Tag Archives: Եղիշե Չարենց

Չարենցի և Խաչատրյանի «Նոր երգը»

9 Սպտ

Եղիշե Չարենցի և Արամ Խաչատրյանի ստեղծագործական համագործակցության ամենահայտնի դրսևորումը «Պեպո» կինոնկարի համար գրված «Ձկնորսի երգն» է, որը հետագայում լայն  ժողովրդականություն վայելեց և դարձավ երկու մեծ արվեստագետների կենսագրությունները կամրջող ամենավառ դրսևորումը: Սակայն քչերին է հայտնի, որ Չարենցի ու Խաչատրյանի ճանապարհները ևս մեկ անգամ էլ խաչվել են` վերստին ծնունդ տալով երգի:

Դեռևս 1928 թվականին Չարենցը գրել էր «Բալլադ գեղջկական» ստեղծագործությունը, որտեղ բանահյուսական տարրերի, ժողովրդական լեզվամտածողության և գեղարվեստական ոճավորման միջոցով արտահայտել էր այդ ժամանակաշրջանի տրամադրությունները: Եվ ահա տարիներ անց կոմպոզիտոր Խաչատրյանը որոշում է այդ ընդարձակ ստեղծագործության մի հատվածը վերածել երգի, ընդ որում իբրև անվանում է ընտրում չարենցյան բալլադի նախնական` «Նոր երգ» խորագիրը: Միանգամից նշենք, որ Արամ Խաչատրյանը երգի երաժշտության վերամշակման հեղինակն էր: Իսկ սկզբնաղբյուրի համար հիմք էր ծառայել հայտնի երգահան, խմբավար և մանկավարժ Միքայել Միրզոյանի կազմած «Նոր կենցաղային երգեր» ժողովածուում տեղ գտած մի ստեղծագործություն, որը հրատարակել էր Հայպետհրատը:

Չարենցի և Խաչատրյանի երգը առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվեց 1935 թվականին: Երգի համար ընտրվել էր Չարենցի բալլադի հետևյալ 18 տողերը.

— Սիրո՛ւն աղջիկ, ո՞ւմն ես սիրում աշխարհում
Սովետական էս մեր սիրուն աշխարհում:

— Քաղքից էկած էն տղին եմ ես սիրում,
Ճակատը բաց էն տղի՛ն եմ ես սիրում,
Աչքերը շող էն տղին եմ ես սիրում,
Մաշին քշող էն տղին եմ ես սիրում…

-Ընչի՛ համար դու չես սիրում էն տղին,
Բոյը սիրուն, բուսը սիրուն էն տղին,
Հոնքը կիտած, բեղը սրած էն տղին,
Գլխին սև-սև փափախ դրած էն տղին,
Մաուզերը կողքին կախած էն տղին,
Մեր հանդերից հեռու փախած էն տղին…

— Ընչի՛ սիրեմ բեղերը ցից էն տղին,
Հո՛ղը դնեմ սև ու անսիրտ էն տղին,
Ձեռքը տռուզ, խելքը տռուզ էն տղին,
Թալան տվող, լիրբ ու հարուստ էն տղին,
Մաուզերին ձեռքը դրած էն տղին,
Ըռանչպարի շիվան ու լաց էն տղին…

Շատ չանցած` Չարենցի խոսքերը թարգմանվեցին ռուսերեն: Ռուս բանաստեղծ ու թարգմանիչ Դմիտրի Ուսովը (1896-1943) գտավ  երաժշտության ու խոսքի համապատասխանության այն եզրը, որի միջոցով «Նոր երգը» կարող էր հնչել նաև օտար լեզվով: 1930-ականներին այս երգը նունպես լայն ճանաչում գտավ, իսկ դրա նոտաներն ու խոսքերը տպագրվեցին և տարածվեցին մշակութային ու կրթական հաստատություններում:

Հովիկ Չարխչյան

ՄԻ ԱՅՍՊԻՍԻ ՎԱՎԵՐԱԳԻՐ

28 Օգս

Եզակի ու շատ ինքնատիպ վավերագիր է: 1928 թ մայիսին Եղիշե Չարենցը, Մարտիրոս Սարյանն ու Ռոմանոս Մելիքյանը այցելում են Այղր լիճ՝ դիտելու այնտեղ ընթացող աշխատանքները: Եվ ահա հրաշալի եռյակը որոշում է արձանագրել այդ հիշարժան պահը: Չարենցը՝ խոսքերով, Սարյանը՝ մատիտանկարով, Մելիքյանը՝ նոտաներով: Արդյունքում ստացվում է մի այսպիսի խայտաբղետ պատկեր:

ՉԱՐԵՆՑ ԵՎ ԱՌՆՈ

26 Օգս

Հայրս մտերմություն էր անում Չարենցի հետ: Բանաստեղծը հաճախ էր մեզ այցի գալիս: Երաժշտական իմ անդրանիկ հաջողություններով հպարտ, ծնողս մի անգամ (1931-ին էր) պարծեցավ, թե տղան հորինել է պիոներական քայլերգ: «Հապա նվագիր»,- պահանջեց Չարենցը: Ես ինձ գցեցի դաշնամուրին: «Իսկ նոտաները կա՞ն,- հարցրեց Չարենցը,- մի բեր՝ տեսնեմ»: Եվ տիտղոսաթերթի լայնքով մեկ մակագրեց. «Տպագրել 1000 օրինակ, Եղիշե Չարենց»: Եվ, պատկերացրեք, տպվեցին: Դիմանկարով հանդերձ, տասնմեկը դեռ չբոլորած մարդու դիմանկարով…

Չարենցի բարությունը երեխաներս երբեմն չարաշահում էինք: Օրինակ, իմ տարեկից Արմենի հետ ունենում էինք մոտավորապես այսպիսի մի երկխոսություն. «Սովա՞ծ ես- ըհը- ես էլ: Գնում ենք քեռի Եղիշեի մոտ»: Եվ ահա գնում էինք: Այն ժամանակ Չարենցը մնում էր «Ինտուրիստ» հյուրանոցում (հիմա՝ «Երևան»), ուր իր համարը լրիվ պատած էր ճապոնական նուրբ պաստառներով և մեծ թվով Բուդդայի արձանիկներ կային: Պոետը կեսօրին էլ նստած էր լինում անկողնում և միշտ նույն կարեկցանքով հարցնում էր. «Հը, տղերք, հո քաղցա՞ծ չեք: Տեսեք խոհանոցում բան-ման չկա՞»: Եվ մենք առանց այլևայլության գցվում էինք համարի «խոհանոց» կոչվող թևը…

Առնո Բաբաջանյան

ԵՐԿՐԻԴ ՊԵՍ ՈՐԲ ՈՒ ՎԱՐԱՆՈՏ

24 Օգս

Չարենցը 1929 թվականին գրված մի բանաստեղծություն ունի, որն ավարտվում է հետևյալ տողերով.
Քայլիր, քայլիր քո ճանապարհով.
Դու ոչ Գյոթե ես, ոչ Վերհարեն-
Դու լոկ Չարե՛նց ես, միայն Չարենց՝
. . . . . . . . . ու վարանոտ ..
.

Գրող Խորեն Աճեմյանը՝ Գուրգեն Մահարու եղբայրը, իր հիշողություններում ահա թե ինչ է գրում չարենցյան բազմակետերի մասին.

«Միայն ընկերների նեղ շրջանակում էր նա բացատրում, թե ինչ են թաքցնում այդ կետերը.

— Երբ ես արդեն չեմ լինի, այդ ժամանակ դուք բացատրեք, որ ես չեմ կարողացել գրել՝ ինչ ցանկացել եմ, այդ իսկ պատճառով կետեր եմ դրել: Իսկ այդ տողն ամբողջական տեսքով պիտի լինի այսպես՝ «Երկրիդ պես որբ ու վարանոտ»:

ՔՆԱԾ ՉԱՐԵՆՑԸ

24 Օգս

Բացառիկ լուսանկար է: Անկողնում քնած Չարենցն է: Այս դրվագի մասին Ռուբեն Զարյանը հետևյալն է պատմում.

«…Չարենցը պառկած էր թախտին, ծխում էր, իսկ ես նստած կողքին՝ կարդում էի «Լիրի» տեսարաններից մեկը Մասեհյանի թարգմանությամբ: Սոնյակ մտավ իմ համալսարանական մի ընկերը, որ լուսանկարչությամբ էր զբաղվում՝ ընտանիքի նյութականը հոգալու համար: Չարենցն էր կանչել, որ իրեն ու երեխաներին նկարի: Չարենցը ձայն տվեց Իզաբելլային ու երեխաներին, որ պատրաստվեն, իսկ ինձ խնդրեց շարունակել կարդալ: Ընկերս լուսանկարչական ապարատը սկսեց պատրաստել: Նա արդեն կազմ ու պատրաստ էր գործի անցնելու, մեկ էլ տեսանք, որ Չարենցը քնել է՝ ծխախոտը բերանին: Ես տեղից վեր կացա և խնդրեցի ընկերոջս՝ լուսանկարել: Սկզբում չեմուչում արեց և, այնուամենայնիվ, լուսանկարեց…»:

%d bloggers like this: