Tag Archives: դատարան

Հաղթել՝ չի նշանակում հաղթել

1 Դկտ

Ոչ ոք չէր սպասում, որ Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կարող էր նման շրջադարձային դեպքերի ընթացք մատուցել: Կար ի սկզբանե ամրապնդված այն համոզմունքը, թե այդ նորանկախ, Ռուսաստանի հովանու ներքո գտնվող երկրում ամեն բան պիտի կատարվեր հենց այնպես, ինչպես արդեն որոշվել էր Կրեմլում: Եվ միայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ընտրողներն իրենց ձայնը տվել են ընդդիմության առաջնորդ, Հարավային Օսիայի կրթության նախկին նախարար Ալլա Ջիոևային՝ թույլ տալով նրան ունենալ քվեների ավելի քան 56 տոկոսը, մինչդեռ մյուս թեկնածուն՝ Արտակարգ իրավիճակների նախարար և Ռուսաստանի աջակցությունը վայելող Անատոլի Բիբիլովը հավաքել էր ընդամենը ձայների 40 տոկոսը, բոլորը միաբերան կռահեցին. «Այժմ ինչ-որ բան պատահելու է»:
Եվ պատահեց: Ընտրությունից երկու օր անց Օսիայի Գերագույն դատարանը Բիբիլովի պահանջով չեղյալ հայտարարեց երկրորդ փուլը, իսկ հաղթող հռչակված թեկնածու Ջիոևան զրկվեց նոր ընտրություններին մասնակցելու իրավունքից: Իր տեսակի մեջ այս աննախադեպ որոշումը Գերագույն դատարանը հիմնավորում էր նրանով, թե իբր Ջիոևայի կողմնակիցները զանգվածաբար խախտել են հանրապետության Ընտրական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներ, ինչի արդյունքում «հնարավոր չէ պարզել քվեարկության իրական պատկերը»: Այս հիմքի վրա խորհրդարանը կրկնակի ընտրություններ նշանակեց հաջորդ տարվա մարտի 25-ին: Բայց իշխանությունների շտապողականության մեջ աչքաթող էր արվել էական մի հանգամանք՝ ընտրողների վերաբերմունքը: Եվ մարդիկ դուրս եկան փողոց՝ իրենց ձայները պաշտպանելու վճռականությամբ:
Շտապեց նաև Ջիոևան: Դատարանի որոշումից անմիջապես հետո նա իրեն երկրի նախագահ հռչակեց, հայտարարեց պետական խորհուրդ ձևավորելու մասին, որը գործելու է մինչև օրինական մարմինների ձևավորումը, և դրանով իսկ դարձավ երկրորդ հարվածի թիրախը: Նոյեմբերի 30-ին Հարավային Օսիայի Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որով ընդդիմադիր գործչին մեղադրեց գունավոր հեղափոխություն կազմակերպելու մեջ: Ըստ այդմ, դատախազությունը սպառնաց, թե մտադիր է «համապատասխան քայլեր» ձեռնարկել: «Ալլա Ջիոևայի քայլերը հակասում են Գերագույն դատարանի ու խորհրդարանի ընդունած որոշմանը: Իրեն նախագահ հռչակելն ու ինչ-որ պետական խորհուրդ ստեղծելն իրավական շրջանակների մեջ չեն տեղավորվում: Դա ամեն դեպքում ապօրինություն է», — հայտարարեց գլխավոր դատախազի տեղակալ Էլդար Կոկոևը:
Դժվար է հավատալ, թե Ալլա Ջիոևան խախտումներով է ընտրվել: Փաստ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր 15 անդամները ստորագրել են ամփոփիչ արձանագրությունը, որով նա հաղթող է ճանաչվել: Կան նաև բոլոր 85 ընտրատեղամասային հանձնաժողովների կազմած արձանագրությունները, որոնք ևս վկայում են տիկնոջ համոզիչ հաղթանակի մասին: Բայց արի ու տես, որ այս ամենը քիչ է: Փոխարենը նրա մրցակից, ընտրություններում պարտված, բայց դատարանում հաղթանակի հասած իշխանամետ թեկնածուն` Անատոլի Բիբիլովը այժմ մեծ ուրախությամբ մարդկանց կոչ է անում հանդարտություն պահպանել ու ենթարկվել Գերագույն դատարանի վճռին: Այս իմաստով Բիբիլովի խոսքերը սոսկ Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարության կրկնությունն են, որտեղ նշվում է, թե Մոսկվայում ուշադիր հետևում են հարևան երկրում տիրող իրավիճակին ու հետաքրքրված են «այդ երիտասարդ երկրում հանգստության և կայունության ապահովմամբ»: «Անհրաժեշտ է, որ բոլոր հասարակական-քաղաքական ուժերը հարգեն իշխանության բարձրագույն մարմինների՝ օրենքից բխող որոշումները»,- ասվում է Ռուսաստանի դիմում-պահանջում:
Սակայն ներկա պահին մեծ եղբոր հորդորներին ականջալուր լինել ցանկացողների թիվն այնքան էլ մեծ չէ: Ավելին, ժամ առ ժամ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից, և երեկ նույնիսկ բանը հասավ կրակոցներին: Ճիշտ է, այդ կրակոցներն առայժմ օդ են արձակվում, սակայն ո՞վ կարող է երաշխիքներ տալ, թե յուրաքանչյուր պահի իրավիճակը կտրուկ կերպով չի փոխվի՝ հանգեցնելով ամենաիսկական քաղաքացիական պատերազմի: Ջիոևայի կողմակիցները ոչ միայն բողոքի ակցիա են սկսել, այլև գրոհել են ԿԸՀ-ի շենքի վրա: Իր հերթին Ջիոևան ոչ միայ դիմել է Հարավային Օսիայի նախագահ Կոկոյտիին ու Ռուսաստանի նախագահ Մեդվեդևին`պահաջնելով թույլ չտալ երկրում քաղաքացիական պատերազմ, այլև վերջնագիր է ներկայացրել գործող իշխանություններին՝ տալով նրանց երկու օր ժամանակ: Սակայն այնքան էլ դժվար չէ կռահել, թե ինչ պատասխան նա կստանա Կոկոյտիից: Այս մասին մի շարք փորձագետներ նույնիսկ շտապել են կարծիք հայտնել` պնդելով, թե ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելն իրականում ձեռնտու էր միայն մի գործչի` պաշտոնից հեռացող նախագահ Էդուարդ Կոկոյտիին, ինչը վերջինիս հնարավորություն կտա ևս մի քանի ամիս ղեկավարել Հարավային Օսիան՝ մինչև նոր ընտրությունները:
Մյուս կողմից նույնիսկ գործող նախագահի պատասխանը կարող է որևէ էական դերակատարություն չունենալ դեպքերի ընթացքի վրա: Ուշադրության է արժանի Ալլա Ջիոևայի վերջին հայտարարությունն այն մասին, թե ինքն ու իր կողմնակիցները չեն պատրաստվում բռնի գործողությունների դիմել իշխանությունը վերցնելու համար, բայց դրա հետ մեկտեղ հաղորդվում է, որ ցուցարարները զինված են և մտադիր են դիմադրություն ցույց տալ միայն այն դեպքում, եթե հանրապետություն մտցվեն ռուսական ուժեր կամ գործի դրվի երկրի նախագահի անվտանգության ծառայությունը: Այս ընդհանուր ֆոնի վրա նույնիսկ նահանջի որոշ նախանշաններ են ի հայտ գալիս: Մասնավորապես երեկ Հարավային Օսիայի ԱԳ փոխնախարար Ալան Պլիևը հայտնեց, թե ընտրությունները չեղյալ համարելու մասին դատարանի վճիռը կարող է փոխվել:
Ամեն դեպքում, հազիվ թե խնդիրը դեպի կարգավորում գնա միայն ներքին ուժերի ու ջանքերի շնորհիվ: Արտաքին միջամտության առկայությունը այս պարագայում պարզապես անխուսափելի է, թեև ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն և Վրաստանը նախօրոք Հարավային Օսիայի ընտրությունները ոչ լեգիտիմ էին անվանել: Սակայն հիմա պաշտոնական Թբիլիսին կրկին ակտիվացել է ու հայտարարում է. «Վրաստանի Ցխինվալի շրջանում անցկացված, այսպես կոչված, նախագահական ընտրությունները Կրեմլում պլանավորված «միջոցառում» է։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, միջազգային հանրությունը չի դիտարկում որպես ընտրություն։ Կրեմլում պլանավորված այդ «միջոցառումը» ղեկավարում է պաշտոնական Մոսկվան, որը պատասխանատվություն է կրում դրա համար։ Մենք հուսով ենք, որ միջազգային հանրության արձագանքը չի ուշանա»։
Միջազգային հանրությունը, որ ուշի ուշով հետևում է զարգացումներին, իր վերաբերմունքը դրսևորելու մի քանի տարերակներ ունի: Իսկ Մոսկվան, որը չի հանդուրժի այդ միջամտությունը, արդեն ձեռնամուխ է եղել դրսի ներգործությանը հակազդելու քայլերին: Այլ կերպ դժվար է բնութագրել այն անսպասելի բացահայտումը, որ մատուցվեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Վլադիմիր Նազարովի կողմից: Ռուս-վրացական պատերազմից երեք տարի անց Մոսկվան հանկարծ հայտարարեց, թե Ռուսաստանը կոնկրետ ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ը մասնակցել է Հարավային Օսիայում ռուս խաղաղապահների, զինծառայողների ու քաղաքացիների սպանությանը։ «Մենք կոնկրետ ապացույցներ ունենք այդ մասին։ Մենք ցանկանում ենք ՆԱՏՕ-ի գծով մեր գործընկերներին հիշեցնել Սահակաշվիլիին սպառազինելու հարցում այդ կառույցի ունեցած դերակատարությունը։ ՆԱՏՕ-ն 2007-2008 թվականներին ամեն գնով Վրաստանին դրդել է պատերազմի»,- ասաց Նազարովը՝ հստակեցնելով Արևմուտքի դերը Հարավային Օսիայի կյանքում և ռուսների վերաբերմունքը նրանց հետագա քայլերի նկատմամբ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: