Tag Archives: Դսեղ

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍԻՐՏԸ

19 Փտր

1923 թ. ապրիլի 15-ին Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում, դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքննության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:

Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն Հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ?????

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

8 Փտր

1918 թվականի գարունն էր: Թուրքական բանակը պաշարել էր Ղարաքիլիսան: Այդ օրերին քաղաքում էր գտնվում նաև Հովհաննես Թումանյանը: Շուտով լուր ստացան, որ թուրքական բանակը ճեղքել է ճակատն ու քաղաք է մտնում: Նահանջի միակ ճանապարհը, որ տանում էր դեպի հյուսիս, լցվեց խուճապահար գաղթականներով ու քաղաքի բնակիչներով: Այդ խմբերից մեկի հետ էլ Թումանյանը բռնեց Դսեղ տանող ճանապարհը:

Նրանք գյուղ հասան 1918-ի մայիսի 28-ին: Դեռ ոչ ոք ոչինչ չգիտեր Սարդարապատի հաղթանակի ու Հայաստանի անկախության հռչակման մասին: Ուժասպառ ու քաղցած մարդիկ նստոտեցին հենց Թումանյանի հայրական տան բակում: Մթնում էր: Խարույկ վառեցին: Բոլորը ճնշված էին ու տխուր: Թումանյանն էլ նրանց հետ նստեց մի կոճղի վրա և մարդկանց ծանր մտքերը գոնե մի փոքր մեղմելու հույսով սկսեց զանազան ուրախ լեգենդներ, առակներ, հեքիաթներ պատմել հավաքվածների համար: Այդպես շարունակվեց այնքան, մինչև որ մարդիկ կամաց- կամաց քուն մտան: Իսկ հետո ականատեսը պատմում է. «Չեմ հիշում` ինչքան էի քնել, բայց երբ գիշերվա կեսին աչքս բաց արի և վրա նստեցի` միանգամից գլխի չընկնելով, թե որտեղ եմ գտնվում, աչքիս առաջ ներկայացավ անհուսալիորեն ցնցող մի պատկեր: Խորին լռություն էր ու խավար, որ լուսավորվում էր աստղերի առկայծումներով և մարող խարույկի լույսով: Իսկ խարույկի կողքին, նույն կոճղի վրա նստած էր Թումանյանը, միակ մարդը, որ քուն չէր մտել այդ գիշեր: Նա ձեռքի փայտով դանդաղ խառնում էր կրակը` գլուխը հակած կրծքին, և նրա աննկարագրելի տրտում դեմքի վրայով հոսում ու հոսում էին արցունքները…»:

©Հովիկ Չարխչյան

55854_b

%d bloggers like this: