Tag Archives: գերիներ

Փոխանակում` առանց հումանիզմի

6 Նյմ

Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը` ռազմագերիների փոխանակության ու զոհվածների մարմինների վերադարձի մասին, երեկ վերջապես ի հայտ բերեց կյանքի կոչվելու առաջին նախանշանները: ժամը 12-ի սահմաններում հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց սպանված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի դին, իսկ Հայաստանը վերադարձրեց Ադրբեջանի քաղաքացի, 47-ամյա Էլդար Թաղիևին, ով շուրջ 10 ամիս առաջ ապօրինի հատել էր ՀՀ սահմանը: Ինչպես և նախատեսված էր, փոխանակման առաքելությունն իրականացվեց Կարմի խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ:
Պետք է ասել, առաջին իսկ պահից ոմանք տարակուսանք հայտնեցին այն բանի առթիվ, թե ինչու՞ էր հայկական կողմը զոհված քաղաքացու դիակի փոխարեն հակառակորդին հանձնում կենդանի ադրբեջանցու, երբ կարելի էր նույնիսկ այս պարագայում որոշակի սկզբունքային մոտեցումներ պահպանել պարտավորությունների ստանձնման ու կատարման իմաստով: Սակայն, կարծում ենք, սա այդ դեպքը չէր, երբ կարելի էր խոսել համարժեքության մասին:
Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, ներկայումս ադրբեջանական գերության մեջ շարունակում են մնալ 6 հայ զինծառայողներ ու 5 հոգուց կազմված մի ընտանիք: Դրա դիմաց Հայաստանը հայտարարում է, որ մեր երկրում Թաղիևից բացի ուրիշ ադրբեջանցի գերի այլևս չկա: Այսինքն դրանք կան, բայց գտնվում են Լեռնային Ղարաբաղում, քանի որ գերեվարվել են այն ժամանակ, երբ դիվերսիոն գործողություններ կատարելու նպատակով հատել էին ԼՂՀ սահմանը: Փաստորեն այդ երկու զինծառայողներին վերադարձնելու իրավասությունն այժմ միայն ու միայն Ղարաբաղի իշխանություններին է: Հենց Ստեփանակերտն էլ այս օրերին Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում:
Հավանաբար իրավացի են նրանք, ովքեր Աստրախանի համաձայնության թերություններից մեկը համարեցին այն, որ դրանում հիշատակված չէր Ղարաբաղի անունը: Եվ այժմ զուտ քաղաքական նպատակներով թույլ տրված բացթողումը կարող է լուրջ դժվարություններ հարուցել փոխանակման գործընթացի համար, ինչից անմիջապես կօգտվի Ադրբեջանը` հայտարարելու, թե հայերը հրաժարվում են ստանձնած պարտավորությունների կատարումից: Սա, իհարկե, հասկանում են նաև Ստեփանակերտում, և պետք է հուսալ, որ ԼՂՀ-ն այնուամենայնիվ ընդառաջ կգնա միջնորդներին և հավելյալ խոչընդոտներ չի հարուցի Հայաստանի համար: Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, Ղարաբաղում են գտնվում զինծառայողներ Անար Հաջիևն ու Ռոման Հուսեյնովը:
Մինչ կողմերը կփորձեն համաձայնության գալ այդ խրթին հարցերի շուրջ, Կարմիր Խաչի ճանապարհին մի նոր բարդություն կարող է դառնալ հասարակության վերաբերմունքը, որը մի շարք հարցերում ուղղակի մեղադրում է այդ կազմակերպությանը իր աշխատանքները պատշաճ ձևով չկատարելու համար: Աշխատելով Ժնևյան կոնվենցիաների ներքո՝ ԿԽՄԿ-ն մեր տարածաշրջանում գործում է 1992 թվից ի վեր և ներկայացուցիչներ ունի ինչպես Հայաստանում ու Ադրբեջանում, այնպես էլ Ղարաբաղում: Մանդատ և չեզոք միջնորդի կարգավիճակ ունեցող այսանկախ հումանիտար կազմակերպության հասցեին քննադատություններ սկսեցին հնչել այն բանից հետո, երբ հայտարարվեց, թե ադրբեջանական բանտում Սարիբեկյանն ինքնասպանություն է գործել: Այդ ժամանակ էլ պարզվեց, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները ոչ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում չէին այցելել գերուն, այլև առանց դիակը տեսնելու հայտարարեցին, թե հաստատում են նրա մահվան փաստը: Դեպքն այնքան արտառոց էր, որ դրան անդրադարձ եղավ նույնիսկ Ազգային ժողովում: Մյուս կողմից իրավապաշտպան կազմակերպությունները գտնում են, որ հատկապես ԿԽ-ն պիտի լուրջ պատասխան պահանջի Ադրբեջանից Հայաստանի քաղաքացու, այսպես կոչված, ինքնասպանության հանգամանքների վերաբերյալ, մի բան, որ նույնպես չի արվել և առայժմ չկա դրան անհրաժեշտ շահագրգռվածությունը:
ԿԽ-ի ներկայացուցչիները չեն կիսում այս կարծիքները և գտնում են, որ բոլոր դեպքերում իրենք հանդես են եկել չեզոք միջնորդ հանդիսանալու դիրքերից: Դրա հետ մեկտեղ նշում են, որ շարունակելու են մասնակցություն բերել հայրենադարձումներ իրականացնելու գործին։ Ու թերևս նրանք այս հարցերում էլ իրավացի են: Մեր ռազմագերիներին ետ բերելու խնդիրը նախ և առաջ մեր երկրի խնդիրն է և հետո միայն ամեն կարգի միջնորդների ու մարդասիրական կառույցների: Եթե օգնում են` շնորհակալ պիտի լինենք, իսկ եթե թերանում են` բացը պիտի լրացնենք մեր ջանքերով:
Մյուս գերիների հնարավոր փոխանակման մասին որևէ տեղեկություն առայժմ չկա: Սակայն կարծիք կա, որ այս անգամ շատ երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի, և մինչև դեկտեմբերի սկիզբ գործընթացը կավարտվի: Այս տեսակետը հիմնվում է այն փաստի վրա, որ հազիվ թե երկու երկրների նախագահները ցանկանան Աստանայի հանդիպմանը մեկնել` իրենց ուսերին կրելով ևս մի հավելյալ բեռ:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հերթական եռակողմի դասերը

28 Հկտ

Երեկ Աստրախանում Երևանի ժամանակով ժամը 16:00-ին մեկնարկած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, համաձայն տարածված լրատվության, եղել է բավականին գործնական ու ընդգրկուն: Հատկանշական է, որ բանակցությունները նախաձեռնող ռուսական կողմն այս անգամ իբրև ԼՂ հակամարտության կարգավորման հիմք առաջարկել է քննարկումերը ծավալել 2008-ին Մայնդորֆում ընդունված հռչակագրի դրույթների շուրջ, ինչպես նաև մեծ ուշադրություն է հատկացրել առանձնապես հայ-ադրբեջանական շփման գոտում առկա լարվածությունը թուլացնելու քայլերի ձեռնարկմանը: Այս մոտեցման մեջ հարկ է նկատել միջնորդների խիստ բացասական վերաբերմունքը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և ընդհանրապես ռազմաշունչ հռետորաբանության հանդեպ: Իհարկե, դեռ վաղ է խոսել փոխվստահության մթնոլորտի բարձրացման և նմանատիպ տրամադրությունների մասին, սակայն նվազագույնը, որ կարելի է ձեռք բերել պարտավորվածության տեսքով, դա սահմանային միջադեպերի ու կրակահերթերի երկուստեք բացառումն է:
Նախագահների հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են արտգործնախարարների մասնակցությամբ, իսկ այնուհետև Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևը մանրամասներ է հաղորդել լրագրողներին կայացած քննարկումների արդյունքների մասին: Այժմ դժվար է միանշանակ ասել` Մեդվեդևն է չափից ավելի լավատես, թե՞ իսկապես նման տեսակետ արտահայտելու համար հիմքեր կային, սակայն նրա կարծիքով Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հանգել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցված լուծման մինչև դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը: Էլ ավելի առաջ գնալով` Մեդվեդևը նաև հավելել է, թե կողմերը հակված են համաձայնության գալ կարգավորման սկզբունքները շուրջ, որոնք հետագայում պետք է դրվեն խաղաղ պայմանագրի հիմքում:
Որպես հանդիպման օրվա մյուս արգասիք տեղեկացվել է այն մասին, որ երեք երկրների ղեկավարները բանակցությունների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն: Այդ հայտարարության ամբողջական տեքստն անմիջապես տեղադրվեց Ռուսաստանի նախագահի կայքէջում: Խոսքն այս անգամ էլ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին էր, սակայն գրավոր` հատուկ հռչակագրի տեսքով: Այդ փաստաթուղթը ենթադրում է ռազմագերիների փոխանակություն և զոհվածների մարմինների վերադարձ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Կարմի խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ: Ըստ էության ստացվեց այնպես, որ ամիսներ շարունակ շահարկված հարցը այս անգամ ևս վերածվեց քաղաքական խաղաթղթի և Աստրախանում ներկայացվեց որպես բարի կամքի դրսևորում` իբրև խթան ու արդյունք Մեդվեդևի նախաձեռնությանը:
Աստրախանի եռակողմը որևէ գնով բեկումնային կամ կանխորոշիչ համարել չի կարելի: Սակայն հարկ չկա թերագնահատել դրա նշանակությունն այն աստիճան, որպեսզի աննկատ մնա հիմնականը` եթե կողմերը բանակցում են, ուրեմն դեռ խաղաղ հանգուցալուծման ակնկալիքի ողջ պաշարը լիովին սպառված չէ:
Գալով արձագանքներին, առաջին հերթին ուշադրություն դարձնենք պաշտոնական Ստեփանակերտի փոքր-ինչ թերահավատ վերաբերմունքի վրա: Այստեղ կարծում են, որ աղավաղված բանակցային ձևաչափը՝ առանց ԼՂՀ ներկայացուցիչների, արցախյան կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության հիմնական պատճառներից է: Սակայն այս դժգոհությունը դեռ ամբողջը չէ: Ղարաբաղի իշխանությունների գնահատմամբ, տեղաշարժի ճանապարհին հաջորդ խոչընդոտը հնացած մեթոդներն ու մեթոդոլոգիան են, որ օգտագործվում են 1992 թվից ի վեր, և միայն հակամարտող բոլոր կողմերի համար հավասար պայմանների ստեղծման դեպքում միջազգային հաստատությունները կկարողանան իրացնել իրենց վերապահված դերը:
Ռուսաստանի միջնորդական ջանքերի գործադրումն այս անգամ էլ անմասն չմնաց քննադատությունից: Շատերն են շարունակում մնալ այն համոզմանը, որ Մոսկվան փաստացի ճնշում է գործադրում կողմերի վրա, իսկ այս ներկա դեպքում ճնշման նպատակն է ամեն գնով հասնել նրան, որպեսզի դեկտեմբերի 1-2-ին Աստանայի գագաթաժողովում նախագահների մակարդակով որևէ փաստաթուղթ ստորագրվի:
Իրականության մեջ հազիվ թե Ռուսաստանն այնքան միամիտ գտնվի, որպեսզի չնկատի իր պահանջի ու ներքին դիմադրության նշանակալի տարբերությունը: Արտաքին ճնշումները արդյունավետություն կարող են ձեռք բերել միայն այն ժամանակ, երբ կա ընդառաջ գնալու կամք ու նախադրյալ: Իսկ Ղարաբաղի խնդրի պարագայում իրավիճակն այս պահին այնքան լարված է, որ իմաստ էլ չկա նման հույս փայփայել: Եղածին հավելենք նաև այն, որ հաշված օրեր հետո Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն են, իսկ դրա նախաշեմին ու հետընտրական փուլում Բաքուն հազիվ թե կտրուկ գործողություններ կատարելու պատրստակամություն հայտնի:
Դեռ նոր են ավարտվել Աստրախանի բանակցությունները, բայց արդեն շշուկներ են պտտվում այն մասին, թե իբր առաջիկայում միանգամայն հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Սա էլ համարենք Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի ռևանշի հերթական փորձը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: