Tag Archives: Գյուլ

Մեզ վրա հույս չդնեք

15 Փտր

Այնպես է թվում, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի «լուռ դիվանագիտությունը» լիովին սպառել է իրեն և այժմ նա պատրաստվում է սահուն անցում կատարել նոր` «բարձրաձայն դիվանագիտությանը»: Թե ինչպիսի դրսևորումներ կունենա դա` ժամանակը ցույց կտա: Բայց այդ շարքի առաջին քայլի ականատեսը կարող ենք լինել արդեն այս տարվա մարտին: Հենց գարնանամուտի ձնհալի հետ է Գյուլը պատրաստվում հալեցնել նաև հայ-թուրքական հարաբերությունների սառույցը և իբրև դրա վկայություն նախատեսում է Հայաստանի իր գործընկեր Սերժ Սարգսյանից աջակցություն խնդրել՝ ԵԱՀԿ-ում թուրք գլխավոր քարտուղարի ընտրության հարցում: Այդ լավության համար Գյուլն, իհարկե, պարտքի տակ չի մնա: Նա այսօր էլ խոստանում է, որ գործարքի հաջողությունը բխում է նաև Հայաստանի շահերից, իսկ թուրքերից ավելի լավ բարեկամներ հայերը մերձակայքում ոչ ունեցել են, ոչ էլ երբևէ կունենան: Եվ ահա դրացի նախագահը վերցրել է թուղթն ու գրիչը ու նամակ է գրել առ Երևան, որում աջակցություն է խնդրում Հայաստանից՝ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի թուրք թեկնածուի օգտին քվեարկելու համար։ Նախատեսվում է, որ այդ զորավոր գիրը մարտին Հայաստան կբերի հենց ինքը` ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի թուրք թեկնածու, դեսպան Էրսին Էրչինը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ներկայիս գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավատին: Նա կառույցը ղեկավարում էր 2005 թվականից: ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը նշանակվում է Նախարարների խորհրդի կողմից 3 տարի ժամկետով, և 2008 թ. Բրիշամբոն վերընտրվեց երկրորդ ժամկետով: Սակայն ըստ կանոնակարգի, նույն անձը չի կարող երկու ժամկետից ավելի զբաղեցնել այդ պաշտոնը: Ու հիմա վրա է հասել աթոռը զիջելու ժամանակը: Ներկա պահին քարտուղարի պաշտոնի համար, բացի թուրք թեկնածուից, առաջադրվել են ևս 3-ը՝ Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը, պորտուգալացի նախկին խորհրդարանական Ժոաո Սուարեշը և իտալացի Լամբերտո Ձանիերը։ Նրանց նախընտրական արշավը մեկնարկեց երեկ:
Ինչ վերաբերում է Անկարայի պաշտպանությունը վայելող հավակնորդին, ապա Էրսին Էրչինի մասին կարող ենք ասել, որ նա Բրազիլիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանն է, Եվրոպայի անվտանգության հարցերով Գյուլի խորհրդականը: Վերջինս 30 տարիների ընթացքում ակտիվորեն զբաղվել է դիվանագիտությամբ՝ Թուրքիան ներկայացնելով ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում: Որպես թեկնածու նրա անունն առաջին անգամ հիշատակվեց դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, ու հենց այդ պահից էլ Թուրքիան մեկնարկ տվել իր հոգեզավակի գովազդային արշավին` այդ նպատակի համար օգտագործելով նույնիսկ դեկտեմբերին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ամբիոնը: Գյուլն այնտեղ ներկաներին հավաստիացրեց, թե Էրչինը բավականին մեծ աշխատանք է կատարել միջազգային բազմաթիվ գագաթաժողովներում ու համաժողովներում և լիովին պատրաստ է ստանձնելու գլխավոր քարտուղարի պարտականությունները:
Թուրքիայի նախագահի թիկունքի ետևում դեսպան Էրչինն իրեն լիովին ինքնավստահ ու անկաշկանդ է զգում: Նախապատրաստվելով դեպի Հայաստան առաջիկա լուրջ առաքելությանը, որը նույնն է, թե իր անձը բարեխոսելու անհամեստ քայլ կատարելը, դեռ չկայացած ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը արդեն իսկ դերի մեջ է մտել ու ժամանակից շուտ շրջահայացության դասեր է տալիս Հայաստանին: Թուրք լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ նա նշել է, թե Գյուլի նամակն ամենալավ ժեստն է՝ հասցեագրված հայերին ու հարկ է, որ նրանք դա գնահատեն հավուր պատշաճի: «Հայաստանի նախագահին ուղղված նամակի մեջ գրված է լինելու, որ Թուրքիան ԵԱՀԿ-ում լրիվ անկողմնակալ է լինելու, և ոչ մի գլխավոր քարտուղար Թուրքիայի պես անկողմնակալ չի կարող լինել»,-ասել է թուրք դեսպանը՝ հավանաբար անկեղծորեն հավատալով, թե հարևան երկրում կգտնի իր խոսքերին վստահություն ընծայող որևէ մեկին: Դրանից բացի Էրչինը մի դժվարին հոգս էլ է կրելու իր ուսերի վրա: Նա կարծում է, որ իր այցելությունն առիթ կլինի երկու երկրների միջև հոգեբանական կամուրջներ ստեղծելու համար։ Հավանաբար մոռացության տված այն փաստը, որ ընդամենը ամիսներ առաջ Հայաստանի ուզածը ոչ թե վերացական, հոգեբանական, այլ սովորական, ափից ափ անցնող բաց կամուրջների առկայությունն էր, ինչը մերժվեց թուրքերի կողմից, Գյուլի հատուկ բանագնացը հանգիստ շարունակում է իր քարոզարշավը` հայ ընտրողներին ներկայացնելով ծրագրի հաջորդ դրույթը. «ԵԱՀԿ քարտուղարությունում հայեր չկան։ Ես նրանց ձայները լսող գլխավոր քարտուղար կլինեմ։ Թուրք գլխավոր քարտուղարի առկայությունը կբխի Հայաստանի շահերից։ Եթե ես լինեի հայ կամ հույն, թուրքին այո կասեի»,-ասում է Էրչինը՝ շեշտելով, թե ինքը նույն հարցով մեկնելու է նաև Կիպրոս։
Հայաստանն ու Կիպրոսը Անկարայի ճանապարհին ընկած ծանր քարեր են: Բայց ոչ միայն այս զույգը: Տեղեկություններ կան այն մասին, որ ոչ Ռուսաստան, ոչ էլ ընդհանրապես ԵՄ-ն շահագրգռված չեն այդպիսի ընտրությամբ: Ազդեցիկ ուժերից թերևս միայն ԱՄՆ-ն է, որ թուրք թեկնածուին դրական է վերաբերվում։
Խոսելով պաշտոնական Երևանի հնարավոր պատասխանի մասին, արդեն իսկ կարելի է փաստել, որ, համաձայն դիվանագիտական աղբյուրների, թուրքերը քանիցս դիմել են հայկական կողմին թուրք թեկնածուի աջակցման համար, սակայն նրանց հստակ պատասխանվել է, թե նման տարբերակը բացառվում է: «Երևանի համար ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին սատարելն անհնար է: Աջակցությունը ցուցաբերվում է բարեկամական երկրին, իսկ Թուրքիան բարեկամական չէ»,- վստահեցնում է նույն աղբյուրը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի առաջիկա ընտրություններին, որոնք տեղի կունենան այս տարվա գարնանը, թուրքական Haberturk թերթի տեղեկություններով, կազմակերպությանն անդամակցող 52 երկրներից 25-ը Գյուլին խոստացել են, որ կաջակցեն Էրչինին: Սա այնքան էլ վատ ցուցանիշ չէ սկզբի համար, եթե, իհարկե, պահպանի աճի, այլ ոչ թե նվազման տեմպերը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Գյուլի «կարելի»-ն և «չի կարելի»-ն

29 Նյմ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եռօրյա պաշտոնական այցը Շվեյցարիա ավարտվեց, և հազիվ թե այն մեզ համար որևէ նշանակություն ունենար, եթե մեծամասամբ նվիրված չլիներ հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացներին: Սա Թուրքիայի նախագահի` պատմության մեջ առաջին պետական այցն էր Շվեյցարիա: Տեղի մամուլը, որն այդ օրերին ողողված էր նրա` Բեռն և Ցյուրիխ այցելությունների լուսաբանմամբ, առանձնակի շեշտում էր, թե Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյթհարդի հետ Գյուլի զրույցներից մշտապես անբաժան էր Հայաստանի հետ հարաբերությունների առանցքային թեման: Իսկ նման ընդգծված ուշադրությունն ակնհայտորեն մի քանի պատճառներ ուներ: Առաջինն, անշուշտ, այն էր, որ հատկապես Շվեյցարիան ժամանակին միջնորդեց և աջակցեց երկու կողմերի հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրությունների ստորագրմանը: Մյուս կողմից Շվեյցարիան այն երկրներից մեկն է, որտեղ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: 2003 թվականին, երբ այդ երկրի խորհրդարանի ստորին պալատում ընդունվեց հիշյալ բանաձևը, Անկարա- Բեռն հարաբերությունները մի առ ժամանակ սառեցվեցին: Սակայն դա երկար չտևեց, քանի որ Թուրքիայի համար հեշտ է մոռացության տալ վիրավորանքը, եթե կան ավելի կարևոր շահեր:
Եվ վերջապես, պատճառներից մեկն էլ կարող է համարվել այն, որ թուրքերը հակված են ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները քննարկման առարկա դարձնել Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում: Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտություն կա հիշեցնելու խնդրի գոյությունը և հնարավորինս վառ գույներով ներկայացնելու դա, ինչն էլ մեծ հմտությամբ իրագործեց Գյուլը:
Թուրքիայի նախագահն այս անգամ առավել քան պերճախոս էր: Իր մտադրությունները լիովին իրագործելու ճանապարհին նա նույնիսկ չզլացավ գովերգել Հայաստանի նախագահին` հատուկ ելույթում շեշտելով, թե «այս կետին հասնելու գործում կարևոր դերակատարություն ունեն նաև ՀՀ նախագահ պարոն Սարգսյանի մինչ օրս ցուցադրած առաջնորդի և պետական գործչի հմտությունները»: Այդպես էլ չհստակեցնելով, թե ի՞նչ կետի մասին է խոսքը և արդյո՞ք այդ կետն արժանի է խրախուսման, Գյուլը ավելացրեց, որ գործընթացն իր ավարտին հասցնելու համար նա Հայաստանի հարգելի նախագահից նույն ոգևորությամբ շարունակություն է ակնկալում:
Աշխատանքի այսպիսի բաժանումից հետո արդեն կարելի էր նաև ասել, որ «թուրքական կողմը պահպանում է հարաբերությունների կարգավորման հարցում ունեցած իր կամքն ու վճռականությունը և շարունակում է ջանքեր գործադրել Կովկասում տևական և ընդգրկուն խաղաղության ու կայունության հաստատման գործում»:
Այս ամենը մենք շատ անգամներ ենք առիթ ունեցել լսելու, ինչպես և գիտենք, որ, ըստ Անկարայի, անհրաժեշտ է հայ-թուրքական խնդիրը դիտել Կովկասում սառեցված հակամարտությունների լուծման տեսանկյունից։ Ասել է, թե` Ղարաբաղը նախկինի պես շարունակում է նախապայման մնալ, և Թուրքիան ոչ մի առաջընթաց քայլ էլ չի պատրաստվում կատարել առանց ադրբեջանական շահը գերակա դիտելու: «Ես չեմ ուզում այս խնդիրներն իրար կապել, սակայն անհրաժեշտ է այն մեծ պատկերով դիտարկել»,- չուզենալով ուզում և չկապելով կապում է Գյուլը: Ու որքան էլ անկեղծ լինեին Շվեյցարիայի նախագահի մղումները, ով հորդորում էր Հայաստանին և Թուրքիային առաջ ընթանալ կարգավորման գործում, Գյուլի ողջ բառապաշարն ու ոգևորությունը պիտի ծառայեցվեր մեկ հիմնական նպատակի`մոլորեցնել միջազգային հանրությանը՝ երկխոսության շարունակման պատրանք ստեղծելով:
Այն, ինչ վերաբերում է թուրքական կողմին, արդեն քիչ թե շատ հստակ է: Բայց ահա Հայաստանի պահվածն այս առումով փոքր-ինչ տարօրինակ ու անհասկանալի է ի սկզբանե: Քանի դեռ գործընթացի սկիզբը նոր-նոր էր դրվել, ամեն կողմից դա դադարեցնելու և Թուրքիայի հետ շփումների չգնալու կտրական կոչեր էին հնչում: Իսկ այն բանից հետո, երբ Անկարան ինքն էլ սկսեց արհեստական խոչընդոտներ հարուցել, Հայաստանում պատկերն անմիջապես փոխվեց և նրանք, ովքեր դեռ երեկ դատափետում էին Հայաստանի իշխանություններին թշնամու հետ հաշտվելու համար, սկսեցին նույն կրքոտությամբ հայհոյել թուրքերի ոչ կառուցողական դիրքորոշումը, նրանց մեղադրել պայմանավորվածությունները դրժելու, աշխարհի աչքին թոզ փչելու և մեծ ու փոքր այլ մեղքերի մեջ:
Մենչդեռ թե Հայաստանի, թե Թուրքիայի կացությունը իրարից քիչ բանով էր տարբերվում: Հայ-թուրքական գործընթացը մնաց թղթի վրա նախ և առաջ այն պարզ պատճառով, որ հասարակության մեծամասնությունը դրան «ոչ» ասաց ինչպես մեզ մոտ, այնպես էլ հարևան երկրում: Իսկ քանի դեռ չկա միասնական համաձայնությունը, ոչ մի իշխանություն չի համարձակվի սեփական պատասխանատվությամբ ու նախաձեռնությամբ կտրուկ քայլերի գնալ: Այդպես էր վիճակը Հայաստանում, այդպես էր վիճակը նաև Թուրքիայում: Այլ խնդիր է, թե գործընթացի ձախողումից հետո կողմերից յուրաքանչյուն ինչպես փորձեց դրսևորել իրեն ու ջրից չոր դուրս գալ: Բայց երկու թևերն էլ գերազանց գիտակցում են, որ սա ավարտ համարվել չի կարող, ընդամենը ժամանակ է անհրաժեշտ նոր փորձի նախապատրաստման և հանրությանն այդ մտքի հետ հաշտեցնելու համար: Այս իմաստով ամենևին պատահական չէր օրերս Թուրքիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդի ղեկավար Մուստաֆա Այդընի արած այն հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են Թուրքիայի խորհրդարանում, սակայն մինչև այդ երկրում խորհրդարանական ընտրությունները կառավարությունը չի փորձի նպաստել դրանց վավերացմանը:
«Նոր հայ-թուրքական գործընթաց կարող են սկսել արդեն 2011-ի աշնանը»,- հստակեցրեց Այդընը:
Նման սառը ուղղամտությունը շատ ավելի նախընտրելի է, քան ամեն կարգի սնամեջ ու գունազարդված դատողությունները: Եվ բոլորովին անսպասելի ու սխալ չի լինի, եթե առաջիկայում այս բովանդակությամբ մի հայտարարություն էլ հնչի Հայաստանից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հույսի և փակուղու միջև

11 Նյմ

Վերջապես Եվրոպան ևս կռահեց այն, ինչի մասին այնքան երկար խոսում էին բոլորը: Օրերս Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին վերաբերող դիտարկումների հիմնական շեշտադրումները հանգեցնում էին այն հետևությանը, որ Թուրքիային չի հաջողվի մոլորության մատնել միջազգային հանրությանն ու եվրոպական կառույցներին, քանի որ Անկարայի գործադրած իմիտացիոն քայլերի էությունն ակնհայտ է դառնում: Թուրքերն անվերջ խոսում են իրենց գործադրած ջանքերի, հետևողականության, անհասկանալի մասին, մինչդեռ Եվրամիությունն այս ընթացքում որևէ նշանակալի տեղաշաժ չի արձնագրել ու այլևս չի պատրաստվում հավատ ընծայել նմանատիպ խոստումներին:
Հարկ է նկատել, որ հատկապես վերջին մի քանի տարիներին Թուրքիայի հանդեպ Եվրոպայի վերաբերմունքի մեջ ի հայտ են եկել խիստ ընդգծված կոշտ տարրեր: Այժմ Եվրամիությունը կարծես թե շատ ավելի հստակ քաղաքականություն է վարում այդ երկրի նկատմամբ: Մի կողմից նա չի ընդունում ներկայիս Թուրքիան այնպիսին, ինչպիսին այն իրականում կա, իսկ մյուս կողմից շարունակում է անդամակցության հեռանկարով վերահսկողություն իրականացնել ամեն կարգի անցանկալի զարգացումների դեմ: Թե որքանով է դա հաջողվում` այլ խնդիր է, բայց որ հետևողականության վեկտորն անշեղորեն պահպանվում է, սա արդեն դրական երևույթ է:
Թուրքիայի մեղքի չափն այսօր փաստում են ոչ միայն նրա սահմաններից դուրս: Ավելի հաճախակի են դարձել այ դեպքերը, երբ տեղի իշխանությունների գործելակերպի հասցեին քննադատություններ են հնչում երկրի ներսում: Այդ դիրքորոշման կրողներն առաջին հերթին ընդգծում են այն հանգամանքը, որ Անկարան այսօր իզուր է փորձում հայ-թուրքական գործընթացի ձախողման պատասխանատվությունը գցել Երևանի վրա, քանի որ տվյալ պարագայում մեղավորը հենց Թուրքիան է: Այս առթիվ թուրք վերլուծաբան Ալի Բիրանդն ուղղակի ասում է. ,,Մենք մեր գլուխները խոնարհեցինք Ադրբեջանի հակազդեցության դեմ։ Ավելի շուտ, մենք չկարողացանք եղբայր ադրբեջանցիներին բավարար վկայություններ տալ։ Վերջին պահին նրանք մեզ թողեցին կես ճանապարհին,,: Եվ կես ճանապարհին մնացած Անկարան հարկադրված է կամա թե ակամա ընդունել այն ճշմարտությունը, որ բոլոր դեպքերում կարգավորման առաջին փուլն ավարտվել է հօգուտ Հայաստանի: Գոնե Հայաստանին այս ընթացքում հաջողվեց համոզել միջազգային հանրությունը, որ ի տարբերություն Թուրքիայի՝ ինքը հուսալի գործընկեր է ու պատրաստ է կատարել ստանձնած պարտավորությունները։
Սակայն նույն միջազգային հանրությունն ու եվրոպական որոշ երկրներ դեռևս կառչում են երկակի ստանդարտներ գործադրելու հին մոտեցմանը: Այլ կերպ դժվար է բացատրել այն փաստը, թե հատկապես ո՞ր ծառայությունների ու ձեռքբերումների համար բրիտանական Chatham House-ը վերջերս մրցանակ շնորհեց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին և դեռ այդ քայլը հիմնավորեց մի ձևակերպմամբ, համաձայն որի մրցանակակիրը պարգևը ստանում էր ,,Կիպրական հարցում, ինչպես նաեւ հայ-թուրքական գործընթացում կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար,,: Ու թերև այս հանդուրժողականությունից էլ ոգևորված Գյուլը ելույթ ունեցավ Օքսֆորդի համալսարանում և պատասխանեց հարցերին այն նույն ոճով, ինչը վաղուց ի վեր դարձել է թուրքական դիվանագիտության բնորոշիչը: Հնչեցված հարցերից մեկը վերաբերել էր հայ-թուրքական սահմանի բացման ժամանակացույցին, որին Գյուլը հետևյալ պատասխանն է տվել. ,,Տարածաշրջանի խնդիրները չպետք է խրոնիկ վիճակում թողնել, քանի որ դրանք կարող են միանգամից պայթել, ինչպես դա եղավ Վրաստանի հետ կապված իրադարձություններում։ Կովկասում ներկա պահին տիրող իրավիճակը չի բխում որևէ մեկի շահերից։ Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հող նախապատրաստել,,: Իսկ այդ հողն, ինչպես արդեն նշեցինք, թուրքերը նախապատրաստում են իրենց ասած ,,անձայն դիվանագիտությամբ,,։ ,,Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը մահացած չէ, սառած էլ չէ։ Որոշ բաներ մի քիչ անձայն են ընթանում,,,- նույն օրը կրկնել էր Ա. Գյուլը։
Անշուշտ, նրա այս խոսքերում չէր լինելու որևէ հիշատակում Հայաստանի ԱԳՆ-ի կողմից բազմաթիվ անգամներ հնչեցրած հայտարարության մասին, համաձայն որի Թուրքիայի հետ որևէ ձևաչափով, այդ թվում՝ անձայն բանակցություններ չեն ընթանում և դա ընդամենը գեղեցիկ սուտ է: Բայց քանի դեռ կան նրանք, ովքեր ուզում են լինել խաբված, այդ սուտը կշարունակի մնալ կենսունակ ու գործուն:
Ճշմարտությունն այսօր այն է, որ հայ-թուրքական գործընթացը փակուղու մեջ է: Ճշմարիտն այն է, որ Թուրքիայի քաղաքական դաշտում գործող որևէ ուժ ներկայումս առանց նախապայմանների հաշտեցման գնալու կամք դրսևորելու ունակություն չունի: Այլ կերպ ասած, թուրքական քաղաքական մտածողության մեջ այլընտրանք չկա: Եվ երբ ոմանք դեռ խոսում են հայ-թուրքական հարաբերությունների երկրորդ փուլի հեռանկարի մասին, ստիպված են հաշվի նստել նաև այդ իրողության հետ:
Պահպանվող բարի նկատառումները ներկա ժամանակահատվածի համար կարող են ընդամենը հույսեր ներշնչել ինչ-որ անորոշ բեկումների ու շրջադարձերի մասին, սակայն դրանք ընդամենը ցանկություններ են ու ոչ ավելին: Ճիշտ այդպես խոսում են, որ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ կարող է կայանալ Թուրքիայի ու Հայաստանի նախագահների հանդիպումը: Իր հերթին Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդը հույս է հայտնում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը կշարունակվի, թեև դա կպահանջի երկար ժամանակ: Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքներն էլ իրենց հերթին են փաստում, որ հարցվածների ընդամենը 3 տոկոսն են կողմ արտահայտվել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մերձեցմանը: Այս բոլորը հերթական անգամ վկայում են, որ փքուն բառերի կողքին կա տրամադրությունների ակնհայտ անկում ու կա անհամեմատ խորը հիասթափություն: Կնշանակի` դեպի ելման կետ երկրորդ վերադարձը (եթե այն, իհարկե, կայանա) շատ ավելի մեծ ջանքեր կպահանջի երկու կողմերից էլ հավասարապես:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: