Tag Archives: Երգ երգոց

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ

9 Դկտ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

Երա՞զ, տեսի՞լ, անգո ստվե՞ր մ’անհոգի,
Ճառագայթի, փրփուրի խա՞ղ մը տարտամ:
Քմայապաշտ ծաղի՜կ մ’արդյոք ցընորքի,
Քու մշուշոտ գիծերուդ ի՜նչ անուն տամ.
Երա՞զ. տեսի՞լ, անգո ստվե՞ր մ’անհոգի:
Քու կապույտիդ վճիտ, աղվոր ջուրերու
Եթերային անրջանքին է հանգույն.
ՈՒ քու կարմի’րըդ Պենկալյան վարդերու
Երազամած կարմըրության պես տժգույն.
Գոգն աչերուդ կապույտն ունիս ջուրերու:
Արցունքիդ պես նայադներ պար կը դառնան:
Այդ ի՞նչ հեշտանք որ շրթներուդ մեջ կը’մպես.
Շունչըդ գինով է հովերու պես գարնան,
Ձայնըդ տարփոտ` աղբյուրներու երգին պես…
Արցունքիդ մեջ նայադներ պար կը դառնան:
Կը հմայեն զիս քու աչերըդ, կը շոյե՜ն,
ՈՒ մարմինեդ ծորող խունկը մեղավո’ր,
Ավելի քաղցր է Քանանու գինիեն…
Հազարբուրյան այս պատարա՞գն է աղվոր,
Թե լո’ւյծ աչերդ որ մութ հոգիս կը շոյեն:
Հրաշագո ո՜հ, քու անդրիդ բյուրեղե.
Սրունքներուդ սարսռացող ձյունն հրաշեկ,
ՈՒ անանո՜ւն ցոլքը որ քեզ կողողե,
Մորթիդ թաքուն գանգուրներուն խուրձը շեկ…
Հրաշագո’… ո՜հ, քու իրանդ բյուրեղե:
Տենչերուս վրա պիտի հսկեմ այս գիշեր
Որ բազուկնե՜րըս չը փընտռեն քեզ իմ քով,
Սիրտս ո՜ւր էր որ կուրծքեդ ոչինչ չը հիշեր,
Մինչև առտու պիտի հալեր արցունքով…
Կիրքերուս վրա պիտի հսկեմ այս գիշեր:
Իզո՜ւր: Հոգիս թաղվել կուզե հուլորեն
Ստինքներուդ մտերմությանը մեջ կույս.
ՈՒ անութիդ որոշ ծալքերը նորեն
Գիտեմ որ զիս պիտի տանջեն մինչև լույս…
Քու մե’ջդ հոգիս թաղվել կուզե հուլորեն:
Տժգույն աղջի’կ, հյուսիսայգի աչքերով,
Կոպերուդ վրա ու բիբերուդ մեջ խոնավ
Այդ ի՜նչ անճառ երանություն, ի՜նչ գորով…
Ո’չ մեկ արգանդ քե՜զ պես հրաշք չըծնավ,
Տժգո՜ւյն աղջիկ, հյուսիսայգի աչքերով:

ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳ ԵՐԳՈՑԸ

1 Նյմ

… Ահա դու, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների՝ հարսնաքօղիդ տակ։ Քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։ Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, եւ ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ։ Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսած նռան՝ հարսնաքօղիդ տակ։ Քո պարանոցը նման է Դաւթի աշտարակին, որ շինուած է Թալպիոթում. հազար վահան է կախուած նրանից, նաեւ՝ ռազմիկների բոլոր նետերը։ Քո երկու ստինքները նման են այծեամի երկուորեակ ուլերի, որոնք արածում են շուշանների մէջ, մինչեւ ցերեկն անցնի, եւ ստուերները շարժուեն։ Ես էլ առանձին գնամ զմուռսի սարը եւ կնդրուկի բլուրը։ Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի, եւ ոչ մի արատ չկայ քո մէջ։ Ե՛կ Լիբանանից, ո՜վ հարս, այստե՛ղ եկ Լիբանանից. արի անցի՛ր Հաւատքի գագաթից, Սանիրի եւ Հերմոնի կատարներից, առիւծների որջերից եւ ինձերի լեռներից։ Կարօտով լցրիր մեր սիրտը, ո՜վ մեր քոյր հարս, քո մի հայեացքով, քո պարանոցի մի մանեակով կարօտով լցրիր սիրտը մեր։ Գեղեցկացան քո ստինքները, ո՜վ մեր քոյր հարս, գինուց գեղեցկացան քո ստինքները, եւ քո զգեստների հոտը քաղցր է բոլոր խնկերից։ Մեղր է կաթում քո շուրթերից, քո՛յր իմ հարս, մեղր ու կաթ կայ քո լեզուի տակ. եւ քո զգեստների հոտը նման է կնդրուկի հոտի։ Փակուած պարտէզ ես, քո՛յր իմ հարս, փակուած պարտէզ եւ կնքուած աղբիւր։ Քո տնկիները նռնենիների դրախտ են՝ մրգատու ծառերի պտուղներով, նոճով ու նարդոսով, նարդոս են ու քրքում, խնկեղէգն ու կինամոն՝ Լիբանանի ամէն տեսակ ծառերով, զմուռս ու հալուէ՝ բոլոր լաւագոյն խնկերով հանդերձ, բուրաստանների աղբիւր են եւ կենդանի ջրի ակունք, որ բխում է Լիբանանից։ Վե՛ր կաց, հիւսիսի՛ քամի, եւ ե՛կ, հարաւի՛ հով, փչի՛ր իմ պարտէզի մէջ, եւ թող իմ խնկերն իրենց բոյրը տարածեն…

%d bloggers like this: