարկվեց: Այժմ նրան նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «Զանգվածային անկարգություններ» հոդվածով: Չի բացառվում, որ կներկայացվեն նաև պետական հեղաշրժման մեղադրանքներ: «Բոլորն, ըստ օրենքի, նստելու են բանտ: Բանտ ես չեմ նստեցնում, ես ունեմ միայն մեկ իրավունք` համաներում»,- երեկ հայտարարեց Լուկաշենկոն: Հատուկ ծառայությունները խուզարկություններ են անցկացրել թեկնածուների շտաբներում, իրավապաշտպանների գրասենյակներում, թերթերի խմբագրություններում: Բելառուսում շրջափակվել է մի շարք ընդդիմադիր կայքերի, ինչպես նաև LiveJournal բլոգհոսթինգի, Twitter միկրոբլոգի, Facebook սոցիալական ցանցի հասանելիությունը:
Հասկանալի է, որ նման կտրուկ պահվածքն անպատասխան չէր մնա: Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն առաջիններից մեկն էր, որ վրդովված հայտարարեց. «Այդ վախկոտ հարձակումը նախագահի անպաշտպան թեկնածուի վրա վրդովեցուցիչ ու ամոթալի է: Ես ապշած եմ այդ փաստից: Նման վարքը անթույլատրելի է միջազգային հանրության համար: Ես պահանջում եմ նախագահ Լուկաշենկոյից, որ նա անհապաղ դադարեցնի այդ բռնությունն ու պատժի նրանց, ովքեր մեղսակից են դրան»: Կոշտ էր նաև Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու արձագանքը: Վերջինս ոչ միայն` քննադատեց իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառումը, այլև կարծիք հայտնեց, որ ԵՄ-ն պետք է վերանայի իր հարաբերությունները Մինսկի հետ:
Միացյալ Նահանգների վերաբերմունքը զուրկ էր ավելորդ հուզականությունից և միանշանակ էր. «ԱՄՆ վարչակարգը չի կարող ճանաչել ընտրությունների արդյունքները,- հայտարարեց Վաշինգտոնը: Այնպես որ Լուկլաշենկոյի ակնկալիքները, թե դեկտեմբերի 19-ից հետո ԱՄՆ- Բելառուս հարաբերությունները «կլինեն նվազագույնը լավ», չարդարացան:
Իրենց եզրակացությունը հրապարակեցին ԵԱՀԿ դիտորդները, համաձայն որի նախագահական ընտրությունները Բելառուսում չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին և դրանք լեգիտիմ կոչվել չեն կարող: «Այս ընտրությունները ձախողվեցին և Բելառուսին այդքան անհրաժեշտ նոր սկիզբը չապահովվեց: Բելառուսի ժողովուրդն արժանի էր լավին», -ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Թոնի Լլոյդը:
Իսկ այժմ անդրադառնանք ամենահետաքրքրականին: Բանն այն է, որ նույն ԵԱՀԿ-ն, նախքան հիշատակված եզրակացությունը, ժամեր առաջ մեկ այլ հայտարարությամբ էլ էր հանդես եկել, որով դեկտեմբերի 19-ին կայացած Բելառուսի նախագահական ընտրությունները ճանաչել էր ժողովրդավարական: Սակայն քիչ անց պատկերն ամբողջովին փոխվեց: Եվ արդյո՞ք միայն ընդդիմադիրների հանդեպ բռնություններ կիրառելու պատճառով: Ի վերջո ընտրություններն արդեն ավարտվել էին, և եթե հետո իշխանությունները օրինազանցություն էին հանդես բերել, ապա դա առանձին խնդիր էր ու չէր կարող անդրադառնալ նախորդի վրա: Բայց անդրադարձավ: Իսկ թե ինչու` պատասխանն անուղղակիորեն տվեցին մյուսները:
Այն ժամանակ, երբ Արևմուտքը որակումների մեջ ընտրություն չդնելով փնովում էր Լուկաշենկոյին, Ռուսաստանի և ԱՊՀ-ի ներկայացուցիչներն ընտրությունները գնահատեցին կայացած ու ժողովրդավարական: Ռուսական դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը նշեց, որ առաքելությունը չի արձանագրել այնպիսի փաստեր, որոնք կարող էին կասկածի տակ դնել արդյունքների լեգիտիմությունը: Համարյա միաժամանակ Լուկաշենկոն ասուլիս հրավիրեց ու տեղեկացրեց, թե խոստանում է հրապարակել փաստաթղթեր, որով կապացուցվի ընդդիմության առաջնորդների կապը Արևմուտքի հետ: «Ես կարգադրել եմ, որպեսզի հրապարակվեն այդ փաստաթղթերը, որպեսզի ժողովուրդը տեսնի թե մեր արևմտյան գործընկերներին և թե մեր ընդդիմությանը»,- ասաց Բելառուսի նախագահը` ավելացնելով, որ խոսքն այնպիսի փաստաթղթերի մասին է, որոնք պետք է լինեն պահոցում` «գաղտնի» նիշի տակ:
Ահա և պատասխանը: Մինսկը, որ ամիսներ շարունակ գժտված էր Մոսկվայի հետ և ամենածանր մեղադրանքներն էր վերագրում Կրեմլին, վերջին պահին կողմնորոշվեց` նետերն ուղղելով հակառակ կողմը: Դեկտեմբերի 20-ի մամուլի ասուլիսում Լուկաշենկոն արդեն հայտարարում էր, որ «պատրաստ է հանդուրժել ամեն բան, որպեսզի Բելառուսն ու Ռուսաստանը չբաժանվեն», և որ ինքը երբեք Ռուսաստանի թշնամին չի եղել:
Երկու հակադիր բևեռների ճամփաբաժանի վրա գտնվող երկիրը հրաշալի հասկանում է իր դիրքի առավելությունը և գիտի, որ իրեն ամեն դեպքում ներելի է աններելին, եթե վրա հասնի ընտրության պահը: Իսկ Արևմուտքը, որ դեռ երեկ Մոսկվա- Մինսկ լարված հարաբերությունների կրակի վրա հաճույքով իր ձեռքերն էր տաքացնում, այսօր ստիպված է նոր մարտավարություն ընտրել: Սկզբի համար վատ չէ խոսել քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին, թեև քաղաքակիրթ աշխարհին քիչ է հետաքրքրում` ժողովրդավարությունը Բելառուսում կհաղթանակի, թե՞ ոչ: Նրա համար կարևոր խնդիրն այն է, թե ինչպե՞ս անհնազանդին դարձնել հնազանդ:

Հովիկ Չարխչյան

Կանխատեսելի ու անփոփոխ

8 Նյմ

Կիրակի օրը Ադրբեջանում կայացան 4-րդ խորհրդարանական ընտրությունները: Դրանց մասնակցեցին ընտրելու իրավունք ունեցող 4 միլիոն 950 հազար ադրբեջանցիների 50 տոկոսից քիչ ավելին: Ընտրությունների ընթացքին հետևում էին 1026 օտարազգի և մոտ 47.000 տեղի դիտորդներ: Միջազգային դիտորդները ներկայացնում էին 21 կազմակերպություններ, ներկայացուցիչներ էին ժամանել ԵԽԽՎ-ից, ԵՄ-ից, Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովից, ԵԱՀԿ ԽՎ-ից ու ԱՊՀ-ից:
Միլի Մեջլիսի 125 պատգամավորական տեղերին հավակնում էին 690 թեկնածուներ, որոնցից 107-ին առաջադրել էր իշխող ,,Նոր Ադրբեջան,, կուսակցությունը, իսկ ընդդիմադիր թևը ներկայացրել էր 140 թեկնածու: Թեև հիմնական պայքարը ծավալվում էր իշխանական ուժի և երկու առաջատար ընդդիմադիր կուսակցությունների` ԱԺՃ և Մուսավաթ կուսակցության միջև, սակայն դրանցից զատ ընտրություններին մասնակցում էին նաև 13 կուսակցություններից կազմված 5 դաշինք, ու ևս 19 կուսակցություն, որոնք դաշինքների մեջ չէին:
Առաջին հայացքից նման խայտաբղետ բազմազանությունը կարող էր նույնիսկ ազատ կամքի արտահայտման նպաստավոր միջավայրի գոյության տպավորություն թողնել: Սակայն, ինչպես և ենթադրում էին քաղաքագետները, կայացան միանգամայն կանխատեսելի ընտրություններ` վաղօրոք նախապատրաստված, հղկված ու վերահսկելի սցենարին համապատասխան: Ընտրությունների ավարտից հաշված ժամեր անց իշխող կուսակցությունն արդեն հայտարարեց իր բացահայտ ու վստահ հաղթանակի մասին: Դրան հակառակ ընդդիմության ներկայացուցիչները հանդես եկան մեղադրանքներով` խոսելով արդյունքների կեղծման, բազմաթիվ խախտումների, քվեաթերթիկների լցոնման, դիտորդների աշխատանքը խոչընդոտելու մասին: Այս հանգամանքը փաստեցին նաև ԵԱՀԿ ներկայացուցիչները` տեղեկացնելով, որ իրենց աշխատանքներն ,,իշխանությունների կողմից էականորեն սահմանափել են,,:
Առավել համապարփակ գնահատականը լսելու հնարավորություն դեռևս կունենանք առաջիկա օրերին, բայց հազիվ թե դրանք այլևս էական նշանակություն ունենան Արդրբեջանի համար, որտեղ ավտորիտար ռեժիմը կարևորում է միայն սեփական իշխանության ֆորմալ վերահաստատումը, այլ ոչ թե միջազգային հանրության գնահատականը, ինչի հանդեպ Բաքուն վաղուց է իմունիտետ ձեռք բերել:
Դեռ մինչև նախընտրական արշավի սկիզբը, հանրության սիրտը շահելու նպատակով ,,Նոր Ադրբեջանն,, իր շարքերից ու պատգամավորական թեկնածուների ցուցակից հանեց շուրջ մեկ տասնյակ օլիգարխների, բայց նույն պահին էլ նրանց փոխարինեցին մարդկանցով, ովքեր որևէ բանով չէին տարբերվում իրենց նախորդներից: Այս ,,կոսմետիկ վերանորոգումը,, ևս նույն խնդիրն էր հետապնդում` ստեղծել փոփոխությունների պատրանք, առաջընթացի տեսլական: Եվ պատահական չէր, որ երեկ, ընտրական տեղամասերը փակելուց հետո իշխանությունները, իրադարձություններից առաջ ընկնելով, շտապեցին հայտարարել, թե կայացած ընտրությունները լիովին համապատասխանում էին ժողովրդավարական չափանիշներին, դրանք ազատ ու թափանցիկ էին:
Մեծ հաշվով քաղաքական պայքարի մասին նույնպես խոսք գնալ չէր կարող: Այդ իմաստով ընդդիմադիր Ժողովրդական ճակատն ու Մուսավաթը թե կազմակերպչական և թե համակիրների հավաքագրման տեսանկյունից չափազանց թուլացել էին, և նրանց նկատմամբ հաղթանակ տանելն առանձնապես մեծ դժվարություն չէր ներկայացնում: Եղածին գումարենք նաև այն փաստը, որ Ադրբեջանում 2005-ից ընտրություններն անցկացվում են միայն մեծամասնական համակարգով: Իսկ սա նշանակում է, որ վարչական ռեսուրսների և լծակների ակտիվ օգտագործման պայմաններում գործնականում բացառում է ընդդիմադիրների ընտրվելու հնարավորությունը: Ու որքան էլ արդարացի լինի վերջիններիս դժգոհությունը, թե քաղաքական բնականոն մրցակցության համար անհրաժշետ պայմանները երկրում իսպառ բացակայում են, ապա իրողություն է և այն, որ այդ առկա կացությունը չի ձևավորվել ընդամենը մեկ օրում կամ միայն նախընտրական շրջանի համար: Դրանից առաջ էլ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն էր իր միջանկյալ զեկույցում փաստել ընտրողների ու թեկնածուների վրա կիրառված ճնշումների, հետապնդումների, քաղաքական դեբատների բացակայության մասին: Եվ ի՞նչ: Բաքուն նույնիսկ անհանգստության նվազագույն նախանշաններ չցուցաբերեց` հրաշալի գիտենալով, որ իրեն ամեն բան ներելի է: Եվ արդեն իսկ այսօր շատերն են այն համոզման, որ Արևմուտքը հերթական անգամ էլ աչք կփակի ամեն կարգի խախտումների և իրավունքների ոտնահարման դեպքերի նկատմամբ` առավել կարևորելով Ադրբեջանի աշխարհաքաղաքական-ստրատեգիական նշանակությունն իր շահերի խթանման և մի շարք խնդիրների լուծման գործում: Իսկ հանուն դրա կարելի է նաև ժողովրդավարությունը զոհաբերել առանձին վերցրած մի երկրում:
Հայաստանում հետևում էին ադրբեջանական ընտրությունների ընթացքին: Եթե մինչ այդ մեզ մոտ կարծիք էր ձևավորվել, թե իբր ընտրություններին նախորդած ժամանակահատվածում ագրեսիվ վարքագծով Բաքվի իշխանությունները տեղեկատվական անհրաժեշտ բազա էին ապահովում Իլհամ Ալիևի գլխավորած ,,Նոր Ադրբեջան,, կուսակցության բացարձակ հաղթանակի համար, ապա այժմ մեկ անգամ ևս համոզվեցին, որ Հայաստանի ու Արցախի հարցում չպետք է ակնկալել Ադրբեջանի դիրքորոշման որևէ կտրուկ փոփոխություն: Բոլորովին պատահական չէր, որ հատկապես ընտրությունների օրը Ալիևը հերթական անգամ հայտարարեց. ,,Մենք ցանկացած պահի կարող ենք վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականանությունը ռազմական ճանապարհով,,: Այլ կերպ ասած, ամեն բանն առաջվանն է` անփոփոխ ու շարունակական:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Իսկ հայերն ընտրեցին Հայաստանին

4 Նյմ

Ինչպես և վաղօրոք կանխատեսվում էր, երեքշաբթի օրը ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրություններում հանրապետականները մեծամասնություն կազմեցին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ Դեմոկրատական կուսակցությունը պահպանեց իր վերահսկողությունը Սենատի նկատմամբ: Հանրապետականներին հաջողվեց դեմոկրատներից խլել 60 տեղ, ինչը նրանց այժմ հնարավորություն կտա լիովին վերահսկել Կոնգրեսի ստորին պալատը: Ստանալով ևս 6 լրացուցիչ տեղ Սենատում ու կրճատելով դեմոկրատների հետ ունեցած հարաբերակցության տարբերությունը` նրանք հերթական անգամ վերահաստատեցին իրենց մտադրությունների լրջությունը, իսկ նախագահ Բարաք Օբամային այլ բան չէր մնում, քան հաղթանակի կապակցությամբ շնորհավորել Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Ջոն Բեյներին: Նախագահը հույս հայտնեց, որ կհաջողվի ընդհանուր շփման եզրեր գտնել ու միասնաբար երկիրն առաջ մղել: Նույն օրը ԱՄՆ-ում ընտրվեցին նաև 37 նահանգների ու 2 տարածքների նահանգապետերը: Կալիֆորնիայի նահանգապետի աթոռին հրաժեշտ տվեց Առնոլդ Շվարցենեգերը:
Քաղաքական թեժ պայքարի պայմաններում այս անգամ առանձնակի ակտիվությամբ հանդես եկան ամերիկահայերը: Սկզբնապես հայտարարելով, որ հայ համայնքը նախապատվություն չի տալու երկրի երկու հիմնական քաղաքական ուժերից որևէ մեկին, մեր հայրենակիցներն անկեղծորեն խոստովանեցին, որ իրենք կլինեն նրանց կողքին, ովքեր հանդես կգան Հայաստանի ու հայության շահերի դիրքերից: Շուրջ 1 միլիոն ընտրողներ ունեցող հայությունը կարևոր քարոզչական աշխատանք ծավալեց` 31 նահանգներում սատարելով 158 թեկնածուների, ընտրություններից 72 ժամ առաջ իրականացնելով լայնամասշտաբ տեղեկացման գործընթաց, հազարավոր էլեկտրոնային նամակներ հղելով և կոչ անելով ընտրել հայամետ թեկնածուներին: Այդ ջանքերը տվեցին իրենց պտուղները: Ընդամենը 7-ի դեպքում նրանց սպասելիքները չարդարացան: Մյուսները չթաքցրեցին, որ իրենց հաղթանակի համար մեծապես պարտական են հայերի համախմբված աշխատանքին: Նախնական տվյալներով` վերնըտրվել են մեզ արդեն վաղուց ծանոթ Ֆրենկ Փալոնը և Մարկ Քըրքը, Նենսի Փելոսին և Ադամ Շիֆը, Բարբարա Բոքսերը և էլ շատ հայտնի ու ազդեցիկ դեմքեր, որոնք նախկինում աչքի են ընկել իրենց հայանպաստ դիրքորոշումներով:
Սակայն խնդիրը միայն անձերինը չէ: Միջանկյալ ընտրությունների արդյունքում քաղաքական վերադասավորումները Միացյալ Նահանգներում կարող են նոր մթնոլորտի և նոր հնարավորությունների ձևավորման հիմք հանդիսանալ, ինչի արդյունքում համահայկական նշանակության հարցերի լոբբինգի իրականացումը շատ ավելի դյուրին կլինի: Տեղի հայկական կառույցներն այն կարծիքին են, որ հանրապետականների հաղթանակն առաջին հերթին կարևոր է այնքանով, որ այսուհետ դեմոկրատ նախագահն ու Սպիտակ Տունը չեն կարող լուրջ ճնշումներ գործադրել Կոնգրեսի վրա: Իսկ մեր սպասելիքներն առաջին հերթին վերաբերելու են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագծին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Հայաստանին տրամադրվող օգնությանը, ինչպես նաև միջազգային կառույցներում մեր երկրին զորակցություն ցուցաբերելուն:
Դժվար է ասել, թե այս լավատեսությունն ինչ չափով է հիմնավորված և արդյո՞ք նորընտիրները աշխատանքի ընթացքում կդրսևորեն իրենց ճիշտ այնպես, ինչպես խոստացել էին նախընտրական շրջանում: Մեկ անգամ չէ, որ ամերիկահայերը խորը հիասթափություն են ապրել այն քաղաքական գործիչներից, ովքեր դրժել են իրենց խոսքը և ամենավճռորոշ պահին հանդես են եկել անսկզբունքային կեցվածքով: Սակայն, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում, իսկ թարմ հաղթանակից հետո դրա ոգևորությունը դեռևս իր բարձրակետում է:
Ներկա պահին ամերիկահայ հաստատությունների ուշադրության կենտրոնում Թուրքիայի վերաբերմունքն է, որը, դատելով թուրքական մամուլի հրապարակումներից, արդեն իսկ անհանգստության նշաններ է ցուցաբերում: Առայժմ որպես միակ առավելություն նրանք արձանագրում են այն, որ հանրապետականների հաղթանակից հետո Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հակաթուրքական հայացքներով հայտնի կոնգրեսական, պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր տեղը զիջելու է թուրքամետ Ջոն Բոհներին: Սակայն սա հազիվ թե բավարար մխիթարություն հաղորդի Անկարային, որտեղ հասկանում են, որ նորացված Կոնգրեսը նախկինից ավելի մեծ ճնշում կգործադրի Թուրքիայի վրա, և որպես ճնշման ազդեցիկ գործիքներից մեկը` մշտապես հրապարակ կհանվի հայերի Ցեղասպանության փաստը: Բացի այդ, հանարապետականները դեմոկրատներից ավելի շատ նշանակություն են տալիս Իրանին և Իսրայելին առնչվող հարցերին: Այնպես որ, Թուրքիայի համար կարող են առաջ գալ նոր բարդություններ` կապաված այն բանի հետ, թե վերջինս ինչպես է հարաբերվում Թեհրանի ու Թել Ավիվի հետ:
Ինչպիսին էլ լինեն Ամերիկայի հայերի և մյուսների ակնկալիքները, նրանց ցանկացած դատողության պարագայում կա մի բան, որ հարկ է մշտապես հաշվի առնել. հանրապետականների հաղթանակը չի կարող փոխել Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը, առավել ևս, որ այն կարգավորվում է ոչ թե Կոնգրեսի, այլ Սպիտակ Տան կողմից: Փոխարենը միանգամայն հնարավոր է, որ բարդանա ներքին բարեփոխումների կուրսը, քանի որ նախագահ Օբաման այժմ ստիպված է լինելու մի շարք հարցերում ուղղակի փոխզիջման գնալ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: