Tag Archives: դաստիարակություն

ԱԼԵՔՍԻՍ ԹՈՔՎԻԼ

29 Սպտ

Կան այնպիսի ժողովուրդներ, որոնց սկզբնական դաստիարակությունն այնքան անբավարար է, և որոնց բնավորությունը` կրքերի, անգիտության ու կեղծ հասկացությունների այնպիսի տարօրինակ խառնուրդ, որ նրանք չեն կարող ինքնուրույն գտնել իրենց դժբախտությունների պատճառները: Նրանք զոհվում են իրենց կողմից չգիտակցված չարիքների ծանրությունից:

ԿԼՈԴ ՀԵԼՎԵՑԻՈՒՍ

29 Հնվ

Սերը ճշմարտության նկատմամբ այն գտնելու առավել բարենպաստ պայմանն է: Հայրենիքի սերը համատեղելի է ամբողջ աշխարհի նկատմամբ սիրո հետ: Գիտելիքների լույսը ձեռք բերած ժողովուրդը դրանով վնաս չի պատճառում իր հարևաններին: Ընդհակառակն, պետություններն ինչքան լուսավորյալ են, այնքան ավելի շատ են միմյանց գաղափարներ հաղորդում և այնքան ավելի շատ է մեծանում համաշխարհային մտքի ուժն ու գործունեությունը: Յուրաքանչյուր երկրում մարդկանց ձևավորելու արվեստը այնպես սերտորեն է կապված կառավարման ձևի հետ, որ հասարակական դաստիարակության գործում հազիվ թե հնարավոր է որևէ զգալի փոփոխություն առանց բուն պետական կարգի փոփոխությունների:
Դաստիարակությունը գլխավորապես պետք է մեր սրտերում սերմանի անհատի և հասարակության համար օգտակար սովորույթներ: Մարդիկ ոչ թե ծնվում, այլ դառնում են այն, ինչ կան: Մարդկանց անհրաժեշտ է խառնվածքի, փորձի, բանականության վրա հիմնված մարդկային բարոյականություն: Հասարակությունը ճանաչում ու հարգում է միայն այն արժանիքները, որոնք ապացուցված են գործնականում: Ով ցանկանում է ճշգրիտ իմանալ, թե ինքն ինչ արժե, դա կարող է իմանալ միայն ժողովրդից և, հետևաբար, իրեն պետք է հանձնի նրա դատին:

ՋՈՆ ԼՈԿ

26 Հնվ

Մարդկանց գործողությունները նրանց մտքերի լավագույն թարգմաններն են: Բարոյական կանոնները կարիք ունեն ապացույցների, հետևաբար դրանք բնածին չեն: Վատ դաստիարակված մարդու մեջ համարձակությունն ընդունում է կոպտության տեսք: Խելքը նրա մեջ դառնում է մանրախնդրություն, սրամտությունը` խեղկատակություն, պարզությունը` անտաշություն, բարեհոգությունը` կեղծավորություն: Սուտն իր մշտական ուղեկիցն ունի` խորամանկությունը: Խորամանկությունը սոսկ բանականության բացակայություն է. ի վիճակի չլինելով ուղիղ ճանապարհով հասնելու իր նպատակներին, նա փորձում է դրանց հասնել խարդախ ու զարտուղի միջոցներով: Եվ նրա դժբախտությունն այն է, որ խորամանկությունը օգնում է միայն մեկ անգամ, իսկ հետո միշտ խանգարում է: Ոչ ոքի դեռևս չի հաջողվել այնքան խորամանկ լինել, որ թաքցնի իր այդ հատկությունը: Աչքի համար ոչ մի բան այնքան գեղեցիկ չէ, որքան ճշմարտությունն է խելքի համար: Ոչ մի բան այնքան այլանդակ ու բանականության հետ անհաշտ չէ, որքան կեղծիքը: Քսան զանցանք կարելի է ներել ավելի շուտ, քան ճշմարտության մեկ խախտումը: Իսկական խիզախությունն արտահայտվում է հանգիստ ինքնատիրապետման և իր պարտքի անվրդով կատարման մեջ` հաշվի չառնելով ոչ մի աղետ ու վտանգ: Իսկական խիզախությունը պատրաստ է հանդիպել ուզածդ վտանգին և մնալ աներեր:

ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ

29 Նյմ

Ծնողների և երեխաների մասին

Ծնողների ուրախությունները ծածուկ են այնպես, ինչպես նրանց դառնությունները և վախերը. նրանք չեն կարողանում բացահայտ դրսևորել առաջինները և չեն ցանկանում հայտաբերել երկրորդները: Երեխաները հոգսերը դարձնում են ավելի հաճելի, իսկ դժբախտությունները, ընդհակառակը, ավելի դառն. նրանք ավելացնում են կյանքի դժվարությունները, բայց և մեղմացնում մահվան մասին խորհրդածությունը: Տեսակի շարունակումը հատուկ է բոլոր կենդանիներին, իսկ հիշողության, արժանիքների և ազնվաբարո գործերի պահպանումը բնորոշ է միայն մարդուն: Չէ՞ որ, անշուշտ, յուրաքանչյուրին պետք է հայտնի լինի, որ ամենաազնվաբարո գործերն ու նախաձեռնությունները ծագում են այն մարդկանցից, ովքեր երեխա չունեն, և ձգտում են սերունդներին իրենց ոգու պատկերները թողնել, քանի որ արդեն չի հաջողվել իրենց մարմնի նկարագրերը նրանց թողնել. այնպես որ սերնդի հոգսն ավելի ուժեղ է նրանց մոտ, ովքեր ժառանգ չունեն: Նրանք, ովքեր առաջինն են հռչակավոր դարձնում իրենց տոհմը, ավելի ներողամտորեն են վերաբերվում իրենց զավակներին՝ համարելով նրանց ոչ միայն իրենց տոհմի, այլ նաև իրենց գործի շարունակությունը, այսինքն` ոչ միայն երեխաներ, այլ նաև ստեղծագործություններ:
Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների նկատմամբ, եթե նրանք մի քանիսն են, շատ դեպքերում միանման չէ, իսկ երբեմն ծնողները, հատկապես` մայրը, սիրում են նաև անարժաններին: Սողոմոնը մի անգամ ասել է. «Խելացի որդին ուրախացնում է հորը, իսկ հիմարը` վշտացնում մորը»: Երեխաներով լի տանը կարելի է տեսնել, որ ավագներից մեկին կամ երկուսին հարգում են, իսկ ամենափոքրերին` երես տալիս, սակայն ամենալավ մարդիկ հաճախ ձևավորվում են հենց միջնեկներից, որոնց կարծես թե մոռանում են: Երեխա պահելիս ծնողների ժլատությունը վնասակար սխալ է. այն երեխաներին անազնիվ է դարձնում, մղում խորամանկությունների, ստիպում ընկնել վատ շրջապատ և հարկադրում ավելի շատ տրվել շռայլության, երբ հարստանում են: Եվ դրա համար էլ լավագույն արդյունքը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ ծնողներն ավելի շատ մտածում են երեխաների մոտ իրենց հեղինակության, քան քսակի մասին:
Մարդիկ (ծնողներ, դպրոցի ուսուցիչներ և ծառաներ) մանկության տարիներին եղբայրների միջև մրցակցություն առաջացնելու և դրան աջակցելու հիմար սովորություն ունեն, իսկ դա բազմիցս հանգեցրել է վեճերի, երբ նրանք չափահաս են դարձել, և խախտել ընտանիքների անդորրը: Իտալացիները համարյա տարբերությւն չեն դնում իրենց երեխաների և եղբոր ու քրոջ որդիների կամ մյուս արյունակից հարազատների միջև. նրանց համար միևնույն է՝ նրանք իր սեփական մարմնի արգասիքն են, թե ոչ, քանզի պատկանում են նույն տոհմին:
Եվ եթե ճիշտն ասենք, բնության մեջ էլ շատ նման բան է կատարվում, ընդ որում այն աստիճանի, որ երբեմն, պատահում է, տեսնում ենք երեխայի, ով ավելի նման է քեռուն կամ այլ հարազատի, քան իր ծնողին: Թող ծնողները կանխապես ընտրեն զբաղմունք և կարիերա, որոնց, իրենց կարծիքով, պետք է նվիրվեն երեխաները, քանի որ այդ ժամանակ նրանք ավելի ենթարկվող են, և թող ծնողները շատ չղեկավարվեն իրենց երեխաների հակումներով՝ համարելով, որ նրանք ավելի լավ կկապվեն այն բանին, ինչին ավելի շատ են տրամադրված: Ճիշտ է, եթե երեխաները դրսևորում են ինչ-որ բացառիկ ձիրքեր կամ ընդունակություններ, ապա ճիշտ կլինի չընդդիմախոսել նրանց, բայց սովորաբար լավ է հետևյալ պատվիրանը` Optimum elige, suave et facile illud faciet consuetude» («Ընտրիր լավագույնը, իսկ սովորությունը այն հաճելի և թեթև կդարձնի»): Կրտսեր եղբայրները սովորաբար ավելի հաջողակ են, բայց հազվադեպ կամ երբեք այնտեղ, որտեղ ավագ եղբայրները զրկված են ժառանգությունից:

%d bloggers like this: