Tag Archives: Գրիգոր Հարությունյան

ՏԵՂ ԱՐԵՎԻ ՏԱԿ

8 Նյմ

1946 թ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, իրականացվեց հայերի ամենախոշոր ներգաղթը: Խորհրդային երկիրն ամենքի համար անսպասելի սփյուռքի ողջ հայությանն արտոնեց վերադառնալ ու հաստատվել մայր հայրենիքում: Տասնյակ երկրներում ապաստան գտած շուրջ մեկ միլիոն հայեր այն օրերին ցանկություն հայտնեցին հայրենադարձվել Հայաստան:
Սակայն, որքան էլ նշանակալից ու բախտորոշ լիներ այդ իրադարձութունը, ամեն դեպքում, բնական հարց էր ծագելու, թե երկարատև պատերազմից քայքայված ու աղքատ երկիրն ինչպե՞ս էր պատրաստվում ընդունել հազարավոր ընտանիքների և, որ պակաս կարևոր չէր, որտե՞ղ էր պատրաստվում բնակցնել նրանց: Եթե ծրագիրն իրագործվեր ամբողջությամբ, ապա Հայաստան կարող էին վերադառնալ ավելի մեծ թվով մարդիկ, քան հանրապետության ողջ բնակչությունն էր: Միամտություն կլինի կարծելը, թե հայրենաբաղձության հուզական շեշտադրումները կարող էին ստվերել իշխանությունների իրատեսությունն ու սթափ դատողությունը՝ հարուցելով հավելյալ բարդություններ:
Թեև այն տարիների մասին ստեղծվել է պատկառելի գրականություն, սակայն հիշյալ հարցերի պատասխանները մինչ այժմ լռությամբ շրջանցվել են: Միայն այսօր, արխիվային եզակի վավերագրերի շնորհիվ, մենք հնարավորություն ունենք հետևելու դեպքերի անսպասելի զարգացմանը, քննելու իր էությամբ քաղաքական հնչեղություն ձեռք բերած ու հեռահար նպատակներ հետապնդող այդ ծավալուն նախաձեռնության բուն դրդապատճառներն ու մտադրությունները:
Եվ այսպես, դառնանք պատմության: Դեռևս 1946-ի տարեսկզբից ներգաղթի ծրագրի մասին ոչ միայն խոսվում էր հրապարակավ, այլև ձեռնարկվում էին կոնկրետ միջոցառումներ: Իսկ հանրությանն այդ մասին առավել մանրամասնորեն տեղեկացվեց նույն թվի փետրվարին: Այդ օրերին կայացավ ՍՍՌՄ Գերագույն Սովետի Երևանի ընտրական օկրուգի ընտրողների հանդիպումը Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ: Հենց նրա ելույթն էլ նախատեսված էր բուն խնդրի բազմակողմանի արծարծման և բոլոր փակագծերը բացելու համար: Այդ ելույթի ընդարձակ սղագրության մեջ, որն ընդհանուր առմամբ նվիրված էր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին, կան հատվածներ, որոնք դժվար է այլ կերպ որակել, քան անսպասելի բացահայտումներ:
Իր ելույթում հայրենադարձության թեման Գր. Հարությունյանը սկսում էր այսպես. «…Մենք պետք է աչալրջորեն մոտենանք այս հարցին այն իրագործելու ժամանակ: Արտասահմանյան հայերի թիվը մոտ մեկ միլիոն է: Իհարկե, մենք բոլորին չենք կարողանա ընդունել Հայաստանի ներկայիս տերիտորիայում: Ամենաուշադիր հաշվարկումով, նկատի ունենալով մեր ռեսպուբլիկայի արդյունաբերության մեծ զարգացումը, գյուղատնտեսության ուժեղացումը, որը կարող է զբաղեցնել շատ ավելի աշխատող ձեռքեր, մենք առաջիկա տարիներում Հայաստանի ներկայիս տերիտորիայում կարող ենք ընդունել մաքսիմում 350- 400 հազար մարդ: Այնինչ ցանկացողները ավելի շատ են: Մենք ինչպե՞ս պետք է վարվենք մնացածների հետ»:
Հարցը հնչեցված էր: Դահլիճը պատասխանի էր սպասում: Կարճ դադարից հետո Հարությունյանն արտասանում է. «Մնացած 500- 600 հազար հայերին ընդունելու համար մենք հարց ենք դնում, որ Սովետական Հայաստանին վերադարձվեն Թուրքիայի կողմից զավթված հայկական մարզերը»:
Դահլիճը դղրդում է ծափահարություններից: Տասնամյակների լռությունից հետո առաջին անգամ, այն էլ հանրապետության առաջին դեմքի շուրթերից հնչում է այն, ինչ մասին խոսելը մի ժամանակ համազոր էր սեփական մահվան դատավճռի:
Սակայն կենտկոմի քարտուղարը շարունակում է: Նա հարկ է համարում բացատրել նման շրջադարձի էությունը՝ չմոռանալով թափանցիկ կերպով ակնարկել պատերազմի ավարտից հետո միջազգային հարաբերություններում գծագրվող ուժի նոր բևեռների գոյության փաստը. «…Միայն այս պայմանով մենք կկարողանանք ընդունել բոլոր ցանկացող հայերին: Իսկ նրանց մերժելու մենք ոչ մի բարոյական իրավունք չունենք: Դա է ներկայումս Թուրքիայի ձեռքին գտնվող հայկական մարզերը Սովետական Հայաստանին վերադարձնելու հարցի այժմեականությունը: Մենք հաստատակամորեն կձգտենք մեր առաջադրած հարցի դրական լուծմանը՝ նկատի ունենալով նրա աժմեականությունը:
Հայկական մարզերը Սովետական Հայաստանին վերադարձնելու հարցի առթիվ Թուրքիայի ուռա- հայրենասիրական մամուլը վերջին ժամանակներս հիստերիկ ճիչեր է բարձրացրել, թե Ռուսաստանը, չնայած Ատլանտիկ խարտիայի առկայությանը, սկսել է վարել էքսպանսիայի քաղաքականություն, որ ռուսները փորձում են ուրիշի տերիտորիաների զավթումով ապահովել իրենց ստրատեգիական շահերը ապագա պատերազմում: Ըստ որում, նրանք Ռուսաստանի կողմից «ուրիշի տերիտորիայի զավթման» ոչ մի փաստ չեն բերում:
Նրանք փութաջանորեն փորձում են թաքցնել այն փաստը, որ Թուրքիայի կողմից զավթված հայկական մարզերի վերադարձի հարցը դրված է բուն հայ ժողովրդի կողմից, ինչպես Սովետական Հայաստանի բնակչության, այնպես էլ Եվրոպայի, Ամերիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում ապրող հայերի կողմից: Այդ պահանջները պաշտպանվում են Սովետական Հայաստանի կառավարության կողմից, որը գտնում է, որ Թուրքիայի կողմից հայկական հողերի վերադարձը նրանց իսկական տիրոջը՝ Սովետական Հայաստանին, արդարացի է, և որ այդ հարցը խիստ կենսական նշանակություն ունի ամբողջ հայ ժողովրդի հետագա զարգացման համար: Ինչպես երևում է մեր ասածից, ոչ մի ստրատեգիական նկատառում չի թաքցված այդ մարզերը Սովետական Հայաստանին վերադարձնելու հարցի տակ»:
Ահա այսպես հաստատակամորեն ու վճռական էին տրամադրված հաղթող երկրի իշխանությունները, որոնք հանկարծ հիշել էին հայերի արդարացի պահանջների մասին ու պատրաստվում էին ամեն գնով իրականացնել այս մտադրությունը:
Բայց կանցներ շատ կարճ ժամանակ, աշխարհում մեծ-մեծ փոփոխություններ կկատարվեին, և նոր պայմաններում հերթական անգամ մոռացության կտրվեր այն, ինչը մի ողջ ժողովրդի մեծագույն իղձն ու ձգտումն էր: Նույն տարվա ավարտին այլևս ոչ ոք չէր խոսում ու գրում Արևմտյան Հայաստանի տարածքների վերադարձման մասին: Թուրքիան վերստին համարվում էր դաշնակից երկիր, իսկ Հայկական հարցը օրակարգից դուրս էր նետվել իբրև արգելակող գործոն:
Արդյունքում Մեծ հայրենադարձության շրջանում աշխարհի շուրջ 15 երկրներից հայրենիք վերադարձան ընդամենը 100 հազար հայեր: Հետո նրանց հոսքը հետզհետե նվազեց, ինչպես ցամաքող առուն, և շուտով իսպառ դադարեց: 400 հազար ներգաղթողների մասին հիշել այլևս խորհուրդ չէր տրվում:
Եթե պատմությունն ասվածը իրադարձությունների ու զարգացումների տրամաբանական շղթա է, որտեղ յուրաքանչյուր օղակ փոխկապակված է անցյալի ու գալիքի հետ, ապա, կարծում ենք, անհիմն չի դիտվի նաև հետրյալ վարկածի քննությունը: 1949 թվի ամառը Հայաստանի պատմության մեջ դարձավ նոր ողբերգության տարեթիվ: Մի քանի օրերի ընթացքում հազարավոր հայկական ընտանիքներ տեղահանվեցին ու աքսորվեցին հեռավոր Սիբիր: Հատկապես մեծ թիվ էին կազմում նրանք, ովքեր դեռ մի քանի տարի առաջ իբրև ներգաղթողներ վերադառնում էին իրենց գրկաբաց սպասող հայրենիքը: Երեկվա ընդարձակ երկիրն այլևս նեղ էր բոլորի համար: Գուցե այս չարաբաստիկ դեպքերի ենթաշերտերու՞մ պիտի նաև փնտրել 1946-ի տրամադրությունների ու դրանց ձախողման արձագանքը: Եվ գուցե պատմությու՞նն այս անգամ կհուշի, որ երբեմն հենց իրավիճակներն են դառնում այն շարժիչ ուժը, որ արթնացնում են ննջող հիշողությունը ու եզակի անգամ բացում հնարավորության դռները արդարության առաջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: