Tag Archives: երկիր

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

29 Հլս

Մի օր իմաստունին հարցրեցին.
— Ո՞ր երկրում արժե ապրել:
Եվ նա ասաց.
— Օրհնյալ է այն երկիրը, որտեղ գիտուն մարդկանց հարգում են, ինչպես հորը, իշխանին, ինչպես հարազատ զարմիկի, զինվորին, ինչպես եղբորը, իսկ պոետին, ինչպես սիրելի որդու:

114533451_crop_92494505_UWVh

ԳԱՆՁԸ ՆԱՅՈՒՄ Է ԻՆՁ

25 Օգս

Ասում են` Հայաստանի լեռներից մեկի գագաթին (Գառնի գյուղի շրջակայքում) մի հինավուրց քար կա, որի վրա փորագրված է. «Ես նայում եմ գանձին, գանձը նայում է ինձ»: Հնագետներից շատերին ծանոթ է այդ վայրը, իսկ գանձախույզները դարեր շարունակ փորձել են գտնել թաքցված հարստությունը` կողմնորոշիչ ունենալով առեղծվածային գրությունը:
Տեղեկութուններ չկան այն մասին, թե որևէ մեկին դա հաջողել է, բաց ես կարծում եմ, որ ինքս արդեն գիտեմ հեքիաթային գանձի գաղտնիքը:
«Ես նայում եմ գանձին, գանձը նայում է ինձ» Քարը նայում է մեր երկրին, երկիրը նայում է քարին: Ավելի մեծ գանձ չկա:

Հ. Չարխչյան

704797_389325557814587_1457029877_o

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

6 Հլս

«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չեևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չեևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով…
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում- չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:

333312434_b

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «ԵՐԿԻՐ: Ց´ՊԱՀԱՆՋ…»

12 Դկտ

2008-04-04_mek-gumaratc-mekՎանո Սիրադեղյանի այս` թերևս միակ չափածո ստեղծագործությունը գրվել է 23 տարի առաջ` 1989 թ., ենթադրաբար` հունվարին կամ փետրվարին: Այն օրերին Սիրադեղյանը ձերբակալված էր և «Ղարաբաղ» կոմիտեի մի քանի անդամների հետ գտնվում էր Մոսկվայի «Բուտիրկա» բանտում:

Վանո Սիրադեղյան

ԵՐԿԻՐ: Ց´ՊԱՀԱՆՋ…

Ձմեռ է դուրսը ըստ օրացույցի.
ձյուն է, հալոցք է, թե սառնամանիք,
ճաղերից այս կողմ ջերմաստիճանը անփոփոխ է-
հարկերում՝ 20,
նկուղում՝ 15:
Նախաճաշից իրիկնահաց,
իրիկնահացից նախաճաշ ընկած միջոցը նույնն է,
ուրբաթի գալը իմացվում է ոլոռի լափից.
ժամանակից դուրս ես եմ ծերանում,
Քեզ ժամանակի հոսանքն է տանում՝
հայացքդ ափին,
ցավդ տանեմ:
Աղյուսակապ առաստաղի տակ լամպը
հանգչում է,
երբ փչանում է,
չի թարթում անգամ լարման անկյունից,
լույսի տակ քնում, լույսով զարթնում եմ,
և պատին դարձած լուսամփոփիդ
նրբանկատ շողքն եմ հիշում.
ցավդ տանեմ:
Համայն Ռուսիայի Ստանիչնի պրիստավ
Նվաստ մականունով Ալեքսանդրի հիմնած
զնդանում
ցաքուցրիվ կանք մի բուռ ընկերներ՝
Հայաստանի սրտից պոկած փերթ.
նույն խոհանոցից կեր ենք ստանում,
նույն միջանցքներն ենք ոտքի տակ տալիս,
սակայն իրարից այնքան ենք հեռու,
ինչքան ջղաձիգ Հայաստանից:

Մի տարվա ազատ կյանքի դիմաց
Մի լրիվ կյանքի գին են ուզում,
Ուզում եմ ընդմիշտ վերացած տեսնել
Մահապարտ ոգին Ավարայրի,
ո՜նց կուզենային տասը տիկ հանել
դնել դեմը Մայր Հայաստանի,
չլիներ ահը հազար ինն հարյուր ութսունութ թվի Երևանի:
Ի՜նչ սրընթաց տարին բոլորեց,
Ձյան քանի՞ շերտի տակ է փետրվարի
ապստամբ ոգին,
ձնհալի հետ կմաքրվեն հրապարակները
ժանգ ու մետաղից,
ծիրանիները կծաղկե՞ն, արդյոք, այս գարնանը
քրտնախաշ օդում զորանոցային Երևանի:

Ո՞նց ես ապրում Երևանում՝ առանց Վանոյի,
ո՞վ է եփածդ սուրճով հիանում,
ո՞վ է մոտենում հեռախոսին,
որ մի ժամանակ հանգչում էր գոգիդ,
շնչում էր սիրով, խոսում սրտիդ հետ…
Հաշտվիր հետը.
շաբաթ կանցնի, ամիս կանցնի, կանցնի տարի,
առօրյա մի զանգ հանկարծ սիրտդ,
պտղի առաջին զարկի նման, թունդ կհանի,-
եթե ականջդ ձայնի պահես,
եթե սիրտդ սառած չլինի,
եթե սլացիկ, արագ ոտքերդ քեզ ինձանից տարած չլինեն:
Բայց դու սրտիդ հետ մենակ մնա,
եթե բարակ է՝ կկտրվի,
կտրվեց՝ շունչն էր, ուրեմն, կարճ, արյունը՝ սակավ,
սակավի համար չեն ափսոսում,
ես իմն ապրեցի, դու քոնը ապրիր,
ցավդ տանեմ:
Երեկ նայեցի հայելու խորքը,
Տեսա՝ դեպի վերջն եմ գնում
և տեսա քեզ ձմեռային գորշ Երևանում
մենակ ու սիրուն.
օձիքդ՝ թաց,
գլուխդ՝ բարձր,
շուրթերդ՝ սեղմած, որ լաց չլինես…
Արցունքներիդ ճանապարհ տուր,
որ սիրտդ բացվի,
ժպտա՝ քաղաքի դեմքը ծաղկի,
թաց ու լույսի մեջ ջահել սերդ
թող Հայաստանի ցավոտ երկնքին
ծիածան կապի,
Հարսնություն արա Երևանին,
ցավդ տանեմ,
քանզի օրերից աննման մի օր
ես քեզ գտա երջանկության մատույցներում
և ընդունեցի՝ ճակատիս գիր,
կարգեցի՝ մերձավորիս քույր,
հռչակեցի օպերայի հարս:
…երգը վերջացավ,
խցի պատերը տեղը եկան,
հինգ տղամարդ պապանձված են շուրջը սեղանի,
պարզվեց ռադիոն վանդակի մեջ է,
երկաթե դուռը՝ երիցս կողպած,
սիրտ չկա նայելու պատուհանին,
սիրտ չկա գդալը բերան տանելու,
բայց միջանցքում կրի սայլակը առաջ հրեցի,
և բանտն սթափվեց ապուշությունից:
Այստեղ թուլանալ չի կարելի.
օրերը հաշվել չի խրախուսվում,
դրսի կյանքը մոռանալն է ճիշտ,
աշխարհաթող լինելն է փրկում,-
սա այբուբենն է անազատ կյանքի,
որ հաշտվածները եղբայրաբար
սովորեցնում են շփոթվածներին,
և ով կարեցավ գիշերը տեսած երազը հիշել,
ասում են՝ կապրի:

Բայց ես մոռանալ չեմ կարողանում
քեզ, որդուս, Հայաստանը.
քեզ՝ լացակումած,
որդուս՝ մոլոր,
Հայաստանը՝ ավերակ դարձած:
Ես ո՞նց մոռանամ,
ես ձեզ ու՞մ պահ տամ, սիրելիներս,
երբ աստված, այսպես, մեր մեջքը ջարդեց
մեր ձգված պահին…
Տեսնես ի՞նչ կա Լենինականում,
Սպիտակում ի՞նչ են անում,
փրկվածները ո՞նց են ապրում
գնացածները տեսնես ու՞ր հասան,
ո՞վ էր տեսել դասարաններով երկինք
համբառնան.
հրեշտակների այսչափ երամներ
ո՞ր երկնքում կան
բացի նզովյալ Հայաստանից:
……………..
Ձմեռվա կեսին Մոսկվա քաղաքում
կեսգիշերին անձրև է գալիս.
եղանակները ելել են հունից,
աղետաբեր են ժամանակները,-
մենք ու մեր ոխերիմ աստված,
ուշքի եկեք, աղետյալներս,
թոթափվեք թաղից գարնանը հառնող
վազի նման,
խչմարեք իրար ու ապավինեք, ձեր
ցավը տանեմ,
Դու,
որդիս,
Հայաստանը:

1-ej-mec-nkar19

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

20 Հնս

ՍԵՎԱԿԻ ԳՈՐԾԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ՄԱՐԴԻԿ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ԴՐԱՆՔ ԱՊՐԵՆ

971 թ. հունիսի 17-ին ավտովթարի զոհ դարձավ Պարույր Սևակը: Ամեն տարի գրողի մահվան օրը բանաստեղծի ծննդավայրում /Արարատի մարզ, գյուղ Չանախչի/ անցկացվում է պոեզիայի սևակյան հանդիսություն:
«Ինքնակենսագրություն գրել՝ նշանակում է գաղտնիքներ ասել: Բայց ասված գաղտնիքը ոչինչ չարժի, եթե չի գալիս բացահայտելու գաղտնիքների գաղտնիքը` խորհուրդը: Ուստի և իմ հուշերը պիտի դառնան առիթ խորհրդածությունների և իմ կենսագրությունը` փորձ ինքնաթարգմանության»,-ասում է Սեւակը /«Անցյալը ներկայացած»/ ու ներկայացնում իր կյանքի ամենակարեւոր մանրամասները:
Սևակի ինքնակենսագրականը թերթելիս՝ ուշագրավ մի հանգամանք աչքս ընկավ, որն այնքան խորթ պատկեր է մերօրյա իրականության անգույն ֆոնին.«Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. 3-4 հոգով «կտրեցինք» շրջակա 3-4 գյուղի դպրոցական գրադարանները` կեսգիշերին, գողության բոլոր կանոնների համաձայն: Գողություն` կարդալու ծարավից: Գլխավորը ես էի: Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում: Ու կարդում էի ամեն ինչ. արգելված Րաֆֆու բզկտված վեպը (կեսն արտագրեցի), Դարվինի «Տեսակների ծագումը» (կոնսպեկտավորեցի), մենագրություն Դավիդ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի մասին (ինչպե՞ս հասկանայի) և նույնիսկ … «Ռազմական արվեստ» (ի՞նչ հասկանայի)»…
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն անգամ, երբ որևէ մեկը շտապում է հայտարարել, թե Սևակը սպառել է իրեն և այլևս արդիական չէ, նույն պահին Սևակի խոսքի ու մտքի անհրաժեշտությունը շառաչուն ապտակ է հասցնում նման կարծիք հայտնողին:
Ըստ Չարխչյանի, Սևակի «երկարակեցության» գաղտնիքը պետք է որոնել ոչ միայն նրա տաղանդի մեջ, այլև Սևակ ընթերցողների հույզերի, մտահոգությունների ու ակնկալիքների սևեռումներում:
«Այս մարդիկ նախընտրում են Սևակին, քանի որ նրա օգնությամբ են գտնում իրենց հարցերի պատասխանները, նրա տողերի հետ են ներդաշնակեցնում իրենց ապրումները: Եվ նույն այդ ընթերցողները մերժում են բոլոր նրանց, ովքեր ունեն ավազահատիկի չափ շնորհք և լեռան չափ մեծամտություն: Հետևաբար, մեծ հաշվով, Պարույր Սևակի պոեզիայի կենսունակությունը առեղծվածների շարքում չէ, այլ ապրում է, քանի որ մարդիկ ցանկանում և պահանջում են, որ այն ապրի»,- պարոն Չարխչյանը:
«Գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը»,- գրել է Սեւակը՝ բացելով իրեն բաժին հասած բոլոր փակագծերը… Իսկ մեզ մնում է միայն դրանց ներսում գրվածը կարդալ կարողանալ…

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

18 Մյս

ԹՎԵՐԸ ԿՄՆԱՆ ԱՆԿԵՆԴԱՆ, ԻՍԿ ՑԱՎԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՊՐԵԼ

Խորհրդարանական ընտրությունները գնացին, մնացին` հայհոյանքները, միմյանց երեսին ցեխ շպրտելը, կեղծ կուսակցականամոլությունը ու«հանուն» դրա` սեփական դեմքը կորցնելը եւ… 10 000 դրամանոց ընտրազանգվածը` չհաշված խոստումների շքերթը` մարդկանց գլխավերեւում կախված… Ժամանակակից գրողներից յուրաքանչյուրը ընտրությունների արդյունքներին տարբեր «անուններ» են տալիս, սակայն այդ անվան բոլոր տառերն էլ դժգոհության մեջ են թաթախված…

Գրականագետ, գրող Հովիկ Չարխչյան- Սովորաբար տխուր ավանդույթ է ձևավորվել մտավորականների կարծիքը հարցնել այն բանից հետո, երբ ամեն ինչ արդեն ավարտված է: Իսկ բուն գործընթացի շրջանում քաղաքական ակտիվիստների ձայնն ու ասելիքն այնքան առատ էր, որ մտավորականի տեսակետ լսելու համար նրանք ոչ ժամանակ, ոչ ցանկություն ունեին: Այնպես որ, տարաժամ դատողություններով «դարդին դարման անելու» անպտուղ փորձերը լավագուն դեպքում պիտի սփոփիչ բալասան դառնան մրցակից կողմերից մեկի, և ցավազուրկ խայթոց՝ մյուսների համար: Իսկ եթե, ամեն դեպքում, հասարակության«խոկացող» խավին այս պահին բաժին է հասել դատավորի անշնորհակալ դերը, ապա միամտություն է նրանից ակնկալել անաչառ դատավարություն: Ես պիտի ազնվորեն կասկածեմ, եթե ասեն, որ անցած ընտրությունները որևէ մեկին գոհացրել են: Նույնիսկ հաղթողներին: Հաղթողներին` հատկապես: Քանի որ անազնիվ հաղթանակը պարտությունից էլ վատ է: Քանի որ սեփական ժողովրդի նկատմամբ հաղթանակ տանելն ու այդ մտքից հրճվելը բարոյական չափանիշ չունի: Քանի որ մնալը դեռ լինելը չէ, ինչպես որ տնօրինողը դեռ օրինատերը չէ: Բայց ես նաև չեմ կարող չտեսնել, թե ինչպես է լերդանում հետընտրական մաղձը, ինչպես են հանուն ինքնարդարացման լեզուներն առաջ ընկնում մտքից, որպեսզի վաղը դառնորեն զղջան իրենց անզգույշ ու չարացած խոսքերի համար: Եվ սա շատ ավելի մտահոգիչ է, քան ԿԸՀ-ի վավերացրած թվաբանությունը, քանի որ թվերը կմնան անկենդան, իսկ ցավը կշարունակի ապրել:

Կարինե Հարությունյան

ՈԻԻԼՅԱՄ ՖՈԼԿՆԵՐ

3 Հնվ

… Ես բավականին սիրում եմ իմ երկիրը, որպեսզի ցանկություն ունենամ շտկելու նրա թերությունները: Եվ իմ ունակությունները, իմ կոչումը բաց են անում իմ առջև միակ ուղին՝ ամաչել նրա համար, քննադատել նրան, փորձել ցույց տալ տարբերությունը, թե ինչպիսի լավ ու ինչպիսի վատ բաներ կան, որոնք են ստորացման պահերն ու ամբոջականության պահերը, հպարտություններն ու ազնվությունները, հիշեցնել ստորությունները ներել կարողացող մարդկանց, որ իրենց երկիրը ապրել է փառքի ժամանակներ, որ ժողովուրդը, նրանց հայրերը, պապերը իրագործել են հրաշալի, փառապանծ գործեր: Իմ երկրի մասին միայն լավը գրելը կնշանակի ոչ մի կերպ չուղղել վատը: Ես պարտավոր եմ մարդկանց պատմել վատի մասին, որ նրանք բավարար չափով կատաղեն կամ ամաչեն և կարողանան սրբագրել դրանք:

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

15 Հլս

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Բարև, երկիր» առավոտյան ծրագիր: Հայացք մանկությանը

ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ

22 Դկտ

Կանցնեն բոլոր վերքերն ու բոլոր հուսահատությունները, բոլոր նվաստացումներն ու բոլոր ստրջանքները,- ինչ որ կմնա հայ մանուկն է հայրենի հողին վրա: Ահա այս պետք է ըլլա մեր Ալֆան ու մեր Օմեղան, մեր ճշմարտությունն ու մեր արդարությունը: Թող այս օտար եզերքներուն վրա մեր վերջին երգը լռե հավիտյանս հավիտենից, միայն թե հայ շինականը լուսաբացին կարենա իր զվարթությունը մրմնջել:
Թող նոր աժդահա մը ելլեր Երկոքին Մասյաց վրա, սրունքներեն մեկը նետեր մեկ լեռան ու մյուսը` Արագածի լերկ գագաթին ու ողջ հայոց աշխարհը երիկամունքներեն սարսող ձայնով մը որոտոտ, լեցնելով կիրճերու մեր խոնարհ գյուղերը, Սանահինեն մինչև Սևանի եզերքը, Զանգեզուրեն մինչև Շիրակա դաշտ, թող որոտը գոռալով թավալեր ավաններեն ու քաղաքներեն:
Կանցնին բոլոր փոթորիկներն ու բոլոր ահագնադղորդ պատերազմները, կանցնին բոլոր հորդաներն ու բոլոր բարբարոսները, կանցնին բոլոր հերետիկոսներն ու բոլոր պզտիկ պարոնները` իրենց սուտ իմաստությամբ: Հայոց ազգ, քայլերդ դուրս մի նետեր այս ավանդակներեն, այս ծործորներեն ու այս խոպան հողերեն: Եթե նույնիսկ բազուկներդ չկրնան հրացան բռնել` մագիլներովդ ճանկե արդարությունդ, եթե նույնիսկ ստիպված ըլլաս անգամ մը ևս ողնաշարդ ծռել, ողջ հասակովդ ընկիր մեր կարմիր հողերուն վրա: Ավելի լավ է սողալ այստեղ, քան թե գլուխ ցցել ուրիշին սահմաններուն վրա: Ոչ մեկ նոր ելք այլևս այս հողերեն: Ճակատագիրդ հոս է, և սրբությունդ` հոս, վասնզի հոսկե է միայն, որ վաղը բոլոր փառքերը կրնան արթննալ և բոլոր ցորենները բարձրանալ գեղուղեշ, բոլոր ակոսներեն…

%d bloggers like this: