Tag Archives: ընդդիմություն

Վրաստանի տիկին ընդդիմությունը

9 Հնս

Որքան էլ ջանանք Վրաստանի ընդդիմադիր «Ժողովրդական ժողով» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի քաղաքական գործունեությունը դիտարկել միայն ներկա զարգացումների ֆոնի վրա, դարձյալ անհրաժեշտություն է ծագելու հետադարձ հայացք նետել դեպի ոչ հեռու անցյալը, երբ Արևմուտքի սցենարի հնազանդ դերակատարը «Վարդերի հեղափոխության» ալիքների հետ վրացական իրականություն էր ներմուծում հասարակական գործչի նորագույն տիպարը` հիմնված այլ արժեհամակարգի և այլ պատկերացումների վրա: Սակայն ժամանակն անցավ, և իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարներից մեկը վերստին հայտնվեց ընդդիմության շարքերում` այս անգամ պայքարի մեջ մտնելով երեկվա իր դաշնակիցների ու համախոհների հետ: Պետք էր կարծել, որ նման անհատական շրջադարձը որոշակի շտկումներ կմտցներ ինչպես անձի աշխարհընկալման, այնպես էլ նրա հետագա գործողությունների որակական շերտերում: Բայց արի ու տես, որ հին սերմերն ամուր ծիլեր էին տվել, և այժմ էլ Բուրջանաձեն շարունակում է հավատարմություն պահպանել նախկին հավատամքին` դրանով իսկ լինելով կանխատեսելի և մնալով արտաքին ազդակների կախյալը:
Մայիսյան ընդվզումները, նախագահ Սահակաշվիլու վարչակազմի կողմից անհնազանդների ճնշումները բացահայտեցին ոչ միայն երկրում առկա հակասությունները, այլև ի հայտ բերեցին Բուրջանաձեի հեղափոխական պատկերացումների ճշմարիտ նկարագիրը: Ասվածի լավագույն ապացույցը դարձավ նրա սկանդալային հեռախոսազրույցը, որտեղ տիկին ընդդիմությունը որդու հետ խոսում էր պետական հեղաշրջման ծրագրի մասին: Ձայնագրությունից պարզ էր դառնում, որ Բուրջանաձեի համար ընդունելի էր իրադարձությունների եգիպտական տարբերակով զարգացումը` 400-500 զոհերի արյան գնով: Գունավոր հեղափոխությունների սիրահարն այս անգամ էլ իր նախընտրած երագն էր ցանկանում հավելել կայուն ներկապնակին:
Սակայն Սահակաշվիլու համար էականը դարձավ ոչ թե դա, այլ նույն հեռախոսազրույցի այն հատվածը, որտեղ ասվում էր Ռուսատանի հետ հարաբերությունների զարգացման մասին: «Բուրջանաձեի և նրա համակիրների թիկունքում կանգնած են կայսերական մեծ հավակնություններ ունեցող երկրի (Ռուսաստանի) մեծ բանակը, անվտանգության մեծ ծառայությունը, կաշառքի ու նավթի մեծ պաշարները, ինչից էլ նրանք կորցնում են գլուխները: Եթե իշխանափոխության պլանների հղացումը վերաբերեր միայն տեղական ոչնչություններին, ապա ես նրանց լուրջ չէի ընդունի: Բայց երբ մենք գիտենք, թե ովքեր են կանգնած այդ պլանների ետևում, լուրջ ենք ընդունում նահանջել չցանկացող այդ ուժերին»,- անմիջապես հակադարձեց նախագահը:
Լիովին դեպի Միացյալ Նահանգներ հակված Սահակաշվիլին պիտի հասկանար, որ իր հակակշիռը այլ կերպ լինել չէր կարող: Ընտրությունն ամեն դեպքում կանգ էր առնելու Մոսկվայի վրա, և սա վրացական կողմնորոշումների նոր` Բուրջանաձեի բևեռն է: Կոփված ընդդիմադիրը, որն արդեն մեկ անգամ հասել էր իշխանության դրսի ուժերի աջակցությամբ, երկրորդ փորձը իրականացնելիս վերստին պիտի դաշնակիցներ փնտրեր Վրաստանի սահմաններից դուրս: Իսկ Ռուսաստանն իր հերթին չէր հրաժարվի փաղաքշել նրան, ով պատրաստվում է երկրի ներսում հարվածել հակառուս ուժերի ողնաշարին: Միակ դժվարությունը կայանում էր նրանում, որ հասարակության հիշողության մեջ դեռ չէին սպիացել 2008-ի օգոստոսի վերքերը, և մեծ համարձակություն էր պահանջվելու նրանց հետ խոսել ռուսների հետ ձեռք-ձեռքի տալու հեռանկարի մասին: Սակայն Բուրջանաձեն գտավ նաև այդ ձևը: «Սահակաշվիլին միայն հակառուսական հիստերիայից է կառչում: Նա ստիպված կլիներ հորինել ռուս-վրացական կոնֆլիկտը, եթե այն իրականում չլիներ,- հայտարարում էր նա, իսկ ռուսների հետ իր սերտացած կապերի մասին հետևյալն էր ասում:- Վերջին տարվա ընթացքում ես Մոսկվայում եղել եմ ընդամենը երեք անգամ: Սահակաշվիլու էմիսարները շատ ավելի հաճախ են լինում ՌԴ-ում: Նրանք Ռուսաստանի իշխանություններին առաջարկում են ամեն ինչ, միայն թե իրենց իշխանությանը ոչինչ չսպառանա»:
Այս խոսքերն ակամա մատնում էին թե նրան, թե Սահակշվիլուն այն իմաստով, որ երկուսի պարագայում էլ երկրի ապագան պայմանավորվում էր հյուսիսային հարևանի կամեցողությամբ: Ի դեպ, ավելորդ չէ վերհիշել, որ մեկ տարի առաջ Բուջանաձեն նույնի առիթով ստիպված եղավ վերստին բացատրություն տալ, երբ հերթական անգամ ուղևորվում էր Մոսկվա: «Ռուսաստանն առաջին հերթին հարևան երկիր է, որի հետ պետք է հարաբերություններ հաստատել: Այն ժամանակ, երբ ընդդիմությունը զբաղվում է առաջիկա ընտրություններով, իսկ իշխանությունները զբաղվում են ընդդիմության դեմ «սև PR-ով», ես մեծ քաղաքականությամբ եմ զբաղվում»,- ասել էր նա: Մեծ թռիչքների ու մեծ անկումների սովոր տիկինը այսօր էլ շարունակում է պնդել, որ ինքն իրականում վրացամետ գործիչ է, ով կարծում է, որ Վրաստանի համար սկզբունքորեն կարևոր է ռազմավարական ու սերտ համագործակցություն ունենալ արևմտյան երկրների հետ, լրջորեն ինտերգվել արևմտյան կառույցներին, բայց միաժամանակ նորմալ կապեր պահպանել Ռուսաստանի հետ:
Հաշվի առնելով նրա ծավալած գործունեության ընդգրկման տարածքները, դժվար չէ կռահել, որ այն դեռ լինելու է շարունակական ու երկարատև: Բուրջանաձեն այսօր վստահ է, որ Վրաստանի իշխանությունները վախենում են իրեն կալանավորել: «Եթե ինձ ձերբակալեն, բանտից իբրև հերոս դուրս կգամ»,-ասել է նա, մինչդեռ հերոսականության լուսապսակը չէ դրա իրական շարժառիթը: Ի վերջո, Բուրջանաձեի պես քաղաքական ֆիգուրների ներկայությունը միշտ էլ ձեռնտու է եղել բոլոր կողմերի համար` լինի դա Արևմուտք թե Ռուսաստան: Սա շատ հարմար դագանակ է Սահակաշվիլուն մշտապես հնազանդ պահելու համար, և հավասարակշռման գործոն է ցանկացած բարդ իրավիճակում: Ու եթե հիմա նա մերթ Մոսկվայում է, մերթ Կիևում, իսկ վաղը պատրաստ է ուղևորվել Եվրոպայի խորքերը, իր բառերով ասած` Բրյուսել կամ մեկ այլ մայրաքաղաք, որպեսզի եվրոպացի քաղաքական գործիչներին «ճշմարտությունը պատմի Վրաստանում իրականացվող հալածանքների և մայիսի 26-ին Թբիլիսիում խաղաղ ակցիան ցրելու մասին», ապա լսարանի պակաս Բուրջանաձեն երբեք չի ունենա: Նրա խոսքերն այնտեղ կլսեն, կմտապահեն ու անհրաժեշտության դեպքում դրանք կօգտագործեն հենց Վրաստանի դեմ:
Մայիսյան իրադարձություններից հետո վերջնականապես հստակ է դարձել, որ այդ երկրում արագ բռնկվող և նույնքան էլ արագ մարող ընդդիմության կրակը վառ պահելու համար գլխավոր խաղադրույքը կատարվել է Նինո Բուրջանաձեի վրա: Մինչև մոտակա ընտրություններ նրան է վերապահվելու այդ ծանր բեռը կրելու իրավունքը: Իսկ նա իր հերթին հաճույքով է ստանձնել վեր նշված մտադրությունների իրագործումը` «վրաց ժողովրդի հետ միասին, այն մեթոդներով, որ ընդունված են քաղաքակիրթ երկրներում»: Վերջին շեշտադրումը խիստ էական է, քանի որ քաղաքակիրթ աշխարհը ուշի ուշով հետևելու է մեթոդների անսխալ գործադրմանը: Իսկ երբ այժմ Բուրջանաձեն ասում է, թե պայքարելու է մինչև վերջ, եթե անգամ միայնակ մնա այս պայքարում, ապա դա սոսկ գեղեցիկ հռետորաբանություն է: Բուրջանաձեն և նրա նմանները երբեք միայնակ չեն մնում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հեղափոխություն առանց վարդերի

24 Մյս

Վրաստանի ընդդիմադիմությունը մայիսի 25-ը հայտարարել է իշխանությունների քաղաքականության դեմ «Ցասման օր»` նրանց հրաժարականի պահանջով: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմության առաջնորդներից Նինո Բուրջանաձեն իր հերթին ծանուցել է այն մասին, որ Վրաստանում սկսվել է հեղափոխություն: «Հեղափոխությունն արդեն սկսվել է, և այն հրահրել են իշխանությունները: Մենք տապալելու ենք այս նեոբոլշևիկյան ռեժիմը, մենք վերադարձնելու ենք ազատ ու ժողովրդավարական ընտրությունների իրավունքը և վերջ ենք տալու այս կառավարությանը»,- խոստացել է նա:
Հեղափոխության մասին վրացական ընկալումների առանձնահատկությունները դեռևս թույլ չեն տալիս միանգամայն հստակ պատկերացնել դրա հնարավոր ընթացքն ու հետևանքները: Առաջին դեպքը չէ, երբ ընդդիմությունը նետվում է վճռական ու վերջին մարտի` այնուհետև երկար պարզաբանելով, թե ինչու ձախողվեց հերթական փորձը: Այժմ միայն հայտնի է, որ մայիսի 25-ին «Վրացական կուսակցությունը» նախատեսում է զանգվածային խաղաղ ակցիա անցկացնել Թբիլիսիի Հավլաբարի հրապարակում (երկրի նախագահի նոր նստավայրից 300 մետր հեռավորության վրա): Իր հերթին երկրի պաշտպանության նախկին նախարար, ներկայումս վտարանդի Իրակլի Օկրուաշվիլին հայտարարել է, որ այդ օրը ինքն արդեն Վրաստանում կլինի, որպեսզի վերջ դնի նախագահ Սահակաշվիլիի իշխանությանը: Իշխանությունները սպառնում են անմիջապես ձերբակալել նրան, հենց որ նա ոտք կդնի հայրենիք: Բայց Օկրուաշվիլին անվրդով է. «Ես քաջ գիտակցում եմ, որ Վրաստան մուտք գործելուն պես վտանգում եմ սեփական անձս` կորցնելով կրկին Փարիզ վերադառնալու հնարավորությունը: Ես ուզում եմ իմ աչքերով տեսնել ներկայիս իշխանությունների անկումը ու որևէ անձնական նկրտումներ չունեմ: Կոչ եմ անում ոստիկանական ուժերին ընտրել` Սահակաշվիլիի կլանի հետ են, թե՞ սեփական ժողովրդի կողքին` բարիկադներում կանգնած ընդդիմադիրների»: Ամեն դեպքում, հեղափոխականները վստահեցնում են, թե բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Սահակաշվիլին չհեռանա: Այս ընթացքում փակ են շրջաններից Թբիլիսի տանող բոլոր ճանապարհները: Պետական եռուստաընկերության մոտ մի քանի հարյուր ակտիվիստներ պիկետ են անցկացնում, իսկ առավել ծայրահեղ տրամադրությամբ համակվածները կոչ են անում ամեն կերպ խափանել մայիսի 26-ին կայանալիք Անկախության տոնին նվիրված շքերթը` փակելով բոլոր կենտրոնական փողոցները:
Վերջին մի քանի օրերին բազմամարդ ցույցեր անցկացվեցին Թբիլիսիում և Բաթումում: Այդ հակակառավարական ելույթների ընթացքում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև։ Ընդիմությունը պնդում է, որ բախումներն ուժայիններն էին հրահրել, և մարդիկ ստիպված պաշտպանվել են։ Հայտնի է, որ ընդդիմության տասնյակ ակտիվիստներ ձերբակալվել են։ Տեղեկացվում է ավելի քան 300 ցուցարարների կալանման մասին, մինչդեռ վրացական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են այդ տեղեկությունը` խոսելով միայն 11 ձերբակալվածների մասին: Ամեն դեպքում, ըստ վրացական աղբյուրների, դա ամենախոշոր հակակառավարական ցույցն էր 2009 թվականից ի վեր, և այս փաստն արդեն իսկ ոգևորում է նրանց, ովքեր սրտատրոփ սպասում են մայիսի 25-ի զարգացումներին:
Այսքանով հանդերձ հարկ է նաև նկատել, որ երկրի ոչ բոլոր քաղաքական ուժերն ու կուսակցություններն են պաշտպանում բողոքի ակցիան: Վերջիններս ավելի արդյունավետ են համարում ընտրական օրենսդրության բարեփոխումներն ու ռեժիմի փոփոխությունն ընտրությունների միջոցով: Իր հերթին նախագահ Սահակաշվիլին իրեն դեռևս պարտված չի համարում, և այդ ինքնավստահ կեցվածքի համար նա ունի որոշակի հիմքեր: Բանն այն է, որ նախագահի և ընդդիմության ուժերն այս պահին գրեթե հավասար են: Եթե հեղափոխության նախապատրաստվողները հույսը դրել են երկրի խոշոր քաղաքներում` Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումում մեծ թվով աջակիցներ ունենալու հանգամանքի վրա, ապա Սահակաշվիլու թիկունքում կանգնած են ուժային կառույցները, պետական ապարատը և Վրաստանի գյուղական վայրերի բնակչությունը: Սակայն հենց նման երկպառակության պարագայում հետևանքները կարող են նաև չափազանց լուրջ և ծանր շրջադարձեր ունենալ: Ու եթե ընդդիմությունը նախորդ անգամների նման շատ արագ չվատնի իր բոլոր ուժերն ու ռեսուրսները, կարողանա համակիրների բանակը պահել փողոցներում ու հրապարակներում, գուցե և ինչ-որ բան ստացվի նրա նոր ձեռնարկից:
Արտաքին աշխարհը անարձագանք չթողեց վրացական վերջին իրադարձությունները և այժմ էլ շարունակում է ուշադիր ու լարված հետևել դրանց ընթացքին: Որքան էլ Վրաստանի ԱԳ նախարարությունը ջանքեր է գործադրում կատարվածը մատուցել գեղեցիկ փաթեթավորմամբ, այս անգամ դա նրան առանձնապես չի հաջողվում: Նախօրեին ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն հայտարարեց, թե ընդդիմության գործողություններում իրենց համար արտառոց ոչինչ չկա։ «Որպես կառավարության անդամ՝ կարող եմ ասել, որ Վրաստանի կառավարությունն ընդունում է քաղաքացիների ազատ ժողովների և ցույցերի իրավունքը։ Դա մեր արժեքավոր սկզբունքն է։ Ավելին՝ պետությունը նույնիսկ պաշտպանում է այս գործընթացը»,- նշեց նա: Միայն թե պահը բոլորովին պատշաճ չէ այս կարգի հավաստիացումների համար: Ռուսաստանի ԱԳՆ-ն անմիջապես արձագանքեց` Թբիլիսիի հայտարարություններն անվանեով «դեմագոգիկ հռետորություն»: Ամերիկացիներին շատ ավելի ցավալի-զավեշտական հետևանք էր սպասվում: Վրաստանում ԱՄՆ դեսպան Բասսը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ կոշտ զրույցից հետո տեղափոխվեց Թբիլիսիի կլինիկաներից մեկը: Ասվում է, թե նա Սահակաշվիլիից պահանջել էր ուժ չկիրառել ընդդիմադիրների դեմ, սակայն արդյունքը ի վնաս Սահակաշվիլու չէր…
Իսկ այս ընթացքում Թբիլիսիի են շտապում Եվրամիության երկրների դեսպանները: Նրանց առաջին հանդիպումները նախատեսված են ընդդիմադիրների հետ: Վերջիններս պատրաստվում են օտարերկրացիներին մանրամասն ներկայացնել բողոքի ցույցերի պատճառներն ու իրենց հետագա անելիքները։ Նրանք կարծես թե կռահում են, որ եթե վաղը հեղափոխություն է, ապա Վրաստանն այդ քաոսի մեջ այս անգամ մխրճվելու է առանց վարդերի և ռոմանտիզմի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: