Tag Archives: Երևան

ՄԵԶ ՏԱՐ ԵՐԵՎԱՆ

14 Հկտ

— Մեզ տար Երևան:
Այսինքն մեզ տար ամենալավ տեղը, որտեղ հայրն իր զավակներին կարող է տանել: Այսինքն տար այնտեղ, որտեղ իրական պիտի դառնան ամենագունեղ ցանկությունները: Տար այնտեղ, որտեղ ամեն ինչ զարմանալի է, համեղ, նոր, սիրելի, հարազատ: Տար այնտեղ, որտեղից վերադառնալիս նրա կարոտն ենք բերում:
Եվ հայրս մեզ գյուղից տանում էր Երևան:
Ինչքան տարիներ են անցել: 30 տարի է` արդեն ես եմ ապրում Երևանում: Հայրս այլևս չկա:
Բայց հիմա էլ` ամեն օր ինքս ինձ տանում եմ Երևան, հորս, իմ, իմ որդիների, իմ թոռնիկի Երևանը:

Հովիկ Չարխչյանf56b0e6ef5bf2e_56b0e6ef5bf57.thumb

Advertisements

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է

10 Ապր

«Մշակ» թերթի 1893 թվականի 18-րդ համարում զետեղված մի փոքրիկ գրառում հազիվ թե անտարբեր թողնի նաև այսօրվա ընթերցողներին: Այնտեղ ասված է.
«Արարատյան նահանգի մայրաքաղաք Երևանը վաղուց զբաղված է նոր քաղաքագլուխ ընտրելու հարցով, բայց հարմարը չէ գտնում: Երևանի ձայնավոր և անձայն բնակիչները ամեն օր մատների վրա համրում են քաղաքագլխության հարմար քաղաքացիներին:- Էլի ոչինչ չէ դուրս գալիս: Ահա մի քաղաք, որ աղքատ է ոչ թե փողով, այլ մարդկանցով»:

Կարծես թե պատմությունը կրկնվելու վատ սովորույթ ունի:1

Երկու խոսք Երևանի մասին

25 Դկտ

Այսօրվա Երևանը նման է մի կնոջ, ում դեմքը պլաստիկ վիրահատության են ենթարկել ու հիմա նա նույնիսկ հարազատների համար է դարձել անճանաչելի: Դիմագծերը կարծես թե համաչափ են, սակայն անհետացել է նախկին հմայքը, յուրօրինակ ոգին, բացառիկ ինքնատիպությունը: Նորացող քաղաքը պարզապես վերածվել է խայտաբղետ շինությունների հավաքատեղիի՝ անկանոն, թափթփված, անճաշակ կառույցների խորդանոցի: Ու մի չարամիտ հետևողականությամբ դեռ շարունակվում է նրա դիմազրկման դիտավորությունը՝ այս անգամ էլ զանազան «նորամուծությունների», տգեղն ավելի տգեղացնելու, վատը վատթարագույն դարձնելու մոլագարությամբ: Ներկվում են խարխլված պատերը, փողոցները հեղեղվում են տձև դիզայներական իրերով, ծաղկային ու բուսական ինչ-որ սարսափազդու համադրություններով ու թվում է՝ ոչ թե քայլում ես քո սիրելի քաղաքում, այլ ընկել ես արևելյան մի փնթի շուկա, որտեղ էժանագին հնոտի ու կահկարասի են վաճառքի հանել: Բուն Երևանից սոսկ փշրանքներ են մնացել և դրանք էլ շուտով կուլ կգնան կեղծ շքեղության ու դատարկ բովանդակության երդվյալ ջատագովների «գեղագիտական» դատարկամտությանը:
Քաղաքը դարձել է ծերացած տիկին, որ անհավանական գռեհկացման աստիճան շպարվում է՝ փորձելով ետ բերել իր երիտասարդությունը, բայց դրանից դառնում է շատ ավելի վանող ու տհաճ:
Ինձ համար երբեք չի կարող լինել այնպիսի մի բաժանարար գիծ, որը պիտի տարանջատի Երևանը հնի ու նորի միջև, քանի որ նման որակումներն իրենց խորքում ունեն ոչ այնքան ժամանակային, որքան հոգևոր նախաշերտ: Քաղաքի էությունն է անփոփոխ, որքան էլ տարիներն անցնեն: Եվ երբ ինչ-որ մեկը փորձ է անում աղճատել Երևանի դիմագիծը, նա ձեռք է տալիս հենց էությանը, այլ ոչ թե հին կամ նոր շինություններին:
Մենք պիտի կարողանանք ի վերջո մայրաքաղաքն ընկալել իր համահավաք ամբողջության մեջ, գիտակցենք նրա կարևորությունը յուրաքանչյուր հայի համար, տեսնենք, որ չկա ու չի կարող լինել կռիվ անցյալի և ներկայի միջև: Ամեն բան փոփոխվում է, բայց փոփոխվում է ոչ թե ժխտման, այլ ինքնահաստատման հաշվին: Եվ Երևանն էլ պիտի նորացվի չկործանելու, այլ վերաշինման ճանապարհով: Միայն դա կարող է լինել բոլորի Երևանը, բոլոր սերունդների հարազատ տունը:a

ՄԵՂԱ ՔԵԶ, ԵՐԵՎԱՆ

9 Հկտ

… Երբ 1988-ի դեկտեմբերին ավերված Լենինականի փլատակների տակից դուրս էին գալիս հրաշքով փրկվածները ու հարցնում էին. «Երևանին հո բան չի՞ պատահել», քո սիրտը ո՞նց չէր պայթում, քաղաք, աղետյալի սիրու չափերից: Դու ո՞նց չէիր տարուբերվում, երբ այդ հարցի մեջ ավելի շատ տագնապի դող կար, քան այն դողը, որ ցնցել էր ոտքի տակի հողը:
Մեղա քեզ, Երևան, մեղա, եթե երբևէ կասկածել ենք կամ արժանի չենք եղել քո սիրո ջերմությանը: Մեղա, եթե միայն տագնապն է, որ արթնացրել է մեր ներսի բովանդակ գորովը:

Հովիկ Չարխչյանarmenia

ԵՐԱՆԻ ՁԵԶ

9 Հկտ

1921 թվականի գիշերը Երևանի խարխուլ տներից մեկում մեռնում էր բանաստեղծը: Անկողնում մոտ նստած հուսահատ կինը այլևս ոչինչ չէր կարող անել նրան փրկելու համար: Թշվառ, քաղցած, ավեր երկրում ու՞մ հոգսն էր մահամերձ պոետը, երբ ամեն օր քաղաքի փողոցներից տասնյակ անշնչացած մարմիններ էին հավաքում:
Այդ գիշեր ոչ ոք չէր լսելու Գառնիկ Քալաշյան անունով բանաստեղծի նվաղուն, մարող ձայնը: Բայց նա խոսում էր մութ քաղաքի հետ ու գիտեր, որ մի օր, երբ կբացվի լույսը, այդ խոսքերը արձագանք կտան ժամանակների մեջ ու մենք կլսենք մեռնողի վերջին երանին.
Երանի ձեզ, որ պիտի գաք
Մեզնից ուրախ, մեզնից խնդուն,
Մենք մեր տան մեջ օտար եղանք,
Դուք տիրաբար մտեք մեր տուն…
Երանի ձեզ, մեր տուն Երևանի բնակիչներ: Երանի ձեզ, որ դեռ ունեք ժամանակ ձեր տուն տիրաբար մտնելու համար:

Հովիկ Չարխչյանyerevan-1930-rubeni-po

ՈՐՏԵ՞Ղ Է «ԵՐԵՎԱՆ» ԵՐԿՆԱՔԱՐԸ

12 Մյս

Անհանգիստ երկինքն անհանգիստ է բոլորի համար: Նա հաճախ է մեզ անականկալներ մատուցում, երբեմն էլ՝ առեղծվածներ, և հիմա մեր պատմությունն այդ առեղծվածներից մեկի մասին է: Իսկ պատմությունն ասում է, որ անցյալ դարասկզբին Երևանի մերձակայքում մի խոշոր երկնաքար ընկավ: Ավելի մանրամասն վկայություններ, ցավոք, չկան: Ըստ տեղեկությունների, երկնաքարը ընկել է 1911 թվականին (որոշ աղբյուրների համաձայն` 1912 թ.): Այն շատ հազվագյուտ տեսակներից էր` ախոնդրիտ: Եվ այնուհետև դրա հետքերը ջնջվում են` մնալով միայն այն մարդկանց հիշողության մեջ, որոնց բախտ էր վիճակվել տեսնել երկնային այդ շիկացած եկվորի բախումը երկրին: Տիեզերքի անսահման տարածությունները կտրած մարմինը եկավ, ընկավ Երևանի մերձակայքում ու… անհետացավ: Եվ երևի թե այսքանով էլ պիտի ավարտվեր նրա մասին պատմությունը, եթե երջանիկ պատահականությունը վերստին առիթ չտար հիշելու ու լույս աշխարհ հանելու տիեզերքից եկած քարաբեկորը:

Դա կատարվեց ավելի քան 41 տարի առաջ` 1975 թ. փետրվարին: Այդ օրերին ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում մի հոդված տպագրվեց «Գտիր քո երկնաքարը» վերտառությամբ: Հոդվածում հեղինակը քաղաքացիներին կոչ էր անում թերթին հաղորդել այն բոլոր դեպքերի մասին, երբ նրանք երկնաքարերի անկման ականատեսը կլինեն կամ կգտնեն նման քարեր: Ահա հենց այդ հոդվածն էր, որ ընթերցեց նաև Սամարա քաղաքում բնակվող լեռնային ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վ. Ա. Պետրոսյանը: Ու հենց նույն օրը նա նստեց` նամակ գրելու «Կոմսոմոլսակայա պրավդայի» խմբագրությանը: Նամակում ասվում էր. «1912 թվականին իմ հորն է փոխանցվել մի ինչ-որ բան, որ երկնքից էր ընկել, ամենայն հավանականությամբ` երկնաքար: Դրա ամբողջ արտաքին մասը հալված է, իսկ գորշ-մոխրագույն կտրվածքներում առկա են առավել մուգ և լուսավոր բծեր»:

Այնուհետև ի հայտ եկան նոր մանրամասներ՝ լույս սփռելով «Երևան» երկնաքարի հետագա ճակատագրի վրա: Երբ քարը հանձնել էին նրա հորը, Պետրոսյանն այդ ժամանակ ընդամենը 7 տարեկան էր և շատ ու շատ կարևոր դրվագներ մտապահել չէր կարող: Սակայն ավելի ուշ՝ 1928 թվականին նա որոշում է քարից մի բեկոր սղոցել ու հանձնել մասնագետներին: Ստացվում է այնպես, որ առաջին բեկորը նա տալիս է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտի երկրաբանության ամբիոնին: Տարիներ անց, երբ անհրաժեշտություն առաջացավ հստակեցնել դրա գտնվելու ստույգ վայրը և այդ նպատակով Բաքվին մի քանի հարցումներ առաքվեցին, երկնաքարի այդ կտորն այդպես էլ հայտնաբերել չհաջողվեց: Քարն անհետացել էր:

1960 թվականին Պետրոսյանը երկնաքարի երկրորդ կտորը սղոցեց և այս անգամ դա հանձնեց Կույբիշև քաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտի երկրաբանության ամբիոնին: Այն  կշռում էր 68.5 գրամ: Բայց շատ չանցած՝ թանկարժեք բեռը հետ ուղարկեցին նրան, քանի որ տեղում երկնաքարերի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ չկային: Մնում էր միայն մի տարբերակ՝ գտնել ուրիշ հասցեատեր: Եվ «Երևան» երկնաքարի երկրորդ հատվածն այս անգամ ուղղություն վերցրեց դեպի Մոսկվա: Կան հստակ վկայություններ, որ 1975 թվականի ապրիլին երկնաքարն արդեն Մոսկվայում էր՝ Գիտությունների ակադեմիայի երկնաքարերի ուսումնասիրման կոմիտեում (КМЕТ):

Այս պատմության երրորդ դրվագն արդեն վերաբերում է մեզ, քանի որ 1975 թվականին՝ «Կոմսոմոլսկայա պրավդային» նամակ գրելուց հետո Վ. Պետրոսյանը որոշում է երկնաքարի երրորդ կտորը (38, 7 գ) տրամադրել Հայաստանի գիտությունների ակադեմիայի երկրագիտության թանգարանին: Երկարատև բաժանումից հետո քարը վերադառնում էր այնտեղ, որտեղից գտնվել էր: Միայն թե այս անգամ էլ հանգուցալուծումը չդարձավ այնպիսին, ինչպես կարելի էր ակնկալել: Քարը կրկին անհետացավ:

Թանգարանին արված հարցմանն ի պատասխան տեղեկացվում է, որ իրենց մոտ «Երևան» երկնաքարի բեկորը չկա: Ճիշտ է, այնտեղ պահվում են այլ երկնաքարեր, որոնցից ամենանշանավորը Սիխոտե-Ալինյան երկնաքարն է, սակայն «Երևանի» մասին նրանք տեղեկություն չունեն: Ստացվում է այնպես, որ առայժմ միակ վայրը, որտեղ կարելի է տեսնել նշանավոր քարի շոշափելի հատվածը, մնում է Մոսկվան: Իսկ մենք առայժմ կարող ենք  բավարարվել ընդամենը դրա լուսանկարներով: Պահպանվել է մի լուսանկար, որտեղ երևում է «Երևան» երկնաքարն՝ իր ամբողջական տեսքով: Մասնագիտական գնահատականներով, երկնաքարը սկզբնապես եղել է 5 х 6 х 7 սմ, այսինքն՝ գրեթե բռունցքի չափ: Ենթադրություններ կան, որ նրա ծավալը կազմել է 500 ± 100 գրամ: Երկրորդ լուսանկարը ներկայացնում է մոսկովյան բեկորի սղոցված ու ողորկ կողմը:

Հուսանք, որ մի օր, այնուամենայնիվ, որևէ վայրում՝ մասնավոր հավաքածուում կամ օտար երկրում կրկին լույս աշխարհ կգա մեր մայրաքաղաքի անունը կրող երկնաքարը և նրա մասին կիմանանք ավելին, քան հայտնի է այսօր:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Метеорит Ереван

шлиф Ереванского метеорита.

 

Անծանոթ Երևան

12 Մյս

Անծանոթ Երևան: Կիևյան 7 հասցեի գրողների տունը:

 

http://www.armlook.com/episode/atv/antsanot-yerevan/episode-37/5496

Լև Տոլստոյի դուստրը՝ հայկական գեհենում

5 Մյս

Անցյալը սիրում է անակնկալ հանդիպումներ մատուցել: Եվ պատմության էջերը թերթելիս ամենաանսպասելի առնչությունները հաճախ են պատահում: Դրանցից մեկի մասին էլ ուզում ենք այսօր պատմել, առավել ևս, որ խոսքն այս անգամ ռուս մեծ գրող Լև Տոլստոյի կրտսեր դստեր՝ Ալեքսանդրիայի մասին է: Քչերին է հայտնի, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա իբրև կամավոր գթության քույր՝ մեկնել է Կովկասյան ռազմաճակատ և տևական ժամանակ ապրել ու աշխատել է Հայաստանում:

1914 թվականին Ալեքսանդրիա Տոլստայան, իր բազմաթիվ հայրենակիցների նման, նետվեց պատերազմական իրադարձությունների գիրկը՝ ունենալով մեկ գլխավոր ցանկություն՝ ինչ-որ կերպ ծառայել հայրենիքին, մասնակից դառնալ համընդհանուր օգնությանը: Եվ 30-ամյա բարձրաշխարհիկ տիկինը, ով ազատամիտ հայացքների տեր լինելուց զատ՝ ուներ նաև պատկառելի կարողություն ու կապեր, մտադրվեց այդ միջոցներն ու իր գիտելիքները ներդնել մի ծրագրում, որի նպատակն էր՝ բժշկական օգնություն ցուցաբերել վիրավորներին ու պատերազմական գոտու բնակչությանը:

Առանց հապաղումի նա անհրաժեշտ պատրաստություն տեսավ և շուտով համախոհների մի ոչ մեծ խմբի հետ մեկնեց Կովկաս: 1914-ի վերջին նա արդեն Թիֆլիսում էր: Այդ օրերին իր քույր Տատյանային Ալեքսանդրիան գրում էր. «Մենք երեք բժիշկներով ընտրել ենք Երևան-Իգդիր ուղղությունը՝ պարսկական սահմանի մոտ: Այդ ուղղությամբ ընդհանրապես օգնություն չկա և մոլեգնում են համաճարակները՝ տիֆը, ջրծաղիկը և գլխավորը՝ մալարիան: Այնտեղ ճանապարհ չկա: Հազիվ-հազիվ տեղ են հասնում ուղտերով»:

Թիֆլիսից Ալեքսանդրիան ուղևորվում է ձիով: Ի դեպ, նրա նժույգի անունը Ալագյազ էր: Հասնում են Երևան, կարճ դադարից հետո կրկին շարունակում են ճանապարհը: Եվ արդեն 1915 թվականի հունվարի 20-ին եղբորը՝ Սերգեյին հասցեագրված նամակում նա տեղեկացնում էր. «Քեզ գրում եմ Իգդիր բնակավայրից, գրեթե Թուրքիայի ու Պարսկաստանի սահմանի մոտ, որ գտնվում է Արարատի լանջին»:

Հենց այստեղ էլ Տոլստոյի դուստրը, որ մինչ այդ մարդկային մեծագույն տառապանքների, պատերազմի արհավիրքների ու սարսափների մասին միայն գրքերում էր կարդացել, առաջին անգամ բախվում է դաժան իրականությանը: Առանձնապես տեղաբնակ ու գաղթական հայերի վիճակը նրա վրա ծանր ազդեցություն է գործում: Իր փետրվարյան գրառումներից մեկում Տոլստայան նշում էր. «Այդ մարդիկ թողնում են սարսափելի, ճնշող տպավորություն… Ինձ երբևէ չի վիճակվել տեսնել նման տառապանք: Մարդիկ զրկվել են ոչ միայն իրենց ընտանիքներից, մտերիմներից, հարազատներից, նրանք զրկվել են իրենց օջախներից, ունեցվածքից, զրկվել են ամեն ինչից»:

Մի որոշ ժամանակ Իգդիրում մնալուց և տեղի դաշտային հոսպիտալում աշխատելուց հետո նույն տարվա գարնանը լուրեր են հասնում, որ Վանում սկսվել են ինքնապաշտպանական կռիվներ, կան մեծ թվով վիրավորներ, բնակչության շրջանում համաճարակներ են տարածվում, իսկ տեղում միակ ամերիկացի բժիշկ-միսիոներն ի վիճակի չէր սպասարկել բոլոր հիվանդներին: Որոշում է կայացվում Ալեքսանդրիա Լվովնային մի փոքրիկ ջոկատի հետ գործուղել այնտեղ:

Մինչ Վան ուղևորվելը մեծ գրողի դուստրը գնում է Երևան՝ ձեռք բերելու անհրաժեշտ դեղքրայք և բժշկական գործիքներ: Իր հուշերի գրքում նա պատմում է, թե Իգդիրից հետո Երևանն ինչպիսի տպավորություն է գործել. «Շատ ուրախալի էր կրկին քաղաքակիրթ աշխարհ ընկնելը՝ ավտոմոբիլներ, էլեկտրականություն, լավ ռեստորան: Ու կարծես թե մենք այստեղ փոքր-ինչ ավելի մնացինք, քան պետք էր»:

Բայց փոքրիկ դրախտը երկար չի տևում: Առջևում նրանց էր սպասում հայկական գեհենը: Վանը հոգեկան մեծ ցնցում է պատճառում Ալեքսանդրիային: Նա ստիպված էր այստեղ բժշկական օգնություն ցուցաբերել ինչպես՝ հայերին, այնպես էլ՝ թուրքերին ու քրդերին, լսել ու ականատեսը դառնալ ինչպես՝ հերոսական, այնպես էլ՝ դաժան ու անմարդկային իրադարձությունների:

Դժբախտաբար, Վանում երկար աշխատել չի հաջողվում: Նրա երկու գործընկեր ուսանողները վարակվում են տիֆով: Որոշ ժամանակ անց հիվանդանում է նաև Ալեքսանդրիան: Երեքին էլ բուժվելու համար տեղափոխում են Երևան: Մի փոքր կազդուրվելուց հետո խումբը մեկնում է Ռուսաստան:

Այդ օրերից հրաշքով պահպանվել են երկու լուսանկարներ: Առաջին նկարում Ալեքսանդրիա Տոստայան և նրա երկու ուղեկիցներն են՝ Երևանի հոսպիտալում: Երկրորդ լուսանկարն արվել է Արևմտյան Հայաստանում, 1915 թվականին: Խմբակային նկարում Տոլստայան դաշտային հոսպիտալի բժիշկների ու աշխատակիցների հետ է:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

տոլստոյի դուստրը երևանի հոսպիտալում, տիֆով հիվանդ զինվորի մոտ

տոլստայան դածտային հոսպիտալի աշխատակիցների հետ արևմտյան հայաստան 1915

Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան

12 Փտր

«Հին Երևան» նախագիծն այլ բան չէ, քան թատերական դեկորացիա, արհեստածին կահավորանք, տեսողական խաբկանք, որն ընդհանուր ոչինչ ունենալ չի կարող իրական պատկերի հետ: Քաղաքի պատմական շերտը չեն հորինում և ոչ էլ թքում-կպցնում են: Այն կամ կա, կամ չկա: Եղել է հին Երևանը, եղել է անկրկնելի ու ինքնատիպ: Հիմա այն ջնջված է: Եվ այդ բացակայությունը քողարկելու մտադրությամբ ավերակների բեկորներից դիմանկար ստեղծելու փորձերը, մեղմ ասած, այնքան էլ բարոյական ու ազնիվ չեն: Օրինակ, երբ ասում ենք «գիրք», նկատի ունենք ոչ թե շապիկը, այլ բովանդակությունը: Հիմա նույնը բանն է «Հին Երևան» նախագիծը: Դա շապիկ է առանց բովանդակության: Դա բարբարոսության պարտակում է գույնզգույն փաթեթավորման մեջ: Պատմությունը պետք է պահպանել այն միջավայրում, որտեղ նա ստեղծվել է: Սա անվիճարկելի պրակտիկա է, որ գործում է աշխարհի բոլոր անկյուններում: Հնագետներն ու մշակութաբանները կհաստատեն խոսքերս, որ պատմական հուշարձանի նույնիսկ մի քարը չի կարելի տեղափոխել իր նախնական վայրից, էլ ուր մնաց, թե ամբողջական շինություններ:

Ինչ վերաբերում է հնի ու նորի հակադրմանը, ապա սա ևս ախտածին մտայնություն է: Չի կարող մեկի գոյությունը պայմանավորված լինել մյուսի վախճանով: Ինչպես որ նույն ընտանիքում հաշտ ու համերաշխ ապրում են ծերունին ու երեխան, այնպես էլ քաղաքում լիակատար ներդաշնակությամբ կարող են կողք-կողքի գոյատևել պատմականն ու արդին»:

Աղբյուր` Panorama.amf56bc261e66931_56bc261e66974.thumb

Երեւան. ինչո՞ւ ենք ուզում ազատվել հին շենքերից

4 Փտր

-Ի՞նչ եք մտածում այսօրվա Երեւանի ճարտարապետական տեսքի, դիմագծի մասին, ինչո՞ւ ենք ուզում ազատվել հին շենքերից, կառուցո՞ւմ, թե՞ քանդում ենք քաղաքը:

Հովիկ Չարխչյան, գրականագետՄայրաքաղաքն այսպես կոչված հին շինություններից ազատելու փաստերը մեծամասամբ այլ անուն չունեն, քան պարզագույն բարբարոսություն: Ամեն կարգի հիմնավորումները, որ հնչեցվում են պատասխանատու կառույցների կողմից, ոչ իրավական, ոչ մասնագիտական եւ ոչ էլ բարոյական ատաղձ ունեն: Աշխարհում չկա այնպիսի մի կարգ, օրենք ու պատճառաբանություն, որը կարդարացնի պատմության ոչնչացումը:

Ոչ ոք երբեք չի ընդդիմացել քաղաքի նորօրյա դիմագիծը ձեւավորելու եւ կառուցապատման ծավալներն ընդլայնելու քայլերին: Երեւանն, ինչպես աշխարհի բոլոր քաղաքները, պիտի նորանա ու զարգանա: Սակայն նորը ոչ մի կերպ չի նշանակում հնի ոչնչացում: Արդիականը չի բացառում հնագույնը: Ներկան անցյալի թշնամին չէ:

Հակառակ պարագայում ու՞ր պիտի առաջնորդի այդ տրամաբանությունը: Համատարած արդիականացմա՞ն: Եկեք ուրեմն հողին հավասարեցնենք Էրեբունու միջնաբերդը եւ տեղում մի շքեղ հյուրանոց կառուցենք: Կամ եկեք ասենք, որ Կարմիր բլուրի տարածքը շատ հարմար է տեղում առեւտրի կենտրոն հիմնելու համար ու այդ գոտին մաքրենք հազարամյա քարակույտերից: Ի վերջո, ինչպես ճարտարապետ Իգիթյանը կասեր, դրանք «սարայ»-ից էլ վատն են:

Ահա հենց այս «ցախանոցային» մտածողությամբ էլ եկանք-հասանք նրան, որ 2004 թ. հոկտեմբերի 7-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից հաստատվեց Երեւան քաղաքի պատմական հուշարձանների պետական ցանկը: Եվ հանկարծ պարզվեց, որ բազմաթիվ շինություններ, որոնք խորհրդային տարիներին համարվել էին մշակույթի եւ պատմության հուշարձան, անկախության շրջանում ինչ-որ մի հրաշքով դադարեցին լինել այդպիսին: Իսկ հետո կատարվեց ավելի վատը. հուշարձան լինելու հանգամանքն այլեւս կարեւոր չէր, քանի որ հրապարակ եկավ նորին գերազանցության «հանրային գերակա շահ» թեզը: Հիմա այդ թեզի անվան տակ ջնջվում է մի ամբողջ մշակութային շերտ, հիշատակներ ու անուններ, դիմագիծ ու կոլորիտ:

Երեւանի պատմական միջավայրի ամեն պոկված քարի թիկունքում մի հանցագործ է նստած: Ամեն փլուզված պատ մի վանդալի ձեռքի գործ է: Ամեն կործանված պատմական շինություն մի շահամոլի չարանենգ արարք է:

Ուրեմն պիտի պատիժն անխուսափելի լինի: Պատիժը վերք չի բուժում, բայց սթափեցնում է անպատկառներին»:

Հարցազրույցը՝ Մարինե Մարտիրոսյանի, hetq.am

http://hetq.am/arm/news/65472/erevan-inchu-enq-uzum-azatvel-hin-shenqeric.html59324

Հին ու նոր քաղաքը

29 Դկտ

Շիշմանյանի «Երևանը»

8 Օգս

Նշանավոր նկարիչ Ռաֆայել Շիշմանյանի այս կտավում Երևանն է, օպերայի շենքի շրջակայքը: 1950 թվականին ստեղծված նկարը բավականին անսպասելի մանրամասներ է բացահայտում: Նարիչը 1947-ին երբ տեղափոխվում է Հայաստան, Մարտիրոս Սարյանի հետ շրջում է Երևանում, Հայաստանի տարբեր վայրերում, Գաբրիել Գյուրջյանի շրջիկ արվեստանոցի անդամների հետ լինում է հանրապետության գրեթե բոլոր գեղատեսիլ վայրերում… Այս շրջագայություններից ծնվում են «Բնանկար. Գորիս», «Հին Գորիսի ընդհանուր տեսարանը», «Գյումուշգեսի ամբարտակը», «Օպերային թատրոնի շենքը. Երևան», «Կոլտնտեսության դեզերը. Աշտարակ», «Քասախի հին կամուրջը», «Պիոներական ճամբարի առավոտը. Ծաղկաձոր» և բազմաթիվ այլ արժեքավոր գործեր :Ռաֆայել Շիշմանյան

Ռիխտերի «Երևանը»

7 Օգս

Հանրաճանաչ երաժիշտ և դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերը նաև բավականին լավ նկարիչ էր: Իսկ նրա կտավներից մեկը կոչվում է «Երևան»: Պետք է ենթադրել, որ Ռիխտերն այն նկարել է 1953-ին, երբ հյուրախաղերի էր եկել մեր մայրաքաղաք:Ереван (С. Рихтер) 1953

ԻԼ-18-Ի ԱՌԱՋԻՆ ՎԱՅՐԷՋՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2 Հլս

1961 թվականի հուլիսի 1-ին Երևանի օդանավակայանում առաջին անգամ վայրէջք կատարեց Իլ-18 ինքնաթիռը: Հայկական ավիացիայի պատմության մեջ դա նշանակալի իրադարձություն էր: Ինքնաթիռին, անձնակազմին և առաջին ուղևորներին դիմավորելու էին եկել հարյուրավոր քաղաքացիներ՝ ծաղկեփնջերով, փողային նվագախմբով: Բարեբախտաբար, պահպանվել է լուսանկարների հրաշալի մի շարք, որը պատկերում է այդ հիշարժան օրվա դրվագները: Լուսանկարները պահվում են Հայաստանի ավիացիայի թանգարանում:0_10d8df_8224cff0_XXL 0_10d8e0_3175a44c_XXL 0_10d8e1_f26066e1_XXL

The Aviation Museum of Armenia

The Aviation Museum of Armenia

0_10d8e3_24681a1a_XXL 0_10d8e6_c06c7cfc_XXL 0_10d8e7_4f741c4e_XXL 0_10d8e8_460d62f2_XXL

The Aviation Museum of Armenia

The Aviation Museum of Armenia

0_10d8f4_e8e9434a_XXL

ԵՐԵՎԱՆԻ ՓՈԹՈՐԻԿԸ

2 Հնս

(Վահան Թոթովենցի նամակը կնոջը՝ Լուսիկին)

… Քիչ անց երկինքը կապարացավ: Բնազդմամբ շտապեցի տուն, մինչ հասա՝ մթնեց, մթնեց գրեթե վայրկենապես: Սկսվեց աշխարհի կործանումը: Ի~նչ փոթորիկ, ի~նչ իրարանցում, ինչ ապակիների կոտրվել, ինչ աղաղակներ քաղաքում՝ երևակայել չի կարելի: Խելք արի՝ Լևիկի արևածաղիկները փշալարին կապելու, որ չկոտրվեն: Այնպիսի մի փայլակ էր խփում, որ ցերեկվա պես լուսավորում էր, և տեսնում էիր մարդկանց ահաբեկված դեմքերը:
Սկսվեց անձրև: Կյանքումդ այդպես անձրև չես տեսել: Ես փակել էի լուսամուտները, բայց ստիպված եղա հաշտի դռների ետև բան դնել, որ քամին չկոտրի: Հաշտի կտուրը ծակվեց և սկսեց հեղեղի նման թափվել: Եթե տուն եկած չլինեի՝ ձեռագիրներս բոլորը գնացել էին, որովհետև առավոտ և երեկո հաշտի սեղանի վրա էի աշխատում և այնտեղ էլ դրել էի, հեղեղը թափվեց հենց սեղանի վրա, հիշում ես, որ դարակում էլ ձեռագրեր և կարևոր թղթեր ունենք: Իհարկե փրկեցի: Անձրևը տևեց մինչև ժամը 12, բայց էլեկտրական լույսը հանգեց, մութի մեջ նստած սպասում էի, թե ե՞րբ է կործանվելու աշխարհը: Իհարկե, աշխարհի կործանման չէի ափսոսում, այլ սոցիալիզմը կիսատ էր մնում:
Մութի մեջ, կայծակ, անձրև, փոթորիկ, երկնքի ոռնոց, քաղաքից միայն լսվում էր հրշեջ խմբի սուլոցը, ուրիշ ոչինչ:
Առավոտյան բոլոր տրոտուարների վրա ապակի էր, բյուրավոր լուսամուտներ էին ջարդվել: Այդ բոլորի մասին մեր թերթը ոչինչ չգրեց: Ի՞նչ է գրում, գրում է, որ այսինչ կոլտնտեսությունը լողացրեց եզները: Լուր է…

15 հուլիսի, 1934 թ.
Երևան:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 80

ԵՐԵՎԱՆԻ ՄԵԾ ՋՐՀԵՂԵՂԸ

25 Մյս

Եթե առիթ եք ունեցել զբոսնելու մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու` Կամերային երաժշտության տանը հարող հատվածում, ապա անկասկած տեսած կլինեք մերձակա ծառերի տակ շարված հսկա քարաբեկորները: Առաջին հայացքից` դրանք կարող են այգու յուրօրինակ ձևավորման տպավորություն թողնել: Սակայն տարեց երևանցիները կհուշեն, որ գեղագիտական ոճավորումն այստեղ ոչ մի կապ չունի, և այդ խոշոր քարերի լուռ ներկայությունը վերջին հիշողությունն է, որ մնացել է Երևանի մեծ ջրհեղեղից:
Փոքրիկ Գետառի անսպասելի վարարումի և խոշոր ավերածությունների մասին բազմաթիվ պատմություններ են շրջանառվում` հավաստի ու անհավանական: Դրանք մինչ օրս էլ հնչում են իբրև առասպել` գունազարդումներով, պատումների բազմազանությամբ, իսկ ոմանք նույնիսկ երգ էին հորինել արհավիրքի մասին.

Մայիսի 25-ին, գիշերվա իննին
Գետառը պայթեց, 
քաղաքը լցվեց:
Լցրեք, ընկերներ, վեդրոները լի,
Ջրերը հանենք մեր 
պադվալներից…

Մինչդեռ իրականությունը շատ ավելի դաժան էր և բոլորովին նման չէր ուրախ երգի:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100
1946 թվականի Երևանն ապրում էր հետպատերազմյան գարնան հոգսերով: Թեև պատերազմն ավարտվել էր, բայց բոլորը չէ, որ զորացրվել էին, և քաղաքի ամենօրյա խոսակցությունների գլխավոր նյութը շարունակում էր մնալ տղամարդկանց սպասվող վերադարձը:

Մեծ կորուստների ցավը դեռ չէր սպիացել, դժվարություններն անսահման էին, սննդի ու առաջին անհրաժեշտության իրերի պակաս կար: Եվ միայն գալիք լավ ժամանակների հույսն էր, որ ուժ էր տալիս ու ապրեցնում էր մարդկանց:

Ահա այդպիսի մի օր էր նաև մայիսի 25-ը, մինչև այն պահը, երբ երեկոյան անձրև սկսվեց ու քիչ անց վերածվեց տեղատարափի: Գարնանային առատ տեղումները նոր բան չէին, և քաղաքացիներն անհանգստության լուրջ պատճառներ չունեին: Սակայն ժամը 20։30-ի սահմաններում սկսեցին տագնապալի լուրեր հասնել այն մասին, որ Գետառը վարարել, դուրս է եկել իր ափերից, փլուզել է բոլոր պատնեշներն ու հոսում է դեպի մայրաքաղաք:

Հետագայում մասնագետներին պիտի ապշեցներ այն արագությունը, որով ձևավորվել էր լեռնային հոսքերի պաշարը և ահռելի ալիքի պես փշրվել Երևանի վրա: Կատարված հաշվարկների համաձայն` տարերքի ամենաբուռն պահին հոսքը կազմել էր 150-200 խմ/վայրկյան:Getar-Hovik-5

Հենց առաջին րոպեներից ջրերի խորությունը հասավ իր առավելագույն բարձրությանն ու չնվազեց հետագա երկու ժամերի ընթացքում: Ահա թե ինչ է գրում ռուս երկրաբաններից մեկը Երևանի հեղեղի մասին. «1946 թվականի մայիսի 25-ին Երևանով հոսող Գետառը բերեց բացառապես սելավային հեղեղ` իր ծավալներով գերազանցելով վերջին 30-40 տարիներին արձանագրված բոլոր ջրհեղեղները: Քաղաք լցված սելավի ընդհանուր ծավալը կազմում էր կես միլիոն խորանարդ մետր, ինչը նշանակում է, որ հեղեղված յուրաքանչյուր քառակուսի մետրին բաժին էր ընկել 380 կիլոգրամ տիղմ ու քար: Իսկ ընդհանրապես լեռներից Երևան էր հասել 60 հազար խորանարդ մետր ապարային մասսա»:

Լույսերն անջատվեցին: Քաղաքը թաղվեց մթության մեջ: Մարդիկ դուրս բերեցին լամպերն ու մոմերը:

Հոսանքն արագորեն ծածկում էր քաղաքի փողոցները` իր հետ բերելով այն ամենը, ինչ հանդիպել էր ճանապարհին: Մեկը մյուսի ետևից փլուզվում էին հողաշեն տները: Ավերվեց Գետառի հայտնի կամուրջը: Գլխավոր փողոցների բազմահարկ շենքերի նկուղներն ու առաջին հարկերը կուլ գնացին պղտոր ջրերին: Բայց ալիքը կանգ չէր առնում: Ոմանք բարձրացան տանիքները, մյուսները հեղեղի ծուղակից դուրս պրծնելու ճանապարհներ էին որոնում:Getar-Hovik-2

Սրբվել էին տրամվայի գծերը, ավերվել էին մայթերը, սալահատակ ու ասֆալտապատ ճանապարհները, արմատախիլ էին արվել ծառերը, էլեկտրասյուները, փողոցներում կայանած մեքենաները վերածվել էին անճանաչելի մետաղե ջարդոնների: Առանձնապես խոշոր ավերածություններ էին գրանցվել քաղաքի կենտրոնական և արևելյան հատվածներում:

Հայտնի կոմպոզիտոր և երաժշտագետ Ծովակ Համբարձումյանն իր հուշերում գրել է. «Երեկոյան ժամը 8-ի սահմաններում էր: Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում (որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Երաժշտական կոմեդիայի թատրոնի տեղում) դիտում էի «Ֆրաու Ինգրիդը` Էստրոտից» ներկայացումը, երբ երկրորդ գործողության կեսին մեկեն բեմի թիթեղյա տանիքը սկսեց ուժգին ու աղմկալի թմբկահարվել նախ` առատ տեղացած կարկուտի հարվածներից, ապա` շուրջ կես ժամ տևած հորդառատ անձրևից:

Հանդիսականներով լեփ-լեցուն դահլիճում ո՞վ կարող էր կռահել, որ դրսում, քաղաքի հատկապես հյուսիս-արևելյան տարածքում, բառացիորեն արդեն մոլեգնում էր ջրհեղեղը… Երբ դուրս եկա թատրոնից և փորձեցի Աբովյան փողոցի սկզբնամասով վերադառնալ, ապշեցի, որ փողոցով դեպի հրապարակ է հորդում մի գետ, որի երկու «ափերին» մեկ հարկանի շենքերի կտուրներին ծվարել էին տվյալ շենքերի նկուղներում ապրող բնակիչները, հեղեղից մազապուրծ փրկված պատահական անցորդները: Փողոցներում դժոխային մութ էր, ոչինչ չէր երևում…»:

Ականատեսները պատմում էին, որ ջրածածկ էին եղել բոլոր այն տները, որոնք գտնվում էին ներկայիս Շախմատի տնից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում: Ալավերդյան փողոցն ամբողջապես թաղված էր ցեխի հաստ շերտի տակ: Ջրերը հասել էին մինչև հրապարակ: Ուժգին հոսքից փլուզվել էր Անատոմիկումի մասնաշենքը: Դա սարսափելի տեսարան էր: Բժշկական գույքի հետ դուրս էին լողացել նաև մարդկային դիակները:

Ահավոր տեղեկություններ էին հասնում քաղաքից դուրս գտնվող ռազմագերիների ճամբարից: Ըստ լուրերի, երբ հեղեղը հասել էր բարաքներին, գերիները դուրս էին նետվել ու փորձել էին անցնել փշալարե ցանկապատը: Բայց դիտակետերում կանգնած զինվորականները կրակ էին բացել փախչողների վրա:Getar-Hovik-4

Դառը ճակատագրի էին արժանացել Կենդանաբանական այգու բնակիչները: Պատմում էին, որ ներկայիս «Այրարատ» կինոթատրոնի տարածքը, որն այդ տարիներին ծառայում էր իբրև բացօթյա շուկա, գիշերը լցվել էր Գետառի բերած անշնչացած կենդանիների դիակներով:

Ծանր փորձություն էր վիճակվել նաև մայրաքաղաքում և հարակից տարածքներում տեղակայված զորամասերին: Այդ գիշեր զինվորականներից մեկի հարսանիքն էր, և ողջ հրամանատարությունը հավաքվել էր խնջույքի վայրում: Կերուխումի ամենաթունդ պահին սկսում է աղմկել հեռախոսը: Տագնապալի լուրեր են գալիս բոլոր կողմերից, սակայն ճանապարհները փակ էին, իրավիճակն` անհասկանալի, և որևէ հստակ կարգադրություն հնչեցնել պարզապես հնարավոր չէր: (Հեղեղից հետո նորապսակներին պիտի հիշեցնեին հայերի այն հավատալիքը, թե մայիսին չի կարելի հարսանիք անել. ինչպես ասում են` «մայիս-վայիս»…):

Յուրաքանչյուր ծայրահեղ իրավիճակ նաև իր հերոսներն է ծնում: 1946-ի մայիսին Երևանում նույնպես քիչ չէին նրանք, ովքեր վտանգելով իրենց կյանքը` փրկում էին աղետյալներին: Մարդկանց հիշողության մեջ հատկապես թարմ է մնացել «Դինամո» մարզական ընկերության աշխատակից, ծանրամարտիկ Ռուբեն Մանուկյանի անունը: Նրա մասին պատմում են, որ տեսնելով, թե ինչպես է հեղեղը քշում մի հնգամյա երեխայի, անմիջապես նետվել է ալիքների մեջ ու անվնաս դուրս է բերել փոքրիկին:

Մղձավանջային իրարանցման ու քաոսային տենդի մեջ հայտնված Երևանն աննկարագրելի ճիգեր էր գործադրում` աղետից փրկվելու համար, երբ կեսգիշերն անց հոսքը մեղմվեց, իսկ այնուհետև ջրերը սկսեցին հոսել Գետառի հունով այնպիսի հանգստությամբ, ասես արտասովոր ոչինչ էլ չէր կատարվել: Վնասների իրական ծավալների մասին այն տարիներին հրապարակումներ չեղան: Զոհերի մասին` ևս: Սակայն լռության թիկունքում ողբերգությունը չես թաքցնի: Այսօր արդեն մի շարք աղբյուրներում նշվում է, որ 1946-ի մայիսի ջրհեղեղը շուրջ 200 մարդկային կյանք էր խլել:Getar-Hovik-3

Ասում են, որ ջրհեղեղից հետո ռուս հայտնի երգիծաբաններ Իլյա Իլֆը և Եվգենի Պետրովը մոսկովյան «Օգոնյոկ» ամսագրում մի ընդարձակ ֆելիետոն հրապարակեցին, որտեղ իրենց զարմանքն էին հայտնում, թե ինչպես պատահեց, որ ռուսական չափանիշներով առվակ հիշեցնող գետակն այդքան մեծ ավերածությունների պատճառ դարձավ: Ֆելիետոնի հեղինակները ցավով նշել էին աղետին դիմակայելու հարցերում քաղաքային իշխանությունների անկարողության մասին: «Գետառն առաջին անգամը չէր, որ հեղեղում էր Երևանը, իսկ քաղաքային հին կամ նոր իշխանությունները` ուղտի ականջում քնած, սպասում էին նոր աղետների»,- գրել էին երգիծաբանները: Նրանք ցավալիորեն իրավացի էին:

1946-ի ամռան սկզբին կառավարական հանձնաժողով ստեղծվեց` ակադեմիկոս Իվան Ելիզարովի գլխավորությամբ, պատճառներն ուսումնասիրելու և հետևանքները վերացնելու համար: Շատ չանցած սկսեցին Գետառի ափերի ամրացման և ափամերձ պատնեշների կառուցման աշխատանքները: Իսկ քաղաքի մաքրման համար ամիսներ պահանջվեցին:

Ի վերջո, ամեն բան վերադարձավ իր նախկին հունը: Գետառը` նույնպես: Անվերադարձ մնացին միայն կորստի տրված մարդկային կյանքերը:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

1937-Ի ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ

18 Ապր

(Դերենիկ Դեմիրճյանի օրագրից)

«Հունվարի 7
Երեկոյան ժամը 5.20-ին սկսվեց երկրաշարժի մի շրջան Երևանի համար: Միջակ ցնցում եղավ, որին հետևեց, 1 ժամ հետո, ավելի ուժեղ ցնցում, ապա երկու փոքր ցնցում ևս, և կարծես թե դադարեց: Ժամը 11-ին սկսվեց երկրորդ շրջանը, այսինքն մարդկանց համար, որովհետև երևի սեյսմիկ կայանը ցույց է տալիս ավելի հաճախակի դեպքերը:
Երևանի երկրաշարժը համարվում է սպառնալից. 17-րդ դարու երկրաշարժի հիշողությունը նպաստում է դրան:
Գիշերվա ժամը 3-ն է: Մերոնք չեն թողնում քնել, ստիպված եմ արթուն հսկել. մանավանդ, որ տղաս քնում է և նրան զարթեցնելու դժվարություններ կան: Ավելի հիմար և նվաստացնող դրություն չկա: Քույրս ասում է.
— Չեն թողնում մի հանգիստ ապրենք:
— Ո՞վ:
— Ես ինչ գիտեմ, բնությունը:
— Այո, բայց ո՞վ է մեղավոր:
Իսկ երեկոյան փողոցում հանդիպեցի Քսպեին, որը վրդովված ասաց.
— Ինչու՞ մի 10 ժամ առաջ չեն զգուշացնում բնակչությանը, որ երկրաշարժ է լինելու…
Բժիշկ Վ. Պետրոսյանն ասաց. «Երևի կհայտնեն, թե հետևյալ ցնցումը երբ կլինի»:
Մեր տան բակում սպասում են գիշերվա ժամը 3-ի ցնցումին. այդպես է ասել իբրև թե մեր տան Կոմիտեի նախագահուհին:
Դուռը ծեծեցին: Լ. Արիսյանն է, հարցնում է Ալեքսանդր Հակոբյանին, որը սեյսմիկ կայանի դիրեկտորն է: Եկել է երևի տեղեկանալու… Ի՞նչ, ի՞նչ կարող է ասել Հակոբյանը հետևյալ ցնցումների մասին: Դա գիտական կնճռոտ պրոբլեմ է: Բայց Արիսյանի համար խնդիրը իրոք, որ գործնական է, այնպես, ինչպես վաղվա հացի փռների խնդիրը և պետք է,- ինչ ուզում է լինի,- մի դրական բան իմանալ…
Գեոլոգ Հովհ. Կարապետյանն ասել էր, որ իր կարծիքով` շարժը վերջացավ. նույն կարծիքն արտահայտեց ռադիոյով մի երկրաբան: Բայց շարժը կրկնվեց առաջիններից թերևս ավելի ուժեղ»:yerevan. 1931 nalbandyan po.

ԵՐԵՎԱՆ, ԻՆՁ ՆԵՐԻՐ

22 Փտր

Երևան, ինձ ներիր,ինձ ներիր,Երևան,
Որ թողած սրբատաշ հրաշքներն այս քարի,
Որոնեմ այն մայթերն ու փոշին Նաիրյան,
Որ Չարենցն է երգել ու երգել Մահարին:

Որ թողած լույսերում պողոտա ու մայթեր,
Ես գնամ, մոլորվեմ գիշերում քո այն կույր,
Որոնեմ այն հին բակն ու դռնակն այն փայտե,
Որ իր դեմ աշխարհի լույսն ու բախտն էր փակում:

Որոնեմ ջրերում փշրված լուսնկան,
Ու լսեմ գիշերով հեկեկանքը թառի,
Մահու չափ կարոտեմ ծամավոր աղջկան,
Ու սրտիս անամոք թախծությունը թառի:

Որ մորմոք խառնվի իմ հացին ու գինուն,
Հեկեկա գիշերվա մայթերում ամայի,
Հասկանամ, որ կյանքում սերը մեկն է լինում
Ու միակն է լինում կյանքի պես ու մահի…

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ64205_573324932714940_1585620281_n

ԵՐԵՎԱՆԻՆ

11 Հկտ

Նա փոխվում է ամեն վայրկյան՝
Արբունքահաս պատանու պես,
Ե՛վ դեռ մանուկ, և՛ առնական,
Արբունքահաս պատանու պես:

Երեկ՝ խաղում փոշիներում,
Լվացվում է այսօր նա, տե՛ս,
Հայելակերպ ավազանում
Արբունքահաս պատանու պես:

Ինքն իր աչքում երեկ տգեղ,
Ինքն իրենից դժգոհ այնպես,
Հիմա հրճվում է իրենով՝
Արբունքահաս պատանու պես:

Արբունքահաս պատանու պես
Նոր է միայն նա կյանք մտնում,
Նա ինքն իրեն նոր է գտնում
Արբունքահաս պատանու պես:

Բայց և հիմա պա՜րզ է այնպես
Նրա գալիքն ու ապագան՝
Երբ որ դառնա նա առնական
Արբունքահաս պատանու պես:

 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ5_T35MG5eFA

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՀԱԶԱՆԳԸ

13 Ապր

Շտապ օգնության կարգով դիմում եմ ձեզ, քանի որ ճարտարապետների միությունը շատ է զբաղվել Սպանդարյան և այլ փողոցներում հատուկենտ մնացած ճարտարապետական արժեք ունեցող բնակելի տների պահպանման հարցով, բայց ապարդյուն։

Այժմ խոսքս Սպանդարյան փողոցի երկու-երեք տներին է վերաբերում, որոնք թեև մտել են քաղսովետին ներկայացված պահպանվող շենքերի ցուցակի մեջ, այսօր անխնա քանդվում են։ Քանդում են առանց աչք թարթելու և այն էլ, կարծես դիտավորյալ, ընտրելով ամենից լավերը։

Զարմանալի և զայրացուցիչ վերաբերմունք։

Ապագա մեծ պողոտան պետք է բացվի և ինչքան շուտ, այնքան լավ, դա, հիրավի, լինելու է մեր մայրաքաղաքի ամենագեղեցիկ մասը։

Սակայն սա չի նշանակում, թե մենք ամեն ինչ պետք է ոչնչացնենք մեր ճանապարհին, հաշվի չառնելով գոյություն ունեցող պայմանները։ Չէ՞ որ հենց մենք ենք, որ ավերեցինք քաղաքը բոլորող կանաչ գոտին (Մոսկովյան և Խանջյան փողոցների հատվածում դեռևս պահպանված), խախտելով կանաչապատման սկզբունքը. այդ հիանալի զբոսայգու մեջ իրար ետևից շարեցինք մի շարք շենքեր (Կոմիտասի համերգասրահը, Շախմատի տունը, «Կռունկ» ռեստորանը) այն ժամանակ, երբ այդ փարթամ կանաչ գոտին պետք է իր մեջ ունենար միայն հուշարձաններ (Իսահակյան, Նալբանդյան և մյուսները) և ոչ թե շենքեր, որոնք խախտում են կանաչի ամբողջականությունը, ջլատում այդ օղակը, իմաստազրկում։

Մի դեպքում մենք դիմել ենք այդպիսի հանդուգն քայլի, կոպիտ ձևով ոտնահարել կանաչի անդորրությունը, մյուս դեպքում, երբ բանը գալիս է մեզ թողած ժառանգությանը, ցուցաբերում ենք ամենաանփույթ, արհամարհական վերաբերմունք, բնաջնջելով մեր իսկ ժողովրդի ձեռքով ստեղծած գործերը։

Մինչև ե՞րբ պիտի մենք հանդուրժենք այս կարգի քաղաքականությունը։ Չէ՞ որ երբ կրթված շինարարները նոր բացվող փողոցում հանդիպում են որևէ ծառի, ապա դա շրջանցում են, կամ էլ ներկալում փողոցի մեջ՝ ափսոսալով, խնայելով ծառը։ Մի՞թե մեր հին երևանյան ճարտարապետական հրաշալի տները մի ծառի արժեք չունեն, որ մենք այսպիսի անգթությամբ ոչնչացնում ենք։ Բարեբախտաբար, նշածս տները գտնվում են փողոցի եզրին, չեն խանգարում երթևեկությանը (ինչպես բերածս ծառերի օրինակը)։ Համոզված եմ, որ այդ երկու-երեք տնակը բնավ չեն խանգարի, չեն խախտի պողոտայի միասնությունը, այլ, ընդհակառակը, կհնչեն որպես անփոխարինելի զարդեր, հմայիչ մասունքներ` արժանի մեծ հարգանքի և սիրո։ (Անշուշտ, դրանք պահպանելու համար անհրաժեշտ է համապատասխան աշխատանք, նրբին վերակառուցում, գուցե վիրահատում՝ ավելի ամփոփ վիճակի բերելու համար)։

Ահա այս երկու-երեք շենքերի ողբերգական վիճակն է, որ ինձ ստիպեց շտապ դիմել ձեր օգնությանը, հուսով, որ դա կհուզի նաև ձեզ, քանի որ այդ շենքերի պահպանման մեջ շահագրգռված են բոլոր նրանք, ովքեր սիրում են մեր մայրաքաղաքը, նաև այն ամեն գեղեցիկը, ինչ մեր նախնիները թողել են մեզ։

Այսպիսով, խնդրում եմ ձեր միջամտությունը՝ անմիջապես դադարեցնելու անողոք քանդումները, պահպանելու ժողովրդական ստեղծագործության այդ սքանչելի նմուշները։

Նամակիս հրապարակումը թողնում եմ ձեր հայեցողությանը, եթե, իհարկե, դա կօգնի փրկելու նշածս շենքերը։

 

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

1970

198874_10150106904807047_358361197046_6864835_6781307_n

 

%d bloggers like this: