Tag Archives: ԷԼՄԵՐ ԴԻԿՏՈՆԻՈՒՍ

ԷԼՄԵՐ ԴԻԿՏՈՆԻՈՒՍ

5 Դկտ

Կինը

Ներիր, չեմ գրել քո մասին,
օ~, կին,
դու այնպես թեթև ու աննյութ էիր:
Եվ ո՞վ կարող է նկարագրել ամռան երկնքի
ամպը քնքշալի:
Այդպես էլ
ինչպե՞ս նկարագրել քո ծանրությունը:
Եվ ինչպե՞ս երգել այն քաղցր թույնը,
որ արմատներն է լցնում ծառերի:
Եվ ինչպե՞ս երգել ուժով բառերի
լեռնային օդը
և ճահիճների գարշելի հոտը:
Եվ ինչպե՞ս երգել մարմնի և հոգու
խառնուրդից ծնված հեղձուցիչ տոթը:

Դեպի գիրկը քո,
քո կոկիկ-սոկլիկ ուսերը դեպի
և քո թևերի կլորությունն եմ
ձգվել կաթոգին մի խոնարհումով:
Եվ մի բարեհաճ ճառագայթումով
կուրծքդ հմայիչ
հրավիրում էր հանգստանալու
ինձ և իմ հետքոց եկող բոլորին:

Իմ ճամփան լի էր ցավով երկրային:
Դեպի քեզ էի գալիս վախեցած
ես իմ սեփական ստվերից անգամ,
դու ջերմացրիր քնքշանքով բարի
և պարգևեցիր
ինձ հանգստություն մի երանավետ:

Իմ մխիթարանք, քեզ ինչպե՞ս երգել:
Սիրուհի էիր ինձ համար,
թե՞ մայր,
Ես լավ չեմ հիշում ,
չէ՞ որ երկուսն էլ
ունեն միևնույն շնչառությունը:

Ես ինչպես էի սիրում համբուրել
նուրբ ու հեշտալի
կորությունները քո արմունկների,
սակայն չեմ գրել քո մասին, ներիր:
Եվ իմ երգերի անդամներն ունեն
նույնպիսի քնքուշ մաշկ ու տաք մարմին,
որոնք ծարավ են քո շրթունքներին:

Կին, ես չեմ գրել քո մասին, սակայն
ճաշակել եմ քեզ,
հանապազօրյա դու հաց իմ բարի:

ԷԼՄԵՐ ԴԻԿՏՈՆԻՈՒՍ

3 Դկտ

Քաղաքակրթություն

Քո քաղաքները,
քո օրենքները,
քո արվեստները,
ոստիկաններդ` խաչմերուկներում,
քո կրոններն ու գիտությունները,
պոռնկատներն ու քո լայնահուն
պողոտաները,
գրադարաններն ու
հռչակավոր անունները քո,
և գիշերային քո ռեկլամների ռիթմը մոլեգին,
ես տեսել եմ քեզ, քաղաքակրթությո~ւն:
Հիանալի~ է:
Հրաշալի~ է:
Շքե~ղ է իրոք:

Մտածել միայն, որ այդ մենք, մենք ենք,
մենք` ողորմելի թափթփուկներս,
մանրէների պես վխտում ենք այսպես,
և բորբոսի պես պարուրել ենք մենք
այս հողագնդի մարմինը մաքուր:
Անըմբռնելի, սակայն ինչ արած,
իրողություն է:

Ես սակայն ահա նզովում եմ քեզ,
ես չեմ կուրացել քո շլացուցիչ
փայլատակումից,
և տեսնում եմ դեռ
քո դժոխային ստվերները ես,
և ճչում եմ ես,
դաժան պատժի եմ կոչում ամենն այն,
ինչ ծնում ես դու, քաղաքակրթություն:
ինչի համար է այս ամենն, ինչի,
երբ այսքան մարդկանց
նետել ես դու քո սահմաններից դուրս,
երբ ինչ-որ մեկը
քնում է ցայսօր ասֆալտի վրա,
երբ մանուկները
սոված են քնում:
1924

ԷԼՄԵՐ ԴԻԿՏՈՆԻՈՒՍ

6 Նյմ

ՆԱԽԱԶԳԱՑՈՒՄ
Իմ ուղեղի խորքում սերմն է հասունանում`
ներծծելով իր մեջ կենաց դառը գինին,
այս աշխարհից մի օր ես էլ պիտի գնամ,
և իմ մահը պիտի հարության պես լինի:

Ու ես գիտեմ հաստատ, որ իմ գերեզմանին
չի բուսնելու երբեք ոչ մի խոտ ու ծաղիկ,
միայն ձյունը կիջնի, կպարի պաղ քամին,
բայց ավիշը կենաց ձյունի տակ չի պաղի:

Թարգմ. Գ. Դավթյան

%d bloggers like this: