Tag Archives: գրականություն

ՏՈՒՆՆ ՈՒ ՏԱՆՏԵՐԸ

30 Հկտ

Գրականությունը բաց դռներով տուն է, որտեղ ամեն ոք կարող է մտնել: Եվ դրա համար էլ ում ասես, որ չես հանդիպի ներսում, ինչ խելապակաս ասես, որ այնտեղ չի թրևում, աղմկում, վնասում իրերը: Բայց կան նաև մարդիկ, ովքեր այդ տունը կարգի են բերում տիրոջ սրտացավությամբ, ջերմացնում են սենյակները, շունչ ու գույն են տալիս պատերին: Դրանց ասում են գրողներ: Մյուսներին ոչինչ չեն ասում:

Հ. Չ.

latihnj4377433

ԱՆԿԱԽ ԵՐԿՐԻ ԱՌԿԱԽ ԳԻՐԸ

21 Հնվ

Եթե մի փոքր խտացնենք գույները, ապա կարելի է առանց ավելորդ խղճի խայթի (բայց ոչ առանց ափսոսանքի) արձանագրել, որ անկախության շրջանի հայ գրականությունը առավելապես ժամանակագրական, քան մշակութաբանական երևույթ է: Եվ դա բնական է, քանի որ անկախ պետականության հաստատումը՝ լինելով քաղաքական իրադարձություն, մշակութային նշանակություն կարող էր ձեռք բերել միայն այն դեպքում, եթե գրականությունը դիտարկեր իբրև իր գաղափարական հենարան: Սակայն, չունենալով հստակ նախանշված գործառույթ, այդ բախտորոշ փուլում գրողական ընտանիքին վիճակված էր ստանձնել սոսկ դիտորդական առաքելություն և իրադարձությունների հետագա զարգացումներում ընդամենը արձանագրել իրենց համար կենսական նշանակության փաստը, այն է՝ բաժանարար գիծ քաշել, համաձայն որի անկախությունը դիտարկում էր իբրև վերացականություն, իսկ ռեալությունը նրանց համար ազատ արտահայտման իրավունքը և բաց սահմաններն էր:
Սահմանների հարցում միտումը քիչ թե շատ հասկանալի է՝ ընդլայնված հորիզոն, նոր առնչություններ և, իհարկե, ազդեցություններ: Իսկ ահա ստեղծագործական ազատության գայթակղությունը մասամբ ստվերում էր թողնում դրա իմաստային հատվածը: Գեղեցիկ է հնչում՝ ազատ գրականություն: Իսկ ի՞նչ ասել է ազատ գրականություն. ահա մի հարց, որ պատասխան չուներ, քանի որ ուներ բազում պատասխաններ: Եվ հենց այս բազմազանությամբ էլ տրվեց անկախացած երկրի նորագույն գրականության մեկնարկը, որտեղ կար ամեն ինչ, բացառությամբ ազատության կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ չափի զգացման:
Նոր գրական միջավայրի ձևավորումը սկզբնական շրջանում ուղեկցվում էր գերազանցապես ժխտողականությամբ. «Այն, ինչ հին է, վատն է, այն ինչ նոր է, լավ է»: Բարեբախտաբար, այս հիվանդագին մտայնությունից հաջողվեց արագորեն հրաժարվել, թեև դրա հետևանքները նշմարելի են մինչև օրս: Փոխարենը բավականին ժամանակ և ջղեր վատնվեցին, որ հասարակական ու մշակությային միտքը հանգեր մի պարզագույն ճշմարտության. գրականությունը անկախ լինել չի կարող: Գրականությանը հակացուցված է անկախությունը, ավտոնոմ հակումներն այստեղ միշտ բախվելու են հանրային պատվերի, էսթետիկ պահանջների և զարգացման տրամաբանության անբեկանելի համառությանը: Եվ քանի որ կար այդ ոսկե կանոնը, բայց բացակայում էր դրա լիարժեք գիտակցումը, այդ իսկ պատճառով էլ գրեթե մի ամբողջ տասնամյակ հայ գրողական նոր միջավայրի ձևավորումը, առանձին հոսանքների և ուղղությունների ուրվագծումը, գեղագիտական արժեքների համալրումը առավելապես ինտուիտիվ, քան համակարգված բնույթ կրեց, ինչն իր հետ անխուսափելիորեն պիտի բերեր ադապտացման պրոցեսի դանդաղեցում: Եվ եթե խոսենք գրական արտադրանքի վրա տվյալ ժամանակահատվածի կարևորագույն իրադարձությունների ուղղակի կամ անուղղակի ազդեցության մասին, ապա կարող ենք փաստել, որ դրանք (անկախության հռչակում, պատերազմ, երկրաշարժ, երկրի տնտեսական ֆորմացիայի փոփոխություն և այլն) այս բոլորը քիչ թե շատ իրենց արձանագրումը գտան բազմաթիվ ստեղծագործություններում, բայց դրանք սոսկ իրավիճակային նկարագրություններ էին, այլ կերպ ասած՝ թեմատիկ արձանագրում, բայց ոչ երբեք լեյտմոտիվ յուրահատկություն, որով պիտի անկախության շրջանի գրական հունձքը տարբերվեր պատմական այլ շրջանի գրավոր ժառանգությունից:
Ըստ այդմ մոլորություն չի համարվի, եթե պնդենք, որ արդեն 25 տարի մեր նորագույն գրականությունը ինքնահաստատման դռներն է ծեծում ու ներկայումս հասել է մի եզրագծի, որտեղ իր համար կարգախոս կարող է ունենալ «Ժամանակն է ընտրում գրականությունը, այլ ոչ թե հակառակը» սահմանումը: Սակայն այս սահմանային անցակետում դեռ անհրաժեշտություն կա ստանալու վավերականացման ևս մի կնիք, քանի որ հատկապես այժմ օրակարգում է ավանդների ու ժառանգականության հարցը: Թե ինչպիսի պաշարով մեր գրականությունը կշարունակի իր ուղին, հենց դա էլ կպայմանավորի նրա ճամփորդության երկարատևությունն ու արդյունավետությունը: Ուղեբեռի ծանրությունն է, որ կապահովի անվտանգ հավասարակշռություն, իսկ պարունակությունը գոյության երաշխիքը կլինի:

Հովիկ Չարխչյան

«Գարուն» ամսագիր, 2016 թ. թիվ 1default

Մամուլի անդրադարձ

19 Դկտ

«Ավելի շատ եռանդ են վատնում հանրությանը հաճոյանալու համար, քան մտահոգված են արժեքավոր երկեր ստեղծելու ուղղությամբ»

Հաճախ կարելի է լսել քննադատություն ուղղված մեր ներկայիս գրողներին ու գրականությանը: Քննադատությունները տարաբնույթ են: Թե ի՞նչն է պատճառը, որ չենք գնահատում այսօրվա մեր գրականությունը, ի՞նչ բացթողումներ ունի այն, որո՞նք են այն ուղիները, որոնցով ժամանակակից գրողը կարող է գտնել իր ընթերցողին, Fnews.am-ը հարցով դիմեց ժամանակակից գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանին, ում տեսակետը ներկայացնում ենք ստորև.
-Գնահատվում է միայն գնահատելին: Բոլոր ջանքերը` լինել ուշադրության կենտրոնում, անարդյունք են, եթե քո ստեղծածն իրենից արժեք չի ներկայացնում: Ցավոք, այսօրվա գրողները ավելի շատ եռանդ են վատնում հանրությանը հաճոյանալու համար, քան մտահոգված են արժեքավոր երկեր ստեղծելու ուղղությամբ: Դեպի ընթերցող տանող միայն մի ճանապարհ կա բոլոր ժամանակների համար. դա տաղանդն է: Մնացած բոլոր միջոցները զարտուղիներ են, որոնք երբեք չեն կարող հանգեցնել ցանկալի արդյունքի»:

Զառա Ղազարյան

http://forums.aзагруженное

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

29 Հնվ

Հանրային հեռուստատեսություն, «Ազատ Գոտի» ռեալիթի թոք շոու- Ժամանակակից հայ գրականություն

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

9 Փտր

ԱՄՊԵՐԻ ՄԵՋ ՍԱՎԱՌՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏ, ՆԵՐՔԵՎ ԻՋԻՐ

Մեր զրուցակիցն է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը

— Պարոն Չարխչյան, Ձեր բլոգում գրեթե ամեն օր համաշխարհային գրականության հայտնի դեմքերի հայտնի և անհայտ մտքերն ենք կարդում: Գալով մեզ, ըստ Ձեզ, այսօր մենք ժամանակակից գրականություն ունե՞նք: Մենք գիտենք, որ Հայաստանը գրքի մայրաքաղաք է հռչակվել 2011-ին, արժանի՞ ենք դրան առհասարակ:

— Համաշխարհային մայրաքաղաք լինելը դեռևս այն փաստարկը չէ, թե երկիրն արժանի է այդ պատվին: Սակայն այդ իրադարձությունը կարող է լավ ազդակ դառնալ այն բանի համար, որ ի վերջո գրականությունը և գրավոր միտքը հայտնվի անհրաժեշտ ուշադրության ու հոգատար վերաբերմունքի ներքո: Չի կարելի անվերջ խոսել մեր դարավոր ժառանգության մասին և բացարձակապես ոչինչ չանել ներկայի համար: Անցյալի հետ շարունակական կապի խզումը իր ներսում մեծ վտանգներ է պարունակում, սակայն այդ վտանգը տեսանելի կարող է լինել միայն նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչ բան է գիրն ու գրականությունը: Ցավոք, այսօր երկրի վերնախավը ոչ միայն անտարբեր է, այլ նույնիսկ մի տեսակ արգահատանք է տածում ամեն կարգի մտավոր հարստության հանդեպ:

— Ըստ Ձեզ` նման վերաբերմունքն ինչի՞ արդյունք է: Պետությունն առհասարակ այս գործում ի՞նչ մասնակցություն պետք է ունենա:

— Վերաբերմունքը նախևառաջ արժեքային համակարգում վերջին տարիներին տեղի ունեցած ահավոր աղճատումների հետևանք է: Մարդկանց համար ավելի թանկ է ստամոքսի ու գրպանի պարունակությունը, քան այն, ինչ կարող էր լինել նրանց հոգիներում ու գլխում: Մոտ օրերս մենք մի խմբով պատրաստվում ենք գրականություն տանել Տավուշի մարզի սահմանային գյուղերից մեկը, որտեղ վերջին 20 տարիների ընթացքում ոչ մի նոր տպագիր բան մուտք չի գործել: Ահա սա է այն Հայաստանի ճշմարիտ պատկերը, որը պատրաստվում է տեր դառնալ մշակույթի մայրաքաղաք ունենալու կոչմանը: Պետության աջակցությունը պիտի լինի ամենաուղղակի ձևով: Բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում մշակույթը մշտապես եղել է պետության հոգածության առարկան: Մշակույթը ո՛չ խանութ է և ո՛չ էլ արտադրամաս, որ եկամուտ բերի: Սա աքսիոմա է, ու ապացուցման կարիք այլևս չի զգում: Նա, ով դա դեռ չի հասկացել` տհասության խորագույն ախտով է տառապում:

— Դե, մեզանում մշակույթն անկարևոր ոլորտ է դիտարկվում, դրա համար էլ տվել են կնոջ ձեռքը ղեկավարելու, այլապես իրենք կղեկավարեին, կամ գուցե սա հատո՞ւկ քաղաքականություն է, անմշակույթ քաղաքականություն, արդյունքում` դարձնել զոմբի հասարակություն:

— Տղամարդիկ նրանից ավելի լավը չէին: Մեր վերջին տարիների մշակույթի նախարարների գործունեությունը սկսվում ու ավարտվում էր էլեկտրացանցերում ատրճանակ կրակելով կամ աջ ու ձախ կոչումներ, մեդալներ բաժանելով:
Ես կարծում եմ` պատճառը մեկն է` չիմացությունը: Ինչպե՞ս կարող է մշակույթի, գրականության մասին հոգ տանել մեկը, ով իր կյանքում գիրք չի կարդացել, թատրոն չի գնացել, լսած երաժշտությունն էլ փողոցային ռաբիսն է կամ դրա ավելի վատթար տեսակը:

— Որտեղի՞ց այսքան չիմացություն: Ինչպե՞ս եղավ, որ չիմացողները դարձան իշխանավոր: Մշակույթի նախարարն, օրինակ, քանիցս խոստովանել է, որ չի տիրապետում իրավիճակին:

— Ես այդ տիկնոջն անձամբ չեմ ճանաչում ու չէի ցանկանա դատողություններ անել նրա ինտելեկտուալ կարողությունների մասին: Բայց կա խնդիրների սահմանափակ մոտեցման պահը: Հայաստանը նրանց համար միայն Երևանն է: Իսկ թե ինչ է կատարվում մարզերում, հեռավոր բնակավայրերում, վստահ եմ, որ պատկերացում անգամ չունեն: Իսկ այնտեղ, հավատացնում եմ ձեզ, մարդիկ նույնիսկ մոռացել են մշակույթ բառը: Բառացիորեն ոչինչ չկա: Ոչինչ:

— Իսկ մարզերում գրքեր, նոր գրականություն տանելով, որը առաջիկա օրերին պատրաստվում եք իրականացնել, ի՞նչ կփոխվի, թե՞ նաև քննարկում, հանդիպումներ եք ունենալու մարզի բնակիչների հետ: Եթե չեմ սխալվում, անցյալ տարի մարզերում սկսեցին շրջիկ թատրոններ տանել, Արշակ Երկրորդ բեմադրվեց Վանաձորում, թատերական փառատոն եղավ Կապանում: Այսպես հնարավո՞ր է մշակութային քաղաքականություն իրականացնել:

— Չէ՛, մեր հավակնություններն այդքան մեծ չեն: Մենք փրկիչներ չենք: Մենք ընդամենը ծարավ մարդուն մի բուռ ջուր հասցնող ենք ուզում լինել: Ամեն բան սկսվում է առաջին քայլից: Բայց այդ քայլը պիտի եզակի չլինի, այլ ունենա իր շարունակությունը: Մյուս կողմից` մարդիկ պիտի տեսնեն, զգան ու հավատան, որ իրենք մոռացված չեն, իրենք ևս մաս են կազմում ամբողջին և այդ մշակույթից հասկանում են ոչ պակաս, քան մայրաքաղաքում ապրողները:

— Վարչապետն անընդհատ խոսում է իրականացվող բարեփոխումներից, որ ինտերնետը շուտով մատչելի կդառնա, կհասնի մարզ, հավատո՞ւմ եք: Եվ ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է հանկարծ ինտերնետի մատչելիությունը, հասանելիությունը առհասարակ փոխել մարզի դիմագիծը:

— Եթե դուք ինձ հիշեցնեք վարչապետի այնպիսի մի խոստում, որն արդեն իրականացել է, ես էլ կսկսեմ հավատալ այս մյուսին: Ինտերնետի առկայությունը անզոր եղավ նույնիսկ կառավարության ղեկավարի դիմագիծը փոխել, էլ ուր մնաց, թե մարզերում ինչ-որ բան տեղաշարժվի: Ապշում եմ, որ այդ մարդիկ դեռ չեն հասկացել, որ բարձր տեխնոլոգիաներ ներմուծելուց առաջ նախ պետք է բնակչության տարրական կենսական պահանջները բավարարել և հետո միայն անցնել ֆանտաստիկ-հեքիաթային նախագծերին: Տաթևի գինեսյան ճոպանուղին Զանգեզուրի բնակչության ո՛չ հացը ավելացրեց, ո՛չ ապրուստը: Նույն ճակատագիրն է սպասվում նաև մնացած «նյուվասյուկի»-ական ծրագրերին: Ամպերի մեջ սավառնող վարչապետին ժամանակն է ներքև իջեցնել, որ ոտքը դնի հողին ու հասկանա, թե այդ հողն ինչպես է արդեն փախչում բոլորի ոտքի տակից:
Սիրանույշ Պապյան
Չորեքշաբթի 09.02.2011 |

%d bloggers like this: