Tag Archives: գիտելիք

ԱԲՈՒԼ-ՖԱՐԱՋ

10 Ապր

Զարմանալի է կառուցված մարդը, նա վշտանում է, երբ կորցնում է հարստությունը, և անտարբեր է այն բանի նկատմամբ, որ անվերադարձ անցնում են նրա կյանքի օրերը:
Ո՞ր մարդուն կարելի է խելացի համարել: Նրան, ում ծրագրերը մեծամասամբ կյանքի են կոչվում: Շատ վատն է այն մարդը, ով ոչինչ չգիտի, բայց և չի էլ փորձում որևէ բան իմանալ, քանի որ նրա մեջ միանգամից երկու թերություն են երկտեղվել: Այն հոգին, որի մեջ չկա իմաստություն, մեռած է: Բայց եթե այն հարստացնես ուսուցմամբ, նա կվերակենդանանա խոպան հողի նման, որի վրա անձրև է տեղացել: Գիտելիքն այնքան թանկարժեք բան է, որ ամոթ չէ այն ձեռք բերել ցանկացած աղբյուրից:
Հիմարները նկատում են միայն մարդկանց վրիպումները և ուշադրություն չեն դարձնում նրանց արժանիքներին: Նրանք նման են այն ճանճերին, որոնք ջանում են նստել մարմնի միայն բորբոքված մասի վրա: Իսկ ինչու՞ են նախանձները միշտ ինչ-որ բանից վշտացած: Որովհետև նրանց տանջում են ոչ միայն սեփական անհաջողությունները, այլև ուրիշների հաջողությունները:
Հիմարության նկատմամբ ներողամիտ վերաբերմունքը հատուկ է յուրաքանչյուր խելացի մարդու: Խելոք մարդը միշտ ճանաչում է հիմարին, քանի որ ինքը եկել է նրա մաշկի մեջ` մինչ իմացություն ու խելք կժողովեր: Իսկ հիմարը երբեք չի ճանաչի խելոքին, քանզի երբեք խելոք չի եղել:

ՄՏՔԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ

15 Դկտ

Պատկերացրեք առանց լուսամուտների մի մութ շենք: Այդ շենքի ներսում կան միջանցքներ, շատ միջանցքներ, մի ամբողջ լաբիրինթոս: Որոշ մարդկանց մոտ միջանցքները շատ են, մյուսների մոտ` քիչ: Միջանցքները լուսավորվում են էլեկտրական լամպերով: Որոշ մարդկանց մոտ դրանք ավելի շատ են լուսավորված, ուրիշների մոտ ավելի մութ են: Եվ միջանցքների պատերը հոծ չեն, այլ յուրաքանչյուր մետրից հետո, ասենք, կա սենյակ տանող դուռ, իսկ սենյակներում թափված են զանազան իրեր` որոշ մարդկանց մոտ շատ, ուրիշների մոտ` քիչ:
Ահա սենյակների այդ իրերը մարդու գիտելիքներն են, ոմանց գիտելիքները շատ են, ուրիշներինը` քիչ: Միջանցքների համակարգը (այսինքն`թե արդյոք դրանք լավ են հաղորդակցվում) այդ մարդու ըմբռնողությունն է, նրա խելքը: Խելոք մարդը մի միջանցքից մյուսը իրերն արագ կտեղափոխի, իսկ հիմարը դեռ հազիվ դրանք փակուղուց դուրս կբերի:
Եվ վերջապես, լուսավորությունը խելքի պայծառությունն է, տրամաբանությունը: Եթե միջանցքը լավ է լուսավորված, ապա բոլոր իրերը, որոնք միտքը տեղափոխում է, լավ են երևում, երևում է` ինչն ինչի համար է, իսկ եթե միջանցքը մութ է, ապա տեղի է ունենում խառնաշփոթություն, մեկը մյուսի տեղն են ընդունում, ամենաանհեթեթ եզրակացություններն են անում:

Ն. ԿՈԲՐԻՆՍԿԻ, Վ. ՊԵԿԵԼԻՍ

%d bloggers like this: