Tag Archives: զորահանդես

ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾ ԴԵՍԱՆՏԱՅԻՆՆԵՐԸ

19 Սպտ

Մեր մայրաքաղաքում զորահանդեսի նախապատրաստական իրարանցումն ինձ հիշեցրեց մի փոքրիկ դրվագ, որի ականատեսն եմ եղել 20 տարի առաջ՝ 1996 թվականի ճիշտ այս օրերին: Այն ժամանակ էլ Երևանը շքերթի սպասման մեջ էր, ծանր զրահատեխնիկան մտել էր քաղաք ու հանգրվանել էր «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, իսկ զորքերը հրապարակում լծվել էին հանդիսավոր օրվա փորձը ցուցադրելու ծանր գործին: Համաձայն ծրագրի, անկախության 5-րդ տարեդարձի զորհանդեսին պիտի մասնակցեր օդուժը, ինչպես նաև դեսանտայինները: Հենց նրանք էլ պիտի պարաշյուտներով վայրէջք կատարեին Հանրապետության հրապարակում՝ իրենց հետ բերելով եռագույն դրոշը:
Գլխավոր փորձի օրը մենք խմբվել էինք հրապարակում՝ այն հատվածում, որտեղ մի ժամանակ Լենինի արձանն էր, թերթում էինք սցենարը, հստակեցնում յուրաքանչյուր գործողության տևողությունը, իսկ այդ ընթացքում փողային նվագախումբը քայլերգ էր թնդացնում և զինվորները դրա հնչյունների ներքո հավասար շարքերով անցնում էին: Վերջապես հասավ նաև դեսանտայինների ժամը: Հավաքվածները հայացքները վեր ուղղեցին, երկինքը լցվեց հռնդյունով և երևացին առաջին ճերմակ գմբեթները: Պատկերը գեղեցիկ ու տպավորիչ էր: Բայց միայն այդ վայրկյանին: Իսկ հետո…
Քամոտ օր էր, և երբ պարաշյուտները կախվեցին երկնքում, քամին նրանց անմիջապես որսաց ու քշեց բոլորովին այլ ուղղությամբ: Հետո արդեն մեզ պատմեցին, թե իրենց բակերում նստած ու փողոցներում քայլող երևանցիներն ինչպես էին ահաբեկվել, երբ տեսել էին երկնքից իջնող ավտոմատավոր զինվորականներին:
Վազգեն Սարգսյանը շատ դժգոհ էր կատարվածից: Կարգադրեց անմիջապես մեքենաներ ուղարկել՝ պարաշյուտիստներին հավաքելու համար: Իսկ սցենարում հայտնվեց մի մուգ ու երկար գիծ. դեսանտի հատվածը ծրագրից ջնջված էր:

Հովիկ Չարխչյան

hetaxuyz-13-800x533

ԱՄԵՆԱԵՐԿԱՐ 40 ՐՈՊԵՆ

28 Հնվ

Մի դեպք հիշեցի` պատմեմ: 1997-ի մայիսի 9-ին Ստեփանակերտում պիտի կայանար ԼՂՀ բանակի զորահանդեսը, որը հեռարձակվելու էր ուղիղ եթերով: Սա առաջին դեպքն էր: Բոլորն էլ հրաշալի գիտակցում էին դրա ռազմաքաղաքական կարևորությունը և նախապատրաստվում էին ծայրահեղ պատասխանատվությամբ: Պաշտպանության նախարարությունից մենք խումբ ուղարկեցինք զորահանդեսը նկարահանելու և հեռարձակումն ապահովելու համար: Եկավ սպասված օրը: Ու հանկարծ վաղ առավոտյան մեր տղաները զանգ են տալիս Ղարաբաղից և ասում են, որ լուրջ խնդիրներ են ծագել. հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանքների աշխատանքը խոչընդոտում է ուղիղ եթերին:
Տեխնիկապես կացությունը տեղում կարգավորելու ոչ հնարավորություն կար, ոչ ժամանակ: Եվ ահա նրանք առաջարկում էին ամենաանհավանական տարբերակը` հեռարձակման պահին անջատել ՀՕՊ բոլոր համակարգերը: Իսկ դա խելահեղություն էր:
Նախարարն Արցախում էր: Ստիպված զանգահարեցի Գլխավոր շտաբ: Ասացին, որ ԳՇ պետ Միքայել Հարությունյանը գնացել է քաղաքային գերեզմանատուն, որտեղ պիտի կայանար պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված արարողություն: Անմիջապես մեկնեցի գերեզմանոց: Երբ նրան ասացի, թե ինչ եմ առաջարկում` ինձ նայեց այնպիսի հայացքով, ինչպես բժիշկը` անհույս հիվանդին: Պահանջվեց 15 րոպեի համառություն նույնը պնդելու համար: Հիմա նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես կարողացա գտնել անհրաժեշտ բառերն ու փաստակները: Մի խոսքով, չերկարացնեմ, համոզեցի: Խոստացավ, որ հրաման կտա շքերթի պահին «մաքրել» եթերը:
Իսկ հետո… 40 րոպե շարունակ մեր երկրի երկինքն անպաշտպան էր: Ստեփանակերպում քայլերգի հնչյունների տակ անցնում էր զորքը: Բոլորը հիացմունքով դիտում էին բանակի հաղթական երթը և ոչ ոք չէր էլ կարող կռահել, թե դրանք որքան դժվարին ու լարված րոպեներ էին ՀՕՊ ստորաբաժանումների մարտիկների համար, և ինչպես էինք մենք շունչներս պահած նայում ժամացույցին, հաշվում վայրկյաններն ու սպասում, թե երբ կավարտվի 40 րոպեներից ամենաերկարը:

Հովիկ Չարխչյան13-1

Զորահանդեսի «մեսիջները»

22 Սպտ

Անկախության օրվա զորահանդեսի ավարտից անմիջապես հետո որոշ ռազմական մասնագետներ կոչ արեցին վերլուծաբաններին ու լրագրողներին՝ ձեռնպահ մնալ հայկական ու ադրբեջանական բանակների համեմատությունից, քանի որ մեր զորահանդեսի նպատակն ինչ-որ բաներ ապացուցելը չէր, և ոչ էլ այդ շքերթը հակառակորդի քայլերին համարժեք պատասխանելու միջոցառում էր: Սակայն որքան էլ փորձենք անսալ այս հորդորին, զուգահեռներ անցկացնելու պահանջը թելադրվում է ինքնաբերաբար: Սրա հետ մեկտեղ պետք է նաև նկատել, որ եթե տեսածի արտաքին ներգործությունը շատերի համար բավարար էր, ապա սպառազինության ու ռազմական տեխնիկայի որակական հատկանիշները գնահատելու կարողությամբ օժտված մարդկանց նեղ շրջանակում ամեն բան ներկայանում էր միանգամայն այլ չափանիշներով: Եվ հենց այդ կրիտերիաներով առաջնորդվելու և դրանցից բխող տարբերակումների մեջ էլ թաքնված էին այն հիմնական հարցերի պատասխանները, որոնք վաղ թե ուշ պիտի տրվեին:
Մի կողմ թողնելով գեղագիտական տպավորությունները, ինչը հանրությունը լիուլի ստացավ այս՝ թվով հինգերորդ զորահանդեսից, որին մասնակցում էին 4 000 զինծառայող և 300 միավոր զինտեխնիկա, նախ անհրաժեշտ է փաստել հետևյալը. զորահանդեսը բացառիկ էր նրանով, որ Հայաստանն առաջին անգամ հարձակողական զինատեսակներ ցուցադրեց: Իսկ այդպիսի միջոցների առկայությունն ինքնին հուշում է զինուժի առջև դրված մարտավարական խնդիրների ուղղվածությունը՝ դրա հետ մեկտեղ ցրելով այն մտայնությունը, թե Հայաստանը որդեգրել է սոսկ պաշտպանողական ռազմավարություն: Զորահանդեսի ժամանակ այնտեղ գտնվողներն անշուշտ նկատեցին, որ երբ հրապարակ մտան այնպիսի զինատեսակներ, որոնք իրենց հեռահարությամբ հասանելի են հակառակորդի բոլոր նշանակետերին, հրավիրված հյուրերի և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների օթյակում կտրուկ ավելացան տեսանկարահանում կատարող բջջային հեռախոսները: Իսկ տեսնելու և ֆիքսելու առիթներն իսկապես քիչ չէին:
Բարձրախոսերը մեկը մյուսի ետևից հաղորդում էին դրանց անունները՝ «Շումից» և 2ԿԱ-Ա-02 համակարգեր, հայրենական ռազմարդյունաբերական համալիրի արտադրության անօդաչու թռչող սարքեր, 122 ու 152 մմ տրամաչափի շարժական հրետանային կայանքներ, «Կոնկուրս» համալիրներ, ՏԵ-12 թնդանոթներ, համազարկային հրանոթներ, Դ-30, Դ-20 և 2Ա36 թնդանոթներ, ՄՄ-21 համալիրներ, WM -80 համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ, ՕՍԱ-ԱԿԱ համալիրներ, С-125 համալիրներ, «Կրուգ»» զենիթա-հրթիռային կայանքներ, և վերջապես հանրահայտ C-300 զենիթահրթիռային համալիրները: Սա ընդամենը մի մասն է այն ամբողջի, որ հաջորդաբար ցուցադրվեց երեկ: Բայց մենք այդ ընդարձակ ցանկից կառանձնացնենք երկու զինատեսակներ, որոնց կարելի է ընդգրկել մատուցված անակնկալների շարքում:
Նախ և առաջ խոսքը «9 K 72» կամ «Սքաթ» տեսակի օպերատիվ-տակտիկական մարտավարական նշանակության հրթիռային համալիրների մասին է: Հենց միայն դրանք արդեն իսկ ընդունակ են լուրջ ազդեցություն թողնել տարածաշրջանային անվտանգության և ուժային հարաբերակցության վրա: Բայց դա դեռ բոլորը չէ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նույնպես իր զինանոցում ունի այդ հրթիռներից: Միայն թե հակառակորդի մարտագլխիկներն ընդունակ են հաղթահարելու առավելագույնը 120 կիլոմետր տարածություն, մինչդեռ հայ մասնագետների շնորհիվ «Սքաթ»-ը արդիականացվել է մեր հանրապետությունում՝ էականորեն ավելացնելով իր մարտական հնարավորությունները: Բավական է միայն ասել, որ այժմ դրանք կարող են ճշգրտորեն ոչնչացնել մինչև 300 կմ հեռավորության վրա տեղակայված ռազմավարական նշանակության օբյեկտներ, եթե նույնիսկ դրանք գտնվում են խիտ բնակեցված վայրերում: Սա բացառիկ դեպք է միջազգային պրակտիկայում: Բացառիկ նաև այն իմաստով, որ այդպիսի բարդ խնդիր կարողացել է իրականություն դարձնել Հայաստանի նման փոքր երկիրը:
Հաջորդ անակնկալները դարձան զորահանդեսին առաջին անգամ ցուցադրված «Տոչկա-ՈՒ» հրթիռները: Վերջիններս նույնպես ունեն բավական բարձր հնարավորություններ՝ խոցելու թշնամու նշանակետերը: Հրապարակ չբերվեցին, սակայն հայտարարվեց, որ մեր զինված ուժերի սպառազինության մեջ ընդգրկված են նոր ծանր համազարկային այնպիսի համալիրներ, ինչպիսիք են «Սմերչն» ու «Ուրագանը»: Իսկ եթե ասվածը համադրենք նաև այն փաստի հետ, որ Հայաստանում արդյունավետ հիմքերի վրա է դրված անօդաչու ինքնաթիռների արտադրությունը, ապա սա արդեն լուրջ ազդակ է այն բանի, որ թշնամու հենակետերը նրա տարածքի խորքում խոցելը ձեռք է բերում մեծ հավանականություն:
Զորահանդեսի իրական ներգործության մասին դատելու համար լիովին բավարար է վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի պահվածն ու հակազդեցությունը: Դա ոչ թե լռություն է կամ զգույշ արձագանք, այլ ակնհայտ շփոթմունք, որից ձերբազատվելու համար միայն հոխորտանքներն այլևս բավարար չեն: Երկար ժամանակ մեր մարտատենչ հարևաննների գլխավոր փաստարկն այն էր, որ Հայաստանի դեմ իրենք վարելու են դիստանցիոն պատերազմ և ունեն այդ նպատակին ծառայեցվող սպառազինությունը: Իսկ այսօր միայն «Տոչկա» և «Սքաթ» համալիրները ընդունակ են ցրելու նրանց խաբուսիկ պատկերացումները և ստեղծել ուժերի հարաբերակցությունը վերանայելու անհրաժեշտություն: Թերևս սա էր երեկվա զորահանդեսի գլխավոր «մեսիջներից» մեկը:
Իբրև վերջին սփոփանք, ադրբեջանական լրատվամիջոցները՝ խեղաթյուրելով «Ռեգնիում» գործակալության նյութերը, սկսեցին կրկնել այն միտքը, որ իրենք գերազանցում են օդուժի հնարավորություններով, ինչին հայկական կողմն արձագանքեց, որ մենք դեռևս նրանց հետ այդ ոլորտում մրցակցելու խնդիր չենք դրել, բայց եթե նման խնդիր լինի, չի բացառվում, որ Հայաստանը ամենամոտ ապագայում ձեռք բերի մեծ թվով կործանիչներ:
Մի դրվագ ևս, որը շրջանցելն անհնար է: Խոսքը շքերթին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մարտիկների մասնակցության փաստի մասին է: Այս առթիվ բոլորից լավ արձագանքեց Segodnia.ru կայքէջը՝ իր վերլուծականում գրելով. «Ամեն ինչ դեռ նոր է սկսում, սակայն վստահաբար կարելի է սպասել Բաքվի ուժգին հիստերիային: Այդպես, Երևանի Հանրապետության հրապարակում հնչած ռուսական եռակի «ուռա»-ն արդեն իսկ մեծ հակազդեցություն է հարուցել փորձագետների, քաղաքագետների և ադրբեջանցի զանազան այլ սրտացավ քաղաքացիների շրջանում: Առայժմ՝ դեռ Հայաստանի ուղղությամբ: Սակայն բացառված չէ, որ…»:
Կախման կետերով ավարտված այս մտքի ավարտն այնքան էլ դժվար չէ կռահել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Վաղվա զորահանդեսի առիթով

20 Սպտ

Վաղը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կկայանա Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զինվորական շքերթը: Իսկ մինչ այդ զորահանդեսի գլխավոր փորձի դուրս եկած բանակայինները կուռ շարքերով անցնում էին Երևանի փողոցներով, երթևեկում էր ծանր զրահատեխնիկան, և մայթերին խմբված քաղաքացիները ծափահարում էին նրանց հիացմունքով ու հպարտությամբ: Իսկապես հաճելի և աչք շոյող տեսարան էր դա, անկեղծ վերաբերմունքի դրսևորում՝ առանց հավելյալ կողմնապահության: Բայց ցանկացած ռազմական շքերթ (իսկ սպասվելիքն՝ առավել ևս) միայն տոնական հանդիսություն չէ և ոչ էլ նույնիսկ զինված ուժերի հաշվետվությունը երկրի քաղաքացիներին, որտեղ կարելի է գնահատական տալ բանակի պատրաստվածությանը, նրա տեխնիկական ու հանդերձանքի հագեցվածությանը: Այն, որ այս շքերթը լուրջ քաղաքական ու մարտավարական նպատակներ է հետապնդում, այլևս գաղտնիք չէ որևէ մեկի համար: Երկար ու հետևողական նախապատրաստությունը դրա ակնհայտ վկայություններից մեկն էր: Ներկայացվող առիթը գործադրելով պատասխան քայլ կատարելու համար, Հայաստանը վաղը լուրջ քննություն է հանձնելու՝ իր հակառակորդներին հակադարձելով նույն ոճով, ինչպես նրանք էին ամիսներ առաջ բռունցք թափահարում մեր ուղղությամբ: Եվ այս տեսանկյունից զորահանդեսը մեծ հաշվով պիտի լինի առկա ուժի բացահայտ ցուցադրում, ինչը կարող է որոշիչ դերակատարություն ունենալ ինչպես զսպման մեխանիզմների գործադրման, այնպես էլ ուժային հարաբերակցության ճշտման առումով: Հրապարակում քայլերթ կատարող զորքն ու հռնդացող մեքենաները կդառնան այն հայելին, որի մեջ կարտացոլվի պետության լրջության աստիճանը, տնտեսական ներուժը, կարգապահությունը, գիտական մտքի պոտենցիալը և, ինչ խոսք, նաև հոգեբանական գործոնները:
Սակայն կա ոչ միայն ընդհանուր, այլև կոնկրետ ապացույցների անհրաժեշտությունը: Եվ վերջին շաբաթների ընթացքում հատկապես այս կետի վրա է բևեռված բոլորի ուշադրությունը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է այն զինատեսակներին, որոնք բանակի կարողությունների ծանրության կենտրոնը թեքում են նպաստավոր ուղղությամբ: Եվ այսօր հնչող ենթադրությունների, կռահումների ու ապացույցների ակտիվ առատությունը պայմանավորված է հենց դրանցով:
Ի՞նչ ունենք մեր զինանոցում: Ճիշտ է, դեռևս չի հրապարակվել, թե քանի միավոր զինտեխնիկա և մարտական հաշվարկներ են մասնակցելու շքերթին, բայց որոշ բաների մասին արդեն կարելի է խոսել: Մասնակիցները հրապարակում կտեսնեն հարձակողական ու պաշտպանողական բնույթի զինատեսակներ, կլինեն անակնկալներ հայրենական ռազմաարդյունաբերության արտադրանքից: Այս շարքում ուշադրության արժանի են առաջին անգամ ցուցադրվող հայկական անօդաչու թռչող սարքերը, որոնց տրվել է «Կռունկ» բարեհունչ անունը: Օդային հետախուզում իրականացնող այդ սարքերի նախագծման և արտադրության վրա տարիներ են ծախվել: «Կռունկը» պատկանում է միջին դասի անօդաչու ինքնաթիռների շարքին: Աշխարհում գոյություն ունեցող համանման սարքերի 60 տոկոսը հենց այդ դասից են: Այն փորձարկման է ենթարկվել դժվարին եղանակային պայմաններում և մասնագետների գնահատմամբ, սարքի էլեկտրոնային բաղադրիչներն աշխատում են անխափան: Իսկ հատկապես սահմանի վրա ադրբեջանական անօդաչու սարքի ջախջախումից հետո դրանց գոյությունն ու ցուցադրումը միանգամայն այլ իմաստ է ձեռք բերում:
Երևանցիներն արդեն փողոցներում տեսել են նաև ահռելի S-300 համակարգերը: Առավել տեղեկացվածներն ասում են, որ կլինեն հեռահար հրթիռներ, որոնք կարող են խոցել հակառակորդի տարածքի ցանկացած նշանակետ: Իսկ ահա որոշ ռուսական լրատվամիջոցներ օրերս լուրեր հրապարակեցին այն մասին, թե սեպտեմբերի 21-ի հայկական շքերթի ժամանակ կցուցադրվեն ոչ միայն «Սքաթ» տեսակի միջին հեռահարության հրթիռներ, այլև S-400 նորագույն համակարգերը: Դժվար է ասել, թե սա որքանով է հավաստի, փոխարենը հայտնի է, որ քիչ չեն նաև այն զինատեսակները, որոնք չեն ցուցադրվելու: Նշենք նաև, որ օդուժի մասնակցությունը կառանձնան նրանով, որ մեր ինքնաթիռների բոլոր օդաչուները հայեր կլինեն՝ ի տարբերություն Ադրբեջանի զորահանդեսի, երբ նրանց ինքնաթիռները օդ բարձրացրին այլազգի վարձկաններ: Ինչ վերաբերում է թրթուրավոր տեխնիկային, ապա կազմակերպիչներն այս անգամ որոշել են դրանք հրապարակ բերվել անվավոր քարշակների վրա՝ քաղաքի կենտրոնական հատվածի սալահատակը չվնասելու նկատառումներով:
Հիշատակենք զորահանդեսի ևս մի քանի առանձնահատկություններ, որոնք ոչ միայն ուշադրության արժանի կլինեն, այլև արդեն իսկ առիթ են տվել զանազան հետևությունների ու տարակարծությունների: Հայտնի է, որ առաջիններից մեկը հրապարակ են մտնելու հոգևորականները, այսինքն՝ Զինված ուժերում ծառայող եկեղեցու սպասավորները: Թերևս այս «նորամուծությունը» նպատակ ունի ընդգծելու ուժի և ոգեղեն գործոնի միասնականության կարևորությունը: Սակայն փաստը ոչ միանշանակ արձագանքի արժանացավ: Ոմանք կարծում են, որ սքեմավորների ներկայությունը անհամատեղելի է ռազմական ներուժի հետ, և որևէ կերպ արդարացված չէ նրանց բացառիկ ընտրությունը, քանի որ նույն հաջողությամբ շքերթով կարող էին անցնել հասարակության այլ խավերի ու խմբերի ներկայացուցիչներ:
Մեծ անակնկալ դարձավ տեղեկությունն այն մասին, որ զորահանդեսի ժամանակ հայ զինվորականների հետ մեկտեղ Հանրապետության հրապարակով կքայլեն Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում ծառայող ռուս սահմանապահները: Հասկանալի է, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խոր հիմքերը առանձնակի վերաբերմունքի դաշտ են ձևավորել: Միայն թե նրանց միասնականության այս արտահատչաձևն ակամա մղում է երկիմաստ հետևությունների: Մի կողմից սա կարող է մեկնաբանվել որպես ապացույցն այն բանի, որ ռուսական կողմը կիսում է Հայաստանի պաշտպանության պատասխանատվությունը: Մյուս կողմից դա կարող է դիտվել իբրև արտաքին ռազմական ուժից երկրի կախյալ վիճակի վկայություն, ինչն առանձնապես հաճելի չէ: Չչարաշահելով այս թեման, հավելենք միայն, որ հայկական զորահանդեսը դիտելու համար վաղը հրապարակում կլինի նաև ամերիկյան Կանզասից Երևան ժամանած ամերիկացի գեներալ-ադյուտանտ Լի Տաֆանելին: Վերջինս անկասկած առանձնահատուկ հայացքով պիտի դիտի թե հայ-ռուսական միացյալ զորախմբերին, և թե հայկական այն ստորաբաժանումներին, որոնք ընդգրկված են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի կազմում:
Այո, Հայաստանի անկախության 20-ամյակի շքերթն իսկապես ձեռք է բերել հատուկ նշանակություն: Ի դեպ, սեպտեմբերի 21-ին Ադրբեջանում ևս կարող են ուղիղ եթերում դիտել մեր զորահանդեսը: Բանն այն է, որ «Միր» միջպետական հեռուստաընկերությունը ստանձնել է շքերթի հեռարձակումը: Իսկ դա նշանակում է, որ ինչպես ԱՊՀ անդամ մյուս երկրներում, այնպես էլ Ադրբեջանում հայ բանակայինների և ռազմական տեխնիկայի երթը դիտելու հնարավորությունը կունենա յուրաքանչյուր ոք: Նրանց արձագանքների բովանդակությունը կարելի է վաղօրոք կռահել: Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա ոչ վաղը և ոչ էլ հաջորդ օրերին չպիտի լքի այն բանի գիտակցումը, որ բանակի ուժն ու մարտունակությունը ցուցադրում են ոչ թե զորահանդեսներում, այլ սահմանին ու մարտադաշտում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: