Tag Archives: գրողներ

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻՆ

24 Հնվ

«Մեր երիտասարդ գրողները, մանավանդ բանաստեղծներն ինձ ուրախացնում են: Մեր երիտասարդները շատ բան արեցին: Նրանք ցույց տվեցին, թե ինչպես չի կարելի գրել: Այդ ինչպիսի ուղղությամբ նրանք մեծ արդյունքի հասան. շատ լավ են գրում, կուլտուրական, մակարդակով: Բայց նույն համապատասխանությամբ տուժում է ինչը: Այսինքն թե ինչպե՞ս ես ասում, լավ է, բայց ի՞նչ ես ասում: Եվ վերջապես, չէ՞ որ ինչպեսը անցողիկ է, կարևորը ինչն է: Գրականության պատմությունը ցույց է տալիս, որ հաղթում է ինչը: Ինչպիսի տեսակետից  էլ եթե ուսումնասիրեք, կտեսնեք, նույնիսկ մեր որոշ լրագրողներ ավելի լավ են գրում, քան անցյալի որոշ հայտնի գրողներ: Բայց ինչը կարևորն է: Դժբախտաբար, երիտասարդները դրա մասին մտածում են մի քանի տարի հետո, երբ արդեն ուշ է լինում:  Ահա այստեղ է, որ ես տխրում եմ: Մեր երիտասարդ բանաստեղծները այժմ գրում են ձևի տեսակետից կատարյալ բանաստեղծություններ, բայց թող թույլ տրվի ասել, այդ բանաստեղծությունները երբեմն ունենում են  երեք գլուխ (կամ բոլորովին չեն ունենում), մի քանի ձեռք, մի քանի ոտք:

Այնինչ ընթերցողներին հարկավոր են նորմալ կառուցվածք ունեցող  բանաստեղծություններ: Ես սարսափով եմ  մտածում առաջիկա տասը տարվա մասին: Ինձ անհանգստացնում է ասելիքի բացակայությունը: Հիմա ամենավերջին ակնարկագիրն  ավելի գեղարվեստական ձևով է գրում, քան 30-ական թվականների պատմվածքագիրը: Բայց այստեղ էլ մի վտանգ կա: Մեր արձակը սկսել է մոտենալ չափածոյին: «Մեղավորը» երևի Բակունցն է: Բայց չէ՞ որ Բակունցը ելավ չորության և տափակության դեմ: Նա լուծեց ինչպեսի և ինչի հարցը: Իսկ մեր արձակին հատկապես կարևոր է ինչը: Բայց մեր արձակը մի տեսակ անկերպար, կամ լավագույն դեպքում` անանուն, անարյուն մարդկանցով է լցված:

Այնտեղ հանդիպող մարդիկ ի՞նչ են անում: Ինչի՞ համար, ի՞նչ են ուզում աշխարհից, դժվարանում ես որոշել: Վերջապես արձակը արձակ է, չափածոն` չափածո: Սեռերի հասկացողությունը չպետք է շփոթել: Խառնարյունությունը վատ է:

Չմոռանամ ասելու նաև մի վտանգի մասին, որ սպառնում է երիտասարդական պոեզիային: Դա, այսպես ասած,  հատվածայնությունն է, կոտորակայնությունը: Կարդում ես մեր երիտասարդների որոշ գործեր և թվում է` կարդում ես հատված մի մեծ գործից: Մտածում ես` որպես հատված լավ է, բայց որպես ինքնուրույն գործ` թույլ:

 Մի ժամանակ ես հանգով էի գրում: Հետո հրաժարվեցի հանգից, որովհետև հանգը ինձ խանգարում էր: Երբ ասելիքը շատ է, բանաստեղծը  դժվարանում է հանգով գրել:  Բայց անհանգ գրելը դարձավ նորաձևություն: Անհանգ են գրում նույնիսկ քիչ ասելիք ունեցող մարդիկ: Մի օրինակ բերեմ: Երբ առվում ջուրը քիչ է, այգեգործը ջրով բզբզում է հունը, հարթում, որ ջուրը  մի կերպ այգուն հասցնի: Բայց երբ ջուրը առատ է, բահի կարիք չի զգացվում: Հիմա ստացվել է այնպես, որ որոշ բանաստեղծներ մի ծորակի չափ ջուր չունեն, բայց աշխատում են առանց բահի (նորաձևությամբ): Ստացվում է այնպես, որ բովանդակությամբ թույլ, բայց հանգ ու վանկի շնորհիվ մի քիչ շունչ առնող ոտանավորները մեռնում են դեռ չծնված…»:

 ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

1968sev-10

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ. ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀ-2

7 Ապր

«Ստորակետ» հաղորդաշարհի հյուրերը քննարկում են գրքերի թանկացման խնդիրը:

ՉԱՐԵՆՑՅԱՆ ԵՐԿՈՒ ՃՇՏՈՒՄ

16 Նյմ


Եղիշե Չարենցի կյանքին ու կենսագրությանը վերաբերող բազմաթիվ փաստեր դեռևս ենթակա են վերանայման ու ճշգրտման: Այն, ինչ տասնամյակներ շարունակ իր հաստատուն տեղն է ունեցել նրա ստեղծագործական ժառանգության մեջ, հանկարծ պարզվում է, որ միանգամայն այլ պատկեր ունի: Նույնիսկ աննշան թվացող դրվագները երբեմն կարող են էական նշանակություն ձեռք բերել ինչպես գրականության պատմության համար, այնպես էլ բանաստեղծի հայացքների ու աշխարհընկալման իրական նկարագիրը ձևավորելու առումով: Ստորև ներկայացնում ենք համանման երկու պատմություն, որոնք միայն չնչին հատվածն են դեռևս սրբագրման կարոտ բազում այլ էջերի:

ԹԵՐԹԻ ԾՆՆԴՅԱՆ ՃԻՇՏ ՕՐԸ

1925 թ. հիմնադրելով Հայաստանի պրոլետարական գրողների «Նոյեմբեր» միությունը, Չարենցը ջանում էր ամեն գնով իրականություն դարձնել միության տպագիր օրգան ունենալու անհրաժեշտությունը։ Ի վերջո, մեծ դժվարությունների գնով դա նրան հաջողվում է։ Հրատարակման վայր էր ընտրվել Էջմիածնի տպարանը։ Նախատեսված էր թերթի առաջին համարի լույս ընծայումը համապատասխանեցնել Հոկտեմբերյան հեղափոխության 7-րդ տարեդարձի նախօրեին։ Ի դեպ, թերթի պահպանված եզակի օրինակների վրա կարելի է կարդալ հենց այդ ամսաթիվը՝ նոյեմբերի 6: Սակայն հանրահայտ փաստ է, որ իրականում այն հրապարակ իջավ շատ ավելի ուշ։ Վերջին պահին Կենտկոմի քարտուղար Աշոտ Հովհաննիսյանի հրահանգով թերթն արգելվել էր, հանձնարարվել էր փոխել երրորդ էջի բոլոր նյութերը, իսկ տպաքանակն ամբողջությամբ ոչնչացնել։ Չարենցին ու նրա համախոհներին այլ բան չէր մնում, քան հենց այդպես էլ վարվել։ Այնպես որ, իբրև փաստացի ամսաթիվ, ընդունված է «Նոյեմբեր» թերթի ծննդյան օր համարել նոյեմբերի 19-ը։
Բայց, պարզվում է, որ նույնիսկ այդ օրը թերթը ընթերցողներին չի հասել։ Եվ այս անգամ պատճառը ոչ թե Կենտկոմի ահեղ վճիռն է եղել, այլ… զավեշտական մի վրիպակ։
Բանն այն է, որ թերթում տպագրվել էր Գուրգեն Մահարու մի բանաստեղծություն, որտեղ գրաշարի մեղքով սպրդել էր կոպիտ տառասխալ։ Մահարին գրել էր.
Թող հողմը կաղկանձե ու խառնե մազերս,
Թող ոռնա պատարագ ու ծես…
Տպագիր տարբերակում վերջին տողը դարձել էր «Թող ոռնա պատարագ ու ես» (նախկին ուղղագրությամբ՝ յես)։
Տեսնելով դա, Մահարին անմիջապես ընդվզում է.
— Ես հո գա՞յլ չեմ, որ ոռնամ…
Եվ պահանջում է այդ տեսքով թերթը վաճառքի չհանել։ Չարենցը հարկադրված էր ընդունել նրա բողոքը, մեկ անգամ ևս ոչնչացնել տպաքանակը ու տպագրել նորը։ Եվ միայն նոյեմբերի 20-ին «Նոյեմբերը» հայտնվեց թերթավաճառների ձեռքին։ Այնպես որ, թերթի ծննդյան իրական ամսաթիվը պետք է համարել 1925 թ. նոյեմբերի 20-ը։

ԵԼՈՒՅԹԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԸ

Խորհրդային գրողների համամիութենական առաջին համագումարը տեղի ունեցավ 1934 թ օգոստոսի 17-ից սեպտեմբերի 1-ը, Մոսկվայում։ 21-րդ նիստում՝ օգոստոսի 29-ի երեկոյան ելույթ ունեցավ Եղիշե Չարենցը։ Այդ ելույթը հետագայում տպագրվել ու վերատպվել է բազում անգամներ։
Միևնույն ժամանակ Մոսկվայում պահպանվել է ելույթի նմուշօրինակը (ЦГАЛИ, фонд 631, опись 1, архив 115): Այդ սղագրված տեքստն արժեքավոր է հատկապես նրանով, որ էջերի վրա կան Չարենցի ձեռագրով արված նշումներ։ Մասնավորապես, կա այսպիսի մի մակագրություն. ,,Выправлено! Прошу сдать в печать ‎этот экземпляр, по которому я читал на съузде. Е.‏ Чаренц, 30.8.1934‎,,: Ստացվում է, որ Չարենցն իր շտկումներն ու լրացումները կատարել է անմիջապես՝ ելույթի հաջորդ օրը։ Նաև դժվար չէ կռահել, որ դա արվում էր համագումարի «Սղագրական հաշվետվություն» ժողովածուում ելույթը զետեղելու նպատակով (ժողովածուն հրատարակվեց նույն տարում, Պետգրակհրատի կողմից)։ Նման պարագայում պետք է, որ հենց այս օրինակը համարվեր բնագրային ու վերջնական։ Բայց արի ու տես, որ բանաստեղծի երկերի ժողովածուներում և առանձին հրատարակություններում զետեղված նույն ելույթը ունեցել է միանգամայն այլ սկզբնաղբյուր, և արդյունքում որոշ տարբերություններ ունի Չարենցի կողմից ընդունելի տարբերակի հետ։
Նշենք դրանցից մեկ-երկուսը։
Այսպես, իր ելույթում Չարենցը մի քանի անգամ հիշատակել է բոլշևիկյան հայտնի գործիչ Նիկոլայ Բուխարինի անունը։ Մասնավորապես Չարենցի ելույթի վերջին հատվածը հնչել է այսպես. ,,Итак, необходимо с одной стороны- трудиться, трудиться и трудиться, а с другой я обраща‏сюь к писателям с последними словами доклада тов Бухарина: Надо дерзать. Да, товарищи писатели, надо дерзать,,: Հետագա բոլոր հրատարակություններում Բուխարինի փոխարինվել է «զեկուցող»-ով, իսկ վերջաբանը՝ ձևափոխվել։
Եթե Բուխարինի անվան բացակայությունը կարելի է բացատրել այն իրողությամբ, որ համագումարից մի քանի տարի անց նա հայտարարվեց ժողովրդի թշնամի ու գնդակահարվեց, ապա անհամեմատ դժվար պիտի լինի բացատրել, թե, ասենք, Ժողովածուներում տեղ գտած ելույթի տեքստում ինչպես է հայտնվել ու երկու անգամ հիշատակվել ռուս գրող Իլյա Սելվինսկու անունը, մի բան, որ չկա արխիվային օրինակում։ Եվ ընդհանրապես, որտեղի՞ց են ի հայտ եկել տեքստային թեև աննշան, ավելի շատ խմբագրական, սակայն այդքան բազմազան տարբերակները, որոնք մի շարք դեպքերում ուղղակիորեն անդրադառնում են արտասանված մտքերի իմաստային շեշտադրումների վրա…
Այս և բազում այլ հարցականներ սպասում են իրենց պատասխաններին։

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: