Tag Archives: Էդմոն Ժաբես

ԷԴՄՈՆ ԺԱԲԵՍ

28 Մյս

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՌՔԸ

Մի ժամանակ գտնվեց ձեռքը,
որ մեզ ուղեկցեց առ կյանք:

Արդյո՞ք կգտնվի հետո ձեռքը,
որ մեզ կուղեկցի առ մահ:

ԷԴՄՈՆ ԺԱԲԵՍ

10 Փտր

Մի վստահիր նրանց, ով հռետորություն է անում ամբոխի առաջ` նրանց, ովքեր, խոսքը տեղ հասցնելու համար, համախոհների ամբոխի կարիք ունեն:
Նրանք քեզ դեմքով երբեք չեն ճանաչի:
Նրանք մեկեն իրենց տարեգրքերից ջնջում են քո տաղտկալի անունը՝
Գրչի մի շարժումով:
Արտահայտել մեզ պետք է մեն-միակը, սակայն որքան խոչընդոտներ, որպեսզի դա հաջողվի:
«Մի ափի երազանքը` մյուս ափն է»,- ասում էր նա:

* * *
— Ուսուցիչ,- դիմեց աշակերտը,- ես հանդուգն հարց ունեմ: Այդ պատճառով ամաչում եմ հարցնել: Ի՞նչ է իմաստունը:
— Իմաստունը նա է, ով վստահ է: Ոչինչը բովանդակում է Ամենայնը, ընդ որում, հարցապնդելով:
Նա է անհույս տգետ, ով չի գիտակցել այդ Ոչնչի պատրանքայնությունը:
Որպեսզի, օրինակ, պատկերացում կազմես ավազահատիկի մասին, դու պետք է նախևառաջ զննես մնացյալ ավազահատիկները, որոնցից այն չի զանազանվի` փորձել ընդգրկել ամբողջը` մի բուռ է` միակը առևանգելու ունայն ջանքով:
Ինչ հզոր է Ոչինչը, երբ պարզապես կենում է հանգստության մեջ:
Մենք հավիտյան չենք կարող անցնել արտահայտելիի դեգերող սահմանները:
Թշնամանքը աշխարհի և այլ մեկի հանդեպ, արդյո՞ք խավարի թանձրուկը չէ, որ խուլ է լույսի մշտատև կոչի հանդեպ:
«Ծիծաղելի փայտե սուսերիկը՝ ընդդեմ մենամարտի սրված դաշույնի»:

* * *
Ողջ կյանքը նրանք սպասում էին, այդ պատճառով չհասցրին ճանաչել իրենք իրենց:
Լավագույն դաշնակիցը նա է, ով, դեռևս քեզ մոտենալիս, արդեն լսում է սեփական քայլերում քոնի արձագանքները:
«Անընդհատ հեռանալով, դու ինձ ավելի ու ավելի ես մոտեցնում հենց ինձ»,- գրում էր մի իմաստուն:
«Մեզ հարազատացնում է թափառումը»:
Մտածելով ուրվագծել հորիզոնը, դու ծուղակ ես ստեղծում:
«Եթե նա քեզ հետ խոսում է ճշմարտության մասին, խոսքը տար գետի ջրի կողմը: Եթե նա խոսի գետի ջրի մասին, հարցրու, որտեղ է նա լողացել: Եթե նա ասի, թե որտեղ է լողացել, հարցրու, թե ինչ գույնի էր ջուրը: Եթե նա քեզ ասի ջրի գույնը, կեզրակացնես, որ նա միշտ հիմնվել է բացարձակի վրա, և կհասկանաս, թե ինչու էր քեզ ողջ կյանքում կրծում կասկածը»,- գրում էր իմաստունը:
Եվ այնուհետև` «Ճշմարտությունը Աստծո ձայնն է` հանդերձավորված ճշմարիտով և կասկածներով բոլորված»:
Արժե՞ արդյոք մահվանը պաղատել գթության համար, եթե մենք նախօրոք գիտենք, որ նրան չենք հանդիպելու:
«Մենք անբաժան ենք, քանզի խեղված ենք:
«Կնշանակի, մենք միայն մի ընտրություն ունենք` փոխվել կամ միավորվել»,- ասում էր նա:
Ընտրելը` իմ իրավունքն է:

Թարգմ. Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

ԷԴՄՈՆ ԺԱԲԵՍ

9 Հնվ

Արդյո՞ք փոխվում են շուրթեշուրթ անցնող բառերը

— Ինչո՞ւ ես դու եկել իմ երկիր:
— Քոնն ինձ բոլորից հարազատ է:
— Համակրանքն առ իմ հայրենիքը դեռեւս չի արդարացնում քո տաղտկալի ներկայությունը մեր շրջապատում:
— Իսկ ի՞նչն է քեզ համար վատ:
— Օտարական, դու ինձ համար հավերժորեն օտար ես: Ապրիր քո կողմերում, և ոչ թե այստեղ:
— Ես խոսում եմ քո հայրենիքի լեզվով:
— Լեզվի ետևում կեցած է ժողովուրդը, ազգը: Դու ո՞ր ազգից ես:
— Արդեն քո:
— Երկիրն առաջին հերթին հողն է:
— Եվ հողն արձագանքում է իմ խոսքին: Բայց, համաձայն եմ, այն իմը չէ:
— Դե ահա, խոստովանեցիր:
— Այո, բնավ էլ երկիրը չէ իմ կացարանը: Ես ընտրել եմ գիրքը: Ինքդ դա գիտես:
— Բայց դու ճարպկորեն յուրացրիր իմ լեզուն:
— Մի՞թե այն նաև իմը չէ:
— Է՜հ, ոչ: Դու այն սովորել ես: Հենց բանն այդ է: Իսկ ես նրա հետ ծնվել եմ:
— Թույլ փաստարկ է: Ինձ հետապնդում է այն զգացողությունը, որ իմ լեզուն միշտ ծնվում է ինձ հետ միասին:
— Կատարելությունը լեզվում, նրա կիրառումը ձեզ դույզն-ինչ իրավունք չի տալիս: Դա սոսկ այդ լեզվով անբասիր խոսելու և գրելու միջոց է:
— Դա մեզ իրավունք է տալիս սիրելու այն: Եվ մի՞թե ես չեմ գործածում այն, որպեսզի ավելի խորը հասկանամ ինձ, ի վերջո, որպեսզի կարողանամ տեսնել իմ ապագան:
— Բայց դու չես կարող հավակնել իմ լեզվի անցյալին:
— Իմ անցյալը` նրա անցյալն է, քանի որ իմ առաջին խոսքերը նա է հուշել:
— Նույն հաջողությամբ կարող էր այլ լեզու լինել:
— Անշուշտ: Կարևորը` ընտրությունն է:
— Քո ընտրությունը, այո, հնարավոր է, բայց արդյո՞ք նրա: Լեզուն ազատ է իր կապվածություններում: Դու ընտրեցիր իմ լեզուն հանգամանքների բերումով: Իսկ ես այն ժառանգել եմ:
— Ծնողներս են ինձ այն շնորհել: Այդ ժամանակից ի վեր իմ խոսքում հնչում է երախտագիտությունն ու հավատարմությունը նրա հանդեպ:
— Դուրս է գալիս, որ եթե իմ տունը քեզ դուր է գալիս, այն արդեն քո՞նն է:
— Լեզուն հյուրասեր է: Նրա համար միևնույն է, թե մենք ինչ ծագում ունենք: Դա սոսկ այն է, ինչ որ մեզ հաջողվում է նրանից կորզել, այդ պատճառով նրանից չի կարելի ավելին սպասել, քան հենց մեզանից:
— Իսկ եթե մենք ոչինչ չենք սպասում, այնժամ ի՞նչ:
— Դու հաղորդակից կլինես մեր մենությանը:
— Ես քեզ եմ նվիրում իմ գիրքը:
— Գիրքը չեն նվիրում: Այն ընտրում են:
— Ճիշտ նույնպես, ինչպես և լեզուն:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

%d bloggers like this: