Tag Archives: դատարկություն

ՌԻՉԱՐԴ ՅԵԹՍ

20 Նյմ

Անհուսալի դատարկություն: Դատարկության մասին չափից շատ մարդիկ են դատողություններ անում: Երբ ես աշխատում էի ծովափին, բոլորը հենց միայն դրա մասին էին խոսում: Օր ու գիշեր զրույցները դատարկության մասին էին: Սակայն ոչ ոք ոչ մի անգամ չասաց «անհուսալի», դա մենք չէինք համարձակվում: Հավանաբար որոշակի քաջութուն է անհրաժեշտ, որպեսզի տեսնես դատարկությունը, բայց անհամեմատ ավելի մեծ արիություն է պետք, որպեսզի գիտակցես նրա անհուսալիությունը: Ու երբ հասկանաս, ուրիշ ոչինչ չի մնում, քան փախչել այստեղից: Եթե կա հնարավորություն:

Սա ի՞նչ կյանք է: Թող որևէ մեկը, աստծո սիրուն, բացատրի, թե որն է էությունը, իմաստը և նպատակը նման գոյության…

«Փոփոխությունների ճանապարհը» գրքիցrichard-yates_1

ԲՈՀՈՒՄԻԼ ՀՐԱԲԱԼ

18 Ապր

Ինչ հաճախ եմ ես անցնում կարմիր լույսի տակով, հենց ավտոմեքենաների հոսքի միջով, սակայն, որքան էլ ես մտազբաղ եմ, ինձ հետ է միշտ իմ պահապան-հրեշտակը, եւ նա, իմ զվարթունը, ուզում է, որ ես դեռ ապրեմ այս աշխարհի երեսին, որպեսզի ես հասնեմ իմ հատակին, մի հարկ ևս իջնեմ, այնտեղ, ուր թաքչում են ամենածանր խղճի խայթերը, որի համար էլ իմ մեջ ցավով է արձագանքվում ողջ աշխարհը, և նույնիսկ հենց իմ հրեշտակը. մեկ անգամ չէ, որ ես տենչացել եմ նետվել վեցերորդ հարկի իմ բնակարանից, ուր ինձ տանջում է յուրաքանչյուր սենյակ, բայց հրեշտակը վերջին պահին միշտ փրկում է ինձ հետ քաշելով, նույն կերպ՝ ինչպես իմ Ֆրանց Կաֆկային, ով նույնպես ուզում էր նետվել վեցերորդ հարկից, «Մեզոն Օպելտից», այնտեղից, ուր ելքը Ստարոմեստյան հրապարակից էր, միայն թե պան դոկտոր Կաֆկան կընկներ անկյունում` Փարիզյանի վրա, նրան, երևի, նույնպես ցավոտ վիրավորում էր աշխարհը և ողջ իր կյանքը:
Օ՜, այո, ես հաղթեցի, հասա խորագույն դատարկության, եւ ահա նրանք` պտուղները… Իսկ Կոնստանտին Բիբլը միեւնույն է՝ նետվեց պատուհանից, բայց սկզբում` դրանից շատ առաջ նա Շտիրսկուն նկար պատվիրեց` մարդն ընկնում է պատուհանից, բայց հակառակ ուղղությամբ, ինչպես, եթե էջը դարձնես: Եվ Արթուր Շոպենհաուերի հայրը նույնպես ինքնասպանությամբ վերջ տվեց կյանքին, եւ Սենեկան նույնպես` Սալամանկայում: Բայց ես պատուհանից չեմ նետվի, իմ պահապան-հրեշտակը ոչ թե ինձ տարհամոզել է, այլ պարզապես շշնջացել է ինձ, որ նա, ով թույլ է տվել ինձ հասնել խորագույն պարապությանը, ասել է նրան, որ ահա այսպես գնալը` չափազանց հեշտ է, իմ տիեզերական ցավը ես պետք է կրկին վերապրեմ, ինչպես վերջին չինացի կայսրը, ում մահապատժի փոխարեն 12 տարի ուղեղն էին ողողում, որպեսզի նա հասկանա, թե ինչ է գործել, և հասնի ոչ թե խորագույն պարապության, այլ դառնա հասարակ մահկանացու, ով գնումների է գնում, ինչպես ամենքը, որ նա մարդ դառնա:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ԱՆՐԻ ՄԻՇՈ

22 Հկտ

ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հրեշավոր քամի է փչում.
Կրծքիս մեջ ոչ մեծ մի անցք է,
Հրեշավոր քամին փչում է դրա մեջ:
Անցքում այդ ատելություն է, սոսկանք, անզորություն
Ու անզորություն դարձյալ, իսկ քամին ամենազոր է,
Հզոր է պտտահողմերի պես,
Կոտրում է պողպատե ասեղներ,
Ու անընդհատ քամի է միայն,
դատարկություն: Ու երբ դադարում է քամին,
Ես մոլորվում եմ, լի եմ անձկությամբ:
Ո՞նց պիտի հնչեին բառերն Հիսուսի,
թե նա իմ տեղը լիներ:
Դողը հոգուս մեջ իր սառնությունը միշտ պատրաստ է պահում:
Ու խժռում ամեն ինչ, ու ամեն ինչ ժխտում է դատարկությունս,
Ամեն ինչ խուլ է ու համր` նրա մեջ-
Աստղերի լռության պես:
Անցքը խորն է հոգուս մեջ և չունի ձև:

Թարգմ. Գ. Մելքոնյան

%d bloggers like this: