Tag Archives: ԷԴՄՈՆ ՌՈՍՏԱՆ

ԷԴՄՈՆ ՌՈՍՏԱՆ

27 Հլս

… Բայց ի՞նչ միջոցով…Դարձնելով հոգիս միշտ այլոց գերի՞…

Գնալ փնտրելու մի հզոր պաշտպա՞ն,

Հովանավորող մի դուքս կամ իշխա՞ն…

Բաղեղի նման փաթաթված լինել հաստաբուն ծառին, ապրել` լիզելով կեղև՞ը նրա…

Սողալ վատաբար հանուն մի կտոր հացի պատառի

Փոխանակ ջանալ հպարտ կանգնելու բարձրության վրա…

Ոչ, շնորհակալ եմ:

Շատերի նման ձոնել քերթվածնե՞ր բանաստեղծական,

Ֆինանսիստներին, մեծամեծներին այս ազնվական.

Դառնալ մի հտպիտ ու ծիծաղ առթել մի մինիստրի

Միշտ մտածելով, որ չարագուշակ գեթ նա չլինի…

Ոչ, շնորհակալ եմ:

Մի ձեռքով այծի, ինչպես ասում են վիզը գուրգուրել,

Իսկ մյուս ձեռքով կաղա՞մբը ջրել…

Եվ մերթ փոխադարձ սուտ ու փաղաքուշ խոսքերի համար

Մեկի մորուքին ընդմիշտ խո՞ւնկ ծխել…

Ոչ, շնորհակալ եմ:

Դառնալ մի փոքրիկ, չնչին մեծությություն,

Կանանց շրջանում գրկից գիրկ մղվե՞լ…

Նավարկել` սիրո քծներգը ձեռքիդ որպես թի բռնած,

Եվ առագաստում հառա՞չը լսել պառաված կանանց…

Ոչ, շնորհակալ եմ:

Կամ «մեծահոգի» հրատարակիչ  Սերսիի մոտ

Քո ձեռագիրը կանխիկ վճարով լույս ընծայել տալ

Եվ երախտապա՞րտ լինել դեռ նրան…

Ոչ, շնորհակալ եմ:

Ջանալ ընտրվել թագավոր կամ պապ այն ժողովներում,

Որպիսին գիտեն գումարել մարդիկ կաբարեներո՞ւմ…:

Ոչ, շնորհակալ եմ:

Գրել մի սոնետ, սուտ արժանիքով ստեղծել հռչակ

Եվ ապահովել ուրիշ նորե՞րը այդ կեղծ փառքի տակ…

Ոչ, շնորհակալ եմ:

Հանդուրժել մարդկանց, որոնք տեսնում են տաղանդ ու հանճար

Տգետ ու անուս միջակների մե՞ջ…

Ենթակա լինել ստոր հարձակման լավ գործի համար

Անմիտ թերթերի կողմից սնամեջ

Եվ գոհ լինել լոկ, որ քո անունը տպված ես տեսնում

«Մերկյուր դը Ֆրանս»-ի կեղտոտ էջերո՞ւմ…

Ոչ, շնորհակալ եմ:

Գործել միշտ հաշվով, վախնալ, գունատվել,

Մի գրքի համար ստիպված լինել հազար դուռ ծեծել,

Հայցել աջ ու ձախ, աղերսնե՞ր գրել…

Ոչ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ…

Ինչո՞ւ չլինել ազատ ու անկախ,

Երգել աներկյուղ` ինչ դու ես բաղձում, երազել անվախ.

Ունենալ մի աչք ու կարողանալ շիփ- շիտակ տեսնել,

Մի ձայն, որի խոսքն հնչի անարգել:

Գլխարկդ ծածկել այնպես, ինչպես քեզ թվում է հարմար,

Մի հատ «այո»-ի կամ «ոչ»-ի համար

Պայքարի դուրս գալ, կռվել, մարտնչել,

Կամ պայքար երգող տողեր ստեղծել:

Գործել ու բնավ չմտածել իսկ

Բախտավորության կամ փառքի մասին,

Որին ձգտում են լոկ տկարները- թուլամորթ, անռիսկ,-

Որպես հեշտ ուղի տանող դեպ լուսին…

Մի՞թե ազնիվ չէ չգրել ոչինչ,

Որ սեփականից չլինի բխած,

Եվ պարկեշտորեն ինքդ քեզ ասել. «Գոհ եղիր, տղաս,

Այն պտուղներով, որ քո պարտեզի բերքից ես քաղել…»:

Եվ եթե հանկարծ քո արժանիքը հատուցվի փառքով`

Ստիպված չլինես նրանից մի մաս տուրք տալ կեսարին,

Այլ ամբողջությամբ ինքդ քեզ պահես երջանիկ սրտով:

Մի խոսքով` չուզել լինել մակաբույծ, մի չնչին բաղեղ.

Եվ եթե հեշտ չէ  դառնալ մի թմբի կամ կաղնի զորեղ`

Գեթ իր սեփական ուժերով ջանալ բարձրանալ այնքան`

Որքան հնար է առանց սողալու ու ստրկության.

Մենակ, մեն- մենակ…

 

«Սիրանո դը Բերժերակ» կատակերգությունից

Թարգմանիչ` Արման Կոթիկյան

edmond-rostand-pintura

%d bloggers like this: