Tag Archives: դեսպանատուն

Բաքուն դարձյալ խռովել է

22 Ապր

«Տարածաշրջանային արձագանք»` այսպես պիտի կոչվեր Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ զորավարժությունը, որը փաստորեն դարձավ անարձագանք: Զորավարժությունները պետք է մեկնարկեին մայիսի 15-ին Բաքվի մերձակայքում գտնվող Ղարա-Հեյբաթի զորավարժարանում ու շարունակվեին 10 օր: Սակայն ադրբեջանական կողմը ռազմական խաղերը անորոշ ժամանակով և առանց բացատրության հետաձգեց: Ի դեպ, սա առաջին ձախողումը չէ: Ճիշտ մեկ տարի առաջ` 2010 թվականի գարնանը երկու երկրների համատեղ զորավարժությունները տապալվեցին այն պատրվակով, որ նախագահ Իլհամ Ալիևին չէին հրավիրել միջուկային անվտանգության խնդիրներին նվիրված վաշինգտոնյան համաժողովին: Մյուս կողմից էլ շուրջ մեկ տարի Բաքուն մնացել էր առանց ԱՄՆ դեսպանի, ինչն այստեղ ընկալվում էր որպես ծանր վիրավորանք: Եվ եթե այսօր Ադրբեջանը հերթական զորավարժությունները չեղյալ է հայտարարում առանց հիմնավորումի, ապա սա դեռ չի նշանակում, թե այդ քայլին դիմելու համար դրդապատճառներ չկան: Միայն թե կողմերից որևէ մեկը առայժմ պատրաստ չէ առաջինն այդ մասին բարձրաձայնելու: ԱՄՆ-ի դեսպանատունը մեկնաբանություններ չի անում` հիմնվելով Ադրբեջանի կառավարության կողմից պաշտոնական իրազեկման բացակայության վրա: Երբ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանության հանրային կապերի բաժնի տնօրեն Թերի Դևիդսոնին հարցրեցին այդ մասին, նա պարզապես պատասխանեց. «Զորավարժությունները հետաձգվել են ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, ուստի ավելի ճիշտ կլիներ պարզաբանումների համար դիմել հենց Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը»:
Բայց արի ու տես, որ նույնիսկ Բաքվի պատասխանատուներից շատերը դեռ պատրաստ չեն կատարվածի համար խելամիտ բացատրություն գտնել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն APA գործակալությանը խոստովանեց, որ ինքն անձամբ տեղյակ չէ այդ քայլի դրդապատճառներին: «Ես գիտեմ, որ զորավարժությունները հետաձգվել են անորոշ ժամկետով, բայց թե որն է նման քայլի պատճառը` որևէ տեղեկություն չունեմ»,- ասաց նա` նույն պահին էլ համոզմունք հայտնելով, թե իբր զորավարժությունների չեղյալ հայտարարելը որևէ կերպ չի ազդի ադրբեջանա-ամերիկյան ռազմական գործակցության վրա: Սակայն սա, ինչ խոսք, ոչ մի գնով անկեղծ համոզմունք չես համարի:
Անորոշությունն իր տեղն ունի, միայն թե դա չի խանգարում կողմերին որոնել այս հարցի տրամաբանական պատասխանը, ինչն իրականում այնքան էլ առեղծվածային չէ, ինչպես պիտի թվա առաջին հայացքից: Ճիշտ է, ադրբեջանական «Թուրան» գործակալությունը նկատում է, որ պաշտոնական Բաքվի որոշումը` հրաժարվել նախապես ծրագրված զորավարժություններից, բավական տարօրինակ է, քանի որ մեկ տարում երկու երկրների հարաբերություններում լուրջ դրական տեղաշարժ է արձանագրվել, սակայն իր հերթին չի ցանկանում տեսնել խնդրի խորին շերտերը, որտեղ շատ բաներ բոլորովին էլ դրական չեն և ամենևին էլ չեն վկայում կարգավորման մասին: «Թուրանի» փոխարեն Արևմուտքի լրատվամիջոցները չեն զլանում գրել, որ վերջին օրերին Ադրբեջանը սուր քննադատություն է հնչեցնում Վաշինգտոնի հասցեին` նկատի ունենալով վերջինիս դերակատարությունը տարածաշրջանային կարևոր հիմնախնդիրների գործընթացում: Այսպես, ըստ այդ աղբյուրների, մի շարք օտարերկրյա դիվանագետներ ասում են, թե քննադատությունն արտացոլում է Ադրբեջանի զայրույթը` կապված այն փաստի հետ, որ ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը և կողմ է երկու երկրների միջև սահմանի բացմանը: «Ադրբեջանը, որ Արևմուտքին նավթ և գազ է մատակարարում, մտավախություն ունի, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում իր դիրքերը կթուլանան ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում»,- գրում են թերթերը:
Չմոռանանք նաև, որ զորավարժությունները չեղյալ հայտարարելուց հաշված օրեր առաջ «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում նախագահ Ալիևի գլխավոր խորհրդականը մեղադրեց ԱՄՆ-ին ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանին սատարելու համար և զգուշացրել, որ Բաքուն կարող է վերանայել իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ: «Առաջիկայում Ադրբեջանը կվերանայի ԱՄՆ-ի հետ քաղաքականությունը, քանի որ Վաշինգտոնը Ադրբեջանի հանդեպ այնպիսի քաղաքականություն չի վարում, որը նման լինի ռազմավարական գործընկերոջ հանդեպ վարվող քաղաքականությանը»,- ասել էր նա:
Բաքվի զայրույթը հարուցելու մի լուրջ պատճառ էլ կա: Եվ այս իմաստով ամենևին պատահական չէր, որ ԱՄՆ դեսպանության հանրային կապերի բաժնի տնօրեն Դևիդսոնը, երբ խոսում էր զորավարժությունների մասին, հանկարծ թեմայից կտրուկ անցում կատարեց և լրգրողներին հետևյալն ասաց. «Մեր դեսպանատունը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ արտահայտվելուն և հանրահավաքներ կազմակերպելուն առնչվող ազատությունները: Մենք կարծում ենք, որ դրանք այն արմատական իրավունքներից են, որոնք գոյություն ունեն դեմոկրատական հասարակության մեջ»: Ադրբեջանի այգին նետված այս քարը անպայման հասնելու էր իր նպատակակետին: Գաղտնիք չէ, որ արաբական աշխարհում հեղափոխական զարգացումներից ի վեր Բաքուն սկսեց կասկածանքով վերաբերվել Վաշինգտոնին՝ վերջինիս մեղադրելով իր ներսում հեղափոխություն հրահրելու մեջ: Իսկ երբ Վաշինգտոնի քննադատությունն ավելի ուժգնացավ ընդդիմության հանրահավաքը ցրելուց հետո, Ադրբեջանն իր հերթին սաստկացրեց հակաամերիկյան հիստերիան` մեղադրելով օտարերկրյա դիվանագետներին ընդդիմադիր առաջնորդների հետ շփումներ ունենալու համար: Հիմա նախկին սպառնալիքներին նորերն են գումարվել: Բաքվում ասում են, թե իրենք կարող են առաջիկայում չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ մի շարք համաձայնագրեր, ետ կանչել իրենց խաղաղարարներին Աֆղանստանից և նմանատիպ այլ վերջնագրեր:
Իսկ ինչ վերաբերում է զորավարժություններին, ապա մոտակա ժամանակաշրջանում Ադրբեջանը ստիպված կլինի դա անել միայնակ ու ինքնուրույն: Բոլորովին վերջերս այդ երկրի ռազմաօդային ուժերի ավելի քան մեկ տասնյակ ռմբակոծիչներ ու ուղղաթիռներ զորավարժություններ էին անցկացնում Ղարաբաղի հետ սահմանակից գոտում: Այժմ էլ հայտարարվել է այն մասին, որ ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանի զինուժը նախատեսում է հերթական լայնածավալ զորավարժություններ անցկացնել, որի ընթացքում առաջին անգամ գործնական պայմաններում կցուցադրվեն Ադրբեջանի արտադրության զենքը և ռազմական տեխնիկան:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Վտանգ, որ դեռ անուն չունի

21 Փտր

Երբ Ահաբեկչության դեմ պայքարող իսրայելական պետական բյուրոն հրապարակեց այն պետությունների ցանկը, որտեղ մեծ է հավանականությունը, թե մոտ ժամանակներս հարձակումներ կլինեն իսրայելցիների ու իսրայելական դիվանագիտական կառույցների դեմ, ամենաշատը զարմանալու պատճառ ունեցանք հայերս, քանի որ հնարավոր 9 պետությունների ցանկում նշվել էր նաև Հայաստանի անունը: Ի՞նչ ընդհանուր բան կարող էր Հայաստանն ունենալ «Հըզբալա»-ի առաջնորդ Իմադա Մուղնիի սպանության, այդ դեպքի 3-րդ տարելիցի և դրա արդյունքում վրիժառության ակտ կատարելու սպառնալիքների հետ, մնաց անպատասխան ու անհասկանալի: Մեր երկրի ԱԳՆ-ն, որի անմիջական պարտականություններից մեկն էլ քաղաքացիներին պարզաբանումներ տալն է, դարձյալ բերանը ջուր առավ ու հրաժարվեց որևէ հայտարարություն անելուց: Եղած զարմանքներին գումարվեց մի զարմանք էլ այն բանի համար, որ Երևանում Իսրայելի դեսպանատուն ոչ եղել է ու ոչ էլ կա, ուրեմն և չեղած դեսպանատունը հօդս ցնդեցնելու ծրագիրը ոչ մի գնով իրագործելի չէր լինի նույնիսկ աշխարհի ամենապրոֆեսիոնալ տեռորիստի համար: Այս բոլորն այնքան տարօրինակ էր, որ արդեն ոչ թե մենք, այլ Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը սադրանք որակեց իսրայելական պետական բյուրոյի հայտարարությունը։ «Այս լուրը սադրանք է։ Հայաստանը տոլերանտ երկիր է, այստեղ ամեն ինչ լավ է, հանգիստ է։ Նմանօրինակ լուրերը տարածվում են հատուկ, որպեսզի այս սիրուն երկրում զբոսաշրջությունը չզարգանա»,- ասաց նա:
Հնարավոր պատճառների մասին դեռ կխոսենք, իսկ մինչ այդ նշենք, որ մեզնից զատ հատկապես վտանգավոր պետություններ էին դիտվում Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Վենեսուելան, Եգիպտոսը, Կոտ-դ-Իվուարը, Մալին ու Մավրիտանիան: Ի դեպ, սա նոր բան չէ, Իսրայելն արդեն 3-րդ տարին է, որ փետրվարին հայտարարում է բարձր պատրաստականության մասին։ Սակայն այժմ տարբերությունը կայանում է նրանում, որ սպառնալիքը ոչ թե ընդհանուր է, այլ վերաբերում է կոնկրետ երկրների: Եվ ահա, ահաբեկչությունների վտանգով պայմանավորված երեք երկրներում սկսեցին փակվել Իսրայելի ներկայացուցչությունները: Առաջինն այդ շարքում Թուրքիան էր: Անկարայում փակվեց Իսրայելի դեսպանատունը, իսկ Ստամբուլում` իսրայելյան հյուպատոսությունը: Շատ չանցած Իսրայելի դեսապանատունը դադարեցրեց իր աշխատանքը Վրաստանում: Դիվանագիտական առաքելության աշխատակիցները հրաժարվեցին մեկնաբանություններից, ԱԳՆ-ն նույնպես պարզաբանում չտվեց: Եվս մի փոքր, ու եռյակն ամբողջացրեց Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը: Նրա դռները կողպվեցին անորոշ ժամանակով:
Ի՞նչ կարող էր սա նշանակել: Եթե կա վտանգ, այդ դեպքում ինչու՞ խուսափել այդ բանն ասելուց և փոխարենը եղածը բացատրել ինչ-ինչ տեխնիկական խնդիրներով, որոնք որևէ մեկը լուրջ ընդունել չի պատրաստվում: Ի վերջո կա Ահաբեկչության դեմ պայքարող իսրայելական պետական բյուրոյի հայտարարությունը, էլ ի՞նչ կարիք կա մուկնուկատու խաղալ:
Բայց պարզվում է, որ կարիք կա: Ենթադրենք, թե Իսրայելին իսկապես սպառնացել են: Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, որ օրերս Միացյալ Նահանգները հանկարծ որոշեց ոչ թե հրեաներին, այլ իր քաղաքացիներին նախազգուշացնել Ադրբեջանում հնարավոր ահաբեկչության մասին: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը վերջին երկու շաբաթում երկու հաղորդագրություն տարածեց միևնույն բովանդակությամբ, որում վերահաստատել էր սպառնացող վտանգը: «ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկությունների է տիրապետում, որ Ադրբեջանում ամերիկյան շահերի դեմ ահաբեկչություններ են հնարավոր: Այդ վտանգը լուրջ է մնում»,- ասված էր հաղորդագրության մեջ: Բայց արի ու տես, որ ոչ մի ամերիկացու մտքով չանցավ իսրայելցիների օրինակով փակել Բաքվում ԱՄՆ դեսպանատունը:
Մի պահ պատկերացնենք, թե Վաշինգտոնն ու Թել Ավիվը միևնույն բանի մասին են խոսում: Այդ դեպքում ի՞նչ բացատրություն կարելի է տալ Վրաստանի անվտանգության կոմիտեի նախագահ Գիվի Թարգամաձեի այն պնդմանը, թե Իսրայելի նման որոշումը, ինչպես նաև որոշումը, որով Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը մտցվել են Իսրայելի քաղաքացիների համար վտանգավոր համարվող երկրների ցանկի մեջ, կապված է Իրանին տարածքով մոտ գտնվելու հետ: Իսկ ու՞ր մնաց հանգուցյալ Իմադա Մուղնիի հիշատակը, ու՞ր անհետացան պաղեստինցի և այլ ազգության ծայրահեղական խմբավորումները, որոնք իբր խոստացել էին տարբեր երկրներում Իսրայելի ներկայացուցչությունների նկատմամբ ահաբեկչական գործողություններ կատարել, եթե ամբողջ իրարանցման մեղավորը Իրանն է:
Սակայն պատկերացրեք, որ սա էլ դեռ վերջնական փաստարկումը չէ: Հաջորդ վարկածն անմիջականորեն վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված մի հրամանագրի, որով հաստատվում է Ադրբեջանի ԱԳՆ և Պաղեստինի պետության միջև Բաքվում Պաղեստինի դեսպանատան գործունեությանը նյութատեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագիրը: Այդ համաձայնագրում ուշադրություն է գրավում «Պաղեստինի պետություն» արտահայտությունը: Եվ այժմ Բաքվի դիվանագիտական շրջանակներում շատերն են համոզված, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատանքը դադարեցնելու պատճառը հենց դա է, Իսրայելը դրանով սպառնացել է Պաղեստինի հետ պաշտոնական հարաբերություններ ստեղծած Ադրբեջանին: Նույնիսկ խոսվում է մի հեռագրի մասին, որտեղ իբր գրված է եղել, որ եթե պաշտոնական Բաքուն Պաղեստինի հետ կապված քաղաքականությունը չվերանայի, Իսրայելը նույն քայլերը կարող է գործադրել Լեռնային Ղարաբաղի հարցում` անտեսելով Բաքվի հետ բարեկամական հարաբերությունները:
Այս բոլորն` ի գիտություն: Իսկ հիմա` մեկ այլ դիտարկման մասին, որը ևս գոյության ու արծարծվելու իրավունք ունի: Իսրայելը, ԱՄՆ-ն, այնուհետև Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան համարյա միաժամանակ իրենց քաղաքացիներին հորդորեցին հեռու մնալ Անդրկովկասից: Եվ բոլոր դեպքերում առանձնապես ընդգծվում էին Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը: Ընդ որում, ընդգծվում էին ակնհայտ անհիմն ու նույնիսկ ծիծաղելի պատճառաբանություններով: Օրինակ, որքանո՞վ է խելամիտ սեփական երկրի քաղաքացուն ասել, թե կարիք չկա գնալ Հայաստան, քանի որ ինչ-որ տեղ` Սյունիքում ականապատված վայրեր կան: Նման բան նույնիսկ Հայաստանն իր քաղաքացիներին չի զգուշացնում: Բայց ահա Փարիզում դրա մասին մտածել են ու խիստ անհանգստացել. հանկարծ մի բան չպատահի՞ լեն ու բոլ երկիրը թողած սահմանի ականների վրա շրջագայող իրենց զբոսաշրջիկներին…
Իսկ գուցե այդ երկրներում իսկապե՞ս գիտեն մի լուրջ բան, որը մենք դեռ չգիտենք: Ասենք, պատերազմի վերսկսման հավանականությունը, ինչը բոլորովին էլ յոթ սարից այն կողմ չէ: Ուրիշ ի՞նչը կարող էր այդպես միանգամից ոտքի հանել բոլորին և ստիպել` դիմելու ծայրահեղ քայլերի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: