Tag Archives: երգչուհի

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՌՈԶԻ ԱՐՄԵՆԻՆ

25 Հնվ

Երեխա էինք, նա երգում էր: Լսում էինք ռադիոյով, դիտում հեռուստատեսությամբ, և նրա հետ կապված ամեն բան մեզ համար անսովոր էր: Հայերեն էր երգում, բայց զգում էինք, որ դա ուրիշ հայերեն է ու չէինք հասկանում, թե ինչու և ինչպես է նա այդ բանն անում: Անունն էինք կրկնում՝ Ռոզի Արմեն, և զարմանում էինք, թե ինչու կնոջ անվան մեջ Արմեն կա: Բայց ամենաանբացատրելին նրա երգն էր:
Ինչու՞ էինք այդպես ցնցվում, երբ նա էր ասում Հայաստան ու Երևան: Այդ ի՞նչ թրթիռներ էին, որ նրա ձայնի հետ լցվում էին մեզ համար սովորական բառերի ու անունների մեջ, և այդ բառերը հանկարծ դառնում էին փշաքաղ ու հոգեհույզ: Եվ ինչպե՞ս էր լինում, որ նրա կարոտը փոխանցվում էր մեզ ու մենք էլ սկսում էինք նրա հետ կարոտել այն, ինչը կարոտելու պատճառ չունեինք, քանի որ մեր կողքին էր ու մեր մեջ: Մենք նրա անձկության անոթներն էինք…
1991 թվականի մի օր գնացել էի Խոր Վիրապ: Երբ եկեղեցուց դուրս եկա, հանկարծ բակում տեսա վանահորը՝ մի հմայիչ կնոջ հետ: Ես նրան ճանաչեցի անմիջապես, այնքան հեշտ ու արագ, ասես բազում անգամ հանդիպել էի կամ հին ծանոթներ էինք: Նա շրջում էր գավիթի մոտ, հետո բարձրացավ վանքը շրջապատող պարսպի վրա ու այնտեղից երկար դիտում էր Արարատը:
Ես ուրախ էի, որ տեսնում էի նրան: Բայց այդ ուրախությունն ինձ թվում էր անավարտ ու թերի: Ներքին մի ձայն կարծես հուշում էր, որ վրա է հասել ինքապարպումի ու փոխհատույց լինելու ժամը և եթե ես դա չանեմ հիմա, ապա իմ զսպումն աններելի ու անազնիվ արարք կդառնա: Ու ես քայլեցի դեպի Ռոզի Արմենը՝ խոստովանանքի:
Հիմա չեմ հիշում, թե ինչեր եմ ասել նրան: Գուցե ոչ այն, ինչ կուզեի ասել կամ գուցե չափազանց, քան կպատշաճեր նման դեպքին: Հիշում եմ միայն նրա ժպիտը: Դա մի կնոջ ժպիտ էր, ով ավելին չէր էլ պահանջում…
Ինչ մեծ բավականություն է՝ ասել մարդուն, թե ով է ինքը քեզ համար, գնահատել ու մեծարել նրան ըստ արժանվույն, շնորհակալ լինել այն բանի համար, ինչ ստացել ես նրանից մշտապես ու անհատույց:
Երբեք, երբեք մի զրկեք ձեզ այդ երանավետ պահից: Հավատացեք, դա այն եզակի դեպքերից մեկն է, երբ տալով հարստանում եք ինքներդ: Հարստացեք խոնարհումով:

© Հովիկ Չարխչյան11742732_891541334260267_7928629561394641590_n

ՄԱՐԻԱ ԿԱԼԼԱՍ

6 Ապր

Ճշմարտությունն այն է, որ մենք բոլորս արվեստի ծառաներն ենք, սպասարկուները: Մենք ծառայում ենք արվեստին, և դա մեր առաջին նպատակն է: Եթե անես դա, ապա ամեն ինչ կգա ինքնաբերաբար` մեծ ես, հռչակավոր, փող ունես: Սակայն աշխատանքը ծանր է սկզբում, ընթացքում և հետո: Երբ քեզ ծափահարում են, տուն դարձիդ պետք է քեզ հաշիվ տաս արածներիդ մասին` ի՞նչը չպետք է անեիր, որից հետո դու քեզ պիտի ասես` լավ, վաղը մեկ ուրիշ օր է սկսվում: Այդ է միակ ձևը մեծ արվեստագետների համար:
Երաժշտությունը, գիտե՞ք, շատ դժվար բան է, իսկապես հեշտ չէ կատարելը, ինչպես հասարակությունն է կարծում: Մեծ նվիրում, զոհաբերում է պահանջում, հարգանք կոմպոզիտորի նկատմամբ, մի ողջ գիտություն, համակ արվեստ… Երաժշտության մեջ, արվեստում միշտ առաձգականություն պետք է լինի, կարծում եմ: Դա նման է գիրք կարդալուն: Երբ գիրք ես կարդում, պետք է տողերի միջև էլ կարդալ: Մենք ունենք մեր երաժշտությունը, մենք կարդում ենք այդ երաժշտությունը, կատարում: Սակայն պետք է կարդալ այն, ինչը կոմպոզիտորն է ուզում` հազարավոր գույներ, արտահայտչաձևեր կան:
Երբ մարդիկ ասում են` ինչ հրաշալի երգեցիր, դա ինձ շոկ է պատճառում… Ճիշտ է, էմոցիաներին ես չեմ հանձնվում, և դա անհրաժեշտ է, դա ինձ ասվել է դեռ երեխա ժամանակ: Կարծում եմ, բնությամբ եմ այդպիսին: Շատ չեմ շարժվում, դիտում եմ, զգում: Ես չգիտեմ` դա գործո՞ւմ է ուրիշների պարագայում, սակայն ես սպունգի նման եմ մարդկանց ասածները ըմբռնելու հարցում. վերցնում եմ ամեն լավ բանը, իսկ մնացածը թողնում եմ: Հիշում եմ, երբ երեխա էի (դա, անշուշտ բեմի վրա չէր) և հորս հետ քայլում էինք պաղպաղակ վաճառողի մոտով, հանկարծ կանգնեցի ու քաշեցի հորս բաճկոնից առանց որևէ բան ասելու, միայն նայում էի նրան: Հայրս հարցրեց` ի՞նչ ես ուզում, ասա՛: Ոչինչ չասացի, այլ շարունակեցի նայել նրան մեծ մարդու պես: Կարծում եմ, դա սովորությամբ է իմ մեջ արմատացել: Դա իմ բնությունից է գալիս, նույնը պետք է լինի նաեւ բեմում` չտրվել զգացմունքներին: Չգիտեմ: Երբեմն որոշ փորձերի ժամանակ մտնում եմ բեմահարթակ, բայց չգիտեմ ինչ անել: Կանգնած եմ բոլորի մեջտեղում, երգչախմբի մեջ, նայում եմ շուրջբոլորը, նայում եմ ինձ, ոչ թե բեմական, այլ սովորական հանդերձանքով եմ, շրջապատի մարդիկ ինձ ասում են` ասա, արտահայտվիր: Դա ինձ հիացնում է, քանի որ ես ոչինչ չեմ անում արտահայտվելու համար: Զարմանալի է… Ի՞նչ պիտի լիներ կյանքն առանց մարտահրավերների, առանց դրանք տիրապետելու, դրանք հաղթահարելու հաճույքի…

ՄԱՐԻԱ ԿԱԼԼԱՍ

%d bloggers like this: