Tag Archives: Եվա

ԱՐԳԵԼՎԱԾ ՊՏՈՒՂԸ

16 Հկտ

Արգելված պտուղը, որ համտեսեցին Ադամն ու Եվան և արտաքսվեցին դրախտից, Աստվածաշնչի որևէ տեքստում հստակ չի անվանվում: Ընդունված է համարել, որ դա խնձորն է: Հավանաբար այսպես է ճանաչվել այն պատճառով, որ լատիներեն mălum (չարիք) և mālum (խնձոր) բառերը նման են: Բայց Աստվածաշնչի որոշ մեկնաբաններ արգելված պտղի այլ տարբերակներ են առաջարկում, օրինակ, խաղողը, նուռը կամ թուզը: Վերջին տարբերակը նրանք հիմնավորում են այն փաստով, որ պտուղը ճաշակելուց հետո Ադամն ու Եվան իրենց ծածկեցին թզենու տերևով:

adam_and_eva

 

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԱՍ ՊԱՐԵԴԵՍ

23 Հլս

Եվ վեցերորդ օրը աստված երկնեց մարդուն
Ըստ պատկերի յուրում:
Աստված երկնեց մարդուն
Ու շունչ տվեց նրան,
Տվեց նաև մի սիրտ,
Որը պիտի դառնար մթնում սիրո խարույկ…
Իմ երազը սակայն քեզ նորովի երկնեց
ըստ պատկերի յուրում:
Իմ ծով քնքշությունը քեզ ստեղծեց տարբեր.
Քեզ ողողեց ծովի ծուփ-ծուփ ալիքներով,
Որ լողանան այնտեղ դելֆիններս մաքուր:
Ողջ այն լույսը, որով ներծծված էր հոգիս
Քեզ կերտելուս պահին,
Փոխանցեցի ես քեզ, քո աչքերին:
Ես ուզեցի լուծվել շշուկի մեջ իմ տաք,
Որ գեթ մի պահ հպվեմ քո ճակատին.
Լուսարձակի նման սերս ես ուղղեցի
դեպի խավարամած խորշը հոգուս,
Որ մինչև քեզ ունայն քարանձավ էր միայն:
Հիմա փեթակի պես նա դժժում է լցված
Մի քաղցրագույն մեղրով, որ նմանը չունի:
Իմ երազը փորձեց երկնել քեզ նորովի
Ըստ պատկերի յուրում:
Իմ այրոցքը ուզեց քեզ հալեցնել նորից
Քեզ կերտելու համար.
Ավաղ, վահանված ես այն մետաղով,
Որ չի հալվում սիրո հնոցի մեջ:
Ադա’մ, նունն ես, Ադա’մ,
Ինչ որ էիր օրը ստեղծումիդ.
Դու դեռ կավ ես մի տաք,
Բնազդական ու խուլ,
Առանց աստվածային շող ու շնչի,
Որից պիտի փլվեր կարծր պատը կրծքիդ:
Դու` ստվերում կանգնած,
Քեզ չի դիպել հրաշքն արևային:
Թեև քեզ հետ, բայց դեռ առանց քեզ է Եվան,
Ու դեռ իր դրախտն է նա հորինում անդուլ
Քո շուրջն ու քեզ համար…

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԿԵԴՐՈՎ

22 Դկտ

ԹԻԹԵՌԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ

«Բերկրիր, սանդուղք երկրից դեպ երկինք»,- ասվում է Աստվածամոր օրհներգության մեջ: Դուռն ու սանդուղքը, այդպիսի հասարակ առտնին առարկաներ, օրեցօր շոշափելի, իրենց մեջ թաքցնում են Հիսուսի և Մարիամ Աստվածածնի պատկերները: Ծառը ժամանակի մեջ` ողջ անտառն է: Ողջ անտառը ժամանակի մեջ` ողջ մարդկությունն է: Ողջ մարդկությունը հավերժության մեջ` Հիսուս է, իսկ Հիսուս` դուռն առ անմահություն: Ուշադրություն դարձրեք, ինչպես ծավալվելով առ անվերջություն, մարդը դարձյալ վերադառնում է ելման կետին, ինքն իրեն, դռանը: Դրանում գեղարվեստական պատկերի էությունն է: Այն անտեսանելին տեսանելի է դարձնում և անվերջությունը վերադարձնում է երկիր, ձգելով այն դեպի մարդը: Այդպես Հերմես Եռամեծարը, ձգտելով անմահության միստիկական գաղտնիքի բացահայտմանը` դիմում է թիթեռի կերպարին: Մարդկային մարմինը` բոժոժ է, որում հասունանում է թիթեռ-հոգին: Բայց ինչպե՞ս ենք մենք պատկերացնում այդ թիթեռը: Ինչպիսի՞ն են այդ թիթեռի չափերը: Ինչպիսի՞ տեսք ունեն նրա թևերը: Շատ թիթեռներ ապրում են մեկ օր: Իսկ հին հնդիկներն ասում են, որ Բրահմայի օրը ձգվում է հազարավոր տարիներ:
Այժմ պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենում բոժոժի ներսում: Բոժոժը սև խոռոչ է, իսկ բոժոժը ժամանակի մեջ` մի ողջ խառնակույտ սև խոռոչների, որոնցից էլ բաղկացած էր մեր տիեզերքը մինչ ի հայտ գալը: Նորագույն տվյալների համաձայն՝ այդ բոժոժ-սև խոռոչների ներսում կա ինչ-որ կարծեցյալ տարածություն-ժամանակ, քանզի բանաձևումների համաձայն՝ այնտեղ ժամանակը տարածականայնանում է, իսկ տարածությունը ժամանակայնանում: Դա դժվար է երևակայել և առավել դժվար է պատկերացնել: Սուրբ Հովհան Աստվածաբանը տվել է այդ երկնային քաղաքի իր նկարագրությունը: Այնտեղ հոսում են կենդանի ջրի գետերը: Ով խմում է դրանցից, նա հավետ ծարավ չի ճանաչում: Այնտեղ աճում է կենաց ծառը, և նա, ով ճաշակել է նրա պտուղներից, քաղց չի ճանաչում: Գետն ու ծառը, որոնց մասին խոսում է Հովհան Աստվածաբանը, Քրիստոսի սիրելի աշակերտը` հավերժական տարածություն-ժամանակ պատկերներն են: Բայց մեզ հետաքրքիր է ոչ թե տարածություն-ժամանակը, որ մեր տիեզերքի նկատմամբ նշագրված է որպես կարծեցյալ մեծություն, այլ մեր մտքերն ու զգացմունքները հավերժության մեջ: Այժմ հասկանալի է դառնում, որ հավերժությունը կարծեցյալ տարածություն-ժամանակ է, որը սովորական մարդկային գիտակցության մակարդակով ընկալվում է որպես մահ: Մահը ընդհատում է երկրային տարածության և ժամանակի սահմանը, բայց մեր տեսողությունը, մեր միտքն ու լսողությունը չեն կարող հաղթահարել զրոյական անջրպետը, որպեսզի սուզվեն հավերժական կարծեցյալության մեջ: Սակայն կան գաղտնատեսներ, գաղտնահանդիսատեսներ և բանաստեղծներ, որոնք տեսել են հավերժությունը: Հավերժությունը` թիթեռ չէ, թրթուր չէ և բոժոժ չէ, որի փոխակերպվում է թիթեռը՝ մահանալիս, և որից նա դուրս է թռչում՝ կրկին հարություն առնելիս: Հավերժությունը` եռամեկ է, եռամարմին, սակայն միեղեն էություն: Թիթեռ-բոժոժ-թրթուր: Ժամանակի առումով դուք կարող եք այդ երրորդություններից ցանկացածը կոչել ինչպես ձեզ հարմար է: Ասենք, թիթեռը` ներկան է, բոժոժը` անցյալը, թրթուրը` ապագան: Կամ թիթեռը` ապագան, թրթուրը` ներկան, բոժոժը` անցյալը: Բայց մարդու համար այս կյանքում ավելի բնական է բոժոժը տեսնել՝ որպես ապագա, թիթեռը՝ որպես ներկա, թրթուրը՝ որպես անցյալ: Քանի որ կարծեցյալ տարածականայնացված ժամանակի մեջ կարելի է փոխադրվել, ինչպես տարածության մեջ, դուք կարող եք միասնական հայացքով աչք ածել անցյալապագաներկան: Թիթեռթրթուրբոժոժը: Եվ այդժամ ձեր առջև հառնում է ամենակատարյալ մարդու` Ադամ-Կադմոնի կերպարը, ինչպիսին որ նա դրախտում էր` մինչ արտաքսվելը: Ադամ-Կադմոնը Եվայի համեմատ բոժոժ էր, ով հենց հանց թիթեռ ելել է նրա կողից: Հնարավոր է, որ օձը` Ադամի և Եվայի երկրային, սողացող էությունն է, այսինքն՝ թրթուրը:
Ռուբլյովի «Երրորդությունն» ասես պարփակված է ինչ-որ թափանցիկ, բյուրեղապակյա գնդաձև բոժոժի մեջ: Այստեղ հրեշտակներից յուրաքանչյուրը` Հայր-Որդի-Սուրբ Հոգին է, բայց նաև ժամանակն է` անցյալապագաներկան: Եռաստիճան հավերժություն: Բայց և ինքը՝ թիթեռը` երեք սկիզբների սիմվոլն է մի էակի մեջ: Երկու թևերը` անցյալն ու ապագան, եւ մեջտեղի մարմինը` ներկան: Երբ թիթեռը թռչում է, նա կազմում է հավերժությունը, սակայն, ըստ երկրային ժամանակի, երբեմն մեկ օր է ապրում: Աստծո համար մեկ օրը, ասես հազար տարի, և հազար տարին, ասես մեկ օր:

Թարգմ. Վ. ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

ՔՐԻՍՏԻԱՆ ՄԱՐԳԵՆՇՏԵՐՆ

23 Հկտ

ԿՏԱԿ
Խոսենք այն ժամանակներից, երբ կապիկը մարդ դարձավ: Եվ այսպես, իր կերպարանափոխման նախօրեին նա երկրի բոլոր գազաններին կանչեց, որպեսզի հրաժեշտ տա:
-Վաղը ես մարդ կդառնամ,- տխուր բարբառեց նա,- և դուք կլքեք ինձ ու կխուսափեք ինձանից, և կռիվ կծագի իմ ու ձեր սերունդների միջև:
— Ճիշտ այդպես, կռիվ,- մռնչաց առյուծը:
— Դու մեզանից զորավոր կլինես,- բառաչեց ռնգեղջյուրը:
— Եվ դրա դիմաց քեզ ծանր հատուցում է սպասում, — թունոտ մանրաբզզաց լուն:
— Այդ ամենը մոռանանք,- հոգնաձայն խոսեց կապիկը:- Այսօր բոլորս միասին խաղաղության խնջույք սարքենք:
— Թող քո ասածը լինի,- բացականչեցին գազանները: Եվ ահա նրանք, բարեհաճությամբ տոգորված, ամբոխվեցին իրենց հեռացող ընկերոջ շուրջբոլորն ու հարցրին, թե իրենք չե՞ն կարող արդյոք նրա համար որևէ հաճելի բան անել կամ մի ընծա թողնել ի հիշատակ:
Այստեղ կապիկի հոգին բերանը եկավ, նստեց արմավենու տակ ու սկսեց դառնորեն ողբալ: Գազանների բարի սրտերը խորին կարեկցանքով համակվեցին:
— Մենք կմխիթարենք խեղճ դժբախտին, — ասաց վերջապես ոչխարն ու առաջինը մոտեցավ ողբացողին: Երկար-երկար նայեց կապիկի աչքերին, իսկ հետո բարբառեց.
— Պահիր, ուրեմն, ընդմիշտ իմ պատկերը քո սրտում, և այնժամ ես հավիտյանս կկենամ քեզ հետ ու քո մեջ:
Ոչխարին հետևեց ուղտը, ակնապիշ նայեց կապիկի աչքերին և ասաց նույն բանը: Հետո մոտեցան ցուլը, էշը, խոզը, սիրամարգը, սագը, վագրը, գայլը, բորենին և դեռ շատ ուրիշ գազաններ, և նրանք բոլորը երկար նայում էին կապիկին ու հանդիսավորությամբ ասում.
— Պահիր ընդմիշտ իմ պատկերը քո սրտում, և այնժամ ես հավիտյանս կկենամ քեզ հետ ու քո մեջ:
Վերջինը մոտ եկան առյուծը, արծիվն ու օձը: Կապիկի աչքերն արդեն փակվում էին ուժասպառությունից, և երբ օձն էր հրաժեշտ տալիս` անմիջապես քուն մտավ: Բայց խռովում էին նրան խառնակ ու սարսափազդու տեսիլները, և լուսուծեգին նա վեր կացավ տեղից ու ափլփելով հասավ մոտակա աղբյուրին: Նրա աչքերը, որոնց վրայից հստակված գիտակցությունը դեռևս փառը չէր հանել, նայում էին ջրին, որը դույզն ինչ փշաքաղվելով, նրա կերպարանքն էր արտացոլում:
Սա ի՞նչ տեսք է: Ալիքներին մանրածփում էր ոչխարի բարեհոգի պատկերը, թե` ոչ: Դա անճոռնի ուղտն էր, որ ջրի միջից նայում էր ինքնաբավորեն: Մեկ էլ հանկարծ իր արտացոլանքի մեջ պարզ զանազանեց արյունարբու վագրի ուրվագծերը, և չէր հասցրել իրեն ինչպես հարկն է զննել, երբ մեղմալիք մակերեսին տեսավ սիրամարգին` պոչը սնափառորեն հովհարաբաց: Բայց ահա արևի ճառագայթը վերջապես ճեղքեց-անցավ ծառերի միջով, և կապիկը պատրանքազերծվեց ու սթափվեց: Ապշանքով տրորեց աչքերն ու հենց որ պատրաստվում էր մոտակա ծառը մագլցել` պատահաբար նորից հայացք ձգեց ակնագուռին: Եվ տեղնուտեղը հասկացավ, որ գիշերվա ընթացքում մարդ է դարձել:
Եվ ճամփա ընկավ Ադամը, և հանդիպեց Եվային, և բովանդակ երկրով մեկ սփռեց սերմն իր:

%d bloggers like this: