Tag Archives: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

ՆԺԴԵՀԻ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՅ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ

31 Օգս

27 սեպտեմբերի 1920 թ.
Տաշտուն
Քյուրդիքենդ եկած բոլշևիկ կոչվածներին
Դուք լսած կլինեք իմ անունը և գիտեք, որ ես դավաճաններին կոտորում եմ շների պես: Լսել եք, չէ՞, Ալանգյազի և Շիվանիձորում տարած մեր հաղթության մասին: 300-ից ավելի սատակած-սպանվածների դիակները այժմ շները և գայլերն են քրքրում: Ես թուրքերին և ռուսներին այն հաճույքով չեմ կոտորում, ինչպես կոտորել եմ տալիս կռվի ժամանակ և կռվից դուրս հայ ցեղի տականքը, մուռտառությունը կազմող հայ կաշառված լրտեսներին և դավաճաններին:
Խեղճեր, ձեզ խաբել են, ուղարկել Օխչիձոր, իսկ իրենք, ռուսները, Սիսիանի վրայով գիշերներն են փախչում: Լսե՞լ եք գեներալ Վրանգելի դեսանտի և հաղթանակների մասին: Գիտե՞ք, որ պոլյակները Մոսկվա են մտնում: Դաղստանը ապստամբել է և շների պես է կոտորում և զինաթափ անում բոլշևիկներին:
Ադրբեջանում երրորդ օրն է, ինչ զինաթափում են ռուսներին: Շատ տեղերում կոտորում են: Հայկական զորքերը մտնում են Նախիջևան և Սիսիան: Ձեր կեղծ ռուս և թուրք ընկերները մեր երկու ֆրոնտում էլ փախել են, ջարդվելուց հետո:
Զգույշ եղեք, հերիք է, որքան Ադրբեջանի կույր գործիքը դարձաք: Ձեզ մի օր ժամանակ եմ տալիս, եթե չթողեցիք-հեռացաք այդ ձորը` Ալանգյազի և Շիվանիձորի սևը ձեր գլխին կբերեմ: Խեղճ եք, հայ տղաներ, չեք վախենում, որ վաղը, երբ դուք բացակայում եք Սիսիանից, մինչև ատամները զինված Հաջի Սամլուն և Մենքենդը գիշերով կիջնեն ու սրի կքաշեն ձեր կին ու երեխաներին: Վերադարձեք, խեղճեր, վերադարձեք ձեր գյուղերը, վերցրեք հրացաններդ և նստեք ձեր դիրքերում, որ թրքությունը ձեր ծնողների արյունով Ձեր երկիրը չներկի:
Հրամանատար` ՆԺԴԵՀ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

25 Դկտ

Զոհաբերի՛ր…
Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի:
Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականության լուսափայլ ժպիտը երեսիդ … և դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված: Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը…
Մոռացի՛ր քեզ…
Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սև ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում…
Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան…
Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը` թշվառի ցավը, քո Աստվածը` թշվառի Աստվածը լինի: Այդպես է պատգամում իմ մարգարեն իր ազատ խոսքը …
Եղի՛ր հպարտ…
Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր։ Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց …
Եղի՛ր ազատ…
Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր…
Եղի՛ր բացարձակ …
Եվ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել: Այսպես է պատգամում իմ մարգարեն իր աստվածաշունչ խոսքը և հոգիս` նրա հրեղեն պատգամներին գերի, վեհորեն իր թևերն է պարզում…

%d bloggers like this: