Tag Archives: դիմակներ

ԲԵՐՆԱՐ ԲՈՒԱ ԴԱԴՅԵ

5 Ապր

ԴԻՄԱԿՆԵՐ

Դիմակներ…
Սպիտակ, սև դիմակներ:
Դիմակներ ցանկացած գույնի:
Ես ոչ մի աղոթքով չեմ գալու
Ձեզ մոտ, դիմակներ մահվան, սովի, ծարավի:

Դիմակներ անմարմին, աներազ
Օ, անմիտ դիմակների շուրջպար
Արցունքներով արծաթազօծ պալատների բոլորը:

Դիմակներ` ժամանակների սահմանագծում,
Ես կմերկացնեմ այդ դեմքերը,
որ ազատություն գտնի հրճվանքը:
Դիմակներ` բրոնզե ու երկաթե,
արծաթյա ու պղնձե,
փայտից ու ոսկուց:

Դիմակներով ծածկված դիմակներ,
արդյոք տեսե՞լ եք, թե ինչպես են ծնվում ջրերը,
հոսում աստղերը,
ստեղծվում ցամաքները:
Ինչպես է թռչնակը գործում
իր առաջին թռիչքը
արևի ձեռքով հյուսված առաջին
արևածագին:

Դիմակներ, դիմակներ…
Ձեզանից առաջ այս հողի վրա է եղել բառը:
Եվ պոետներ են եղել: Ահա թե ինչպիսին է
Տերը կավից արարել աշխարհը:
Անկենդան դիմակներ, ձեր վերևը աստղերը
չեն շողում:
Իսկ մենք մեր ուսերին տանում ենք
աստղերով լեցուն զամբյուղներ
և աստղեր ներհյուսում մեր հագուստի մեջ,
և աստղերով սալարկում ենք մեր ճամփան
և բուռ-բուռ աստղեր ենք ցանում
խավար գիշերին և ձեր խավարի վրա,
դիմակներ…

Դիմակներ…
Դիմակներ գերեզմանոցի մշուշում,
Դիմակներ խաչուղիներում, դիմակներ
պատվանդանների վրա,
Դիմակներ դագաղներում:
Մենք ձեզ համար ընդմիշտ հանելուկ կմնանք:
Քանզի մենք Արևի որդիներն ենք:

%d bloggers like this: