Tag Archives: գինի

ԿԱՐԱՍԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

10 Հնս

Պատմության հիշողությունը կարող է նաև անողոք լինել: Առաջին Հանրապետության հերոսական տարեգրության և մեծ նվիրյալների անունների կողքին պահպանվել են նաև հիշատակություններ այնպիսի դրվագների ու դեմքերի մասին, որոնք թվում է` վաղուց պիտի ջնջված ու մոռացված լինեին: Բայց նրանք դեռ կան…
Ասում են, այն հեռավոր օրերին ապրում էին երկու հայտնի հայեր` Գյոդակլեցի Գեղամն ու Էվջիլարցի Արշակը: Սրանք ճանաչված էին նրանով, որ անընդհատ քեֆերի ու խնջույքների մեջ էին` նշանակություն չտալով ոչ ազգային ցավերին, ոչ կոտորածին ու սովին: Միայն այն ժամանակ, երբ խմիչքն իր գործը տեսնում էր, սկսում էին կենացներ ու ճառեր հնչեցնել հայրենասիրության մասին: Պատմում են նաև, որ սրանք մշտապես մրցության մեջ էին, թե իրենցից որ մեկն ավելի շատ գինի կխմի: Այդ պատճառով էլ նրանց կոչում էին «կարասի հերոսներ»:

Հ. Չարխչյանslug-53517

ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ

1 Հնս

Անհաջող օր է: Եվ շաբաթը: Եվ տարին: Եվ կյանքը, անիծված լինի այն:  Շատ տխուր է, ամեն ինչ շատ տխուր է. Ամբողջ կյանքն ապրում ենք ինչպես ապուշներ և վերջիվերջո մեռնում ենք:

Չափազանց քիչ մարդիկ կան, որոնց հետ ես կարող եմ մնալ միևնույն սենյակում 5 րոպեից ավելի` չզգալով, որ ինձ կողոպտում են: Ես չեմ եղել ոչ միզանտրոպ, ոչ կնատյաց, բայց ինձ դուր է եկել միայնությունը: Լավ է, երբ նստած ես մի ինչ-որ  փոքրիկ սենյակում, ծխում ես ու քիչ-միչ խմում: Ես միշտ էլ լավագույն ընկերական շրջապատում եմ եղել ինքս ինձ հետ: Քանի դեռ մարդն ունի գինի ու ծխախոտ, նա շատ բանի կդիմանա:

images

ԼԵԳԵՆԴ ԽԱՅԱՄԻ ՄԱՍԻՆ

1 Նյմ

Ավանդաբար ասվում է, որ մի օր Խայամը նստած ծառերի ստվերի տակ գինի էր խմում և բանաստեղծում էր: Հանկարծ բարձրանում է մի ուժգին քամի և ծառի մի ճյուղը կպչում է նրա գինու կժին, որն ընկնելով, կոտրվում է և գինին թափվում: Այս դեպքի առթիվ նա ասում է այս քառեակը.
Անոթն իմ գինու, Տեր իմ, կոտրեցիր,
Դուռը ցնծության գոցեցիր դեմքիս,
Թափեցիր գինիս՝ վարդի պես կարմիր,
Հարբա՞ծ ես, Տե՜ր իմ, հո՜ղը գա բերնիս:
Խայամի այս համարձակության վրա բարկանում է Աստված և խիստ պատիժ տալիս: Ծռում է բերանը, կարկամեցնում լեզուն եւ սևացնում երեսի մի կողմը: Երբ մի փոքր անցնում է, Խայամն ուշքի է գալիս, տեսնում է ծանր պատիժը, զղջում իր խոսքերի համար և այս քառյակով ներողություն է խնդրում Աստծուց:
Ասա´ ինձ, խնդրեմ, ո՞վ է աշխարհում որ մեղք չունենա,
Այն մահկանացուն, որ մեղք չգործեց, ինչպե՞ս ապրեց նա,
Ես վատ եմ անում, եւ Դու ինձ վատով պատժում ես, ո՜վ Տեր,
Ասա´ ինձ խնդրեմ, ապա ես և դու ինչո՞վ ենք տարբեր:
Խայամի զղջումը լսելի է դառնում Աստծուն, վերացնում է պատիժը և նորից շնորհում նրան կարմիր գինի ու ավելի իմաստուն լեզու:

ՋՈՒԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋՈՒԲՐԱՆ

25 Հկտ

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ
Չորս բանաստեղծ նստել էին սեղանի շուրջ, որի վրա գինով լի գավ կար:
— Ինձ թվում է, ես տեսնում եմ այս գինու բուրմունքը` տիեզերքում թևածելիս, ինչպես թռչունների ամպը կախարդված անտառներում,- ասաց առաջին բանաստեղծը:
Երկրորդ բանաստեղծը գլուխը բարձրացրեց ու ասաց.
— Իսկ ես իմ ներքին ունկերով լսում եմ այդ թռչուններին, որոնք երգում են, և մեղեդիներն ամբողջությամբ հավաքվում են սրտումս` գերեվարելով այն, ինչպես որ հասմիկն է գերի վերցնում մեղվին իր թերթերի մեջ:
Աչքերը փակեց, ապա ձեռքերը վեր բարձրացրեց ու ասաց երրորդ բանաստեղծը.
— Ինչ վերաբերում է ինձ, ապա ձեռքերս գրեթե հպվեցին նրանց` դեմքիս վրա զգալով նրանց թրթրռացող թևերի շրշյունը. ասես քնած ոգու շնչառություն լիներ:
Այդ ժամ տեղից վեր ելավ չորրորդ բանաստեղծը, բարձրացրեց գավն ու ասաց.
— Ներեցեք, եղբայրներ, քանի որ տեսողությունս թույլ է, նաև ծանր եմ լսում, հազիվ էլ շոշափում եմ, ապա ի զորու չեմ տեսնելու այս գինու բուրմունքը, ոչ էլ լսելու նրա երգը, ոչ էլ զգալու նրա թևերի շրշյունը: Ցավում եմ, քանի որ ես ոչինչ չեմ զգում, բացի հենց իրենից` գինուց, դրա համար էլ պիտի խմեմ իմ անկյանք, անկենդան զգացմունքների համար, որ հոգիս բռնկվի ձեր օրհնության երկնային կրակով ու անարատության ներշնչանքով:
Այնուհետև գինով լի գավը դրեց շրթներին ու ըմբոշխնեց մինչև վերջին կաթիլը:
Նրա երեք բանաստեղծ ընկերներն ապշած նայում էին նրան` շրթները սեղմած, աչքերում` անհագ ծարավ, որը չէր տեսնում գինու հուրը, և ատելություն, որը չէր մեղմացնում գինու հրաշեջ բոցը:

%d bloggers like this: