Tag Archives: Զինված ուժեր

Պարտվածները հեռանում են, հաղթողներ չկան

1 Օգս

Թուրքիայում հետընտրական ցնցումների թիվն ավելացավ ևս մեկով` հրաժարական տվեց այդ երկրի ողջ ռազմական ղեկավարությունը: Իրենց պաշտոնները լքեցին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի, օդուժի և նավատորմի հրամանատարները: Նման բան Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ արձանագրվում էր առաջին անգամ։ Բայց ասել, թե պատահածն անսպասելի էր ու անակնկալի բերեց երկրի քաղաքական իշխանություններին, ճիշտ չի լինի: Իրավիճակը վաղուց ի վեր հասունացած էր: Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ բանակային ղեկավարությունը լուրջ տարաձայնություններ ուներ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Եվ եթե համբերության բաժակը լցնող վերջին կաթիլի համար առիթ դարձան այն տարաձայնությունները, որոնք ի հայտ եկան բանակային բարձրագույն պաշտոնների նոր նշանակումների շուրջ, ապա դրանից շատ առաջ էլ զինուժի նկատմամբ թուրքական կառավարության հետևողական քաղաքականությունը հուշում էր, որ դա վաղ թե ուշ պիտի հանգեցներ խզման, և նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը սա նախատեսել էին:
Թուրք հանրությանն առավելապես ցնցեց երկրի ազդեցիկ անձանցից մեկի՝ Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Սեբահաթթին Իսիկ Կոշաների հրաժարականը։ Վերջինս այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը մեկ տարի առաջ, այն բանից հետո, երբ Թուրքիայում հայտարարվեց, թե բացահայտվել էր զինվորականների կողմից պատրաստվող դավադրությունը: Իսկ այսօր արդեն Կոշաները հայտարարում է, որ իրենց հեռանալը պայմանավորված է բանակային սպաների մեծաթիվ ձերբակալություններով. «Այս պահի դրությամբ ձերբակալված զինվորականների թիվը կազմում է 250, որոնցից 77-ը պաշտոնաթող են։ Դրանց թվում են հայտնվել բազմաթիվ գեներալներ, ծովակալներ, սպաներ ու ենթասպաներ։ Այլևս անհնար էր հաշտվել այդ ապօրինությունների հետ։ Մամուլում ամեն տիպի կեղծիքների ու ստերի տարածման միջոցով հասարակական կարծիք են ձևավորում՝ զինված ուժերի ղեկավարությանը ներկայացնելով որպես հանցախումբ»,- ասում է նախկին շտաբի պետը: Միայն թե նրա խոսքերը իրական կացության սոսկ մի դրվագն են ներկայացնում: Ճշմարտությունն այն է, որ հակասությունները պայմանավորված են ոչ միայն 2003 թվականին զինվորական հեղաշրջման նախապատրաստման գործի հետաքննությամբ, այլև այն լարվածությամբ, որ տարիներ շարունակ եղել է աշխարհիկ պետության օգտին հանդես եկող բանակի ղեկավարության ու չափավոր իսլամիստական գաղափարներ դավանող քաղաքական թևի, մասնավորապես Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև: Ու բոլորովին պատահական չէր, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից շատ օրեր առաջ Taraf պարբերականն արդեն գրում էր, թե ընտրություններում Էրդողանի կուսակցության հաղթանակի դեպքում հրաժարական է տալու Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Կոշաները: Նման բան կանխագուշակելու համար հարկ չկար պայծառատես լինել:
Կոշաները, որն ի դեպ, այնքան էլ բարի պտուղը չէ ու այս տարվա մայիսին կայացած մի միջոցառման ժամանակ հայրենասերներ էր անվանել հայերին ցեղասպանության ենթարկած երիտթուրքական պաշտոնյաներին ու դրա հետ մեկտեղ ակտիվ դերակատարություն ուներ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու գործում, իր պաշտոնավարման ընթացքում ամեն գնով պայքարում էր զինվորականների ազդեցության նվազեցում թույլ չտալու ուղղությամբ` այդ նպատակին ծառայեցնելով նույնիսկ Եվրամիության կողմից պահանջվող արևմտյան բարեփոխումների պատրվակը: Սակայն Անկարայում լավ են հիշում, թե ինչ է պատահում, երբ բանակը սկսում է դուրս գալ վերահսկողությունից, իրեն ավելի բարձր դասել ժողովրդավարությունից ու խորհրդարանից: Վկան` Թուրքիայի նորագույն պատմության բոլոր ռազմական հեղաշրջումները 1960, 1971 և 1980 թվականներին ու դեռ դրանց էլ գումարված 1997 թվականի ռազմական միջամտությունը, որն անվանում են հետմոդեռնիստական: Ու հիմա հրամկազմի հրաժարականը շատերը գնահատում են որպես քաղաքական լիցքաթափում: Սակայն նրանք կարծես թե շտապում են:
Միամտություն կլինի կարծելը, որ մի քանի զինվորականների հեռանալը պիտի նշանակի ճգնաժամի ավարտ: Նույնիսկ իշխանական վերնախավում այսօր կա այն տագնապը, թե բանակը դեռ կասի իր խոսքը։ Թուրքիայում բանակը միշտ էլ դիտվել է իբրև երկրի մարտնչող թևը, եթե չասենք, որ շատ դեպքերում հենց նա է կանխորոշել երկրի քաղաքականությունը։ Ու եթե այժմ նախագահ Գյուլն իր քաղաքացիներին հանգստացնում է` հավաստիացնելով, որ Թուրքիայում արտակարգ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն ճգնաժամ չկա, նա լիովին անկեղծ չէ: Անկեղծ չէ նաև այն դեպքում, երբ պնդում է, թե հրաժարականն արտակարգ իրավիճակ է, սակայն ոչ իշխանության վակուում առաջ բերելու պայման։ Շատ ավելի արժանահավատ է փորձագետների այն տեսակետը, որ այս իրադարձությունները Թուրքիայի համար կստեղծեն մեծ խնդիրներ: Բանն այն է, որ զինված ուժեր ասվածը սոսկ անհնազանդ մարդկանց մի խմբակ չէ, որին զրկեցին իշխանությունից և այսուհետ ամեն բան կլինի այլ կերպ: Ոմանց կարծիքով, ներկայումս խոսքն ավելի շուտ զինված ուժերում կադրերի շրջափոխության, բարձրաստիճան զինվորականների մի խումբը մեկ ուրիշով փոխարինելու մասին է, քանի որ, ամեն բանից անկախ, Թուրքիայի քաղաքական վերնախավը մեծ հաշվով շահագրգռված է զինված ուժերի որոշակի ազդեցության ու հեղինակության պահպանմամբ: Բանակը հսկայական կարևորություն ունեցող գործոն է այդ երկրում, և խելահեղությանը հավասարազոր մի բան պիտի լինի ջախջախել այն կառույցը, որը երկրի նեսում անվտանգության ու հավասարակշռության կարևոր երաշխիք է: Այդ իսկ պատճառով էլ թե Էրդողանը և թե նրա համախոհները ոչ թե բանակին կզրկեն իր դիրքերից, այլ հոգ կտանեն, որպեսզի այդ ուժը առավելագույնս ենթակա լինի իրենց ու ծառայեցվի ընդհանուր շահերին: Ահա նման համատեքստում անհիմն են բոլոր այն պնդումները, թե իբր սպայակազմի հրաժարականներից հետո Թուրքիայում սկսվեց ժողովրդավարությունը։
Արդեն հայտնի է, որ Թուրքիայի Ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը նախագահ Աբդուլլահ Գյուլի հրամանով նշանակվել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար: Իսկ այսօր տեղի է ունենալու Բարձրագույն ռազմական խորհրդի նիստը, որը կոչված է լուծելու Գլխավոր շտաբի պետի և մյուս առանցքային պաշտոնների հավակնորդների հարցը։ Մինչ այդ Էրդողանն ասել էր, թե ինքը դեմ է լինելու այն սպաների պաշտոնները բարձրացնելուն, որոնց ինքը կասկածում է իր կառավարությունը տապալելու փորձերին մասնակցելու մեջ։ Կարծիք կա, որ հենց Նեջդեթ Օզելն էլ կդառնա Գլխավոր շտաբի պետ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մուբարաքը գնաց: Իսկ հետո՞…

12 Փտր

Երեկ, օրվա երկրորդ կեսին, լրատվամիջոցները տարածեցին վերջին ժամերի ամենաանսպասելի լուրը. Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել։ Այս մասին երկրի պետական հեռուստաալիքով հայտարարեց փոխնախագահ Օմար Սուլեյմանը։ «Այս դժվար պայմաններում, որոնց բախվել է երկիրը, նախագահ Մուհամմեդ Հոսնի Մուբարաքը որոշեց թողնել նախագահի պաշտոնը և Զինված ուժերի բարձրագույն խորհրդին հանձնարարեց ղեկավարել երկիրը»,- ասաց նա իր հակիրճ ելույթում։ Մինչ այդ Մուբարաքն ընտանիքով լքել էր Կահիրեն և մեկնել Շարմ էլ-Շեյխի նախագահական նստավայր:
Կատարվեց այն, ինչ վաղ թե ուշ կատարվելու էր: Իր կարևոր հանգրվանին հասավ մի ընթացք, որն անհնար էր կասեցնել և կամ փոխել դրա հունը: Կահիրեի Ազատության հրապարակում եգիպտացիներն ուրախությունից լաց էին լինում, գրկախառնվում ու շնորհավորում միմյանց։ Նրանց թիկունքում էր մնացել 18 երկար ու ձիգ օրերի պայքարը` զոհերով, կորուստներով, հուսալքություններով: Նրանց թիկունքում էին երկրի պատմության վերջին 30 տարիները, որոնք դեռ իրենց վերագնահատման ու վերարժեքավորման ժամանակը կունենան:
Արդեն վաղ առավոտից հազարավոր ցուցարարներ շրջապատել էին մայրաքաղաքի հեռուստակենտրոնը և նախագահական պալատը։ Նախատեսվում էր ուրբաթօրյա աղոթքից հետո անցկացնել իր ծավալներով աննախադեպ բողոքի ակցիա՝ «Մուբարաք, հեռացիր այսօր» կարգախոսով։ Ոմանք պնդում էին, թե երկրի տարբեր քաղաքներում փողոց դուրս եկած ցուցարարների թիվը գերազանցում էր 10 միլիոնը: Ակնհայտ էր, որ հասունանում էր մի իրավիճակ, ինչը կարող էր բռնությունների նոր ալիք առաջացնել։ Եվ թերևս այս մեծ վտանգի գիտակցումն էլ Մուբարաքին հարկադրեց ամբողջապես հանձնել իշխանությունը:
Դրանից անմիջապես հետո Եգիպտոսի Ռազմական ուժերի բարձրագույն խորհրդը տեղեկացրեց, որ բանակը քննարկում է «երկրի ղեկավարման» հնարավորությունները և հետագա քայլերի վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով: Առանձնապես շեշտվեց, որ, բանակը չի պատրաստվում փոխարինել քաղաքացիական իշխանությանը. «Ռազմական ուժերի բարձրագույն խորհուրդը այլընտրանքը չի հանդիսանում այն օրինական իշխանության, որը ցանկանում է ունենալ եգիպտական ժողովուրդը»: Սա որքան էլ անսպասելի, բայց և այնպես հավասարակշտող ու սթափ որոշում էր:
Հրաժարականի մասին լուրն իմանալուց անմիջապես հետո Կահիրեի բոլոր բարիկադները քանդվեցին: Քաղաքի կենտրոնից ետ քաշվեցին բանակային ստորաբաժանումները: Գործն արված էր, նպատակն իրագործված: Եգիպտացիները, քաղաքական կամք դրսևորելով, իրականություն դարձրին իրենց ցանկությունը: Իսկ կարո՞ղ են նրանք նույնքան քաղաքական խելամտություն հանդես բերել ճանապարհի մյուս` ոչ պակաս դժվարին հատվածը հաղթահարելու համար:
Քանի դեռ երկիրը գտնվում է հաղթանակի վաստակած էյֆորիայի մեջ, քչերն են այժմ այնտեղ քննարկում կամ խոսում հետագա քայլերի մասին: Սակայն դրանք անխուսափելի են: Արդեն լուրեր են շրջանառվում, որ Ռազմական ուժերի բարձրագույն խորհուրդն առաջիկայում պատրաստվում է հայտնել խորհրդարանը ցրելու և կառավարության հրաժարականի մասին: Ընդդիմությունն իր հերթին հրապարակ է նետել գործողությունների իր առաջարկը, համաձայն որի երկրին սպասվում է իշխանության փոխանցման մեկ տարվա գործընթաց, իսկ այդ մեկ տարում պետք է գործի փոփոխված Սահմանադրության նախնական տարբերակը և ժամանակավոր կառավարությունը: Սակայն սրանք ընդամենը սևագիր վարկածներ են, և ամեն բան կարող է կատարվել շատ ավելի արագ ու ամենևին էլ ոչ այնպես, ինչպես կցանկանային նրանք: Պատահական չէ, որ ռուս վերլուծաբաններն արդեն իսկ կանխատեսում են, որ սեպտեմբերին սպասվելիք ընտրություններին կարող են հաջորդել նոր հուզումներ ու բռնություններ:
Լուրջ մտահոգություն են դիտվում արտաքին վտանգները, թեև դրանց մասին առայժմ խոսում են միայն դրսում: Այսպես, Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբը հորդորել է Եգիպտոսի բանակին առավելագույնս զգոն լինել, որպեսզի Սինայի անապատում և Սուեզի ջրանցքում չկորցնի իր վերահսկողությունը, քանի որ դրանց Իսրայելի կողմից վտանգ է սպասվում:
Աննկատ չանցավ նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելութը Հոսնի Մուբարաքի հրաժարականից անմիջապես հետո: Օբաման ասաց, որ Եգիպտոսի ժողովուրդը արտահայտել է իր կամքը` նշելով նաև այն, որ կատարվածը ոչ թե վերջն է, այլ միայն սկիզբը, և որ Եգիպտոսն այլևս նախկինը չի լինի: Այնուհետև նա հիշեցրեց, թե կարևորագույն խնդիրներից է հանդիսանում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը և երկրում ժողովրդավարության հաստատումը, իսկ Եգիպտոսի իշխանությանը հարկ է մտածել քաղաքական ճգնաժամից դուրս գալու կոնկրետ, հստակ, ոչ երկիմաստ, վստահություն ներշնչող ծրագիր:
Այդ վստահությունն, իհարկե, պիտի առաջին հերթին ներշնչվի ամերիկացիներին և նոր միայն եգիպտացիներին: Վաշինգտոնում միայն այդպես են ըմբռնում ճշմարիտ ժողովրդավարությունը:
Ի դեպ, իսրայելցի քաղաքական գործիչներից մեկը փոխանցել է Մուբարաքի հետ իր վերջին հեռախոսազրույցի մանրամասները, որի ընթացքում արդեն նախկին նախագահը սուր քննադատության է ենթարկել Սպիտակ տանը` պնդելով, թե Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի վարած քաղաքականությունն ի վերջո կհանգեցնի ծայրահեղականության ու արմատական իսլամիզմի հաղթանակին:
Հավանաբար Մուբարաքը գիտի, թե ինչ է ասում և ինչու է ասում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: