Tag Archives: Գերմանիա

ՖԱՆՏԱՆ ՈՒ ՖԱՇԻՍՏՆԵՐԸ

4 Մյս

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կոկա-Կոլա ընկերությունը դադարեցրեց ըմպելիքի առաքումը Գերմանիա: Այդ ժամանակ գերմանացիները որոշեցին արտադրել կոկա-կոլային փոխարինող սեփական ըմպելիքը, որն էլ անվանեցին «Ֆանտա» («ֆանտազիա» բառի կրճատված տարբերակը): Այդ գործարանի տնօրենն էր Մաքս Քեյթը: Պատերազմից հետո նա կապ հաստատեց մայր ընկերության հետ, Կոկա-Կոլան վերականգնեց իր սեփականատիրական իրավունքները գործարանի նկատմամբ, իսկ նոր ըմպելիքի արտադրությունը չդադարերեց, քանի որ «Ֆանտան» արդեն մեծ մասսայականություն էր վայելում:

Hitler-Fanta--720x420

ՀԱԿԱԾԽԱԽՈՏԱՅԻՆ

29 Օգս

Առաջին անգամ ծխելու և թոքերի քաղցկեղի առաջացման բարձր հավանական կապի մասին հայտարարել են նացիստական Գերմանիայի բժիշկները: Եվ հենց 1930-ականներին` Հիտլերի օրոք է առաջին անգամ պետական մակարդակով հակածխախոտային քարոզչութուն իրականացվել:

2-9TgRZo__original__

Միջամտվածները և միջամտողը

5 Հկտ

Թերևս հարկ չլիներ մեկ անգամ ևս խոսել Գերմանիայի դեսպան- Լևոն Տեր-Պետրոսյան բանակռվի մասին, եթե Հայ Ազգային Կոնգրեսը երեկ տարածած չլիներ իր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունած հայտարարությունը վերոնշյալի մասին: Այնտեղ ասվում էր, թե Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը անվայել արտահայտություններ է թույլ տվել առաջին նախագահի հասցեին, իսկ մեկ այլ վայրում հաստատել նախկին ասածները: Որպեսզի ընթերցողի մոտ տպավորություն չստեղծվի, թե օտարերկրացի դիվանագետը գործածում է փողոցի բառապաշարը, անմիջապես ասնենք, որ ՀԱԿ-ը «անվայել» ասելով նկատի ունի Յոխեն Շմիդտի մտքերն այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է այսօրվա դժվար իրավիճակը որպես ժառանգություն թողել Հայաստանին և հենց նրա ղեկավարության օրոք են դրվել այն «օլիգոպոլիայի» հիմքերը, որի քննադատությամբ հաճախ հանդես է գալիս ՀՀ առաջին նախագահը:
Բոլորովին նպատակ չունենք վիճարկելու կամ հաստատելու դեսպանի պնդումների հավաստիությունը: Ի վերջո յուրաքանչյուր ոք, ով վերջին 15-20 տարիներին ապրել է Հայաստանում, հրաշալի գիտի, թե բանավիճող կողմերից որ մեկն է կեղծում և ով է ասում ճշմարտությունը: Փոխարենը մեզ անմիջապես գրավեց այն սկզբունքը, որի վրա կառուցված էր ՀԱԿ-ի մեղադրանքների «փաթեթը»: Եվ դա հենց առաջին հայացքից այնքան հատկանշական թվաց, որ պահանջ առաջացավ կատարելու այս փորձը՝ հասկանալու մտքի տրամաբանությունը սոսկ փաստերը համադրելու միջոցով:
Եվ այսպես, ՀԱԿ-ի ներկայացուցիչները ասում են, որ Գերմանիայի դեսպանի արտառոց պահվածքը կոպտագույն միջամտություն է Հայաստանի ներքին գործերին և բացահայտ աջակցություն Հայաստանի հանցավոր ռեժիմին, ինչի վրա էլ հրավիրում են Գերմանիայի կառավարության ուշադրությունը։ «Նա երբեք հրապարակային քննադատության չի ենթարկել Հայաստանի իշխանություններին, ավելին, երբևէ իր վերաբերմունքը չի արտահայտել մարդու իրավունքների ոտնահարումների աղաղակող փաստերի նկատմամբ, ինչն արդեն, իրոք, դեսպանի կոչումն ու պարտականությունն է»,- գրված է այնտեղ:
Զարմանալի դատողություն է: Ստացվում է, որ օտար դիվանագետի կողմից տվյալ երկրի իշխանության քննադատությունը ներքին գործերի միջամտություն չի դիտվում, իսկ ահա ընդդիմության քննադատությունը միջամտություն է: Բացի այդ, պարզվում է նաև, որ դեսպանները նրա համար են, որպեսզի այլ երկրներում հսկեն օրինականությունն ու մարդու իրավունքների պահպանումը: Տեսնես այս տողերի հեղինակները կարո՞ղ են հիշել որևէ հայ դեսպանի, ով երբևէ համարձաված լինի քննադատել մեկ այլ երկրում տիրող կարգն ու անարդարությունները: Հազիվ թե: Սակայն օտարներից դա ոչ միայն պահանջում ենք, այլև մեղադրում այն բանի համար, որ «երբևէ իր վերաբերմունքը չի արտահայտել մարդու իրավունքների ոտնահարումների աղաղակող փաստերի նկատմամբ»:
ՀԱԿ-ն այս հարցում անարդար է և անարդար է երիցս: Ով՝ ով, սակայն Հանս Յոխեն Շմիդտի մասին նման խոսքերը հնչում են անտեղի: Շատերն են հիշում, որ բոլորովին վերջերս հայտնի դարձավ, թե ում ջանքերի շնորհիվ ընդդիմության առաջ կրկին բացվեց Ազատության հրապարակը և տրվեց այնտեղ հանրահավաքներ անցկացնելու արտոնություն: Դա հենց Յոխեն Շմիդտն էր և նրա շուրթերից են հնչել այս խոսքերը. «Իմ կարծիքով` շատ կարևոր քայլ էր Ազատության հրապարակում հանրահավաքների թույլատրումը, չնայած, ես կարծում եմ, որ քաղաքական տեսանկյունից պարզամտություն է միայն Ազատության հրապարակում հավաքների անցկացում պահանջելը: Եթե մարդիկ ցանկանում են հավաքներ իրականացնել, դա կարող են անել ցանկացած վայրում և հրապարակում»,- ասել էր Գերմանիայի դեսպանը: Բայց ոչ միայն ասել էր: Ու՞մ համար է այսօր գաղտնիք, որ Գերմանիայի դեսպանը պարբերաբար այցելում էր ՀԱԿ-ի հանրահավաքներին, նույնիսկ կանգնում էր հարթակի վրա, և նրա յուրաքանչյուր հայտնություն բուռն ծափողջույններով էր ընդունվում հավաքվածների ու նրանց խմբավարների կողմից: Այդ պահերին նա յուրային էր ու մարդու իրավունքների նվիրյալ: Իսկ այն, որ դեսպանի մասնակցությունը տարբեր մեկնաբանությունների առիթ էր տալիս քաղաքական շրջանակներում, այն, որ ականատեսների վկայությամբ, մինչ հանրահավաքի սկսելը հնչող երաժշտության տակ Յոխեն Շմիդտը նույնիսկ պարային շարժումներ էր անում, այսօր վերհիշելը տեղին չէ: Սակայն մենք սա հիշեցնում ենք, և հիշեցնում ենք ևս մի փաստ: Այս տարվա հունիսին Դաշնակցության թերթերում տպագրվեց մի հոդված, որը հետևյալ վերնագիրն ուներ. «Ի՞նչ գործ ունի Հայաստանում Գերմանիայի դեսպանը ՀԱԿ-ի հանրահավաքի հարթակում»: Եվ գիտե՞ք, թե ինչ էր ասվում այդ հոդվածում: Կզարմանաք, բայց այնտեղ բառ առ բառ կրկնվում էր այն նույն միտքը, որն այսօր տեղ է գրավել ՀԱԿ-ի հայտարարությունում: Նույնիսկ քիչ է մնում մտածել, որ ընդդիմության ներկայացուցիչները դաշնակների տեքստն են օգտագործել իբրև սկզնաղբյուր: Հրապարակման մեջ բառացիորեն այս միտքն էր գրված. «… Հարթակ բարձրացող Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը, խախտելով դիվանագիտական էթիկայի բոլոր գրված ու չգրված կանոնները, կոպտորեն միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին. ավելին, հստակ դիրքորոշվել է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում` հօգուտ վերջինի»:
Ահա այսպիսի բաներ: Ստացվում է, որ դեսպանը պարբերաբար միջամտում է մեր ներքին գործերին, բայց եթե ամռանը դա ՀԱԿ-ի սրտով էր, ապա աշնանը նույն սիրտն այլ բաներ է պահանջում: Ու քանի որ խոսում ենք միջամտության մասին, վերհիշենք ևս մի հանգմանք: Կարելի է վերջին ամիսների ընթացքում տպագրված մի քանի հաղորդագրություններ հիշատակել, որտեղ ասվում էր, որ «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական խնդիրները` մասնավորապես Հայաստանում ժողովրդավրության ու քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերը»: Մարդը մտահոգվել է, այցելել, զրուցել, թերևս հետո նաև ինչ-որ կերպ արձագանքել, և այն ժամանակ դա չի համարվել ոչ ներքին գործերին խառնվել, ոչ էլ անտարբեր վերաբերմունք մարդու իրավունքների ոտնահարման փաստերի նկատմամբ, սակայն այսօր իրավիճակի փոփոխությունը դրդել է ուրանալ ամեն բան՝ հանուն մի նպատակի. պաշտպանել Լևոն Տեր-Պետրոսյանին ու մեղադրել դեսպանին իր լիազորությունների չարաշահման համար: Սա համարվում է պարկե՞շտ:
Երկու օր առաջ Հանս Յոհեն Շմիդտն կրկին այցելել էր Ազատության հրապարակ, որտեղ շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում ՀԱԿ-ը: Նա հանդիպել էր Տեր-Պետրոսյանին, զրույցել, ինչը, ըստ ներկաների, ջերմ տպավորություն էր թողել, թեև որոշ ականատեսներ էլ նշում են, որ ՀՀ առաջին նախագահը խիստ է խոսել դեսպանի հետ: Ոմանք ասում են, որ լսել են, թե ինչպես է Տեր-Պետրոսյանը դեսպանին ասել. «Вы должны меня учить?»: Իհարկե, դեսպանի պատասխանը ոչ ոք չի լսել, բայց այն կռահելն այլևս դժվար չէ:
Մի դրվագ ևս: «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ասել է, որ հաստատում է Գերմանիայի դեսպանի ասածները՝ խոսելով 1994-1996 թթ. ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին։ Դեսպան Էվանսը նաև նշել է, որ այդ. ընտրությունների մասին գոյություն ունեն միջազգային դիտորդների զեկույցներ:
Հիմա ի՞նչ, ՀԱԿ-ը մի հայտարաություն էլ Էվանսի՞ն պիտի հասցեագրի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Էրդողանի արկածները Եվրոպայում

2 Մրտ

Կասկածից վեր է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ երկար կհիշի իր վերջին այցը Եվրոպա: Եվրոպացիները` նույնպես: Էրդողանի այցելությունն իր բնույթով աշխատանքային էր, ի սկզբանե որևէ արտակարգ բան չէր ենթադրում: Սպասվում էր, որ նա հանդիպումների շարք կանցկացնի Գերմանիայում և Բելգիայում, Հաննովերում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կմասնակցի CeBIT տոնավաճառի շնորհանդեսին, կքննարկի տնտեսական, առևտրային, քաղաքական հարցեր, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, զարգացումները Կիպրոսում և այլն: Միայն թե հենց սկզբից ամեն բան ընթացավ ոչ այնպես, ինչպես ծրագրված էր: Ավելի ուշ մամուլը պիտի արձանագրեր, որ Թուրքիայի վարչապետը եկել էր սեփական շոուն ցուցադրելու այդ երկրներում բնակվող իր հայրենակիցներին ու տեղի քաղաքական վերնախավին: Սակայն իրականության մեջ հյուրընկալող երկրներն այնքան էլ ուրախ չէին Էրդողանի այցից: Պատճառներից մեկն էլ թերևս այն էր, որ մինչ նրա ժամանումը Քյոլն ու Դյուսելդորֆն ուղղակի պարուրվել էին վերջինիս դիմանկարներով: Գերմանացիներին հատկապես զայրացրել էր այն, որ պաստառների վրա գրությունները թուրքերեն էին, իսկ դրանցից մեկը տեղեկացնում էր. «Մեր վարչապետը Դյուսելդորֆ է ժամանում»: «Այդ ու՞մ վարչապետն է Գերմանիա գալիս»,- բազմանշանակ հարց էին տալիս տեղաբնակները` խեթ աչքով նայելով ոգևորված թուրքերին:
Իսկ հետո էլ ավելի բարդ էր:
Կրքերը հատկապես թեժացան այն պահից, երբ Էրդողանը` Դյուսելդորֆում հանդիպելով Գերմանիայում հաստատված թուրք գաղթականների հետ, այնտեղ մի բոցաշունչ ելույթ ունեցավ` նրանցից պահանջելով սովորել նախ թուրքերեն, այնուհետ՝ գերմաներեն։ Դրա հետ մեկտեղ Էրդողանը թուրք մասնագետներին կոչ արեց վերադառնալ Թուրքիա՝ հզորացնելու իրենց հայրենիքը։ Սակայն այս ճառը թերի կլիներ, եթե իր մեջ չպարունակեր կշտամբանքների մի ամբողջ հեղեղ` հասցեագրված երախտամոռ եվրոպացիներին: Տասը հազարանոց լսարանը հաճույքով էր ականջ դնում, թե ինչպես է իրենց վարչապետը դասեր տալիս չափը կորցրած Հին Աշխարհին:
«Իսլամաֆոբիան և ռասիզմը մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են», հայտարարեց Էրդողանը` հավելելով, որ գերմանացի քաղաքական գործիչներն իրենց արտահայտություններով ազգային ու կրոնական խտրականություն են սփռում: «Ես ասում եմ` ոչ ասիմիլյացիային»,- սպառնալից բռունցք ճոճեց նա թուրքերի և մյուս մահմեդականների հանդեպ գերմանական հանրության վերաբերմունքի դեմ։ Զարգացնելով արտասահմանում բնակվող թուրքերի պաշտպանվածության թեման՝ Էրդողանը այնքան հեռուն գնաց, որ խոստացավ այն թուրքերի համար, ովքեր որոշել են հօգուտ Գերմանիայի քաղաքացիության հրաժարվել թուրքականից, այսպես կոչված «կապույտ քարտեր» թողարկել։ Դրանք կոչված կլինեն դառնալ թուրքական անձնագրերի համարժեքը։
Հաջորդ օրը Գերմանական Bild պարբերականը վրդովված պիտի գրեր, որ Թուրքիայի վարչապետի ճառը կրում էր սադրիչ բնույթ: «Դյուսելդորֆում Էրդողանն իսկական նախընտրական քարոզարշավ կազմակերպեց՝ իր ելույթով սղոցելով թուրքերի՝ գերմանական հասարակությանն ինտեգրվելու գործընթացը»,- նկատում էր հոդվածագիրը, իսկ Բեռլինում հրատարակվող մեկ այլ թերթ` B.Z.-ը «Էրդողանը եկել էր աղմուկ բարձրացնելու նպատակով» հոդվածում գրեց, որ թուրք վարչապետն իր հայտարարություններով ուղղակի բորբոքեց թուրքերին՝ գերմանական հասարակությանն դեմ։
Բարձրաստիճան հյուրի ելույթին հիվանդագին արձագանքեցին նաև գերմանական իշխանությունները։ Բեռլինում շատերն էին բացահայտ հայտարարում, որ այն խախտում է իշխանությունների՝ Գերմանիայի ոչ բնիկ բնաչության ինտեգրացիայի ծրագրի հիմքերը։ Իսկ Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն, մեկնաբանելով Էրդողանի խոսքերը, թուրքական համայնքին կոչ արեց ամեն դեպքում առաջինը սովորել գերմաներեն, այլ ոչ թե թուրքերեն։
Բայց թուրքական կողմի ախորժակը շատ ավելին էր, քան միայն վերաբերմունքի խնդիրները կարող էին հրահրել: Հատկապես գերմանացիներից նրանք ակնկալում էին դրական ըմբռնում այն հարցի շուրջ, որ մուտքի արտոնագրային սահմանափակումներն իրենց դարն արդեն ապրել են: «Գերմանիան ունակ է գնահատել մեր ներդրումները, սակայն առայժմ մենք ստիպված ենք կրել վիզային ռեժիմի ծանրությունը», — նշեց Էրդողանը: Կանցլեր Անգելա Մերկելի պատասխանը ավելի շուտ ծաղրի էր նման, քան լուրջ արձագանքի. «Ինչ վերաբերում է վիզաների խնդրին, եթե անձնագրերում էջերը չեն բավականացնի, մենք այժմ ունենք համակարգչային չիպեր, որոնց վրա ավելի շատ տեղ կա»,- նկատեց Մերկելը:
Կարծես թե նույն ծաղրական վերաբերմունքն էր վաստակելու Էրդողանի մեկ ուրիշ հավաստիացում` այս անգամ տարբեր կրոնների նկատմամբ հարգանքի մասին: Փորձելով ցույց տալ, թե իր երկիրն ինչպիսի առավելություններ ունի` ի հակակշիռ եվրոպական կաղապարված մտածողության, նա կրկին հիշեցրեց, որ իրենք պետական բյուջեի հաշվին վերանորոգեցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին և հունական Սումելիայի մենաստանը` ոչինչ չասելով այն մասին, թե քանի հազար այլ հուշարձաններ ավերվեցին ու փոշի դարձան նույն այդ երկրում: Բայց դա Թուրքիայի վարչապետին քիչ էր անհանգստացնում, քանի որ իր հիշատակած երկու օրինակն արդեն իսկ «խոսում է Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների հանդեպ տածած հարգանքի մասին, իսկ Եվրոպայում սխալ քարոզչություն է տարվում Թուրքիայի նկատմամբ»:
Միայն եվրոպացիների համբերությունը չէ, որ փորձության էր ենթարկվում Էրդողանի այցի ընթացքում: Հանդիպումներից մեկի ժամանակ Հանեֆի Դողան անունով մի թուրք փախստական Էրդողանի ելույթի ժամանակ աղաղակեց` «Լուծեք մեր խնդիրները» և ձեռքի սպիտակ սավանը նետել թուրք վարչապետի ուղղությամբ։
Իսկ հետո կատարվեց այն, ինչը կարելի էր ենթադրել: Հանկարծ հայտնի դարձավ, որ Էրդողանն ընդհատում է իր ուղևորությունը և չի մեկնելու Բելգիա: Պաշտոնական հաղորդագրությունները նաև տեղեկացրեցին, որ Էրդողանը չի մասնակցի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ այսօր ծրագրված հանդիպմանը, և որ հանդիպման օրը կորոշվի այս շաբաթվա ընթացքում: Մինչ կպարզվեն նման կտրուկ փոփոխության իրական պատճառները, փորձագետներն արդեն իսկ շտապել են կարծիք հայտնել, որ այս ուղևորությունը կարող է սպառնալիքի տակ դնել Թուրքիայի- ԵՄ հարաբերությունները:

Հովիկ Չարխչյան

ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ. ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՆԻԾՎԱԾՆԵՐԸ

16 Հկտ

Այս պատմությունը պիտի սկսեմ երկու կարճ հիշողությամբ, որոնք առաջին անգամ դեռ երբեք պատերազմ ու գերի չտեսածիս հանդիպեցրին անցյալի հետ ու հուշեցին, որ նույնիսկ առերևույթ բացակայությամբ դրանք առայժմ մեզ հետ են` ներկա այն չափով, որքանով կարող է լինել սպիացած վերքը մաշկի վրա: Դա իմ ժամանակը չէր, սակայն հեռացած տարիների հետքերը գալիս, խփվում էին օրերի քղանցքներին, վերհիշեցնում իրենց գոյությունը, ստիպում հայացք դարձնել այդ ուղղությամբ…
Արարատի մարզի Այգավան և Նոյակերտ գյուղերն իրար միացնող խճուղին ոչ այսօր, ոչ էլ մի երեք տասնամյակ առաջ առանձնապես բանուկ չէր: Բայց եթե առիթ էր լինում երթևեկել այդ կողմերում, անհնար էր ճանապարհի ձախ թևի վրա չնկատել մի լքված գերեզմանատեղի` ցածրիկ բլրակի վրա, բազմաթիվ խաչերով: Այնտեղ երբեք չէիր տեսնի որևէ մեկին, որևէ ծառ կամ թուփ: Անցորդները թռուցիկ մի հայացքով դիտում էին ննջեցյալների մռայլ հանգստարանն ու անպայման ասում. : Թե ինչու՞ պիտի գերմանացիներն այստեղ իրենց վախճանը գտնեին, նույնիսկ դպրոցական ծրագրով պատմության դասերը սերտած երեխաներիս համար լիովին հասկանալի չէր: Բայց հողաթմբերի ներկայությունն ու մահվան միտքը իսկույն սողոսկում էին ենթագիտակցության ծալքերի մեջ ու հարկադրում էին լուռ լարվածությամբ նայել այդ ամենին:
Մյուս հանդիպումը, եթե չեմ սխալվում, 1986 կամ 87 թվականին էր: Երևանի Արաբկիր թաղամասում ես հյուր էի ազգականներից մեկին, երբ դուռը թակեցին: Տանտերը բացեց ու շեմքին տեսավ տարիքն առած երկու հոգու` կին ու տղամարդ: Հատկապես այն տարիներին նրանց արտաքին տեսքից դժվար չէր կռահել, որ այցելուներն օտարերկրացիներ են: Վերջիններս առաջ եկան, դժվարամարս ռուսերենով հարցրեցին, թե նախկինում ովքե՞ր են ապրել այդ տանը և մեզ համար անսպասելի տեղեկացրեցին, որ շատ տարիներ առաջ նույն տանը վարձով բնակվել են նաև իրենց ծնողները` գերմանացի ռազմագերին ու նրա հայուհի կինը: Հետո վերջիններս մեկնել են Գերմանիա, և ահա զավակները եկել են գտնելու իրենց ծնողների դժվար տարիների հետքերը… Օտարականները հրաժարվեցին հյուրասիրությունից, մեզ գրիչներ նվիրեցին ու տունը մեկ անգամ էլ տնտղելուց հետո հրաժեշտ տվեցին:
Այս բոլորը տխուր է ու մի քիչ էլ ցավալի: Եղել է պատմության քողարկված մի էջ, եղել են դաժան ու հակասական ճակատագրեր, իսկ անցյալը գնահատելու իրավունքը վաստակել ենք մենք`մի սերունդ, որ ըստ էության ոչինչ կամ համարյա ոչինչ չգիտի դրա մասին: Մինչդեռ պատերազմը ոչ միայն ճակատամարտերի ու զոհերի արհավիրքն է, այլև այդ դժոխքի անիծյալ ու մոռացված զավակների, որոնք միշտ միևնույն անունն են ունեցել. ռազմագերիներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 100 հազարավոր ռազմագերիներ սփռվեցին Խորհրդային Միության ողջ տարածքում գործող ճամբարներում: Սովորաբար ընդունված է նրանց անվանել գերմանացի գերիներ, սակայն իրականում դրանք ինչպես գերմանացիներ, այնպես էլ ռումինացիներ, իտալացիներ, ավստրիացիներ, ֆիններ ու այլ ազգերի ներկայացուցիչներ էին: Հատկապես 1943 թվից հետո գերիների թիվն այնքան մեծացավ, որ անհրաժեշություն առաջացավ վերջիններիս ոչ միայն պահել փակի տակ, այլև օգտագործել զանազան աշխատանքներում: Հենց այդ ժամանակ էլ Հայաստան ուղարկվեցին նրանց առաջին խմբերը: Հետագայում մեզ մոտ բերվող գերիները բազմապատկվեցին, և շատ շուտով նրանց կարելի էր հանդիպել հանրապետության համարյա բոլոր անկյուններում: Վերջիններիս հիմնական աշխատավայրը շինհրապարակներն էին, սակայն քիչ չէին դեպքերը, որ գերիներին մասնակից էին դարձնում նաև արտադրությանն ու գյուղատնտեսական աշխատանքներին: Ռազմագերիներն այստեղ մնացին մինչև 1948 թիվը, երբ երկրով մեկ հայտարարվեց համաներում, և նրանք վերադարձան իրենց երկրներ: Սակայն այդ բախտին քչերը արժանացան: Տարիների ընթացքում մի մասն այստեղ իր մահկանացուն կնքեց զանազան հիվանդություններից, քաղցից, ծանր աշխատանքից: Եղան նաև այնպիսինները, որոնց պարզապես գնդակահարեցին ինչպես նախկինում գործած մեղքերի, այնպես էլ գերության տարիներին թույլ տված հանցանքների ու անհնազանդության համար: Հետագա տասնամյակները ծածկեցին նրանց մասին հուշը մոռացության փոշով, վերացվեցին այն բոլոր վայրերը, որոնք կարող էին հիշեցնել պատմության այդ հատվածը: Կարծես ոչինչ էլ չէր եղել ու չկար:
Եվ միայն այն ժամանակ, երբ ետևում մնացին սառը պատերազմի տարիները, ու բացվեց երկաթե վարագույրը, առաջին անգամ հնարավորություն ստեղծվեց ոչ միայն բարձրաձայն խոսելու այդ մասին, այլև սկսելու որոնողական աշխատանքները:
Դեռևս 1990-ականների սկզբներից Հայաստանի անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը, այդ երկրները ներկայացնող դեսպանատները, մի շարք հասարակական կազմակերպություններ ակտիվորեն լծվեցին վախճանված ռազմագերիների հուղարկավորման վայրերը փնտրելու գործին: Տեղական մարմինները հատուկ հանձնարարական-նամակներ ստացան, իսկ մամուլում հայտնվեցին Հայաստանում թաղված ռազմագերիների ցուցակները: Որոշ վայրեր նախապես հայտնի էին, մյուսները գտնվեցին երկար որոնումների ու հարցումների արդյունքում: Օրինակ, Սպիտակ քաղաքի մերձակայքում կա մի թաղման վայր, որին հենց այդպես էլ անվանում են` : Մի քանի տարի առաջ Գերմանիայի դեսպանատան և հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հուշաքար տեղադրվեց Երասխավան գյուղի մոտ գտնվող այն վայրում, որտեղ թաղվել էին 1945-47 թթ մահացած 12 գերիներ: Մեկ այլ հայտնի գերեզմանատեղի գտնվում է Հրազդանի կիրճում, Քանաքեռի ՀԷԿ-ի մոտակայքում:
Սակայն գերիների մասին հիշեցնող ամենակարևոր վկայությունը ոչ թե նրանց շիրմաթմբերն են, այլ այն հայտնի ու անհայտ շինությունները, որոնց դեռ կարելի է հանդիպել ամենաանսպասելի վայրերում և որոնք աշխարհ եկան այդ մարդկանց դժվարին, իսկ երբեմն էլ` անմարդկային աշխատանքի շնորհիվ: Եթե թվարկելու լինենք այն բոլոր տեղանուններն ու կառույցները, որտեղ դիպել է ռազմագերիների ձեռքը, կստացվի մի ընդարձակ ու բազմաբովանդակ ցուցակ: Դրանց շարքում ամենահայտնին, իհարկե, մայրաքաղաքի Հաղթանակի կամուրջն է:
Պատերազմի օրերին երկրում աշխատող ձեռքի պակասը խիստ էր զգալի: Եվ երբ Ստալինգրադի ճակատամարտից հետո Հայաստան բերված առաջին ռազմագերիների խմբերը հասան Երևան, վերջիններս անմիջապես նոր թափ հաղորդեցին կամրջի շինարարությունը, որը սկսվել էր դեռևս 1941-ից: Ոչ պակաս հանրահայտ փաստ է, որ ռազմագերիներն են հեղինակը այն հրաշալի, հենապատերի, որոնք եզերում են քաղաքի կենտրոնը Հաղթանակի զբոսայգուն կապող խճուղին: Դա մինչև այսօր էլ համարվում է բարձրորակ ու աշխատանքի չափանիշ: Պատմում են, թե մի անգամ վարորդները այստեղ տեսել են տարեց մի մարդու, որ կանգնել է պատի մոտ, դեմքը հենել քարերին և արտասվել: Կարծելով, թե ծերունին վատ է զգում, ոմանք մոտեցել են, առաջարկել իրենց օգնությունը, սակայն անծանոթը նրանց կարողացել է դժվարությամբ բացատրել, որ այդ քարերն ինքն է շարել այն ժամանակ, երբ ռազմագերի էր:
Գերիներն են եղել Մատենադարանի հիմնարկեքի առաջին բանվորները, որի շինարարությունը սկսվեց 1945-ին ու տևեց շուրջ 12 տարի: Հետաքրքրական է, որ բոլորովին վերջերս Գերմանիա մեկնած Մատենադարանի գիտաշխատողների մի խումբ այդ երկրում հանդիպել է մարդկանց, ովքեր եղել են հենց Մատենադարանը կառուցող գերիների թվում: Ասում են, որ նրանցից ոմանք դեռ հիշում էին ու կարողանում էին հայերեն նախադասություններ արտասանել:
Այդ օրերի միջով անցած Երևանի ամեն անկյուն այսպես թե այնպես իր հիշողությունն ունի, իր գերիները, իր յուրահատուկ պատմությունը: Առանց ուսադիրների զինվորական համազգեստ կրող մարդկանց շարասյուները հսկիչների ուղեկցությամբ վաղ առավոտյան հայտնվում էին քաղաքի որևէ փողոցում, և շատ շուտով մերձակայքը լցվում էր մուրճերի, քլունգների ու բահերի թակոցներով, հռնդացող մեքենաների ձայներով: Գործը տևում էր մինչև ուշ գիշեր, իսկ նրանց ամենահավատարիմ հանդիսատեսը դառնում էին դպրոց շտապող կամ վերադարձող երեխաները, որոնք ժամեր շարունակ հետևում էին գերիների աշխատանքին: Երևանի Թումանյան փողոցում բնակելի շենքեր կառուցող գերիները մտերմացել էին տեղի փոքրիկների հետ և հաճախ էին նրանց նվիրում իրենց ձեքով պատրաստված զանազան իրեր, փայտե խաղալիքներ: Հավանաբար այդ օրերին է ծնունդ առել այն հայտնի խաղալիքը, որն իրենից ներկայացնում էր ձողի վրա պտույտներ գործող մարզիկի: Նար-Դոսի փողոցի բազմաթիվ շինություններ նույնպես գերիներն են կառուցել: Ինչպես ամբողջ երկիրն այն տարիներին, այնպես էլ նրանք հիմնականում կիսաքաղց էին: Ասում են, որ գերիներին օրական տրվում էր ընդամենը 300 գրամ հաց: Այդ պատճառով էլ նրանք երեխաների ձեռքից հաճույքով էին վերցնում իրենց համար բերված մի կտոր սև հացը, այլ ուտելիքներ ու մրգեր, և այդ նվիրատվության դիմաց պարգևատրում ինքնաշեն առարկաներով:
Մի հանրահայտ տեղանք էլ կա`Մաշտոցի պողոտան մանկական երկաթուղուն միացնող ստորգետնյա ճանապարհը և դրան կից ռմբապաստարանները: Մինչ օրս այդ թունելի մասին զանազան խորհրդավոր լեգենդներ են պատմում: Իսկ իրականությունն այն է, որ խցերն այստեղ վաղօրոք էին փորված, սակայն 1940-ականների կեսերին երկաթբետոնե կոնստրուկցիաները տեղադրվեցին ու ամբողջական տեսքի բերվեցին ռազմագերիների կողմից:
Շենգավիթ թաղամասի Չեխովի փողոցում առայսօր կանգուն է 1947-ին հիմնված այն շենքը, որ ժամանակին եղել է ճաշարան թե գերմանացիների, թե բնակիչների համար: Իսկ ահա 1946-ի Մեծ հայրենադարձության ժամանակ հազարավոր նորաբնակ հայեր առաջին կացարանը ունեցան այն շինություններում, որոնք մինչ այդ շինվել ու հարդարվել էին ռազմագերիների ուժերով: Հայրենադարձները մի առավելություն էլ ունեին` նրանցից ոմանք տիրապետում էին գերմաներենին, իտալերենին, իսկ դա գերիների համար երկրորդ շնչառության պես մի բան էր: Պատահական չէ, որ հետագայում ոմանք ընտանիք կազմեցին հենց սփյուռքից ժամանածների հետ, իսկ հատուկենտ գերիներ ընդհանրապես որոշեցին մշտական բնակություն հաստատել Հայաստանում:
Ինչպես արդեն նշեցինք, ռազմագերիների շինարարական ժառանգության աշխարհագրությունը շատ ավելի ընդարձակ է, քան միայն մայրաքաղաքը: Օրինակ Սևանի հոգեբուժարանի շենքը նույնպես նրանք են կառուցել: Սկզբում բարաքներն են շինել, որոնց մեջ ապրել են իրենք, իսկ հետո` մնացածը: Ասում են, որ մինչև այսօր էլ մուտքի վրա երևում է գերիների ձեռքով քանդակված հնգաթև աստղը:
Արցախի Բանանց և հարևան գյուղերի տարեց բնակիչներից շատերն են հիշում, որ առաջին սալահատակ փողոցներն այդ վայրերում հայտնվեցին գերիների շնորհիվ: Նրանք կառուցեցին նաև երկաթգիծը, ինչպես նաև մի քանի կամուրջներ, որոնք իրենց ոճով տարբերվում էին մինչ այդ եղածներից:
Արմավիր քաղաքի երհարկանի հանրակացարանը նույնպես ավար է: Իսկ ահա Արարատի ցեմենտի գործարանում գերմանացիները ընդգրկված էին արտադրության մեջ և լավ աշխատողների ու հանքագործների համբավ ունեին:
Կա այսպիսի մի պատմություն: 1988-ի Սպիտակի երկրաշարժի օրերին աշխարհի տարբեր ծայրերից օգնության եկողների թվում էին նաև գերմանացի փրկարարները: Նրանց հետ Հայաստան էր մեկնել նաև մասնագիտությամբ վիրաբույժ, դոկտոր Միլլերը, որն այդ օրերին Լենինականում մտերմացավ հայկական մի ընտանիքի հետ և նույնիսկ հյուրընկալվեց նրանց` իր հետ տարած լուսանկարչական ապարատով օրվա հիշարժան կադրեր նկարելով: Շուտով Միլլերը մեկնեց, բայց շատ չանցած` նրանից ստացվեց մի նամակ, որտեղ գերմանացի բժիշկը պատմում էր, թե որոշել է մեկ անգամ էլ Հայաստան գալ, բայց այս անգամ նրան կընկերակցի իր հայրը, որը տեսել է Լենինականում արված լուսանկարները և անպայման ուզում է լինել այդ տանն ու հանդիպել այդ ընտանիքի անդամներին: Երբ նրանց օդանավը վայրէջք կատարեց օդակայանում, Միլլերի հետ ընդառաջ եկող տարեց մարդուն հայ դիմավորողներից Վազգեն Խաչատրյանը` նախկին գնդապետը, անմիջապես ճանաչեց: Դա այն երբեմնի երիտասարդ գերին էր, որ ապրել էր իրենց տանը և որի կյանքը մի անգամ փրկել էր, երբ հրամանատարությունը պատրաստվում էր պատժել գերմանացում ինչ-որ զանցանքի համար: Իր կյանքում երկրորդ անգամ Հայաստան հասած և հանդիպումից մինչև հոգու խորքը ցնցված գերմանացին օդանավակայանում միայն կարողացավ արտաբերել. «Այս աշխարհում ամեն ինչ վերադառնում է իր սկզբին: Ամեն ինչ…»::
Հարկ է նկատել, որ հազարավոր գերիների երկարատև ներկայությունը չէր կարող անհետրանք անցնել բոլորովին այլ միջավայրում ու այլ օրենքներով ապրող հայերի համար: Ռազմագերիներն իրենց հետ բերեցին նաև սովորույթներ ու կենցաղվարություն, որ այնքան էլ տեղաբնակների սրտով չէր, քանի որ անսովոր էր: Պատմում են, օրինակ, որ Գյարգյառ գյուղի մերձակայքում ապրող գերիները ամեն օր աշխատանքից հետո մերկանում էին մինչև գոտկատեղ ու մտնում էին մոտակա գետը: Մաքրման նույն արարողությունը կատարվում էր նաև առավոտյան, ինչից հետո նրանք պարտադիր սափրվում ու սանրվում էին: Գյուղացիների համար երկար ժամանակ հանելուկ էր, թե գերի ընկած ու անապագա մարդկանց ինչի՞ն էր պետք կոկիկ տեսքն ու հագուկապը, չէ՞ որ, միևնույն է, նրանք որևէ տեղ չէին գնալու, որևէ մեկին չէին հանդիպելու…
Կա մեկ այլ պատմություն էլ` մասամբ բանահյուսության ժանրից, սակայն ո՞վ կարող է վստահաբար ասել, թե ինչն է ճշմարիտ և ինչը` հորինվածք: Պատմում են, որ Հաղթանակի կամուրջի շինարարության տեղում միասին աշխատում էին ինչպես հայ բանվորները, այնպես էլ գերմանացի գերիները: Եվ ահա մի օր ռազմագերիներից մեկը երկար-երկար նայում է, թե ինչպես է հայը շաղախ անում, ապա անսպասելի ձեռքն է վերցնում մուրճը, հարձակվում ու սպանում է նրան: Անմիջապես նրան , ձեռքերը շղթայում ու ձերբակալում: Հարցաքննության ժամանակ գերմանացին ասում է, որ ինքը մասնագիտությամբ շինարար է և իրեն ափերից հանել է այն, թե հայ բանվորն ինչպես է առանց խղճի խայթի անորակ շաղախ պատրաստել: Ասում են, որ գերին այնուամենայնիվ չխուսափեց պատժի ծայրահեղ միջոցից, բայց նույնիսկ այդ ցավալի դեպքը քիչ բան փոխեց մյուսների աշխատանքում:
Հիշատակման արժանի իրադարձությունների շարքում անհնար է շրջանցել 1946 թ Երևանի մեծ ջրհեղեղը, որի մասին խոսելիս ականատեսներն ու ժամանակակիցներն անպայման հիշատակվում են նաև գերիներին: Ասվում է, որ այդ օրերին նրանց ճամբարը գտնվում էր ներկայիս կենդանաբանական այգու մոտակայքում` շրջապատված փշալարերով ու դիտակետերով: Ու երբ ափերից դուրս եկած Գետառի ահռելի հոսանքը վերից գալիս էր դեպի քաղաքի կենտրոն, շենքերի տանիքներ բարձրացած մարդիկ այն կողմերից լսում էին չդադարող կրակոցների ձայներ: Ոմանք պնդում են, թե հեղեղն ավերել էր ճամբարի ցցապատնեշները, և ժամապահները փախուստները կանխելու համար պարզապես գնդակահարում էին այսուայնկողմ նետվող ու անհանգիստ գերիներին:
Այս ցավալի միջադեպի մասին հիշողությանը միշտ էլ կարող է հաջորդել ոչ այնքան տխուր պատմությունն այն մասին, թե ինչպես մի գեղեցիկ օր Երևանում հայտնվեց այն տարիների համար զարմանահրաշ, 1938 թ. արտադրության Opel Kapitan ավտոմեքենան: Դժվար է ասել, ճշմարի՞տ են այս հավաստիացումները, թե ոչ, բայց համաձայն շրջանառվող վարկածի, հայ պարտիզանները գերմանացի գերիներ են վերցրել ու հենց այս մեքենայով նրանց տեղափոխել են Հայաստան: Միայն թե տեխնիկայի գեղեցկագույն նմուշը նախկին ճակատայինների կողմից շահագործել չի հաջողվել: Այն արագ պետականացվել է ու հետո երկար տարիներ անգործ կանգնել է պետական անվտանգության կոմիտեի ավտոկայանում:
Հետաքրքրական հիշատակումների և դեպքերի սակավություն, ինչպես տեսնում ենք, չկա: Սակայն ինչ էլ ասենք, այնուհանդերձ մի հարց պիտի մեզ հետապնդի այս բոլոր թվարկումներին զուգընթաց. ոնքե՞ր էին նրանք: Ովքե՞ր էին գերի ընկած այդ մարդիկ, արդյո՞ք նման էին այն վայրագ ու դաժան ֆրիցներին, որոնց գիտենք խորհրդային ու մերօրյա ֆիլմերից, թե՞ նրանց շարքերում էլ կային այնպիսինները, ովքեր գիտակցում էին կատարվածի ողջ սարսափն ու անհեթեթությունը, ընդվզում դրանց դեմ:
Վավերագրերն այսօր թույլ են տալիս ոմանց մասին նույնիսկ անհատական տեղեկություններ ստանալ: Օրինակ, Հայաստանում է իր գերությունն անցկացրել Կոնրադ Լորենցը` աշխարհահռչակ ավստրիացի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, էտոլոգիայի հիմնադիրը: Հսկիչները նրան էին անվանում: Քաղցած ժամանակ Լորենցը կարիճներ էր որսում և դրանք ուտում էր առանց եփելու: Բայց նույնիսկ այդ պայմաններում նա ժամանակ էր գտնում ուսումնասիրելու շրջակա լեռներում բնակվող կենդանիների վարքը, իր համար նշումներ կատարելու: Նա ազատ արձակվեց 1948-ին ու գնաց` հասնելու իր գիտական փառքի բարձունքին:
Մինչդեռ ՊԱԿ-ի արխիվներում պահպանվող անձնական գործերից շատերը հավաստում են, որ իսկապես, գերիների մեծ մասն ամենևին էլ Լորենց չէր, բռնությամբ պատերազմ տարված կամ թիկունքում միայն տնտեսական բնույթի աշխատանք կատարած զինվորականներ չէին: Նրանց մեջ կային երդվյալ նացիստներ, հիտլերյան գաղափարների ֆանատիկ նվիրյալներ, իսկական դահիճներ, որոնք գյուղեր էին այրել, գնդակահարել էին ծերերին ու երեխաներին, կախաղան էին բարձրացրել կանանց: Ու նաև սա և հատկապես սա է պատերազմի իրական դեմքը, որի աչքերի մեջ նայելը որքան էլ խորշելի լինի, բայց անհրաժեշտ է:
Ներողամտությունը գեղեցիկ բառ է: Վերաբերմունքի դրսևորման այդ ձևը խրախուսվում է հումանիզմի արժեքներ դավանողների կողմից, այն չափորոշիչ է հոգու նկարագրի և բանականության արթնության: Սակայն մի՞թե չկա մի սահման, որից այն կողմ մեծահոգությունն ու ներումը պիտի կանգ առնեն, որպեսզի չոտնահարվի մեկ այլ` ոչ պակաս կարևոր բան, ինչպիսին է ճշմարտությունը կամ արդարությունը: Ի՞նչ էին անում այդ գերիները Հայաստանում կամ այլ վայրերում: Մի՞թե նրանք իրենց բարի կամքով էին հայտնվել այստեղ և մի՞թե մինչ գերեվարվելը նրանք այն մարդիկ չէին, ովքեր զենքը ձեռքին ոչնչացնում էին ամեն բան, ինչ ուրիշների համար թանկ ու հարազատ էր: Ու երևի սա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ նաև ընդվզում են, երբ չափից ավելին է լինում այդ հանդուժողականությունը, երբ անպատեհ է թվում անհիշաչարության քարոզը:
Ամիսներ առաջ Հայաստանյաց Առաքելական եկեղեցին տեղեկացրեց, թե պատրաստվում է հոգեհանգստի արարողություն կատարել Երկրորդ Աշխարհամարտի տարիներին գերի ընկած և Հայաստանում մահացած ռամագերիների շիրիմների վրա: Իբրև ծիսակատարության վայր ընտրվել էր Հրազդանի կիրճը, Քանաքեռի ՀԷԿ-ի մոտ: Այնտեղ թաղված են ռումինացի, գերմանացի և իտալացի ռազմագերիները: Առաջին հայացքից կարծես թե անսովոր ոչինչ չկա մահացածների շիրիմների վրա կրոնական արարողություն անցկացնելու մեջ: Սակայն ինչու՞ է նախաձեռնությունը ստանձնել մեր եկեղեցին, երբ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Հրազդանի կիրճ իջնեին այն հոգևորականները, որոնց դավանանքի հետևորդներն են եղել գերիները: Եվ վերջապես, այդ ի՞նչ ուժ պիտի մարդուն առաջնորդի Քանաքեռ ՀԵԿ, որպեսզի այնտեղ ՀՀ-ում Գերմանիայի, Ռումինիայի և Իտալիայի դեսպանների հետ հարգանքի տուրքը մատուցի միլոնավոր մարդկանց կյանք խլած ոճրագործներին… Հարգանքի տուրք… Իսկ այս ընթացքում նախաձեռնողները դեռ շտապեցին տեղեկացնել, թե միջոցառումը փաստող վկայություն պիտի կոչվի: Մի՞թե սա էր այն միակ ու ճշմարիտ ընտրված միջոցը, որով պետք էր ապացուցել հասարակ մի բան:
Եթե պատերազմն իր օրենքներն ունի, ապա մարդկային հիշողությունը ևս այդ օրենքների հպատակն է: Ժամանակները փոխվում են, փոփոխվում են նաև պատկերացումներն ու մտքերը, բայց քանի դեռ անփոփոխ ու հաստատուն չէ արժանապատվության հիմքը, նրա վրա բարձրացված ոչ մի քար բաժանարար դառնալ չի կարող կեղծիքի ու ճշմարտության միջև:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: