Tag Archives: դեմք

ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ՆԵՐՔԵՎ

5 Սպտ

Հնագետները դամբարաններում երբեմն գտնում են հուղարկավորված մարդկանց, որոնք թաղվել են դեմքով դեպի ներքև: Սկզբում կարծում էին, թե դա պատահականություն է: Սակայն աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր պատմական ժամանակաշրջաններում համանման դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք ունեն մեկ ընդհանրություն` դեմքով դեպի ներքև թաղել են այն մարդկանց, ովքեր հարգանք չեն վայելել և նրանց ցանկացել են նվաստացնել նույնիսկ մահից հետո:

141_zakhoronennye_licom_vniz

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

12 Սպտ

Թշնամու դեմքը
Սպասելով ու խուսափելով քանի տարի. և հիմա թշնամին իմ տանն էր: Պատուհանից տեսա` դժվարությամբ բարձրանում էր լանջի անհարթ ճանապարհով: Ձեռնափայտով էր, մի դողդոջուն ձեռնափայտ, որը նրա պառաված ձեռքերում գայիսոն մնալով` չէր կարող զենք դառնալ: Սպասածս` դռան մեղմ թակոցը, դժվար ընկալեցի: Սրսում հայացք նետեցի ձեռագրերիս, անավարտ սևագրությանն ու Արտեմիդորոյի երազների մասին տրակտատին, որն այդտեղ բավական անհեթեթ էր, եթե նկատի առնենք, որ ես հունարեն չգիտեմ: 
Մտածեցի` ևս մի կորած օր: Բանալին չարչարեց ինձ: Վախենում էի, թե կընկներ, բայց մի քանի անվստահ քայլ անելով` թողեց գայիսոնը, որը ես այլևս չտեսա, և ուժասպառ ընկավ իմ անկողնուն: Քա՜նի անգամ էի տագնապներիս մեջ երևակայել նրա դեմքը, բայց միայն հիմա նկատեցի, որ շատ նման էր Լինկոլնի վերջին դիմանկարին: Մոտավորապես երեկոյան ժամը չորսն էր: 
Դեմքը մոտեցրի, որ կարողանար ինձ լսել:
-Ամեն մեկս կարծում ենք, թե միայն մեզ համար են տարիներն անցնում, բայց ուրիշների համարել են անցնում,- ասացի: -Վերջապես այստեղ հանդիպեցինք, և անցյալում պատահածն իմաստ չունի:
Մինչ ես խոսում էի, նա արձակել էր վերարկուի կոճակները: Աջ ձեռքը բաճկոնի գրպանում էր: Մի բան էր ինձ ցույց տալիս, և ես հասկացա, որ ատրճանակ է:
Այդ ժամանակ հաստատուն ձայնով ասաց.
-Տուն մտնելու համար եմ Ձեր խղճին դիմել. Իսկ հիմա իմն եք, և գթասիրտ չեմ լինի:
Փորձեցի մեկ-երկու բառ ասել: Ուժեղ մարդ չեմ, և ինձ կարող էին փրկել միայն բառերը: Ասացի.
-Երբևէ մի երեխայի եմ ծեծել, բայց Դուք հիմա այդ երեխան չեք, ոչ էլ ես եմ այն անմիտը: Բացի այդ, վրեժը ոչ պակաս անիմաստություն ու հպարտություն է, քան ներումը:
-Հենց դրա համար էլ,- պատասխանեց նա,- որ ես այլևս այն երեխան չեմ, պետք է Ձեզ սպանեմ: Դա ոչ թե վրեժ է, այլ` արդարություն: Ձեր պատճառաբանությունները, Բորխես, Ձեր սարսափի արտահայտություններն են, Դուք այլևս ոչինչ չեք կարող անել:
-Այնուամենայնիվ,մի բան կարող եմ անել,-պատասխանեցի ես:
-Ի՞նչ,- հարցրեց նա:
-Զարթնել:
Ես այդպես էլ արեցի:borkhes

ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

31 Մրտ

ԴԵՊՔ ՊԱՏԱՀԱԾ ՄԵՌԱԾ ԴԵՄՔԻ ՀԵՏ

— Պատկերացնում եմ, թե ինչպիսի անհամբերությամբ եք սպասում տեսնելու խեղճին,- ասաց զոքանչը` աճապարանքով ուղեկցելով տղամարդուն այն սենյակը, ուր պառկած էր նրա մահացած կինը:
— Ահա տեսեք, թե ինչ է արել նրան մահը,- ասաց նա և ուզեց հանգուցյալի դեմքից ետ գցել սպիտակ ծածկոցը:
Բայց փեսան անսպասելիորեն կանգնեցրեց նրան.
— Սպասեք մի րոպե: Ես կուզենայի նայել նրան առանց կողմնակի անձանց: Չի՞ կարելի արդյոք ինձ նրա հետ մենակ թողնել:
Նրա խոսքերը փոքր-ինչ տարօրինակ տպավորություն գործեցին սենյակում հավաքված ազգականների վրա: Բոլորը լուռ դուրս եկան` իրենց ետևից փակելով սյոձիները:
Նա ետ քաշեց սպիտակ ծածկոցը:
Տառապանքը սառել էր մահացած կնոջ դեմքին: Ցամաքած այտերը փոս էին ընկել, և կիսաբաց բերանից դուրս էին ցցվել դեղնած ատամները: Վերին կոպերը ծխախոտաթղթի պես բարակ ու թափանցիկ, թվում էին կպած ակնախնձորներին: Ճակատի ուռած երակները վկայում էին նրա կրած տանջանքների մասին:
Վախենալով շարժվել` ամուսինը երկար ժամանակ նստած նայում էր մահացած կնոջ տգեղ ու տանջահար դեմքին: Հետո նա վեր կացավ, մոտեցավ հանգուցյալին ու դողացող ձեռքերով փորձեց միացնել ծնոտները: Բայց հենց որ նա ձեռքերը հեռացրեց, հանգուցյալի ատամները նորից բացվեցին: Տղամարդը նորից սեղմեց կնոջ բերանը, բայց նրա շրթունքները կրկին դանդաղ բացվեցին` մերկացնելով դուրս ցցված այլանդակ ատամները: Նա այդպես արեց մի քանի անգամ, բայց ապարդյուն: Այնուամենայնիվ, նա նկատեց, որ հանգուցյալի բերնի շուրջը գոյացած խոշոր ու վշտալի ծալքերը դարձան ավելի մեղմ ու նուրբ:
Նա զգաց, որ իր մատները թեժացան, ասես նրա մարմնի ամբողջ ջերմությունը կուտակել էին իրենց մեջ, և սկսեց եռանդուն կերպով տրորել կնոջ ճակատի խոր կնճիռներն ու ուռած երակները: Նա այդպես արեց այնքան ժամանակ, մինչև որ ափերն սկսեցին այրվել: Հետո նորից նստեց հանգուցյալի կողքին ու նայեց նրա դեմքին, որը նրա ձեռքերի ջերմությունից կարծես մի տեսակ թարմացավ` դարձավ ավելի հանգիստ, խաղաղ ու բարի:
Այդ ընթացքում սենյակ մտան հանգուցյալի մայրն ու կրտսեր քույրը:
— Դուք հավանաբար ճանապարհից հոգնած կլինեք: Ձեզ հարկավոր է ճաշել ու հանգստանալ:
Բայց հանկարծ զոքանչն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել և կերկերուն ձայնով ասաց.
— Աստված իմ, ինչպիսի ուժ կա մարդու հոգում: Խեղճ աղջիկն այնպես չէր ուզում մեռնել, սպասում էր Ձեր վերադարձին: Ձեր մեկ հայացքն էլ բավական էր, որ նրա դեմքը դառնար հանգիստ ու քնքուշ: Դե լավ… թողեք խեղճը խաղաղ ննջի:
Հանգուցյալի կրտսեր քույրը իր անասելի հիասքանչ, լուսաշող աչքերով նայեց փեսայի փոքր-ինչ խելագար աչքերի մեջ և, բարձրաձայն հեկեկալով, ծնկի եկավ:

Թարգմ.` Ե. Հայրապետյանի

ՊՈԼ ԷԼՅՈՒԱՐ

7 Մրտ

ԿԵՆԴԱՆԻ ԴԵՄՔ

Ես նայեցի իմ դիմաց
Ամբոխի մեջ քեզ տեսա
Արտերի մեջ քեզ տեսա
Եվ ծառի տակ տեսա քեզ
Ճամփաներիս ավարտին
Տվայտանքիս խորքերում
Ջրից հրից դուրս գալով
Ամառ ձմեռ քեզ տեսա
Իմ հարկի տակ քեզ տեսա
Թևերիս մեջ քեզ տեսա
Երազումս տեսա քեզ

Քեզ այլևս չեմ լքի:

Թարգմ. Ն. Վարդանյան

ՄԱՔՍԻՄԻԼԻԱՆ ՎՈԼՈՇԻՆ

21 Դկտ

ԴԵՄՔ, ԴԻՄԱԿ ԵՎ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆ
Մենք մերկությունից ամաչում ենք ամենից առաջ այն պատճառով, որ այն ընդունված չէ: Հետո ամաչում ենք այն պատճառով, որ մեր մարմինը որպես դեմք չենք զգում: Մենք չգիտենք նրա արտահայտությունները, նրա մկանունքի խաղը, մենք չենք կարողանում տիրապետել նրան եւ խաղալ այնպես, ինչպես դեմքով ենք խաղում, չենք կարող նրա միջոցով ստել, այսինքն` նրան հագցնել այն հոգեւոր դիմակը, որ միշտ պատրաստ է սքողելու հոգու նվիրական ամեն մի շարժում: Մարմնի բոլոր պարզագույն շարժումների աստիճանական գիտակցման եղանակով կառուցված պարը, որ կիրառվում է այստեղ, ողջ մարմնի դեմքի աստիճանական զարգացումն է: Եվ քանի որ այն ճշմարիտ է, եւ մաքուր ու անկեղծ մերկություն է պահանջում: Եվ մերկության ամոթը կսկսի վերանալ ամբողջ մարմնի ինքնագիտակցությամբ, օժտված դեմքի, այսինքն` մարմնի դիմակի գոյանալուն համեմատ: Նյութական հագուստը կփոխարինվի հոգեւոր հագուստով: Զգացմունքային հագուստը, այլ ոչ թե մերկությունը: Զգացմունքային են այն նրբակերտ մերկությունները, որոնցով խաղում է արդի հագուստը:
Ինչպես արդեն հիշատակել ենք, հագուստը սոսկ մասամբ է ծնվում, որպես մարմինը ցրտից պաշտպանելու միջոց: Հագուստն ամենից առաջ ծնվում է իբրեւ մարմնի զարդարանք, իբրև մարմնի հայտնի մանրամասների վրա ուշադրություն բեւեռելու միջոց: Այն մղումը, որ վայրի մարդուն հակում է հագուստի առաջին գունագեղ կտորտանքին, բնավ էլ ամոթխածությունը չէ, այլ` անամոթությունը: Սակայն զգայականի բնագավառում ցանկացած խիզախում հակում ունի արագ նորաձեւության վերածվելու: Նորաձեւությանը չհետեւողը հասարակական տեսակետից անընդունելի արարք է կատարում: Այն, ինչ ընդունված չէ` ամոթալի է: Եվ ահա ծնվում է այլոց նման անամոթ շարժումներ չանելու ամոթը: Ահա այն հոգեբանական ոլորքը, որով պայմանավորված է հագուստի ծնունդը:
Հագուստի ողջ պատմությունը մարդկային զգացմունքայնության պատմությունն է: Սքողելով ուշադրություն հրավիրել, քողարկելով` ցուցադրել, թաքցնելով` ի հայտ բերել. ահա հագուստի զգայական գեղագիտությունը կառավարող հիմնական մոտիվները:
Ողջ արվեստն ընդհանրապես, իսկ գեղակերպայինը (պլաստիկ) և զարդանախշայինը (դեկորատիվ)` հատկապես զգայականության բազմազան կերպափոխություններն են ներկայացնում: Ժամանակակից ողջ մշակույթն է հիմնված զգայականության վրա: Արվեստն այլ կերպ չի կարող լինել, քան աշխարհի հանդեպ մեր զգայական վերաբերմունքի բյուրեղացում:

Թարգմ. Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

ՎԱՍԻԼԻ ԿԱՆԴԻՆՍԿԻ

16 Հկտ

ՀԱՅԱՑՔ
Ինչու՞ ես նայում դու ինձ ճերմակ վարագույրի միջով: Ես չեմ կանչել քեզ, ես չեմ խնդրել քեզ ճերմակ վարագույրի միջով նայել ինձ: Ինչու՞ է այն թաքցնում քո դեմքը ինձնից: Ինչու՞ ես չեմ տեսնում դեմքը քո ճերմակ վարագույրի ետևում: Մի նայիր ինձ ճերմակ վարագույրի միջով: Ես չեմ կանչել քեզ: Ես չեմ խնդրել քեզ: Փակ կոպերիս միջով ես տեսնում եմ, թե ինչպես ես դու նայում ինձ, թե ինչու ես դու նայում ինձ ճերմակ վարագույրի միջով: Ես կքաշեմ ճերմակ վարագույրն ու կտեսնեմ դեմքը քո, իսկ դու իմը չես տեսնի: Ինչու՞ ես չեմ կարող քաշել ճերմակ վարագույրը: Ինչու՞ Է այն թաքցնում դեմքը քո ինձանից:

Թարգմ. Վարդան Ֆերեշեթյան

%d bloggers like this: