Tag Archives: ԵԱՀԿ

Մեծ հույսեր և ոչ մի նախադրյալ

6 Դկտ

Այսօր Վիլնյուսում իր աշխատանքներն է սկսում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների Խորհրդի 18-րդ նիստը: Նիստին մասնակցելու համար Լիտվա են ժամանել միջազգային կազմակերպությունների ու ԱԳ նախարարությունների 415 ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալու ԵԱՀԿ 56, Հյուսիսային Աֆրիկայի 12 և մի շարք ասիական երկրների անունից: Ներկա կլինի նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Նախաձեռնողներն ակնկալում են, որ երկօրյա քննարկումների ընթացքում հնարավորություն կընձեռվի վեր հանել ԵԱՀԿ տարածաշրջանի երկրների անվտանգության անհետաձգելի խնդիրները, մատնանշել այն տեղաշարժերը, որոնք արձանագրվել են, և ըստ այդմ հստակ սահմանել ԵԱՀԿ-ի ապագան: Սա, իհարկե, փոքր-ինչ վերամբարձ պահանջ-ցանկություն է՝ հեռու այն ընդհանուր վիճակից, որն առկա է: Բայց և այնպես դա չի խանգարի, որպեսզի այլևայլ խնդիրների թվում մասնակիցները կարևոր որոշումներ ընդունեն նաև նոր մեդիաների, լրագրողների անվտանգության և էներգանվտանգության, կիբերսպառնալիքների և թմրամիջոցների տարածման դեմ պայքարի, ռազմական և անվտանգության ոլորտներում վստահության ամրապնդման ուղղությամբ միջոցների ձեռնարկման հարցերի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանն ու ակնկալիքներին, ապա այստեղ ամեն բան չէ, որ լիովին տեսանելի է ու կռահելի: Խոսքն առաջին հերթին վերաբերում է օրեր առաջ հրապարակված այն տեղեկություններին, համաձայն որոնց Վիլնյուսում ծրագրված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ադրբեջանական աղբյուրները պնդում էին նաև, թե այդ հանդիպմանը մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այսինքն՝ վիլնյուսյան հանդիպումը կարող է անցկացվել 3+2 ձևաչափով: Նման հավաստիացումներին որոշակի արժանահավատություն էին հաղորդել ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի այն խոսքերը, թե իրենք մեծ հույսեր ունեն՝ կապված վիլնյուսյան հանդիպման հետ: «Մենք հուսով ենք, որ հակամարտող կողմերը կօգտվեն այս ամիս Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստից և կընդունեն հակամարտության խաղաղ կարգավորման ու ստատուս քվոյի շրջանակներից դուրս գալու կարևորությունը, որի պահպանումն անթույլատրելի է։ Մենք այդ հանդիպման հետ մեծ հույսեր ենք կապում»,–ասել էր նա։
Այն, որ միջնորդ երկրներն իսկապես ցանկանում են որոշակի տեղաշարժ ու փոփոխություն արձանագրել այս հավաքի ընթացքում, դա արդեն պարզ էր օրեր առաջ, երբ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացրեցին իրենց տարեկան զեկույցը։ Ճիշտ է, այս զեկույցը գրեթե ոչնչով չէր տարբերվում մինչ այդ նրանց կողմից հրապարակված մյուս հայտարարություններից, և այստեղ էլ թվարկվում էր, թե քանի անգամ են այցելել տարածաշրջան, քանի բարձր մակարդակի հանդիպում է եղել, երբ են նորից այցելելու ու ինչ ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար, սակայն դրանցով հանդերձ համանախագահները կրկին շեշտել էին, որ «խնդիրը ռազմական լուծում չունի, և որ կողմերի քաղաքական կամքը խիստ կարևոր է դժվար որոշումներ կայացնելու գործում` անընդունելի ստատուս-քվոն փոփոխելու ու խաղաղության հասնելու համար»: Հասկանալի է, որ այս բոլորն ասված էր՝ հղում անելով սպասվելիք հանդիպմանը:
Միայն թե հանդիպման հեռանկարն, ինչպես ասում են, սոսկ օդի մեջ սավառնող ակնկալիք է: Մինչ այս պահը Հայաստանի ԱԳՆ-ն ընդամենը հաստատել է նիստի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ծրագրված առանձնազրույցի փաստը: Գալով ադրբեջանցիների հետ շփումներին, պաշտոնական Երևանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է դրա հնարավորությունը: Այստեղ ավելորդ չէ հիշեցնել, որ վերջին երեք տարվա ընթացքում ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները միշտ էլ օգտագործել են առիթը՝ տեսակցելու և քննարկելու առաջնային կարևորություն ներկայացնող խնդիրները: Սակայն այժմ իրավիճակը կարծես թե այլ է: Հատկապես վերջին շրջանի լարվածությունը, շփման գծում սաստկացող կրակոցները և երկուստեք կրած կորուստները կասկածի տակ են դնում երկխոսելու բոլոր հնարավորությունները՝ դրանք հանձնելով անորոշ ժամանակի և անորոշ առիթի պատեհությանը: Տվյալ իրավիճակից դատարկ ձեռքերով դուրս չգալու համար ԵԱՀԿ-ն ունի մի պահուստային տարբերակ: Մեծ է հավանականությունը, որ նախարարական հանդիպման շրջանակներում որևէ հայտարարություն կընդունվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Սակայն սպասել, թե Վիլնյուսում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ մի առանձին փաստաթուղթ կստորագրեն, դա արդեն չափազանց է:
Ահա այս մտահոգություններով ու անորոշությամբ էր շաղախված նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի միտքը, ով պարզապես խուսափեց որևէ մեկնաբանություն անել, երբ նրան հարց տվեցին դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի շրջանակներում Ղարաբաղին առնչվող հանդիպումների վերաբերյալ: «Չէի ցանկանա խոսել այն մասին, թե ինչպիսի հանդիպումներ կլինեն, հատկապես այդ խնդրի առնչությամբ»,- պատասխանեց նախարարը՝ այդպիսով շրջանցելով ամենացավոտ հարցերից մեկը:
Սա թերևս այն դեպքերից է, երբ հակամարտող երկրների կողմից կամք ու վճռականություն դրսևորելու մասին հորդորները պարզապես անիմաստ են: Նույնիսկ ամենավճռական կամքի համար հիմքեր են անհրաժեշտ: Մինչդեռ ներկա պարագայում ոչ միայն դրանք բացակայում են, այլև դրան պատրաստ չեն ոչ Երևանը, ոչ Բաքուն, ոչ էլ միջնորդները: Ի դեպ, բոլորովին վերջերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հանդես եկավ մի հայտարարությամբ, որն անուղղակիորեն հաստատում էր դա: Բրայզան ասաց, թե ԼՂ հարցի կարգավորումը պետք է ընթանա քաղաքացիական հասարակության ներգրավումով: Իսկ սա, ըստ վերլուծաբանների, այլ բան չի նշանակում, քան խոստովանություն այն մասին, որ Ղարաբաղյան կարգավորումը մի ամբողջ պտույտ է կատարել, և այժմ գործընթացը կրկին սկսվում է այն կետից, ինչից տարիներ առաջ սկսվել է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ինչու՞ եկան, ինչու՞ գնացին…

13 Ապր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունները մեր տարածաշրջան վաղուց այլևս իրադարձություն չեն: Երբ տեսանելի չէ արդյունքը, շատ դժվար է համոզել հանրությանը դրանց կարևորության իմաստը: Այնպես որ, այս անգամ էլ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ներկայությունը Երևանում կարող էր աննկատ մնալ, եթե չլիներ անսովոր մի հանգամանք: Բանն այն է, որ ժամանումից առաջ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել էր այն մասին, որ համանախագահների այցի նպատակն է շարունակել քննարկումները հիմնարար սկզբունքների շուրջ` հենվելով Սոչիի հանդիպման դրական առաջընթացի վրա: Սակայն թե նախագահի մոտ, թե արտգործնախարարությունում կայացած հանդիպումների ժամանակ էական ոչինչ չասվեց բուն բանակցային գործընթացի, առավել ևս` հիմնարար սկզբունքների առումով: Նույն էր փաստում նաև ԱԳ նախարարության տարածած տեղեկատվությունը` վկայելով, որ զրույցները բացառապես ընթացել էին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրված զինանդադարի խախտումների և դրանց վերահսկողության մասին: Սրանից զատ հայկական կողմը միջնորդների ուշադրությունն էր հրավիրել անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի` Ադրբեջանի կողմից աղավաղման ու այդ փաստաթուղթն իբրև սեփական ռազմատենչ հռետորաբանությունն արդարացնող միջոց ծառայեցնելու փորձերի վրա: ԱԳ նախարար Է. Նալբանդյանն այս առիթով ասել էր, որ «Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլև բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա»:
Ստացվում էր այնպես, որ համանախագահներն այցելության որևէ հստակ ծրագիր չունեին, կամ կարելի է ասել` նրանց այցն ավելի ընդհանրական էր և խնդրի կարգավորման ուղղությամբ նոր գաղափարների քննարկման նպատակ չկար: Դատարկ ձեռքերով Կովկաս ժամանած միջնորդներին այլ բան չէր մնում անել, քան հայտարարել, որ տեղում իրենք քննարկել են Սոչիի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմներին, նաև արծարծել առաջիկայում արտգործնախարարների կայանալիք հանդիպումների թեման: Իսկ սա կարող է ներկա պահին նշանակել միայն մի բան. գլխավոր թեման իր տեղը զիջել է առանձին վերցրած մեկ խնդրի և այդ խնդիրն է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն անցկացնելու պարտավորությունների կատարումը: Սա իր հերթին պիտի նշանակի, որ ներկա իրավիճակում միանգամայն անիմաստ է խոսել կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելու մասին, և ամենաառաջնայինն այժմ հակամարտության գոտում խաղաղության պահպանումն է, որը յուրաքանչյուր պահի պատրաստ է դուրս գալ վերահսկողությունից:
Երեկ երեկոյան համանախագահներն արդեն Ստեփանակերտում էին, որտեղ հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Դռնփակ զրույցի ավարտից հետո լրագրողներին տեղեկացվեց, որ միջնորդներն այս անգամ ճեպազրույց չեն ունենա: Իսկ այսօր, հատելով շփման գիծը, նրանք մեկնելու են Բաքու: Ադրբեջանում վերջիններիս շատ ավելի դժվարին երկխոսություն է սպասվում: Հեշտ չէ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին համոզել մի երկրի նախագահի, ով օրերս ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերով փաստացի կոչ արեց միջազգային հանրությանը ռմբահարել Լեռնային Ղարաբաղն ու անվտանգության գոտին` համաձայն լիբիական սցենարի: Իսկ ընդհանուր առմամբ վերջին շրջանում ադրբեջանական քաղաքական վերնախավում նկատելի է մի տենդենց, որի համար հիմք են ծառայում կարծիքներն այն մասին, թե աճել է եվրոպական կառույցների հետաքրքրությունը ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ: Սրա հետ մեկտեղ Բաքվում նաև մտածում են, թե չպետք է հույս դնել այն բանի վրա, որ ղարաբաղյան հարցում եվրոպական կառույցները կաջակցեն Ադրբեջանին: «Գերտերությունները ցայժմ երկակի, երբեմն նաև եռակի ստանդարտներ են կիրառում: Եվրոպական կառույցների հետ աշխատանքներ են տանում ոչ միայն Բաքուն, այլև` Թբիլիսին և Երևանը»,- ասում են ադրբեջանցիները և անմիջապես հավելում, որ Եվրոպան մտադիր է զբաղվել ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, այլ դրա վրա վերահսկման բանալիների հայտնաբերման փնտրտուքով, քանի որ Արևմուտքը երկրագնդի «թեժ կետերի» նկատմամբ համակարգային մոտեցման կարիք է զգում:
Այստեղ ավելորդ չէ վերհիշել օրեր առաջ գերմանական Frankfurter Rundschau թերթում հրապարակված «Կովկասում պատերազմի վտանգի առաջացումը» խորագրով հոդվածը, ուր նշված էր, թե միջազգային հանրությունը և, որ առավել կարևոր է, ԵՄ-ը Ղարաբաղի հարցում մի կողմ են քաշվել, քանի որ պատերազմի հրձիգ Ադրբեջանն իրենց համար կարևոր գործընկեր է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա նավթի մատակարարման և Nabucco նախագծի իրականացման հարցում:
Թերևս երկու տեսակետներն էլ զուրկ չեն իրատեսության ատաղձից: Չի կարելի ժխտել, որ Եվրոպային առավելապես մտահոգում է տարածաշրջանում պատերազմի վերսկսման հավանականությունը: Սակայն նույն Եվրոպան նաև գիտակցում է, որ ներկա պահին անցանկալի հետևանքները կասեցնելու համար նա Հարավային Կովկասի տարածաշրջանում բավարարար լծակներ չունի: Եվ այս տեսանկյունից համանախագահների հաճախակի դարձած այցելությունները մի տեսակ նպատակ են հետապնդում ինչ-որ կերպ լրացնելու այդ բացը, թեև հազիվ թե դրանք հաջողությամբ պսակվեն: Սահմանային գոտուց ստացվող վերջին ամփոփագրերը լավատեսության համար հիմքեր չեն թողնում: Միայն անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 2300 անգամ` արձակելով շուրջ 13 հազար կրակոց: Եվ այս ահագնացող հրակոծությունները սաստելու համար այսօր ընդամենը շփման գծում` Աղդամ-Բարդա հատվածում կայանալու է ԵԱՀԿ առաքելությունների հերթական դիտարկումը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Եվս մի զեկույց` վասն ոչնչի

29 Մրտ

Շուրջ հինգ ամիս պահանջվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից հրապարակելու համար անցյալ տարվա հոկտեմբերին Ղարաբաղում իրենց դաշտային առաքելության արդյունքներն ամփոփող զեկույցը: Գնահատման առաքելության հաշվետվությունը ներկայացվեց անցած շաբաթ Վիեննայում և, նրանց իսկ ձևակերպմամբ, բացահայտում էր «Լեռնային Ղարաբաղին հարող Ադրբեջանի 7 օկուպացված տարածքներում» տիրող իրավիճակը, ներառյալ` մարդասիրական ու այլ հարցերով: Հիշեցնենք, որ սա 2005 թվականից ի վեր միջազգային հանրության առաջին առաքելությունն էր, ինչպես նաև ՄԱԿ-ի պաշտոնյաների առաջին այցը վերջին 18 տարիների ընթացքում: Եթե զեկույցի ողջ ասելիքը ներկայացնենք մեկ նախադասությամբ, ապա դիտորդների վերաբերմունքն այս էր. «Դաժան իրականությունն այս տարածքներում ավելի է խորացրել համանախագահների համոզմունքը, որ ստատուս քվոն անընդունելի է»:
Հենց սկզբից փաստաթուղթն իր անորոշ, երկիմաստ ձևակերպումներով հարուցեց ինչպես հայաստանցիների, այնպես էլ ադրբեջանցիների դժգոհությունը: Բաքվի սպասելիքները շատ ավելին էին, քանի որ առաքելություն կազմակերպելու նախաձեռնությունը նրանցն էր: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա այստեղ նկատում էին տողատակերում քողարկված այն միտումները, որոնք խնդիրը հրում էին միանգամայն այլ հարթություն: Վերլուծաբանների և առանձին քաղաքական ուժերի տեսակետները հանգում էին հետևյալ հետևությանը. առաքելության առաջադրանքն ի սկզբանե սխալ է եղել՝ ուսումնասիրություններ անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղի ներսում ու անվտանգության գոտու տարածքում, մինչդեռ զուգահեռ առաջադրանք չի դրվել ուսումնասիրել Ադրբեջանի վերահսկողույթյան տակ գտնվող տարածքները, ինչը կբացառեր ամեն կարգի միակողմանի մոտեցումները և հավասար վերաբերմունք կցուցաբերեր երկու կողմերի հանդեպ։ Ասվածից բխում էր այն համոզմունքը, որ համանախագահները նպատակ ունեն ստեղծել մի իրավիճակ, ինչը թույլ կտա ստիպել հայկական կողմին տարածքներ զիջել: Ներկայացնելով ամբողջական պատկերը, դիտորդները բավականին խտացրել էին գույները, և սա նույնպես նպատակային էր, որպեսզի բանակցությունների ժամանակ կարողանան ճնշում գործադրել հայկական կողմի վրա այն իմաստով, որ եթե այդ տարածքները չեն օգտագործվում, չեն բնակեցվում ու մշակվում, բնականաբար ձեզ դրանք պետք չեն: Իսկ թե ո՞վ է ստեղծված իրավիճակի մեղավորը`դրա մասին ոչինչ չէր ասվում: Եվ հենց այստեղ էլ զեկույցի հեղինակները վրիպել էին, քանի որ նրանց անդեմ ու անհասցե հայտարարությունները չեն կարող որևէ կերպ ճեղքում ապահովել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում:
Գալով ղարաբաղյան կողմի արձագանքին, նկատենք, որ վերջիններս թեև նշում են, որ համանախագահները հիմնականում օբյեկտիվ են եղել, սակայն անմիջապես էլ հավելում են, թե զեկույցի բոլոր ձեւակերպումները չէ, որ դուր են գալիս իրենց։ «Դա մանավանդ վերաբերում է ստատուս-քվոյի պահպանումը թույլ չտալուն։ Դրանով ակնարկ է արվում, որ գոյություն ունեցող իրողությունները չեն համապատասխանում տարածաշրջանի քաղաքական կայունությանը։ Մենք այդպես չենք կարծում»,- ասում են Ստեփանակերտում: Ամեն դեպքում, երեք կետերի շուրջ որոշակի համաձայնության եզր այստեղ տեսնում են: Նախ դրական է որակվում այն, որ համաախագահներն առաջարկում են Ստեփանակերտը ներգրավել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մեջ։ Խրախուսելի է համարվում այն հանգամանքը, որ համանախագահները կրկին պնդում են խնդրի՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը։ Եվ վերջապես կարևոր ու դրական տեղաշարժ է, որ միջնորդները չեն հավատացել ադրբեջանական քարոզչությանը, թե իբր ԼՂՀ հարակից տարածքներում իշխանությունները խրախուսում են թմրանյութերի աճեցմանը, միջուկային թափոններ են կուտակվում և նմանատիպ այլ հորինվածներ:
Կարճատև սպասումից հետո համարյա միաժամանակ իրենց պաշտոնական դիրքորոշումներն արտահայտեցին Երևանի ու Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչությունները: Հայաստանի ԱԳՆ-ն գրավոր մեկնաբանություն տարածեց` ընդհանուր առմամբ չհակադրվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի սկզբունքային կետերին: Դրա հետ մեկտեղ հայտարարության մեջ ասվում էր. «Ակնկալում ենք նաև, որ Մինսկի խմբի համանախագահները հնարավորին կարճ ժամկետներում կայցելեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատված, Մարտունու շրջանի արևելյան մաս, ինչպես նաև Շահումյանի շրջան ու համապատասխան զեկույց կկազմեն այնտեղ տիրող իրավիճակի մասին»: Այս պահանջ-առաջարկը լավագույն ապացույցն էր այն բանի, որ Երևանում այնուամենայնիվ բավարարված չէին միջնորդների միակողմանի մոտեցումից և կփորձեն վերականգնել հավասարակշռությունը:
Ադրբեջանն իր հերթին զեկույցը ընթերցեց այնպես, ինչպես իրեն էր ձեռնտու: Այդ երկրի ԱԳՆ-ի կողմից տարածած պաշտոնական հայտարարությունում աջակցության ջերմ խոսքեր էին հասցեագրված Մինսկի խմբի համանախագահներին, քանի որ վերջիններս, ըստ Բաքվի, կոչ էին արել «հրաժարվել ցանկացած գործունեությունից, որը կարող է ժողովրդագրական, սոցիալական, ինչպես նաեւ մշակութային բնույթի փոփոխությունների հանգեցնել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում»:
Եթե որևէ փաստաթուղթ տարընթերցումների առիթ է տալիս, դա արդեն լավ փաստաթուղթ որակվել չի կարող: Եվ բացի այդ, այնքան էլ հասկանալի չէ, թե ի վերջո այս և համանման բոլոր զեկույցներն ինչո՞վ են նպաստելու Ղարաբաղյան հարցի հանգուցալուծմանը: Անցած 20 տարիների ընթացքում ահռելի քանակությամբ էջեր են գրվել, կարծիքներ ու դիտարկումներ են թղթին հանձնվել, սակայն դրանք նույնիսկ աննշան չափով հարցը տեղից չեն շարժել ու որևէ կերպ չեն նպաստել կողմերի հաշտեցմանը:
Իսկ այս ընթացքում արդեն մեկ այլ կառույց` Միջազգային ճգնաժամային խմբը (ՄՃԽ) շտապեց տեղեկացնել, թե իրենք պատրաստվում են մի քանի զեկույց պատրաստել ԼՂ հակամարտության վերաբերյալ: Դրանցից մեկի թեման լինելու է շփման գծում հրադադարի խախտման միջադեպերը, երկրորդ զեկույցում ՄՃԽ-ն նախատեսում է ուղիներ առաջարկել լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի առաջընթացի համար, երրորդ զեկույցը նվիրված է լինելու Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, նրանց քաղաքական, տնտեսական ու սոցիալական պայմաններին: Եվ ուրեմն առաջիկայում բանավիճելու, անիմաստ ջուր ծեծելու բազում առիթներ են սպասվում բոլորիս:

Հովիկ Չարխչյան

Այժմ էլ Աժուբալիսը կփորձի իր բախտը

16 Մրտ

Այս օրերին ընթանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Ադրոնիուս Աժուբալիսի տարածաշրջանային այցը Հարավային Կովկասի երկրներ: Վերջինս արդեն ավարտել է իր երկօրյա հանդիպումներն ու քննարկումները Ադրբեջանում, այսօր կմեկնի Վրաստան, իսկ մարտի 17-ին կայցելի Հայաստան։ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, կովկասյան երեք երկրներում ծրագրված են հանդիպումներ նախագահների, վարչապետերի, արտգործնախարարների, ինչպես նաև քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ընդհանուր առմամբ հասկանալի է Աժուբալիսի ժամանման գլխավոր նպատակը, իսկ Ադրբեջանում կայացած հանդիպումները նաև թույլ են տալիս նախապես կռահել, թե մոտավորապես ինչ հարցեր կքննարկվեն Երևանում և ինչպիսի շեշտադրումներ կկատարվեն: Սա ոչ այնքան խոսում է երկու երկրներում առկա խնդիրների նմանության մասին, որքան բխում է այն պարզ տրամաբանությունից, որ Բաքվի ու Երևանի միջև գոյություն ունեցող հակասությունները կարող են լուծման մեկ հարթության մեջ դիտարկվել: Այդ իմաստով հատկանշական է, որ Ադրբեջանում Լիտվայի արտգործնախարարը իր պահանջների ընդարձակ շարքի առաջին տողը հատկացրել էր ժողովրդավարությանը: Ըստ նրա, որպեսզի Ադրբեջանը դառնա Եվրոպայի սերտ գործընկեր, անհրաժեշտ է ժողովրդավարության ոլորտում առաջընթաց, բազմակարծություն, մամուլի, խոսքի, արտահայտվելու և հավաքների ազատություն ապահովել: «Ժողովրդավարության հիմքը ազատ և արդար ընտրություններն են, սակայն վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ այս ոլորտում պետք է զգալիորեն զարգացնել ժողովրդավարությունը»,- հայտարարեց Աժուբալիսը` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին քաղաքական կուսակցությունների մասին օրենսդրության մեջ շտկումներ կատարել, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին ոչ միայն խորհրդարանում, այլև նրա սահմաններից դուրս:
Այս բառերը բնավ դուր չէին եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով շտապեց իրեն հատուկ անմշակ դիվանագիտությամբ հյուրին պատասխանել, թե հզոր տնտեսության ու ուժեղ քաղաքական համակարգի կողքին նաև բարեփոխումներ են արվում քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում: Այլ կերպ ասած` մեզնից մի պահանջեք միանգամից մի քանի բան, այլ վերցրեք այն, ինչ տալիս ենք:
Բաքվում կայացած հանդիպումների հիմնական թեման, ինչ խոսք, պիտի դառնար ղարաբաղյան հարցը: Դեռ Կովկաս ժամանելուց առաջ էր Աժուբալիսը հայտարարել, որ ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացը Լիտվայի ԵԱՀԿ նախագահության առաջնային խնդիրներից է: Ճիշտ է, առանձնապես հստակ չէ, թե նախագահող երկիրն ինչպե՞ս է դա պատկերացնում և ի՞նչ մեխանիզմների օգնությամբ է պատրաստվում տեղաշարժել անշարժելին, այնուհանդերձ բնավ ավելորդ չէ նման դեպքերում կոչ անել այդ երկրների իշխանություններին` առաջընթաց քայլ անել: «Բոլոր կողմերը համաձայն են, որ հակամարտության լուծման համար խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա: ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնորդությամբ լուծմանն ուղղված երկխոսությունը շարունակվում է, բայց այժմ ժամանակն է, որ երկրների ղեկավարները բանակցություններում հասնեն հսկայական առաջընթացի»,-հայտարարեց Աժուբալիսը: Առաջընթացը հսկայական դարձնելու առումով, իհարկե, նա մի փոքր չափազանցրել էր: Ընդամենը օրեր առաջ, մեկ այլ առիթով, նույն Աժուբալիսը հայտարարել էր, որ Լիտվան կաշխատի տեղաշարժել այդ հակամարտության լուծումը «մեկ-երկու» միլիմետրով: ԵԱՀԿ գործող նախագահը այն ժամանակ նշել էր, որ իր համար մեծ ձեռքբերում կլինի, եթե կիրառվեն «փոխադարձ անվտանգության վստահության միջոցներից մեկ-երկուսը»:
Այդ փոքրաթիվ միջոցների թվում կարելի է առանձնացնել բարձրաստիճան հյուրի հետևողական դիրքորոշումը կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ: Ադրբեջանում ունեցած քննարկումների ժամանակ նա հատուկ ընդգծեց, որ շփման գծում վերջին իրադարձությունները վերահաստատում են իր համոզմունքը, որ կողմերը պետք է սահմանից հեռացնեն դիպուկահարներին: Իսկ սա իր հերթին Աժուբալիսին հանգեցրել էր այն իրատեսական հետևությանը, որ կողմերից ոչ մեկը չի կարող հաղթանակած դուրս գալ ոչ ռազմականապես և ոչ էլ քաղաքականապես: Նա նաև հավելել, որ այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրները բացեիբաց հայտնեն իրենց դիրքորոշումները:
Նկատենք նաև, որ մինչ տարածաշրջան գալը գործող նախագահը հանդես եկավ ընդարձակ հրապարակմամբ, ուր մասնավորապես տեղ էին գտել այս կարգի դիտարկումներ. «…Բանակցություններում հետագա առաջընթացի ձախողումը և ուղղակի թողնելը, որպեսզի իրավիճակը լճանա ու լարվածությունը բորբոքվի, այլևս թույլատրելի տարբերակներ չեն: Իրենց խոստումներին հավատարիմ` կողմերը պետք է զերծ մնան ուժի սպառնալիքից կամ կիրառումից: Հնարավոր չէ ձևավորել վստահություն, եթե արյունահեղության հավանականությունը կախված է պարզապես մեկ կրակոցից… Ես նաև կներկայացնեմ Լիտվայի` որպես ԵԱՀԿ նախագահող երկրի, գերակայությունները: Բացի ձգձգված հակամարտությունների կարգավորումից, մեր ուշադրությունը կենտրոնացած կլինի առկա և ի հայտ եկող անդրազգային սպառնալիքներին մեր ընդհանուր արձագանքման ուժեղացմանը, ինչպես նաեւ էներգետիկ անվտանգության մասին երկխոսության ամրապնդմանը»:
Արտգործնախարար Անդրոնիուս Աժուբալիսի ոգևորությունն ու լավատեսությունը Հայաստանում հազիվ թե մեծ թվով համակիրներ ունենա: Ճիշտ է, Երևանը նրան կընդունի հավուր պատշաճի և կներկայացնի իր տեսակետները, սակայն այստեղ հյուրն անկակսկած կնկատի, որ հայաստանցիները առանձնապես մեծ սպասելիքներ չունեն ոչ իրենից ու ոչ էլ ընդհանրապես ԵԱՀԿ-ից: «Այդ կազմակերպությունը վաղուց դադարել է անվտանգության խնդիրներով զբաղվել: ԵԱՀԿ-ն չի կարողացել էապես ազդել անվտանգության մակարդակի բարձրացման վրա, իսկ կարողանալու համար պետք էր քննադատել այն երկրներին, որոնք ուժի սպառնալիք են կիրառում»,- այս օրերին կարծիք են հայտնում զանազան քաղաքական ուժեր և, հարկ է նկատել, որ նրանց խոսքերում ճշմարտությունը քիչ չէ:

Հովիկ Չարխչյան

Մեզ վրա հույս չդնեք

15 Փտր

Այնպես է թվում, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի «լուռ դիվանագիտությունը» լիովին սպառել է իրեն և այժմ նա պատրաստվում է սահուն անցում կատարել նոր` «բարձրաձայն դիվանագիտությանը»: Թե ինչպիսի դրսևորումներ կունենա դա` ժամանակը ցույց կտա: Բայց այդ շարքի առաջին քայլի ականատեսը կարող ենք լինել արդեն այս տարվա մարտին: Հենց գարնանամուտի ձնհալի հետ է Գյուլը պատրաստվում հալեցնել նաև հայ-թուրքական հարաբերությունների սառույցը և իբրև դրա վկայություն նախատեսում է Հայաստանի իր գործընկեր Սերժ Սարգսյանից աջակցություն խնդրել՝ ԵԱՀԿ-ում թուրք գլխավոր քարտուղարի ընտրության հարցում: Այդ լավության համար Գյուլն, իհարկե, պարտքի տակ չի մնա: Նա այսօր էլ խոստանում է, որ գործարքի հաջողությունը բխում է նաև Հայաստանի շահերից, իսկ թուրքերից ավելի լավ բարեկամներ հայերը մերձակայքում ոչ ունեցել են, ոչ էլ երբևէ կունենան: Եվ ահա դրացի նախագահը վերցրել է թուղթն ու գրիչը ու նամակ է գրել առ Երևան, որում աջակցություն է խնդրում Հայաստանից՝ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի թուրք թեկնածուի օգտին քվեարկելու համար։ Նախատեսվում է, որ այդ զորավոր գիրը մարտին Հայաստան կբերի հենց ինքը` ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի թուրք թեկնածու, դեսպան Էրսին Էրչինը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ներկայիս գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավատին: Նա կառույցը ղեկավարում էր 2005 թվականից: ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը նշանակվում է Նախարարների խորհրդի կողմից 3 տարի ժամկետով, և 2008 թ. Բրիշամբոն վերընտրվեց երկրորդ ժամկետով: Սակայն ըստ կանոնակարգի, նույն անձը չի կարող երկու ժամկետից ավելի զբաղեցնել այդ պաշտոնը: Ու հիմա վրա է հասել աթոռը զիջելու ժամանակը: Ներկա պահին քարտուղարի պաշտոնի համար, բացի թուրք թեկնածուից, առաջադրվել են ևս 3-ը՝ Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը, պորտուգալացի նախկին խորհրդարանական Ժոաո Սուարեշը և իտալացի Լամբերտո Ձանիերը։ Նրանց նախընտրական արշավը մեկնարկեց երեկ:
Ինչ վերաբերում է Անկարայի պաշտպանությունը վայելող հավակնորդին, ապա Էրսին Էրչինի մասին կարող ենք ասել, որ նա Բրազիլիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանն է, Եվրոպայի անվտանգության հարցերով Գյուլի խորհրդականը: Վերջինս 30 տարիների ընթացքում ակտիվորեն զբաղվել է դիվանագիտությամբ՝ Թուրքիան ներկայացնելով ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում: Որպես թեկնածու նրա անունն առաջին անգամ հիշատակվեց դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, ու հենց այդ պահից էլ Թուրքիան մեկնարկ տվել իր հոգեզավակի գովազդային արշավին` այդ նպատակի համար օգտագործելով նույնիսկ դեկտեմբերին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ամբիոնը: Գյուլն այնտեղ ներկաներին հավաստիացրեց, թե Էրչինը բավականին մեծ աշխատանք է կատարել միջազգային բազմաթիվ գագաթաժողովներում ու համաժողովներում և լիովին պատրաստ է ստանձնելու գլխավոր քարտուղարի պարտականությունները:
Թուրքիայի նախագահի թիկունքի ետևում դեսպան Էրչինն իրեն լիովին ինքնավստահ ու անկաշկանդ է զգում: Նախապատրաստվելով դեպի Հայաստան առաջիկա լուրջ առաքելությանը, որը նույնն է, թե իր անձը բարեխոսելու անհամեստ քայլ կատարելը, դեռ չկայացած ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը արդեն իսկ դերի մեջ է մտել ու ժամանակից շուտ շրջահայացության դասեր է տալիս Հայաստանին: Թուրք լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ նա նշել է, թե Գյուլի նամակն ամենալավ ժեստն է՝ հասցեագրված հայերին ու հարկ է, որ նրանք դա գնահատեն հավուր պատշաճի: «Հայաստանի նախագահին ուղղված նամակի մեջ գրված է լինելու, որ Թուրքիան ԵԱՀԿ-ում լրիվ անկողմնակալ է լինելու, և ոչ մի գլխավոր քարտուղար Թուրքիայի պես անկողմնակալ չի կարող լինել»,-ասել է թուրք դեսպանը՝ հավանաբար անկեղծորեն հավատալով, թե հարևան երկրում կգտնի իր խոսքերին վստահություն ընծայող որևէ մեկին: Դրանից բացի Էրչինը մի դժվարին հոգս էլ է կրելու իր ուսերի վրա: Նա կարծում է, որ իր այցելությունն առիթ կլինի երկու երկրների միջև հոգեբանական կամուրջներ ստեղծելու համար։ Հավանաբար մոռացության տված այն փաստը, որ ընդամենը ամիսներ առաջ Հայաստանի ուզածը ոչ թե վերացական, հոգեբանական, այլ սովորական, ափից ափ անցնող բաց կամուրջների առկայությունն էր, ինչը մերժվեց թուրքերի կողմից, Գյուլի հատուկ բանագնացը հանգիստ շարունակում է իր քարոզարշավը` հայ ընտրողներին ներկայացնելով ծրագրի հաջորդ դրույթը. «ԵԱՀԿ քարտուղարությունում հայեր չկան։ Ես նրանց ձայները լսող գլխավոր քարտուղար կլինեմ։ Թուրք գլխավոր քարտուղարի առկայությունը կբխի Հայաստանի շահերից։ Եթե ես լինեի հայ կամ հույն, թուրքին այո կասեի»,-ասում է Էրչինը՝ շեշտելով, թե ինքը նույն հարցով մեկնելու է նաև Կիպրոս։
Հայաստանն ու Կիպրոսը Անկարայի ճանապարհին ընկած ծանր քարեր են: Բայց ոչ միայն այս զույգը: Տեղեկություններ կան այն մասին, որ ոչ Ռուսաստան, ոչ էլ ընդհանրապես ԵՄ-ն շահագրգռված չեն այդպիսի ընտրությամբ: Ազդեցիկ ուժերից թերևս միայն ԱՄՆ-ն է, որ թուրք թեկնածուին դրական է վերաբերվում։
Խոսելով պաշտոնական Երևանի հնարավոր պատասխանի մասին, արդեն իսկ կարելի է փաստել, որ, համաձայն դիվանագիտական աղբյուրների, թուրքերը քանիցս դիմել են հայկական կողմին թուրք թեկնածուի աջակցման համար, սակայն նրանց հստակ պատասխանվել է, թե նման տարբերակը բացառվում է: «Երևանի համար ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին սատարելն անհնար է: Աջակցությունը ցուցաբերվում է բարեկամական երկրին, իսկ Թուրքիան բարեկամական չէ»,- վստահեցնում է նույն աղբյուրը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի առաջիկա ընտրություններին, որոնք տեղի կունենան այս տարվա գարնանը, թուրքական Haberturk թերթի տեղեկություններով, կազմակերպությանն անդամակցող 52 երկրներից 25-ը Գյուլին խոստացել են, որ կաջակցեն Էրչինին: Սա այնքան էլ վատ ցուցանիշ չէ սկզբի համար, եթե, իհարկե, պահպանի աճի, այլ ոչ թե նվազման տեմպերը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Երեքը` նույն նպատակի համար

9 Փտր

Այսօր հերթական աշխատանքային այցով Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասյեն և Իգոր Պոպովը: Սա այս տարվա ընթացքում եռանախագահների առաջին համատեղ այցն է տարածաշրջան: Նրանք Երևանում հանդիպումներ կունենան նախագահ Ս. Սարգսյանի և արտգործնախարար Է. Նալբանդյանի հետ: Որքան էլ տարօրինակ թվա, սակայն մինչ այս պահը դեռևս տեղեկություն չկար այն մասին, թե արդյո՞ք համանախագահները կայցելեն նաև Բաքու կամ Ստեփանակերտ, և ի՞նչ «ուղեբեռով» են վերջիններս ժամանում մեզ մոտ: Ահա այսպիսի անորոշության պայմաններում սպասվելիք բանակցությունների համար եզակի հուշում պիտի դառնար օրերս համանախագահ երկրների ներկայացուցիչների հրապարակավ արտահայտած դժգոհությունը ԵԽԽՎ բյուրոյի կողմից ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու որոշման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, նրանք մասնավորապես դժգոհել էին ԵԽԽՎ Բյուրոյի ղարաբաղյան բանակցային գործընթացին ակնհայտորեն վնասող որոշման կապակցությամբ` նշելով, որ դրա բացասական հետևանքների պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է ԵԽԽՎ-ի վրա: Մինսկի խումբը նաև կոչ էր արել ԵԽԽՎ ղեկավար մարմնին հարգանքով վերաբերվել բանակցային գործընթացի բնույթին ու ձևաչափին, դրան մոտենալ հասունության զգացումով: Նման կոշտ բնորոշումներից հետո Ֆրանսիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները նշել էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մանրամասներին չտիրապետող քաղաքական գործիչների հանրային քննարկումները չեն կարող իմաստալից աջակցություն լինել գործընթացի համար:
Ճիշտն ասած, Մինսի խմբի անկեղծությանն այս հարցում քչերն են հավատում ու վստահում: Եթե նրանք իսկապես անհամաձայնություններ ունեին տվյալ ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ, ապա ինչու՞ իրենց բողոքը չարտահայտեցին հենց ԵԽԽՎ-ի նիստի ժամանակ կամ դրանից առաջ, այլ սպասեցին, մինչև կհայտնվեին կատարված փաստի առաջ և նոր միայն հիշեցին իրենց վիրավորված կողմ լինելու մասին: Թերևս չեն սխալվում նրանք, ովքեր այդ պահվածքի մեջ որոշկի փարիսեցիություն են նշմարում: Ամեն դեպքում, այսօր համանախագահները հիանալի հնարավորություն ունեն ապացուցելու իրենց խմբի գործունեության արդյունավետությունը` ի հակակշիռ նորաստեղծ և հավելյալ կառույցների:
Մյուս կողմից չափազանց անբարենպաստ է ընդհանուր մթնոլորտը: Այլևս գաղտնիք չէ, որ վերջին շրջանում խնդրի կարգավորման քաղաքական էլեմենտը հետզհետե իր տեղը զիջում է ռազմականին, իսկ բանակցությունները նույնանման ընթացքով կորցնում են նախկին կարևորությունն ու նշանակությունը: Թե Հայաստանում, թե Ադրբեջանում քիչ չէ նրանց թիվը, ովքեր համոզված են, որ միջնորդ երկրները արդեն վաղուց լվացել են իրենց ձեռքերը և առանձնապես լուրջ հույսեր չեն փայփայում, որ կարող են որևէ արդյունքի հասնել: Ասենք, նման հոռետեսներ դրսում էլ կան:
Գուցե իսկապես սովորական զուգադիպություն էր, որ հատկապես համանախագահների այցի նախօրեին Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակեց Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր հերթական զեկույցը: Այդ փաստաթուղթը արձանագրում էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 2010 թվականին զգալիորեն վատթարացել է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների վերսկսումը միանգամայն հավանական է:
Մռայլ կանխատեսումների այդ շարքը շարունակեց նաև International Alert ոչ պետական խաղաղարար կազմակերպությունը: Վերջինիս Եվրասիայի ծրագրերի պատասխանատու Դեսիսլավա Ռուսանովայի տեսակետը քիչ բանով էր տարբերվում նախորդից: «Կարծես ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը փակուղում է: Առաջ գնալու համար անհրաժեշտ է կողմերի կամքը, պետք է առաջարկություններ արվեն, որոնք առավելագույնս կբավարարեն կողմերի շահերը: Իհարկե, առաջարկություններից բացի, անհրաժեշտ են նաև իրական քայլեր, այլ ոչ միայն կոսմետիկ զիջումներ»,- կարծում էր նա` բացահայտորեն ակնարկելով Մինսկի խմբի առաքելության անհաջողությունների երկար շղթան:
Սակայն ումի՞ց է պետք սպասել իրական քայլեր: Հակամարտող երկրները դեռևս հաստատակամ են իրենց որդեգրած դիրքորոշումներում, իսկ օգնել կամ միջամտել ցանկացողները ավելին անել կամ չեն կարող, կամ չեն ցանկանում: Ահա, օրերս Լիտվան հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հատուկ բանաձև է մշակվել, և այդ փաստաթուղթը ստորագրված է խորհրդարանի 50 անդամների կողմից։ Նշվեց նաև, որ մոտ ժամանակներս բանաձևը խորհրդարանում քննարկման կդրվի ու թերևս ընդունվի։ Սակայն որքանո՞վ դա նպաստավոր կլինի մեզ համար: Չմոռանանք, որ Լիտվան միշտ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Նախկինի պես իբրև շահագրգիռ կողմ են հանդես գալիս նաև Ռուսաստանն ու Թուրքիան: Օրերս Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Մոսկվայում ՌԴ փախարտգործնախարարի քարտուղար Գ. Բ. Կարասինի ու Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ֆ. Սինիրլիօղլուի միջև խորհրդակցություն է տեղի ունեցել
տարածաշրջանային հարցերի՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար Յաշար Յակիշը հիշեցրեց իր գոյությունը և տեսակետ հայտնեց այն մասին, թե «այստեղ հիմնական խաղացողը Ռուսաստանն է, որին, իմ կարծիքով, ձեռնտու է չկարգավորված հակամարտությունը: ԵԱՀԿ ՄԽ գործունեության ակտիվացման համար անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը վերանայի իր քաղաքականությունը: Եթե կա ԵԱՀԿ ՄԽ ջանքերն ակտիվացնելու հնարավորություն, ապա պետք է դրանից օգտվել: Այդ առումով պետք է ջանքեր գործադրեն Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Կարծում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման միակ հույսն է»:
Միակ հույսն այժմ ժամանում է Երևան: Բոլորը նրանից մեծ սպասելիքներ ունեն, սակայն քչերն են պատրաստ օգնելու, որպեսզի ակնկալիքներն իրական դառնան: Եվ այս նույն պատկերը կրկնվում է ավելի քան մեկ ու կես տասնամյակ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հեռանկարն` առանց գունազարդման

20 Հնվ

Եթե փորձենք հնարավորինս հակիրճ ձևակերպել տրամադրությունների այն պաշարը, որ ներկա պահին առկա է ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ, ապա կարող ենք արձանագրել, որ նախ և առաջ դրա հետ շաղկապվում են երեք մեծ դժգոհություններ: Առաջին դժգոհությունը վերաբերում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը, ինչը նախորդ տարում աննախադեպ էր` իր ամենատարբեր դրսեւորումներով` շփման գծում սադրանքների հրահրում, հրադադարի ռեժիմի խախտման հարյուրավոր դեպքեր, իրավիճակի ապակայունացում, հիմնահարցը ավանդական դաշտից այլ հարթակներ տեղափոխելու կասկածելի փորձեր:
Երկրորդ դժգոհությունը հասցեագրվում է միջնորդներին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի գործունեության բնորոշման համար այժմ ավելի հարմար որակում չկա, քան «փսևդո-առաքելությունը», իսկ դրա հետևանքը շատերը նմանեցնում են մի ճահճի, որը ոչ միայն տեղաշարժ չի ապրում, այլև իր տիղմի մեջ է ներքաշում ողջ գործընթացի հեռանկարի հույսը:
Երրորդ դժգոհությունն արդեն վերաբերում է մեր իշխանություններին: Որքան էլ վերջիններս խոսեն գործադրված ջանքերի, զանազան ձեռքբերումների և առաջընթացների մասին, իրականությունը լիովին թույլ է տալիս պնդելու, որ դրանք կրում էին իմիտացիոն բնույթ, հակամարտության կողմ հանդիսացող երկրների ղեկավարների հանդիպումները ձևական էին, իսկ որոշակի տեղաշարժի մասին խոսելը պարզապես ինքնախաբկանք է: Այս առումով հավասարապես անհասկանալի է, թե ինչպես են մեր դիվանագետները շարունակում պնդել, որ իբրև թե այսօր միջազգային հանրության ու հայկական կողմի դիրքորոշումները ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ համընկնում են: «Միջազգային հանրությունն ասում է, որ 3 սկզբունքներն ու 6 տարրերը մեկ ամբողջություն են ու չեն կարող առանձնացվել: Նույն բանն ասում է հայկական կողմը: Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Ադրբեջանն ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ասում: Բաքուն ասում է. «Եթե այս, ուրեմն այն, եթե ոչ այս, ուրեմն ոչ այն, և այդպես շարունակ»,- փորձում է արդարանալ ԱԳ նախարար Նալբանդյանը` շրջանցելով այն կարևոր հանգամանքը, որ համակարծիք հանրությունը իրականում լուրջ տարակարծություններ ունի կարգավորման միջոցների ու ձևերի հարցում և մշտապես առաջնորդվելու է ոչ թե հայկական, այլ սեփական շահերով: Իսկ մի վրիպումն իր ետևից բերում է նաև հաջորդ սխալը: Մասնավորապես այնքան էլ միանշանակ չի ընդունվում պաշտոնական Երևանի այն պնդումը, թե հայկական կողմի համար բանակցային ձևաչափի փոփոխությունն անթույլատրելի է:
Բայց ոչ պակաս տագնապալի է հետզհետե գերիշխող այն մտայնությունը, համաձայն որի ղարաբաղյան տարածաշրջանում նոր պատերազմի հավանականությունը նվազել է: Սովորաբար այդ միտքը պնդելիս վկայակոչում են Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովը` դրան վերապահելով հաջողության դափնին: Ասվում է, թե գագաթաժողովի մասնակից երկրները հաստատեցին իրենց դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ` մոռացության տալով փաստը, որ Ադրբեջանը շարունակել ու շարունակելու է ավելացնել ոչ միայն իր ռազմատենչ հռետորաբանությունը, այլև սպառազինվելու տեմպերը:
Ի դեպ, դատողությունների նման անհամապատասխանությունն այժմ կարելի է հանդիպել շատերի խոսքում: Չժխտելով, որ Ադրբեջանն այս տարի ակտիվացնելու է իր գործողություննները, նույն պահին էլ առաջ է մղվում այն համոզմունքը, թե այդ երկիրը մոտակա մեկ տարում պատերազմական գործողությունների հաստատ չի դիմի։ Կամ ասվում է, որ այս տարի ակնկալվում են աշխարհաքաղաքական բնույթի այնպիսի գործընթացներ, որոնք իրենց անդրադարձը կունենան ղարաբաղյան հարցի կարգավորման ժամկետների ու ուղիների ճշտման վրա, սակայն անմիջապես հաջորդում է հետևությունը, որը կարգավորման գործընթացը դանդաղ է լինելու՝ միտված առկա իրավիճակի զսպմանը և որ առաջիկա 10-15 տարիների ընթացքում ղարաբաղյան հարցը չի կարգավորվելու:
Եթե նույնիսկ ընդունենք այն տեսակետը, ըստ որի Բաքվի ռազմատենչ պահվածքը սոսկ գործիք է արտաքին ու ներքին լսարանի համար, և Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն հաշվարկել է, որ «ռազմական շանտաժը» կարող է իր ազդեցությունն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության դիրքորոշումների վրա, սա վերստին ծանրակշիռ ապացույց լինել չի կարող այն բանի համար, որ ադրբեջանցիները կհրաժարվեն ակտիվ գործողություններից:
Բոլորովին վերջերս այդ երկրի մամուլում նույնիսկ հրապարակվեցին պատերազմական սցենարի հնարավոր տարբերակները: Համաձայն այդ ծրագրի, հաշվի առնելով քանակական առավելությունը, ենթադրվում է, որ ադրբեջանական բանակը կհարվածի 3 ուղղություններով: Առաջինը կլինի Իրանի հետ սահմանի երկայնքով: Երկրորդ ուղղությունը կարող է լինել Աղդամով` դեպի Խոջալու, Ասկերան և Ստեփանակերտ: Եվս մի հարված էլ կնախատեսվի հյուսիսից`Մարտակերտից դեպի Քելբաջար:
Հասկանալի է, որ սա ընդամենը վարկած է և առայժմ ոչ մի հիմք չունեցող մտքի խաղ: Հասկանալի է նաև, որ Հայաստանն այնքան էլ անօգնական ու անպատրաստ վիճակում չէ, որպեսզի հեշտությամբ թույլ տա Բաքվի երազած «կայծակնային պատերազմը»: Այդ իմաստով նույնիսկ ամերիկացի փորձագետները չեն կիսում ադրբեջանցի ստրատեգների ոգևորությունը: Նրանց կարծիքով, չնայած Ադրբեջանի խոշորածավալ ռազմական բյուջեին, Բաքվի կարողությունները համարժեք չեն Հայաստանի հնարավորություններին, և Ադրբեջանը նախնական հարձակողական հարվածից հետո ամենայն հավանականությամբ պարտություն կկրի, եթե, իհարկե, չսահմանափակվի նեղ ճակատով հարձակմամբ (թեև Հայաստանը կարող է և թույլ չտալ, որ ռազմական գործողությունները որոշակի նեղ ճակատամարտով իրականացվեն)»:
Նկատենք, որ իրենց վերլուծությամբ ամերիկացիները փաստորեն չեն ժխտում պատերազմի սկսման հավանականությունը, այլ ընդամենը խոսում են դրա հետևանքների մասին, ինչը հերթական անգամ ապացուցում է մեր հանգստության ու ինքնավստահության ավելցուկի մասին: Մինչդեռ պետք էր սպասել ճիշտ հակառակը: Քանի դեռ բացակայում է քաղաքական լուծման ռեալ հնարավորությունը, ռազմական ճանապարհը շարունակում է մնալ օրակարգում: Իսկ ներկա պահին հազիվ թե գտնվի որևէ լուրջ հիմնավորում կամ փաստարկ հօգուտ այն բանի, որ խաղաղ բանակցություններով խնդիրը կարգավորելու շանսերը ավելին են: Հենց այս կետում է, որ սպառվում է լավատեսությունը և վարդագույն ակնոցներն իրենց տեղն են զիջում հավաստի տեսողությանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Աստանա. օր երկրորդ

3 Դկտ

Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթաժողովի երկրորդ օրն իր ակտիվությամբ չզիջեց նախորդին, սակայն այն մեզ համար կարևորվում էր նախ և առաջ Հայաստանի նախագահի ելույթով: Արդեն իսկ կուտակված լարվածության լիցքերը չէին կարող իրենց անդրադարձը չունենալ նրա խոսքի վրա: Ու թերևս սա էր պատճառը, որ Ս. Սարգսյանի ելույթում խիստ ընդգծվում էր վերջնագրային տոնը: Այն կառուցված էր երկու հիմնական դրույթների վրա: Առաջինը նախապայման էր, ըստ որի Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել ԼՂՀ-ն դե յուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար: Երկրորդը սահմանում էր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ապագա չունի Ադրբեջանի կազմում, և, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: «Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ոչ իրավական, ոչ քաղաքական ու ոչ էլ բարոյական հիմք»,- ասում էր նախագահը:
Հետաքրքրական էր այդ ելույթում օգտագործված ևս մի արտահայտություն. «Ադրբեջանի փորձերը` ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ… շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը: Իսկ վերջին մեկ շաբաթվա մեջ ես կրկին համոզվեցի, որ այս փուլում Ադրբեջանը հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի լուծմամբ»: Ի՞նչ էր ակնարկում նախագահը: Վերջին մեկ շաբաթում նա կարող էր Ադրբեջանի պահվածքի գնահատման երկու սկզբնաղբյուր ունենալ` նախ համանախագահները, որոնք ժամանել էին տարածաշրջան, և ապա աղմկահարույց գաղտնի փաստաթղթերը, որոնք Wikileaks-ի թեթև ձեռքով հասու են դարձել յուրաքանչյուրին ու բացահայտում են դիվանագիտական խոհանոցի մութ անկյունները: Թե դրանցից հատկապես ո՞րն էր առիթ դարձել Բաքվից վերջնականապես հիասթափվելու համար, այժմ դժվար է կռահել: Ամեն դեպքում, նախագահի ակնարկած ներկա փուլը ժամանակային առումով խիստ հարաբերական է և որևէ կերպ չի բխում միջնորդների պահանջից` հնարավորինս արագ հանգել խնդրի վերջնական լուծմանը:
Գագաթաժողովի տասնյակ ելույթների շարքում հատկանշական էր նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքը, ով ամեն գնով ջանում էր տպավորություն ստեղծել, թե իր երկիրն էական դեր է խաղում Ղարաբաղի հարցում և պատրաստ է աջակցել ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների կարգավորմանը: «Հակամարտությունները Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի տարածքներում պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության, պետության միասնության սկզբունքների, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի շրջանակներում»,- հայտարարեց Գյուլը` իրապես որևէ պատկերացում չունենալով, թե ինչպես պիտի այդ երեքը տեղավորի մի կաթսայի մեջ:
Երբ ներկաներից բոլորն արտահայտել էին իրենց կարծիքները, Ղազախստանի նախագահը լիագումար նիստում ընդմիջում հայտարարեց, որպեսզի կողմերը կարողանային համաձայնեցնել գագաթաժողովի ամփոփիչ փաստաթուղթը: «Մենք կվերսկսենք աշխատանքը ժամը 15-ին»,- խոստացավ Նազարբաևը: Սակայն տանտերն այդ անգամ չափից ավելի լավատես էր գտնվել: Ժամանակն անցնում էր, իսկ սպասված փաստաթուղթն այդպես էլ չէր ներկայացվում լրագրողներին: Փոխարենն այդ ընթացքում զանազան լուրեր էին շրջանառվում այս կամ այն երկրի ներկայացուցչի անհամաձայնության, առանձին ձևակերպումների շուրջ ծագած վեճերի մասին: Օրինակ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ չի պատրաստվում սատարել ամփոփիչ փաստաթղթի այն ձևակերպումներին, որոնցում խոսք կլինի «վրացական հակամարտության» մասին։ Ավելի ուշ պարզվեց, որ նույնանման վերապահումներ ունեցել էին նաև Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանը: Վերջապես, տասժամյա քննարկումներից հետո, հռչակագիր ընդունվեց «Անվտանգության հանրույթին ընդառաջ» անվանումով:
Երկու բուռն օրերի ավարտից անմիջապես հետո մամուլում հրապարակումներ հայտնվեցին ձախողված գագաթաժողովի մասին: Դրանցից մեկը, որը ներկայացնում է Ռուսաստանի սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական ու հասարակական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի խոսքը, առանձնահատուկ ուշադրության է արժանի: Վերջինիս կարծիքով, ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում երկու իրադարձություններ եղան, որոնք միջոցառումը տապալեցին։ Առաջինը տարածքային ամբողջականության սկզբունքն էր, որ դարձավ հիմնական խոչընդոտը: Իսկ երկրորդ հանգամանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր, որը կանխորոշեց գագաթաժողովի տապալումը։
Աստանայի արդյունքները Հայաստանում ևս ոչ բոլորին գոհացրեցին: Թերահավատների կարևոր փաստարկներից մեկն այն էր, թե նախագահը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կախման մեջ է դնում բացառապես Ադրբեջանի քայլերից, իսկ սա մեր երկրի շահերի տեսանկյունից ոչ մի լավ բան խոստանալ չի կարող: Դժգոհության մյուս պատճառն այն էր, որ Աստանայում ընդունված հայտարարությամբ կանաչ լույս վառվեց ղարաբաղյան կարգավորման մեծ փաստաթղթի կամ, ինչպես ասում են, ճանապարհային քարտեզի համար: Չէր շրջանցվում նաև այն փաստը, որ վերստին անտեսվել էր Ղարաբաղի մասնակցության հարցը: Սակայն գլխավոր մեղքը կրկին բարդվում է Ադրբեջանի վրա, որի պահվածն առայժմ մղում է մեկ հիմնական հետևության. հերթական փաստաթուղթը մեզ համար որևէ երաշխիք չի կարող հանդիսանալ, քանի որ կնքված է անվստահելի գործընկերոջ հետ: Ի դեպ, ասվածի առաջին ապացույցներն ի հայտ եկան գագաթաժողովի ավարտից րոպեներ անց: Բաքվում հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը` ասելով, որ իբր «Աստանայի գագաթաժողովի ընթացքում Ադրբեջանը բախվեց Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման հետ, ու եթե հետագայում էլ Հայաստանը շարունակի նման մոտեցում որդեգրել, Ադրբեջանը ստիպված կլինի ազատագրել իր տարածքները ռազմական եղանակով»:
Նրանք, ովքեր հակված են գագաթաժողովի արդյունքներում միայն ձեռքբերումներ տեսնել, այս պահին առաջնորդվում են «եթե չկա ետընթաց, ուրեմն սա առաջընթաց է» սխալ տրամաբանությամբ: Ինչ խոսք, դրական է, որ Հայաստանն այնտեղից վերադարձավ առանց լուրջ կորուստների, կարողացավ չնահանջել իր որդեգրած սկզբունքներից: Սակայն պետք չէ նաև մոռանալ, որ հակամարտությունը շարունակվում է, կա պատերազմի վերսկսման վտանգը և այն սանձահարելու համար դեռևս ոչ մի նշանակալի ու էական երաշխիք ձեռք չի բերվել:
2011թ. ԵԱՀԿ նախագահությունը Ղազախստանի փոխարեն կստանձնի Լիտվան: Ինչպես երեկ հայտարարեց այդ երկրի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, իրենք մտադիր են առաջընթացի հասնել ձգձգված հակամարտությունների լուծման գործում: Բարի երթ մաղթելով նրան, մեզ մնում է միայն վերհիշել, թե քանի-քանիսի շուրթերից է հնչել այս գեղեցիկ, սակայն առ այսօր անիրական խոստումը:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Միջնորդը նաև հսկիչ է

30 Նյմ

Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի նախօրեին քաղաքական պատասխանատուների մի հսկա խումբ ասես հերթի է կանգնել` Ղարաբաղի խնդրի ապագայի մասին իր ծանրակշիռ խոսքն արտասանելու համար: Դա հիշեցնում է նախընտրական շրջանի քարոզչության վերջին օրը, երբ ցանկալի թեկնածուի հասցեին հնչեցնում են ամենանվիրական գովեստներն ու բառերը, բոլորին ստիպում են մեկ անգամ ևս հիշել ու մտապահել նրա անունը: Եվ հիմա էլ կազմակերպիչների ու միջնորդների հետևողականությունն այնքան ակնառու է, որ տպավորություն կարող է ստեղծվել, թե գագաթաժողովի միակ ու բուն նպատակը լինելու է Ղարաբաղը:
Թեև արդեն հայտարարվել է այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոր առաջարկներ չեն պատրաստվում ներկայացնել և աշխատանքներն ընթանում են սոսկ հիմնարար սկզբունքների մշակման ուղղությամբ, սակայն շատերին դա չի խանգարում լսարանին ներշնչել այն հավատով, որ Աստանայում և միայն Աստանայում կարելի է ակնկալել բեկումնային փոփոխություն:
«ԵԱՀԿ-ում անկեղծորեն հուսով են, որ կազմակերպության առաջիկա գագաթաժողովը կարագացնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումը»,- հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը, երբ ընդունել էր Մինսկի խմբի համանախագահներին՝ քննարկելու ղարաբաղյան կարգավորման ընթացիկ վիճակն ու հեռանկարները: Վերջինս էլի շատ հուսադրող ու ոգևորիչ բաներ արտասանեց լրագրողների համար, բայց նույն պահին էլ նրանից հերթը խլեցին մյուսները, որ էլ ավելի գունազարդեն պատկերը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն, օրինակ, վստահ է, որ ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակն այս գագաժողովից հետո կփոխվի: Անշուշտ, նա չի մանրամասնում, թե այդ բանն ինչպես է արվելու, բայց փոխարենն ասում է, որ ձգձգված հակամարտությունները ԵԱՀԿ մտահոգության գլխավոր առականերն են, ինչպես նաև գագաթաժողովի առջև ծառացած գլխավոր առաջադրանքը, և իրենք փորձելու են Ղարաբաղի համար ճանապարհներ գտնել:
Հակամարտությունները կանխող ԵԱՀԿ կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերն իր հերթին է կարծում, որ Աստանայում կայանալիք գագաթաժողովը դրական ազդակ կդառնա ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում։ «Չարժե սպասել, որ հարցը կլուծվի այս գագաթաժողովի շրջանակներում, բայց գոնե կարելի է հույս ունենալ դրական մթնոլորտի հաստատման առումով»,- նախորդներից փոքր-ինչ ավելի մեղմ է դատում նա:
Ի տարբերություն Զայբերի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Պերրեն դե Բրիշամբոն շատ ավելի մարտական է տրամադրված: «Եկել է էջը շրջելու ժամանակը»,- որոշել է նա և հայտնագործություն կատարածի խանդավառությամբ կիսվում է իր «բացահայտման» մանրամասներով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում ու ոգի երկու կողմից, որպեսզի հնարավոր լինի տարածաշրջանում հասնել խաղաղության, և դա Մինսկի խմբի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդիրն է»:
Վերահսկողի և պատասխանատվությունը ստանձնողի արժանապատիվ կեցվածքով իր նախորդներից ետ չի մնում նաև Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, ով խորհրդավորության գույն է հաղորդում գործընթացին` օր առաջ տեղեկացնելով, թե կան հարցեր, որոնք ակտիվ քննարկվում են, և դա համենայնդեպս առիթ է տալիս կարծելու, որ Աստանայի հանդիպումը ինչ-որ առաջընթացի կբերի:
Վերջապես, տանտիրոջ իրավունքով բոլոր շահագրգիռ կողմերի խոսքն է ամփոփում Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Կոնստանտին Ժիգալովը, որի համար չափազանց կարևոր է Աստանայում ընդունվելիք հռչակագրի բովանդակությունը, և նա արդեն իսկ հուսով է, որ իրենց իրապես կհաջողվի հասնել կոնսենսուսային ձեւակերպումների, քանի որ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները հասկանում են, որ անհրաժեշտ է մեծացնել հակամարտությունների վաղ կարգավորման ներուժը: Այս համատեքստում «կձգտենք դրական ներդրում ունենալու որոշակի փորձերի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը ճիշտ արտացոլվի գագաթաժողովի փաստաթղթերում, և հուսանք, որ դա մեզ կհաջողվի»,- ասել է նա:
Թվում` բարենպաստ մթնոլորտի ձևավորման համար արված է ավելին, քան կարելի էր ակնկալել: Բոլորը հետևողական են, բոլորը մտահոգ են մեր ապագայով ու պատրաստ են անշահախնդրորեն օգնել փակուղուց դուրս գալու համար: Ու գուցե թե նրանք իսկապես ունեն տարակուսելու իրավունք, քանի որ թե Հայաստանում, թե Ադրբեջանում քչերն են պատրաստ կիսելու այդ սրտապնդող ավյունը: Հակամարտող կողմերի համար սա պարզապես դիտվում է իբրև հերթական մի վայր, որտեղ կհավաքվեն, կխոսեն ու առաջ կանցնեն` ամեն բան թողնելով նախկինի պես: Առայժմ կողմերի հոռետեսությունը խարխլող միակ առիթը Wikileaks-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերի պատմությունն է, ինչը պատճառ դարձավ մտածելու, թե ԵԱՀԿ գագաթաժողովի նախօրեին դրանց հայտնվելն ամենևին էլ պատահականություն չէր, և այդ աղմկահարույց էջերը կարող են լուրջ ազդեցություն ունենալ ԼՂ խնդրի կարգավորման հարցում` մասնակից կողմերի վրա ճնշում բանեցնելու իմաստով: Սակայն այժմ դրա համար ինչ-որ մեկին մեղադրելու համար ոչ միայն չափազանց ուշ է, այլև հարմար հնարավորություն մեկ անգամ ևս վերհիշելու, որ քաղաքականության մեջ բոլոր միջոցներն ընդունելի են ու արդարացված:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Աստանայից մեկ շաբաթ առաջ

26 Նյմ

Հաշված օրեր են մնացել Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի մեկնարկին: Այս պահին հայտնի է, որ դրա մասնակիցները քննարկելու են ձգձգվող հակամարտությունները (այդ թվում` իրավիճակը Հարավային Կովկասում), սպառազնությունների կրճատման, Աֆղանստանից ու Միջին Ասիայից եկող մարտահրավերների դեմ պայքարի հարցերը, իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ամենայն հավանականությամբ կներկայացնի եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության մասին առաջարկությունը: Գագաթաժողովին մասնակցելու են ԵԱՀԿ անդամ 56 և գործընկեր 12 երկրների նախագահներ ու վարչապետեր, 68 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Ահա նման ներկայանալի ու տարողունակ ընդգրկում խոստացող Աստանայի հեռանկարը, ըստ կազմակերպիչների, կարող է մեծ հույսեր արթնացնել: Իսկ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը ոչ ավել, ոչ պակաս, խոստանում է, որ այն Եվրոպայում անվտանգ կեցության հիմքերը կդնի: Սակայն ոչ բոլորն են Մասիմովի պես հափշտակության գիրկն ընկնում և շարունակում են կարծել, որ ունենալով մի շարք լուրջ անհամաձայնություններ և չունենալով ոչ մի նշանակալի ընդհանրություն, մասնակիցներն իրենց կեցվածքով նոր հանդիպումը կվերածեն գագաթաժողովի` հանուն գագաթաժողովի: Բացի այդ, գագաթաժողովներն այն տեղը չեն, որտեղ ընդունվում եմ կոնկրետ որոշումներ: Մի խոսքով, Աստանայից ակնկալիքները չափազանց ուռճացված են հրամցվել հանրությանը, և այդ շարքում մեծ չափաբաժին էլ հասել նաև Ղարաբաղի խնդրին: Ըստ դիտորդների, թե Հայաստանում, թե Ադրբեջանում այդ բանն արվել է ավելի շատ քարոզչական պատերազմի տրամաբանությամբ: Ընդ որում, կա այն էական տարբերությունը, որ եթե ադրբեջանցիներն ասում են, թե գագաթաժողովից իրենք դրական ակնկալիք ունեն, կարող են ճանապարհային քարտեզ ստորագրել և նման բաներ, ապա հայկական կողմն ընդամենը անորոշ ու թռուցիկ ակնարկներ հնչեցրեց հնարավոր առաջընթացի մասին, այն էլ միայն Ռուսաստանից երկրի նախագահի վերադարձից հետո:
Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ մեր սպասելիքները խիստ համեստ են, այդ դեպքում ո՞րը կարող է լինել աառավելագույնը, ինչը կարելի է հուսալ Աստանայից: Այս հարցի շուրջ ենթադրությունները խիստ տարբեր են: Ոմանք կարծում են, որ դա կլինի մի հայտարարություն, որը կամրագրի, թե Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ են խաղաղ գործընթացին: Հնարավոր է, որ ստորագրվի հումանիտար բնագավառում համագործակցության փաստաթուղթ, ինչպես արվեց Մոսկվայում: Կարող են արծարծվել նաև սահմանում առկա լարվածությունը թուլացնելուն ուղղված հարցեր: Իսկ ոմանք չեն բացառում, որ համանախագահող երեք երկրները քննարկման կներկայացնեն կարգավորման մի նոր փաթեթ, ինչը ամենևին էլ նորարարություն չի լինի, այլ պարզապես ինչ-ինչ թարմացված կետեր որոշակի հստակեցում կհաղորդեն արդեն եղածին ու ոչ ավելին, հակառակ դեպքում կտրուկ փոփոխությունը կհանգեցնի կողմերից մեկի մերժմանը, մի բան, որի ականատեսը եղել ենք շատ անգամներ:
Այնուհանդերձ, եթե մի պահ պատկերացնենք այնպիսի անակնկալ զարգացում, որի պայմաններում փորձ կարվի գագաթաժողովի վերջնական փաստաթղթում մեզ համար անցանկալի ինչ-որ դրույթ ներառել (ՆԱՏՕ-ի բանաձևի օրինակը դեռևս աչքներիս առաջ է), ապա հազիվ թե Հայաստանին այլ բան մնա անելու, քան իր «վետո»-ի իրավունքն օգտագործելու հնարավորությունը: Հատկանշական է, որ այս օրերին նույնիսկ կոչեր հնչեցին այն մասին, թե Սերժ Սարգսյանը կարող է Լիսաբոնից հետո բոյկոտել նաև Աստանան, ինչն, իհարկե, լուրջ չէ և որևէ լավ բանի հանգեցնել չի կարող: Պետք է կարծել, որ ցանկացած պարագայում Հայաստանը կհրաժարվի ստորագրել մի այնպիսի փաստաթուղթ, որը կվնասի մեզ, և հետևողական կլինի առանձնապես այն դեպքում, երբ ներկաները քայլեր կձեռնարկեն վերահաստատելու առկա բանակցային գործընթացի ֆորմատը:
Ի դեպ, մեր հանգստությունն ու լավատեսությունը ոչ բոլորն են կիսում: Օրինակ, Կարնեգի հիմնադրամի Հարավային Կովկասի փորձագետ, բրիտանացի Թոմաս դե Վաալը հայտարարել է, որ թեև չկա ոչ մի հիմք ենթադրելու, թե Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում քաղաքական բեկում կլինի Լեռնային Ղարաբաղի հարցով, սակայն նաև հավելել է, որ խաղաղության պայմանագրի ձեռքբերման հարցում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վրա ճնշում կարող է լինել միայն արտաքին ուժերի կողմից: Բրիտանացու այս վիճահարույց դրույթի խոցելի կետերից մեկն այն է, թե արդյոք միջազգային ուժերը բավականաչափ հետաքրքրված չեն նման մեթոդների կիրառմամբ ու դրանց հետևանքներով և արդյոք ունեն այն անհրաժեշտ ռեսուրսները, որոնք թույլ պիտի տան հայերից և ադրբեջանցիներից խաղաղության պայմանագիր կորզել:
Աստանայից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանը անհրաժեշտ համարեց գագաթաժողովի ընթացքում ղարաբաղյան հարցի լուծման պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա։ «Ղարաբաղյան հակամարտության հարցում որոշակի առաջխաղացման հասնելու հնարավորությունը կախված է Հայաստանի դիրքորոշումից»,- հայտարարեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը։ Սա սեփական պատասխանատվությունը հարվածի տակ չդնելու արդեն հնացած ու անարդյունավետ միջոց է, ինչը հազիվ թե լուրջ ուշադրության արժանանա որևէ մեկի կողմից: Պարզապես Բաքվում հասկանում են, որ վերջին շրջանում իրենց ջանքերով կուտակված բացասական լիցքերը նորանոր բարդություններ ու խոչընդոտներ են ստեղծել, և այժմ ցանկություն ունեն դրանք վերագրել հարևանին, որպեսզի Աստանայում ներկայանան մաքուր ձեռքերով: Բայց Ղազախստանում այս անգամ կնայեն ոչ թե ձեռքերի մաքրությանը, այլ այն մտադրություններին, որոնք մտմտում են կողմերը ապագայի համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Երեք սկզբունք, վեց տարր

21 Հկտ

Հիմա այլևս ոչ մեկին չես զարմացնի այն տեղեկատվությամբ, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանելու են տարածաշրջան: Բայց արի ու տես, որ նույնիսկ այս սովորական դարձած անցուդարձը կարող է իր անակնկալները մատուցել: Լուրն այն մասին, որ եռանախագահները նոյեմբերի սկզբին հերթական այցով կլինեն մեզ մոտ, հենց նմանատիպ հանկարծակիների շարքից էր: Կարծես թե այս անգամ ոչ ոք այդքան վաղ նրանց չէր սպասում և ոչ էլ իրենք էին վաղօրոք այդ մասին տեղեկացրել: Եվ այնուամենայնիվ, նրանք գալու են: Միջնորդները ծրագրել են հանդիպումներ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Ենթադրվում է, որ այլ քննարկումների շարքում համանախագահները կառաջարկեն նաև կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նստաշրջանում, որ տեղի է ունենալու Ստրասբուրգում, նոյեմբերի 10-ին: Սակայն մինչ Կովկաս հասնելը նրանք ԵԱՀԿ-ին ու հակամարտության կողմերին ներքին հաշվետվություն կներկայացնեն հոկտեմբերին Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված Դաշտային առաքելության արդյունքների մասին: Թե Երևանում և թե Բաքվում ակնկալում են, որ այդ հաշվետվությունը կլինի առավելագույնս անկողմակալ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրը ցանկանում է այնտեղ տեսնել իր շահերի ու դիրքորոշումների պաշտպանությունը:
Գալով Մինսկի խմբի ներկայացուցիչների վերաբերմունքի հարցին, ասենք, որ ըստ հայկական կողմի, նրանց դիրքորոշման մեջ դրական էվոլյուցիա է նկատվում։ Գոնե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանը նման տեղաշարժ նշմարել է և դա մեկնաբանում է հետևյալ կերպ. ,- ասում է նախարարը: Պաշտոնական Երևանը նաև կարծում է, թե համանախագահների այն միտքը, որ միջազգային իրավունքի բոլոր երեք սկզբունքները (տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում) անբաժանելի են, առաջին հերթին հասցեագրված է Բաքվին։ Իսկ սա, հայկական կողմի դիտարկմամբ, հերթական բացառիկությունն է հաղորդում մեր հիմնահարցին, քանի որ :
Թե ի՞նչ կարող է տալ եզակին լինելու այդ առանձնաշնորհը, մինչ այժմ պարզ չէ ու որևէ կերպ չի դրսևորվել: Փոխարենը կա գոհունակություն այն բանի համար, որ բանակցությունները տարվում են ներկայիս ձևաչափում: Այն միտքը, որ Մինսկի խումբը կարող է ինչ-որ ժամանակ սպառել իրեն, առայժմ կարծես թե հնարավոր չի համարվում: Սակայն եթե այնուամենայնիվ նման բան կատարվի, ապա Հայաստանը չի բացառում այլ տարբերակների քննարկումը:
Իհարկե, փոքր-ինչ դժվար է պատկերացնել, թե ի՞նչ այլընտրանքային տարբերակներ կարող են նպաստավոր արդյունավետության երաշխավորը դառնալ մեզ համար այն բանից հետո, երբ այնպես սովորել ու կապվել ենք արդեն հիշատակված երեք սկզբունքների հետ, և դեռ դրանց էլ գումարած` այն վեց տարրերը, որոնք, ըստ դիվանագետների, ընկած են իրենց բանակցությունների հիմքում` փաստացիորեն կազմելով մադրիդյան սկզբունքների ատաղձը: Իսկ անորոշ կացության մեջ հայտնվելու հեռանկարը քչերին է այսօր հրապուրում: Նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի- մունը օրերս հայտարարեց, որ, իր կարծիքով, Մինսկի խումբն աշխատում է շատ ջանասիրաբար: Ու թեև հավելեց, որ ,- սակայն նրա խոսքերից դժվար չէր գլխի ընկնել, որ ՄԱԿ-ին լիովին բավարարում է այն վիճակը, երբ ինքն այդ գլխացավանքից հեռու է, իսկ ԵԱՀԿ-ն չի պնդում մեկ այլ կառույցի օժանդակություն-միջամտությունը:
Եվրոպացիներն, ընդհակառակն, ոչ միայն շարունակում են հետևողական մնալ իրենց ստանձնած պարտավորությանը, այլև վերջին շրջանում ակնհայտորեն շտապում են: Պետք է կարծել, որ բոլորին էլ փոքր-ինչ հոգնեցրել ու ձանձրացրել է այս խնդիրը, որի ավարտը ոչ մի գնով չի երևում: ,- հայտարարեց Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը,- : Արդյո՞ք հավաքականություն ասելով Լիդինգթոնը նկատի ունի ավելին, քան Մինսկի խմբի կազմն է, և արդյո՞ք մասնակիցների թվի ավելացումը հակադարձ համեմատական չի լինի հիմնախնդրի կարգավորման շահեկանությանը, սրանք դեռ վիճարկելի հարցեր են: Եվս մի շահագրգիռ կողմ էլ շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որ հեռվից ժամանակ առ ժամանակ հավաստում էր իր գոյությունը: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը վերջերս դարձյալ կրկնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հաշտեցում ձեռք բերել և որ :
Բոլորն անխտիր կարևորում են հակամարտության խաղաղ ելքը, սակայն յուրաքանչյուրն այդ ավարտի իր պատկերացումներն ունի: Ու գուցե հենց այդ տարակարծությունների ավելացող բեռն է պատճառը, որ ամեն անգամ նրանք տարածաշրջան են առաքում համանախագահներին, քանի որ ավելին անելու հնարավորություն առայժ չկա: Գոնե կարելի է պահպանել եղած նվազագույնը, մինչև որ ժամանակը կմատուցի պատեհ առիթը:
Ի դեպ, այս թեմայի վերջին նորություններից: Կարծիք կա, որ Գերմանիան ավելի ու ավելի է հետաքրքրվում Լեռնային Ղարաբաղի խնդրով և նրա լուծման ուղիներով: Սա ոմանց թույլ է տվել մտածելու, թե գերմանացիները նույնիսկ կարող են ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխարինել Ֆրանսիային: Իբրև փաստարկ հիշատակվում է այն, որ Գերմանիայի ներկայացուցիչը մասնակցել է ԵԱՀԿ գնահատման առաքելությանը։ Ինչ խոսք, հիմնավորումը թույլ է և քննության չի դիմանում: Բայց միայն այն փաստը, որ այս տարբերակը ևս կարող էր արծարծվել, արդեն իսկ խորհելու տեղիք է տալիս:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: