Tag Archives: գերմանացի

ՕՍՎԱԼԴ ՇՊԵՆԳԼԵՐ

17 Հկտ

Ճակատագիրը և ժամանակը իրենց էությամբ մեկը մյուսին փոխարինող բառեր են: Փորձենք ցանկացած փիլիսոփայական կամ ֆիզիկական տեքստում փոխարինել «ժամանակ» բառը «ճակատագրով», և մենք անմիջապես կզգանք, թե ինչպիսի թավուտներում է մոլորվել բանականությունը և որքան անհնարին է ներկայանում «ժամանակի ու տարածության խումբը»: Այն, ինչը չի ապրվել ու չի զգացվել, այլ միայն հորինվել է, անխուսափելիորեն ձեռք է բերում տարածական որակներ: Ֆիզիկական ժամանակն իրենից գիծ է ներկայացնում: Եվ դրանով է բացատրվում, թե ինչու սիստեմատիկ-փիլիսոփաներից որևէ մեկը չի կարողացել ոչինչ ձեռնարկել անցյալի ու ապագայի հասկացությունների նկատմամբ: Գիտական տեսանկյունից անհասանելի ճակատագրի գաղափարը, որ թաքնվում է «ժամանակ» բառի թիկունքում, առնչվում է անմիջական ապրումների և ինտուիցիայի ոլորտին: Ոչ թե մաթեմատիկան ու աբստրակտային մտածողությունը, այլ պատմությունն ու կենդանի արվեստը (և ես կհավելեմ նաև՝ մեծագույն միֆը) կարող են մեզ տալ ժամանակի խնդրի բանալին:
Ճակատագիրը մատնանշում է, թե «ուր», պատճառականությունը՝ «որտեղից»:

ԳԵՈՐԳ ՔՐԻՍՏՈՖ ԼԻԽՏԵՆԲԵՐԳ

12 Հնս

… Ոչ մի պայքար, որքան հիշում եմ, այնպես ուժեղ չի խեղաթյուրել ազատության և հավասարության ըմբռնումը, իմչպես մեր օրերինը: «Գնացեք Փարիզ, այնտեղ դուք կտեսնեք, թե ուր է հասցնում հավասարությունը»,- բղավում է մի կուսակցություն: Եվ ցավալի է տեսնել, որ նույնիսկ հայտնի գրողները դրան միացնում են իրենց ձայնը: Ճիշտ այդպես ես կարող էի բացականչել` դուք, որ մեծ երջանկություն եք գտնում մյուս սեռի հետ շփվելուց և նրան սիրելուց, տեսեք հիվանդանոցները, որտեղ պսհվում են քթները թափված հիվանդներ: Կամ դուք, որ մի բաժակ գինու շուրջը շաղակրատում եք բարեկամության քաղցրության մասին, տեսեք թոքախտի ճիրաններում տառապող հարբեցողներին, որոնք, շրջապատված քաղցած երեխաներով, դանդաղ մահանում են: Օ, հիմարներ, պատրաստ եմ ասելու, դե հասկացեք մեզ: Ես կարծում եմ, որ դուք մեզ շատ լավ եք հասկանում, բայց այդպես եք դատում լոկ այն պատճառով, որ վախենում եք, թե` չլինի՞ աշխարհը մեզ հասկանա: Հավասարությունը, որ մենք պահանջում ենք, ավելի տանելի աստիճան է անհավասարության: Հավասարության զանազան աստիճանները և նրանցից մի քանիսը, այդ թվում նաև` սարսափելիները, այնքան շատ են, որքան և անհավասարության զանազան աստիճանները, և նրանցից մի քանիսը նույնքան սոսկալի են: Երկու կողմից էլ կործանում է սպառնում: Այդ իսկ պատճառով, ես համոզված եմ, որ երկու կուսակցությունների խելամիտ ներկայացուցիչները իրարից այնքան էլ հեռու չեն, ինչպես կարծում են, և հավասարությունը մի կուսակցության և անհավասարությունը մյուսի համար, թերևս վերջիվերջո միևնույն հասկացությունն է տարբեր անունով: Բայց այստեղ ինչո՞վ կարող է օգնել փիլիսոփայելը: Այդ վեճը կարող է լուծվել միայն ճակատամարտով, և եթե մի կուսակցությունը հասնի գերակշռության, մասնավորապես, երբ հակառակորդ կուսակցությունը իրեն արդեն շատ սանձարձակ է դրսևորել, ապա դրությունը կարող է ավելի վատանալ:
Սակայն պետք է զգուշանալ, որ չլինի՞թե հավասարության կամ անհավասարության (ինչպես կամենաք) այդ միջին աստիճանը հավասարապես ատելի դառնա երկու կուսակցություններին: Այդ դեպքում, թերևս պետք կլինի այդ միջին աստիճանը ուժով հաստատել: Եվ չպետք է զարմանալ, որ նա, ով դա հաստատի, գուցե դիմի խիստ ուժեղ միջոցների: Սա է այն ընդհանուր պատճառը, թե ինչու միջին վիճակն այնքան անհաստատ է և այնքան հազվադեպ:

ԻՈՀԱՆ ԶԵՅՄԵ

21 Մյս

Վարելն անիմաստ է, իսկ կառավարելը` իմաստուն: Հետևաբար վարում են, որովհետև չեն կարողանում կառավարել: Մինչդեռ պատիվն ու իրավունքը հաստատվում են բանականության, այլ ոչ թե զենքի միջոցով: «Բռունցքի իրավունքը» նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը: Որտեղ ստրկությունն օրինականացված է, այնտեղ չի կարող լինել մարդասիրական մշակույթ: Ով նսեմացնում է շրջապատողներին, նա երբեք ինքը մեծ չի լինի: Վտանգներով լի մարտիկի կյանքը հանուն արդար գործի ավելի լավ է ստրուկի հանգիստ, անիմաստ կյանքից: Բարի գործը, եթե այն իրոք բարի է, արժե ավելին, քան միլիոնավոր բարի բառերը: Բայց երբեմն բառը հենց գործն է, և այդ ժամանակ նա թանկ արժե: Չար մարդիկ երգ չունեն:
Ամեն տեսակ արտոնությունները ազատության ու արդարության գերեզմանն են: Հավասարությունը արդարության փորձաքարն է, իսկ միասին նրանք կազմում են ազատության էությունը: Որտեղ չկա արդարություն, չկա և ազատություն, իսկ որտեղ չկա ազատություն, չկա և արդարություն: Ով չի սկսում սկզբից, թող հույս չունենա առաջ շարժվելու:

ՀԱՅՆՐԻԽ ԲՅՈԼ

22 Ապր

ԻՄ ԹԱՆԿ ՈՏՔԸ

Հիմա նրանք ինձ հնարավորություն են տվել: Նրանք ինձ հաշվառման են վերցրել: Ես պիտի ներկայանայի աշխատանքային գրասենյակ և ես ներկայացա գրասենյակ: Պաշտոնավայրում նրանք շատ սիրալիր էին: Վերցրեցին իմ հաշվառման քարտը և ասացին. «Հըմ»: Ես էլ ասացի «հըմ»:
— Ո՞ր ոտքն է,- հարցրեց պաշտոնյան:
— Աջ:
— Ամբողջությա՞մբ:
— Ամբողջությամբ:
— Հըմ,- նորից արեց նա: Հետո սկսեց քրքրել տարբեր թղթեր: Ես կարող էի նստել:
Վերջապես մարդը գտավ մի թերթիկ, որն, ըստ երևույթին, ճիշտ իր ուզածն էր: Ասաց.
— Կարծում եմ, Ձեզ համար ինչ-որ բան կճարվի: Մի լավ գործ: Դուք հնարավորություն կունենաք նստած տեղը աշխատել: Կոշիկ մաքրող, հանրապետության հրապարակի հասարակական զուգարաններից մեկում: Ինչպե՞ս է:
— Ես չեմ կարող կոշիկ մաքրել, ես արդեն վատ մաքրողի համբավ ունեմ:
— Դուք կարող եք սովորել,- ասաց նա:- Մարդը կարող է ամեն ինչ սովորել: Գերմանացին ամեն ինչ կարող է: Ցանկության դեպքում դուք կարող եք անվճար դասընթացների մասնակցել:
— Հըմ,- արեցի ես:
— Բարի՞, ուրեմն:
— Ոչ,- ասացի,- ես չեմ ուզում: Ես ավելի բարձր ռոճիկ եմ ուզում:
— Դուք խելքներդ թռցրել եք,- մեղմ ու բարեկամաբար հանդիմանեց նա:
— Ես խելքս չեմ թռցրել, ոչ մեկը չի կարող ետ բերել իմ ոտքը, ես այլևս չեմ կարող սիգարեթ վաճառել, հիմա արդեն դա ինձ համար դժվար է:
Մարդը ետ ընկավ աթոռին և խոր հոգոց հանեց:
— Սիրելիդ իմ,- սկսեց նա,- ձեր ոտքը խելքից դուրս թանկ ոտք է: Տեսնում եմ` քսանինը տարեկան եք, առողջ սիրտ ունեք, առհասարակ կատարյալ առողջ եք, ոտքից գլուխ: Կապրեք յոթանասուն տարի: Խնդրեմ, հաշվեք, ամսական յոթանասուն մարկ, տարվա մեջ` տասներկու անգամ, ուրեմն` քառասունմեկ անգամ տասներկու անգամ յոթանասուն: Հաշվեք խնդրեմ, տոկոսները հանած: Մի կարծեք, թե ձեր ոտքը միակն է: Դուք ինքներդ նույնպես միակը չեք, ով հավանաբար դեռ երկար կապրի: Եվ այդ ամենով հանդերձ` ռոճիկը բարձրացնե՞լ: Ներող կլինեք, բայց դուք խելքներդ թռցրել եք:
— Պարոնս,- ասացի ես, իր նման ետ ընկա աթոռին և խոր հոգոց հանեցի,- կարծում եմ, որ դուք իմ ոտքը խիստ թերագնահատում եք: Իմ ոտքը շատ ավելի թանկ է: Շատ-շատ թանկ ոտք է: Ոչ միայն իմ սիրտն է կատարյալ առողջ, այլև, դժբախտաբար, գլուխս: Մի րոպե լսեք:
— Ժամանակ չունեմ:
— Լսեք մի րոպե,- ասացի ես,- նույն ինքը` իմ ոտքը շատ-շատերի կյանք է փրկել, այդ մարդիկ այսօր լավ ռոճիկ են ստանում:
Ահա թե բանն ինչպես եղավ: Բոլորովին մենակ պառկել էի առջևի գծում մի տեղ և հսկում էի, թե երբ նրանք կգային, որպեսզի մերոնք ճիշտ ժամանակին կարողանային հեռանալ: Հետին գծում շտաբները կազմ-պատրաստ սպասում էին. նրանք չէին ուզում ոչ շուտ, ոչ էլ ուշ հեռանալ: Սկզբում երկու հոգով էինք, բայց նրան սպանեցին, նա էլ ոչինչ չարժեր: Ճիշտ է, ամուսնացած էր, բայց կինը ողջ է և ի վիճակի է աշխատելու. այնպես որ դուք վախենալու կարիք չունեք, նա ուրեմն սարսափելի էժան էր: Ընդամենը չորս շաբաթվա զինվոր էր և մի փոստային բացիկից ու զինվորի մի կտոր հացից ավելին չարժեր: Այնքան ազնիվ ու քաջ էր, որ առնվազն իրեն սպանել տվեց: Լավ, ուրեմն մենակ պառկել էի այնտեղ և վախենում էի, և ցուրտ էր, ես էլ էի ուզում հեռանալ, այո, և այն է` ուզում էի հեռանալ, երբ մեկ էլ…
— Ես ժամանակ չունեմ,- ասաց մարդը և սկսեց փնտրել մատիտը:
— Ոչ, լսեք մինչև վերջ,- ասացի,- ամենահետաքրքիրը հիմա է: Հենց որ ուզում էի հեռանալ` ոտքիս այս պատմությունը եկավ գլխիս: Եվ որովհետև, ինչ խոսք, այդպես ընկած պիտի մնայի, մտածեցի ինքս ինձ` հիմա դու կարող ես արդեն ազդանշան տալ, և ես ազդանշան տվեցի, և նրանք բոլորը արանքը ճղեցին, հերթով, ըստ կարգի, նախ զորամասը, հետո գունդը, հետո գումարտակը և մնացածները` իրար ետևից, շարեշար: Տխմար պատմություն. նրանք մոռացան ինձ հետները վերցնել, պատկերացնո՞ւմ եք: Այնպես էին շտապում: Իսկապես որ տխմար պատմություն. թե որ ոտքս չկորցնեի, բոլորն էլ կմեռնեին` գեներալը, գնդապետը, մայորը` հերթով, ըստ կարգի, և դուք հիմա ստիպված չէիք լինի նրանց ռոճիկ տալ: Դե հիմա ինքներդ հաշվեք, թե ինչ արժե իմ ոտքը: Գեներալը հիսուներկու տարեկան է, գնդապետը` քառասունութ, մայորը` հիսուն, բոլորն էլ ոտքից գլուխ առողջ, առողջ սիրտ, առողջ գլուխ, իրենց զինվորական կենցաղն էլ վրադիր` կապրեն առնվազն ութսուն տարի, Հինդենբուրգի չափ: Դե, խնդրեմ, հաշվեք. հարյուր յոթանասուն անգամ տասներկու անգամ երեսուն, միջինը վերցնենք թեկուզ երեսուն, այո՞: Իմ ոտքը դարձել է խելքից դուրս թանկ, մեկը ամենաթանկ ոտքերից, որ ես կարող եմ երբևէ երևակայել, հասկանու՞մ եք:
— Չէ, դուք խելքներդ թռցրել եք,- ասաց մարդը:
— Ոչ,- պատասխանեցի,- ես խելքս չեմ թռցրել: Ափսոս, որ սիրտս գլխիս պես առողջ է, ափսոս, որ ոտքս կորցնելուց գոնե մեկ րոպե առաջ ինքս էլ չսպանվեցի: Մենք շատ փող խնայած կլինեինք:
— Հիմա ինչ, ուզու՞մ եք այս տեղը,- հարցրեց մարդը:
— Ոչ,- ասացի ես և դուրս եկա:

ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆ

19 Ապր

Սիրում եմ, ուրեմն գոյություն ունեմ, գոյություն ունեմ, քանզի սիրում եմ: Սիրտը` ահա բոլոր մեծ գործերի ճշմարիտ լծակը: Յուրաքանչյուր իսկական ստեղծագործության մեջ միտք կա, և կոմպոզիտորը նույնպես բանաստեղծ է: Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստնությունն ու փիլիսոփայությունը: Երաժշտությունը միշտ բովանդակալից է: Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է: Երաժշտությունը պետք է մարդկային հոգուց հուր ցայտեցնի: Մեծ արվեստը չպետք է ապականի իրեն` դիմելով անբարոյական սյուժեների: Իսկական արվեստագետը զուրկ է սնափառությունից, նա չափից ավելի լավ է հասկանում, որ արվեստն անհատնում է: Միայն իսկապես ճշմարիտն է ժայռի նման անսասան: Իսկ ես չգիտեմ գերազանցության այլ հատկանիշներ, բացի բարությունից: Ձեր երեխաներին մեծացրեք առաքինի: Միայն դա կարող է երջանկություն տալ: Մարդու մեծագույն արժանիքը ամենադժնդակ խոչընդոտները հաղթահարելու համառությունն է: Տաղանդավոր և աշխատասեր մարդու համար խոչընդոտ չկա:

ԳՈՏՀՈԼԴ ԼԵՍՍԻՆԳ

15 Ապր

Թովչանքը` դա գեղեցկությունն է շարժման մեջ: Իսկ երբ մենք գեղեցիկ ենք, ապա ամենից շատ գեղեցիկ ենք առանց զգեստների: Բայց հոգու գեղեցկությունը կարող է հրապույր տալ նույնիսկ անբարետես մարմնին, ճիշտ այնպես, ինչպես հոգու այլանդակությունը ամենահոյակապ կազմվածքի և մարմնի գեղեցկագույն անդամների վրա դնում է ինչ-որ յուրահատուկ դրոշմ, որն անբացատրելի զզվանք է առաջացնում մեր մեջ: Այն թույնը, որ անմիջապես չի ներգործում, դեռ չի դառնում նվազ վտանգավոր:
Չի կարող մեծ լինել այն, ինչը ճշմարտացի չէ: Կյանքում ամենափոքր բարիքը հարստությունն է, ամենամեծը` իմաստությունը: Ով որոշակի հանգամանքներում չի զրկվում խելքից, նա զրկվելու ուրիշ ոչինչ չի ունեցել: Եթե հիմարը պատահաբար լավ խորհուրդ է տալիս, դարձյալ այն պետք է կատարի խելացի մարդը: Վիճեք, մոլորվեք, սխալվեք, սակայն, ի սեր աստծո, խորհրդածեք, ու թեկուզ սխալ, սակայն ինքնուրույն: Միշտ եղեք այն ինչ կաք, հակառակ դեպքում կլինեք ոչինչ…