Tag Archives: Դլիջան

ԳՈՐԿԻՆ ԵՐԵՎԱՆԸ ԼՔԵՑ ԱՌԱՆՑ ՀՐԱԺԵՇՏԻ

10 Հլս

Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում մի գեղեցիկ, հնաոճ շինություն կա, որի պատին ցուցանակ է փակցված. «Այս տանը 1928 թ. իջևանել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին»: Ժամանակին առիթ եմ ունեցել լսելու պնդումներ, թե Գորկին այս տանն ընդհանրապես չի եղել, բայց քանի որ նախատեսված էր, որ նա այստեղ գիշերեր, այդ պատճառով էլ ցուցանակը հետագայում տեղադրել են: Սակայն իրականությունն այլ բան է ասում: Եվ ոչ միայն ցուցանակի մասին:2013-04-30 093
1928 թվականի ամռանը անսպասելի լուրը տարածվեց երկրով մեկ. «Գորկին Հայաստան է գալիս»: Հեղափոխության երգիչն ու մրրկահավը, Լենինի ու Ստալինի մտերիմը, սովետների երկրի թիվ մեկ գրողը պիտի այցելեր հայերի հողը: Համաձայն պաշտոնական տեղեկության, Գորկին հուլիսի 25-ի առավոտյան Թիֆլիսից Ղարաքիլիսա (Վանաձոր) էր ժամանելու: Նրան դիմավորելու համար շտապ այնտեղ մեկնեցին Ժոմկոմխորհի նախագահ Ս. Տեր- Գաբրիելյանը, Լուսժողկոմ Ա. Մռավյանը և Կենտգործկոմի քարտուղար Ռ. Դաշտոյանը: Օրն անձրևային էր, սակայն լուսաբացին քաղաքի երկաթուղային կայարանում դիմավորելու համար հավաքվել էր հսկա բազմություն՝ պաշտոնական դեմքեր, գրողներ, երկաթգծի բանվորներ, արհմիությունների ներկայացուցիչներ, կոմերիտականներ ու պիոներներ:
Եվ ահա ուժգին սուլոցով կառամատույց է մտնում գնացքը: Մարդիկ բուռն ծափահարություններով և ուռաներով դիմավորում են նրա մուտքը: Շարժակազմը կանգ է առնում: Դռները բացվում եմ: Բոլորն անհամբերությամբ սպասում են: Բայց Գորկին չկա: Անցնում են րոպեները: Ոչ մի շարժում, վագոնից ոչ ոք դուրս չի գալիս: Ստիպված որոշում են պարզել, թե ինչ է կատարվում: Գրող Վահրամ Ալազանը համընդհանուր շփոթմունքին հաջորդած պատկերն այսպես է ներկայացնում. «…Մտնում ենք ներս: Ահա կարմիր պղնձագույն դեմքը ծռած՝ հանգիստ կերպով թեյ է խմում: Դրսում` հուզմունք ու համբերահատություն: Ներսում` հանգիստ ու անտարբերություն»:
Այդ պահվածքի մեջ վիրավորական երանգներ կային, բայց ինչ-որ մեկը որոշեց եղածը վերագրել Գորկու բացառիկ համեստությանը, բազմությունն էլ այդ խայծը կտցեց, և երբ վերջապես նա դուրս ելավ վագոնից, հավաքվածների խնդության ու խանդավառության փոթորիկը պայթեց օդում: Ալեքսեյ Մաքսիմովիչը նստեց մեքենան և նրան կայարանից տարան քաղաքի հանգստյան տուն: Նա լուսանկարվեց հանգստացողների հետ, իսկ տեղի պարտիզպանը երկու մեծ ծաղկեփունջ նվիրեց գրողին: Այնուհետև Գորկին ուղղություն վերցրեց դեպի Դիլիջան՝ ճանապարհին մի կարճ կանգառ անելով Վարդանլու գյուղի մոտ գտնվող պիոներական ճամբարում:Gorki-Hayastan
Տոնական ու հանդիսավոր տրամադրություն էր նաև Դիլիջանում: Շարված էր զորքը, սպասում էին տեղացիներն ու հյուրերը: Քաղաքի նոր հյուրանոցի շենքի առաջ կայացավ դիմավորման միտինգը: Հնչեցին ելույթներ, որից հետո Գորկին մի փոքր զբոսնեց ու կարգադրեց ճանապարհ ընկնել: Առջևում Սևանն էր: Հետագայում նա իր ուղեգրության մեջ այսպիսի գրառում պիտի կատարեր.
«Դիլիջանի դաշտում ընկերներից ինչ-որ մեկը կիսաձայն ասաց.
— Թուրքերն այստեղ շատ հայերի են կոտորել:
— Դե ինչու՞ այդ մասին հիշել այսպիսի գեղեցկության գրկում,- պատասխանեցին նրան:
Այո, զարմանալի գեղեցիկ է: Կարծես լեռները գրկել ու պահպանում են դաշտը կենդանի էակների սիրով ու քնքշությամբ»:
Գորկին հիացած էր Հայաստանով, բայց ոչ նոր ժամանակների հայաստանցիներով, ովքեր փորձում էին ամեն կերպ շրջանցել անցյալի «անհարմար» փաստերը: Իր գրառումներում գրողն այդ մարդկանց հեգնանքով անվանում էր «պարոնայք հումանիստներ, իդեալիստներ ու մշակույթի պահապաններ», որոնց դավանած արժեքները հիմնված էին ցինիզմի վրա: Իսկ հիմա նա պիտի տեսներ նաև նոր ժամանակների գյուղերն ու դրանց բնակիչներին, որոնց ծայրահեղ աղքատությունը ցնցում է Գորկուն: Երբ կանգ են առնում Ելենովկայում (այժմ՝ Սևան քաղաք), նրան տանում են դիտելու լիճը, ծանոթանալու ձկնաբուծության փորձերի և գիտական աշխատանքների հետ, սակայն թանկագին հյուրի համար անջնջելի են մնում իր զրույցները տեղաբնակների հետ, որոնք ապրում էին միջնադարի կենցաղով ու անտեղյակ էին մեծ աշխարհի անցուդարձից:
Օրվա երկրորդ կեսին Մաքսիմ Գորկին արդեն Երևանում էր: Այստեղ նրա համար նախատեսել էին գերհագեցած ծրագիր: Սկզբում հանդիսավոր նիստն էր Կուլտուրայի տանը, հետո գրողը ծանոթացավ Երևանի արդյունաբերական և կուլտուրական կյանքին: Պատմության թանգարանում տպավորված էր մագաղաթե ձեռագրերով, պատկերասրահում հիացավ Մարտիրոս Սարյանի կտավներով: Այնուհետև մամուլը հայտնում էր. «Նախաճաշից հետո պրոլետգրող Եղիշե Չարենցը Մաքսիմ Գորկուն մատուցեց իր «Երկիր Նայիրի» գրվածքի ռուսերեն թարգմանությունը: Գորկին շնորհակալություն հայտնեց Չարենցին և խոստացավ նամակ գրել նրան այդ գրքի մասին, որը նա սկսել է կարդալ դեռ Իտալիայում»:Մաքսիմ Գորկու դիմավորումը դիլիջանում
Գորկուն ուղեկցեցին հիդրոկայան, բամբակազտիչ գործարան, ապա գնացին Ձեթ- օճառի գործարան: Մի զավեշտալի դրվագ կա՝ կապված այդ այցի հետ: Գործարանում նա առանձին ուշադրությամբ էր դիտում մեքենայի ամեն մի շարժումը: Ափի մեջ բռնում էր բամբակի հունտը, գցում ատամի տակ, ծամում, վերցնում էր թեփը, քուսպը, ուշադիր զննում էր ամեն բան: Այդ ժամանակ որոշում են նրան ցուցադրել բանվոր «արձանագործի» կերտած Լենինի օճառե կիսանդրին: Գորկին վերցնում է քանդակը, շուռումուռ է տալիս և հանկարծ ասում է, որ իրեն առավելապես հետաքրքրում է օճառի որակը: Դրա համար էլ պոկում է Լենինից մի փոքրիկ կտոր, թրջում շրթունքներում, ապա սկսում է մատներով տրորել: Մինչ ներկաները ապշած դիտում էին, թե ինչպես էր անարգվում հեղափոխության մեծ առաջնորդը, Գորկին շարունակում է աշխուժորեն բացատրել, թե ուզում էր ընդամենը իմանալ՝ փրփուր տալի՞ս է այդ օճառը, որից իր սիրելի ընկերոջ կիսանդրին էին կերտել:
Այցելությունների կարևոր վայրերից մեկն էլ դառնում է «Արարատ» գինու գործարանը, որի նկուղներում հիացած հյուրը առատորեն համտեսում է տակառների թունդ պարունակությունը: Ասում են, թե հենց այստեղ էլ նա արտասանել է իր նշանավոր խոսքերը. «Երևի ավելի հեշտ է Արարատ լեռը բարձրանալ, քան բարձրանալ «Արարատի» նկուղից»:
Հենց այդպես՝ գինովցած էլ Գորկին գնաց մասնակցելու մեծ միտինգին, որ կայացավ քաղաքային այգում, շուրջ 10 հազար երևանցիների ներկայությամբ: Փոթորկալից օվացիաներով, խնդության բացականչություններով և համատարած ուրախությամբ դիմավորեցին նրան, Գորկին մի ճառ արտասանեց, որն ըստ էության խորհրդային երկրի ու հեղափոխության գովքն էր: Իսկ երեկոյան նույն այգում նրա համար մեծ համերգ տվեցին: Կոնսերվատորիայի սաները կատարեցին Սպենդիարյանի ստեղծագործություններից, իսկ պարախումբը ցուցադրեց Սասունցիների պարը: Սա անջնջելի տպավորություն թողեց Գորկու վրա: Հետագայում նա այդ տեսարանը պիտի վերհիշեր այսպիսի գույներով. «Տաքացած երգում է դուդուկը, բայց նրա բարձր ձայնը արդեն ականջ ծակող չի թվում, բարձր, բայց փափկորեն չափ է խփում թմբուկը, և այդ երաժշտության ետևում տեսնում ես մեկ ուրիշը՝ մարդկային ճկուն մարմնի զարմանալի գեղեցիկ շարժումների երաժշտությունը, ազատ խաղը վառ հագուստների բազմերանգ ալիքների մեջ: Այն պահերին, երբ բազմագլուխ մարմնի շարժումների սլացիկությունը աճելով փոխվում էր ոսկե և ծիածանագույն փոթորկի, ես սպասում էի, որ պարողների շղթան կկտրվի առանձին օղակների, բայց այդ փոթորկի մեջ էլ նրանք պահպանում էին շարժումների միահամուռ շարժունությունը՝ մեծացնելով և խորացնելով ուժի ու միասնության տպավորությունը: Երբեք ես չէի տեսել և չէի կարող երևակայել այդպիսի կատարյալ միաձուլության պատկեր, շատերի համախմբվածություն մի միասնական գործողության մեջ: Այդ շատ հինավուրց պարի մեջ անտարակույս թաքնված էր ինչ-որ խորհրդանշական բան, բայց ինձ չհաջողվեց պարզել, թե ինչ է դա` քրմերի կրոնական պա՞ր, թե՞ ռազմիկների պար… Անտարակույս, սասունցի հայերի պարը ռազմիկների հաղթական պար է»:caption
Համաձայն այդ օրերի մամուլի տեղեկություների, երեկոյան ժամը 9-ին Մ. Գորկին Մյասնիկյանի անվան գրադարանում տեսակցություն է ունեցել Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի, Աշխատավորական գրողների միության անդամների և մամուլի աշխատակիցների հետ: Սակայն այլ աղբյուրներ վկայում են, որ իրականում հանդիպումը կայացել էր Բանկոոպի թեյարանում: Դատելով արձագանքներից, զրույցն այնքան էլ աշխույժ և հետաքրքիր չի անցել՝ հերթապահ հարցեր, հերթապահ պատասխաններ: Օրվա անցուդարձից հոգնած ռուս գրողը իր գործն ավարտած մարդու շտապողականությամբ հեռացել է հավաքից և գնացել էր իրեն հատկացված բնակարանը՝ հենց այն տունը, որտեղ այսօր ցուցանակն է փակցված: Իսկ երբ առավոտը բացվեց, նա արդեն Երևանում չէր: Գորկին Թիֆլիս էր մեկնել՝ առանց հրաժեշտ տալու:
Իբրև վերջաբան՝ այս պատմությանը կցենք այդ օրերին «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրված լուրը՝ «Մաքսիմ Գորկին Հայաստանում» վավերագրական ժապավենի մասին: Այնտեղ մասնավորապես ասվում էր. «Մաքսիմ Գորկին Երևանում» կինոժապավենը կիսով չափ միայն կարող է գոհացուցիչ համարվել, որովհետև միանգամայն անհայտ պատճառներով խրոնիկայում բոլորովին բացակայում են Երևանում գրողի մնալու կադրերը, օրինակ` գործարանները, հիդրոկայան, թանգարան այցելելը: Վերջապես այն վիթխարի միտինգը, որը կազմակերպվել էր Կոմունարների այգում Մաքսիմ Գորկու մասնակցությամբ , ապա` հանդիսավոր ընդունելությունը, օվացիաները, որոնք ցույց տվին բազմահազար ընթերցողները մեծ գրողին:
Ինչ վերաբերվում է հանված կադրերին, չի կարելի չխոստովանել, որ հաջող են թե լուսանկարները, թե մոնտաժի սյուժետային կառուցվածքը և թե դինամիկ լինելը` չնայած աննպաստ պայմաններին»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ0_7bc7e_3e553f5a_L

%d bloggers like this: