Tag Archives: երևակայություն

ՌՈԲԵՐՏ ԼՈՒԻՍ ՍԹԻՎԵՆՍՈՆ

18 Հլս

Թող անիծված լինի այս կյանքը, որտեղ մարդը նույնիսկ մեռնել չի կարող առանց փողի:

Կյանքն ավելին չէ, քան մի բեմ, որտեղ արտոնված է հիմարությամբ զբաղվել այնքան ժամանակ, քանի դեռ մեզ դուր է գալիս այդ դերը: Մարդկային գոյությունն, ըստ էության, այնքան չնչին բան է` համեմատած նրա արարքների հետ: Ազնվորեն եմ ասում, որ ես կնախնտրեի տեսնել հմտորեն չարիք գործող մարդու, քան նրան, ով ջանում է անվարժ կերպով ու խարխափանքով բարիք գործել…

Չափազանց զարգացած երևակայությամբ մարդը չի կարող լինել բարոյական: Նա միշտ խցկվում է թույլատրելիի սահմաններից այն կողմ և դիտարկում է կյանքը տարբեր տեսանկյուններից, տեսնում է նրան տարատեսակ, երբեմն տատանվող լույսի ներքո և չի կարող բավարարվել ու հաշտվել իր համար ատելի պահանջների և որոշումների հետ:

R-L-Stevenson-008

ԺՈԶԵՖ ԺՈՒԲԵՐ

19 Նյմ

Զարմանալին զարմացնում է միայն մեկ անգամ, իսկ հիասքանչը յուրաքանչյուր անգամ էլ ավելի մեծ հիացմունք է պատճառում:
Երբ չափից ավելի ես սարսափում այն բանից, ինչ կարող է պատահել, թեթևություն ես զգում, երբ մտավախություններդ ի վերջո իրականություն են դառնում: Գիտակցությունը կարող է հուշել, թե ինչից է պետք խուսափել, բայց միայն սիրտը կասի, թե ինչ է հարկավոր անել: Երևակայությունը հոգու աչքն է: Նա ով ունի երևակայություն, բայց չունի գիտելիք, նույնն է, թե ունի թևեր, բայց չունի ոտքեր: Հարցերը ցույց են տալիս մտքի խորությունը, պատասխանները` սրությունը…
Ծիծաղի առարկա դարձնել այն, ինչ ենթակա չէ ծաղրի, ինչ-որ իմաստով նույն է, եթե բարին վերածես չարի: Նա, ով ծիծաղում է չարի վրա՝ իր բոլոր դրսևորումներով, բարոյականության անառողջ զգացում ունի: Բարոյականությանը հարիր է այլ կարգի հստակություն: Այստեղ խոսքը ոչ թե հայեցողության մասին է, որ սնուցում է գիտակցությունը, այլ համոզվունքների, որոնք ուղղորդվում են կամքով: Իսկ նրանց ավելի շատ տոթ ու կրակ է պետք, քան լույս: Նրանք, ովքեր երբեք չեն հրաժարվում նախկինում արտահայտած համոզմունքներից, իրենց ավելի շատ են սիրում, քան ճշմարտությունը:

ԽՈՒԱՆ ՌՈՒԼՖՈ

15 Հկտ

ԱՐԱՐՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ

Դժբախտաբար ինձ պատմություններ պատմող մարդ ես չեմ ունեցել. մեր գյուղում մարդիկ փակ են, այո, այո, միանգամայն փակ, մարդ ասես օտարազգի լինի այնտեղ:
Նրանք զրուցում են, երեկոները նստում են իրենց բեռների վրա՝ իրար պատմություններ ու նման բաներ պատմելու, բայց հենց մեկը մոտենում է, լռում են, կամ սկսում եղանակից խոսել. «Այսօր կարծես թե ամպեր են գալիս էս կողմի վրա…» Մի խոսքով, ինձ բախտ չի վիճակվել մեծերի պատմությունները լսել, և հենց այդ պատճա¬ռով էլ ստիպված եմ եղել ինքս պատմություններ հորինել և վստահաբար կարծում եմ, որ գրական արարման սկզբունքներից մեկը հենց հորինելն է, երևակայությունը: Մենք սուտասաններ ենք, ամեն գրող, ով ստեղծագործում է, սուտասան է, գրականությունն էլ՝ սուտ: Սակայն այդ ստից իրականություն է վերստեղծում: Հետևաբար, իրականությունը վերստեղծելը ստեղծագործելու հիմնական սկզբունքներից մեկն է:
Ես գտնում եմ, որ երեք քայլ կա. առաջինը՝ կերպարի ստեղծումն է, երկրորդը՝ միջավայրի ստեղծումը, որտեղ շարժվելու է այդ կերպարը, և երրորդը՝ թե ինչպես է խոսելու այդ կերպարը, ինչպես է արտահայտվելու: Այս երեք հենման կետերն այն ամենն են, ինչ պահանջվում է պատմություն պատմելու համար: Այժմ ես վախ եմ զգում ճերմակ թղթից, մանավանդ մատիտից, որովհետև ես ձեռքով եմ գրում: Պարզապես խիստ անհատական է լինելու ասածս, թե մոտավորապես որոնք են իմ միջոցները: Երբ ես սկսում եմ գրել, հույսս չեմ դնում ներշնչանքի վրա, երբեք չեմ հավատացել ներշնչանքին, գրելու գործը աշխատանք է` սկսել գրել և տեսնել, թե ինչ է դուրս գալիս և էջեր ու էջեր լցնել շարունակ, որպեսզի հանկարծ հայտնվի այն բառը, որ մեզ տա այն բանի բանալին, ինչ հարկավոր է անել, ինչ որ պետք է դառնա եղածը: Երբեմն լինում է, որ հինգ, վեց, տասը էջ գրում եմ, և չի հայտնվում այն կերպարը, որը կուզենայի հայտնվեր, այն կենդանի կերպարը, որն ինքնըստինքյան պետք է շարժվի: Եվ հանկարծ հայտնվում է ու վեր հառնում. հետևում ես նրան, գնում նրա ետևից: Կերպարի կյանքի կոչվելուն զուգընթաց մարդ կարող է իրեն անծանոթ ճանապարհներով, սակայն կենդանի մնալով, գնալ դեպի մի իրականություն, կամ, եթե ցանկալի է, մի անիրականություն: Միևնույն ժամանակ հաջողվում է ստեղծել այն, ինչ կարելի է ասել, ինչը ի վերջո թվում է, թե տեղի է ունեցել, կամ կարող էր տեղի ունեցած լինել, կամ կարող էր տեղի ունենալ, բայց երբեք էլ տեղի չի ունեցել: Այդ դեպքում, ես կարծում եմ, որ ստեղծագործելու այդ խնդրում հիմնական հարցն է մտածել, թե ի՞նչ գիտես, ի՞նչ ստեր պիտի ասես, մտածել, որ եթե մտնում ես ճշմարտության մեջ, ծանոթ իրերի իրականության մեջ, մի բանի մեջ, որ տեսել ես ու լսել, ուրեմն՝ պատմություն ես անում, ռեպորտաժ:
Ինձ շատ են քննադատել իմ հայրենակիցները, թե ստեր եմ փչում, պատմություն չեմ անում, կամ թե՝ այն ամենն, ինչ պատմում եմ կամ գրում, երբեք էլ տեղի չի ունեցել, և դա այդպես էլ կա: Ինձ համար առաջնայինը երևակայությունն է. այն երեք հենման կետերի ներսում, որոնց մասին խոսում էինք վերը, երևակայությունը շրջապտույտ է կատարում. երևակայությունն անվերջ է, սահմաններ չունի, և պետք է ճեղքել այն տեղը, որտեղ փակվում է շրջանը: Մի դուռ կա միայն, միայն մի դուռ կարող է լինել փախչելու, և այդ դռան միջով պետք է դուրս գալ, պետք է հեռանալ: Այդպես հայտնվում է մեկ այլ բան, որն ինտուիցիա է կոչվում: Ինտուիցիան մարդուս մտածել է տալիս մի բան, որը տեղի չի ունեցել, որը սակայն տեղի է ունենում գրի մեջ:
Ավելի կոնկրետ՝ աշխատում ես երևակայությամբ, ինտուիցիայով և թվացյալ մի ճշմարտությամբ: Երբ դա հաջողվում է, հաջողվում է նաև պատմությունը, որն ուզում ես ճանաչելի դարձնել: Աշխատանքը մեկուսի է, գրականության մեջ չի կարելի կոլեկտիվ աշխատանք ենթադրել, և այդ միայնությունը մարդուս դարձնում է իրեն անծանոթ իրերի մեդիում, սակայն առանց իմանալու, որ միայն ենթագիտակցությունը կամ ինտուիցիան են իրեն մղում ստեղծագործելու և շարունակելու ստեղծագործել:
Կարծում եմ, որ սա է յուրաքանչյուր պատմվածքի, պատմության հիմքը, որ մարդ ուզում է պատմել: Այժմ` մեկ այլ տարր, մեկ այլ ևս շատ կարևոր բան, այն է՝ ցանկանալ ինչ-որ բան պատմել որոշ թեմաների շուրջ: Բոլորս էլ քաջ գիտենք, որ միայն երեք հիմանական թեմա գոյություն ունի՝ սեր, կյանք և մահ: Ուրիշը չկա, այլ թեմա չկա, այնպես որ, թեմաների բնականոն զարգացումն ըմբռնելու համար հարկ է իմանալ, թե ինչպես վերաբերվել դրանց, ինչ ձև տալ, չկրկնել այն, ինչ արդեն ասել են այլոք: Այսպիսով, այն վերաբերմունքը, որ դրսևորվում է պատմվածքի հանդեպ, մեզ թույլ է տալիս (թեկուզ և անվերջ ծեծված թեմա լինի) այլ կերպ ասելու ասելիքը, Վիլգիլիոսից սկսած մինչև չգիտեմ ովքեր, չինացիներն ու ով ասես, նույն բանն ենք պատմում: Սակայն պետք է հիմքը փնտրել, թեմային անդրադառնալու կերպը, և կարծում եմ, որ գրական արարման մեջ այդ կերպը (գրական ձև են անվանում այն) այն է, ինչն ուղղորդում է, խթանում, որ պատմությունը հետաքրքիր լինի և մյուսների ուշադրությունը գրավի:
Ասենք թե՝ պատմվածք կամ գիրք է հրատարակվում. այդ գիրքը մեռած է, հեղինակն այլևս չի մտածում այդ գրքի մասին: Իսկ առաջ, ընդհակառակը, եթե լրիվ ավարտված չէր, գիրքը շարունակ պտտվում էր հեղինակի գլխում. թեման շարունակում է պտտվել մինչև սեփական փորձով հասկանաս, որ դեռ ավարտուն չէ, որ ինչ-որ բան է մնացել ներսումդ, ուրեմն՝ նորից պետք է սկսել պատմությունը, պետք է տեսնես, թե որտեղ է խոտորվել, պետք է տեսնես, թե որ կերպարն է, որ ինքնըստինքյան չի շարժվել: Իմ պարագայում ինքս ինձ պատմությունից ջնջելու յուրահատկություն ունեմ, երբեք այնպիսի պամություն չեմ պատմում, որտեղ անձնական փորձ լինի, կամ ինքնակենսագրական որևէ բան, կամ թե ինքս լսած կամ տեսած լինեմ, ես միշտ պետք է երևակայեմ ու վերստեղծեմ, եթե գոնե հենման մի կետ կա: Սա է առեղծվածը, գրական արարումն առեղծվածային բան է, և գալիս ես այն եզրահանգման, որ եթե կերպարը չի գործում, և հեղինակն է, որ պետք է օգնի նրան ապրել, ուրեմն միանգամից ձախողվում է նա: Ես տարրական բաներից եմ խոսում, Դուք պետք է ներեք ինձ, սակայն սա է եղել իմ փորձը, երբեք ոչինչ չեմ պատմել, որ տեղի ունեցած լինի. իմ հիմքն ինտուիցիան է, և նրա ներսում վեր է ելել այն ամենն, ինչ օտար է հեղինակին:
Խնդիրն, ինչպես արդեն ասացի, թեման գտնելն է, նաև կերպարը և թե ինչ է ասելու և անելու այդ կերպարը, ինչպես է կյանքի կոչվելու: Հենց որ կերպարը պարտադրվում է հեղինակի կողմից, անմիջապես անելանելի փակուղի է մտնում նա: Ամենաբարդ բաներից մեկը, որ ինձ վիճակվել է անել, իրոք, հեղինակի բացառումն է եղել, ինքս ինձ բացառելը: Ես թողնում եմ, որ կերպարներն իրենք իրենց գործեն և ո՛չ իմ միջամտությամբ, որովհետև այդ դեպքում մտնում եմ երկի դեգերումների, խորհրդածությունների մեջ: Մարդ անգամ իր սեփական գաղափարներն է մտցնում, իրեն փիլիսոփա զգում, ի վեջո աշխատում հավատ ներշնչել անգամ իր ունեցած գաղափարախոսության հանդեպ՝ կյանքի կամ աշխարհի մասին, մարդկանց մասին խորհելու իր ձևին, կամ թե որն է սկզբնաղբյուրը, որ պայմանավորում էր մարդու արարքները: Երբ այդպես է լինում, մարդ էսսեագիր է դառնում: Շատ վեպ-էսսեներ գիտենք, շատ գրական երկեր, որ վեպ-էսսեներ են, սակայն որպես հիմանական կանոն, ժանրը, որ ավելի քիչ է հակված դրան, պատմվածքն է: Ինձ համար պատմվածքը վեպից է՛լ ավելի կարևոր ժանր է, որովհետև շատ բան ասելու համար պետք է կենտրոնանալ մի քանի էջի վրա, պետք է ընդհանրացնել, արգելակել. այս առումով պատմվածքագիրը փոքր-ինչ նման է պոետին, լավ պոետին: Պոետը պետք է ձին սանձահարելով առաջ գնա և սանձազերծ չարշավի. եթե սուրում է և գրում զուտ գրելու համար, բառերը դուրս են գալիս մեկը մյուսի ետևից, այդժամ պարզապես ձախողվում է նա: Ամենաէականը հենց ինքն իրեն զսպելն է, սանձազերծ չսուրալը, բառեր չհեղելը. պատմվածքն այս առանձնահատկությունն ունի: Եվ ես հենց պատմվածքն եմ նախընտրում, և հատկապես վեպից, որովհետև վեպը հակված է այդ ճամարտակությանը:
Ասում են՝ վեպն իր մեջ ամեն բան ներառող ժանր է, պարկ, որի մեջ ամեն ինչ տեղավորվում է, տեղավորվում են պատմվածքներ, թատրոն կամ ներկայացում, փիլիսոփայական, կամ ոչ փիլիսոփայական էսսեներ, մի շարք թեմաներ, որոնցով լցվում է այդ պարկը: Պատմվածքում, ընդհակառակը, պետք է սահմանափակվես, ընդհանրանաս և մի քանի բառով ասես կամ պատմես մի պատմություն, որն այլոք երկու հարյուր էջում են պատմում: Սա է մոտավորապես այն գաղափարը, որ ես ունեմ ստեղծագործելու վերաբերյալ, գրական արարման սկզբունքների վերաբերյալ: Անշուշտ, ներկայացնելու փայլուն օրինակ չէ այն, ինչը ես անում եմ հիմա, այլ Ձեզ հետ խոսում եմ պրիմիտիվ ձևով, որովհետև շատ եմ վախենում մտավորականներից, այդ իսկ պատճառով աշխատում եմ խուսափել նրանցից: Երբ ես որևէ մտավորականի եմ տեսնում, ճամփաս թեքում եմ, և համարում եմ, որ գրողն ամենաքիչը պետք է մտավորական լինի բոլոր մտածողների մեջ, որովհետև նրա գաղափարներն ու մտքերը խիստ անձնական բաներ են և չպետք է ազդեն այլոց վրա, ոչ էլ ստիպեն, որ ուրիշներն անեն այն, ինչը ինքն է ուզում: Եվ երբ այս եզրակացությանն ես հանգում, երբ այդտեղ ես հասնում, եկեք ավարտ կոչենք այն, զգում ես, որ ինչ-որ բան հաջողվել է:
Ինչպես բոլորդ գիտեք, չկա ոչ մի գրող, որ գրի այն ամենն, ինչ մտածում է, շատ բարդ է միտքը տեղափոխել գիր, կարծում եմ, որ ոչ ոք դա չի անում, ոչ ոք չի արել, ուղղակի կան շատ բաներ, որոնք կորչում են զարգացած լինելու պատճառով:

Իսպաներենից թարգմանեց ԿԱՐԻՆԵ ՉՈԲԱՆՅԱՆԸ

ԳՅՈՒՍՏԱՎ ՖԼՈԲԵՐ

1 Ապր

Տասը տարեկանում արդեն երազում էի փառքի մասին… Պատկերացնում էի լուսափայլ ու ոսկեփայլ դահլիճ, ծափահարություններ, բացականչություններ, ծաղկեփնջեր: Կանչում են հեղինակին: Հեղինակը ես եմ: Իմ անունն է… Երբ մտածում եմ այն ամենի մասին, ինչ արել եմ և ինչ կարող էի անել, ինքս ինձ ասում եմ, որ դա շատ քիչ է:
… Կյանքում լինում են րոպեներ, երբ քեզ համակում է մի անբացատրելի պոռթկում, որն արտահայտվում է ինչ-որ անսովոր ձևերով. ուզում ես արտահայտվել այնպիսի բաներ, որն անհնար է արտահայտել բնականոն լեզվով: Այդ չմարմնավորված մտքերը, տարօրինակ անհագ ցանկությունները ծնունդ չե՞ն առնում արդյոք կյանքի հանդեպ կրքոտ սիրուց, այն երկրորդ անգամ դրա իրական սահմաններից դուրս վերստեղծելու ցանկությունից: Արդյոք անվերջանալիի ծարավից, դրա մեջ արագորեն խորասուզվելու ցանկությունից չէ՞, որ վրա են հասնում նման րոպեներ: Երևակայությունը մեր հոգու ներքին էության ընդլայնումն է, այնտեղ հոգևոր սկզբունքի ավելցուկը:

ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

12 Դկտ

Որ մեր սուբյեկտիվությունն անհամեմատ ավելի կարևոր է մեր երջանկության և առողջության համար, պարզորոշ հաստատվում է այն իրողությամբ, որ, օրինակ, քաղցը լավագույն խոհարարն է, կամ որ տարեցն անտարբեր է նայում պատանության աստվածուհուն` կնոջը, և ի վերջո այդ ամենը հաստատվում է հանճարի կամ սրբի կյանքով:
Հատկապես առողջությունն այնքան է գերակայում բոլոր արտաքին բարիքներին, որ առողջ չքավորը հիվանդ արքայից ավելի երջանիկ է: Հանդարտ, ուրախ զվարթությունը, որը լավ առողջության և ճիշտ դատող խելքի հետևանք է, զուսպ կամքը և այդ ամենի հետ մաքուր խիղճը. ահա այն բարիքները, որոնց չեն կարող փոխարինել ոչ մի պաշտոն ու հարստություն: Այն, ինչ նշանակում է մարդն իր իսկ համար, ինչն ուղեկցում է նրան նույնիսկ միայնության մեջ, և որը չի կարող նվեր տրվել կամ խլվել, ակնհայտորեն ավելի էական է իր ունեցածից և այն բանից, ինչով նա ներկայանում է ուրիշ մարդկանց: Խելացի մարդն իր մտքերի և երևակայության մեջ կգտնի հրաշալի զվարճալիքներ, նույնիսկ երբ մենակ է, իսկ ահա զրուցակիցներին, ներկայացումները, ճամփորդություններն ու զվարճություններն անվերջ փոխելը անգամ տխմարին չեն ձերբազատի իրեն հոշոտող ձանձրույթից: Լավ, հավասարակշռված, զուսպ բնավորություն ունեցող մարդը նույնիսկ ծանր պայմաններում կարող է իրեն բավարարված զգալ, ինչին վիճակված չէ հասնել ագահ, նախանձ և չար մարդուն, որքան էլ նա հարուստ լինի:

ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ

6 Դկտ

Երևակայությունը հայտնագործել է աշխարհի չորս ծեգերն ու երևույթների պատճառական կապը: Բայց նա երբեք չի կարողացել երկար գործել անհեթեթության քոսային շիկացման մեջ, որտեղ ազատ ու անզուսպ շարժվում է ոգեշնչումը: Երևակայությունը ամեն մի պոեզիայի առաջին աստիճանն է ու հիմքը: Նրա օգնությամբ բանաստեղծը աշտարակ է կառուցում` տարերքներից ու գաղտնիքից պաշտպանվելու համար: Նա անխոցելի է, նա հրամայում է, և նրան միշտ հնազդվում են: Բայց ամենագեղեցիկ թռչուններն ու ամենապայծառ կրակները սպրդում է նրա ձեռքերից: Այսպես ասած, մաքուր երևակայության բանաստեղծի համար շատ դժվար է իր բանաստեղծություններով խորը հուզում առաջացնել: Տիպիկ ռոմանտիկական երաժշտականությունն էլ` տաղաչափական տեխնիկայի համադրմամբ, անշուշտ, չի կարող բանաստեղծական հույզ հարուցել, և գրեթե միշտ խորթ է իսկական պոեզիայի հոգևոր խոր իմաստին: Բայց և բանաստեղծական զգացումն ինքնին, կուսական հսկողությունից դուրս, ոչ մի շրջանակով չսահմանափակված, սեփական օրենքներով ստեղծված բանաստեղծությունը նույնպես չի հարուցում անդրադարձ, իսկական բանաստեղծական հույզ:
Երևակայությունն աղքատ է, բանաստեղծական երևակայությունը` առավել ևս:
Տեսանելի երևակայությունը, կյանքի իրադարձություններն ու մարդկային մարմինը շատ ավելի հարուստ են նրբերանգներով, ավելի բանաստեղծական են, քան երևակայության բոլոր հայտնագործությունները:
Դա կարելի է հաճախ նկատել այն պայքարում, որ վարում են գիտական իրականությունն ու երևակայության պտուղը` դիցաբանությունը. փառք աստծո, հաղթում է գիտությունը, որ հազար անգամ ավելի բանաստեղծական է, քան բոլոր թեոգոնիաները:
Մարդկային երևակայությունը հորինել է հսկաների, որպեսզի նրանց վերագրի հսկայական քարայրների, կախարդական քաղաքների շինությունը: Հետագայում պարզվեց, որ հսկայական այդ քարայրները ստեղծել է ջրի կաթիլը, զուլալ ջրի կաթիլը` համբերատար ու հավերժական: Այս դեպքում, ինչպես և շատ այլ դեպքերում, հաղթանակեց իրականությունը: Ջրի կաթիլի բնազդը հսկայի թաթից գեղեցիկ է: Իրականության ճշմարտությունը հաղթում է երևակայությունը պոեզիայում, ավելի ճշգրիտ` երևակայությունը բացահայտում է սեփական խեղճությունը: Երևակայությունը տրամաբանորեն իրավունք ուներ հսկաներին վերագրելու այն, ինչը հսկաների արածն է թվում, բայց գիտական իրականությունը, որ չափազանց բանաստեղծական է և չի տեղավորվում տրամաբանության կանոնների շրջանակներում, իր ճշմարտությամբ է հագեցրել ջրի մաքուր և հավերժական կաթիլը: Որքան ավելի բանաստեղծական է այն բացատրությունը, թե քարայրն առաջացել է ջրի խորհրդավոր քմահաճությամբ, որը ենթարկվում է հավիտենկան օրենքների, քան այն պատկերացումը, թե իբր քարայրն է ստեղծվել է ինչ-որ հսկաների կամքով, որի ամբողջ իմաստն այն է, թե դրանք կարող են ծառայել իբրև բացատրություն:

%d bloggers like this: