Tag Archives: ԵԺԿ

Թե ինչպես փորեցին ԲՀԿ-ի տակը

11 Փտր

Եթե չլինեին հանրապետության ողջ տարածքում առատ ձյան ստեղծած հոգսերի մասին խոսակցությունները, ապա հաստատապես կարելի էր ասել, որ օրվա ամենամեծ պահանջարկ վայելող թեման պատմությունն էր այն մասին, թե ինչպես հերթական անգամ «Բարգավաճ Հայաստանի» գլխին «սարքեցին»: Խոսքն, անշուշտ, վերաբերում է Եվրոպային ժողովրդական կուսակցությունում (ԵԺԿ) հայաստանյան երեք քաղաքական ուժերի` «Ժառանգության», ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի դիտորդ անդամի կարգավիճակ ստանալուն և միևնույն ժամանակ այդ ցանկից ԲՀԿ-ին դուրս թողնելու սկանդալային միջադեպին:
ԵԺԿ –ն ամենախոշոր համաեվրոպական կուսակցությունն է, որը միավորում է քրիստոնեա-դեմոկրատական և պահպանողական ուղղություն ունեցող կուսակցություններին: Դրա մեջ ներառված են 72 կուսակցություններ՝ ԵՄ անդամ 26 երկրներից և ևս 13 երկրներից, որոնք չեն մտնում ԵՄ կազմի մեջ: Թե հայաստանցիներին հատկապես ինչու՞ էր անհրաժեշտ ամեն գնով ոտք դնել ԵԺԿ-ի շեմքից ներս, նույնիսկ իրենք դրա մասին կարգին չգիտեն: Համենայն դեպս, արդեն երկու օր նրանք փորձում են որևէ խելամիտ պատասխան գտնել ու ոչ մի կերպ այդ բանը չի հաջողում: Փոխարենը կարելի է անվերջ խոսել այն մասին, թե իրենցից յուրաքանչյուրն ինչպիսի արժանիքներ ուներ և հատկապես որ հատկանիշները հաշվի առան քաղաքակիրթ եվրոպացիները՝ հրավիրելով ընդհանուր սեղանի մոտ:
Բայց, միևնույն է, ողջ պատկերն անմիջապես աղճատվում է, երբ մեջտեղ է գալիս ԲՀԿ-ի ձախողումը և դրան նախորդած դեպքերը: Բանն այն է, որ մոտ մեկ շաբաթ առաջ սկսեցին լուրեր շրջանառվել, թե ԵԺԿ համագումարում, բացի ԲՀԿ-ից` հայաստանյան մյուս երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը, դառնալու են դիտորդ անդամ: Այս մասին ասվում էր չափազանց հաստատ տոնով ու նշվում, որ ԵԺԿ-ն մերժելու է միայն ԲՀԿ-ին, քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ է աշխատել, որ ԵԺԿ մարսելյան համաժողովում չհնչի ԲՀԿ-ի անունը: Վարչապետը նախապես ԵԺԿ-ին համոզել էր, որ «Բարգավաճի» ներկայությունը պատիվ չի բերի ժողովրդավար Արևմուտքին, քանի որ ԲՀԿ առաջնորդը սատարում Է Եվրոպայում բռնապետ համարվող Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին:
Պիտի ասեք՝ սա հերթական բամբասանքն է: Պիտի նաև կրկնեք այն միտքը, ինչը մեկ շաբաթ առաջ պնդում էին շատերը, թե իբր ԵԺԿ-ի նման լուրջ և հեղինակավոր կուսակցությունն իր որոշումները չի կայացնի կեղծ լուրերի ու ստահոդ ուղղորդումների հիման վրա: Սակայն կարո՞ղ եք նույն հետևողականությամբ բացատրել, թե ինչու եղավ հենց այնպես, ինչպես կանխատեսված էր: Էլ չենք ասում, որ այդ ընթացքում ԵԺԿ-ի կուսակցության անդամներից ոմանք եկան Հայաստան, հանդիպեցին բոլոր քաղաքական ուժերի հետ, ուսումնասիրեցին կատարած աշխատանքներն ու կենսագրությունները, գաղափարներն ու մոտեցումները և լուռ հետացան: Իսկ երեկ, սպասվածի պես,
ԲՀԿ -ի հայտը անգամ չքննարկվեց:
Եթե ինքներդ չեք ասելու, ապա «Բարգավաճ Հայաստանն» ունի եղածի բացատրությունը. ԵԺԿ-ի որոշումը գաղափարական չէր. «ԵԺԿ-ի որոշումը բացառապես քաղաքական էր, ես չեմ մեկնաբանի, թե ինչու ԲՀԿ-ին մերժեցին, դա թող ԵԺԿ-ի ղեկավարությունը ասի: Բայց ցանկանում եմ շեշտել, որ այդ որոշումը պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության ժողովրդավարական լինելու հանգամանքով»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ երբ իրենք ավելի վաղ հարցրել են, թե ինչու ԲՀԿ-ն մարսելյան համաժողովին հրավիրված չէ, նրանց պատասխանել են, որ վերջնական որոշումը փետրվարին է կայացվելու:
Որոշումը կայացվեց: ԲՀԿ-ին համոզվեց, որ իր տակը փորել են, և այդ փոսը բավականին խորն է ստացվել: Ու մինչ նա փոսի ներսում է, դրա եզրին կանգնածները շնորհավորանքներ են փոխանակում,
ՀՀԿ խմբակցությունից Գալուստ Սահակյանը հիշեցնում է, թե ԵԺԿ-ն պահպանողական գաղափարախոսության կրող է, այնտեղ ընդունում են պահպանողական կուսակցություններին և որ սրա արդյունքում մենք՝ հայաստանցիներս, ավելի լավ ենք ապրելու:
Գալուստ Սահակյանը իրավունք ունի իր բարեկեցությունը պայմանավորել ԵԺԿ-ում լինելով: Մենք՝ հազիվ թե: Իսկ եթե խոսենք դրա ավելի լուրջ հետևանքների մասին, ապա թերևս կարել է ենթադրել, որ նոր դիտորդական անդամակցությունը զսպաշապիկ կլինի իշխող կուսակցությունների համար և առաջիկա ընտրություններում նրանք ստիպված կլինեն ինչ-ինչ շտկումներ կատարել:
Գալով կողմնորոշումների հարցին՝ ճիշտ չի լինի ասել, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցելով՝ երեք քաղաքական խմբերը միանգամից արևմտամետ են դառնալու: Փոխարենը թող մխիթարվեն նրանով, որ դա նախընտրական շրջանում որպես PR օգտագործելու հարմար թեմա է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: