Tag Archives: Դավոս

Դավոսից տեսանելի աշխարհը

27 Հնվ

Շվեյցարիայի Դավոս լեռնային հանգստավայրում այս օրերին ոչ բոլորն են հանգստանում: Արդեն երկրորդ օրն է, ինչ այստեղ իր աշխատանքներն է սկսել Համաշխարհային տնտեսական 42-րդ համաժողովը՝ նույնիսկ հանգստի մեկնածներին հիշեցնելով այն տագնապների ու վտանգների մասին, որոնք կարող են սպառնալ յուրաքանչյուրին՝ անկախ գրպանի պարունակությունից: Դավոսյան հավաքին մասնակցում են մոտ 2600 քաղաքական գործիչներ ու գործարարներ: Նրանցից գրեթե 40-ը պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ են: Քննարկման հիմնական թեմաներն են Եվրոպայում պարտքային ճգնաժամը և կապիտալիզմի ապագան, ինչն իր հերթին ենթադրում է ուշադրության կենտրոնում պահել չորս առավել արդիական խնդիրներ` տնտեսական աճի և զբաղվածության, առաջնորդության ու նորարարության, կայունության և ռեսուրսների օգտագործման, սոցիալական ու տեխնոլոգիական մոդելները: Համաժողովի հիմնական թեման է` «Մեծ փոխակերպում. նոր մոդելների ձևավորում»:
Որպես այդպիսինի հնարավոր տարբերակ ներկաները ակնկալում էին որոշակի հստակեցումներ ստանալ այն ծրագրից, որը մշակել էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ հուսալով այդ կերպ պայքարել եվրագոտում պարտքային ճգնաժամի դեմ: Սակայն հազիվ թե նրանց ներկայացրած տարբերակը լիովին բավարարի բոլոր կողմերին: Ու քանի դեռ ոմանք ջանում են հուսադրել հիասթափվածներին, հոռետեսները տխուր կանխատեսումներ են անում այն մասին, թե իբր կապիտալիզմի արևմտյան մոդելին մնացել է ոչ ավել, քան 3-4 տարվա կյանք: Նրանց պատկերացումներում սա արդեն ծավալված խաղի ավարտն է, քանի որ ֆինանսական համակարգը սպանում է իրական տնտեսությունը: Սակայն Դավոսում նմանատիպ դառը ճշմարությունները հնչեցնելն այնքան էլ հեշտ բան չէ, այդ իսկ պատճառով լրատվամիջոցները հենց առաջին օրը տեղեկացրեցին այն վիճաբանության մասին, որ ընթացել է համաժողովի կուլիսներում:
Եթե նույնիսկ ընդունենք, որ աղբը տնից դուրս նետելու համար ընտրված պահն իսկապես նպատակահարմար չէր, ապա սրա հետ մեկտեղ չենք կարող չփաստել, որ այդ գաղտնիքը վաղուց այլևս գաղտնիք չէր: Ամիսներ ի վեր բազմաթիվ տնտեսագետներ ու առաջատար վերլուծաբաններ գրում էին այն մասին, որ բիզնեսի ու երկրների կառավարությունների հանդեպ հասարակությունների վստահությունն աղետալիորեն նվազել է: Իսկ եթե ասվածին հավելենք նաև այն, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն իրենց հերթին են առավել սրում մտավախությունները, ապա պարզ կդառնա, թե ինչ պատճառով են շուրջբոլորը գուժում, որ համաշխարհային տնտեսությունը կրկին մտել է «վտանգավոր գոտի»:
Ի՞նչ են ասում նրանք, ովքեր վստահություն չունեն ձեռնարկվող գործընթացների հանդեպ: Վերջիններիս համոզմամբ, անցած 3 տարիների ընթացքում աշխարհը ստիպված էր զբաղվել քաղաքականության, տնտեսության և ֆինանսների ոլորտներում ճգնաժամի կառավարմամբ, միայն թե տեսադաշտից դուրս է թողնվել հիմնական տրանսֆորմացիան, որի մեջ իրականում գտնվում է աշխարհը, և որի ֆոնին որոշումներ կայացնելու սովորական մեթոդները արագորեն հնանում են: Դա է պատճառը, որ հրաժարվելով հին մեթոդներից, այսօր Դավոսում առաջարկներ են հնչում մտածել բազմամշակութային և բազմաէթնիկական աշխարհի նոր մոդելների շուրջ, ուր հաշվի կառնվեն գլոբալացման և տեխնոլոգիական նորարարությունների սոցիալական նշանակությունները:
Այս տեսանկյունից ուշադրության է արժանի հատկապես Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբի կարծիքը, ով պարզապես անկեղծացել էր և հայտարարել, թե ինքը չի հավատում արդի կապիտալիզմին: «Կարելի է բացարձակ վստահությամբ ասել, որ կապիտալիստական համակարգն իր ներկայիս ձևով բացարձակապես համահունչ չէ արդի աշխարհի մոդելին»,- նշել էր համաժողովի հիմնադիրը և պնդել, որ քաղաքական գործիչների ու ամբողջ հասարակության սխալները հանգեցրել են ֆինանսական մի ճգնաժամի, որի իսկական պատճառները ֆինանսական համակարգում թույլատրելի նորմաների գերազանցումն է: «Մենք ժամանակին չենք սահմանել կանոններ, որոնք կկարողանային արգելել համակարգի աղճատումը»,- ասել էր Շվաբը:
Նման տեսակետների համար մյուս նախապայմանը նախորդ տարի աշխարհը ցնցած բողոքներն ու հեղաշրջումներն էին, որոնք, Դավոսում համախմբված մտահոգ այրերի կարծիքով, պետք է նախազգուշացում դառնան ֆինանսական վերնախավի համար: Սա է պատճառը, որ համաժողովում ներկայացած մի շարք գործարարներ պարզապես ասացին, թե իրենց խնդիրների լավագույն լուծումը Դավոսի համաժողովին մասնակցելու եկածների և առկա տնտեսական իրավիճակից դժգոհ շրջանակների միջև կառուցողական երկխոսությունն է:
Բայց երկխոսությունը հազիվ թե կայանա, քանի որ տարակարծիք թևերն այս պահին հակված չեն լսելու կողմերի փաստարկները: Եվ ոչ էլ Դավոսի կարգի համաժողովներն են, որ պատասխան են տալիս ամենամութ հարցերին: Վերջին հաշվով, յուրաքանչուր երկիր վերստին ինքնուրույն կշարժվի մոտեցող ճգնաժամին ընդառաջ՝ փորձելով այդ պղտոր ջրերից հնարավորինս անվնաս դուրս գալ:
Իսկ ի՞նչ է մտածում և ի՞նչ է պատրաստվում անել մեր երկիրը: Այս հարցն առայժմ պատասխան չունի: Ասենք միայն, որ Դավոսում Հայաստանի ներկայացուցիչ չկա, մինչդեռ, օրինակ, մեր հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը ներկայացված են նախագահների մակարդակով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Advertisements
%d bloggers like this: