Tag Archives: երիտասարդություն

ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

21 Փտր

Հիմարություն, հիմարություն, հիմարություն ու էլի հիմարություն: Ես ուղղակի ու անխղճորեն (և շեշտում եմ, որ անխղճորեն) երկու խոսքով բացատրեցի նրան այն ժամանակ, որ երիտասարդության մեծահոգությունը հրաշալի է, բայց գրոշ չարժե: Ինչու՞ չարժե: Քանի որ էժան է ձեռք բերվում, ուրեմն և ապրված չի, դրանք բոլորը «կյանքի առաջին տպավորություններ են», այսպես ասած, բայց բեր մի գործի մեջ տեսնենք ձեզ: Էժան մեծահոգությունը միշտ հեշտ է, ու թե կյանքդ իսկ տաս, դարձյալ էժան է, քանի որ դա արյան եռք է լոկ և ուժերի ավելցուկ, գեղեցկության ինչպիսի կրքոտ ցանկություն: Ոչ, մեծահոգության դժվարին մի սխրանք գործեք հապա, լռիկ, անաղմուկ, առանց շուքի, զրպարտվելով, սխրանք, որում շատ զոհաբերություն կա և ոչ մի կաթիլ փառք, որում դուք, լուսավոր մարդ, բոլորի առջև որպես սրիկա եք ներկայացվում, երբ ամենաազնիվն եք աշխարհում բոլոր մարդկանցից. հապա մի այդ սխրանքը փորձեք, դե, օ, ոչ, կհրաժարվեք, իսկ ես, ես ամբողջ կյանքս հենց այն եմ արել, որ կատարել եմ այդ սխրանքը…

ՀԻՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

9 Փտր

Ծերունին մահամերձ պառկած է մահվան մահճում: Դուռը ծեծում են.
–Ո՞վ է ,– հարցնում է ծերունին…
–Երջանկությունը,– լսվում է պատասխանը:
–Ես կյանքում երջանիկ եղել եմ, շնորհակալ եմ…
Ժամանակ անց նորից թակում են:
–Ո՞վ է ,– հարցնում է ծերունին…
–Հարստությունը,– լսվում է պատասխանը:
–Ես հարստություն չեմ փափագում, շնորհակալ եմ…
Ժամանակ անց նորից են ծեծում դուռը:
–Ո՞վ է,– հարցնում է ծերունին:
–Երիտասարդությունը,– լսվում է ի պատասխան:
–Ես իմ երիտասարդությունն ապրել եմ, շնորհակալ եմ…
Ժամանակ անց նորից դուռն են թակում:
–Ո՞վ է,– նորից հարցնում է ծերունին:
–Ընկերներդ են,– լսվում է պատասխան…
Ծերունին լարելով վերջին ուժերը բացում է դուռը, ընկերները ներս են գալիս, և նրանց հետ տուն են մտնում նաև երիտասարդությունը, երջանկությունը և հարստությունը…

ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

21 Հնվ

Կյանքը ինձ երբեք չի զարմացրել: Առանց հակասությունների այն շատ տխուր կլիներ: Բերկրանքի պահեր, անշուշտ, շատ են եղել, երբ մարդը հասնում է իր նպատակին, երբ բազում փորձերից ու անքուն գիշերներից հետո աշխատանքդ օբյեկտիվ են գնահատում: Հիասթափվելու առիթներ նույնպես եղել են: Մարդը իրավամբ համարվում է ամենաբարձր էակը: Ամենից առաջ ես հիասթափվել եմ հենց մարդկանց մեջ: Նման պահեր եղել են նաև ստեղծագործական առումով: Այսօրվա սերունդը անհամեմատ երջանիկ է: Բայց արի ու տես, ոմանք ամեն ինչ հեշտությամբ են ուզում ձեռք բերել, առանց ջանք գործադրելու: Իսկ մենք միշտ գնահատել ենք աշխատասիրությունը: Տաղանդին հարկավոր է տեր կանգնել: Իսկ եթե աչքաթող արիր, կորցրածը չի վերադառնում: Փողոց ես դուրս գալիս, գեղեցիկ տղաներ են, ամեն ինչ տեղը, ճաշակով հագնված, բայց… մեկ-մեկ ուղղակի տհաճություն են պատճառում, երբ նայում ես ոմանց մազերին: Դրանք, որ կուրորեն կրկնօրինակում են այս ու այն տեղից: Եղբայր, այդ ամենը մարդուն զրկում է տղամարդ կոչվելուց: Միևնույն է, ինչ էլ որ անես օրգինալ երևալու համար, ոչինչ չի օգնի, եթե մարդուս մոտ բացակայում է հոգեկան հարստությունը… Ես շատ կուզեի, որ երիտասարդությունը ճիշտ գնահատեր իր արժանիքները, ժամանակն անտեղի չվատներ, նրանցից ամեն մեկն ամբողջ էությամբ նվիրվեր իր ընտրած մասնագիտությանը, գործին և իրագործեր այն երազանքները, որոնք պետք է գեղեցկացնեն թե իրեն, թե հասարակությանը:

%d bloggers like this: