Tag Archives: դիմակ

ԼՈՐԵՆՑՈ ԼԻԿԱԼՑԻ

12 Հնվ

Կյանքը սպասում է, երկարատև սպասում, և փախուստն իրականությունից` այսինքն կարոտից, միայնությունից, մահվան վախից և գլխավորը` ինքդ քեզնից, սոսկ ժամանկին մոլորեցնելու փորձեր են: Բայց փախուստը սխալ է: Այդ բոլորից ձերբազատվելու լավագույն միջոցը կանգ առնելն է ու փորձել հասկանալ, թե ումից ես փախչում և ինչու: Միայն այդպես կարելի է պոկել դիմակն այն գործող անձի դեմքից, ով քո դերն է խաղում քո կյանքում, միայն այդպես կարելի է կտրել քո նկատմամբ ուրիշների սպասումի շղթաները, միայն այդպես օր ծերության կկարողանաս խուսափել քեզ նրա ծաղրանկարը դարձնելուց, ով եղել ես պատնության տարիներին:985

ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ

12 Փտր

Կյանքն առավել լավ ես տեսնում, եթե նրան դիտում ես միակ պատուհանից: Բարդ է ոչ թե կյանքը, այլ այն ուղղորդելու և վերահսկելու խնդիրը:
Եթե հաջողության ես հասել, եթե իրոք արժանի ես դարձել դրան, ապա սոսկ սեփական անհատականությամբ անգույն կյանք կունենաս: Դու պետք է փրկարար պատճեններով պաշտպանվես ինքդ քեզնից, պետք է շտապով ստեղծես դրանք այն ամենից, ինչ կա ձեռքիդ տակ՝ ոգելից խմիչք, բորսային գործարք, կարգ ու կռիվ, գռեհկություն, թռչունների ոչնչացում, կին, կեղծիք: Կարևոր չէ, թե ինչ, միայն թե պարտակես այն, որ լոկ դու ունես և ուրիշ ոչ ոք: Համենայն դեպս, պետք է այսպես կարծես: Նկատի ունեցիր. եթե թողնես, որ ձեռք տան քո «ես»-ին, կկործանես այն: Պետք է միշտ գաղտնի պահես քո ներքին հնարավորությունները, թաքցնես դրանք լկտի աչքերից ու անմաքուր ձեռքերից… Դժբախտությունն այն է միայն, որ մեր պաշտպանական դիմակավորումը մեզնից ուժեղ է դուրս գալիս:

ՄԱՔՍԻՄԻԼԻԱՆ ՎՈԼՈՇԻՆ

21 Դկտ

ԴԵՄՔ, ԴԻՄԱԿ ԵՎ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆ
Մենք մերկությունից ամաչում ենք ամենից առաջ այն պատճառով, որ այն ընդունված չէ: Հետո ամաչում ենք այն պատճառով, որ մեր մարմինը որպես դեմք չենք զգում: Մենք չգիտենք նրա արտահայտությունները, նրա մկանունքի խաղը, մենք չենք կարողանում տիրապետել նրան եւ խաղալ այնպես, ինչպես դեմքով ենք խաղում, չենք կարող նրա միջոցով ստել, այսինքն` նրան հագցնել այն հոգեւոր դիմակը, որ միշտ պատրաստ է սքողելու հոգու նվիրական ամեն մի շարժում: Մարմնի բոլոր պարզագույն շարժումների աստիճանական գիտակցման եղանակով կառուցված պարը, որ կիրառվում է այստեղ, ողջ մարմնի դեմքի աստիճանական զարգացումն է: Եվ քանի որ այն ճշմարիտ է, եւ մաքուր ու անկեղծ մերկություն է պահանջում: Եվ մերկության ամոթը կսկսի վերանալ ամբողջ մարմնի ինքնագիտակցությամբ, օժտված դեմքի, այսինքն` մարմնի դիմակի գոյանալուն համեմատ: Նյութական հագուստը կփոխարինվի հոգեւոր հագուստով: Զգացմունքային հագուստը, այլ ոչ թե մերկությունը: Զգացմունքային են այն նրբակերտ մերկությունները, որոնցով խաղում է արդի հագուստը:
Ինչպես արդեն հիշատակել ենք, հագուստը սոսկ մասամբ է ծնվում, որպես մարմինը ցրտից պաշտպանելու միջոց: Հագուստն ամենից առաջ ծնվում է իբրեւ մարմնի զարդարանք, իբրև մարմնի հայտնի մանրամասների վրա ուշադրություն բեւեռելու միջոց: Այն մղումը, որ վայրի մարդուն հակում է հագուստի առաջին գունագեղ կտորտանքին, բնավ էլ ամոթխածությունը չէ, այլ` անամոթությունը: Սակայն զգայականի բնագավառում ցանկացած խիզախում հակում ունի արագ նորաձեւության վերածվելու: Նորաձեւությանը չհետեւողը հասարակական տեսակետից անընդունելի արարք է կատարում: Այն, ինչ ընդունված չէ` ամոթալի է: Եվ ահա ծնվում է այլոց նման անամոթ շարժումներ չանելու ամոթը: Ահա այն հոգեբանական ոլորքը, որով պայմանավորված է հագուստի ծնունդը:
Հագուստի ողջ պատմությունը մարդկային զգացմունքայնության պատմությունն է: Սքողելով ուշադրություն հրավիրել, քողարկելով` ցուցադրել, թաքցնելով` ի հայտ բերել. ահա հագուստի զգայական գեղագիտությունը կառավարող հիմնական մոտիվները:
Ողջ արվեստն ընդհանրապես, իսկ գեղակերպայինը (պլաստիկ) և զարդանախշայինը (դեկորատիվ)` հատկապես զգայականության բազմազան կերպափոխություններն են ներկայացնում: Ժամանակակից ողջ մշակույթն է հիմնված զգայականության վրա: Արվեստն այլ կերպ չի կարող լինել, քան աշխարհի հանդեպ մեր զգայական վերաբերմունքի բյուրեղացում:

Թարգմ. Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

%d bloggers like this: