Tag Archives: ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Մի սիրո պատմություն․ Եղիշե Չարենց

6 Հկտ

Մի սիրո պատմություն․ Եղիշե Չարենց

10 Սպտ

ՍԽԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

6 Հնվ

Երբ Եղիշե Չարենցը գրեց իր «Երկիր Նայիրի» վեպը, «Մուրճ» հանդեսն այդ առիթով մի գրախոսական տպագրեց, որտեղ ասվում էր. «Երկիր Նայիրին» մի վիպանման պոեմ է, որը կարելի է գրել տրամվայի մեջ կամ «Կաֆե Նայիրիում» նարդի խաղալիս: Անչափ ձգձգվում է, կրթություններով լի, թեև գրված է Ա. Բելու ու Գոգոլի նմանությամբ ու նրանց անմիջական ազդեցության տակ, բայց… դժբախտաբար, նրանց երգիծանքն ու խորաթափանցությունը, նրանց գունագեղությունն ու թափը չունի»…
Ամերիկացի հանրահայտ երգիչ Էլվիս Փրեսլիին լսելուց հետո երաժշտական քննադատ Ջեկ Հոուլդը 1956 թվականին գրեց. «Պարոն Փրեսլիի մոտ բացակայում է երգեցողության ընդունակության որևէ տարբերություն: Նրա մասնագիտացումը` ռիթմիկ երգեցողությունը նա կատարում է անհասկանալի ոռնոցի օգնությամբ: Նրա վոկալը, եթե դա կարելի է այդպես անվանել, կազմված է կարծրատիպային տարբերակներից: Նրան լսելը աներևակայելի ձանձրույթ է»…
Հետախոսի գյուտից առաջ «Բոստոն Փոստ» թերթը մի խմբագրական հոդված հրապարակեց, որտեղ ասվում էր. «Լավ տեղեկացված մարդիկ հասկանում են, որ ձայնը հնարավոր չէ հաղորդել լարերի միջոցով, իսկ այնտեղ, որտեղ նման բան հնարավոր է, դա չի կարող ունենալ ոչ մի գործնական նշանակություն»…
Եվ այսպես շարունակ… Որովհետև մարդիկ կարծիք հայտնելու իրավունք ունեն, իսկ սխալ կարծիքի համար չեն պատժում: Այլ բան է, որ նրանցից գրեթե ոչ ոք հետագայում ոչ կհիշի, ոչ էլ կխոստովանի, որ ինքը սխալվում էր:

Հովիկ Չարխչյան

a7c7e20ef55b9c6f68541bcec8a4cfb6_M

Գտնվել են 1921թ-ին Չարենցի կողմից գրված մինչ օրս անհայտ բանաստեղծություններ․ մեկնաբանում է Հովիկ Չարխչյանը

22 Հկտ

«Անհամբերությունս զսպել չկարողացա և շտապում եմ ուրախությունս ձեզ հետ կիսել: Գտնվել են Չարենցի մինչ օրս անհայտ մի քանի բանաստեղծություններ: Շուտով դրանք կհրապարակեմ հանդեսներից մեկում»։ Երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում հենց այսպիսի գրառմամբ հանդես եկավ գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը և փոթորկեց «չարենցասերների» հոգիները։

— Պարոն Չարխչյան։ Չարենցի ֆենոմենը իր բնույթով, արդիականությամբ եզակին է հայ գրականության մեջ։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այն խորքային պատճառը, որ Եղիշե Չարենցի պոետիկան մինչև մեր օրերը մնում է ակտուալ։ Բազմաթիվ ժամանակակից գրողներ փորձում են գրել Չարենցի ոճով, տարեկան կտրվածքով բազմաթիվ գիտական աշխատանքներ են լույս ընծայվում, ինչպես նաև Չարենցի միտքը ներթափանցել է արվեստի այլ բնագավառներ, մասնավորապես երաժշտությունը։

— Չարենցի բացառիկության հմայքը նաև այդ անբացատրելիությունն է, քանի որ, ի տարբերություն շատերի, նրա պոետիկան տրոհելի կամ բաղդատելի չէ, շարունակում է մնալ իբրև կուռ համաձուլվածք և չի պահանջում համեմատության եզրեր: Արդիականության իմաստով նրա գրականությունը ճիգեր չի գործադրում դառնալու նորագույն հնչեղությունների կրողը, քանի որ իր խորքում արդեն իսկ ունի բոլոր հնչերանգները ամենատարբեր դիապազոնների համար: Սինֆոնիկ կերտվածք է, կենսական նյութի համակցություն է, որտեղ ամեն ոք կարող է գտնել այն, ինչ իրեն անհրաժեշտ է, եթե միայն փնտրի: Այդ պատճառով էլ նրա գիրը երկարակյաց է, ինչպես որ մնայուն է այն տունը, որն ամուր հիմքերի վրա է կառուցված:

— Մի փոքր պատմեք այդ գտնված բանաստեղծությունների մասին, ինչպե՞ս է պատահել, որ մոտ մեկ դար այն մնացել է ստվերում։ Եվ խնդրում եմ, նշեք, թե ինչ թեմաներով են։

— Իրականում Չարենցի անտիպ և անհայտ ստեղծագործությունների ծավալը շատ ավելի մեծ է: Եթե միայն նշենք այն գործերը, որոնց մասին հիշատակումներ կան, ապա դրանք հայտնաբերելու դեպքում կարելի է մի ամբողջական ու ստվար հատոր ունենալ: Նաև դա է պատճառը, որ որոնումները երբեք չեն ընդհատվում և երբեմն նույնիսկ հայտնի է լինում այն դաշտը, որտեղ հնարավոր է դրանք գտնել: Այս մի քանի բանաստեղծությունները, որոնց մասին նշել եմ, գրվել են 1921 թվականին, բովանդակային առումով սիրային, անձնական բնույթի են:

— Մի փոքր շեղվենք թեմայից։ Ի՞նչ կարծիքի եք հայ ժամանակակից գրականության վերաբերյալ, ի՞նչ միտումներ ու մարտահրավերներ կան։

— Ժամանակակից գրական միջավայրի գլխավոր թերացումն այն է, որ նա դեռևս որևէ հստակ ազդակ չի տալիս իր որդեգրած կամ դավանած արժեհամակարգի մասին` մնալով կաշկանդված ինչպես արտաքին հոսանքների, այնպես էլ ներքին զսպիչների ակցանի մեջ: Մենք կարող ենք հիշատակել հաջողված գործեր, շնորհալի հեղինակների անուններ, բայց դրանք ընդամենը առանձին դրսևորումներ են, որոնք որակական իմաստով շրջադարձային փոփոխության չեն հանգեցրել: Ցավոք, ես ինքս այս պահին հրապարակի վրա չեմ տեսնում այնպիսի մեկին կամ գրողների խմբի, որոնք ունակ են հայ գրականությունը մղել մեծ թռիչքի: Եվ քանի դեռ չկա թռիչքը, կարելի է գոնե հոգ տանել այն մասին, որ վաղվա սավառնումների համար կարգի բերվի թռիչքուղին և որոշակիացվի դրա ուղեծիրը:

— Ի՞նչ նոր ծրագրեր ունեք: Մոտ ապագայում հայ ընթերցասերները կարո՞ղ են կարդալ նոր գիրք։

— Այո, նոր գրքեր կան, հուսամ, որ առաջիկայում դրանք լույս կտեսնեն: Խոսքն այս պահին ինչպես գեղարվեստական ստեղծագործության, այնպես էլ կենսապատում ուսումնասիրության մասին է:

— Եթե հնարավոր է, կարո՞ղ եք հրապարակել Չարենցի գտնված բանաստեղծություններից մի երկտող։

— Հազիվ թե այդ երկտողը մոտավոր պատկերացում տա ամբողջ ստեղծագործության մասին: Սակայն մերժած չլինելու համար մեջբերեմ այս հատվածը.
Թող իմ սիրտը օրորեն
Անցած օրերը էն թեն,
Մրրիկներում էս սրի,
Օրերում էս սրադեմ:

Հարցազրույցը՝ Հովհաննես Եսայանի

http://asekose.am

D59C8EE2-9BD1-4A29-BFA6-C885296C3150_cx49_cy19_cw50_w1023_r1_s

ՌԻՉԻԻ ՀԱՄԱՐ

1 Հկտ

Կառքը սլանում էր թիֆլիսյան փողոցներով: Կառքում Չարենց էր և մի դեռատի կին` վախվորած հայացքով, լարված մատների ջղաձիգ կծկումներով: Անցան Վորոնցովյան կամուրջը, թեքվեցին Խեթագուրովի փողոցի կողմը և կանգ առան մի տան առաջ: Ներսում գրեթե ամայի էր: Մերկ պատեր, կտավե ճերմակ վարագույրներ ու մի գրասեղան` մաքուր թղթերով: Չարենցը նստեց, կնոջը խնդրեց տեղ գրավել իր դիմաց: Լուռ, երկար, թրատող հայացքով նայում էր աղջկան: Հետո սկսեց գրել:
Ժամանակն անցնում էր, իսկ նա ցասկոտ շարժումներով դեռ շարունակում էր էջերը լցնել տողերով:
Վերջապես ավարտեց: Մի պահ շունչ առավ, ապա սկսեց խուլ, ռնգային ձայնով կարդալ դրանք: Վերջին տողերն արտասանելուց հետո գլուխը կտրեց թղթերից ու նայեց կնոջը: Կինը լռում էր: Աչքերը սառն էին, անարտահայտիչ ու անարձագանք:
— Որովհետև հիմար ես,- չարացած նետեց Չարենցն ու ոտքի ելավ:
Դուրս եկան, կրկին կառք կանչեց, կնոջն ուղեկցեց մինչև տուն ու հեռացավ առանց հրաժեշտի:
Այդ կինը Ռիչի Դոստյանն էր: Վեց երգերից կազմված չարենցյան շարքը կոչվեց «Ռիչիի համար»:

pizap.com15067338095081

ԱՐՓԵՆԻԿԻ ԵՍԵՆԻՆԸ

26 Մյս

Եղիշե Չարենցի առաջին կնոջ` Արփենիկ Տեր-Աստվածատրյանի մասին հուշագիրները բազում ջերմ տողեր են թողել` նրան ներկայացնելով ոչ միայն իբրև անմնացորդ նվիրումով և հավատարիմ կին, այլ գեղեցիկ, կիրթ, լայն մտահորիզոնի տեր անձնավորություն: Շատերն են ընդգծել, որ Արփիկը նաև օժտված էր արվեստի ընկալման բարձր հատկանիշներով: Մի քանի աղբյուրներում հիշատակություններ կան այն մասին, որ նա հրաշալի գիտեր հայ և համաշխարհային գրականությունը ու նույնիսկ թարգմանել է Սերգեյ Եսենինի բանաստեղծություններից մի քանիսը:
Առ այսօր այդ թարգմանությունները մնում էին անհայտ: Այժմ, բարեբախտաբար, մենք հնարավորություն ունենք ծանոթանալու դրանցից մեկին: Խոսքը Եսենինի « Клён ты мой опавший…» ստեղծագործության մասին է: Արփենիկն այն թարգմանել է 1926 թ. սկզբին: Պետք է ենթադրել, որ Եսենինի ողբերգական մահից կարճ ժամանակ անց նրա բանաստեղծության թարգմանությունը յուրօրինակ հարգանքի տուրք է եղել ռուս գրողի հիշտակին ու տաղանդին:

© Հովիկ Չարխչյան

* * *
Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ,
Ի՞նչ ես կանգնել դու ճերմակ` մրրիկի դեմ կորացած,

Գուցե բան ես լսել դու կամ լսել ես դու մի ձայն,
Ոնց որ ելել ես ահա դու պտույտի գյուղից ցած:

Ու ոնց հարբած դռնապան` ելած ուղի հողմածեծ`
Խեղդվել ես ձյուներում ու փետացած մնացել:

Ախ, ես ինքս հենց հիմա ինչ-որ դարձել եմ տարտամ,
Ընկերական քեֆերից էլ չեմ գտնում տան ճամփան:

Նայես` ուռի հանդիպեց կամ թե սոճի մի բարակ,
Երգում էի ես նրան գարնան երգեր բքի տակ:

Ուզում էի ինքս ինձ հենց այդպիսի թխկի ծառ,
Միայն ոչ թե ձյունածածկ, այլ կանաչած ու պայծառ:

Եվ ամոթս կորցրած` խենթացնող երազում,
Ոնց որ կնոջն ուրիշի գրկում էի ցարասուն:

pizap.com14957057917641

 

ՀՈՎԻԿ (ՀՈՎՀԱՆՆԵՍ) ՉԱՐԽՉՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՎԵՊԵՐԸ

21 Մրտ

Հ. Չարխչյանի անունը գրական շրջանակներում հայտնի դարձավ նախ եւ առաջ 2004 թվականին տպագրված «Սուլամիթա. Սեւակի մեծ սերը» երկհատոր վեպի շնորհիվ, ապա լույս տեսավ «Սեւակի մահվան առեղծվածը»(2005) գիրքը, որից հետո 2010 թվականինՙ «Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը (ենթաժանրային բնութագրումը հեղինակինն է): Բոլորն էլ մեր հռչակավոր բանաստեղծների կենսագրության տարբեր դրվագների հիման վրա գրված երկեր են, ըստ էության կենսագրական վեպեր, ստեղծված վավերականի եւ գեղարվեստականի համադրությամբՙ հեղինակի նախընտրած տարբերակով: Մասնավորապես «Չարենցի կրակոցը» վեպում հեղինակի ընտրած փաստանյութերի օգտագործման հիմքում Ե. Չարենցի կյանքի հերթական, դրամատիզմով հագեցած շրջանիՙ 1926-1927 թթ. գեղարվեստականացված պատմությունն է: Բանաստեղծի կենսագրության այս հատվածի պատումի շրջանակում բացահայտվում են նաեւ նրա որոշ երկերի («Հիշողությունգեր Ուղղիչ տնից», ռուբայիներ, «Ձիու մռութ» եւ այլն) ի հայտ գալու իրական ու հոգեբանական նախապատճառները: Նշանավոր անձնավորության մասին կենսագրական վեպը գայթակղիչ է եւ մեծ հետաքարքրություն է առաջ բերում արդեն իր փաստագրական-վավերականության շնորհիվ: Այս դեպքում ընթերցողին ձգում եւ հրապուրում է ե՛ւ մեր հանճարեղ բանաստեղծի կյանքի վավերական դեպքերի տիրույթում նրան առտնին վիճակներում տեսնելու եւ թե՛ նրա հետ շփվող կամ առնչվող ճանաչված մտավորականների, գրողների (Ա.Բակունց, Գ.Մահարի, Մ.Արմեն, Ն.Զարյան, Շ.Կուրղինյան, Մազմանյան, Արուտչյան եւ ուրիշներ) ներկայությունը նրա շրջապատում: Բացի այս, վեպում շատ կարեւոր են նաեւ Մ. Այվազյանի վրա կրակոցի հետ կապված դեպքերի իրական արձագանքների ու քարոզչական նպատակներով սփյուռքահայ մամուլում տպագրված հոդվածներում եղելության արծարծումների վկայակոչումները:
Բայց եւ այնպես, կենսագրական վեպի հաջողության պայմանն այնուամենայնիվ գեղարվեստական արժանիքներն են, այն, թե հեղինակն իր ստեղծագործական երեւակայությամբ որքանով է կարողացել ստեղծել մեր մեծ բանաստեղծի մարդկային, նաեւ թերություններով ու ժամանակավոր գայթակղություններով տարված անհատի ոչ սովորական ու ոչ միանշանակ դրսեւորվող ու ընկալվող կերպարը: Երիտասարդ աղջկա վրա կրակելու անսովոր դեպքը դարձնելով կենտրոնական թեմաՙ հեղինակի նպատակն է եղել բացահայտել Չարենցի բնավորության, պահվածքի, հոգեբանության, ներաշխարհային ապրումների արտահայտությունները նաեւ ենթագիտակցությունից ու անգիտակցականից եկող ազդակների ներգործությամբ, ինչը բնորոշ է նաեւ սովորական մարդուն: Իսկ մեծերի մեջ սովորականից շեղվող արարքները եւս դրսեւորվում են արտառոց կերպով:
Չարենցի ներաշխարհային ապրումների, մտորումների հեղինակային բացահայումները մղում են կարծելու, որ Չարխչյանն այս երկում ստեղծել է բանաստեղծի կերպարի իր վարկածային տարբերակը: Հեղինակին հաջողվել է անհատականացնել նրա կերպարը թե՛ իր արարքներով եւ թե՛ բարոյահոգեբանական նկարագրով, գիտակացական ու ենթագիտակցական ներսուզումների արտահայտություններով: Երբեմն անհավասարակշիռ, սեռական բնազդի, հոգեբանական այլ մղումների տարերային դրսեւորումներով նրա վարքագիծը ցուցադրելովՙ Չարխչյանը մի որոշակի չափով արդարացնում է ընթերցողի սպասելիքները: Դրան նպաստում է այն, որ հեղինակն իրականում կատարվածի մասին որքան հնարավոր է փաստական-վավերական հիմքով է ստեղծել կերպարի հոգեբանությունը եւ գեղարվեստական միջավայրը: Իսկ կրակոցից հետո (այն թեթեւակի վնասվածք էր հասցրել Մ.Այվազյանին) ձերբակալված Չարենցի պահվածքի բնականությունը, քննիչ Գ.Գրիգորյանին տված անկեղծ խոստովանությունը, մեղքի գիտակցումը, դատավարությունից հետո պատժի արդարացի լինելն ընդունելը Չարենցի բնավորության անհատականացման կարեւոր ցուցիչներ են:Իբրեւ մեղմացուցիչ հանգամանք Չարենցն ինքը չի ընդունում բժիշկների կատարած եզրակացությունը, որի համար նախապատճառ էին համարվել Առաջին աշխարհամարտի ժամանակ որպես կամավորական պատերազմին մասնակցելու, կոտորածներին, կռիվների զարհուրելի տեսարաններին ականատես ու մասնակից լինելու իրողությունները. Չարենցի ինքնաբուխ, պոռթկուն անկեղծությունն ու անմիջականությունը արտահայտվել է ե՛ւ բնազդային հակումների մեջ ե՛ւ թե գիտակցված կերպով բարոյական արժեքների պահպանման հանդեպ: Այդ մասին են վկայում հատկապես կնոջՙ Արփենիկի նկատմամբ զղջման զգացողության դրսեւորումները, նրա հանդեպ անմար սիրո զգացմունքն իր բարոյական գերակայության շնորհիվ մեծ բանաստեղծին շարունակում է պահել կյանքն ավելի հավասարակշռված հայացքով գնահատելու հոգեվիճակում: Եվ ահա ծնվում է նաեւ այդ միջադեպի գեղարվեստական անդրադարձըՙ «Ձիու մռութ» բանաստեղծությունը:
Հ.Չարխչյանը, օգտվելով Չարենցի դատավարության պահպանված եւ տպագրված նյութերից, կարողացել է տեսանելի դարձնել 1920-ական թթ. երկրորդ կեսին Խորհրդային Հայաստանում տեղի ունեցող դատավարական գործընթացը նաեւ իր այս բացառիկ դեպքով: Ակներեւ է, որ այն հրապարակայնությունն ու մարդասիրական ինչ-ինչ կողմեր պահպանել էր, մանավանդ, երբ համեմատում ենք 1930-ական թթ. երկրորդ կեսի, մասնավորապես 1937 թ. ընթացքում տեղի ունեցած դատավարությունների հետ, որոնք անհատի պաշտամունքի ստալինյան քաղաքականության շրջանում անխնա կերպով ոչնչացրեցին ժամանակի նշանավոր բազմաթիվ հայ մտավորականների, այդ թվում նաեւ Չարենցին: Բնութագրական է այն, թե ինչպիսի սրտացավությամբ է դատապաշտպան Ե.Չուբարը կատարվածի կապակցությամբ, արտահյտելով իր եւ Չարենցի պոեզիան բարձր գնահատողների վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ, ասում էր իր պաշտպանական խոսքում. «Եթե օրենքի առաջ ամենքս հավասար ենք, ապա նույն այդ արդարադատ օրենքը մի՞թե առանց վարանումի հավասարության նշան կդնի ինչ-որ համբակի ու Չարենցի միջեւ: Ես ուզում եմ հավատալ, որ այդ բանը չի պատահի, այլապես նման վճիռը գուցե եւ անաչառ համարվի, սակայն չի կարող լինել շրջահայաց… Մենք դատում ենք Չարենցինՙ մեր ժամանակակից ամենամեծ հայ բանաստեղծին»: Մարդասիրական ու ներողամիտ վերաբերմունք Չարենցի նկատմամբ դրսեւորվեց նաեւ Ուղղիչ տանը գտնվելիս, կնոջ մահվան կապակցությամբ::
Տպավորիչ են Չարենցի եւ Իսահակյանի առնչությունների մասին պատմող ու վկայող էջերը; Երկկողմ եւ այլոց պատմած հուշերի հիման վրա վեպի հեղինակը նրանց փոխհարաբերությունների բարդությունն առավելապես ներկայացնում է Չարենցի ընկալումների, վերհուշի ու վերապրումների միջոցովՙ նրանց հանդիպումների (Գլուխ ութերորդ «Ես այն չեմ այլեւս, այն չեմ») մասին պատմող հատվածներում: Չարենցի հոգեբանության հեղինակային մեկնության բնորոշ օրինակ է ահա Իսահակայնիՙ Եվրոպայից հայրենիք վերադառնալու կապակցությամբ բանաստեղծի Ուղղիչ տան հիվանդանոցում կատարած այսպիսի մտորումները, որ ըստ էության առաջացել էին «Էլեգիա, գրված Վենետիկում» պոեմի առիթով, ուր արտահայտվել էին Վենետիկում Վարպետի հետ բարեկամացած Չարենցի միակողմանի գնահատականները նրա մասին. «Պլատոնն իմ բարեկամն է, բայց…»: Բայց ի՞նչ: Ո՞րն էր քո այն ճշմարտությունը, որ բարեկամից առավել թանկ էր: Ո՞վ էր սահմանել, թե անկշռելին կարող էր դրվել համոզմունքների նժարին, եւ անչափելին պիտի զետեղվեր հանգանակների եզրագծում: Իրատեսության դասեր էիր տալիս, քո անկեղծության գոռոզ բարձունքից հեգնում էիր նրա թրծված երկյուղը, սեղմում էիր ձեռքն իբրեւ բարեկամ, բայց ցավեցնում էիր տկար մատները… Մի՞թե չգիտեիր, թե ինչ էր հուշը: Չգիտեի՞ր, թե վտարանդի հոգին անձկության մշուշի միջից ինչպես պիտի նայեր այն եզերքին, որտեղ մի ամբողջ աշխարհ էր թողել, ու հիմա միայն ստվերն էր տեսնում այդ հովվերգության, երազանքների խանձիլն էր առնում, զրկանքների ու կորուստների համրանքն էր շարում ուլունքի նման: Դե, Չարենց, արդարացիր, համոզիր: Նա արդեն տանն է…»:
Հիշարժան է նաեւ Զաբել Եսայանի հետ հանդիպումը Ուղղիչ տանը: Չարենցը կարդում է այստեղ գրած ռուբայիները, որոնք նորություն էին նրա պոեզիայում: Դրանցում բանաստեղծը վերաիմաստավորում էր իր կյանքի դառը փորձը, իմաստասիրական խորհրդածություններով, վերջին միջադեպի հարուցած հետեւանքների առաջ բերած մտորումներով գիտակցում կեցության հարափոփոխությունն ու անհատի ճակատագրի անկայունությունը: Ահա դրանցից մեկը. «Դու ամեն վայրկյան քեզ ժխտում ես /Ու այդպես ժխտելովՙ հաստատում. /Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես, /Սակայն միշտՙ այդ դու ես-ու դու» : Վեպի գլխավոր թեմայի տիրույթում հեղինակը ցանկացել է բացահայտել բանաստեղծի մարդկային ու արվեստագետ-մտածողի տեսակի բազմակերպությունըՙ իր ողջ պոռթկուն կենսասիրության ու աշխարհահիացման, իր կյանքն ու երեւույթները փիլիսոփայորեն ընկալելու, ժամանակի քաղաքական, կենցաղային հանգամանքներին նաեւ հարմարվելու ու չհարմարվելու նրա կենսակերպը ցուցադրելու միջոցով: Իսկ այդ ամենի մեջ պետք է կարեւորել Չարենցի մտասեւեռումն իր գրական օժտվածությունը եւ ստեղծագործական ունակությունները պահպանելու, զարգացնելու նկատմամբ: Դրա արտահայտություններից մեկն էլ «Հիշողություններ Ուղղիչ տնից» նրա հուշակնարկն էր: Իսկ մեզ հետաքրքրող խնդրի տեսանկյունից ուշարժան է նաեւ 1929 թ. Ա.Մռավյանի մահվան կապակցությամբ նրա գրած չափածո խոսքիՙ իրեն ուղղված հետեւյալ տողերը. //Լոկ տոկա, որ ձիրքըդ չկորչիՙ /Աշխարհում ապրում ես քանի…// : Այսպիսով, ակներեւ է, որ Հ.Չարխչյանը Ե.Չարենցի կերպարը ստեղծելիս գնացել է բարդ ու մեծագույն աշխատանք պահանջող ճանապարհով:Կարծում ենք նրա կենսագրական վեպեր ստեղծելու վերոհիշյալ ինքնատիպ փորձերը խոստումնալի ձեռքբերումներ են եւ կունենան շարունակություն:

ԳԱԳԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ
Գյումրի
ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ — ՄՇԱԿՈՒՅԹ #10, 17-03-2017201701003

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

4 Մրտ

Դեռ չի եղել հացն աշխարհում գերագույն կուռք մարդկային.
Հանուն սիրո շատ են եղել հարստություն տվողներ.
Բայց չեն եղել հանուն հացի սիրո վրա թքողներ,
Որ գեթ իրենց աչքին իրենք մեծագործներ թվային…

1936. XI. 23artur-sargsyan-e1486929587577

ՀԱՏՎԱԾ ՉԱՐԵՆՑԻ ՕՐԱԳՐԻՑ

27 Նյմ

1934 թ. մարտի 18
… Քանի դեռ աշխարհիս երեսին գոյություն ունի պետությունը — դիպլոմատիան, ինչպես ընդհանրապես քաղաքականությունը, լինելու է գաղտնի և միշտ «մաքուր քաղաքականությամբ» զբաղվող (այսինքն` որոնց պրոֆեսիան է քաղաքականությունը) մարդիկ, հենց իրենց պրոֆեսիայի, իրենց գործի բնույթի բերումով, լինելու են մնացած մարդկությունից չինական պարիսպներով ծածկված մի կաստա, որոնք ապրում են մի տեսակ կրկնակի կյանքով: Եվ ինձ վրա միշտ մի տեսակ միստիկական տպավորություն են թողնում այդ մարդիկ, նայում ես` մարդ է, ինչպես և դու, սակայն զգում ես յուրաքանչյուր վայրկյան, որ նա բացի բոլորին հայտնի իր կյանքից ապրում է և մի այլ, բոլորովին թաքուն կյանքով, գիտե բազմաթիվ բաներ, որ դու, հասարակ մահկանացուդ, երբեք չես իմանա, և, որ ամենաճնշիչն է — իրավունք չունես իմանալու…
… Եվ ահավասիկ այն հանգամանքը,- այսինքն այն, որ մարդկային հասարակության մեջ մի շարք մարդիկ իրենց գործի բնույթով հարկադրված են ամբողջ ժամանակ ապրել մնացած մարդկությունից թաքուն, նրանց տեսողությունից ծածկված ինչ-որ երկրորդ կյանքով, -այս հանգամանքը բնականորեն մշակում է այդ մարդկանց մեջ մի հոգեբանություն, որ հատուկ է «ընտրյալներին»: Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը բնականորեն պետք է որ իրեն բարձր զգա իր շրջապատից, իրեն շրջապատող «հասարակ մահկանացուներից», որոնք ոչ միայն ոչ մի տեղեկություն չունեն այս «ընտրյալների» նեղ շրջանակում կատարվող դեպքերից, առօրյա անցուդարձից, այլև իրավունք էլ չունեն ունենալու, և ինքն էլ իրավունք չունի ասելու…
Բայց սա ունի իր հակառակ կողմը: Եթե մի կողմ թողնենք քաղաքական հանճարներին և վերցնենք այս «կաստային» պատկանող միջին, միջակ անհատներին, կտեսնենք, որ համարյա միշտ այս վերջիններս իրենց հոգևոր ունակություններով պատկանում են «մտածող մարդու» տիպի բավական ողորմելի տեսակին: Զրկեք այդ «կաստայի» միջակ ներկայացուցչին դիրքից ու պաշտոնից և կտեսնեք, որ ձեր առաջ կանգնած է մի սովորական, հաճախ ավելի քան սահմանափակ հոգևոր ունակությունների տեր անձնավորություն: Եվ սա չէ՞ պատճառը, որ այնքան շուտ են «խունանում» քաղաքական ասպարեզը այս կամ այն պատճառով կորցրած մարդիկ, հաճախ նույնիսկ այնպիսիները, որոնք թվում էին հոգու և մտքի շտեմարան: — Եվ ես չգիտեմ կյանքում ավելի խղճալի և տխուր պատկեր, քան քաղաքական «նախկին գործիչն» է…537766_496682547206307_5852124724967038697_n

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

26 Սպտ

… Ցարսկի փողոցով դուրս եկավ որբերի գաճաճ ու գունատ մի շարք, միատեսակ քայլվածքով, գլուխների մեծությամբ, հասակով և մանավանդ շորերով:
Մնացածը Չարենցը լրացրեց.
— Քո կարծիքով սրանց անունները ինչ կլինի:
Ես մտածեցի. դե՝ որբեր են, մեկը Վարազդատ, մյուսը Տիգրան, երրորդը Սարգիս…
— Տիգրան, Վարազդատ, Սարգիս…
— Սխալվում ես… Բոլորի անունն էլ Կարապետ է… այ, 2, 4, 8, 10, 24, 32, երեսուներկուսն էլ Կարապետ են…

«Չարենց-Նամե» գրքից1981

ՄԻ ՓՈՔՐԻԿ ՃՇՏՈՒՄ

13 Մրտ

1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում վախճանվեց Հովհաննես Թումանյանը: Նրա մարմինը տեղափոխվեց Թիֆլիս և ապրիլի 15-ին կայացավ հուղարկավորությունը: Հայաստանից Վրաստան մեկնեց պաշտոնական պատվիրակություն: Այդ մասին «Արմենտա» հեռագրական գործակալությունը հատուկ տեղեկատվություն հրապարակեց: Հաղորդագրության տեքստում մասնավորապես ասվում էր. «Երևանում գտնված գրողներն ու արվեստագետները որոշել են բանաստեղծի թաղմանը Թիֆլիս պատգամավորություն ուղարկել հետևյալ կազմով. ընկ. Մ. Սարյան, Ց. Խանզադյան, որ միաժամանակ նաև համալսարանի ներկայացուցիչն է և Ե. Չարենց: Պատգամավորությունը այսօր առավոտյան՝ ապրիլի 13-ին մեկնեց Թիֆլիս»:
Համաձայն այս վկայության, Չարենցը մասնակցել է Թումանյանի թաղմանը: Բայց արդյո՞ք դա այդպես է: Բանն այն է, որ ապրիլի 15-ին, ժամը 12-ին, այսինքն ճիշտ այն ժամանակ, երբ Թումանյանի աճյունն իր վերջին ճանապարհն էր անցնում, Երևանի պետական թանգարանի դահլիճում ընթանում էր Ամենայն Հայոց բանաստեղծի հիշատակին նվիրված քաղաքացիական հոգեհանգստ: «Խորհրդային Հայաստան» թերթը ապրիլի 17-ի համարում ներկայացրել է այդ արարողության մանրամասները: Հրապարակելով ժողկոմ Ասքանազ Մռավյանի ելույթը՝ հոդվածագիրն այնուհետև գրել է. «Նույն իմաստով արտահայտվեց նաև ընկ. Եղիշե Չարենցը Հայաստանի գրողների և արվեստագետների կողմից: Նա հատկապես ցանկություն հայտնեց, որ ներկայիս գրողները յուրացնեն Հ. Թումանյանի ավանդը…»:
Ստացվում է, որ Չարենցն իրականում Թիֆլիս չի մեկնել: Իսկ թե ի՞նչն էր պատճառը, որ բանաստեղծը վերջին պահին հրաժարվել է այդ ուղևորությունից ու ի՞նչ հիմքով էր հեռագրական գործակալությունը վկայում նրա մեկնումը, առայժմ հայտնի չէ:

© Հովիկ Չարխչյան11700877_10202862909774090_1771284148538605615_n

Եղիշե Չարենցի երկու նորահայտ վավերագրերը

14 Մրտ

Չարենցագիտության ոլորտում որոնումները եւ նոր բացահայտումները երբեք չեն դադարել, դրանք այսօր էլ շարունակվում են` ի հայտ բերելով նոր շերտեր ինչպես Չարենցի ստեղծագործական հանճարից, այնպես էլ նրա կյանքի եւ գործունեության ոլորտներից: Որպես ասվածի ապացույց` Եղիշե Չարենցի ծննդյան 118-ամյակի առթիվ գրող, չարենցագետ Հովիկ Չարխչյանը «Ժողովուրդ»-ին է տրամադրել մեծ բանաստեղծի ձեռքով գրված երկու բացառիկ նորահայտ վավերագրեր, որոնք հրապարակվում են առաջին անգամ: Առաջին փաստաթղթում կարդում ենք.

«N 910

18 փետրվար, 1921թ.

Երեւան Ամերիկյան Կոմիտեին Հասկելի նախկին բնակարանի ներքեւի հարկում, ուր հիմա տեղավորված է Ամերիկյան Միսիան, Լուս. Ժող.Կոմիսարիատից տարված են մի շարք նկարներ, այն է`

1.Երկանյանի «Հայ բանաստեղծ»

2…..«Աշխատանք եւ հսկում»

3.Ռուբեն «Փարիզի փողոց»

4.Շարբաբչյանի «Բրիտանացի երեխա»

5…..«Սուրամի բերդը»

6.Թադեւոսյանի «Հովերգական»

Քանի որ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հիմնում է ժողովրդական պատկերասրահ, որի համար միանգամայն անհրաժեշտ են հիշյալ նկարները, ուստի խնդրում եմ հայտնեք մեզ, թե երբ եւ որտեղ կարող եք հանձնել հիշյալ նկարները մեր ներկայացուցիչ ընկ. Բաշինջաղյանին` տեղափոխելու համար Լուսավորության ժողովրդական կոմիսարիատ: Արվեստի բաժնի վարիչ` Չարենց,

Քարտուղար»:

Հովիկ Չարխչյանը, անդրադառնալով այս վավերագրին, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այն արժեքավոր է ոչ միայն այն պատճառով, որ գրված է Չարենցի կողմից, այլեւ ապացույցն է այն բանի, որ գրողն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման աշխատանքներին: Նա ընթերցողին առաջարկեց ուշադրությունը բեւեռել նաեւ այն փաստի վրա, որ այս գրությունը կազմվել է 1921 թվականի փետրվարի 18-ին` ճիշտ այն օրը, երբ Հայաստանում բռնկվեց Փետրվարյան խռովությունը: Փաստաթուղթը ներկայացնելուն զուգահեռ ծանոթագրության կարգով հավելենք, որ նամակում հիշատակված Ուիլյամ Հասկելն ամերիկացի ռազմական, քաղաքական գործիչ, գնդապետ, Հայաստանում դաշնակից պետությունների գերագույն կոմիսարն է եղել: Ինչ վերաբերում է այն արվեստագետներին, որոնց կտավները պահանջում է Չարենցը, ապա տեղեկացնենք, որ Սարգիս Երկանյանը գեղանկարիչ էր, ով 1920-ին բնակության մեկնեց Միացյալ Նահանգներ: Ցանկում հիշատակված նրա կտավներն այժմ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Իսկ բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանը 1921թ. Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն էր: 1926-ին հենց Շարբաբչյանը պետք է ձեւավորեր Չարենցի «Կապկազ-թամաշան»:

Գրականագետի ներկայացրած երկրորդ բացառիկ փաստաթուղթը Չարենցի պաշտոնական նամակն է զինվորական ժողովրդական կոմիսարին: Ընդ որում, այն նմանատիպ բովանդակությամբ առաջին նամակը չէ` գրված Չարենցի կողմից: Հովիկ Չարխչյանը նշեց, որ արվեստի կոմիսար աշխատած տարիներին Չարենցը օգնության ձեռք է մեկնել բազմաթիվ երիտասարդ արվեստագետների եւ մշակութային գործիչների: Նրանցից շատերն իրենց հետագա հաջողությունների համար մեծապես պարտական են Չարենցի ուշադրությանն ու մարդկային վերաբերմունքին: Փաստաթղթում կարդում ենք.

«Զինվորական ժողովրդական կոմիսարին.

Նո. 694 ամսիս 26-ի գրությամբ խնդրել ենք ուղարկել Լուսժողկոմիսարիատի Արվեստի բաժնի տրամադրության տակ կարմիրբանակային Սեդրակ Թարիվերդյանին, որը երաժիշտ է Երեւանի Գավհեղկոմի թատերա-երաժշտական խմբում, որպես մասնագետ թառանվագ միանգամայն անփոխարինելի է Պետական երաժշտախմբի համար, բայց չնայած դրան՝ սվոդնի զինվորական հիվանդանոցի վարչությունը, որի տրամադրության ներքո գտնվում է այժմ կարմիրբանակային Սեդրակ Թարիվերդյանը, պատասխանել է մեզ մերժումով` առարկելով, որ հիշյալ Թարիվերդյանը հարկավոր է հիշյալ հիվանդանոցի համար: Խնդրում եմ կարգադրել` ուղարկել բաժնիս տրամադրությանը հիշյալ Թարիվերդյանին, որի փոխարեն բաժինս կարող է ուղարկել հիվանդանոցային ուրիշ թառանվագներ կամ իրեն` Թարիվերդյանին, եթե հիվանդանոցում լինեն համերգներ: Զրկել Պետական երաժշտական խմբին միակ մասնագետ երաժշտից, նշանակում է անգործության ենթարկել մյուս երաժիշտներին եւ այսպիսով կասեցնել այն փոքրիկ գեղարվեստական գործը, որ կատարվում է խորհրդային Մայրաքաղաքի բանվորական թատրոնում: Արվեստի բաժնի վարիչ` Չարենց N802 2./.6. 1921»:

Մարտի 13-ը մեծ գրողի ծննդյան օրն է, եւ սա նրան նորովի բացահայտելու, Չարենց մարդուն, գործչին ճանաչելու եւս մեկ առիթ է:

Աննա Բաբաջանյան charents-600x454

ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

27 Նյմ

039_zps599fd5a9Եղիշե Չարենցի կենսագրության մի անհայտ դրվագ իր արտացոլումն է գտել արխիվային երկու փաստաթղթերում, որոնք հրապարակում ենք առաջին անգամ: Դրանք միևնույն ժամանակ հնարավորություն են տալիս մեկ անգամ ևս պատկերացում կազմել այն ծանր մթնոլորիտի ու գաղափարական սահմանափակումների մասին, որ գերիշխող էին 1920-ականների Հայաստանում և դեռ էլ ավելի պիտի թանձրանային հետագա տարիներին:
Առաջին վավերագիրը մի գաղտնի պաշտոնական գրություն է, որ Լուսավորության ժողկոմատ է առաքվել Հատուկ բաժնի կողմից: Նամակում ասվում է.
« N5
Երևան, 14.3.1929
Գաղտնի
Լուսժողկոմի տեղակալ
ընկ. Յաղուպյանին
Սրանով Ձեզ հայտնում եմ, որ անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին ընկ. Գ. Վանանդեցին Հանր. Գրադարանի հատուկ բաժնից վերցրել է տանը օգտվելու համար Չալխուշյանի «Ինչ է և ինչ պիտի լինի մեր ուղին», ինչպես նաև դեկտ. 12-ին — «Հայրենիք» ամսագրի վեց համարներ: Վերոհիշյալները առանց հատուկ բաժնին վերադարձնելու՝ ընկ. Գ. Վանանդեցին հանձնել է քաղ. Չարենցին: Բացի դրա՝ քաղ. Չարենց հունվարի 7-ին հատուկ բաժնից վերցրել է «Հայրենիք» ամսագրի յոթը համարներ, հունվ. 20-ին վերադարձնելու պայմանավ:
Հիշյալ ամսագրի 13 համարները և գիրքը առանց վերադարձնելու քաղ. Չարենց Երևանից մեկնել է: Սույնը տեղեկացրել եմ և Պետ քաղ. Վարչության, հարկ եղածը տնօրինելու համար:
Հատուկ բաժնի վարիչ….»:

(Վերջին ստորագրությունը դժվարընթեռնելի է: Ամենայն հավանականությամբ, «Ա. Թագվորյան»):
Հայտնի փաստ է, որ այդ տարիներին սահմանված գրաքննության պայմաններում գրականության ու մամուլի հատուկ ֆոնդերից կարող էին օգտվել միայն սահմանափակ թվով մարդիկ և այն էլ` որոշակի նպատակներով: Իսկ սփյուռքից ստացվող պարբերականների գերակշիռ մասը կրում էր «գաղտնի» կնիքը և պահվում էր լայն հանրության աչքից հեռու: Հետևաբար Դաշնակցություն կուսակցության օրգան «Հայրենիք» հանդեսը չէր կարող ընդգրկված չլինել այս «վտանգավոր» աղբյուրների ցանկում, թեև 1922 թվականից ի վեր Բոստոնում լույս ընծայվող գրական-մշակութային ամսագիրը ինչպես գրականագետ Գուրգեն Վանանդեցուն, այնպես էլ Չարենցին կարող էր հետաքրքրել առավելապես իր գեղարվեստական բովանդակությամբ: Գալով հասարակական գործիչ, պատմաբան Գրիգոր Չալխուշյանի (1861-1931) գրքին, հիշեցնենք, որ 1923 թվականին հրատարակված «Ինչ էր և ինչ պիտի լինի մեր ուղին» ուսումնասիրությունն իրենից ներկայացնում էր Հայաստանի Առաջին Հանրապետության անկման տնտեսական և քաղաքական պատճառների վերլուծությունը: Այն ևս ընդգրկվել էր «անցանկալիների» շարքում, և եթե որևէ ընթերցող այնուամենայնիվ ցանկութուն էր հայտնում ծանոթանալ դրա բովանդակությանը, ապա նման ցանկությունն արդեն իսկ դիտվում էր զանցառում: (Ի դեպ, նկատենք մի հատկանշական հանգամանք, ինչը ևս անկարևոր չէ: Նամակում Վանանդեցու դեպքում օգտագործվում է «ընկեր» դիմելաձևը, մինչդեռ Չարենցի պարագայում՝ «քաղաքացի»-ն: Ամենայն հավանականությամբ, պատճառը կուսակցականությունն էր: Ինչպես հայտնի է, Չարենցին 1926-ի սեպտեմբերից հեռացրել էին կոմկուսի շարքերից):
Եվ այսքանից հետո դժվար չէր կռահել, որ նման ահազանգին պիտի անմիջապես հետևեր համաժեք արձագանքը` ուղեկցվելով «պատժիչ» գործողություններով: Վերը նշված գրության վրա Լուսժողկոմի տեղակալը մակագրում է՝ հանձնարարելով նկատողություն հայտարարել Վանանդեցուն ու միջոցներ ձեռք առնել գրականությունը Չարենցից վերցնելու և վերադարձնելու համար: Սակայն դա այնքան էլ հեշտ գործ չէր: Բանն այն է, որ Չարենցն այդ օրերին իսկապես Հայաստանում չէր: Նա մեկնել էր Մոսկվա: Փաստ է նաև, ահազանգից 20 օր անց արգելված գրականությունը դեռ գտնված ու վերադարձված չէր: Դա է վկայում մյուս գրությունը, որը ներկայացնում ենք ստորև.
«N611
4/4-29
Գաղտնի
Պետքաղվարչությանը
Հանրային գրադարանի հատուկ բաժինը հայտնում է, որ ընկ. Ա. Խանջյանի բանավոր կարգադրությամբ Ե. Չարենցին գրադարանից հանձնված է «Հայրենիք»-ի 7 N- ը, բացի այդ, նա ընկ. Վանանդեցուց ստացել է ևս «Հայրենիքի 6 N-ը և Չալխուշյանի «Ինչ էր և ինչ պիտի լինի մեր ուղին» գիրքը, այսպիսով Չարենցի մոտ կա 14 կտոր գաղտնի գրականություն:
Խնդրում եմ ձեռք առնել միջոցներ նրանից ստանալու այդ գրքերը և հանձնելու հատուկ բաժնին: Լուսժողկոմի տեղակալ՝ Հ. Յաղուբյան
Գաղտնի բաժնի վարիչ Ա. Նիկողոսյան»:

Դժվար է ասել, թե ինչով ավարտվեց այս տհաճ միջադեպը: Պետք է կարծել, որ գրականությունն ի վերջո վերադարձվել է հանրային գրադարան: Սակայն հազիվ թե դա եղել է անհետևանք: Ամեն դեպքում, այս ողջ պատմությունն այնքան բնորոշ է Չարենցին: Գաղտնին և արգելվածը միշտ հրապուրում էին նրան…

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ427c0af03f65

ԱՐԴՅՈ՞Ք ՍԱ Է ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆԸ ՄԱՅԿՈՊՈՒՄ

21 Հկտ

Հայտնի է, որ 1918 թվականին Եղիշե Չարենցի հարազատները Կարսից գաղթելուց հետո բնակություն են հաստատել Մայկոպ քաղաքում: Նրանց տունը գտնվել է Կրեստյանսկայա փողոցում: Չարենցն ինքը բազմիցս այցելել է Մայկոպ, ապրել ու ստեղծագործել է այդ տանը: Այսօր արդեն Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությանը կից գործող պատմական և մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը նշում է, որ վերոհիշյալ փողոցի 248-րդ տունը համարվում է հուշարձան, քանի որ հենց այնտեղ է բնակվել հայ մեծ բանաստեղծը, և շինությունը պահպանվում է պետության կողմից: Հուշարձանը նույնիսկ իր հատուկ կոդն ունի` 100018000: Նույն բանն են հաստատում նաև Մայկոպի իշխանությունները:
Ինձ հաջողվեց գտնել այդ շինության լուսանկարը, որը ներկայացնում եմ ձեզ: Ցավոք, այստեղ չեք տեսնի որևէ ցուցանակ, ինչը կարող էր վկայել կառույցի պատմական հուշարձան լինելու հանգամանքը: Ավելին, այժմ տեղում գործում է հարսանյաց սրահ, որը պատկանում է անհատ ձեռներեց Ֆաթմա Մահմուդի Իվանովային: Առաջին հայացքից նույնիսկ կասկածելի է թվում, թե հատկապես այս տանն է բնակվել Սողոմոնյանների ընտանիքը:
Հայտնի է, որ Կրասնոդարի երկրամասում և մասնավորապես Մայկոպում գործում է բավականին մեծ և ազդեցիկ հայկական համայնք: Ցանկության դեպքում նրանք կարող են ոչ միայն խնդրին հստակություն հաղորդել, այլև տեղում ըստ արժանվույն ներկայացնել մեր հանճարեղ գրողի անվանն ու հիշատակին առնչվող յուրաքանչյուր պատմական վայր կամ կառույց:
 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆՉարենցի տունը մայկոպում Կրեստյանսկայա 248

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

14 Օգս

Եվ, սիրտս կտրած մարդուց ու հողից,
Ես դեգերեցի անտուն ու անքուն,
Արյունս դարձավ արնաքամ օղի,
Եվ ես, կորցրած եռանդ ու ուղի՝
Անվերջ գնացի անկումից անկում։-

Չկարողացա՛ ես կրել կյանքում
Պայծառ անունը քո, որպես դրոշ,-
Եվ գլխիս իջավ խավարը անդուռ,

Եվ ես հասկացա, որ դու ես, այդ դու
Ինձ հետապնդում հատուցման սրով։early-soviet-poetry_enlarge

ՏԵՐՅԱՆԻ ՈՒ ՉԱՐԵՆՑԻ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

1 Հլս

Գրողները Հայաստանի Կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ հերթական հանդիպումներից մեկի ժամանակ հայտնեցին, թե իրենք ենթադրում են, որ մի շարք գրողների ու գիտնականների արխիվն ու անձնական գրադարանները գտնվում են ՆԳԺԿ-ում և հնարավոր է, որ դրանք ոչնչացվեն: Գ. Հարությունյանն անմիջապես հետաքրքրվեց դրանով: Պարզվեց, որ գրողների անհանգստությունը տեղին էր:  ՆԳԺԿ-ում էին գտնվում շատ գործիչների անձնական գրադարանները: Եվ 1939 թ. հունիսի 26-ին Հարությունյանի առաջարկությամբ ընդունվեց հետևյալ որոշումը. «Հանձնարարել ՆԳԺԿ-ին Վահան Տերյանի ամբողջ գրական արխիվն ու աշխատությունները, ինչպես նաև Անուշավան Վարդանյանի բնակարանից բռնագրաված Եղիշե Չարենցի գրադարանը հանձնել գրականության պետական թանգարանին»:

Ավելի վաղ Գ. Հարությունյանի առաջարկով ոչնչացումից փրկվել և ճարտարապետների միության գրադարանին էին հանձնվել ճարտարապետներ Գ. Քոչարի, Մ. Մազմանյանի, Հ. Քաջազնունու, Ն. Բունիաթյանի, Կարապետյանի գրադարանները, որոնք բռնագրավել էր ՆԳԺԿ-ն: Եթե մյուս գործիչների գրադարանների հայտնվելը ՆԳԺԿ-ի նկուղներում հայտնի էր, ապա պարզ չէր, թե Վահան Տերյանի արխիվն ինչպես էր ընկել ՆԳԺԿ:

 

Վլադիմիր Պետրոսյան

«Գրիգոր Հարությունյանի ժամանակը» գրքից???????????????????????????????

 

 

Նորահայտ վավերագրեր ու փաստեր Չարենցի մասին

2 Մյս

Եղիշե Չարենցի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Հովիկ Չարխչյանը ներկայացրեց նորահայտ փաստեր և անհայտ դրվագներ Չարենցի կյանքից: հանդիպումը տեղի ունեցավ Իսահակյան 16 ա հասցեում գտնվող ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութում:

Եթերային անդրադարձ

15 Մրտ

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագիր, 2014 թ., մարտի 13:

Մամուլի անդրադարձ

15 Մրտ

198861Ե՞րբ է իրականում ծնվել Չարենցը եւ ինչպե՞ս է փոխվել նրա ծննդյան տարեթիվը. բացահայտումներ պոետի կյանքից

Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Այսօր նշում ենք նրա ծննդյան 117 տարին, սակայն, պարզվում է, այստեղ կա մի մեծ բայց…

«Նորահայտ վավերագրեր եւ փաստեր Չարենցի մասին» խորագրով հանդիպման ընթացքում այսօր՝ մարտի 13-ին, գրականագետ Հովիկ Չարխչյանը ի թիվս մի շարք այլ բացահայտումների նաեւ հայտարարեց, որ բանաստեղծի ծննդյան ընդունված թիվն ու օրը չեն համապատասխանում նրա իրական ծննդյան տարեթվին:

Ըստ գրականագետի՝ կան մի շարք վկայություններ, որոնք հաստատում են իր առաջարկած վարկածը, ընդհուպ մինչեւ պոետի վկայությունը, որը բերված է «Զվարթ գիտություն» բանաստեղծության առաջաբանում, որտեղ բանաստեղծն ինքը իր ծննդյան թիվն ու օրը թվագրել է 1897թ. մարտի 28:

Հայտնի է, որ ժամանակին բանաստեղծը հոր պարսկահպատակ ծանոթների միջոցով փոխել է անձնագիրը, որտեղ փոխվել են նաեւ նրա անձնական տվյալները: Սա գրականագետի այսօր հնչեցրած միակ սկանդալային բացահայտումը չէր:

Պարզվում է՝ պոետի կյանքի տարբեր փուլեր դեռեւս լուրջ ուսումնասիրության կարիք ունեն. ինչո՞վ է զբաղվել Չարենցը 1920թ.  սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, ի՞նչ է արել նա 1922թ. Լենինգրադում, չկա որեւէ ինֆորմացիա Բաքվում անցկացրած նրա տարիների մասին, ինչպես նաեւ գրեթե անհայտ են 6 ամիս տեւած եվրոպական ճամփորդության մանրամասները:

Գրականագետը համառոտ ակնարկով անդրադարձավ նաեւ Նիկոլ Աղբալյանի ելույթի մանրամասներին, որին արձագանքելով՝ Չարենցը Կարսից, որտեղ զբաղվում էր ուսուցչությամբ, վերադառնում է Երեւան եւ նշանակվում Լուսավորության նախարարության հատուկ հանձնաժողովի գծով կոմիսար: Գրականագետը «արջի ծառայություն» որակեց  պոտի մասին տարբեր «հեղինակավոր մարդկանց» կարծիքները, որոնք թյուր պատկերացում են ձեւավորել նրա քաղաքացիական ու մարդկային նկարագրի մասին:

Այն, որ Չարենցը 1920 – 21թթ զբաղվել է ակտիվ հեղափոխական գործունեությամբ, գրականագետը գրեթե անհնար է համարում եւ ի հայտ բերում պատմական նշանակության մի շարք փաստաթղթեր ու նամակներ, որոնցում նշվում է նույնիսկ բանաստեղծի՝ Լուսավորության նախարարությունում աշխատելու տարիների աշխատավարձի չափը` 1200 – 5000 ռուբլի:

Գրականագետն անդրադարձավ նաեւ պոետի անձնական կյանքի մի քանի դրվագների, մասնավորապես, Առաջին Հանրապետության գլխավոր դատախազ Վարդգես Ահարոնյանի տիկնոջ` Արմենուհի Տիգրանյանի հետ սիրավեպին, ինչպես նաեւ Չարենցի երկրորդ կնոջ՝ Իզաբելլա Նիազովայի կյանքի ողբերգական մանրամասներին:

Բոլշեւիկյան հեղափոխությունից հետո հենց 23-ամյա Չարենցն է եղել Լուսավորության նախարարության Արվեստի գծով կոմիսարը, ասել է թե՝ Մշակույթի նախարարը, նա է եղել այսօրվա Հանրային գրադարանի հիմնադիրներից մեկը եւ, առհասարակ, Չարենցի կյանքը դեռ լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի:

NEWS.am-ի լրագրողի դիտարկմանը, որ կենսագրական բացահայտումները վիճելի են եւ ոչ միանշանակ են ընկալվում, գրականագետ Հովիկ Չարխչյանն ասաց. «Ցանկացած հերքում պետք է փաստարկված լինի: Բոլոր նրանք, ովքեր մինչեւ այսօր փորձել են բանավիճել ինձ հետ, որեւէ լուրջ հակափաստարկներ չեն ներկայացրել: Միայն օդի մեջ բաց թողած «ոչ»-ը լուրջ չէ: Երեւի այդպես հեշտ է: Ի վերջո, մի մոռացեք, որ ես չեմ վերաձեւում Չարենցի կենսագրությունը: Ես ասում եմ բաներ, որոնք ջուրն են նետում մեկ ուրիշի աշխատանքը: Ճշմարտությունն ուրիշ ո՞նց կարելի է բացահայտել»:

Նվարդ Մանվելյան

http://news.am

ՉԱՐԵՆՑԻ ՕՐԱԳՐԻՑ

10 Մրտ

1934 թ. մարտի 15-ին Եղիշե Չարենցը օրագրում գրել է.

«Ես շատ եմ մտածել Լերմոնտովի «Դևի» մասին:- Ի՞նչ սիմբոլ է այդ: — Չէ՞ արդյոք ռուս-թաթարական ժխտողական հանճարի պատկերը… Եվ չէ՞ արդյոք այդ «Դևը» նախահայրը ռուսական նիհիլիզմի… Հետաքրքիր կոնցեպցիա… Ըստ այս կոնցեպցիայի — «Դևի» հետևողները ռուսական և համամարդկային պատմության և կուլտուրայի հորինած ոչ այլ ոք են, քան… Չերնիշևսկուց սկսած մինչև… Լենինը… Ո՞վ չի արդյոք կրել «Դևի» հոգևոր կերպարանքի հզոր ազդեցությունն իր վրա ռուսական պատմության մեջ. այն ամենը, որ բուն ռուսական է, և, որպես այդպիսին, միանգամայն ինքնուրույն: — Այսպիսով, Լերմոնտովի «Դևը» դառնում է նախահայրը այն ամենի, որ ռուս ժողովուրդը մուծել է կամ փորձում է մուծել համամարդկային պատմության մեջ: — Եվ նրա լավագույն աշակերտներն են հանդիսանում — Չերնիշևսկին, Պիսարևը, Շչեդրինը, Դոստոևսկին, Տոլստոյը, Լենինը, Նիկոլայ Մորոզովը… Մանավանդ վերջինս, որ հերքում է ամբողջ մարդկության պատմությունը !… Իսկապես որ «Դևը» ոչ այլ ինչ է, քան ռուսական հանճարի լավագույն սիմբոլը!!!
Իսկ ռուսական դրական ապողոնյան հանճա՞րը… Նա իր լավագույն արտահայտությունը գտել է հանձին Ալեքսանդր Պուշկինի — և մնացել է մենակ!.. Եվ սա էլ է չափազանց հետաքրքիր, որ ռուսական կուլտուրայի մեջ դրական ապողոնյան հանճարը սերում է… Աֆրիկայից! …Եվ մինչև այս չունի ոչ մի շարունակող ու հետևող իր լուսավոր գծին… Պուշկինը — ռուսական կուլտուրայի միակ դրական, շինարար սկզբունքն է — և մնացել է մենակ… Բոլորը նրան երկրպագում են, բայց ոչ ոք նրան չի հետևում»: wrubelx_demon

%d bloggers like this: