Tag Archives: Եվրոպա

«ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է»

10 Փտր

Քսենոֆոբիայի կամ ազգային անհանդուրժողականության նկատմամբ քաղաքակիրթ աշխարհի մերժողական վերաբերմունքը այդ աշխարհի դավանած արժեհամակարգի կարևորագույն դրույթներից մեկն է համարվում: Գոնե դրա մասին են հավաստում ամեն կարգի հռչակագրերը, օրենքները, սահմանադրություններն ու քաղաքական գործիչների ելույթները: Սակայն իրականությունը ոչ միշտ է հաշտ այն ամենի հետ, ինչ գրված է թղթի վրա, և լավագույն ցանկություններն էլ պահանջ ունեն ամրագրվելու շոշափելի ձեռքբերումներով: Ահա այստեղ է, որ խոսքի և իրականության տարբերությունը անանցանելի պատնեշի պես հառնում է` պարտադրելով մի նահանջ, ինչը ոչ այնքան մեղանչում է սկզբունքների առաջ, որքան վերագնահատման անհրաժեշտությամբ պայմանավորված շեղում, օտար տարրի հանդեպ բնազդային և իմունիտետային գործոնների պատասխան ռեակցիա` հանուն սեփական անվտանգության, ինքնապահպանման, կենցաղակերպի, սովորույթների և իրավունքների անխաթարության:
Իսլամական աշխարհն անվիճելիորեն այսօր հանդիսանում է Եվրոպայի և ընդհանրապես Արևմուտքի զգուշավոր, կանխակալ վերաբերմունքի հիմնական բևեռներից մեկը` ծնունդ տալով մի երևույթի, որի մասնագիտական եզրույթը «իսլամաֆոբիա» բառն է: «Իսլամաֆոբիան» առաջին անգամ գործածվեց 1922թ. արևելագետ Էթյեն Դինեի կողմից` նրա հեղինակած «Արևելքը Արևմուտքի աչքերով» էսսեում: Դինեի ցանկությունն էր ոչ միայն պատկերել իսլամի հանդեպ արմատավորված բացասական վերաբերմունքը, այլև հիմնավորել, որ դա գոյություն ուներ Եվրոպայի և մահմեդական աշխարհի միջև դարավոր հակամարտությունների պատճառով` խաչակրաց արշավանքների ժամանակներից մինչև գաղութատիրության դարաշրջանը:
Հետո մի որոշ ժամանակ այդ ժխտողականության մասին կարծես թե մոռացել էին կամ հարկ էին համարում հնարավորինս շրջանցել անցանկալի նյութը: Սակայն, ինչպես պարզվեց, «Իսլամաֆոբիա»-ին վիճակված չէր հիշողությունից լիովին ջնջել: Այն վերստին քաղաքական բառապաշար մտավ 1997թ.` բրիտանական Runnymede Trust հետազոտական կենտրոնի հրապարակած «Իսլամաֆոբիա. մարտահրավեր բոլորի համար» զեկույցի շնորհիվ: Հատկանշական է, որ այս անգամ արդեն իսլամաֆոբիան բնորոշվում էր որպես իսլամի նկատմամբ իռացիոնալ, անբացատրելի վախ ու ատելություն, որը տարածված է հասարակության համարյա բոլոր շերտերում: Ըստ դիտարկման հեղինակների, այն արտահայտվում է հետևյալ կերպ. իսլամն ընկալվում է ոչ թե իբրև Արևմուտքից տարբեր, այլ նրանից հետամնաց քաղաքակրթություն, իսկ մահմեդական մշակույթը` դոգմատիկ, քարացած, այլ դրսևորումների հանդեպ թշնամական, կնատյաց և օտարների համար սպառնալիք պարունակող երևույթ:
«Անբացատրելի» բառն այստեղ թերևս այնքան էլ տեղին չէ, քանզի ակնհնայտ է, որ յուրաքանչյուր ոք դրա համար ուներ ինչպես իր բացատրությունը, այնպես էլ հիմնավոր պատճառները: Եվ եթե նույնիսկ մասամբ ընդունենք, որ տվյալ պարագայում նշանակալի դեր էր խաղում այսպես կոչված
«հետերոստերեոտիպը» (այլ ազգերի մասին որևէ կոնկրետ ազգի մոտ գոյություն ունեցող կարծրացած պատկերացումը), ապա դրանից ոչ պակաս որոշիչ էր մնում անհանդուրժողականություն հարուցող նախադրյալների շարունակական աճն ու կրկնությունը, ինչն էլ իր հերթին հիմնավորում էր նախկին վերաբերմունքի անսխալականությունը:
Բայց կար ևս մի հատկանշական գիծ, որը երևույթին հաղորդում էր միանգամայն նոր որակ և ուղղվածություն: Բանն այն է, որ ամեն պարագայում իսլամաֆոբիան հակված էր կոնկրետացման, և վերջինիս ընտրությունը գերազանցապես կանգ էր առնում թուրքական էթնիկական հանրույթի վրա: Միանգամից ասենք, որ տվյալ ընտրությունը ոչ կամայական էր, ոչ էլ պատահական: Ստացվել էր այնպես, որ թուրքերն իրենց տեսակով մարմնավորում ու ընդգրկում էին բոլոր այն հիմնական հատկանիշները, որոնք թույլ էին տալիս նրանց դիտել իբրև տիպական օրինակ ամբողջի համատեքստում: Սա, իհարկե, չէր նշանակում ուրիշի մեղքի վերագրում կամ դեգրադացված պատկերացումների բարդում մեկ առանձին վերցրած ժողովրդի վրա: Մեծամասամբ հենց թուրքերն էլ վաստակում էին քամահրանքի ու ատելության բաժինը` միանգամայն արդարաբար ու ամենևին ոչ այն պատճառով, որ լայն առումով իսլամաֆոբիան կիրառվում էր նաև նրանց հանդեպ: Եվ այդ հակակրանքը ձգվում էր դարերով ու տասնամյակներով` փոխանցվելով ամենավերին օղակներից մինչև ամենաստորին շերտերը: Պատմությունը մեզ համար պահպանել էլ նմանօրինակ խորշանքի բազմաթիվ դասական օրինակներ` հերթական վկայություններն այն բանի, թե որքան խորն են արմատները և որքան փարթամ է դրա սաղարթը: Իր ժամանակին ռուս կայսրուհի Եկատերինա Երկրորդը նախապատվելի էր համարում «սրբապիղծ թուրք» բնորոշումը: Կոմս Դե Վոլնեյի համար թուրքերն այլ բան չէին, քան «բոսֆորյան բարբարոսներ», «այն տգետ և այլասերված ազգը, որի դեմ ռուսների հարձակումը պետք է միայն խրախուսել»: 19-րդ դարի երկրորդ կեսի հայտնի բրիտանացի քաղաքական գործիչ Գլադստոնը թուրքերի մասին օգտագործում էր «զզվելի» բնորոշումը: Վերջինս «անկանխատեսելի թուրքի» դեմ իր ելույթներից մեկում ուղղակի հայտարարում էր, որ Օսմանյան կայսրությունն արժանի է «աշխարհի քարտեզից ջնջվելուն իբրև քաղաքակրթության խայտառակություն և մարդկության անեծք»: Այս կարծիքին երկու ձեռքով կողմ էր ֆրանսիացի պատմագետ Ժորժ Մորգանը, ով մի առիթով բացականչեց. «Որքան մեծ սխալ են թույլ տալիս նրանք, ովքեր հակառակ ամեն բանի, տակավին պնդում են, թե թուրք ժողովուրդը ուղղելի է, թե պետք չէ ջնջել նրա անունը քարտեզի վրայից»: Իմանուել Կանտը, խոսելով թուրքերի մասին, զերծ էր մնում ամեն կարգի փիլիսոփայական հիմնավորումներից. «Ժողովուրդի համար հայտնորոշ նկարագիր յուրացնելու տեսանկյունից Եվրոպական Թուրքիա կոչվածը երբեք չեղավ, և ոչ էլ պիտի լինի»,- պնդում էր նա: Իսկ Վիկտոր Հյուգոն այդ անհամատեղելիությունը փաստարկում էր գեղարվեստական խոսքով. «Այստեղով թուրքերն են անցել, քանզի չորս կողմը սուգ է ու ավեր»: Պրագմատիկ մտածողությամբ օժտվածների համար թուրքերի ներկայության մերժումը եղածին նոր որակներ էր հաղորդում: «Ո՞վ է առևտուր անում Թուրքիայում,- հարցնում էր Ֆրիդրիխ Էնգելսը և ինքն էլ տալիս էր այդ հարցի պատասխանը,- համենայնդեպս ոչ թուրքերը, հետևաբար, հեռացրեք բոլոր թուրքերին Եվրոպայից, առևտուրը դրանից երբեք չի տուժի»:
Նման մտայնությունը բավականին կենսունակ գտնվեց, և տասնամյակներ հետո համարյա նույն բանն էին կրկնում Արևմուտքի նորօրյա քաղաքական դեմքերը: Կար մի շրջան, երբ Թուրքիայի եվրոինտեգրացման իրողության դեմ արտահայտվողներն իրենց կարգախոս էին դարձրել Ֆրանսիայի նախկին նախագահ, ԵՄ միասնական սահմանադրության ստեղծող Վալերի Ժիսկար դ Էստենի միտքն այն մասին, թե «Թուրքիայի մուտքը ԵՄ կնշանակի Եվրոպայի վերջը, քանի որ Թուրքիայի մշակույթն այլ է, մոտեցումները տարբեր են, ապրելակերպը տարբեր է, նրա մայրաքաղաքը Եվրոպայում չէ, իսկ բնակչության 95%-ն ապրում է Եվրոպայի սահմաններից դուրս»: Հռչակավոր «նեոատլանտիզմ» ուսմունքի կնքահայր, ամերիկացի գիտնական Ս.Հանթինգթոնը, ելույթ ունենալով Ստամբուլում կայացած գիտաժողովում, հենց թուրքերի աչքերի մեջ նայելով հայտարարեց, որ իր կարծիքով` Թուրքիան եվրոպական երկիր չէ, ուստի «այնքան ժամանակ, քանի դեռ նման տեսակետները կմնան լայնորեն տարածված եվրոպական էլիտար շրջանակներում, Թուրքիայի` Եվրամիության անդամությունը կշարունակի մնալ անհնար»:
Օրինակներն ու բնորոշումները կարելի է մեջբերել անվերջորեն: Սակայն եղածն էլ բավարար է պատկերացում կազմելու, թե հակվածության անկյունը որքանով էր համահունչ դրա վրա ներգործող օբյեկտիվ իրականության հետ: Սրա հետ մեկտեղ նկատենք նաև, որ այս բոլոր կարծիքներում աչքի էր զարնում խիստ էական մի մոտեցում` հակաթուրքական այն նախատրամադրվածությունը, որն իր համար ամեն պարագայում հիմնավորումներ և փաստարկումներ է գտնում: Այսքանից հետո դրախտից վտարվածի բարդույթը պիտի անբաժանելի դառնար «զոհից», իսկ հալածման ջիղը պիտի լիներ շատ ավելի զգայուն, քան նախկինում էր: Ներկա քաղաքակիրթ հանրությունը, անկախ այն բանից` կխոստովանի դա, թե ոչ, այսօր դեռևս անկարող է ձերբազատվել վերոնշյալ կաշկանդվածությունից: Եվ, ընդհանրապես, թե թուրքական, թե իսլամական ուղղվածություն ունեցող կասկածամտությունը նորանոր սերմեր է նետում, ու առատ է դրա հունձքը: Իսկ այդ վերաբերմունքը երկկողմանի է: Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններից» մինչև դանիացի նկարիչ Կուրտ Վեստերգաարդի Մուհամեդի ծաղրանկարները, Ղուրանի հրապարակային հրկիզումներից մինչև Նյու Յորքի կենտրոնում մզկիթ կառուցելու դեմ հասարակական ընդվզումները, ռուս ազգայնականների ջարդարարությունից մինչև Փարիզի փողոցները կրակի մատնած մուսուլմանների կոչերը վկայությունն են միևնույն բանի` առճակատումը շուտափույթ ավարտ չունի: Իսկ եթե ասվածին էլ գումարենք սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ողբերգությունը, պատերազմները Իրաքում, Աֆղանստանում, 2004 թ. Մադրիդում գնացքի ռմբահարումն ու 2005 թ. լոնդոնյան ահաբեկչությունները, Հոլանդիայում 2004 թ. իսլամական ծայրահեղականի կողմից կինոռեժիսոր Թեո Վան Գոգի սպանությունը, որից հետո առավել քան 50 բռնություն և հարձակում է իրականացվել Հոլանդիայի մզկիթների վրա, ֆունդամենտալիստների այն բոլոր գործողությունները, որոնք համընդհանուր սարսափ են տարածում ողջ Արևմուտքում, ապա էթնիկ խմբերի փոխադարձ հակակրանքից պիտի որ արյան հոտ առնենք:
Սակայն վերադառնանք թուրքերին և փորձենք հասկանալ, թե ասված ու չասված ո՞ր ազդակների ներգործությունն է նրանց ներկայությունը տհաճ զգացողությունների աղբյուրի վերածել, և որո՞նք են հիվանդության այն ախտանիշները` ընդունակ քայքայելու որևէ ժողովրդի հեղինակության բոլոր հյուսվածքները, նրան ներկայացնելու իբրև անախորժ իրավիճակների հարուցիչի: Եթե անգամ մի կողմ թողնենք պատմության մռայլ էջերը, ապա մեր ժամանակների կտրվածքով վերստին պիտի տեսնենք, թե ինչպես են տարիներն անզոր գտնվել որևէ բան փոփոխելու: Այդ ժողովուրդը շարունակել է պահպանել իր նկրտումների բուն շրջանակը` ոչ այնքան կենսական տարածքներ նվաճելու հրամայականը, որքան ուրիշի ստեղծածն ու վաստակը հեշտորեն յուրացնելու մոլուցքը: Հայտնի է, որ ավելի քան հինգ տասնամյակ շարունակ Անկարան պայքարում է Եվրամիության անդամ դառնալու համար: Անդամակցության առաջին դիմում Թուրքիան ներկայացրել է 1959 թվականին, երբ դեռ գործում էր ԵՄ-ին նախորդող Եվրոպական Տնտեսական Համայնքը: Սակայն թուրքերն այդ ընթացքում չմնացին սոսկ համբերատար սպասողներ: Նրանց արտահոսքը Եվրոպա առանձնապես մեծ ծավալներ ձեռք բերեց 1960-ականներից սկսած, երբ էժան աշխատուժի կարգավիճակով հայտնվեցին սկզբում Գերմանիայում, իսկ այնուհետև` 1970-ականների սկզբներից արտագաղթեցին այլ երկրներ, մասնավորապես Հոլանդիա, Ֆրանսիա: Արդեն 1980-ականներին թուրք միգրանտների թիվն այնքան մեծ էր, որ տեղերում սկսեցին ձևավորվել համայնքները: Մայր երկրում անմիջապես նկատեցին ու գնահատեցին այդ տենդենցը: Շատ շուտով իրենց հայրենակիցների առավել ակտիվ զանգվածին Անկարան առատաձեռն օժանդակություն ցուցաբերեց ՝ խրախուսելով եվրոպական երկրներում բազմաթիվ միությունների ու կազմակերպությունների ստեղծմանը: Եվ այժմ նրանց քաղաքականցված հատվածը բոլորովին էլ դեմ չէ նշանակալի ազդեցություն ունենալու Եվրոպայի ներքին կյանքում:
Ցավոք, գոյություն չունի ճշգրիտ վիճակագրություն այն մասին, թե որքան է աշխարհով մեկ սփռված թուրքերի թիվը: Եղած հետազոտություններն ու հրապարակված պաշտոնական տեղեկագրերը սոսկ մոտավոր արդյունքներ կարող են ներկայացնել: Բայց նույնիսկ դա էլ բավարար է պատկերացում կազմելու համար, թե մոլորակի տարբեր անկյուններում Բոսֆորի ափերից ներթափանցած ինչպիսի ահռելի բեռ են կրում իրենց ուսերի վրա: Ըստ շրջանառվող տեղեկությունների, միայն Գերմանիայում շուրջ 3.5 միլիոնանոց թուրքական համայնք կա: Անգլիայում՝ 400 հազար թուրք է ապրում (չհաշված կիպրոսցի թուրքերին), Հոլանդիայում՝ 380 հազար, Ավստրիայում՝ 250 հազար, Բելգիայում՝ 200 հազար, Սաուդյան Արաբիայում՝ 120 հազար, Շվեյցարիայում՝ 100 հազար, Ռուսաստանում՝ 100 հազար, Շվեդիայում՝ 60 հազար, Դանիայում՝ 57 հազար, Ադրբեջանում՝ 50 հազար, Կանադայում՝ 50 հազար (դարձյալ չհաշված կիպրոսցիներին), Նորվեգիայում՝ 15 հազար, Իտալիայում՝ 13 հազար 500, Ճապոնիայում՝ 10 հազար Թուրքիայի քաղաքացի և այսպես շարունակ: Հիդրայի պես իր շոշափուկները տարածած այդ զանգվածը այլևս նախկին կրավորական, ինքնամփոփ, պահպանողական ամբողջությունը չէ, որին բնորոշ էր օտար կենվորի կարգավիճակը: Թե ինչի է վերածվել թուրքական սփյուռքը, դրա մասին որոշակի պատկերացում կազմելու համար բավական է բազում օրինակներից նշել ընդամենը մեկը. Նիդեռլանդների խորհրդարանում նրանք ունեն 3 պատգամավոր, իսկ տեղական կառավարման մարմիններում՝ 110 ներկայացուցիչ:
Ահա այս թուրքական ներկայություն է, որից զգուշանում և խորշում է քաղաքակիրթ հանրությունը: Այդ աշխարհի առավել արմատական հայացքների տեր խմբերն այսօր ահազանգ են հնչեցնում, և նրանց կարգախոսները միանգամայն համահունչ են ներքին պահանջներին: «Կամուրջներ դեպի իսլամ, թե՞ դարպաս արմատականությանը», «Հնարավորություն, թե՞ ռիսկ», «Պիտի հաշտվե՞նք այն մտքի հետ, որ հարյուր հազարավոր թուրքեր գրավելու են աշխատաշուկան», «Ի՞նչ է սպասում քրիստոնեական արժեքներ որդեգրած հանրությանը, եթե մահմեդական Թուրքիան եվրոպական ակումբ մտնի»,- հռետորական հարցադրումներ են վանկարկում նրանք` բոլոր դեպքերի համար ունենալով միևնույն պատասխանը. «Օտար մարմինը պետք է անհապաղ հեռացնել»: Եվ անկախ այն բանից` այդ անհամատեղելիությունը կկոչվի իսլամաֆոբիա, թե մեկ ուրիշ անունով, դրսևորումների դեպքերն ու քանակը ոչ միայն նվազման միտում չունեն, այլև վերջին շրջանում արտահայտվում էեն ամենաանսպասելի տեղերում և ամենաանսպասելի շուրթերից:
Երբ Բելգիայի հեռուստաալիքներից մեկով Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ, «Նոր Ֆլանդրիայի դաշինք» կուսակցության փոխնախագահ Ժան Պետեր Պեյմանսը ասաց, թե աշխարհի ամենազզվելի ժողովուրդը թուրքն է, ամենքն էլ հասկացան, որ քաղաքական սկանդալից խուսափել չի հաջողվի: Բայց այլ բան է վիրավորված կողմի բողոքը և մեկ այլ բան` սերտաճած պատկերացումը, ինչը հենց այնպես արմատներ չի նետում: Այսօրինակ մտքերի ու դեպքերի մի ամբողջ բազմազանություն մատուցեց աղմկահայրույց Wikileaks կայքէջը, երբ հրապարակ հանեց գաղտնի դիվանագիտական թղթարարության հազարավոր էջեր: Այնտեղից հանրությունը և առաջին հերթին թուրքերը տեղեկացան, որ, օրինակ, Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատտինին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ զրույցում Թուրքիային անվանում է երկերեսանի և երկակի խաղ խաղացող: Իսկ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, նույն աղբյուրի համաձայն, Թուրքիայի ԵՄ անդամակցության առնչությամբ Վաշինգտոն է ուղարկվել մի փաստաթուղթ, որում ուղղակի հայտարարել է, թե պետք է «մուսուլմանական Թուրքիային հեռու պահել Եվրամիությունից, քանի որ վերջինիս մուտքը ԵՄ կթուլացնի Եվրոպայի քրիստոնեական միասնությունը»։
Նույնքան աններելի անկեղծություն էր հանդես բերել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին` ասելով, որ ուղղակի նողկում է Թուրքիայի Հանրապետության դրոշից։ Էքսցենտրիկ նախագահն իր հակակրանքը սանձահարելու համար պարզապես կարգադրել էր փոխել նախագահական ինքնաթիռի թռիչքի ուղղությունը, որպեսզի չտեսներ Թուրքիայի դրոշի գույներով զարդարված Էյֆելյան աշտարակը:
ԱՄՆ Պետքարտուղարության մեկ այլ փաստաթուղթ պատմում է այն մասին, թե ինչպես են ամերիկացի պաշտոնյաները կոչ արել Ֆրանսիայի նախագահին մեղմացնել իր վերաբերմունքը Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում, ինչին Սարկոզին պատասխանել է, թե որքան էլ ծանր լինեն Թուրքիային ԵՄ անդամակցությունից հետ պահելու հետևանքները, ինքը, միևնույն է, դեմ է հանդես է գալու «Եվրամիությունում ևս 70 միլիոնանոց մահմեդականների հայտնվելուն»: Կրոնական պատկանելիության հիշատակումը և հատկապես Թուրքիայի պարագայում հարցի այդ կողմը շեշտելու փաստն արդեն իսկ ապացույցն է, որ քաղաքական շարժառիթների դերը եվրոպացիների համար մեծ հաշվով երկրորդական է, և նրանց իրական անհանգստությունների պատճառը բոլորովին այլ հարթության վրա է:
Գերմանիան նույնպես հստակորեն ընդդիմանում է Թուրքիայի լիիրավ անդամակցությանը եվրոպական ընտանիքին ու վերստին տեսնում ենք, որ երկկողմ հարաբերություններում առկա հիմնական կնճռոտ հարցը այդ երկրում ապրող բազմաքանակ թուրքական համայնքն է: Երբ երեք տարի առաջ Թուրքիայի վարչապետն անզգուշություն ցուցաբերեց և կոչ արեց իր հայրենակիցներին ամեն գնով պահպանել ինքնությունը, չձուլվել գերմանացիներին ու ազդել այդ երկրում ընդունվող որոշումների վրա, նրա հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց Բեռլինի քաղաքական շրջանակներում։ «Թուրքիայի վարչապետն ուզում է իր ներկայացուցիչներն ունենալ Գերմանիայում, մինչդեռ մեզ անհրաժեշտ են Գերմանիայի քաղաքացիներ»,- նրան հակադարձում էին պետական ու կուսակցական գործիչները` հանկարծ միաժամանակ մտաբերելով, որ ծագումով թուրք են Գերմանիայի խորհրդարանի 5 պատգամավորները, իսկ երկրի 82 մլն բնակչությունից շուրջ 7 մլն մուսուլմաններ են: Եթե վերջիններս մի փոքր էլ հետևողական գտնվեին, ապա կարող էին նաև ճշտել, որ ընդհանրապես Եվրամիության երկրներին արտասահմանցիներ «մատակարարելու» հարցում Թուրքիան վաղուց առաջին տեղն է զբաղեցնում: Այս երկրից դուրս եկածները կազմում են ԵՄ բոլոր երկրներում բնակվող օտարերկրացիների 8 տոկոսը:
Դրա մասին ժամանակին «Ռուսկայա Գերմանիա» պարբերականը առանց հավելյալ նրբանկատության գրում էր. «Թուրքիայում մշտապես դիտվում է ժողովրդագրական աճ, մեկ միլիոնից հետո ծնվում է հաջորդ միլիոնը, և միլիոնավոր թուրքեր հեղեղում են Եվրոպան: Թուրքիան Եվրոպա է արտահանում ոչ միայն սովորական ապրանքներ, այլև հենց թուրքերին: Եվրոպան չի հասցնում նրանց մարսել, ու պարզ չէ` արդյոք թո՞ւրքը կդառնա եվրոպացի, թե՞ Եվրոպան կդառնա թուրքական: Դա Եվրոպայի վրա կախված ամենամեծ վտանգներից մեկն է, և այդ վտանգը գիտակցում են Եվրոպայում»:
Այո, Եվրոպան այժմ իսկապես սկսել է գիտակցել սպառնալիքը, բայց նրա տագնապի զգացողությանը շարունակում է միախառնված մնալ թուրքերի հանդեպ պաթալոգիկ հակակրանքին: Ու եթե բուն շարժառիթը թաքցնելու համար ավելի հաճախ նրանք մեջբերում են այլ պատճառաբանություններ, ապա, միևնույն է, խնդրի ստորին շերտերը չտեսնելն անհնար է:
Անգլիայում թուրքական ներկայության անցանկալիությունը բրիտանական խորհրդարանի պատգամավոր Դեյվիդ Լամիի համար այս հիմնավորումն ունի. «Թուրքական բանդաների ակտիվությունը լուրջ խնդիր է լոնդոնյան փողոցների համար, և մենք պետք է արձագանքենք շատ ավելի կենտրոնացված: Մեզ պետք են թուրքերենին տիրապետող ավելի շատ ոստիկաններ, ովքեր կզբաղվեին այդ հիմնախնդրով: Մարդիկ վախեցած են: Բանդաները զբաղված են ռեկետով, փողերի լվացմամբ և քաղաքացիներին ահաբեկելով, ու մենք պետք է վերջ տանք այս ամենին.»,- ասում է նա:
Մեկ այլ անժխտելի մեղադրանք էլ այն է, որ Եվրոպայում թմրաբիզնեսի շուկայի 90 տոկոսը վերահսկում են թուրքերը։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն, 2009 թվականին Եվրոպայում 110 տոննա հերոին և այլ տեսակի թմրանյութ է սպառվել, որի 85 տոկոսը ներկրվել է Թուրքիայի տարածքով։ Մի՞թե սա պակաս հիմնավորում է թուրքերին չհամակրելու համար:
Իսպանական «Ռեալ»-ի խաղացող Գուտին Ստամբուլում վթարի էր ենթարկվել, որից հետո ոստիկանատանը նա ուղղակի հայտարարել էր. «Թուրքերին չեմ սիրում։ Թողեք, ես Մադրիդ եմ գնում։ Այս քարտի վրայից վերցրեք իմ պատճառած վնասի գումարը և ինձ բաց թողեք»:
Ստամբուլի արդյունաբերական պալատի կազմակերպած 9-րդ արդյունաբերական կոնգրեսին մասնակցող Հարվարդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆ. Ռիկարդո Հաուսմանը թուրքերին նմանեցրեց ամեն տեղ թռչկոտող կապիկների։ Նրա որակմամբ, շուկան ծառերի պես է, իսկ թուրքերը կապիկներ են, որոնք կարողանում են նվաճել շուկաները՝ ծառից ծառ թռչկոտելով։
Գերմանիայում ուսուցիչն արգելեց թուրք աշակերտին զուգարան գնալ՝ նշելով, որ վերջինս թուրք է և Գերմանիայում իրավունքներ չունի։ Դեպքը տեղի էր ունեցել Ներքին Սաքսոնիա նահանգի Բադենհաուսեն քաղաքում։
Հունաստանի իշխանությունները թուրք ապօրինի ներթափանցողների հոսքը համարում են «համաեվրոպական խնդիր», ու մտադիր են Թուրքիայի հետ սահմանին 206 կիլոմետրանոց պատ կառուցել: Հունաստանի նախաձեռությանը պատրաստ է հետևել Բուլղարիան, որտեղ որոշել են փշալար անցկացնել Թուրքայի հետ 142 կմ սահմանին:
Համաշխարհային մամուլի էջերում նմանատիպ իրավիճակների ու դեպքերի մասին կարելի է կարդալ համարյա ամեն օր: Հակաթուրքական հակվածության տարբեր դրսևորումները ի վերջո կուտակվում են մի ամբողջության մեջ, դառնում դիրքորոշում, վարվելաձև, մտածելակերպ: Սրանք նույն շղթայի տարբեր օղակներն են, շղթա, որ սեղմում է քաղաքակիրթ հանրույթի պարանոցը` նրան դարձնելով ոչ այնքան հանդուրժող և ոչ այնքան անկողմնակալ: Երբ Ավստրիայում Թուրքիայի դեսպան Թեզջանը Վիեննային մեղադրում է տեղաբնակ թուրքերի նկատմամբ անհարգալից մոտեցում ցուցաբերելու համար ու հայտարարում, թե Ավստրիայում իր հայրենակիցներին վերաբերվում են որպես «բացիլների», նրա այդ խոսքերի մեջ թերևս կա ճշմարտության հատիկ: «Դուք թուրքերին բնակեցնում եք միևնույն թաղամասերում` այդպիսով ստեղծելով գետտոներ: Ավստրիական ընտանիքները չեն ցանկանում այն դպրոցներն ուղարկել իրենց երեխաներին, որտեղ սովորում են փոքրամասնությունների երեխաները: Այսինքն թուրքերին այստեղ անկյուն են քշում: Նրանք ձեզնից ոչինչ չեն պահանջում, միայն չեն ցանկանում տեսնել, թե ինչպես են իրենց վերաբերվում որպես բացիլի»,- փրփրում է դեսպանը`որևէ կերպ չցանկանալով նաև խորամուխ լինել այն խնդրում, թե ինչն է նման տարբերակման նախապատճառը:
Այդ բանը թուրքերի փոխարեն անում են մյուսները: Այսօր արդեն մտավախություն կա, որ, ըստ տարբեր կանխատեսումների, 2025թ. Եվրոպայի մահմեդական բնակչությունը կկրկնապատկվի:
«Եթե պահպանվեն ծնելիության ներկայիս տեմպերը,- գրում է բրիտանացի ուսումնասիրող Թոմաս Բլենքլին իր «Արևմուտքի վերջին հնարավորությունը» գրքում,- եթե պահպանվի Եվրամիության արդի քաղաքականությունը, եթե պահպանվի ներկայիս անմիտ հանդուրժողականությունը չհանդուրժողների հանդեպ, եթե Եվրոպայի մտածելակերպը չփոխվի, ապա արևմտյան արժեքները և կենսակերպը դուրս կմղվեն Եվրոպայից արմատական իսլամի արժեքների կողմից»:
ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն նման դեպքերում չի զլանում շատ ավելի կոնկրետանալ ու «իսլամ» ընդհանուր հասկացության փոխարեն հիշատակում է թուրքերին: Նա էր, որ Նյու Յորքում հայտարարեց, թե ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին ընկած ամենամեծ արգելքներից մեկը մշակութային տարբերությունն է: Այս ասույթը մեծ դժգոհություն առաջացրեց Անկարայում:
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն անմիջապես փորձեց հակադարձել. «Եվրոպացի քաղաքական գործիչները հեռատես չեն: Չնայած ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ Թուրքիայի գործադրած վիթխարի ջանքերին` ԵՄ-ը, դժբախտաբար, ժամանակ առ ժամանակ դանդաղեցնում է գործընթացը: Եվրոպան ուղղակիորեն խանգարում է մեր ինտեգրմանը»: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նրան լրացրեց. « Առանց Թուրքիայի Եվրամիությունը քրիստոնեական խմբակ է»:
Իսկ գուցե Եվրոպան իսկապե՞ս հենց դա էլ ցանկանում է` մնալ քրիստոնեկան: Ի վերջո, ինչ դիրքերից էլ գնահատելու լինենք, քրիստոնեական արժեքները դիտվում են որպես ընդհանուր եվրոպական ինքնության հիմնաքար: Այդ առանցքի շուրջ է, որ միավորվել են իրենց պատմությամբ, մշակույթով և սովորույթներով տարբերվող եվրոպական ազգերը: Եվ այդ դաշնությունը առկա է նույնիսկ այն իրողության պայմաններում, որ փաստացի Եվրոպայի երկրները ներկայացնում են երկու պայմանական ճամբարներ` քրիստոնեականն ու անգլո-սաքսոնականը:
Առաջին խմբի անդամներն առաջնորդվում են այն միասնական սկզբունքով, որ եթե Եվրոպան տարածք է` միավորված գլխավորապես քրիստոնեական բնույթ ունեցող արժեքներով, ապա օտար արժեքային համակարգի երկրները կարող են ընդունվել այնտեղ միայն այն դեպքում, եթե պատրաստ են ճանաչել եվրոպական էթիկայի ու մշակույթի առաջնայնությունը: Իսկ Թուրքիան, ինչ խոսք, դրան մաս կազմելու որևէ շանս չունի, քանի որ չի համապատասխանում ոչ իր քաղաքական մշակույթով, ոչ ավանդույթներով, ոչ պատկերացումներով: Ասվածին էլ եթե գումարենք քաղաքակիրթ հասարակության ինքնապահպանման բնազդի թելադրած ազդակները, ապա պատկերն ամբողջական կլինի, իսկ Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Կիպրոսի ու մյուսների հակազդեցությունը` բնական: Անգլո- սաքսոնական խմբին պատկանող երկրները փոքր-ինչ լոյալ վերաբերմունքի կողմնակիցներ են, սակայն չի կարելի է նաև պնդել, թե վերջիններս չեն ըմբռնում իրենց հարևանների զգուշավորության հիմքերը և մասամբ չեն կիսում նրանց մտավախությունները:
Ի դեպ, թուրքերի անհամապատասխանության հերթական ապացույցներից մեկն էլ հրամցրեց շվեյցարական iGenea ընկերությունը: Տեղի մասնագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ Եվրոպայում բնակվող ժողովուրդների մեջ ծագումնաբանական առումով ամենախառն ու ամենաքիչ զտարյուն ազգը թուրքերն են: Ըստ iGenea-ի, որ Եվրոպայում և ոչ էլ Թուրքիային հարևան երկրներում այդչափ խառը ծագումնաբանության տեր այլ ազգություն չկա, և նորօրյա թուրքերը կրում են թուրքերի, բարբարոսների, հելլենների, տևտոնների, սլավոնների, արաբների, հրեաների ու իլիրիացիների գեները:
Իհարկե, այս ճանապարհով չէ, որ պիտի հիմնավորվի թուրքերի ավելորդությունն ու ստորադասությունը: Սակայն, կարծում ենք, որ նույնիսկ ուսումնասիրության հեղինակներն էին գիտակցում, թե նման պարզաբանումը ինչպիսի լրացուցիչ կռվան կդառնար նրանց ձեռքին, ովքեր չեն զլանա մի ավելորդ անգամ հաստատագրել իրենց համոզմունքները: Իսկ այդպիսինների թիվը քիչ չէ, թեև պայքարի առաջամարտիկները մշտապես փայլում են իրենց յուրահատկությամբ և ուշադրության կենտրոնում են: Մի՞թե կարելի է չհիշել Գերմանիայի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի՝ Տիրո Սարացինի և «Ամսվա գիրք» անվանակարգում առաջնությունը շահած նրա աշխատության մասին, որի լույսընծայումը երկու մասի է բաժանել Եվրոպան: «Գերմանիան ոչնչացնում է ինքն իրեն». այսպես էր կոչվում այդ գիրքը, սակայն այն նույն հաջողությամբ կարող էր վերանվանվել «Եվրոպան ոչնչացնում է ինքն իրեն», քանի որ նվիրված էր Հին աշխարհի կյանքում ներգաղթյալ թուրքերի խաղացած ճակատագրական դերին: Հեղինակը վերջիններիս մեղադրում էր այն բանի համար, որ արագորեն բազմանալով, թուրքերը որևէ ջանք չեն գործադրում իրենց մտավոր ունակությունները զարգացնելու, նոր միջավայրին ինտեգրվելու ուղղությամբ: «Արդյունքում՝ երկիրը գնալով հիմարանում է ու աղքատանում»,- հայտարարում էր Սարացինը, իսկ հետո զգուշացնում. «Եթե այսպես շարունակվի, 100 տարի անց Գերմանիայում ընդամենը 25 միլիոն գերմանացի կապրի՝ 35 միլիոն մահմեդականների դիմաց»:
Եվ հիմարացող ու աղքատացող երկրների դեռ չհիմարացած գործիչներն իրենց իշխանություններին հորդորում են առավել կոշտ քաղաքականություն որդեգրել ներգաղթյալների նկատմամբ. «Լիբանանից կամ Թուրքիայից ժամանող ներգաղթյալները ոչինչ չանելու համար եվրոպացիներից ավելի մեծ գումար են ստանում, քան եթե աշխատեին ու չարչարվեին իրենց երկրում»,- ասում են նրանք:
Որքան էլ Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը փորձեց իր պաշտպանության տակ առնել մահմեդականներին՝ հայտարարելով, թե Սարացինի ու նրա համախոհների մտքերը վիրավորում են ոչ միայն թուրքերին, այլև Գերմանիայի հասարակական շրջանակներին, սակայն սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ տեղաբնակներն առանձնապես վիրավորված չէին: Այսօր յուրաքանչյուր հինգերորդ եվրոպացին պատրաստ էր իր ձայնը տալ արմատական հայացքներ որդեգրած շարժումներին, պաշտպանել նրանց քաղաքականությունը ներգաղթյալների նկատմամբ:
Նույն Մերկելն ավելի ուշ արդեն պիտի խոստովաներ, որ Գերմանիայի փորձերը` կառուցել բազմամշակութային հանրություն, որում տարբեր մշակույթների ներկայացուցիչները կապրեին լիարժեք համաձայնության մեջ, ձախողվել են: «Նրանց, ովքեր գերմաներեն չեն խոսում, մենք ուրախ չենք տեսնել Գերմանիայում»,– ասաց կանցլերը: Եվ այս անգամ էլ այդ խոսքերի միակ արձագանքողը եղավ զայրացած Անկարան:
Թուրքերի համար Արևմուտքի վարած այսօրինակ քաղաքականությունն այլ բան չէ, քան ասիմիլացում: Հալածյալի կերպարը որքան էլ սազական չէ Թուրրքիային, այնուամենայնիվ վերջինս սիրում է բոլոր առիթներով շեշտել, թե իր հայրենակիցներին վերաբերվում են որպես երկրորդ կարգի քաղաքացիների: Իսկ այս մեղադրանքներին ի պատասխան եվրոպացիները ծաղրում են նրանց անտեղի սուգը և պատասխանում. «Մենք պարտավոր չենք ընդունել ինչ-որ մեկին, ով ապրում է պետության հաշվին, չի զբաղվում սեփական երեխաների կրթությամբ և որի միակ զբաղմունքը բազմանալն է ու հիջաբներով փոքրիկ աղջիկներ ունենալը: Միակ բանը, որին ընդունակ են այդ մարդիկ, բանջարեղեն վաճառելն է»:
Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը փորձում է հնարավորինս հարթել սուր անկյունները և պարզաբանումներ գտնել ինչպես իր, այնպես էլ համերկրացիների համար: Ըստ Փամուկի թեզի, գոյություն ունի Եվրոպային հասկանալու մի քանի համակարգ: «Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը խոսում էր թուրքական վերնախավի` ժամանակակից քաղաքակրթությունների մակարդակին հասնելու անհրաժեշտության մասին: Նա բացահայտորեն մատնանշում էր Եվրոպան: Դարեր շարունակ օսմանցիները Եվրոպայի դեմ են դուրս եկել և Եվրոպայի թշնամին են եղել: Եվրոպան քրիստոնյա էր: Թուրքերը պայքարում էին Եվրոպայի դեմ: Իսկ հիմա Թուրքիան պայքարում է Եվրամիության համար»,- ասում է նա` պատմության դիլեման ընդունելով իբրև անժխտելի իրողություն: Բայց նույնիսկ Փամուկի համար կարող է անակնկալ լինել Թուրքիայի հասարակական կարծիքը, որի հարցման արդյունքները ստացել էին Ստամբուլի Բահջեսեհիր համալսարանի մասնագետները: Համաձայն այդ տվյալների, թուրքերի մեծ մասի կարծիքով` Եվրամիությունը ցանկանում է ոչ ավել ոչ պակաս մասնատել Թուրքիան: Այդուհանդերձ, թուրքերի առնվազ կեսը ցանկանում է իրենց տեսնել 27 պետություններից կազմված այդ դաշինքում: Ընդհանուր հաշվով հարցվածների 72 տոկոսն այն կարծիքին է եղել, թե ԵՄ-ն քրիստոնեություն տարածելու նպատակ է հետապնդում: Ահա ևս մի գլուխկոտրուկ Փամուկի ու մյուսների համար:
Ու այնուամենայնիվ, ասվածով հանդերձ, թուրքերը շարունակում են համառել: Նրանք նույնիսկ չեն զլացել ու նոր կարգախոս են սահմանել. «Եվրոպա, պինդ մնա, Թուրքիան կգա ու քեզ կփրկի»: Բայց արի ու տես, որ փրկչական այդ առաքելությունը նախկինի նման ըստ հարկի չի գնահատվում: Եվ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը տարակուսանքով ձեռքերն է տարածում. «Մենք ներսում ամբողջությամբ եվրոպական երկիր ենք դարձել, բայց Եվրոպայում մեզ չեն ուզում: Ես չգիտեմ, թե ինչու: Թուրքիան միակ երկիրն է, որի դեմ ուղղված Եվրոպայի խտրականությունը լիովին անհասկանալի է: Ես ուզում եմ հստակ հայտարարել `թուրք ժողովուրդը վիրավորված է Եվրոպայից, և Եվրոպան չպետք է երկար ժամանակ ստուգի մեր համբերությունը, թե որքան երկար մենք համաձայն ենք հանդուրժել այս վիրավորանքը: Եվ եթե Թուրքիան դադարի սպասել և հեռանա Եվրոպայից, դա շատ անկանխատեսելի հետևանքներ կունենա»:
Այս խոսքերում միակ ճշմարտությունն այն է, որ Եվրոպան իրոք ամեն կերպ փորձելու է հետ պահել Թուրքիային իր հարկի տակ ներխուժելուց` գերադասելով վերջինիս ներթափանցումը Արևելք: Թող որ դրան անվանեն պատմական նախապաշարմունք, վախ «նոր բարբարոսներից», այլադավանների նկատմամբ սահմանափակում, կարծրատիպերի կիրառում և կամ մեկ այլ բնորոշիչ գտնեն: Արևմուտքի համար այժմ միևնույն է: Ու եթե թուրքերի կարծիքով սա ազգային ինքնիշխանության կորուստ է, իսկ իրենց «զոհողություններն» արժանի չեն դրան, ապա դարձյալ վաղ թե ուշ նրանք ստիպված են լինելու ընդունել, որ ինքնահաստատման ճանապարհն անցնելուց առաջ պիտի դեռ անցնեն ինքնամաքրման դժվարին ուղին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԱՐԵՎԵԼԱՀԱԿՈՒԹՅՈՒՆ

18 Հնվ

Եվրոպան որպես օտարածին բույս, աճել է Ասիայի վիթխարի մարմնի վրա: Նա միշտ էլ սնվել է նրա հյութերով: Եթե լայնորեն բացենք Հին Աշխարհի կիսագնդերը, Եվրոպան պատկերանում է որպես Ասիայի քարքարոտ անպարագրելի ամայուտներում աճած կանաչ ու հյութալի կակտուս: Ամենայն կենարար հոսանքները` կրոնը եւ արվեստը, նա խմում էր նրա ավելցուկից:
Հունաստանը հասակ է առնում փոքրասիական թագավորությունների հագեցած կյանքից, ինքնադրսեւորվում է վանող ուժերով, գիտակցում է իրեն պարսիկների դեմ պայքարով, նրա ծաղիկը լայնորեն բացվում է հնդկական չամպուկիի հանգույն, մակեդոնական կայծակի լույսի ներքո, որն ակնթարթորեն լուսավորում է Ասիայի հեքիաթային գիշերը: Հռոմը լոտոսի պես լողում է ողողված ու սատարված Ասիայի վիթխարի ջրերով, որոնք հետագայում կծածկեն նրան: Ժողովուրդների գաղթից հետո Արեւելքը հեղեղում է Միջերկրական ծովը: Եվրոպայի դալար երեք սնուցող արմատները` Պիրենեյանը, Ապենինյանը եւ Բալկանյանը, ընկղմվում են իսլամի կենարար հեղուկի մեջ, եւ վիրավորված ու վայրենացած Եվրոպան նրանց միջոցով վերստին լցվում է կենաց ուժերով:
Եվ այդ ժամանակվանից ի վեր մինչեւ վերջին տարիները մուսուլմանական Արեւելքը միջանկյալ միջավայր է ծառայում Եվրոպայի եւ այն ծայրագույն Ասիայի միջեւ, որի հետ մենք սկսեցինք անմիջականորեն դեմ առ դեմ կանգնել միայն վերջին օրերս: Պատմական Արեւելքը Եվրոպայի համար մահմեդական Արեւելքն է` Լևանտը: Նրան հարած Եվրոպայի զգայարանները, ինչպիսիք են Բյուզանդիան, Վենետիկը, Ճենովան, Ֆանագուստան, ներկված են առանձնահատուկ ոսկեթույր բրոնզափառով, որը հուզում է եվրոպացու հոգին: Ցամաքող 19-րդ դարում Լեւանտի նկատմամբ եվրոպական արվեստի վերաբերմունքը դրսեւորվեց արեւելահակության մեջ:
Արևելասիրությունը ռոմանտիզմի մասնակի դրսեւորումներից մեկն էր: Արվեստում «արեւելասիրության» ծնունդը նշանավորում է այն պատմական պահը, երբ Արեւելքի հետ Արեւմուտքի օրգանական կապը խզվում է: Արևելասիրությունը կողքանց, կողմնակի դիտորդի աչքով, դեպի Արեւելք ուղղված հայացք է: Եվրոպան մոռանում է իր որդիական առնչությունը Ասիայի հետ: Մանկիկին մորը կապող պորտալարը կտրվել է: Բույսն այլեւս չի զգում կարիքն արմատների, որոնց վրա ինքն է աճել: Արևելահակությունը դրսևորվեց ռոմանտիկների մեջ, թեեւ նրա տարրերը, ինչպես եւ ռոմանտիզմի տարրերը, արդեն ակնհայտ էին 18-րդ դարում: Նվաճողը, ճամփորդը, արկածներ որոնողը Բայրոնի ժամանակվանից սկսում են դառնալ զբոսաշրջիկներ, հետաքրքրվող ու ներողամիտ դիտորդներ, սիրային միջադեպերի եւ հազվագյուտ հոտավետ բաների հավաքորդներ: Ռոմանտիկները (ավաղ) եղել են Արևելքի գրեթե առաջին զբոսաշրջիկները, որոնք ուղեւորվել են տեսնելու նրա տեսարժանությունները: Արևելասիրության զարգացման մեջ գեղանկարչությունը եւ իրականությունն ընթանում են զուգահեռաբար, գրեթե միաձուլվելով, բանաստեղծներն Արևելքը պատկերելու համար դառնում են գեղանկարիչներ, գեղանկարիչները` բանաստեղծներ: Ամենքն ասում են, որ Արևելքի հետ արվեստի օրգանական կապը խզվեց: Փոխանակ արեւելյան ստեղծագործության մեթոդներն ընդունելու, նրանք տեսնում են գեղապատկերային սյուժեների եւ թեմաների ցրոնքը: Դելակրուան, Դեկանը, Ֆրոմանտենը իրենց զուտ արեւելյան վարպետությունն են կիրառում Արևելքի զգայացունց բնապատկերները, natures mortes-ները վրձնելու համար, զենքի եւ հանդերձանքի ու ավել կամ պակաս չափով վարպետորեն համակցված մանեկենների, երբեմն էլ՝ բնորդների վրա հագցված զգեստների թանգարան, դրանում է նրանց ողջ արևելահակությունը: Այդ գեղանկարիչները կանգնած են եվրոպական վարպետության տարբեր աստիճանների վրա, սակայն Արևելքի նկատմամբ նրանց վերաբերմունքը քիչ է տարբերվում: Նրանք կարող են տալ լավ, երբեմն՝ նույնիսկ հանճարեղ «գեղանկարչության պատառներ», բայց դրանցում չկան իրենց նախահայրենիքի կենդանի ջրերից ըմպող արմատներ:
Դրանում է արեւելահակության բնածին անզորությունը: Նա երբեք չի եղել կենդանի շիթ, նա մահացածության ախտանիշ է եղել:
ՄԱՔՍԻՄԻԼԻԱՆ ՎՈԼՈՇԻՆ

Թարգմ. Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԵՆ

11 Նյմ

ԵՎՐՈՊԱ
ճորտի խեղդող որջից
Շանթի պես նա թռավ՝ ինքն իրմով հիացած.
Ոտքերով նա կոխոտում է մոխիրն ու ցնցոտիները,
Իսկ ձեռքերով սեղմում կոկորդն արքաների:
Օ, հույս և սպասում:
Օ, տանջանքը քշված ազատասերների, որ մաքրում են իրենց ըմբոստ հոգին օտար
հեռաստաններում, —
Օ, որքան սրտեր կան հիմա տխրությունով հիվանդ.
Վերադարձե՛ք այսօր ձեր տները, թող նոր կյանքը բացվի ձեզ համար:
Իսկ դուք, որ ոսկի էիք առնում, որպեսզի ժողովրդին արատավորեք,
Իմացե՛ք, ստախոսներ և վաշխառուներ, որ ձեր բոլոր կառափնատների, ձեր մոլության,
Եվ նրա համար, որ դուք, որպես որդեր, ծծում էիք միամիտ ու բարի մուրացկաններին,
Եվ նրա, որ խոստանալով, խաբում էին շուրթերն արքայական
Եվ, դրժելով երդումը, քրքջում էին —
Այս բոլորի համար ներումով կպատժե ձեզ ժողովուրդը, նրան
պետք չեն ձեր գլուխները.
Զզվելի՛ է նրան դաժան ոխակալությունն արքաների:
Բայց հեզ ներողամտությունը ծնում է կորուստ անողոք, — և
սարսափահար արքաները ահա դառնում են ետ —
Անցնում են հպարտ ու հանդիսավոր, և ամեն մեկին
շրջապատում է շքախումբը. — տերտեր, բռնաբարող, դահիճ, բանտապետ, դատավոր, վաճառական, զինվոր ու լրտես:
Իսկ բոլորի ետևից, տե՛ս, ինչ-որ ուրվական է սողում գաղտագողի ինչպես մառախլապատ գիշեր.
Ամբողջովին կարմիր, ճակատը, գլուխը և մարմինը արնավառ ծալքերով ծածկած:
Չեն երևում ո՛չ դեմքը, ո՛չ աչքերը:
Բայց իր այդ ալ-կարմիր զգեստների տակից, որ վեր են
բարձրացվում ինչ-որ անհայտ ձեռքով,
Ահավասի՛կ մի մատ, որ ցույց է տալիս հեռուն,
հորիզոնները — գալարվում է, ինչպես օձի գլուխ:
Իսկ թարմ գերեզմաններում պառկած են, արնաթաթախ,
երիտասարդ մարմիններ,
Եվ ձգված են պարանները կախաղանների, և շաչում են
տերերի գնդակները,
Եվ բռնակալները քրքջում են բարձր — բայց այս ամենը
կտան պտուղներ, և առատ կլինի նրանց հունձը:
Այդ դիերը պատանիների,
Այդ նահատակները, օղակներից կախված, գորշ արճիճով
ծածկված այդ սրտերը, —
Նրանք անշարժ են և պաղ, բայց և այնպես ապրում են նրանք
հավիտյան, և անհնարին է նրանց սպանելը.
Նրանք ապրում են, օ, արքանե՛ր, մնացած իրենց պես ջահել
սրտերում:
Մնացած եղբայրներում են ապրում նրանք, նրանցում, որ
պատրաստ են ձեր դեմ կրկին ապստամբելու,
Նրանք մաքրվեցին, սրբացան նրանք մահով, մահը մեծացրեց
նրանց և իմաստավորեց:
Ազատության համար ամեն մի մեռածի վրա, ամեն մի գերեզմանից կծլի ազատության սերմը, իսկ նրանից — նորը.
Հեռո՛ւ-հեռո՛ւ կտանեն քամիները նրան՝ գալիք սերունդների համար,
Կգուրգուրեն նրան անձրևներն ու ձյուները:
Օ , ամե՛ն մի հոգի, որ թողել է մարմինը՝ բռնակալ դահիճներից զարկված —
Անտեսանելի ճախրում է աշխարհի վրայով, շշնջում է, կանչում, հսկում:
Ազատությո՛ւն. թող հուսալքվեն ուրիշները, ես չեմ հուսալքվի
երբեք:
Ի՞նչ: Այս տունը գամվա՞ծ է. տերը տե՞ղ է գնացել.—
Ոչի՛նչ, շուտով նա կգա. սպասեցե՛ք նրան:
Պատրաստվեցե՛ք դիմավորելու նրան. արդեն գալիս են նրա համբավաբերները:

Թարգմ. Ե. Չարենց

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ. ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

22 Հկտ

ՀԱԿԻՐՃ` «ԻԶՄ»-ԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Թուրքիայի պատմության վերջին 150 տարիները հատկանշական են նախ և առաջ նրանով, որ կայսրության ինքնադրսևորման ընթացքն ուղեկցվում էր ընդգծված գաղափարախոսությամբ` աշխարհաքաղաքական դոկտրինով և ծառայեցվում էր մեկ ընդհանուր նպատակի: Այդ շարքում առաջինը թերևս «իսլամիզմ» տերմինն էր, որ դեռևս 18-րդ դ. սկզբնապես գործածվեց ֆրանսիական գրականության մեջ իբրև հոմանիշ «իսլամին»: Islamisme տերմինի հեղինակային իրավունքը վերագրվում է ֆրանսիացի լուսավորիչ Վոլտերին, որը փորձում էր բառի միջոցով տալ իսլամի բնութագիրը: Սակայն այդ բնութագրումները մշտապես վերանայումների պահանջ էին զգում, քանի որ յուրաքանչյուր նոր իրավիճակ թելադրում էր փոփոխված ձևեր ու միջոցներ, գույներ ու հայացքներ: Եվ միայն ծավալապաշտական նկրտումների էությունը մշտապես պահպանեց իր կենսունակությունը ցանկացած պարագայում: Դրա լավագույն ապացույցը 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին առաջացած ու ձևավորված պանթուրքիզմի (համաթուրանականության) գաղափարախոսությունն էր, պանթուրքական շարժումը: Բոլոր թյուրքալեզու ժողովուրդների համախմբմանը միտված այս ուղղության առանձնահատուկ կողմերից մեկն այն էր, որ միավորումը կառուցվում էր էթնիկական, այլ ոչ թե կրոնական նույնականության հիմքի վրա: Կարևոր էր, որ թուրքերն իրենց զգային ոչ թե այս կամ այն առանձին երկրի քաղաքացիներ, այլ մի հսկա ու հզոր ժողովրդի մասնիկ: Պանթուրքիզմի քարտեզը ենթադրում էր Արևելյան Եվրոպայից մինչև Հնդկաստան ձգվող կայսրություն:
Աբդուլ Համիդի կողմից գործածության դրված այս գաղափարի կիրառական արդյունավետությունն իր ժամանակաշրջանի տիրույթներում մեծ հաջողություն չէր խոստանում, քանի որ իրականության հրամայականները գործեցին ի վնաս Փոքր Ասիայի և Անատոլիայի մահմեդական-թուրք բնակչությանը:
Հենց այդ ժամանակ էլ իշխանությունը զավթած երիտթուրքերը հրապարակ եկան օսմանիզմի նորամուծությամբ` հռչակելով կայսրության բոլոր հպատակների հավասարություն, որ պիտի ընկալվեր իբրև միասնական օսմանյան ազգ կերտելու նպատակով մյուս ազգերին թուրքացնելու անհրաժեշտության հիմնավորում: Այն ևս ձախողվեց, ինչից հետո վերադարձ կատարվեց դեպի պանթուրքիզմը, իսկ հետագայում նաև պանիսլամիզմը` այդ երկուսի խառնուրդը վերածելով երիտթուրքական քաղաքականության կարևորագույն բովանդակային էլեմենտների: Եվ միայն քեմալական հեղափոխությունից հետո պանթուրքիզմը մի որոշ ժամանակ հայտնվեց Թուրքիայի գաղափարախոսական գզրոցում, քանի որ Աթաթուրքը այդ ուղեբեռով քաղաքակիրթ աշխարհ մտնել չէր ցանկանում:
Հայտարարելով թուրք ազգի համախմբման և վերջնական ձևավորման մասին, հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի բարենորոգումների ծրագրով հոգևոր իշխանությունը զատվում էր պետությունից: Արևմտյան ոճով երկրի վերակառուցումը Աթաթուրքի կատարմամբ ենթադրում էր կայսրությունից ազգային պետության համակարգին անցած ժողովրդին որակապես նոր ինքնություն` գիտակցությունից մինչև ապրելակերպ, աշխարհիկության սկզբունքների որդեգրումից մինչև առանձին ատրիբուտների նորաձևություն` գիրը դարձավ լատինատառ, մերժվեց չադրան, ներմուծվեց եվրոպական հագուկապ, արգելվեց բազմակնությունը և այլ կամավոր-պարտադիր փոփոխումներ: Սակայն հարեմային բարքերի արգելման կամ խալիֆի պաշտոնի վերացման մեջ չէր Աթաթուրքի քաղաքական առաքելության ամբողջ նշանակությունը: Սահմանելով արտաքին նոր քաղաքական կուրս և հրապարակավ հայտարարելով, թե պետք է մոռանալ կայսրության մասին ու հետևել «խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» կարգախոսին` Աթաթուրքը միաժամանակ փորձում էր իրատեսորեն վերլուծել Օսմանյան կայսրության զարգացման նախորդ փուլերը, ըմբռնել տերության անկման պատճառահետևանքային կապը, քանի որ երբեք չէր պատրաստվում բացառել փուլայնության կրկնության հնարավորությունը և պանթուրքիզմի գործածման անհրաժեշտությունը նաև հանրապետական Թուրքիայում: Իշխող այն գաղափարը, թե երկիրը շրջապատված է թշնամիներով, որոնք փորձում են թուլացնել կամ տարածքներ խլել նրանից, թե թուրքերը չունեն ոչ մի ընկեր, բացի թուրքերից, խորքում ամեն դեպքում շարունակում էր պահպանել հին մտադրությունների բացիլները: Եվ եթե Քեմալ Աթաթուրքն իր հիմնական առաքելությունը համարում էր օսմանյան անցյալին վերջ դնելը, ապա հաջորդող տասնամյակները փաստեցին այդ նպատակի հարկադրման անհնարինությունը: Շարունակվող ներքին խմորումները, անցյալի հետ առճակատման անխուսափելիությունը, ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող զինվորական հեղաշրջումները (քանի որ աշխարհիկությունը մնացել էր զինվորականության համակ վերահսկողության ներքո), սոցիալական ու ազգամիջյան ցնցումները յուրաքանչյուր անգամ ափ էին նետում պանթուրքիզմի ուրվականը:
Եվ պատահական չէր, որ 1951-ին Թուրքիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո պանթուրքիզմը կրկին արդիականանալու նախանշաններ ցուցաբերեց իբրև գաղափարական պայքարի միջոց` այս անգամ հակակոմունիզմի և ԽՍՀՄ-ից թուրքալեզու ժողովուրդներին անջատելու նպատակի շղարշի տակ:

Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԸ
Թուրքերն ուզում են գերիշխել: Նրանք դա ցանկացել են միշտ: Նրանք և՛ երեկ, և՛ այսօր, և՛ վաղը նույնպես համառ փորձեր են անելու Քեմալ Աթաթուրքի անունով դուրս պրծնել նույն Աթաթուրքի հանրապետության ժողովրդավար մեկուսացման շրջանակներից և վերստեղծել կայսրությունը: Ժամանակի մեջ յուրաքանչյուր հնարավորություն վերածվում է երկրորդ շնչառության, արթնացնում է հույսեր, լիցքեր է հադորդում: Այդպես պատահեց նաև սառը պատերազմի դարաշրջանի ավարտից հետո, և այն մեծ փոփոխությունները, որոնք տեղի ունեցան աշխարհում 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին, Անկարային ստիպեցին արմատականորեն փոխել սեփական արտաքին քաղաքական կուրսը, որը մինչ այդ խարսխված էր քեմալականության պատգամների վրա: Սկզբում դա կրում էր տարերային, երբեմն նաև ինքնաբուխ ու ցայտնոտային բնույթ` բավարարվելով սոսկ այն հեռանկարով, թե Խորհրդային Միության փլուզումը կարելի է դիտարկել Թուրքիայում պանթուրքիզմ գաղափարախոսության վերածննդի պատճառ: Նույնիսկ մի առիթով Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը հետին թվով պիտի խոստովաներ, որ Ադրիատիկ ծովից մինչև Չինական պատ թուրքական ինքնությունը տարածելու նպատակը վերազարթոնքի հիմքեր ուներ: Շատ ավելի դիպուկ էր մեկ այլ նախկին նախագահի` Թուրգութ Օզալի քայլը, որը Թուրքիայի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց, որ իրենք Օսմանյան կայսրության պատմական տարածքների պատասխանատվության կրողներն են:
Սակայն երկրի պատասխանատուները հրաշալի հասկանում էին, որ նոր աշխարհում «հին, բարի ժամանակների» պանթուրքիզմը կիրառելի է միայն ներքին օգտագործման համար` թուրքական միասնականության քարոզչության պայմաններում: Իսկ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ճանապարհին բոլորովին ուրիշ` Արևմուտքի քիմքին գոնե փոքր-ինչ հարիր գաղափարախոսություն է պետք, և սահմանից այն կողմ ներկայանալի արտաքինը պետք է լինի ոչ թե տաճկական ֆեսով, այլ գլխաբաց թուրքը: Ահա այս հենքի վրա ձևավորվեց ու մարմին առավ թուրքական ծավալապաշտության մեղմացված տարբերակը: 2002-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո հրապարակ իջան նրանք, որոնց անվանեցին չափավոր իսլամիստներ կամ մեկ այլ բնորոշմամբ` իսլամիստ ժողովրդավարներ: Դեռ որոշ ժամանակ պիտի պահանջվեր, մինչև որ քաղաքական նոր հոսանքը ինքնահաստատվեր, ստեղծեր ուժերի այնպիսի հարաբերակցություն, որի պայմաններում կարելի էր արդեն բարձրաձայնել բուն պատկանելության և դրա դիմագծի մասին: Եվ միայն այդ ժամանակ ազդարարվեց նեոօսմանիզմի մուտքն արտաքին քաղաքական օրակարգ:
Եթե Թուրքիայի ներքին կյանքում դա նշանակում էր, որ որոշակի ուժ և հենարան էր ձեռք բերում այսպես կոչված մահմեդական բուրժուազիան` մի կողմ մղելով մինչ այդ պահը բարձրաշխարհիկ էլիտա համարվող քեմալիզմի ավանդական գաղափարախոսության կրողներին, ապա երկրից դուրս կիրառվող նոր ռազմավարությունը շատ արագ հստակություն էր հաղորդում կայսերական նկրտումներին:
Անկեղծության պահը վրա հասավ 2009-ի նոյեմբերին: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հանդես գալով ԱԶԿ անդամների առջև, խոստովանեց, որ երկիրը վարում է նեոօսմանիզմի քաղաքականություն. «Գոյություն ունի Օսմանյան կայսրությունից ստացված ժառանգություն: Մեզ «նեոօսմաններ» են անվանում: Այո՛, մենք նոր օսմաններ ենք: Մենք ստիպված ենք զբաղվելու հարևան երկրներով: Քարտեզի վրա Թուրքիայի շուրջ 1000 կիլոմետր տրամագծով մի շրջապտույտ արեք, և այդ տարածքում կհայտնվի 20 երկիր, իսկ 3000 կիլոմետր տրամագծով շրջան անելու պարագայում դրանում կընդգրկվի 70 երկիր: Դրա համար էլ Թուրքիան շահագրգռված է իր շրջակայքով»:
Գործունեության տեսադաշտն ու պարագիծը մատնանշված էին: Ժառանգականության պահանջը պարտավորեցնող գործոն էր դիտվում: Ասվածին գումարվում էր նաև այն, որ անցած տարիների ընթացքում Թուրքիան կուտակել էր բավական ներուժ, ինչը պիտի թույլ տար վերագնահատել երկրի տեղն ու դիրքը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում և այդ գնահատմամբ ծեծել Եվրամիության դռները: Դրանով հանդերձ պաշտոնական Անկարան չի կարող չնկատել, որ թե՛ հարևան երկրները, թե՛ գերտերությունները այնքան էլ մեծ ցանկություն չունեն ընդունելու այս նորանուն խաղի կանոնները: Ֆրանսիական «Ֆիգարո» թերթը բոլորովին վերջերս իր հրապարակումներից մեկում իրավացիորեն նկատել էր, որ Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին երկրի կայսերական անցյալի կարոտախտով են տառապում, և որ Թուրքիայում աստիճանաբար ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերում այն ամենը, ինչ կապված է երկրի օսմանյան անցյալի հետ:
Օտարների` ակնհայտը տեսնելու փաստը զայրացնում է թուրքերին: Դեռ երեկ նեոօսմանիզմի տեսաբան հորջորջված Ահմեթ Դավութօղլուն հիմա արդեն չափազանց հիվանդագին է արձագանքում իր երկրի վարած քաղաքականությունը բնորոշող այնպիսի ձևակերպումներին, ինչպիսիք են, օրինակ, առանցքային փոփոխություն կամ նոր օսմանիզմ եզրույթները: Սեփական մտադրությունները մատնողի անզգուշությամբ վերջինս անմիջապես հակազդում է` դժգոհելով, թե նման բան չկա և իրենց քաղաքականությունը լիովին ներդաշնակում է Եվրամիության պահանջներին: Իսկ նույն ժամանակ Թուրքիայի կրթության նախարարությունը հրապարակում է տարածաշրջանային քարտեզներ, որտեղ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Իրանի հսկայական հատվածները թուրքական պետության սահմանների ներսում են ընդգրկված: Ինչպես սա, այնպես էլ նեոօսմանիզմի այս կարգի առարկայական ու գաղափարաբանական դրսևորումներն այնքան շատ են, որ հազիվ թե անհրաժեշտություն կա վիճարկելու դրանց առկայության փաստը: Այսօրվա միջին վիճակագրական թուրքը «երջանիկ Թուրքիա» է անվանում Օսմանյան կայսրության ժամանակները` միաժամանակ մտովի գծագրելով այն մոտ ապագան, երբ աշխարհում կրկին կազդվեն ու կսարսափեն թուրքական հզորությունից: Թե ինչպես պիտի աշխարհիկ-ժողովրդական արժեքները խաչասերվեն մեծ քայլերով դեպի նեոօսմանիզմ տանող դիվանագիտական նախագծի շրջանակներում, կամ ինչպես պիտի համաշխարհային բազմաբևեռ դաշտը համակերպվի օտար մարմնի ներկայության հետ, սրանք դեռևս անլիարժեքության բծերով պատված հարցեր են, որոնց պատասխանը միայն օտարներին չէ, որ հուզում է:
Եվ դա է պատճառը, որ նույնիսկ Թուրքիայում ոչ բոլորն են հավանություն տալիս ու հավատում կերպարանափոխված ռազմավարության հաջողությանը: Ծանրակշիռ փաստարկներից մեկն էլ համարվում է այն, որ ներկայիս Թուրքիայի հարևան երկրները ժամանակին Օսմանյան կայսրության մաս են կազմել, և այնքան էլ դյուրին գործ չէ մոլորեցնել նրանց, համոզել, որ վերջիններս հեշտությամբ աջակցության ու համագործակցության ձեռք մեկնեն նախկին բռնատիրության ժառանգորդին: Ընդդիմախոսները համառորեն հիշեցնում և զգուշացնում են, որ եթե օսմանիզմը ժամանակին բերեց Օսմանյան կայսրության փլուզմանը, ապա նեոօսմանիզմը կարող է հանգեցնել նրա վերջնական տապալմանը:

ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ
Թուրքական մեծ ընտրությունը ենթադրում է երկու հնարավոր սցենար: Դրանցից առաջինը դեպի Եվրոպական միություն տանող ուղին է` լիիրավ անդամ ու ակտիվ դերակատար դառնալու հեռանկարով: Երկրորդ ճանապարհը կարող է լինել ավանդականը որդեգրելու հավատարմությունը` դեպի պանթուրքական իղձերի կենսագործում, դեպի մահմեդական աշխարհ:
Արդեն բավական ժամանակ է, ինչ ԵՄ-ը մերժումով է պատասխանում Թուրքիայի դիմումներին: Մինչդեռ եթե վստահելու լինենք Թուրքիայում անցկացված հարցախույզի արդյունքներին, ապա մասնակիցների ճնշող մեծամասնության համար երկրի առաջնահերթ նպատակը շարունակում է մնալ Եվրամիությանն անդամակցելը: Իսկ այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերստին հայտարարում է, որ չնայած Եվրամիության դիմադրությանը՝ Անկարան կշարունակի ձգտել ընդգրկվել միասնական Եվրոպայի մեջ: «Մենք չենք փոխել մեր քաղաքականությունը, այն նույնն է: Մենք ԵՄ-ին դիմել ենք 1959 թվականին, 1963 թվականին մեր դիմումը պաշտոնապես ամրագրեցինք և այդ օրվանից սպասում ենք: Ես եվրոպական քաղաքական գործիչներին պարզ ասում եմ` եթե դուք Եվրամիությունը քրիստոնեական ակումբ չեք համարում, ապա պարտավոր եք մեզ ձեր շարքերն ընդգրկել»:
Սակայն Անկարայում բոլորից լավ գիտեն, որ խնդիրն ամենևին էլ կրոնական ու ակումբային զանազանությունը չէ, ու ոչ էլ Հին Աշխարհը որևէ պարտավորություն ունի իրենց առջև: Կա «եվրոպականացման» պահանջների մի ընդարձակ ցանկ, ինչը ոչ մի կերպ չի ներդաշնակում ներկայիս Թուրքիայի իրական էության հետ: Դրանցից մի քանիսն ուղղակի վեր են նրա ուժերից, քանի որ անմիջականորեն շոշափում են երկրի ու կեցության առանցքային հիմքերը:
Եվրոպական ուղին առաջին հերթին մի ճանապարհ է, որը տանում է դեպի մարդու իրավունքների պաշտպանություն, ինչը նշանակում է նաև իսլամիստների իրավունքների պաշտպանություն: Հետևաբար, այդ ուղին, որին նախկինում աջակցում էր Աթաթուրքի պատգամներին հավատարիմ մնացած զինվորականությունը, այսօր մտահոգությունների առարկա է դարձել: Արդեն քանի տասնամյակ իսլամը նրանց ջանքերի շնորհիվ մշտապես փակված է եղել աշխարհիկության ամուր փականքներով: Եթե բացվի «պանդորայի տուփը», ապա ներսի տարողությունն, ըստ որոշ վերլուծաբանների, Թուրքիային միանգամից դեպի մահմեդական աշխարհ կնետի:
Գալով «քրիստոնեական ակումբի» անցանկալիությանը, այստեղ ևս ճշմարտությունն իր չափաբաժինն ունի: Թուրքիայի մուտքը ԵՄ արգելելու եվրոպական շատ երկրների դիրքորոշման հիմնական պատճառը Եվրոպայում մահմեդական ազգաբնակչության սպառնալիորեն աճող թվաքանակն է` ավելի քան 70 միլիոն մարդ, որից 50 միլիոնը` թուրք: Նման քանակությամբ մահմեդականներով Եվրոպան ուղղակի կկորցնի իր քրիստոնեական ու աշխարհիկ նույնականությունը:
Թուրքիայի հաջորդ փորձությունը մնում է այն նախաձեռնությունը, որ նա ստանձնեց ԵՄ-ին անդամակցելու ծրագրերն իրականացնելու համար: «Զրո խնդիր հարևանների հետ»,- այս անունն է կրում արտաքին քաղաքական նոր դավանանքը, ինչն առաջին հայացքից արդեն իսկ տպավորություն է գործում: Ասենք, այլ կերպ դժվար էլ լիներ, քանի որ աթաթուրքյան ժամանակաշրջանում իշխող «թշնամի հարևաններով շրջապատված» պետական գաղափարը մոտ մեկ դար անց հանկարծ վերափոխվել է զրոյական գաղափարի:
Բայց չափորոշիչների նվազեցումը դեռ հաջողության գրավական չէ: Առաջին իսկ քայլերից պարզ դարձավ, որ սա ևս անիրագործելի մի մտահղացում է դրացիական բոլոր շրջանակներում: Թուրքիայի հակումը, որպես արաբական աշխարհի առաջատարի, ամենևին ընդունելի չէ արաբների համար: Ուստի արաբական Մերձավոր Արևելքն այն տարածաշրջանն է, որտեղ «Օսմանյան կայսրության» տեսլականի ձախողումը մեծ դժվարություն չի ներկայացնի: Թերևս հենց այդ ուղղության հարևանների միջավայրում Թուրքիան շատ ավելի մեկուսացած ու շրջափակված է, քան կարելի է կարծել: Եվ գուցե նաև դա է պատճառը, որ Արևմուտքն առանձնապես ջանքեր չի գործադրում Թուրքիայի մերձավոր-արևելյան մտադրությունները խոչընդոտելու առումով:
Ասվածի լավագույն դրսևորումը դարձավ իր կեսդարյա դաշնակցի` Իսրայելի հետ հարաբերությունները փչացնելու փաստը: Գտնում են, որ Էրդողանի կառավարությունը նպատակ ուներ այդ գնով հեղինակություն վաստակել հակահրեական տրամադրություններով ապրող մահմեդական աշխարհում: Սակայն հեղինակության դափնին կարծես թե չհայտնվեց: Փոխարենը Բրիտանական The Daily Telegraph պարբերականը, անդրադառնալով «Ազատության նավախմբի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպին` գրեց, որ այդ ողբերգությունը վառ ապացույցն է այն բանի, որ նեոօսմանական, ասիական և իսլամիստական Թուրքիան երբեք չի կարող անդամակցել Եվրամիությանը:
Զրոյականության ձգտումը ձախողում է խոստանում նաև Իրանի պարագայում: Ակնհայտ է, որ Թուրքիայի դիրքերի ուժեղացումը իրանական դիրքերի թուլացում կնշանակի: Թեհրանը հասկանում է, որ իր ներկայիս դժվարին կացության հաշվին թուրքերը փորձում են լիարժեք օգտվել պատեհ հնարավորություններից: Սակայն իրանական գործոնը դեռ ի զորու է պաշտպանել իր կարևորությունն այս տարածաշրջանում և մնալ կողմնորոշիչ ինչպես հարևանների, այնպես էլ Արևմուտքի ու Ռուսաստանի համար, եթե կարիք առաջանա սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հազիվ թե Թուրքիան հիմքեր ունի պնդելու, թե այստեղ նույնպես բացարձակ անհաջողության չհասավ: Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ առնչությամբ նկատեց. «Հարևանների հետ զրոյական խնդիրների՝ Թուրքիայի հռչակած քաղաքականությունը զրոյական արդյունքներ է տալիս: Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան շարունակում է իր շահը փնտրել մեր տարածաշրջանում շահերի բախման, այլ ոչ թե համադրման համատեքստում»:
Հիասթափությունների գերկուտակման պահերին Թուրքիան ցանկանում է այնպիսի կեցվածք ընդունել, ասես հոգնել է ԵՄ-ին անդամակցելուն սպասելուց: Բայց աշխարհը հասկանում է, որ թուրքական դիվանագիտությունը դժգոհության շապիկի տակ տաքացնում է պանթուրքիստական ու պանիսլամիստական քաղաքականության վերապրուկներին` դրանց կենդանություն պարգևելու հույսերով:
Ինչ խոսք, եվրոպականացման հեռանկարը գայթակղիչ է, բայց քիչ չեն նաև նրանք, ովքեր կարծում են, որ իսկական մեծությունը երկրի կայսերական անցյալն է, այլ ոչ թե համամարդկային արժեքները: Թուրքերին ճնշում են օտարների անվերջ քննադատությունները, փոխարենը գերագույն հաճույք է պատճառում այն անցյալը, երբ տերության սահմանները փռված էին Բալկաններից մինչև Արաբիա: Օսմանյան ոսկեդարի իդեալականացումն ուղեկցվում է զանազան խթանիչներով, ինչպիսիք են պատմական ֆիլմերը` ենիչերիների պատկերներով և «Կայսրությունը պատասխան հարված կհասցնի» վերտառությամբ վերնաշապիկները, որ մեծ մասսայականություն են վայելում հատկապես երիտասարդության շրջանում: Եվ նրանք անհամբերությամբ սպասում են, թե երբ և որտեղ պիտի հասցվի խոստացված հարվածը:

Ո՞ՐՆ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ
Այս հարցը, որ կարելի է նաև վերաձևակերպել հետևյալ կերպ` «Թուրքիայի ո՞ր կողմնորոշումն անվտանգ կլինի Հայաստանի համար», առաջին հերթին գոյության իրավունք է ձեռք բերել այն պարզ պատճառով, որ մեզ համար Թուրքիայի քաղաքական դիրքորոշման կարևորությունը ոչ նոր է, ոչ երկրորդական: Երկու երկրների բարդ, լարված և թշնամական հարաբերությունների, ինչպես նաև ամեն կարգի շփումների սառեցման պայմաններում կանխատեսելիության գործակիցը երբեք բավարար լինել չի կարող: Բայց այնուամենայնիվ, համադրենք արդեն հիշատակված երկու տարբերակների հետևանքները և փորձենք հասկանալ, թե ի վերջո ներգործության ինչ բեռ պետք է ակնկալել այս կամ այն ելքի պարագայում:
Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նշանակետը Եվրամիության և Եվրոպայի հետ ինտեգրվելն է: «Մեր այս նպատակից նույնիսկ մի փոքր շեղման մասին խոսք չի կարող լինել: Իրականություն է, որ վերջին շրջանում Եվրամիության անդամակցության ճանապարհին զգալի հատված ենք հաղթահարել»: Սրանք Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքերն են: Եթե ասվածն ընդունենք իբրև իրողություն և համարենք, որ նույն հետևողականությունը կպահպանվի նաև առաջիկայում, ապա դա նշանակում է, որ Թուրքիան պարտավորվում է կետ առ կետ կենսագործել այն բոլոր պահանջները, որ նրան կառաջադրվեն Բրյուսելի նստավայրից: Իսկ այդպիսի հեռանկարը մեզ խոստանում է ոչ միայն աստիճանաբար ժողովրդավար դարձող հարևան, այլև այն բոլոր կնճռոտ խնդիրների կարգավորում, որոնք այսօր համարվում են անլուծելի: Եվրոպական ընտանիք ներգրավված Թուրքիան հարկադրված կլինի հարևանների հետ հարաբերվել պակաս քմահաճությամբ և կդառնա ավելի կանխատեսելի:
Եթե կատարվի հակառակը, այսինքն` Թուրքիան շեղվի ու դեմքով դառնա դեպի այն նպատակը, որ նրան մղելու է հեգեմոն դերակատարություն ստանձնելու նախկին կայսրության տիրույթներում` շեշտադրելով իր իսլամական ինքնությունը, ապա պետք է ենթադրել, որ դրա արդյունքում նա կզրկվի ինչպես ԵՄ-ի, այնպես էլ գերտերությունների բարեհաճությունից: Այդպիսի հեռանկարը կհանգեցնի նրան, որ քաղաքակիրթ պետությունների կողմից Թուրքիայի դեմ կուղղվի դիմակայության և հակազդեցության սլաքը: Այն, ինչ մինչ օրս ներվել էր, հետայդու կորակվի իբրև մարտահրավեր և հիմնարար ազատությունների ոտնահարում: Իսկ վտարյալ ու ճնշված Թուրքիան Հայաստանի համար հազիվ թե ներկայացնի այնպիսի վտանգ, որից կարելի է լրջորեն զգուշանալ: Աշխարհն արդեն ծանոթ է համանման մի քանի դեպքերի ու ականատեսն է եղել դրանց սանձահարման փորձված մեթոդներին:
Հնարավոր հեռանկարային այս զարգացումների համատեքստում կարելի է նաև ասել, որ այսօր Թուրքիայի համար երկու ճանապարհների բաժանման կետում կանգնելը շատ նման է երկու կրակի արանքում լինելուն: Ինչպիսին էլ լինի նրա ընտրությունը` որոշումը տրվելու է ոչ առանց զոհաբերումների:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: