Tag Archives: զինամթերք

ԲԱԼԱՀՈՎԻՏԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

10 Մրտ

Շատերի հիշողության մեջ դեռ թարմ են 1992-ի գարնանային այն օրերը, երբ Բալահովիտ գյուղում հրդեհվեցին ռազմական պահեստները: Արցախյան պատերազմի ամենածանր շրջանում նման պատահարը և վնասների ծավալները մեծ հարված էին մեր երկրի անվտանգությանը: Սակայն իրականում ի՞նչ է մեզ հայտնի Բալահովիտի դեպքերից: Արդյո՞ք դա սոսկ աննպաստ հանգամանքների հետևանք էր, թե՞ միտումնաբար իրականացված գործողություն, և մինչև  ու՞ր կարող էին հասնել Բալահովիտում հնչած պայթյունների արձագանքները: Այս և մնացած հարցերի շուրջ մեկ անգամ ևս մտերելու ակնկալիքով փորձենք կրկին հայացք նետել 24 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վրա և հիշեցնել այն մութ անկյունները, որոնք այդպես էլ քողարված մնացին շատերի համար:20120521181616_foto11

Այդ չարաբաստիկ օրվա մասին պահպանված պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք. «1992 թվականի ապրիլի 8-ի գիշերը, ժամը 23.45-ի սահմաններում Երևանից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բալահովիտ գյուղում տեղակայված 164-րդ մոտոհրաձգային դիվիզիայի պահեստներում բռնկվել է հրդեհ, իսկ մի քանի րոպե անց սկսել են պայթել ականները»: Հետագա զարգացումների ժամանակագրությունն այսպիսին էր. գիշերվա ժամը 3-ին հեռուստատեսությամբ և ռադիոյով եթեր հեռարձակվեց արտակարգ թողարկումը: Իշխանությունները տեղեկացնում էին ստեղծված կացության և այն մասին, որ կառավարությանն առընթեր ձևավորվել է օպերատիվ շտաբ: Բալահովիտի, Աբովյան քաղաքի և մերձակա բնակավայրերի բնակիչներին առաջարկվեց շտապ կարգով լքել իրենց տները: Երևանի Արաբկիր և Սովետական շրջանների քաղաքացիներին ևս խորհուրդ տվեցին տեղափոխվել մայրաքաղաքի կենտրոն կամ ծայրահեղ դեպքում թաքնվել նկուղներում:20120521181325_foto02

Աննախադեպ աղետի լուրը կայծակի արագությամբ տարածվեց ողջ հանրապետությունով մեկ: Ոմանք նույնիսկ սկսեցին խոսել այն մասին, թե իբր պահեստներում քիմիական զենք կա: Սակայն առավոտյան ժամը 5-ին ելույթ ունեցավ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը և հերքեց այդ լուրերը` միաժամանակ տեղեկացնելով, որ մասնագետների գնահատմամբ պայթյունները կարող են շարունակվել ևս 27-30 ժամ:

Բայց սարսափելին տևողությունը չէր, այլ այն, ինչը կարող էր պատահել նույնիսկ հաշված վայրկյանների ընթացքում: Բանն այն է որ պահեստում կային զինատեսակներ, որոնց հարվածի շառավիղը մի քանի կիլոմետրի կարող էր հասնել: Բարեբախտաբար, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, դրանց պայթուցիչն առանձնացված էր եղել, հակառակ դեպքում Երևանը հազիվ թե զերծ մնար վնասներից: Ինչ վերաբերում է հրդեհի էպիկենտրոնին, ապա ականատեսներն այն նմանեցնում էին դժոխքին. կրակի ճարակ դարձած տարածքի հրավառությունը տեսանելի ու լսելի էր տասնյակ կիլոմետրերից:

Հասկանալով, որ սեփական միջոցներով անհնար կլինի կանխել աղետը, Հայաստանի իշխանություններն անմիջապես կապ հաստատեցին Մոսկվայի հետ: Նրանք դիմեցին Գենադի Բուրբուլիսին, ով այդ օրերին ՌԴ փոխվարչապետն էր, և խնդրեցին օգնել տեխնիկայով, վառելիքով, մասնագետներով: Չէին մոռացել նաև հավելել, որ ռուսները մեծ քաակությամբ պատուհանների ապակիներ առաքեին:20120521181416_foto06

Կա մի դրվաք, որն էական նշանակություն ունեցավ այդ օրերին: Հայտնի էր, որ ռուս ավիակոնստրուկտորները նախագծել էին հրդեհաշիջման համար նախատեսված ԻԼ-76  ինքնաթիռի նոր` մոդիֆիկացված տարբերակը: Եվ ստացվեց այնպես, որ ինքնաթիռի առաջին փորձարկման օբյեկտներից մեկը դարձավ հենց Բալահովիտը: Ժուկովսկու օդանավակայանում ահազանգը ստացվեց ապրիլի 9-ի առավոտյան: Կեսօրին ինքնաթիռը` փորձարկող օդաչու Իգոր Զակիրովի հրամանատարությամբ ուղղություն վերցրեց Երևան: Տեղ հասնելուն պես առաջին գործը տեղանքի հետախուզումն էր: Շուրջ մեկ ժամ տևած թռիչքը հնարավորություն տվեց պարզելու վտանգի աստիճանը և պատճառված վնասի ծավալները: Իսկ հետո սկսեցին «մարտական» թռիչքները: Ինքնաթիռը հավաքում էր ջրի անհրաժեշտ պաշարը և ուղղություն էր վերցնում դեպի Բալահովիտ: Յուրաքանչյուր թռիչքի ժամանակ 30 մետր բարձրությունից հրդեհի օջախների վրա էր լցվում 30 տոննա ջուր (նկատենք, որ նման բան արվում էր պատմության մեջ առաջին անգամ): Երկրորդ թռիչքի ժամանակ պայթյուններն ահագնացան, և օդանավի անձնակազմին հրաշքով հաջողվեց անվնաս դուրս գալ «մահվան գոտուց»: Այդպես շարունակվեց մինչև մթնելը: Երեկոյան տեղի իշխանությունները հայտարարեցին, որ հրդեհը հիմնականում մարված է ու մարդիկ շուտով կարող են վերադառնալ իրենց տները:20120521181352_foto04

Առավոտյան, երբ ուղղաթիռներով պահեստների հերթական դիտարկումն էին կատարում, տեսանելի էր, որ ռազմական ստորաբաժանումներն արդեն մուտք էին գործել տարածք և սկսվել էին հրդեհի հետևանքների վերացման աշխատանքները:

Այդ տարիներին Հայաստանի զինամթերքի ողջ պաշարը կենտրոնացված էր երեք հիմնական ռազմական պահեստներում: Դրանց քանակությունը կազմում էր շուրջ 500 վագոն: Վնասի չափը պատկերացնելու համար ասենք, որ Բալահովիտում ոչնչացավ շուրջ 143 վագոն զինամթերք: Այլ աղբյուրների վկայությամբ, 8 պահեստներից հօդս էին ցնդել 5-ը: Պայթել էր 5000 НУРС տիպի ռեակտիվ, 30 հազար զենիթային, 10 հազար տանկային ական, հազարավոր հակատանկային ականներ ու փամփուշտներ: Դրանց բեկորները տարածվել էին մինչև 7 կիլոմետր շառավղով: Ավերվել էին մի քանի տներ, 10 կմ. շառավղով հարվածի ալիքից փշրվել էին ապակիները, վիրավորվել էին տեղի 7 բնակիչ: Աղետի վայրից ու շրջակա բնակավայրերից ընդհանուր առմամբ տարհանվել էր 300 հազար մարդ:

Ինչևէ, մեծ վտանգը մնացել էր թիկունքում: Սակայն մի հարց հանգիստ չէր տալիս բոլորին. ի վերջո ինչի՞ց էր բռնկվել հրդեհը, ինչու՞ հատկապես հիմա և այդ ի՞նչ հրաշքով զորամասի անձնակազմի ոչ մի զինծառայող չէր տուժել:20120521181602_foto10

Պատահարից անմիջապես հետո սկսեցին շրջանառվել երկու հիմնական վարկածներ: Հայկական կողմը մեղադրում էր ռուսներին` ասելով, թե վերջիններս կազմակերպված կերպով ոչնչացրել են պահեստները, որպեսզի այնտեղ եղածը չանցնի ՀՀ զինված ուժերին: Իսկ ռուսներն իրենց հերթին պնդում էին, որ եղածը հայ զինյալների ձեռքի գործն է: Ասում էին, թե իբր ժամապահները լսել էին տարօրինակ ձայներ, նույնիսկ երկու անգամ նախազգուշական կրակոց էին արձակել, ինչից հետո ի պատասխան հնչել էր ավտոմատային կրակահերթը: Հենց դրանց լուսարձակող փամփուշտներից էլ բռնկվել էր հրդեհը: «Իզվեստիա» թերթն էլ ավելի հեռուն գնաց` պնդելով, թե պահեստների վրա կրակել էին նռնականետերից և խոշոր տրամաչափի զինատեսակներից:

Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին վնասների հատուցման հայց ներկայացրեցին` 1,7 միլիարդ ռուբլու չափով: Պաշտոնական Երևանը պահանջում էր, որ Ռուսաստանը Հայաստան ներկրի ճիշտ այնքան զինամթերք, որքան ոչնչացվել էր: Դեպքի առթիվ Հայոց Համազգային շարժումը հայտարարություն տարածեց, ուր ասվում էր, որ այդ խոշոր սադրանքը չէր կարող իրագործվել առանց Ռուսաստանի որոշ շրջանակների հրամանի և քաղաքական հովանավորչության:20120521181339_foto03

Հայերի բողոքից հետո շատ զարմանալի էր ռուսների պահվածքը: Նրանք, բնականաբար, չընդունեցին մեղադրանքներից և ոչ մեկը, բայց փոխհատուցում այնուամենայնիվ եղավ:

Իսկ ահա գեներալ Ֆեոդոր Ռեուտը, ով այն ժամանակ Անդրկովկասի ռուսական զորամիավորման գլխավոր հրամանատարն էր և ղեկավարում էր հրդեհաշիջման աշխատանքները, բոլորովին այլ վարկածի կողմնակիցն էր: Ահա թե ինչ է գրում նա. «Հանրապետությունում ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ այդ պահեստներում պահվող զենքը առուծախի առարկա էր: ԽՍՀՄ տարբեր վայրերում տեղակայված զորքերի` Ռուսաստանի իրավասության տակ անցնելու մասին Բորիս Ելցինի հրամանից հետո այդ պահեստներում ցանկացած պահի կարող էին հայտնվել ռևիզորներ: Իսկ նման դեպքերում ինչպե՞ս են վարվում պահեստապետերը. կրակի են մատնում ապրանքը, որպեսզի ջնջեն հետքերը… Հատկանշական է ևս մի փաստ. Անվնաս էին մնացել պահեստները հսկող հինգ ժամապահները: Նրանք նույնիսկ թեթև քերծվածք չէին ստացել…»:20120521181636_foto12

Ասվածին հավելենք այն հանգամանքը, որ պայթել էին 5 պահեստներ, որոնք մեկը մյուսի հետ որևէ կապ չունեին ու գտնվում էին տարբեր հատվածներում: Խորհրդային տարիներին ընդունված կարգի համաձայն, դրանք գետնափոր էին, պատված էին հողի հաստ շերտով, ունեին հակահրդեհային համակարգ և շանթարգելներ: Հենց այնպես, զուտ պատահականության արդյունքում դրանք ոչ մի կերպ չէին կարող վերածվել մեկ ընդհանուր հրե օջախի: Սա անհնար էր չնկատել, ինչպես որ անհնար էր չնկատել, թե ինչպես պահեստները «որոշեցին» ոչնչանալ հենց այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները դրանք հայտարարեցին իրենց սեփականությունը, իսկ ռուսական կողմը հասկացավ, որ պատերազմ մղող երկրի տարածքից օդուջրի պես անհրաժեշտ զինամթերքը դուրս բերելու հնարավորություն այլևս չունի: Փաստ էր նաև, որ այդ տարիներին Ռուսաստանի Գլխավոր շտաբը լրջորեն քննության էր առնում Հարավային Կովկասի հանրապետություններում «պայթուցիկի քանակությունը» կրճատելու հնարավորությունը: Տարբերակներից մեկը համարվում էր ռազմական պահեստների ոչնչացումը: Արդյո՞ք Բալահովիտի պայթյուններն իրագործվեցին հենց նման սցենարով: Այս մասին մենք հավանաբար երբեք չենք իմանա:

 Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ20120521181247_foto01

Իսրայելյան զենք` Ղարաբաղի ճակատում

8 Դկտ

Երբ հայ սահմանապահները ստուգում էին սպանված ադրբեջանցի դիվերսանտի իրերը, գերազանց սպառազինված զինվորի մոտ նրանք հայտնաբերեցին նաև իսրայելական արտադրության գիշերային տեսասարք, խլացուցիչով ինքնաձիգ, սառը զենք: Սակայն դրանց պատկանելիությունն առանձնապես չզարմացրեց հայկական կողմին: Վաղուց էր հայտնի, թե Իսրայելն ինչպես է հոգ տանում Ադրբեջանի բանակի հագեցվածությունն ապահովելու համար: Այնպես որ, մեզ համար մեծ անակնկալ լինել չէր կարող նաև սկանդալային Wikileaks-ի հազարավոր բացահայտումներից այն մեկը, ուր խոսք է գնում Ադրբեջանի և Իսրայելի ռազմական հարաբերությունների մասին: Բաքվում ԱՄՆ դեսպանատան խորհրդականի այդ հեռագիրում նշվում է, որ շնորհիվ Իսրայելի հետ սերտ կապերի՝ Ադրբեջանին հասանելի է դարձել սպառազինության նոր մակարդակը՝ սեփական բանակի զարգացման համար: Ադրբեջանցի դիվանագետը նաև գրում է, թե նման տեխնիկա նա չի կարող ստանալ ոչ ԱՄՆ-ից, ոչ Եվրոպայից ու ոչ էլ հետխորհրդային երկրներից տարբեր իրավական սահմանափակումների պատճառով: Իբրև ասվածի հիմնավորում, պատճառաբանվում է, որ Արևմուտքի մյուս երկրները վախենում են վերգետնյա ռազմական համակարգեր վաճառել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ չսկսելու համար, իսկ ահա Իսրայելն իրեն միանգամայն ազատ է զգում ու սիրով պատրաստ է գործարքներ կնքել և եկամուտ ստանալ հարուստ հաճախորդից:
Նախ նկատենք, որ ամերիկացի նամակագիրը չափից ավելի է խտացրել գույները և շրջանցել է ճշմարտությունն այն պարզ պատճառով, որ Բաքուն վաղուց ի վեր ակտիվ ռազմական համագործակցություն է ծավալում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Բելոռուսի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության հետ: Պաշտպանության ծախսերը մեծացնելով` Ադրբեջանն այսօր ռազմական տեխնիկա է ձեռք բերում նաև ՆԱՏՕ-ի այլ անդամներից` Գերմանիայից ու Իտալիայից: Այնպես որ, Իսրայելը սոսկ այդ ընդարձակ ցանկում հերթական գործընկեր է: Սակայն նույնիսկ այս պարագայում երկու երկրների համագործակցությունը առանձնակի ուշադրություն է պահանջում:
Իսրայելի ու Ադրբեջանի ռազմական կապն առաջին անգամ հրապարակայնորեն հաստատվեց 2008 թվականին (չնայած, ըստ որոշ աղբյուրների, նրանց հարաբերությունները սկիզբ են առել դեռևս 1990-ականների սկզբներին): Այն ժամանակ Բաքուն հեշտ ու հանգիստ և առանց ավելորդ դիմադրության համաձայնագիր ստորագրեց Իսրայելի պաշտպանության նախարարության հետ, որը նրան թույլ էր տալիս նռնականետներ, զինամթերք, ռեակտիվ հրետանի ու կապի միջոցներ ձեռք բերել: Նույն ժամանակ Իսրայելի Կնեսեթում այդ երկրի իշխանության ներկայացուցիչները կուրծք էին ծեծում` հավատացնելով, թե «Իսրայելը երբեք զենք չի մատակարարի մի երկրի, եթե դա կարող է սպառնալ հարևան երկրների անվտանգությանը»: Շատ ու շատ դժվար պիտի լինի մտածել, թե Թել Ավիվում ոչինչ չէին լսել Լեռնային Ղարաբաղի մասին և չգիտեին, որ Հայաստանը Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական վիճակում: Բայց նույնիսկ տեղեկացված լինելը չխանգարեց, որպեսզի կնքվեր հարյուրավոր միլիոն դոլարների չափով գործարքը, և Իսրայելից Ադրբեջան տեղափոխվեին Lynx համազարկային 122 մմ-անոց համակարգեր, «Սոլթամ» ընկերության արտադրության հաուբիցներ ու դրանց համար ռազմամթերք, հրթիռա-հրետանային համակարգեր, «Տադիրան» ընկերության կապի միջոցներ, մեծ հզորությամբ ու հեռահարությամբ օժտված «EXTRA» հրթիռներ և այլն, և այլն: Իսկ ընդամենը երկու ամիս առաջ տեղեկություն հրապարակվեց, որ իսրայելական Elbit Systems ընկերությունն արդիականացնելու է ադրբեջանական բանակի Т-72 տանկերը: Հիշենք նաև, որ այս տարվա սկզբներին մամուլում լրատվություն սպրդեց այն մասին, որ ադրբեջանական զինվորական պատվիրակությունը գաղտնի այցելել է Իսրայելի ռազմա-արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ ու բանակցել է երկրի ռազմական ապահովման կառույցների հետ:
Հազիվ թե գտնվի ավելի պերճախոս վկայությունն այն իրողությյան, որ Իսրայելն ակնհայտորեն փորձում է ներխուժել կովկասյան առանց այդ էլ անկայուն տարածաշրջան` իր ներկայությամբ մեծացնելով պատերազմի վերսկսման հնարավորությունը: Թել Ավիվի այս «դեպի հյուսիս» տեղաշարժերի մասին այսօր զանազան ենթադրություններ են արվում, որոնցից մեկի համաձայն էլ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ակտիվացումը կարող է պայմանավորված լինել հայ-թուրքական հարաբերություններում նշմարված փոփոխություններով, մի հանգամանք, որն անհետևանք չմնաց ու որոշակի լարվածություն հաղորդեց նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Սակայն Իսրայելում նախընտրում են դա արդարացնել սոսկ Իրանից եկող վտանգներով: Հատկանշական է, որ Իսրայելի հետ ձայն ձայնի տված, Ադրբեջանը նույնպես սկսել է Իրանը դիտարկել որպես իր անվտանգության գլխավոր սպառնալիք: Այսպես շատ հարմար է, և ցանկացած դեպքում կարելի է Արևմուտքին բացատրել, թե հատկապես դրանով է պայմանավորված երկու երկրների համագործակցությունը, առավել ևս, որ վերջիններիս կապը լուրջ դժգոհություն է հարուցել Իրանի պաշտոնական օղակներում, և Թեհրանում բացահայտորեն ու խստությամբ դատապարտում են Ալիևի իսրայելական քաղաքականությունը: Միայն թե այնքան էլ հեշտ գործ չէ մախաթը պարկում պահել ու Հայաստանի փոխարեն մատնացույց անել Իրանին: Զենքի ու ռազմամթերքի այդ ահռելի պաշարը, որ կուտակվում է Բաքվում, գործադրման մեկ հասցե կարող է ունենալ, և դա Ղարաբաղն է: Տարօրինակ է միայն, որ, ի տարբերություն Իրանի, Երևանում ու Ստեփանակերտում շարունակում են համառ լռություն պահպանել, և այդ լռությունն այս պահին ոչ մի արդարացում չունի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: