Tag Archives: զինվոր

ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԶԻՆՎՈՐԻ ՖԵՆՈՄԵՆԸ

23 Հկտ

Հայտնի փաստ է, որ պատերազմներից հետո տղա երեխաների ծնունդների թիվը կտրուկ ավելանում է: Դրան անվանում են «վերադարձող զինվորի ֆենոմեն»: Թեև վիճակագրությունը բազմիցս հաստատել է այս երևույթը, սակայն առ այսօր դրա գիտական բացատրությունը չկա: Փոխարենը կա մի հիպոթեզ` կապված զինվորների հասակի աճի հետ: Դիտարկումները ցույց են տվել, որ պատերազմից վերադարձող տղամարդկանց հասակը միջինը 3 սանտիմետրով ավելին է եղել, քան զոհվածներինը: Իր հերթին բարձրահասակ ծնողների մոտ տղա երեխա ունենալու հավանականությունն ավելին է, քան ցածրահասակներինը: Եվ որոշ գիտնականներ այն վարկածի կողմնակիցն են, որ հատկապես բարձր հասակով է պայմանավորվում տղաների ծննդի աճը:

0a4a184130e68049ab0b060dbb86ae8b

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

29 Հնվ

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Թառլանի պես թառել ես
Էդ սև մռայլ քարափին,
Աչքդ հեռուն հառել ես,
Որ մոտ չգա հարամին:

Սարերը բուք ու բորան,
Կուրծքդ մի սար անառիկ,
Հայրենիքիդ պահապան
Կանգնած ես լուռ, հայ մարտիկ:

Ուշ չես դնում թշնամու
Գնդակների տարափին,
Պարտքիդ ձայնին դու հլու
Մնում ես էդ քարափին:

Աստված թևիդ հովանի,
Սարի թառլան անվեհեր,
Քեզ հետ, կտրիճ, թող լինի
Մեր օրհնությունն ու մեր սեր:

1919img_4632-420x280

ԶՈՐԱՑ ԵՐԿԻՐ

5 Ապր

Չկա այնպիսի դիրք, խրամատ, ճակատային գիծ, որ գտնվի մեզնից ապահով հեռավորության վրա: Վտանգն աշխարհագրություն չունի, ինչպես որ քարտեզագրված չէ մեր սերն այս հողի հանդեպ: Եվ դրա համար առաջնագիծն այսօր անցնում է նաև Երևանի փողոցներով, մեր տան բակով, մեր բոլորիս սրտերի միջով: Եվ դրա համար զինվոր լինելն այլևս մասնագիտություն չէ, այլ քաղաքացիություն:
Ես այդ զինվորներին տեսնում եմ ամենուր: Ես տեսա այդ զինվոր տղաներին ու աղջիկներին, երբ Մաշտոցի պուրակում օգնություն էին հավաքում բանակի համար: Ես տեսա զինվոր բժիշկներին, երբ վիրահատարան էին մտնում՝ կյանքեր փրկելու: Ես տեսա զինվոր հողագործների, որ վաղվա հացն են աճեցնում երկրի համար: Տեսա զինվոր լրագրողների, որ ճշմարտությունն են դուրս բերում կեղծիքի միջից: Բազում- բազում զինվորների տեսա՝ ամեն մեկն՝ իր զենքի հետ, ամեն մեկն՝ իր դիտակետում: Ու մեր բանակը տասնապատկվեց, ու մեր զենքերը դարձան ահեղ, ու մեր կամքը՝ հաղթանակի դատապարտված… Ու մեր Հայրենիքը՝ Երկիր Զորաց:

Հովիկ Չարխչյան 77777

ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ԹՔԱԾ ՈՒՆԵԻՆ

5 Մյս

Ալեքսանդր Երրորդ ցարի կառավարման օրոք մի զինվոր՝ Օրեշկին ազգանունով, պանդոկներից մեկում, որտեղ կախված էր ցարի նկարը, հարբում է ու հայհոյում է տիրակալին: «Թքած ունեմ ձեր թագավորի վրա»,- ասում է նա: Այդ խոսքերի համար նրան կալանավորում են ու նորին մեծությանը վիրավորելու համար դատի են տալիս: Ալեքսանդր Երրորդը՝ ծանոթանալով դատական գործին, թղթապանակի վրա մակագրում է. «Գործը կասեցնել: Մեղադրյալին ազատել: Այսուհետ իմ նկարները պանդոկներում չկախել: Իսկ Օրեշկինին փոխանցել, որ ես էլ նրա վրա թքած ունեմ»:4423045

Վերևից մեզ նայելու իրավունքը

21 Հնվ

Հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի կորստի ցավը բառերի մեջ չես պարփակի: Իր ծնողների ու մեր տղան էր, առավել քան հարազատ, առավել քան թանկ: Իր դեռ չապրած կյանքով ավելին արեց` վաստակելով վերևից մեզ նայելու իրավունքը:

Այսօր նկարներիս արխիվում այս լուսանկարը գտա. 1992-ի փետրվար: Նա էլ էր մեր որդին, Արմենի ավագը, իր հերոս նախորդների կրտսերը: Ու այսպես գալիս, սերնդեսերունդ անցնում են տղաները` իրենց մահվան հետ ավելի շատ լույս բերելով, քան մեր ապրած օրերի մեջ կա:

Հ. Չարխչյան?????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

ՌՈԲԵՐՏ ԳՐԵՅՎԶ

1 Դկտ

Երբեք մարդկանց մի հիշեցրու այն ծառայությունների մասին, որոնք դու նախկինում մատուցել ես նրանց: Եթե նրանք արժանապատիվ և երախտապարտ մարդիկ են, ապա հիշեցման կարիք չունեն, իսկ եթե երախտամոռ ու պատվազուրկ են, այդ դեպքում անցածի մասին հիշեցումն անիմաստ գործ է…

Մի անգամ մարտադաշտում ընկած էր ծանր վիրավոր զինվորը և սպասում էր, թե երբ բժիշկը կվիրակապի իր վերքը, որի վրա նստել էին ճանճերը: Նրա ընկերը, որ թեթև վիրավոր էր, տեսավ ճանճերին ու փորձեց դրանք քշել: «Պետք չէ,- բացականչեց առաջինը,- հանգիստ թող նրանց: Այս ճանճերն արդեն խմել են իմ արյունը, և իմ ցավը հիմա այնքան ուժգին չէ, որքան սկզբում էր: Եթե դու քշես, դրանց տեղը կզբաղեցնեն նրանք, ովքեր քաղցած են, և իմ վերջը կգա…»:RobertGraves1

ՍԱԼՎԱՏՈՐԵ ՔՎԱԶԻՄՈԴՈ

29 Մրտ

ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԼԱԼԻՍ ԵՆ ԳԻՇԵՐՈՎ

Եվ խաչերը և մուրճերը Գողգոթայի,
Եվ մանկության սուրբ հիշողությունները
Քիչ են, որպեսզի սպանեն պատերազմը:
Գիշերը, մահից քիչ առաջ,
Լալիս են ուժեղ զինվորները
Բառերի ստորոտում, ծանոթ բառերի,
Որ սովորել են խաղաղ տարիներին:
Շատերի կողմից սիրված զինվորները…
Անանուն շիթերն արցունքի…

Թարգմ. Հ. Էդոյան

Արյուն սահմանի վրա

2 Նյմ

Շատ անգամներ է խոսվել իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ մատնացույց անելով այն հակասությունները, որոնք առկա են համարյա բոլոր ոլորտներում՝ կրոնական, քաղաքական, տնտեսական, ազգային… Իբրև թե հարևան ու բարեկամ համարվող երկրներում այսօր բացասական լիցքերի այնպիսի մեծ կուտակում կա, որ երկու կողմերի՝ անխախտ դաշինքի մասին հավաստիացումներն այլև ներգործություն չունեն հասարակական գիտակցության վրա: Եվ եթե այդ կարգի մնայուն կամ կարճաժամկետ դառնությունները դեռ կարելի է ինչ-որ կերպ փարատել՝ գտնելով զանազան արդարացումներ ու «մեղմացուցիչ դեպք հանցանաց», ապա կան բաներ, որոնք ոչ մի գնով մոռացության տալ կամ շրջանցել չի հաջողվի: Հենց այդպիսի մի դեպք էլ այժմ դիտվում է սահմանային այն ընդհարումը, որ տեղի ունեցավ մոտ երկու շաբաթ առաջ, սակայն մինչ օրս շարունակում է արյուն պղտորել և լարվածություն բազմապատկել:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 19-ին սահմանային Արանլի գյուղի մերձակայքում ադրբեջանա-իրանական սահմանն անցնելու ժամանակ Ադրբեջանի բանակայինների հետ զինված բախման արդյունքում զոհվեց իրանցի 20-ամյա զինծառայող Աքբար Հասանփուրը: Իրանցին սխալմամբ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, նրա մոտ զենք չէր եղել, բայց ադրբեջանցիները կրակ էին բացել, ինչի արդյունքում զինվորը մահացել էր ստացած վերքերից: Սա արդեն չափազանց էր: Զայրացած իրանցիները այդ երկրում Ադրբեջանի դեսպանին կանչեցին ԱԳՆ և վերջինիս հանձնեցին իրանական կողմի բողոքի նոտան: Նոտայում նշվում էր, որ ադրբեջանցի սահմանապահների գործողությունը դիտարկվում է որպես միջազգային օրենքների խախտում և վնաս է հասցնում երկկողմ պայմանավորվածություններին ու բարեկամական հարաբերություններին: Իրանական կողմը պահանջում էր պատժել մեղավորներին: Նույն պահին ադրբեջանական կողմը ոչ պակաս հետևողականությամբ սկսեց միջադեպի ամբողջ մեղքը բարդել պարսիկների վրա՝ կատարվածը ներկայացնելով որպես սադրանք: Բայց նրանց աղմուկն այլևս լսելի չէր սահմանի մյուս կողմում: Կրքերն այնքան էին շիկացել, որ բառերի ու արտահայտությունների միջև ընտրություն կատարելու ոչ ցանկություն կար, ոչ իմաստ: Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգի «Բասիջ» (Պայքարող ուժ) կազմակերպության նախագահ Ալի Ասղար Ռամեզանին հայտարարեց. «Ոչ մի տեղ սահմանում մոլորված զինվորին չեն սպանում, բայց Ադրբեջանի Հանրապետության սահմանապահները անամոթաբար անմարդկային ձևով սպանեցին իրանցի զինծառայողին` անտեսելով սահմանապահ ծառայության բոլոր նորմերը»: Արդեբիլ նահանգի սահմանապահ ծառայության հրամանատար, գնդապետ Սեյյեդ Մոջդաբա Մուսավին դեպքի հետ կապված մանրամասներ հրապարակեց՝ պատմելով, որ ադրբեջանցիները մինչ իրանցի զինծառայողի ուղղությամբ կրակելը և նրան սպանելը իրանցուն արդեն ձերբակալել էին, ուստի չզինված զինծառողի վրա կրակելու և սպանելու որևէ հիմք գոյություն չուներ: «Ադրբեջանի սահմանապահների արածն անօրինական էր և ստոր»,- եզրակացրել էր գնդապետը: Մինչ այդ ամփոփվեցին հետաքննության արդյունքները, ինչի առթիվ Իրանի ոստիկանության սահմանապահ ծառայության հրամանատար Հոսեյն Զոլֆաղարին հանդես եկավ հայտարարությամբ. «Իրանցի զինծառայողի սպանության հանգամանքները հետաքննելու արդյունքում պարզվել է, որ ադրբեջանցի սահմանապահների կատարած քայլն անհիմն էր, քանի որ կարիք չկար չզինված զինծառայողի առջևից և ետևից մի քանի գնդակ արձակել: Դեպքեր են եղել, երբ իրանցի սահմանապահները սահմանային գյուղերում ադրբեջանցի զինվոր են ձերբակալել, սակայն մենք ձերբակալվածին փոխանցել ենք ադրբեջանական կողմին»,- տեղեկացրեց Զոլֆաղարին:
Ձնագնդին գլորվում էր, բառապաշարը հարստացվում էր նոր պիտակավորումներով, բայց բոլորն էլ հասկանում էին, որ հայհոյանքների փոխանակությամբ գործը չի ավարտվի, պետք է ակնկալել առավել լուրջ՝ քաղաքական քայլեր: Եվ այդ քայլերն իրենց սպասեցնել չտվեցին: Դեռևս ընթացիկ տարվա մարտին Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպման ավարտին հայտարարվեց, որ Ահմեդ Դավութօղլուի, Էլմար Մամեդյարովի և Ալի Աքբար Սալեհիի հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբեր ամսին` Նախիջևանում: Սակայն այժմ տեղեկանում ենք, որ դա հետաձգվում է անորոշ ժամանակով՝ «վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձությունների պատճառով»: Սկզբում հաղորդվեց այն մասին, թե հետաձգման բուն պատճառը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն է: Բայց իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը արագորեն ի չիք դարձրեց այդ հարմար պատրվակի տարբերակը՝ հաղորդելով, որ «Ադրբեջանի սահմանապահների կողմից իրանցի զինծառայողին սպանելու փաստը ստվեր գցեց Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա և երկու երկրներին կանգնեցրեց նոր մարտահրավերների առջև: Ուստի իրանցի զինվորի սպանությունը առիթ հանդիսացավ, որպեսզի անորոշ ժամանակով հետաձգվի Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպումը»:
Սահմանին արյուն կա և այդ արյունը բանակցություններով չէ, որ պիտի սրբվի: Ի դեպ, այդ արյունը նոր չէ: Վերհիշենք թեկուզ այս տարվա հուլիսի 3-ի դեպքերը, երբ իրանա-ադրբեջանական սահմանային գոտում փոխհրաձգություն տեղի ունեցավ, ինչի հետևանքով ադրբեջանցի լեյտենանտ Ռուֆաթ Գուլիևը ծանր վիրավորվեց ու դեպքի վայրից տարհանման ժամանակ մահացավ: Այն օրերին պաշտոնական Թեհրանը հաղորդեց. «Իրանա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած զինված բախման մեղավորը Ադրբեջանն է: Ադրբեջանցի սահմանապահներն ապօրինաբար մուտք են գործել իրանական տարածք, ուշադրություն չեն դարձրել իրանցի սահմանապահների օրինական նախազգուշացնող կոչերին, որի հետևանքով առաջացած զինված բախման արդյունքում ադրբեջանցի սպա է զոհվել»: Սակայն Բաքուն կատարվածի իր վարկածն ուներ, համաձայն որի երկրի տարածք էր մուտք գործել իրանցիների զինված խմբավորում, միջադեպ հրահրել և ետ քաշվել: Հիմա դժվար է ասել, գուցե ադրբեջանցիների համար իրենց զոհի արյունն այնքան թանկ չէր, որքան պարսիկների համար է, բայց եթե այն օրերին Բաքուն կուլ տվեց վիրավորանքը, ապա Թեհրանը նույն բանը ամենևին չի պատրաստվում անել այժմ: Ու հավանաբար Իրանի հյուսիսային հարևանին դեռ նոր ծանր օրեր են սպասվելու՝ վերջին կրակոցները մարսելու համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՌԱՅՄՈՆԴՈ ՄՈՆՏԵԿՈՒԿԿՈԼԻ

20 Ապր

Պատերազմ վարելու համար երեք բան է պետք` փող, փող և փող: Պատերազմը երկու տարբեր եղանակներով մարտնչող բանակների գործողություն է, մինչդեռ երկուսի նպատակն էլ նույնն է` հասնել հաղթանակի: Ոչ թե խաղաղ ու շքեղ կացարանում, այլ ցրտին ու տապին, անձրևի ու ձյան տակ, քաղցով ու ծարավով է հառնում զորական արվեստը: Որտեղ զինվորին չեն մեծարում, այնտեղ ողջ բանակին են քամահրում:
Որ տերության մեջ զենքը բարգավաճում է, այնտեղ գիտությունները, արվեստները, վաճառականությունը և ողջ ժողովուրդը բարօրության մեջ են: Եթե զենքը սկսի ժանգոտել, իսկ դափնիները` թոշնել, ապա տերության մեջ ոչ անվտանգություն կլինի, ոչ զորություն, ոչ փառք, ոչ արիություն, ոչ անդորր: Դաշնագրերից այնքան ժամանակ օգուտ և հաջողություն չի լինի, քանի դեռ զենքն այն չի ամրագրել:

ԲԵՐԹՈԼԴ ԲՐԵԽԹ

9 Ապր

ԳՐՈՒՇԵԻ ԵՐԳԸ

Դու կռիվ գնա հանգիստ ու անհոգ,
Ես քեզ, իմ զինվոր, կսպասեմ անքուն:
Կռիվն արյուն է, կռիվն` անողոք,
Քանի-քանիսը էլ չեն դառնա տուն:
Երբ էլ որ դու գաս, քոնն եմ, իմ միակ,
Գարուն թե ձմեռ, ախ, բոլոր տարին
Ես քեզ կսպասեմ մեր ծփենու տակ,
Կմնամ, թե գա զինվորն էլ վերջին:

Ու երբ դու կռվից տուն դառնաս կրկին,
Շեմքիս չես տեսնի օտար ոտնաման,
Դատարկ կգտնես բարձդ իմ կողքին,
Շուրթերս` անեղծ, իմ սրտի նման:

Երբ վերադառնաս, զինվոր իմ, կասես.
— Ամեն ինչ նույնն է ու առաջվա պես…

Թարգմ. Ս. Հովհաննիսյան

ՌԱՍՈՒԼ ՀԱՄԶԱՏՈՎ

1 Մրտ


ԿՌՈՒՆԿՆԵՐ

Ինձ մերթ թվում է, թե զինվորներն այն`
Արյան դաշտերից էլ ետ չդարձած,
Ոչ թե մեր հողին փարվեցին անձայն,
Այլ ճերմակ, ճերմակ կռունկներ դարձան:

Եվ այդ հեռավոր օրերից ի վեր
Թռչում են նրանք, ձայնում են կրկին.
Դրա համար չէ՞, որ մենք տրտմորեն
Համրանում ենք ու նայում երկնքին:

Թռչում է, թռչում երամը հոգնած,
Թռչում է օրվա վերջին մշուշում:
Նրանց շարքերում մի փոքրիկ հատված
Գուցե հենց վաղվա իմ օ՞րն է հուշում:

Կգա իմ օրը, և կռունկի պես
Ես էլ կլողամ կապտաթուխ միգում,
Թռչնային ձայնով ողջույն կտամ ձեզ`
Բոլորին, ովքեր մնացին երկրում:

Ինձ մերթ թվում է, թե զինվորներն այն`
Արյան դաշտերից էլ ետ չդարձած,
Ոչ թե մեր հողին փարվեցին անձայն,
Այլ ճերմակ, ճերմակ կռունկներ դարձան:

Թարգմ. Հ. Չարխչյան

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

27 Նյմ

Լույսի զինվորի գիրքը

Լույսի զինվորը նա է, ով ընդունակ է հասնելու կյանքի հրաշքին և մինչև վերջ պայքարելու այն ամենի համար, ինչին հավատում է: Եվ չնայած ոչ ոք ինքն իրեն լույսի զինվոր չի համարում, այնուամենայնիվ յուրաքանչյուր ոք կարող է լույսի զինվոր դառնալ:
1
Լույսի զինվորը չի մոռանում բարիքը:
Կռվում նրան օգնում են հրեշտակները. երկնային ուժերը ամեն ինչ այնպես են դասավորում, որ հնարավորություն են տալիս նրան լավագույնս դրսևորելու իրեն: «Ո՛նց է բախտը բերում»,- ասում են ընկերները:
Իսկ լույսի զինվորին հաճախ է հաջողվում այն, ինչ վեր է մարդկային ուժերից: Դրա համար էլ ամեն արևածագի նա ծնկի է գալիս ու գոհացում հայտնում իրեն պահպանող բարեգութ հովանավորության համար:
Սակայն լույսի զինվորի երախտագիտությունը միայն հոգևոր ոլորտով չի սահմանափակվում. նա երբեք չի մոռանում ընկերներին, որովհետև իրենք միասին են արյուն թափել մարտի դաշտում:
Կարիք չկա լույսի զինվորին հիշեցնելու ուրիշների ցուցաբերած օգնության մասին: Նա ինքը միշտ հիշում է դա և բոլոր պարգևները կիսում նրանց հետ:

2
Աշխարհի բոլոր ճանապարհները տանում են դեպի լույսի զինվորի սիրտը. նա առանց երկմտելու նետվում է հորձանուտը կրքերի, որոնցով մշտապես լի է նրա կյանքը:
Զինվորը գիտե, որ ինքն ազատ է իր ընտրության մեջ, նա խիզախորեն է որոշում կայացնում` առանց ետ նայելու, իսկ հաճախ նաև` գլուխը կորցրած:
Նա սիրում է իր կրքերը և քաղում դրանց պրուղները: Նա գիտե` պետք չէ հրաժարվել հաղթանակների նվիրած բերկրանքից: Հաղթանակները կյանքի մի մասն են, և ուրախացնում են նրանց հոգիները, ովքեր հասել են դրանց:
Բայց երբեք զինվորը տեսադաշտից չի կորցնում այն, ինչ ստեղծվում է դարերի համար, հիշում է, թե որքան ամուր են այդ կապերը, և ժամանակն ինչքան անզոր է դրանց դեմ:
Լույսի զինվորը կարողանում է զանազանել անցողիկը հաստատունից:

3
Լույսի զինվորը հույսը դնում է ոչ միայն սեփական ուժերի վրա, այլև օգտագործում է իր հակառակորդի էներգիան:
Նա մարտի է նետվում` զինված միայն արվեստով խանդավառության և հարվածելու ու հակահարված տալու. մարտի հնարքներ, որոնք նա երկար սովորել է: Սակայն հետո գիտակցում է, որ ո՛չ խանդավառությունը, ո՛չ էլ հմտությունները բավարար չեն հաղթանակի հասնելու համար. անհրաժեշտ է նաև փորձառություն:
Եվ այդ ժամանակ նա բացում է իր սիրտը տիեզերքի առաջ ու խնդրում, որ Աստված խելք տա ու ոգևորի իրեն՝ հակառակորդի յուրաքանչյուր հարվածից «պաշտպանություն» գիտության դասեր քաղելու: «Նա լի է նախապաշարումներով,- ասում են ուղեկիցները: -Դադարեցնում է մարտը և աղոթում: Իսկ հակառակորդին հենց դա էլ հարկավոր է»:
Լույսի զինվորը բանի տեղ չի դնում ծաղրական խոսքերին, քանզի գիտե, որ ամեն մի ուսումնառություն, առանց խանդավառության ու փորձի, իզուր կորած է:

4
Լույսի զինվորը երբեք չի գնում խարդավանքների, բայց կարողանում է շեղել հակառակորդին և մոլորության մեջ գցել:
Որքան էլ նրա հոգին տոչորում է հաղթական նպատակին հասնելու անհագ ծարավը, միևնույն է, նա չի խուսափում խաղեր տալուց և այսպես ռազմավար է դառնում:
Զգալով, որ ուժերը տեղի են տալիս՝ նա ստիպում է հակառակորդին մտածել, թե ինքը չի շտապում, պատրաստվելով հարձակվել աջ թևի վրա, նա իր զորքերը տեղափոխում է ձախակողմ:
Պատրաստվելով անհապաղ սկսել ճակատամարտը` ձևացնում է, թե իրեն պատել է նինջը և իբր ուր որ է՝ քնելու է:
‹‹Տեսե՛ք` ոնց է ընկել նրա մարտական ոգին››,- ասում են ընկերները: Այնինչ լույսի զինվորը բանի տեղ չի դնում այդ դիտողությունները, քանզի բարեկամներին անգամ անհասանելի են այն խորամանկություններն ու հնարքները, որոնք նա կիրառում է ռազմադաշտում:
Լույսի զինվորը գիտե, թե ինչ է ուզում: Եվ իր ծրագրերը բացատրելու կարիքը չունի:

5
Ահա թե ինչ է ասում լույսի զինվորի ռազմավարության մասին չինացի իմաստունը:
‹‹Քո թշնամուն հարկադրի՛ր հավատալ, որ նա քիչ բանի կհասնի` քեզ վրա հարձակվելով, և դրանով դու կթուլացնես նրա մարտական եռանդը:
Եթե հասկացել ես, որ հակառակորդը գերազանցում է քեզ, մի՛ ամաչիր ռազմի դաշտը նրան զիջելուց, քանզի կարևոր է ոչ թե մի ճակատամարտի արդյունքը, այլ պատերազմի վերջնական ելքը:
Եթե քո ուժերը բավարար են, մի կո՛ղմ նետիր կեղծ ամոթը և թու՛յլ ձևացիր: Դա կստիպի հակառակորդին կորցնել զգուշավորությունը և հաձակվել քեզ վրա` չսպասելով հարմար պահի:
Հակառակորդին հանկարծակիի բերելու ունակությունը հաղթանակի գրավականն է պատերազմում››:

6
‹‹Տարօրինակ է,- ինքն իրեն խորհում է լույսի զինվորը,- ինձ այնքան շատ մարդիկ են հանդիպել, ովքեր առաջին իսկ հնարավորության դեպքում ձգտում են ներկայանալ իրենց ամենավատ կողմերով: Զինվորական ճնշման տակ նրանք թաքցնում են իրենց ներքին ուժը, մենակության վախը ծածկում են անկախության դիմակով: Նրանք չեն հավատում սեփական հնարավորություններին, բայց ամեն անկյունում ազդարարում են իրնց առաքինությունների և արժանիքների մասին››:
Զինվորը տեսնում է այդ հատկանիշը շատ կանանց ու տղամարդկանց մեջ, որոնց ճանաչել է: Բայց նա երբեք չի տրվում խաբեությանը, չի հավատում առաջին տպավորությանը, իսկ եթե ցանկանում են հետաքրքրել ու զարմացնել նրան, համառորեն լռություն է պահպանում: Սակայն անխտիր օգտվում է նա ցանկացած հարմար պահից, որ շտկի իր թերությունները, քանզի, ինչպես հայելու մեջ, ինքն իրեն տեսնում է ուրիշ մարդկանց մեջ:
Լույսի զինվորը միշտ բաց է` ամեն մի նոր բան սովորելու համար:

Թարգմ. Թամար Ղահրամանյան

%d bloggers like this: