Tag Archives: Դիլիջան

ԴԻԼԻՋԱՆԻ ԱՂԵՏԸ

28 Օգս

Եղանակի կտրուկ փոփոխությունները, բնության անոմալ երևույթները մեր օրերում պայմանավորում են գլոբալ տաքացումներով: Իսկ 1927 թվականին Հայաստանում ոչ ոք չէր խոսում դրա մասին: Եվ երբ օգոստոսյան մի խաղաղ օր ահավոր փոթորիկը ասպատակեց Հայաստանով մեկ՝ Երևանից մինչև Իջևան՝ իր թիկունքում թողնելով ավերածություններ ու զոհեր, այն ժամանակ քչերին էր մտագոհում դրա առաջացման պատճառները: Մայրաքաղաքը, Ներքին Ախտան, Ծաղկաձորը, Քարվանսարան, Սևանը մեծապես տուժել էին վերահաս աղետից: Բայց այն, ինչ այդ օրը կատարվել էր Դիլիջանում, վեր էր բոլոր պատկերացումներից:դիլիջան-ընդհանուր տեսք, 1932
1927 թ. օգոստոսի 16-ին Դիլիջանում խաղաղ, հաճելի օր էր: Քաղաքը լի էր հանգստացողներով, մարդիկ վայելում էին զով եղանակն ու գեղեցիկ բնությունը, երբ կեսօրից հետո՝ ժամը 13-ի սահմաններում սկսեց անձրևել: Հետո հանկարծ քամին ուժգնացավ, կարճ ժամանակում վերածվեց իսկական մրրիկի և դրան գումարվեցին ուժգին տեղատարափն ու հեղեղը: Լեռնալանջերից հոսող պղտոր ջրերը իսկույն ողողոցին Հին ու Նոր Դիլիջանների փողոցները՝ իրենց հետ ներքև բերելով հսկայական քարաբեկորներ, 50-60 փթանոց ժայռեր: Քաղաքամիջով հոսող գետը դուրս եկավ ափերից: Այնպես էր ստացվել, որ այդ ժամանակ գետափին դարսված էին շուրջ 4000 գերաններ: Հեղեղը դրանք նետեց գետը, ջրերի հետ հոսելով սրանք խցանեցին կամուրջը, ալիքները բախվեցին խոչընդոտին, հորձանք տվեցին ու բարձրացան: Այլևս փրկություն չկար:
Բարձրացող ջրերը հաշված րոպեների ընթացքում ողողեցին քաղաքը: Առաջինը ջրի տակ անցան առափնյա տները, միլիցիայի պահակակետն ու բանտը: Տեսնելով, որ այլ ելք չկա, օրենքի պաշտպանները բացեցին կալանավայրի դռները և շուրջ 50 բանտարկյալների վերջին պահին փրկեցին անխուսափելի մահից: Հետո արդեն նրանք միասին՝ միլիցիոներ ու կալանավոր, նետվեցին ազատելու բնակիչներին: Այս անձնազոհ մարդիկ բարձրանում էին տների կտուրները, անցք էին բացում այնտեղ ու բնակիչներին մեկ առ մեկ տանիք էին հանում: Հեղեղի առաջին ժամերին այդպես հաջողվեց փրկել ավելի քան 40 դիլիջանցու:դիլիջան-32
Խուճապը, տագնապը, հուզմունքը միաձուլվել էին իրար: Մի տեղ մարդիկ արցունքներն աչքերին՝ համբուրում էին իրենց փրկարարների ձեռքերը, մի այլ կետում անհավասար պայքար էր ընթանում անզուսպ տարերքի դեմ: Պատմում են, որ ալիքները մի տնից քշել-տարել էին մի 10 տարեկան աղջկա, որ անհույս կերպով թպրտում է ալիքների մեջ: Եվ ահա բնակիչներից մեկը` Համբարձում Վարդանյանը, տալով պարանի մի ծայրը ընկերոջը և մյուս ծայրը պահելով իր ձեռքին` նետվում է հեղեղի մեջ ու ազատում է աղջկան: Խոսում էին նաև մի գյուղացու մասին, որը ջրի հոսանքից իր ձիերն ազատելիս նկատել էր խեղդվող երեխայի, թողել էր ձիերը և ազատել փոքրիկին: Սակայն մարդկային զոհեր այնուամենայնիվ կային: Թերթերը գրեցին, որ խեղդվել են 3 երեխա, մի ծերունի` ռուսական Դոլովի գյուղից, ինչպես նաև գետից դուրս էին բերել մի անճանաչելի դարձած դիակ:
Երբ մի քանի ժամ անց մրրիկը հանդարտվեց, Դիլիջանն ու շրջակայքը մարտադաշտի էին նման: Ավելի ուշ այստեղ ժամանած հատուկ հանձնաժողովը պիտի արձանագրեր, որ վնասված ու քանդված էին 63 տուն և 20 խանութ: Անօթևան էին մնացել 52 ընտանիք: Շարքից դուրս էր եկել տեղի աղյուսի գործարանի վառարանը, 80000 աղյուսներ, սղոցարանից հեղեղը քշել- տարել էր ամեն բան, վնասված էին էլեկտրակայանը, երկու ջրմուղները, բանջարանոցներ և այգիներ: Սպանվել էին մեծ թվով եղջերավոր անասուններ: Ջուրը լցվել էր ներքնահարկերն ու պահեստները, և քաղաքում հացի տագնապ էր ստեղծվել, տները լցված էին տիղմ ու ավազով: Քանդվել էին մի քանի կամուրջներ, լուրջ վնասներ էր կրել քաղաք եկող խճուղին, Դիլիջանի գլխավոր փողոցը: Իսկ դրանց վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերը հնարավոր էր բերել միայն Թիֆլիսից:
Ըստ նախնական հաշվարկների, հեղեղի վնասները կազմել էին շուրջ կես միլիոն ռուբլի, որն այն ժամանակների համար խոշոր գումար էր: Առանձնապես տուժել էր աղքատ բնակչությունը, որոնք ապրում էին նկուղային հարկերում: Սակայն ոչ աղետի և ոչ էլ դրան հաջորդած օրերի ընթացքում քաղաքում թալանի ու կողոպուտի ոչ մի դեպք չգրանցվեց: Ընդհակառակը, մարդիկ համերաշխորեն ձեռնամուխ եղան հետևանքների վերացման աշխատանքներին: Ներգրավվեցին 15-42 տարեկան բոլոր բնակիչները: Այդ աշխատանքներին մասնակցում էին նաև Կարմի խաչը և Հայաստանի օգնության կոմիտեն: Աղստև գետի երկայնքով հատուկ խմբերը շրջապատից հավաքվում էին բոլոր իրերը, վերադարձնում իրենց տերերին:d5a4d5abd5acd5abd5bbd5a1d5b6-d5b0d5a1d5b6d5a3d5bdd5bfd5b5d5a1d5b6-d5bfd5b8d682d5b6-1932
Ամառային ակումբի մոտ հողը խոշոր ճեղքված էր տվել: Տեղ հասած մասնագետները ուսումնասիրեցին վայրը և առաջարկեցին բնակիչներին անմիջապես տարհանել: Նրանցից մեկը նույնիսկ խորհուրդ տվեց քաղաքի այդ հատվածն ընդհանրապես քանդել:
Ի դեպ, կալանավորների մասին: Դիլիջանի գավգործկոմը դիմել էր Հայկենտգործկոմին, որ Դիլիջանի ուղղիչ տան կալանավորներից մի մասին, որ մասնակցել էր փրկարարական աշխատանքներին, ազատի կալանքից: Այս առթիվ Հայկենտգործկոմը որոշել էր վաղաժամ կալանքից ազատել այն կալանավորներին, որոնք կրել են ոչ պակաս, քան դատավճռով սահմանված պատժի երկու երրորդը:
Այդ օրերին Հայաստանում էր գտնվում Լենինգրադի աստղադիտարանի աշխատակից, ֆիզիկոս Պոպովը, ով Արագածի վրա կառուցվելիք դիտակետի նախապատրաստական աշխատանքներն էր համակարգում: Վերջինս օգոստոսի 16-ի տարերքի մասին հետևյալն էր ասել. «Այդ փոթորիկը ցիկլոնի բնույթ չէր կրում: Ըստ երևույթին դա տեղային քամիներից էր, վայրկյանում մոտ 25 մետր արագությամբ, ինչը քիչ անգամ է պատահում: Քամին հարավային ուղղությամբ էր և կարելի է եզրակացնել, որ Արարատից էր փչում»:
Շատերի հետ նույն օրերին Դիլիջան մեկնեց նաև «Հայկինոյի» ստեղծագործական խումբը՝ տեղում նկարահանումներ կատարելու համար: Արդյունքում նույն տարի էկրան բարձրացավ 9 րոպե տևողությամբ «Դիլիջանի հեղեղը» վավերագրական ֆիլմը: Դրա օպերատորն էր Գ. Բեկնազարյանը (Գարոշ), իսկ ռեժիսորը՝ Ա. Դանիելյանը: Աղետը դարձավ ոչ միայն հիշողություն, այլև պատմություն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆdilijan

ՆԿԱՐՉԻ ԱՃՅՈՒՆԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՓՈՐԻ ՄԵՋ

24 Դկտ

Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի արխիվում պահպանվում է բացառիկ մի լուսանկար. հանրահռչակ ամերիկացի գեղանկարիչ, արկտիկական ձյուների ու սարցադաշտերի սիրահար Ռոքուել Քենթը Դիլիջանի քաղաքացիներից ընդունում է իրեն հանձնվող նվերը: Այս եզակի վավերագիր-պատկերը չափազանց հետաքրքիր մի պատմության նախասկիզբն է, որն ուզում ենք ներկայացնել:AAA_kentrock_7438

Հայաստանում այսօր էլ առանձնակի սիրով են հիշում Քենթին նաև այն պարզ պատճառով, որ այդ սերը փոխադարձ էր: Ավելին, Քենթը Հայաստանն անվանում էր աշխարհի ամենահրաշալի վայրը:

«Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է ավելի շատ հրաշքների հանդիպել, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը: Ակամայից այս փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների և այնպիսի մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը: Երիցս կեցցես դու, հող հայկական, տաղանդների օրրան, հրաշագործների օրրան»,- մի առիթով ասել էր նա: Սիրո նման խոստովանությունն իր բազմաթիվ դրսևորումներն ու ապացույցներն ուներ` սկսած հայկական մատնաքաշից, որ նկարչի համար անմահական ուտելիք էր, վերջացրած երգչուհի Լուսինե Զաքարյանի ձայնով, ում կատարումներն ունկնդրելու համար մի անգամ նույնիսկ Քենթն ու նրա կինը Մոսկվայում դիմեցին բժիշկ Արխանգելսկու օգնությանը. վերջինս կարողացավ բացել կոնսերվատորիայի երգեհոնային դասարանը, և այնտեղ Լուսինեն հնչեցրեց իր աստվածային երգը:adb61ae9eb5d922f_landing

Ռոքուել Քենթը մի քանի անգամ այցելեց Դիլիջան ու այնքան սիրեց այդ քաղաքը, որ այն անվանում էր Փոքրիկ Շվեյցարիա, իսկ հետո որոշեց իր կտավներից մի քանիսը նվիրել տեղի պատկերասրահին: Նկարչի առատաձեռնությունից շոյված դիլիջանցիները պատասխան քայլն արեցին. այդ օրերին քաղաքից ոչ հեռու ընթանում էին հնագիտական պեղումներ, որի ժամանակ հայտնաբերվել էր երեքհազարամյա մի սափոր: Որոշեցին հենց այդ գտածոն էլ նվիրել Քենթին: Նվերն իսկապես թանկագին էր և անսպասելի: Հիացած Քենթը հայրենիք վերադառնալուն պես հայկական անոթը տեղադրեց իր աշխատասենյակի ամենաերևացող հատվածում` աղյուսե վառարանի վրա: buxari1969  թվականին նկարչի կյանքում դժբախտ տարի էր: Կայծակի հարվածից հրդեհվեց նրա տունը: Կրակի ճարակ դարձավ համարյա ամեն բան` բացմաթիվ կտավներ, նկարչի արխիվը: Սակայն հրաշքով այդ մոխիրների մեջ բոլորովին անվնաս էր մնացել դիլիջանցիների նվերը: Պատմում են, որ եղելությունից ապշած Քենթն ասել էր, թե հրդեհն առավել գեղեցիկ է դարձրել անոթը, իսկ այնուհետև բացականչել էր.

— Դե եթե դու այդքան հավերժական ես, ապա կտակում եմ, որ իմ մահից հետո քո մեջ ամփոփեն աճյունս:

Ռոքուել Քենթը վախճանվեց 1971 թվականին: Նկարչի պատգամը կատարեցին սրբորեն. նրա մասունքները լցրեցին հայկական սափորի մեջ ու հողին հանձնեցին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: