Tag Archives: Դարվին

ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ

5 Դկտ

Այժմ էլ խոսենք տխրահռչակ պակասող օղակի մասին: Մարդիկ: Ձեր ի՞նչն է պակաս, մարդիկ, ո՞վ է ձեզ պակաս: Ձեզ պիթեկանտրոպներն են պակաս: Դուք վիթխարի հետազոտություններ եք գրում ու խճճվում ենթադրությունների մեջ: Մինչդեռ… Պատասխա՞նը: Ահա: Դե լսեք ու հանգստացեք և մեկընդմիշտ մոռացեք օղակը:
Ժուկով- ժամանակով ապրում էին պիթեկանտրոպները` ցեղերով թե հոտերով, զույգերով թե մեկուսի, միակին թե բազմակին կամ չգիտես ինչակին, բայց նրանք ունեին իրենց սերերն ու թախիծները, իրենց վշտերն ու ուրախությունները և այս ամենը, համոզված եղեք, հավասար կիսում էին իրար մեջ:
Եվ մի անգամ էլ նրանք նայեցին իրենց շուրջը. չորս կողմը խավար էր, խավարչտին խավար. հենց նոր ավարտվել էր մեզոզոյան դարաշրջանն ու դեռևս չէր սկսվել երրորդայինը, և առջևում ոչ մի լույսի շող չկար, ինչ-որ միջիշխանություն էր: Կանգնեցին նրանք երկու վերջույթների վրա և գոռացին. «Ա-Ա~»: Ցավոք, ավելին չէին կարող ասել և վերջ: Գոռացին իրենց դառնակսկիծ «Ա-Ու»-ն ու հեռացան լեռները: Ծանոթ գործելակերպ է. Մաո Ցզե Դունը քաշվեց լեռները և Կաստրոն` նույնպես, բայց նրանք վերադարձան, իսկ պիթեկանտրոպները` ոչ: Հետո ձիարշավներ եղան և թավշե հեղափոխություններ, Ռաուլի հետ, Բելովեժյան թավուտում` անձնվեր ցուլերի և անձնվեր փասիանների որս, բայց պիթեկանտրոպների մոտ էդպիսի բան չկար, ինչպես որ դեռ չկային ժողովուրդների բարեկամությունն ու չինական մեծ հակամարտությունը: Պիթեկանտրոպները գնացին լեռները և պինդ նստեցին այնտեղ, այնքան պինդ, որ իրենք էլ լեռներ դարձան, սերտաճեցին նրանց: Հետո ծնվեցին նոր կապիկներ և նոր պիթեկանտրոպներ` նախնյաց կոչին հավատարիմ, թնդացրին իրենց «ԱՈՒ-Ա»-ն և գնացին լեռներն ու սերտաճեցին նրանց, հետո` նորերը և այլն, և այլն: Այնպես որ, մարդկության պատմությունը պիթեկանտրոպներից այն կողմ չի անցել: Ամեն ինչ մնացել է նույնը, և լեռները, ավելի շուտ` Հիմալայները, վկայում են այդ ու աճում օր-օրի, որովհետև պիթեկանտրոպները սերտաճում են նրանց: Իսկ մե՞նք: Որտեղի՞ց ենք եկել: Իսկ մենք մարսեցիներ ենք իհարկե, ու պետք չէ երկչոտ վարկածներ հորինել և թաքուն փորել Դարվինի տակը: Հիմար է Դարվինը: Բայց նա մեղավոր չէ: Այն ժամանակ կապիտալիզմ էր:
Էլ ձեր ինչի՞ն է պետք, մարդիկ, այդ պակասող օղակը, հերիք է հասնել անհասին. ավելի լավ է ձեր սիրեցյալների համար աստղեր ձեռք գցել ու հոլանդական պանիր: Ասում են` պանիր չկա. մենք էստեղ չգիտենք: Կա՞, թե՞ չկա: Այս է խնդիրը:

%d bloggers like this: