Tag Archives: Գյումրի

Հանդիպում գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ

26 Մրտ

Հանդիպում գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ: Գյումրի, մարտի 24, 2016 թ.

Ցեղասպանության թեման չպետք է չարաշահել. Հովիկ Չարխչյան

9 Փտր

NewsBook-ի զրուցակիցն է հրապարակախոս Հովիկ Չարխչյանը:

— Պարոն Չարխչյան, Բերձորի հայտնի միջադեպից հետո տարատեսակ կարծիքներ են հնչում` բարոյական է արդյոք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը` ապրիլի 24-ին, ռեժիմին հեռացնելու կոչերով և կոնկրետ գործողություններով հանդես գալու «Հիմնադիր խորհրդարան»-ի մտադրությունը: Ձեր կարծիքով` ո՞րն է բարոյականության սահմանը կամ չափորոշիչը:

— Բարոյկանության գրված օրենքներ գոյություն չունեն: Յուրաքանչյուր մարդ ինքն է իր բարոյականության գրաքննիչը` իր ներսում եղած չափորոշիչների համաձայն: Ես շատ եմ ցավում Բերձորի դեպքերի համար, բայց նաև որևէ կերպ չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ քաղաքական իրավիճակը պետք է բերել-կապել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: Տրամաբանական որևէ կապ այդ 2-ի միջև չեմ գտնում, ընդհակառակը, կարծում եմ` սա թեմայի չարաշահում է: Ես սա անթույլատրելի եմ համարում: Այսօր ՀՀ ցանկացած քաղաքացի հասկանում է, որ երկիրն աղետալի իրավիճակում է, և որ փոփոխություններ են անհրաժեշտ, բայց դա չի նշանակում, որ ներքաղաքական երևույթները պետք է կապել Ցեղասպանության տարելիցի հետ: Նույն հաջողությամբ կարելի է ներքաղաքական իրավիճակից եղած դժգոհությունները կապել Շուշիի ազատագրման օրվա կամ, ասենք, Երեխաների իրավունքների պահպանության միջազգային օրվա հետ: Բայց ինչ ընդհանուր բան ունեն սրանք իրար հետ: Սա ինձ համար այդպես էլ մութ ու անհասկանալի մնաց:

— Գյումրիի դաժան սպանդին հաջորդած հակառուսական ընդգծված տրամադրությունների ֆոնին հասարակությունը և մասնագիտական նեղ շրջանակները շարունակում են քննարկել` տուժե՞լ, թե՞ ամեն դեպքում օգտվել է Հայաստանը հայ-ռուսական դարավոր համագործակցությունից:

— Հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն մեր ցանկությամբ ու կամքով: Պատմության մեջ այնպիսի խմորումներ են տեղի ունեցել, որոնք բերել-հանգեցրել են այսօրվա վիճակին: Գնահատել հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները և հետադարձ հայացք չնետել պատմությանը, մեծագույն սխալ կլինի: Միաժամանակ, սա չի նշանակում, որ մենք կապերը պետք է պաշտպանենք ի հաշիվ մեր երկրի արժանապատվության և անվտանգության: Ես հարգում եմ մեր երկրին ծառայություններ մատուցած ռուսներին, բայց շատ ավելի վեր եմ դասում իմ երկրի արժանապատվությունը և անկախությունը: Եթե այս արժեքների դեմ որևէ քայլ է արվում, ես` որպես ՀՀ քաղաքացի, բնական է, որ պետք է ընդվզեմ: Ճիշտ է` հայ-ռուսական կապերը շատ խորը գնացող արմատներ ունեն, սակայն այդ խորությունը չի կարող ոտնձգություններ թույլ տալ իմ երկրի նկատմամբ: Եթե մենք արժանապատիվ կեցվածք դրսևորենք, որևէ մեկը չի կարող մեզ հետ վարվել` ինչպես իր վասալի:

Հարցազրույցը` Անի ՂազարյանիՀովիկ Չարխչյան Hovik Charkhchyan

ՆԱՊԱՍՏԱԿԻ` ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԽՓԱԾ ԳՈԼԸ

3 Փտր

Ես այս պատմության ոչ ականատեսն եմ եղել, ոչ էլ լսել եմ ինչ-որ մեկից: Պատմությունը կարդացել եմ ռուսական մամուլում: Եվ այսպես, 1984 թվականին ֆուտբոլային խաղ էր ընթանում տեղի ֆուտբոլիստների և Երևանի կաթի գործարանի թիմի միջև: Անցել էր 80 րոպե, բայց հաշիվը դեռ չէր բացվել: Եվ ահա գյումրեցիների հերթական հարվածից հետո գնդակը գլորվում էր եզրային գծից դուրս, երբ հանկարծ որտեղից որտեղ դաշտում հայտնվում է մի նապաստակ: Գնդակը դիպչում է նրան ու մտնում է դարպասը: Խաղի մրցավարին ոչինչ չէր մնում, քան արձանագրել դարպասի գրավում: Որքան էլ երևանցիները բողոքեցին, հաշիվը չփոխվեց, իսկ գոլը գրանցվեց այն գյումրեցի մարզիկի անունով, ով վերջինն էր հարվածել գնդակին:News-1378797145-76574

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

6 Դկտ

Հիշատակարան

1942թ մայիսի 7
Փողոցում մի սրճագույն շուն, այս տարվա ծնունդ, նիհար, խեղճ, կարծես անտեր, թափառում է սոված. գլուխը միշտ կախ, գետինը հոտոտելով, ուտելիք է գտնում, ինչ ուտելիք կարող է գտնել այս կիսասով քաղաքում. թերևս ոսկորի կտորները, հացի փշրանքները, ձկան ոսկորները… Խե˜ղճ շուն. ցեխոտ, հողոտ, քաղցած: Ինչու է ծնվել, եկել այս չար աշխարհը, մի ոճրագործ բնության կամքով: Ստեղծում է
բնությունը` առանց մտածելու նրանց կերակրելու մասին, անհաշիվ քանակությամբ ստեղծում է և իրար վրա բաց թողնում այս խեղճ արարածներին: Եվ դարձնում է նրանց գազան. անգութ. այնինչ կենդանիները բարի են հոգով. մարդն է չար, մարդն է բնության արժանի որդին- չարագործ բնության չարագործ զավակներ: Այս խեղճ շունը, որ շփոթված քաշ է գալիս` գալարվելով սովի ձեռքից, փողոցի
տղաները քարով զարկում են, ցավ են պատճառում. վնգստում է խեղճ շունը, և, հաշտված իր վիճակի հետ, նորից թափառում է: Բարի են կենդանիները, ազնիվ են – շունը, ոչխարը, այծը, եզը, գոմեշը, ձին,
ուղտը: Չար են մարդիկ… Պատերազմը մարդկության պատիժն է իր չար սրտի համար:

1954թ ապրիլ
Գյումրեցին ասում է- մարդու պակասություն:
Այսինքն` հաց, հարստություն կա, բայց մարդ չկա, խելոք, ազնիվ, մարդասեր, քաջ մարդ չկա…
— Ի՞նչ կա, ի՞նչ չկա:
— Մարդու պակասություն, ուրիշ ոչինչ:
Բացել եմ ռադիոն և լսում եմ երաժշտություն աշխարհի զանազան վայրերից — Հինդ, Արաբ, Իրան, Բաքու, Հայաստան… Լսում եմ և երազում, բաց աչքերով…
Թափառում եմ երկրե-երկիր, սեր եմ որոնում, սիրածի եմ որոնում… Կարոտ, լաց, մայր, հայրենիք, մանկություն, երիտասարդություն, անցյալ… Երազներ, երազանք, վերացում, սլացում, եսազրկում. անուրջներում ապրում. գոյությունդ մոռանալ, ես-դ մոռանալ, ինքնամոռացում…
Առանց մարդու տիեզերքն ի՞նչ արժեք ունի, ո՞վ է հաստատողը նրա գոյության. նրան բացատրելու…
Ու՞մ համար է նա` տիեզերքը, երբ իրեն պես բոլորը` տարրերը, անզգա են: Ի՞նչ իմաստ ունի, ի՞նչ է:
Ոչինչ է նա, պարզապես մի անսահման ունայնություն, անմտություն, աննպատակություն:
Բնությունը ամենամեծ հանճարն է: Վարդը, եղնիկը, նժույգը, կարապը, դրախտահավը, քնարահավը… Նրա հանճարագեղ, հանճարեղ գործերն են:

1955թ հուլիս
Մարդը իր ինտելեկտով հիբերֆիզիկ է, նյութականից բարձր, վեր: Նա կենդանական (անասնական), բնական աշխարհի վրա իր աշխարհն է բարձրացրել` կուլտուրան, հոգեկանը: Եվ նա դրա շնորհիվ գոյության կռիվը տանում է ոչ թե մարդու դեմ, մարդը մարդու դեմ, ոչ` մարդը բնության դեմ: Մարդը նվաճում է բնության ուժերը, վերջիններին տիրում է և ծառայեցնում իր շահերի համար. և նա կռվում
է` իր վրա բնազդների դեմ ինքնիշխանության և ինքնատիրապետության համար:

1956թ դեկտեմբերի 27
Մոռանալ և խաբվել: Ուզում եմ մոռանալ անցյալս, բոլոր վատ, տխուր դեպքերը, աղետները: Չհիշեմ, այնպես լինի, որ զգամ` որ բնավ չի եղել: Խաբվել…
Խաբեցե’ք ինձ, բժիշկնե’ր, խաբեցեք, դեղագործնե’ր, խաբեցեք` մինչև վերջին րոպեն, մինչև վերջին շունչս խաբեցեք ինձ.- չիմանամ, որ հիվանդ եմ, որ ծանր հիվանդ եմ, որ չունիմ մռայլ հեռանկար, այլ պայծառ, ուրախ, արևոտ…

ՊՈԼՈԶ ՄՈՒԿՈՒՉ

20 Հկտ

Պոլոզ Մուկուչ… Հազիվ թե գտնվի մեկը, ով երբևէ լսած չլինի այս անսովոր, փոքր-ինչ ծիծաղաշարժ անունը, որ բազում զվարճապատումների անբաժան հերոսն է, բանահյուսված առակների մշտական դերակատարը: Բայց հավանաբար ոչ բոլորին է հայտնի, որ նա ոչ թե մտացածին կամ հավաքական մի կերպար է, ինչպիսիք սովորաբար հորինվում են հումորային պատմությունների համար, այլ իրական անձնավորություն` նույնքան հետաքրքիր կենսագրությամբ, որքան նրա շուրջ հյուսված զրույցներն են:
Մկրտիչ Մելքոնյան. ահա Պոլոզ Մուկուչի իսկական անուն-ազգանունը` համաձայն եկեղեցական ծխամատյանի: Նա ծնվել է 1881 թ. հունվարի 7-ին Ալեքսանդրապոլ քաղաքում, արհեստավոր Ղազարի ընտանիքում: Դեռ երիտասարդ հասակից զբաղվել է առևտրով, եղել է մեծածախ մրգավաճառ ( կամ, ինչպես գյումրեցիներն էին ասում` մեյվի փոդրաթչի): Ապրանքը բերել է Երևանից, Վրաստանից, վաճառել փոքր խանութների վրա: Պոլոզ մականունը ստացել է բարձ հասակ ունենալու պատճառով: Ըստ ժամանակակիցների վկայության, խմիչքի հանդեպ ընդգծված թուլություն է ունեցել, սակայն հենց այդ թուլության մեջ էլ թաքնված է եղել նրա իրական էության ողջ գաղտնիքն ու հմայքը: Բանն այն է, որ սթափ ժամանակ Մուկուչը սովորական մեկն էր, հանգիստ, ծանրակշիռ, նույնիսկ ոչ սրամիտ: Սակայն բավական էր մի քանի բաժակ օղին, և նա միանգամից վերափոխվում էր, դառնում անճանաչելի: Այս երկվությունը որքան էլ տարօրինակ լիներ, այնուհանդերձ մեր հերոսի կարևոր բնորոշիչներից մեկն էր` ոմանց համար` սովորական, մյուսների համար` անհասկանալի:
Սիրում էր իր վաստակը շռայլորեն ծախսել ընկերների հետ աղմկոտ գինարբուքներում: Նրա մասին ասում էին, որ մեկ օրվա միլիոնատեր էր ու հաջորդ օվա մուրացիկը: Հաճախ էր պատահում, երբ մինչ ուշ գիշեր երկարած խնջույքներն ավարտվում են ոստիկանության հետ ծեծկռտուքներով: Սակայն հենց այդ ժամանակ էլ ծնվում էին այն պատմություններն ու սրախոսությունները, որոնք հետագայում բերնեբերան էին անցնում` Մուկուչի համբավը տարածելով Գյումրիից շատ ու շատ հեռու:
Իր մշտական բաժակակից ընկերներն ուներ` Ծիտրո Ալեքը, Նալըն Կարոն, Վիսյոլի Վարդանը: Այդ անունները հետագայում պիտի հանդիպեին Մուկուչին վերագրվող զավեշտալի պատմություններում իբրև գործող անձիք:
Պոլոզ Մուկուչը երդվյալ ամուրի էր: Եվ այդպես էլ անզավակ ու անընտանիք ապրեց իր կյանքի 50 տարիները: Մահացել է 1931 թվի փետրվարի 15-ին, Թիֆլիսում, վիրահատության ժամանակ: Նրան տեղափոխում և թաղում են հայրենի քաղաքում: Թե իր կենդանության օրոք ինչպիսի մեծ համբավ է ունեցել, դրա վկայություններից մեկն էլ թերևս այն է, որ նրա մահազդը տպագրվեց ՍՄԿԿ Կենտկոմի օրգան «Խորհրդային Հայաստան» թերթում: Իսկ ահա աննախադեպ մարդաշատ ու շքեղ հուղարկավորության մասին շրջանառվում են հակասական պատմություններ: Որոշ աղբյուրներ պնդում են, թե դրանք հավաստի են: Կան նաև այնպիսինները, ըստ որոնց թաղման շուրջ պտտվող լուրերը ընդամենը գեղեցիկ հորինվածք են` ծնված նրա հանդեպ մարդկանց մեծ սիրուց: Ամեն դեպքում, համաձայն ականատեսների վկայության, Պոլոզ Մուկուչին վերջին հրաժեշտը տալու համար այդ ցրտաշունչ օրը փողոց են դուրս եկել ոչ միայն ծանոթ ու անծանոթ գյումրեցիները, քաղաքի բոլոր կառապաններն ու զուռնաչիները, այլև հատուկ պատվիրակություններ են ժամանել Բաքվից ու Թիֆլիսից: Եվ ահա, երբ հանգուցյալի մարմինը դուրս են բերում, հավաքվածները զարմանքով նկատում են, որ Մուկուչի աջ ձեռքը դագաղից կախված է, այնպես որ թափորի ընթացքին ձեռքը տարուբերվել է, ճոճվել, կարծես նա մնաս բարով է ասել աշխարհին, կամ, ինչպես մեծ բանաստեղծ Ավետիք Իսահայանն է գրել, «իբր սիմբոլ, թե աշխարհը ունայն բան է, անցավոր է»:
Ի դեպ, մի առանձին պատմության նյութ է Իսահակյանի ու Պոլոզ Մուկուչի մտերմությունը: Վարպետն ու Մուկուչը թաղեցիներ են եղել, խաղընկերներ: Գրողի արխիվում պահպանվող ձեռագրերում կան էջեր, որոնք վկայում են, որ Իսահակյանը ցանկություն է ունեցել ամբողջական երկ նվիրել իր նշանավոր համերկրացուն: Ցավոք, այդ ծրագիրն անկատար է մնացել: Սակայն նրանց հոգեհարազատության մեկ այլ վառ ապացույց պիտի դիտվի Մուկուչի հիշատակի հանդեպ բանաստեղծի նախանձախնդիր վերաբերմունքը: 1945 թ., երբ իր ծննդյան 70-ամյակի տոնակատարությունների առիթով Իսահակյանը Լենինական է այցելում, լինում է նաև գերեզմանատանը: Այստեղ տեսնելով Պոլոզի անքար հողակույտը, նա որոշում է տապանաքար տեղադրել: Իր հին ընկերներից մեկին` հայտնի քարտաշ- քանդակող ուստա Սիմիկին էլ պատվիրում է այդ գործը: Մի տարի անց գրողը կրկին գալիս է Լենինական և հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում Պոլոզ Մուկուչի մահարձանի բացումը: Շիրմաքարի վրա փորագրված էր Պոլոզի անուն- ազգանունը, ծննդյան ու մահվան թվականները, հակառակ կողմում` հետրյալ մակագրությունը. «Հիշատակ բանաստեղծ Ավետիք Իսահակյանից»:Այժմ էլ այդ մահարձանը կանգուն է Գյումրիի քաղաքային գերեզմանատանը: Ասում են, որ մինչ օրս էլ մարդիկ խմբերով այցելում են այնտեղ, անպայման բաժակ են բարձրացնում ու բարի խոսքով հիշում այդ ուրախ, սրախոս մրգավաճառին:
Ավելորդ չէ ասել, որ Պոլոզ Մուկուչը եղել է հայ մեծ դերասան Հովհաննես Զարիֆյանի մտերիմն ու արվեստի երկրպագուն: Պապմություններ կան այն մասին, թե ինչպես է Գյումրիից հասել Թիֆլիս կամ Երևան նրա ներկայացումները դիտելու համար: Ըստ որոշ հիշատակությունների, 1926 թվի երկրաշարժի օրերին Մուկուչը Լենինականում հանդիպել ու ծանոթացել է նաև Եղիշե Չարենցի հետ:
Նկարիչ Հ. Անանիկյանի վրձնին է պատկանում Մուկուչին նվիրված դիմանկարների շարքը: Գրող Խաչիկ Դաշտենցը Պոլոզի կերպարն անմահացրել է իր «Ֆայտոն Ալեքը» ստեղծագործության էջերում: Իսկ Ավետիք Իսահակյանը իր սիրելի ընկերոջ մասին տարիներ անց պիտի գրեր այսպիսի տողեր. «…Մուկուչը հայերիս 20-րդ դարի առաջին կեսի առակավոր, առակախոս արտահայտիչն է, մի նոր միֆ է: Հիմա փոքր է, ժամանակի մեջ կմեծանա»:

Անի ԵՍԱՅԱՆ

%d bloggers like this: