Tag Archives: գեղագիտություն

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ

23 Հկտ

Ամեն մարդ արարած, որ իսկապես զգում ու ջանում է հասկանալ իրեն շրջապատող աշխարհը, որ փնտրում է այն հարցի պատասխանը, թե ինչու է ինքն ապրում, ուր է գնում և որն է իր տեղը աշխարհում, պետք է որոնի սեփական էության խորքում ծվարած այդ յուրահատուկ լեզուն, որ կարծես ազդանշանի է սպասում դուրս ժայթքելու համար: Ինձ համար այդ ազդանշանը կյանքիս փորձառությունը եղավ և իմ վերաբերմունքը` այդ փորձառությանը: Ես գտել եմ իմ ազդանշանը:
Ժամանակակից կյանքին ես վերաբերվում եմ վանեցի հայի տեսանկյունով: Մարդ չի կարող խույս տալ իր ժամանակի զգացողությունից: Իսկ ժամանակի այդ զգացողությունը վերջիվերջո մարդուն տալիս է այն տեսողական խոսքը, որն անհրաժեշտ է այս կյանքում կողմնորոշվելու նրա ունակությունը ընդլայնելու համար: Այն մարդը, որ լինելով ամբողջական, ավարտուն, կարող է անհաղորդ մնալ իրեն բաժին հասած ժառանգությանը և անտարբեր, առանց մի կաթիլ արցունքի նայել այսօրվա աշխարհին, իրապես ողջ չէ: Ողջ լինել` նշանակում է զգալ, ապրել և հատկապես գիտակցել: Ես անասելի ողջ եմ զգում ինձ: Մարդն արարված չէ, նա ինքն է արարում:
Եթե ասում եմ, թե արվեստը միշտ պետք է լուրջ մնա, գուցե պատճառն այն է, որ ես հայ եմ, իսկ մյուսները` ոչ: Արվեստը ոչ կատակերգություն պիտի լինի, ոչ սարկազմ, այն պետք է լուրջ լինի: Չի կարելի ծաղրել այն, ինչ սիրում ես:
Կարևորը նորը չէ, այլ համամարդկային արժեքները ժամանակակից աշխարհի լեզվով ու արտահայտչամիջոցներով ներկայացնելը: Նորի աստվածացումը կարող է արվեստը զրկել այնքան դժվարությամբ ձեռք բերված գեղագիտությունից: Արվեստի ավանդույթը ասես գեղեցիկի ու հուզականի մի տպավորիչ պար է, ուր դարերը միաձուլվում են` ամեն մեկն իր նպաստը բերելով ներդաշնակ ամբողջությանը, ինչպես մեր Վանի շուրջպարերն էին: Բայց դրանք կարող են ի չիք դառնալ, ինչպես որ շուրջպարի ժամանակ ձեռքերն են իրարից անջատվում: Այդ իսկ պատճառով ես համարում եմ, որ ավանդույթը` անցյալի կապը ներկային, որոշիչ դեր ունի արվեստում: Մենակատարն իրեն լիովին դրսևորում է միայն պարախմբի ելույթին մասնակցելով:

%d bloggers like this: