Tag Archives: դերասան

ԱԿՈՒՏԱԳԱՎԱ ՐՅՈՒՆՈՍԿԵ

31 Մյս

Ավանդաբար համարվում է, որ քաղաքական հանճարը նա է, ով ժողովրդի կամքը վերածում է իր սեփականի: Սակայն ամեն ինչ ընդհակառակն է: Ավելի ճիշտ կլինի ասել, որ քաղաքական հանճարը նա է, որ իր սեփական կամքը վերածում է ժողովրդի կամքի: Կամ ծայրահեղ դեպքում` ստիպում է հավատալ, որ այդպիսին է ժողովրդի կամքը: Այդ պատճառով քաղաքական հանճարը պետք է լինի նաև հանճարեղ դերասան: Նապոլեոնն ասում էր. «Հանճարեղից մինչև ծիծաղելին մի քայլ է»: Այդ խոսքերը սազական են ոչ այնքան կայսրին, որքան դերասանին:
Ժողովուրդը հավատում է մեծ սկզբունքներին: Քաղաքական հանճարը գրոշ անգամ չի տա մեծ սկզբունքների համար: Միայն այն բանի համար, որ իշխի ժողովրդին, նա մեծ սկզբունքների համար պայքարող մարտիկի դիմակ է առնում: Բայց մի անգամ այդ դիմակը հագնելով` նա արդեն երբեք ի վիճակի չի լինի այն դեն նետելու: Իսկ եթե փորձի ուժով այն պոկել, ապա, որպես քաղաքական հանճար, մեկեն բեմից վայր կիջնի: Նույնիսկ միապետը գահը պահպանելու համար գնում է իր իշխանության սահմանափակմանը: Այդ պատճառով էլ քաղաքական հանճարի ողբերգությունը միշտ իր մեջ զավեշտականություն է պարունակում:

ՄԱՐՉԵԼՈ ՄԱՍՏՐՈՅԱՆՆԻ

12 Հնվ

Ես ինձ դուր չեմ գալիս: Եվ երբեք էլ դուր չեմ եկել: Նույնիսկ մարմնապես: Իմ դեմքին առնական, հաստատակամ ոչինչ չկա: Ես սիրունատես եմ, իսկ տղամարդը չպետք է սիրունատես լինի: Ինչքան շատ եմ մտածում այդ մասին, այնքան ավելի եմ զարմանում. Ինչպե՞ս պատահեց, որ նման մի դեմք կարողացավ կերակրել ինձ: Գուցե պատճառն այն է, որ մարդիկ իմ մեջ տեսնում են որոշակի դարաշրջանի խորհրդանիշը, երկդիմի, անվճռական, եսասեր մարդու կերպարը: Այդ գծերը կան իմ մեջ: Բայց ամենավատն այն է, որ ես դուր չեմ գալիս ինձ նաև հոգեպես: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ, դա պատահաբար ստացվեց: Հենց այդ պատճառով էլ դուր չեմ գալիս ինձ ու ոչ մի հարգանք չունեմ իմ հանդեպ: Ես պետք է ճարտարապետ դառնայի… Զղջում եմ ընտրությանս համար: Ես հակված եմ ինքնաքննադատության, ասես կողքից տեսնում եմ ինչ-ինչ իրադրությունների, արարքների անհեթեթությունը: Բայց շարունակում եմ անել այն, ինչ սպասում է ինձնից հասարակությունը` չորս կողմս բաժանել ինքնագրեր և ժպիտներ, որ պարգևում էի 40 տարի առաջ…

* * *
Մշակույթն ինձ երբեք չի հրապուրել: Ես երբեք չեմ ձգտել սովորել, ես երբեք ինքս ինձ չեմ ասել` դե սկսենք կարդալ այս գիրքը կամ փորձենք մտնել այս թանգարանը… Շատերի համար մշակույթը հաճույք է, հոգեկան սնունդ, իսկ ինձ համար անմատչելի մի բան թե ֆիզիկապես և թե հոգեպես: Հասկանու՞մ եք, ես հոգնում եմ կարդալուց, բավական է մի տասը- տասնհինգ էջ կարդամ, և կոպերս սկսում են ծանրանալ: Ես ամենաանհավասարակշիռ մարդն եմ: Միայն ճիգեր եմ թափում, որ կենտրոնանամ: Իմ կարծիքով, դա ինձ հաջողվում է դերասանական աշխատանքում: Բայց ոչ կյանքում: Ինչ վերաբերում է կյանքին, այնպիսի անհարմար վիճակներում եմ հայտնվում…

* * *
Տարեց մարդն այլևս չպիտի համարի, թե ինքն է երկրագնդի կենտրոնը: Սովորում ես ճիշտ որոշել քո տեղն ու հիշել, որ ընդամենը կինոյի դերասան ես, այսինքն էկրանային «խաբեբա»: Այդ գիտակցությունն օգնում է իրերն ընկալել ավելի արժանապատիվ ձևով: Միակ բանը, որի մասին մտածում եմ, այն է, որ չեմ ուզում մեռնել: Շատ կուզենայի իմանալ, թե մեր աշխարհի հետ ինչ կկատարվի մի 50 տարի հետո: Բայց ժամանակն է այն մտքի հետ հաշտվելու, որ ես այլևս չեմ լինի երկրի վրա:

%d bloggers like this: