Tag Archives: Եդինայա Ռոսիա

Ռուսական բունտը և ցարի պատասխանը

7 Դկտ

Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների վերջնական պատկերը ներկայացավ այսպիսի արդյունքներով` իշխող «Եդինայա Ռոսիան» ստացավ ձայների 49,3 տոկոսը, Կոմկուսը` 19,2, Լիբերալ-դեմոկրատները` 12, «Սպրավեդլիվայա Ռոսիան»` 13,25 տոկոս քվե: Սակայն մյուս քաղաքական ուժերի ճակատագիրն ու նրանց ձեռքբերումները կամ կորուստները ակնհայտորեն քիչ են հետաքրքրում մարդկանց, փոխարենը բոլորի ուշադրությունը բևեռվել է այն փաստի վրա, որ «Եդինայա Ռոսիան» նախորդ՝ 2007 թվականի ընտրությունների համեմատ կորցրեց շուրջ 15 տոկոս կամ, որ նույնն է՝ մոտ 13 մլն ընտրողի: Նման շրջադարձն, ինչ խոսք, չի կարելի որակել այլ կերպ, քան որոշակիորեն անսպասելի: Սա նաև նշանակում է, որ «Եդինայա Ռոսիան» կորցնում է ոչ միայն սահմանադրական, այլև բացարձակ մեծամասնությունը, և ստիպված է լինելու ձգել գոտիները: Իսկ երբ ընդհանուր առմամբ հաղթանակ տարած կուսակցությունը սկսում է բացատրություններ փնտրել իր պարտության նմանվող հաղթանակի մասին, կնշանակի կացությունն իսկապես մտահոգիչ է: Օրինակ, նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, թե հարազատ թիմի ցածր արդյունքի մեղավորը տնտեսական ճգնաժամն է` դա գնահատելով որպես «ժողովրդավարությունը՝ գործողության մեջ»՝ չբացառելով «կոալիցիոն լուծումները»: Սակայն փորձագետներն ու իշխանության ընդդիմախոսները չեն կիսում այս հիմնավորումը: Նրանց կարծիքով արդյունքները պայմանավորվել են ոչ միայն ընդդիմադիր ընտրազանգվածի ակտիվացմամբ, այլև վատ կազմակերպված նախընտրական քարոզարշավով: Սրա հետ մեկտեղ հազարավոր մարդիկ պնդում են, որ քվեարկությունն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով, և բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով չեղյալ հայտարարել դրանք։ Որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ պատրաստվում են բողոքարկելու ընտրությունները, և հայտարարում են, թե «Եդինայա Ռոսիան» յուրացրել է ընտրողների 15 տոկոս ձայները, քանի որ իրականում ջախջախիչ պարտություն է կրել՝ հավելագրելով 12-15 տոկոսը: «Ընտրությունները բացարձակ հակաօրինական էին ինչպես իրավական, այնպես էլ բարոյա-էթիկական տեսանկյունից»,- ասում են նրանք:
Արտաքին աշխարհն իր հերթին սեփական եզրահանգումներն է հրապարակ բերում՝ հայտարարելով, թե ռուսական ընտրությունները ցույց տվեցին, որ Պուտինի կուսակցությունը կորցրել է բնակչության աջակցությունը ու այլևս երկրում չունի մեծ քաղաքական ազդեցություն: «Կրեմլն օգտագործել է ավտորիտար սցենարների գրեթե բոլոր տրյուկները, որպեսզի խեղդի այլակարծությունը և պաշտպանի Վլադիմիր Պուտինի ու նրա շրջապատի իշխանությունը: Սակայն ռուսաստանցիները անակնկալ են մատուցել ժամանակակից ցարին»,- գրել է The Wall Street Journal-ը:
Ռուսաստանի մշտական մրցակից ԱՄՆ-ն չէր կարող բաց թողնել նման հնարավորությունը՝ Մոսկվային չհայտնելու իր «լուրջ անհանգստության» մասին: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անմիջապես հանդես եկավ խախտումների մասին դիտողություններով, պահանջեց հետաքննել դրանք և ընտրությունները որակեց ոչ արդար, ոչ էլ ազատ: «Մենք նաև անհանգստացած ենք, որ ռուս դիտորդները ենթարկվել են հետապնդումների, իսկ կայքերը՝ կիբերհարձակումների»,-նշեց պետքարտուղարը: Իր հերթին ԵԱՀԿ-ն նախնական գնահատական հնչեցրեց՝ արձանագրելով, թե գրանցվել են լցոնումներ, ընտրացուցակների կեղծումներ ու մտահոգիչ այլ գործողություններ: Սա պիտի որ լրջորեն զայրացներ ռուսներին: Սակայն Մեդվեդևը բավականին մեղմ պատասխան տվեց արտասահմանցի գործիչներին` նշելով, որ «Ռուսաստանի քաղաքական համակարգը երկրի ներքին գործն է»: Անհամեմատ չոր էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նիկոլայ Կոնկինի արձագանքը, ով պետքարտուղարին խորհուրդ տվեց ուշադրությունն ուղղել ամերիկյան ընտրական համակարգի աղաղակող թերացումների վրա:
Բայց դրսի քննադատողների հետ վիճաբանելուց շատ ավելի կարևոր է հանդարտեցնել այն կրքերը, որոնք հասունանում ու ծավալվում են բուն Ռուսաստանում: Հատկապես Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ընտրություններից դժգոհ քաղաքացիները սկսեցին բողոքի զանգվածային ակցիաներ անցկացնել: Նախօրեին մեծ բազմություն էր հավաքվել Չիստիե Պրուդի տեղանքում, ովքեր նույնիսկ փորձ արեցին ներխուժել Կրեմլ: Իշխանությունն իր հերթին դիմեց ուժի գործադրմանը: Ներկա պահին հարյուրավոր ակտիվիստներ ձերբակալվել են, դրանց թվում կան կուսակցությունների առաջնորդներ, իրավապաշտպաններ, լրագրողներ: Իսկ հետո սկսվեցին մտահոգիչ հաղորդագրություններ տարածվել այն մասին, որ քաղաքը բառացիորեն օկուպացվել է զորքերի կողմից: «Մոսկվա զորքեր են շարժվում», «Այսպիսի բան չեմ տեսել 1993 թվականից ի վեր»,- նման գրառումներ հայտնվեցին բլոգերում, որոնք ուղեկցվում էին Ներքին զորքերի բեռնատարների լուսանկարներով: ՆԳՆ մամուլի ծառայությունից շատապեցին հայտնել, թե տեղաշարժերը կապված են ծառայության ուժեղացված ռեժիմի հետ, որ սկսվել է «լռության օրվանից» ու պետք է ավարտվի ձայների վերջնական հաշվարկից հետո: Իրավապահները նաև հաղորդում էին, որ Մոսկվայում զորքերի թիվը չի ավելանալու, ուղղակի ընթանում է անձնակազմի պլանային փոխարինում, բայց դրա հետ մեկտեղ ուժայինները նախազգուշացնում էին, որ ամենայն խստությամբ ցրելու են չարտոնված բոլոր ցույցերը։
Ռուսական բունտի կարոտախտը ոմանց մոտ հույսեր է արթնացնում հնարավոր ցնցումների ու վայրիվերումների հեռանկարի մասին: Փողոցներում դեռևս անհանգստություն կա, որը շարունակություն է խոտանում: Սակայն իշխանությունները ցայտնոտային կացության մեջ չեն և դեռ փորձում են սթափ գնահատել իրավիճակը: Նրանք ասում են, որ իրենց ձախողումն ու անկումը բնական կարելի էր համարել, քանի որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է կրում պատասխանատվությունը երկրում տեղի ունեցող բոլոր զարգացումների համար։ «Պետական Դումայում տեղի կունենա էական թարմացում։ Հաջորդ տարվա նախագահական ընտրություններից հետո կձևավորվի նոր կառավարություն, և այնտեղ էլ կլինեն լուրջ փոփոխություններ»,- խստանում է վարչապետ Պուտինը։ Ընդդիմությունն իր հերթին այս ընթացքում փաստել է, որ ռուսաստանյան քաղաքական կյանքում էական շարժ է տեղի ունեցել. եթե առաջներում համարվում էր, որ Պուտինը հավերժ է, իսկ «Եդինայա Ռոսիան» դեռ երկար ժամանակով կիշխի, ապա հիմա դա այդպես չէ: Բայց սրանով հանդերձ ընդդիմությունը նաև հասկանում է, որ հազիվ թե իրեն հաջողվի ձեռք բերել լուրջ հաղթանակներ ու փոփոխություններ: Բանն այն է, որ «Եդինայա Ռոսիան» թեպետ հարաբերական պարտություն կրեց, սակայն հակամարտ դաշտում գտնվողները չեն կարողացել ներկայացնել հակակշիռ ուժ և ձևավորել որոշակի պահանջներ: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանում այնպիսի միասնական ընդդիմադիր շարժում, որն ի վիճակի կլինի պայքարի մեջ մտնել, ներկա պահին չկա։ Հենց այդ անորոշության ու անհավասար ուժերի պայմաններում էլ իշխող կուսակցությունն իրեն շարունակում է նախկինի պես ինքնավստահ զգալ: Եվ նույնիսկ այսօրվա լարվածության, փողոցային խժդժությունների, քաղաքական ակտիվության պայմաններում շատերն են խոստովանում, որ իրատեսական չէ առաջիկայում սպասել ընտրված կուրսի լուրջ փոփոխություն: Իսկ իշխանական բուրգը, որ վերջնականապես կամբողջացվի մարտին՝ նախագահի ընտրությամբ, հազիվ թե շեղվի իր նախանշած սցենարից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Պուտինի վերադարձը- 2

30 Նյմ

Օրերս «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը միաձայն որոշեց Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում առաջադրել որպես թեկնածու: Ռուսաստանը նախագահ կընտրի 2012-ի մարտի 4-ին, իսկ հինգ օրից այդ երկրում կմեկնարկեն խորհրդարանական ընտրությունները: Եվ այժմ խոսել նոր ժամանակների Ռուսաստանի մասին՝ դա պայմանավորելով մեկ անձի ընտրությամբ, գուցե թե այնքան էլ տեղին ու իրատեսական չդիտվեր, եթե այդ անձը Պուտինը չլիներ՝ մարդ, ով արդեն 12 տարի կառավարում է գերտերություններից մեկի ղեկը՝ դրանով իսկ իր անհատական ազդեցությունն ունենալով համաշխարհային գլոբալ զարգացումների ու գործընթացների վրա: «Ժամանակակից Ռուսաստանում Պուտինն ամենահայտնի, ամենափորձառու ու հաջողակ քաղաքական գործիչն է», -հայտարարեց նախագահ Դմիտրի Մեդվեդևը` մեկնաբանելով Պուտինի` նախագահական ընտրություններում առաջադրվելու փաստը: Իսկ հետո դիտորդները պիտի մի հետաքրքիր «մանրուք» նկատեին՝ կատարված զուտ պուտինյան ոճով։ Վլադիմիր Վլադիմիրիչն իր ելույթում ոչ մի անգամ չասաց այն մասին, թե Մեդվեդևը ապագա վարչապետն է։ Ավելին, նա ընդհանրապես չխոսել Ռուսաստանի գործող նախագահի վաստակի ու ձեռքբերումների մասին։
Սա, իհարկե, չի նշանակում, թե Պուտինը տառապում է սեփական դերի գերագնահատմամբ: Սակայն սա նաև չի նշանակում, թե մոտ ժամանակներս նրա միանգամայն հնարավոր վերադարձը էական որևէ փոփոխություն չի բերելու ռուսների և մյուսների համար: Այլ խնդիր է, թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները և որքանով դրանք նախընտրելի կլինեն քաղաքացիների համար: Ահա այս կետում է, որ տարակարծությունները ոչ միայն առկա են, այլև խիստ ընդգծված: Կարծիքներ ձևավորելու համար առայժմ մարդկիկ հիմք են ընդունում ինչպես Պուտինի երկարամյա գործունեությունը, այնպես էլ նրա վերջին ելույթները: Իսկ դրանք արդեն իսկ զանազան մեկնաբանությունների տեղիք են տվել։ Նախ, շատերը նկատեցին, որ ապագա նախագահի խոսքը, մտքերը, անգամ ոճն ու ժեստերը կարծես տարիների վաղեմություն ունեցող նախընտրական ելույթի կրկնողությունը լինեին։ Բացի այդ, տարակուսանք հարուցեց այն հանգամանքը, որ Պուտինի ելույթներում չի առաջադրվում ապագա 6 տարիների գործողությունների հստակ ծրագիրը։ Օրինակ, ոմանք անկեղծորեն զարմացան, որ նա տնտեսության մասին խոսելիս այդպես էլ ոչ մի անգամ չօգտագործեց «մոդեռնիզացիա» կամ «ինովացիա» բառերը։ Փոխարենը Պուտինը ռուսներին խոստացավ կայունություն, և այդ բառը նա կրկնեց բազմաթիվ անգամներ: Ըստ Պուտինի, Ռուսաստանը «կայուն քաղաքական համակարգի» կարիք ունի, ինչն այդ երկրի համար կերաշխավորի դարեր շարունակ ունեցած «կայուն զարգացումը»: Սակայն հիշատակված մտքերի շարքում դեռևս գլխավորը մնում է նրա խոստումն այն մասին, որ հետամուտ է լինելու Եվրասիայի Միություն ձևավորելու իր ծրագրի իրականացմանը, որպեսզի խթանի ինտեգրումը Ռուսաստանի և հարևան երկրների միջև` վերականգնելով Խորհրդային Միության՝ 20 տարի առաջ ընդհատված կապերը:
Բացառված չէ, որ Պուտինն այս նոր գաղափարը ոչ միայն համարում է իր գլխավոր խաղաքարը առաջիկա ընտրություններում, այլև, ինչպես ասում են, իր «կյանքի գործը»: Այս տարվա հոկտեմբերի 3-ին «Իզվեստիա» օրաթերթում իր հեղինակած «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որ ծնվում է այսօր» վերնագրով հոդվածում ներկայացնելով Եվրասիական Միություն ստեղծելու մասին սեփական պատկերացումները, նա առանց այլևայլության նշեց, որ դա պիտի լինի «վերպետական հզոր միավորում, որն ի զորու է դառնալ ժամանակակից աշխարհի բևեռներից մեկը»: Իսկ այսպիսի ծրագիրը չէր կարող մտավախություններ չառաջացնել բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե Պուտինն այս կերպ փորձում է ԱՊՀ հիմքի վրա Խորհրդային Միության պես նոր միավոր ստեղծել: Ասենք, Պուտինը բոլորովին էլ չի թաքցնում իր հեռուն գնացող ծրագրերը: Այդ առումով բավական է հիշատակել վերջերս նրա արած այն հայտարարությունը, թե ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունն էր: Իսկ նման անկեղծ խոստովանությունը դրսում կարող էր ընկալվել միայն մեկ իմաստով. Ռուսաստանում գլուխ են բարձրացնում կայսերապետական նկրտումները: Եվրոպացիներն անմիջապես հաշվեցին ու տեղեկացրեցին բոլորին՝ Պուտինը կարող է երկու անգամ անընդմեջ ստանձնել նախագահի պաշտոնը, ինչը նշանակում է, որ նա կարող է իշխանության ղեկին մնալ մինչև 2024 թվականը, երբ արդեն կդառնա 72 տարեկան ու կլինի Կրեմլի ամենաերկարակյաց առաջնորդը Ստալինից հետո: Ամերիկացիների տագնապները կիսեց նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ ասելով, թե Պուտինը ժողովրդավարության սկզբունքները ծաղրի առարկա է դարձրել և Կրեմլ վերադառնալուն պես կուժեղացնի ընդդիմության նկատմամբ ճնշումները, էլ ավելի կկենտրոնացնի իշխանությունը, իսկ նման զարգացումները կարող են խանգարել Ռուսաստանի ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը: Guradian պարբերականն իր հերթին տեղի ունեցածը որակեց որպես «անհատի նեոխորհրդային պաշտամունք»: «Պուտինը հրապարակային էֆեկտիվ հայտնություններից անցավ համընդհանուր խոնարհման, ինչը կոչված է ցույց տալու, որ իրենից բացի ոչ ոք ի վիճակի չէ կառավարել Ռուսաստանը»:
Ի՞նչն է Արևմուտքին այդպես մտահոգություն պատճառում: Գուցե ա՞յն, որ Պուտինը խստորեն զգուշացրել է նրանց՝ չմիջամտել Ռուսաստանի ընտրություններին: Բավական է միայն հիշել, թե ինչ ասաց նա՝ խոսելով ռուսական որոշ կուսակցությունների` արևմտյան պետությունների կողմից աջակցություն ստանալու մասին ու քննադատելով վերջիններիս ֆինանսավորելու համար: «Անօգուտ գործ է: Ինչպես ժողովուրդն է ասում, փողը քամուն են տալիս: Չի ստացվի, որովհետև Հուդան Ռուսաստանում ամենաժողովրդական կերպարը չէ: Ավելի լավ է` իրենց արտաքին պարտքը մարեն»,- իրեն հատուկ թունալի հեգնանքով նշեց Պուտինը: Ապա գալով ներքին ընդդիմությանը՝ նա կոչ արեց չապակայունացնել երկիրը՝ ասելով, թե իշխող կուսակցությունը միշտ ակնակալում է, որ ընդդիմությանը պետք է իրեն խաղաղ պահի և նավակը չճոճի: «Մենք դեռ առջևում շատ անորոշություններ և ռիսկեր ունենք, սակայն փոթորկի, ցնցումների, ճգնաժամերի ժամանակ շատ կարևոր է, որ ամբողջ թիմը սահուն աշխատի, որպեսզի նավակը իսկապես չշրժվի»,-իր պահանջը հիմնավորեց Պուտինը:
Համաձայն հասարակական կարծիքի հարցման վերջին արդյունքների՝ Վլադիմիր Պուտինի կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող է ստանալ ձայների 53 տոկոսը: Առաջին հայացքից սա նշանակում է՝ լինել մեծամասնություն: Սակայն այն ունի երկու մեծ ու կարևոր նահանջի նախանշան: Առաջինն այն է, որ Պուտինի անհատական վարկանիշը ժամանակին կազմում էր շուրջ 70 տոկոս: Բացի դա, սա էական անկում է «Եդինայա Ռոսիա»-ի համար, քանի որ արդյունքում հնարավոր չէ ապահովել այնքան ցանկալի ձայների 2/3-ը, ինչը թույլ կտար անհրաժեշտության դեպքում փոփոխել Սահմանադրությունը՝ առանց մյուս երեք ազդեցիկ կուսակցությունների աջակցության: Բայց ռուսները հակված են կարծելու, որ ապագա նախագահը այս ջրից էլ չոր դուրս կգա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Պուտինն ու մենք

28 Սպտ

Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարում օրերս հնչած այն հայտարարությունը, որ վարչապետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի 2012 թվականի նախագահական ընտրություններում, իսկ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևը կստանձնի վարչապետի պաշտոնը, աշխարհն արդեն ընկալում է ոչ թե իբրև սպասվելիք ընտրությունների արդյունքների հնարավոր տարբերակ, այլ կատարված փաստ: Եվ հենց այդ մտայնությունից էլ բխում են բոլոր կարգի ենթադրություններն ու կռահումները՝ կապված ռուսական քաղաքականության փոփոխությունների ու վերադասավորումների հետ: Ամեն պարագայում, պետք է նկատել, որ գլխավոր ներքաղաքական ինտրիգը լուծվել է, «ժողովրդավար» Մեդվեդևը պարտվել է «ավտորիտար» Պուտինին, և Ռուսաստանում վերադառնում է պուտինյան դարաշրջանը: Միայն թե որքանո՞վ է խելամիտ պնդել, թե անհատներն են, որ վճռորոշ դեր են խաղում քաղաքականությունության մեջ, և նրանց փոխատեղումները կարող են էական ազդեցություն թողնել ոչ միայն միջպետական հարաբերությունների այլև ամբողջական տարածաշրջանների գործընթացների վրա, դա խնդրի մյուս երեսն է: Բնականաբար, խոսքն առաջին հերթին մեր գոտու մասին է, և համոզմունքը, թե Պուտինի վերադարձով Ռուսաստանը կակտիվացնի իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, այդ թվում նաև` Հայաստանի հետ հարաբերություններում, նախ և առաջ ծանրակշիռ հիմնավորում է պահանջում: Առայժմ վերլուծաբաններն իրենց վարկածները խարսխում են այն տպավորության վրա, թե Պուտինը ավելի պրագմատիկ մոտեցում ուներ մեր տարածաշրջանի խնդիրներին, քան Մեդվեդևը, այդ իսկ պատճառով էլ նրա նախագահության օրոք Ռուսաստանը կկոշտացնի իր դիրքորոշումը Անդրկովկասում:
Կովկասյան երկրներն ու մերձավոր հարևաններն էլ իրենց հերթին են շտապում գնահատել նոր իրողությունները՝ մի դեպքում հանդես բերելով ընդգծված զսպվածություն և չշտապելով առաջ ընկնել ժամանակից, մեկ այլ դեպքում խախտելով ամեն կարգի պայմանականություն և արտահայտելով մտքեր, որոնք որևէ ընդհանում բան չունեն ռեալ կացության հետ: Այս իմաստով դեռևս ամենասակավախոսը թուրքերն են, որոնք բավարարվեցին սոսկ այն ենթադրությամբ, թե իշխանության փոխանցման ռուսական տարբերակը կարելի է կիրառել նաև իրենց մոտ՝ նախագահ Աբդուլահ Գյուլի ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեպքում: Վրացիներն, ընդհակառակը, ցավով արձագանքեցին կատարվածին, թեև այդ հեռանկարը նրանց համար կանխատեսելի էր: Ամեն դեպքում, Թբիլիսին հարկ համարեց նշել, որ լավատեսության համար հիմքեր չի տեսնում ու համոզված է, որ հետայսու կպահպանվի բացասական անձնավորված վերաբերմունքը Սահակաշվիլու կառավարության նկատմամբ: Իսկ ահա Բաքվում անմիջապես հանգեցին այն տեսակետին, թե Պուտինի վերադարձով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է լիովին փոխվել: Ադրբեջանցիների կարծիքով, Ռուսաստանի ներկայիս նախագահը ավելի շատ է շահագրգռված հակամարտության կարգավորմամբ, քան Պուտինը: Այսինքն` զգացվում է, որ Մեդվեդևը ավելի լավատես է այդ հարցում, իսկ Պուտինը՝ հոռետես ու ներկայիս ստատուս քվոյի պահպանման կողմնակից: Ամեն դեպքում սա հազիվ թե խանգարի Ադրբեջնին՝ շարունակել իր բալանսավորված քաղաքականությունը վարելու փորձերը Արևմուտքի և Ռուսաստանի միջև, իսկ ՌԴ-ին էլ դիտել Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդ:
Գալով Հայաստանին, թերևս հիմքեր ունենք այն տեսակետը հայտնելու, որ Ռուսաստանում իշխանական համակարգի կամ լիդերների փոփոխության հետևանքով մեր երկրի հանդեպ վերաբերմունքի էական փոփոխություններ չեն դիտվի: Երևանում այժմ շատերն են գտնում, որ գոյություն ունեցող մտայնությունն այն մասին, թե ռուս առաջնորդներից մեկն ավելի արևմտամետ է, քան մյուսը, և որ դա ինչ-որ կերպ արտացոլվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի վրա, ոչ այլ ինչ է, քան հորինվածք: Բայց սա դեռ չի կարող նշանակել, թե ընդհանրապես պետք չէ որևէ փոփոխության սպասել: Սա նաև չի կարող նշանակել, թե Երևան-Մոսկվա հարաբերություններում չեն գծագրվելու նոր նրբերանգներ: Այլ խնդիր է, թե հատկապես որ դաշտում դրանք կդրսևորվեն:
Որքան էլ զարմանալի էր, բայց Հայաստանում առաջին հերթին սկսեցին խոսել այն մասն, թե Պուտինի թեկնածության առաջադրումը ոչ միայն կփոխի Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության վրա, այլև կավելացնի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի շանսերը: Այդ թեզի կողմնակիցները այն տպավորությունն ունեին, որ Քոչարյանը ավանդաբար համարվել է պուտինյան ոճի գործիչ և, բացի դա, վերջին շրջանում Քոչարյանի ու նրա շրջապատի ակտիվացումը նրանց իրավունք էր տալիս այդպես ենթադրելու: Սակայն վարկածի հեղինակները շրջանցել էին մի կարևոր հանգամանք, ինչն էապես կփոխեր նրանց ենթադրությունների ուղեծիրը: Բանն այն է, որ Վլադիմիր Պուտինը չի վերադառնում քաղաքականություն, քանի որ իրականում նա չէր էլ հեռացել ու իր ազդեցությունը միշտ էլ պահպանել էր Ռուսաստանում: Իսկ ահա Քոչարյանի մասին նույն բանն ասել չի կարելի: Այս իմաստով որևէ կապ կամ ընդհանրություն Ռուսաստանի ու Հայաստանի նախընտրական գործընթացների մեջ չկա: Էլ չենք ասում, որ հնարավորությունը, թե Պուտինը կաջակցի Քոչարյանին, միֆական ժանրից է:
Իսկ եթե անհատների թեմայից անցում կատարենք ավելի ծավալուն և կարևոր հիմնախնդիրների, ապա հենց ռուսական քաղաքական շրջանակներում քիչ չեն նրանք, ովքեր կարծում են, որ Պուտինի վերադարձը Կրեմլ ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի քաղաքականությունը կդարձնի իրականությանը ավելի մոտ: Սա չի նշանակում, թե այն անմիջապես կլուծվի: Բայց ենթադրում է դրական տեղաշարժեր: Պատահական չէ, որ հատկապես հիմա վերլուծաբանները վերհիշեցին, թե ինչպես էր ժամանակին Պուտինը հայտարարում, որ պետք չէ Ղարաբաղի հարցը կապել Հայաստան-Թուրքիա հարաբերություների հետ: Վերհիշեցին նաև այն մասին, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևի շրջապատում քիչ չեն ադրբեջանամետ խորհրդականները, ովքեր փորձում են օգտագործել իրենց ազդեցությունը Կրեմլում՝ նյութականացնելով այդ կողմնակալությունը: Ինչ վերաբերում է Պուտինի գործելաոճին և նրա կողմից ձեռնարկվելիք հնարավոր քայլերին, ապա կարծիք կա, որ նրա վերադարձով նախկին ստատուս-քվոն կվերականգնվի, ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա ճնշումը կաճի` նոր պատերազմ չսանձազերծելու մտադրությամբ, իսկ ընդհանուր առմամբ Ռուսաստանը կփորձի սառեցնել գործընթացը:
Այս ենթադրությունները հաստատելու կամ մերժելու համար դեռ բավականին ժամանակ կա: Իսկ մինչ այդ լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, թե այս տարվա նոյեմբերին հնարավոր է Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը Հայաստան: Ասվում է, որ նրա այցը պայմանավորված կլինի հայ-ռուսական ռազմավարական նոր փաստաթղթի ստորագրմամբ, որը վերաբերում է Հայաստանի էներգահամակարգին: Մեզ մնում է միայն կռահել, որ երևանյան շփումներն ու զրույցները բացառապես տնտեսական խնդիրներին չեն առնչվելու:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: